REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

ՄԻՊ-ը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում

 Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: «1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով: Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո: Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները: Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ: Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը: Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները: Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում: Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ:
11:39 - 20 փետրվարի, 2020
Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

news.am: Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է էական լինել անկախ Սահմանադրական դատարան ունենալու համատեքստում։ Մեզ համար ակնհայտ է և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, որովհետև այն գործառույթները, որոնց համար լիազորված է ՍԴ-ն, առնչվում է Հայաստանում ամենասուր, ամենացավոտ քաղաքական հարցերին, ընդհուպ ընտրական գործընթացներին։  Նման գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինը պետք է ունենա բավարար վստահության և հեղինակության աստիճան, իսկ իր անցած ուղով գործող Սահմանադրական դատարանը ոչ միայն չի վաստակել, այլ նաև հետևողականորեն մսխել է այդպիսի վստահության հնարավորությունը։ Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք»,-նշեց նա։ Նահապետյանն ասաց, որ իրենց ունեցած հարցերի վերաբերյալ նամակ են հղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը․ «Փոփոխելով ՍԴ կազմը, արդյոք մենք համաձայն ենք այն լիազորությունների լայն շրջանակի հետ, որ ունի ՍԴ-ն։ Ի՞նչ չափանիշներ են առաջադրվելու ՍԴ նոր դատավորների համար, որովհետև օրենքով սահմանված չափանիշները ցույց են տվել, որ դրանք լայն հնարավորություն են տվել կառավորող ուժին ձևավորել լոյալ, հպատակ Սահմանադրական դատարան։ Այս հարցերն են, որ մեզ հետաքրքրում են, և այս հարցերի շուրջ երաշխիքներ ունենալն է, որ կարող է մեզ համոզել այս փոփոխություններին «Այո» քվեարկել։ Մենք գտնում ենք, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ հանրաքվեն հարցերի լուծման լավ մեխանիզմ է։ Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնություն է, եթե այն հետապնդում է նպատակ ունենալ լավ ՍԴ,եթե մենք համոզվենք, որ այս ճանապարհով կարելի է ունենալ լավ ՍԴ, իմաստ չի լինի չմասնակցել։ Բայց եթե չհամոզվենք, ինչ իմաստ ունի մտնել մի պրոցեսի մեջ, որի ելքը քեզ ձեռնտու չի։ Այս հարցերը մենք նամակով հղել ենք կառավարող ուժի՝ ՔՊԿ վարչությանը․«Այնտեղ 7 հարցեր են Հայաստանում Սահմանադրության, սահմանադրական լեգիտիմության, դատավորներին առաջադրվող չափանիշների, այլ երաշխիքների, ճգնաժամ առաջանալու պարագայում իրենց մոտեցումների վերաբերյալ»։  «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ ասաց, որ հնարավոր է բոյկոտեն, եթե այն պատասխանները, որ ստանան, լինեն այնպիսին, որ իրենք վստահ լինեն, որ անկախ դատարան այդպիսով չի ձևավորվի։
18:10 - 19 փետրվարի, 2020
Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ։ Ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մի շարք հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը: Մասնավորապես, հարց է բարձրացրել, թե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտիմ է, թե ոչ: Ձեր կարծիքով, լեգիտի՞մ է Սահմանադրությունը, եւ եթե լեգիտիմ չէ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, անտեսի՞ գործող Սահմանադրությունը: Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիկ վարչախումբը յուրացրել էր ժողովրդի իշխանությունը։ «Ընտրություններ» կոչված գործընթացը աղերս չուներ ժողովրդավարության հետ։ Դրանք անցնում էին վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քրեական տարրերի և օլիգարխների ռեսուրսների հաշվին` ընտրակաշառքի և շանտաժի միջոցով։ Մենք բազմիցս ենք նշել, որ նման միջավայրում, նման պայմաններում, նման ուժի կողմից ընդունված Սահմանադրությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի։ Այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել ենք կառավարող ուժին նախկին վարչախմբին տալ իրավաքաղաքական գնահատական, հայտարարել այս փուլը անցումային փուլ, ներառական քննարկումների ճանապարհով կազմակերպել նոր Սահմանադրության մշակում, կազմակերպել ազատ, արդար Սահմանադրական հանրաքվե, որից հետո ձևավորված իշխանության երեք ճյուղերն էլ կունենային լեգիտիմության բարձր աստիճան։ Ընդհանրապես, որքանո՞վ է մեծ վտանգը, որ այսօր գործող ՍԴ–ի հարցը լուծելուց հետո նոր ՍԴ–ն կլինի իշխանությունից կախված եւ հնազանդ: Ի՞նչ երաշխիքներ են պետք այդ մտավախությունը հաղթահարված համարելու համար: Ցավոք, կա այդպիսի մտավախություն։ Խնդիրը անձերը չեն։ Այս Սահմանադրությունը ոչ թե ապահովում է բալանսը իշխանության երեք ճյուղերի միջև, այլ մի ճյուղի կողմից դարձնում է մյուսներին վերահսկելի` Ազգային Ժողովի կողմից` Սահմանադրական դատարանը, և Սահմանադրական դատարանի կողմից՝ Ազգային ժողովը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հաստատում է Ազգային ժողովը։ Ստացվում է, որ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ, նման լիազորություններ ունենալով, մեծ հաշվով ինքն է որոշելու, թե ովքեր լինեն ՍԴ նոր դատավորները։ Սա դատարանը կախվածության մեջ դնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Դա է պատճառը, որ մենք նախքան հանրաքվեին մասնակցելու մասին որոշում ընդունելը, հարցեր ենք ուղղել կառավարող քաղաքական ուժին, վստահ լինելու համար, որ գործընթացը չի հանգեցնի նման անցանկալի հետևանքների։ Եթե այդուհանդերձ, հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով «այո» ձայներ չապահովվեն, Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը: Մեր բարձրացրած հարցերը միայն մեզ չեն հուզում։ Հանրության լայն հատված կիսում է մեր մտահոգությունները, և ես հույս ունեմ, որ կառավարող ուժը, այնուամենայնիվ, կտա դրանց պատասխանները, դրանով մեծացնելով «այո»-ի հաղթանակի հնարավորությունը։ Այդուհանդերձ, եթե «այո»-ն չհավաքի պահանջվող քանակ, հույս ունեմ, որ գոնե այդ ժամանակ կառավարող ուժն իր մեջ ուժ կգտնի, կտա նախկիններին քաղաքական գնահատական, կհայտարարի անցումային շրջանի մասին և կանի այն քայլերը, որոնք կբերեն լեգիտիմ Սահմանադրություն և Սահմանադրական դատարան ունենալուն։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
19:21 - 18 փետրվարի, 2020
«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

«Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին. Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: ««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- նշեց Հովակիմյանը: Նա հայտնեց, որ քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին: «Ամեն դեպքում առաջիկայում դրա մասին կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակեց Հովակիմյանը:
17:20 - 18 փետրվարի, 2020
«Ազգային օրակարգ» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Հայտարարությունում ասվում է. «Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների և Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը և գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք ,ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասինե Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։ Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձևավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, և փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի և քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։Վստահ ենք, որ առերևույթ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին և դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, և վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված և գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական և առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով»։
11:09 - 18 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել |tert.am|

tert.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում են ստացել։ «Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,-գրել է ԿԸՀ քարտուղարը։ Ավելի վաղ «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին հայտարարել էր «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը։ Նա այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ոչ»-ի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը։ «Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա։
10:41 - 18 փետրվարի, 2020
«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին |armenpress.am|

«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին |armenpress.am|

armenpress.am: «Այո»-ի շտաբն  առաջիկայում մանրամասներ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Այսօր հարցեր հնչեցին հանրաքվեի հետ կապված, սակայն սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, և քննարկումը նվիրված էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության տարբեր հարցերին: Մեծ ժամանակ տրամադրվեց մյունխենյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Սիմոնյանը: Խոսելով հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ որոշման մասին՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք մոտ ապագայում կունենան ասուլիս կամ հայտարարություն կանեն, որտեղ կբարձրաձայնվեն այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները: «Մենք դեռևս չենք քննարկել, թե ինչ ձևաչափում է անցկացվելու քարոզարշավը: Հստակ է այն, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, նա սիրում է շփվել ժողովրդի հետ: Դեռևս տեղյակ չեմ, վարչապետը արձակուրդ կունենա այդ ընթացքում, թե ոչ: Կարծում եմ՝ կնայվի, թե որն է օրենքի պահանջը, ինչպես նաև հաշվի կառնվի պարոն Փաշինյանի ծանրաբեռնվածությունը»,- շեշտեց Սիմոնյանը և հավելեց, որ քարոզարշավը կսկսեն այն ժամանակ, երբ ճիշտ կհամարեն: Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում: «Մենք ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ, չնայած, վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասաց, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը:
20:27 - 17 փետրվարի, 2020