Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ԱԺ-ն հայտնում է, որ զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ եւ սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելեց հենց Ռուսաստանի Դաշնություն: Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
16:54 - 08 հոկտեմբերի, 2021
Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը: Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։  Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև  շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով  World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին:
13:32 - 07 հոկտեմբերի, 2021
ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ արժեւորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
12:44 - 05 հոկտեմբերի, 2021
Հակոբ Արշակյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը

Հակոբ Արշակյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում  ԱԺ աշխատակազմը: Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին եւ պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները եւ առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարեւորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցություների միջեւ կապերի ընդլայնման մասին: 2022 թվականին լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաեւ այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր:
15:11 - 30 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահն առաջիկայում պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով   զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել  տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը  խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում  է  համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
17:25 - 23 սեպտեմբերի, 2021
Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան |tert.am|

Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը հաստատել է, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.«Հայաստանի հարգելի քաղաքացիներ,Սիրելի ընկերներ,Անկեղծորեն շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ: Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունը դժվար ճանապարհ է անցել՝ դառնալու դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը քայլում է ժամանակին համընթաց՝ միևնույն ժամանակ պահպանելով իր արժեքներն ու ինքնությունը: Անցած տասնամյակներն ապացուցել են իրապես եղբայրական կապերի անքակտելիությունը մեր երկրների և ժողովուրդների միջև, որոնք միավորված են ընդհանուր պատմական անցյալով:Այսօր Ռուսաստանի և Հայաստանի պտղաբեր համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով և հաջող փոխգործակցությունը մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաստատել են, որ ժամանակակից աշխարհի ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ռուս-հայկական դաշնակցությունը, որը հիմնվում է խոր պատմական, հոգևոր, մշակութային ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, մեր երկրների հաջող զարգացման բանալին է մերօրյա բարդ, արագ փոփոխվող աշխարհում:Եվս մեկ անգամ շնորհավորում են հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և խաղաղ երկինք գլխավերևում»:
13:40 - 21 սեպտեմբերի, 2021
Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

Ստեղծարար և նորարարական մոտեցումը կամրապնդի ՌԴ-ում հայկական բիզնեսի դիրքերը. Սերգեյ Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ տնտեսական հարաբերություններ, որոնք ունեն օբյեկտիվ և լուրջ հիմքեր: Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին ասաց  Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Հայաստանում գործում են, ինչպես բոլորս գիտենք, ռուսական խոշոր ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան», «Ռոսնեֆտ Արմենիան», «Հարավ - Կովկասյան երկաթուղի» և շատ այլ ընկերություններ: Իհարկե, նման ներկայացվածությունը խոսում է երկու երկրների ռազմավարական շահերի մասին: Չի կարելի նվազեցնել անհատ ձեռնարկատերերի փոքր և միջին բիզնեսի դերը` նրանց ներդրումը շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ դա այն ուղղությունն է, որն արժանի է շատ լուրջ ուշադրության: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսական համագործակցությունը ոչ թե պարզապես լրացնում է, այլ հիմք է ստեղծում մեր հարաբերությունների, մեր ռազմավարական դաշնակցության համար»,- ասաց Կոպիրկինը: ՌԴ դեսպանը հիշեցրեց, թե որ ոլորտներում են երկու երկրները հաջող զարգացման հնարավորություններ ստեղծել:  «Դա էներգետիկայի, տրանսպորտի, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտն է: Կարևոր է՝ կանգ չառնել ձեռք բերածի վրա և արդեն իսկ առկա համագործակցությունը լցնել նոր բովանդակությամբ, ինչպես նաև՝ ընդլայնել այդ համագործակցությունը նոր հեռանկարային ուղղություններով: Ստեղծարար, նորարական մոտեցում են պահանջում կյանքը, զարգացման տրամաբանությունը և միջազգային ու տարածաշրջանային գործընթացները»,- ընդգծեց Կոպիրկինը: ՌԴ դեսպանի կարծիքով` միայն դա կապահովի երկու երկրների մրցունակությունը, թույլ կտա պահպանել և ամրապնդել Հայաստանում ռուսական բիզնեսի դիրքերը,ինչպես նաև՝ Ռուսաստանում հայկական բիզնեսի դիրքերը:
14:31 - 20 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը: Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը:
17:23 - 27 օգոստոսի, 2021
ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:  Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջև ձևավորված և շարունակվող փոխվստահելի կապերը:       ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականցվող աշխատանքը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու, 2020թ.-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պահանջների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
16:29 - 02 օգոստոսի, 2021
Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Արգիշտի Քյարամյանը Սերգեյ Կոպիրկինի հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն: ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով  քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։ Արգիշտի Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։ Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ: Դեսպանը, իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները, շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:
13:57 - 28 հուլիսի, 2021
Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին․ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրության այլ հարցերի

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին․ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրության այլ հարցերի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:  Դեսպան Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  
16:21 - 14 հուլիսի, 2021
ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին |armenpress.am|

ՌԴ սահմանապահների ներկայությունն ընդլայնելու շուրջ քննարկումները շարունակվում են. Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի առաջարկի վերաբերյալ: «Նշված հարցերի շուրջ ընթանում են առարկայական խորհրդակցություններ, այդ հարցերը քննարկվում են, այդ թվում՝ պրակտիկ իմաստով: Երբ ընդունվեն համապատասխան որոշումներ՝ մենք դրա մասին կտեղեկանանք: Ինչպես գիտեք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և շատ կարևոր է, որ տեղի բնակչությունը իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում: Այո, քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և պայմանավորվածությունների կատարման շահերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», - նշեց Ռուսաստանի դեսպանը:
13:25 - 07 հուլիսի, 2021
Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան |armenpress.am|

Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: Հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին: «Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը», - նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
14:38 - 22 հունիսի, 2021