Գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու մասին մարդիկ պետք է տեղյակ լինեն. վարչապետը՝ Կոտայքի մարզում |armtimes.com|
armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել: Այս անգամ՝ Կոտայքի մարզպետարանում:
«Կոտայքի մարզպետարանում հերթական խորհրդակցությանն անդրադարձել ենք տարածքային համաչափ զարգացմանը, ժամանակակից գյուղատնտեսության ձևավորմանը, այդ թվում՝ ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ուղղությամբ կառավարության նոր նախաձեռնությանը, սուբվենցիոն ծրագրերի խթանմանն ու մի շարք այլ հարցերի»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետը՝ ֆեյսբուքի էջում կից հրապարակելով նաև տեսանյութ:
Հանդիպման ընթացքում վարչապետը, խոսելով առկա խնդիրների մասին, նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու մասին քաղաքացիները պետք է տեղյակ լինեն:
«Ես կարևոր եմ համարում այն գաղափարը, որ առաջիկայում պետք է կյանքի կոչվի: Խոսքն այն մասին է, որ եթե որևէ հողատարածքում տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման կամ անձրևացման, 5 տարի ոռոգման ջրի վարձավճարից կազատվի: Առաջիկայում դե յուրե որոշումը կընդունենք և կկանոնակարգենք:
Մեր երկրում վարելահողերի 74 տոկսոը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում էլ է նույն իրավիճակը: Մեր աշխատանքային պլաններում պետք է ունենանք իրավիճակի կամացճկամաց փոփոխություն:
Երբ խոսում ենք ժողովրդագրության մասին, ես կուզենայի լսել, թե մեր մարզերի բնակիչները որքանո՞վ են տեղեկացված ծրագրերի մասին, որոնք արդեն գործում են», -ասել է վարչապետը՝ որպես օրինակ նշելով առնվազն 2 երեխա ունեցող մարզերի բնակիչների համար ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով աջակցության տրամադրումը:
13:59 - 28 ապրիլի, 2021