Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին եւ լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին եւ լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

Մենք հաստատակամորեն դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում վերջինիս մշտապես եւ վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։  «Չափազանց շատ մարդիկ են արդեն սպանվել ընդամենը երկու օրվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Ադրբեջանն ընտրել է ռազմական ուժով տեղում փաստական իրավիճակ փոխելու ճանապարհը։  Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունը ամբողջովին եւ լիարժեքորեն պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես երեխաներին, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Էթնիկ հայերի տեղահանությունը եւ հարկադիր արտագաղթը Ղարաբաղից ընդունելի չեն։ Այսքանն ասելով հանդերձ՝ ցանկանում եմ վերահաստատել այս մարմնի՝ նախկինում կայացրած մի քանի որոշումները․ եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։ Դժվար է պատկերացնել այն տառապանքը եւ դժվարությունը, որ կրում են ԼՂ-ում բնակվող կանայք, երեխաները եւ տղամարդիկ ամիսներ շարունակ այն բանից հետո, երբ Բաքվի իշխանությունները փաստացի փակել են Լաչինի միջանցքը։ Խանութներում դատարկություն է, դեղորայքը ավարտվել է, էլէներգիան, բենզինը չեն բավականացրել։ Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ գործընկերների հետ մենք ջանք ու եռանդ չխնայելով աշխատել ենք, որպեսզի այս կարիքի մեջ գտնվող մարդկանց համար ապահովենք մարդասիրական ծառայությունների եւ օգնության հասանելիությունը՝ հատկապես հղիների, երեխաների եւ տարեցների համար, եւ հենց հույսի մեկ նշույլ ի հայտ եկավ՝ մարդասիրական առաքումները թույլ տվեցին հասցնել ԼՂ, Բաքուն խախտեց իր՝ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու բազմաթիվ հավաստիացնումները՝ ահռելի տառապանք պատճառելով առնաց այն էլ ծանր վիճակում գտնվող բնակչությանը։  ԼՂ բնակչությունն արժանի է ապրել անվտանգության մեջ, արժանի է, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն։ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարեւորություն ունի մարդասիրական պատճառներով, ինչպես նաեւ քանի որ դա մշակութային եւ սոցիալական կամուրջ է Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի համար։ Բաքուն եւ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։ Այս հակամարտությունը, որը սկսվել է երեսուն տարի առաջ, չափազանց մեծաթիվ զոհեր է տվել։ Մեզ անհրաժեշտ է, տարածաշրջանում բնակվողներին անհրաժեշտ է տեւական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք, ես կշարունակենք դա հստակ հայտնել երկու կողմերին, ես կոչ եմ անում ձեզ, իրենց վերադառնալ ԵՄ կողմից միջնորդավորված բանակցություններին։ Հիմա է լարվածությունը թոթափելու ժամանակը, եւ ես ցանկանում եմ ընդգծել, որեւէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակն օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով։ ԼՂ-ում կանայք, տղամարդիկ եւ երեխաները, եւ ընդհանրապես տարածաշրջանի բնակիչներն արժանի են ապրելու առանց վախի, առանց բռնության վախի, առանց տներից հարկադրաբար հեռացվելու վախի, առանց իրենց իրավունքներից, լեզվից, կրոնից զրկվելու վախի։ Նրանք արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես բոլորս»։ 
02:20 - 22 սեպտեմբերի, 2023
Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով |armenpress.am|

Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին՝ ԼՂ-ի վրա հարձակման պատճառով |armenpress.am|

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ հարկավոր է վճռորոշ և արագ գործել՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար», - գրել է նա։ Միխայել Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը», որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա։ «Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և այն ավելի մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության անկմանը։ Վիզայի ազատականացումը պետք է լինի առաջին կարևոր քայլը դեպի մերձեցում», - եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։ Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն անդրադարձել է նաև Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։ «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ հենց այնպես չենք ընդունի այս սառնասիրտ ագրեսիան։ Բնականաբար, դա ներառում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, դիմում է ռազմական ուժի», - զգուշացրել է նա:
16:54 - 20 սեպտեմբերի, 2023
Իմ մտքերը ԼՂ բնակիչների հետ են․ Գերմանիայի կանցլերը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել

Իմ մտքերը ԼՂ բնակիչների հետ են․ Գերմանիայի կանցլերը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է TACC լրատվական գործակալությունը։ «Իմ մտքերը նրանց հետ են, ում համար խաղաղությունը հեռավոր երազանք է, իմ մտքերը <...>, որ հատկապես արդիական է հիմա, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ են: Փակուղի տանող ռազմական գործողությունների վերսկսումը պետք է դադարեցվի»,- ասել է Շոլցը: Հիշեցնենք՝ երեկ կեսօրից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
09:34 - 20 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ․ Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ․ Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի կրակը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Բերբոքը։ Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության պաշտպանությունն է․ «Դա նաեւ այնտեղ տեղակայված ռուսական զինվորների խնդիրներն է»,- շեշտել է նա։  Ինչպես կարծում է Բերբոքը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Նախարարը պարզաբանել է, որ Գերմանիան աջակցում է բանակցություններին, որոնք ընթանում են Եվրոպական միության գլխավորությամբ. «Հաշվի առնելով այսօրվա էսկալացիան, սա ավելի արդիական է, քան երբեւէ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳ  նախարարը։
18:46 - 19 սեպտեմբերի, 2023
Պաշտպանության նախարարի տեղակալը Գերմանիայում հետևել է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժություններին

Պաշտպանության նախարարի տեղակալը Գերմանիայում հետևել է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժություններին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։  Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը։ Պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին։  Այցի ավարտին զորավարժության  ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։
18:35 - 16 սեպտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները

Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները

ԳԴՀ Ֆրանկֆուրտ քաղաքում Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված «Anticiparing trends - an accelerator for FDI in Armenia» սեսիայի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նշելով, որ աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ոչ միայն մարտահրավերներով, ռիսկերով ու խնդիրներով, այլ նաև նոր հնարավորություններով՝ նախարարն ընդգծել է, որ ճիշտ գործողությունների արդյունքում կարելի է հասնել հաջողության, և Հայաստանի օրինակը հենց համագործակցության կամուրջներ կառուցելն է բիզնեսի ու երկրների միջև։  Սեսիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։ Ներդրումների աջակցման կենտրոնն իր կողմից ներկայացրել է ՀՀ ներդրումային միջավայրը նկարագրող «Invest In Armenia» շնորհանդեսը։
09:44 - 15 սեպտեմբերի, 2023
Գերմանացի մասնագետների գնահատմամբ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի

Գերմանացի մասնագետների գնահատմամբ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արդյունքը տնտեսական տեսանկյունից էական կլինի

«Բեռլին Էկոնոմիկս»-ի մասնագետների թիմը հետազոտություն է անցկացրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ ու եկել եզրակացության, որ տնտեսական տեսանկյունից դա խելամիտ որոշում կլինի ու օգուտ կբերի թե տնտեսությանը, թե առանձին բիզնեսներին: Հետազոտության, վերլուծության արդյունքները ՀՀ ազգային ժողովում ներկայացրեց «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և «Բեռլին Էկոնոմիկս» կազմակերպությունը նաև ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:  Կազմակերպության գործադիր տնօրենը նշեց՝ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, հետևաբար չկա ուղղակի առևտուր երկու երկրների միջև, առևտուրն իրականացվում է անուղղակի՝ Վրաստանի միջոցով: «Դա սահմանափակ ու բավականին ծախսատար առևտուր է»,-ասաց Ջիուչին: Նա նկատեց՝ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման որոշումը կլինի, իհարկե, քաղաքական, սակայն դա կունենա տնտեսական ազդեցություն:  «Բեռլին Էկոնոմիկս»-ի գործադիր տնօրենն ընդգծեց, որ իրենք քաղաքականության խորհրդատուներ չեն, տնտեսագետներ են, հետևաբար հարցը դիտարկել են միայն տնտեսական տեսանկյունից: Թե որքան կլինի Թուրքիայի հետ առևտուրը, եթե սահմանը բացվի, «Բեռլին Էկոնոմիկս»-ի թիմը գնահատել է երկու մեթոդով, որոնցից մեկը կոչվում է «ձգողականության մոդել»: Այս մոդելով դիտարկումն արվում է ոչ թե ըստ կոնկրետ ապրանքների, այլ, թե ինչպիսին են հարևան երկրները, ինչ չափեր են ունեն, ինչ գործընկերներ են, դրանով հաշվում են, թե նորմալ առևտուրը որքան պետք է լինի երկրների միջև: Մյուսը «առևտրի փոխլրացման մոդելն» է, որը դիտարկում է կոնկրետ ապրանքատեսակները, երկրի արտահանման զամբյուղը, մյուս երկրների ներկրման զամբյուղը՝ հասկանալու, թե զամբյուղները համընկնում են, թե ոչ: Հետազոտությունն արվել է 1 տարի առաջ, այսպիսով` դիտարկել են 2021-ի տվյալները: «Ըստ «ձգողականության մոդել»-ի վրա արված կանխատեսման՝ Հայաստանը պետք է իր առևտրի 12 տոկոսը կատարեր Թուրքիայի հետ, եթե սահմանը բաց լիներ, լիներ ազատ առևտուր: Սակայն 2021-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի մեջ Թուրքիայի մասնաբաժինը եղել է 1 տոկոս»,-ասաց Ջիուչին: «Առևտրի փոխլրացման մոդել»-ի համաձայն՝ սահմանի բաց լինելու պարագայում 2021-ին պետք է լիներ ավելի շատ արտահանում դեպի Թուրքիա: Ըստ գերմանացի մասնագետների կանխատեսման՝ պետք է էապես աճեր խմիչքի, ծխախոտի, զարդերի արտահանումը: «Ընդհանուր առմամբ արտահանումը կաճեր 185 մլն դոլարով: Դա կնշանակեր 2021-ի ընդհանուր արտահանման 6.7 տոկոսը»,-ասաց Ջիուչին՝ հավելելով, որ ներմուծումը ևս կաճեր, 678 մլն-ի հնարավոր ներկրումներ կարող են լինել Թուրքիայից: «Մեր եզրակացությունն այն է, որ բացառապես տնտեսական տեսակետից՝ սահմանը բացելը խելամիտ կլինի, որովհետև դա բիզնեսի համար կստեղծի արտահանման և ներկրման հնարավորություններ՝ բավականին ցածր գներով: Իհարկե, որոշ տեղական արտադրողներ կարող են որոշակի ճնշման ենթարկվել, բայց ընդհանուր առումով արդյունքը դրական ու էական կլինի»,-ասաց կազմակերպության գործադիր տնօրենը:
17:46 - 14 սեպտեմբերի, 2023
Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|

Գերմանիան անհրաժեշտություն է համարում Լաչինի միջանցքի բացումն ու ԼՂ ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշադրության կենտրոնում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջանում ստեղծված լարված իրավիճակը։ Դաշնային կանցլերն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում կայուն աճող լարվածության, մասնավորապես՝ ռազմական միավորումների տեղաշարժման առնչությամբ։ Դաշնային կառավարությունը խստորեն կոչ է անում զերծ մնալ ռազմական ցանկացած էսկալացիայից։ Այժմ անհրաժեշտ է արագ համաձայնություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով. այժմ բոլորը պետք է առանց հապաղելու կառուցողական աշխատեն այդ նպատակի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցի մասին հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմը։
20:02 - 09 սեպտեմբերի, 2023
Շոլցի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին

Շոլցի հետ զրույցում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
12:48 - 09 սեպտեմբերի, 2023
Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան

Հասցեական ուղերձները բավարար չեն ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար. Միրզոյան

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցեր: Անդրադարձ կատարելով սեպտեմբերի 1-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դա Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործելաոճի հերթական դրսևորումն էր: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն իր քայլերով ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որը պետք է դատապարտելի լինի միջազգային հանրության կողմից Երկուստեք ընդգծվել է դրան զուգահեռ Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի՝ ԼՂ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար հետևանքները և ճգնաժամի հաղթահարման հրատապությունը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում ՀՀ դիրքորոշումը և ընդգծել այդ ուղղությամբ միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԵՄ, կողմից հստակ քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Բարձր գնահատելով գործընկերների կողմից մինչ օրս արված հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ, ցավոք, դրանք բավարար չեն տեղում դրական փոփոխություն արձանագրելու, Լեռնային Ղարաբաղի փաստացի շրջափակումը վերացնելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության  երկկողմ օրակարգի առաջ մղման հնարավոր քայլերին:
22:32 - 05 սեպտեմբերի, 2023
Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած խումբը Ֆրանսիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը

Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած խումբը Ֆրանսիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը

Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած խումբը Ֆրանսիայի դեսպանից պահանջել է լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։  Նիգերում հեղաշրջումը տեղի է ունեցել հենց հակաֆրանսիական տրամադրությունների ֆոնին։ Հեղաշրջում իրականացրած խումբը նշում է՝ այսպիսի որոշում է կայացվել՝ ի պատասխան «Ֆրանսիայի կառավարության կողմից ձեռնարկված գործողություններին, որոնք հակասում են Նիգերի շահերին»: Ֆրանսիայի Արգործնախարարությունից էլ հայտնել են, որ ի գիտություն են ընդունել, իրենց ձևակերպմամբ, խռովարարների, պահանջը, ինչպես նաև նշել, որ վերջիններս իրավասու չեն այդպիսի պահանջ ներկայացնել դեսպանին։ Չհաստատված եղեկություններ են տարածվում այն մասին, որ Նիգերում հեղաշրջում իրականացրած խումբը նպամանատիպ պահանջներ է ներկայացրել նաև Գերմանիայի և Միացյալ Նահանգների դեսպաններին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հերքել է, որ իրենց դեսպանին նման պահանջ է ներկայացվել։ Գերմանական կողմից դեռևս մեկնաբանություն չկա։   Գլխավոր լուսանկարը՝ Նիգերում տեղի ունեցած բողոքի ակցաիներից (լուսանկարը՝ Reuters-ի)
14:31 - 26 օգոստոսի, 2023
Անահիտ Մանասյանը մի խումբ ուսանողների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները

Անահիտ Մանասյանը մի խումբ ուսանողների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, հանդիպել է Հայ-ռուսական համալսարանի և Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի կողմից կազմակերպված ամենամյա Network East-Wes» փոխանակման ծրագրի ուսանողների հետ։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։ Նա ուսանողներին տեղեկացրել է, որ Պաշտպանի հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու, անհատի իրավունքները պաշտպանելն է, եթե պետական մարմինները խախտում են դրանք։ Այս համատեքստում, ընդգծել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր A կարգավիճակը։ Գերմանիայից և Հայաստանից 24 ուսանող հնարավորություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ «Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները ուսանողների հետ, փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին լուծման տարբերակներ գտնելու համատեքստում։ Ինքս, լինելով նաև դասախոս և ամեն օր շփվելով ուսանողների հետ, առաջնային եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալզիմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ուսանողներին ներկայացվել են նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու հիմնարար իրավունքների խախտումները, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզեր Պաշտպանի փաստահավաք աշխատանքի արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար վիճակը։ Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:
19:25 - 09 օգոստոսի, 2023