ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը մշտադիտարկման այցի շրջանակում ծանոթացել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների առօրյային ու խնդիրներին

ՀՀ ՄԻՊ-ը մշտադիտարկման այցի շրջանակում ծանոթացել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների առօրյային ու խնդիրներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցին հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ: «Ճախրուկների» հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները: «Սեր և ջերմություն միմյանց փոխանցելով է հնարավոր աշխարհն ավելի լավը դարձնել: Այսօրվա միջոցառումը կայացավ հենց այդ սիրո և ջերմության մթնոլորտում: Այն զգացողությունը, որով յուրաքանչյուրս այստեղից հեռանալու է, աննկարագրելի է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ցանկանում եմ հատուկ ընդգծել՝ Ձեր իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,-ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին: Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչներին նվիրել է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա:
19:37 - 27 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։   «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:   Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմերի հետ։   Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։
13:50 - 25 դեկտեմբերի, 2023
Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերող ամբողջական տեղեկատվություն․ ՄԻՊ-ը՝ ՌԴ քաղաքացու  ձերբակալման և ՌԴ տեղափոխման մասին

Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերող ամբողջական տեղեկատվություն․ ՄԻՊ-ը՝ ՌԴ քաղաքացու ձերբակալման և ՌԴ տեղափոխման մասին

Երբ մամուլում տարածվել է այդ տեղեկատվությունը, ես անմիջապես դիմել եմ իրավապահ մարմիններին՝ շեշտադրումը կատարելով մարդու իրավունքների վերաբերելի հարցերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝  անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ ըստ իրավապաշտպան կառույցների, Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին, ապա տեղափոխել Ռուսաստան:  «Այս պահին ես դեռեւս չեմ ստացել խնդրին վերաբերող ամբողջական տեղեկատվություն: Օրինակ, արդյոք անձը տեղափոխվել է Ռուսաստան, ինչ գործընթացի շրջանակներում է դա տեղի ունեցել: Բայց եթե մարդու իրավունքներին վերաբերելի խնդիր արձանագրվի,  կոնկրետ կոնտեքստում, կմիջամտենք վստահաբար»: ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ինքը դիմել է թե ՀՀ գլխավոր դատախազություն, թե ԱԱԾ, սակայն դեռ չի ստացել գրավոր տեղեկատվություն։ Նշենք նաև, որ ըստ «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագծի՝  Դմիտրի Սեդրակովը իր կամքին հակառակ հայտնվել է Ռուսաստանում։ «Հիմա նրա հետ կապ չկա, բայց Գյումրիում ձերբակալության օրը նրան հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ։ Կինը խոսել էր ամուսնու հետ և այդ մասին տեղեկացրել մեզ։ Սեդրակովը պատմել էր, որ իրեն ձերբակալել են ու պահում են ռուսական 102-րդ ռազմաբազայում», - ասել էր նախագծի ներկայացուցիչ Դարյա Բերգը։
16:20 - 21 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից:   Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:   Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:   Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
20:58 - 20 դեկտեմբերի, 2023
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածներին պահելու վայր Նորատուսում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ «Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ: Միևնույն ժամանակ ձկնորսները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ․ «Ձուկ շատ կա Սեւանում, գիտնականները ասում են, հա, բայց ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվում, ինձանից ավելի տարիքով ձկնորոսներ էլ կան, մի քիչ էլ մենք ենք հասկանում։ Լիճը սկսել է նստել, եթե լիճը պակասում է, ձուկը՝ շատանում, էդպես ստացվում է՝ պաշարները, թթվածինը ձկանը չեն հերիքում, սատկում է։ Որ պատճառ են բերում, թե սիգա ձուկը էսինչ թվին վերջանում էր, չի եղել էդպես․ սիգա տեսակի ձուկը մի պահ է նվազել, որովհետև խեցգետինի քանակը շատ էր, իկրան (ձկնկիթ) չէր կարողանում ամեն տեղ թողնել։ Հետո նորից ձուկը բնական ձևով վերականգվեց, շատ ուժեղ բազմացավ, հիմա էլ լիքն է»,- ասել էր ձկնորսներից մեկը։
16:37 - 20 դեկտեմբերի, 2023
Թափառող շների՝ մարդկանց վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ

Թափառող շների՝ մարդկանց վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ

Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում երեխաների վրա, պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների հարձակման հետևանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։ Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում, նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։ Խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։
16:37 - 19 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ն այցելել է հայրենիք վերադարձած զինծառայողներին, քննարկել նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը

ՄԻՊ-ն այցելել է հայրենիք վերադարձած զինծառայողներին, քննարկել նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։  Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 
10:54 - 16 դեկտեմբերի, 2023
ՄԻ պաշտպանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ

ՄԻ պաշտպանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Ատելության խոսքի դեմ պայքար հանուն ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետի կողմից։ Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ հայացքներով» կամ «հանրային գործունեությամբ» պայմանավորված բռնության կոչ կատարելու, բռնություն քարոզելու կամ արդարացնելու ենթադրյալ դեպքերին։ Մյուս երկու քրեական վարույթով անձինք մեղադրվել են մի դեպքում ազգային, մյուս դեպքում՝ ազգային և կրոնական թշնամանք հարուցելու համար։ Միջազգային չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքներով վեր են հանվել այն հիմնական հանգամանքները, որոնք իրավապահ մարմինների և դատարանների կողմից պետք է ուշադրության արժանանան ատելության խոսքին առնչվող վարույթների քննության ընթացքում, և գնահատվել է, թե որքանով են նշված հանգամանքները գործնականում հաշվի առնվում։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝1. մշակել ՀՀ քրեական օրենսգրքի 329-330-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների քննության ուղեցույց-ձեռնարկներ,2. մշակել քննիչների, դատախազների և դատավորների վերապատրաստման դասընթաց՝ առավել մանրամասն անդրադառնալով ատելության խոսքի քննության առանձնահատկություններին և իրականացնել պարբերական վերապատրաստումներ,3. իրականացնել նշված հանցանքների վերաբերյալ հանրության իրազեկում՝ հատկապես առավել խոցելի խմբերի շրջանում։ Ուսումնասիրությունում արտահայտված տեսակետները կարող են ամբողջությամբ չարտահայտել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տեսակետները:
11:24 - 15 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՄԻՊ-ը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել կենտրոնում, զրուցել անձնակազմի և շահառուների հետ։ Պաշտպանին ներկայացվել են կենտրոնում վերականգնողական բուժում ստացող անձանց առօրյան, բուժման հետ կապված հարցեր, աշխատանքների մեթոդաբանությունն ու առաջիկա ծրագրերը։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կենտրոնի ղեկավարության և անձնակազմի կատարած աշխատանքը և պատրաստակամություն հայտնել իր իրավասությունների շրջանակներում աջակցել հաստատությունում վերականգնողական բուժում ստացող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում նախանշվել են համագործակցության ուղղությունները։ Անահիտ Մանասյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գրադարանին է նվիրել գրքեր, այդ թվում՝ իր հեղինակած մենագրությունը։
11:11 - 14 դեկտեմբերի, 2023
Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Զինված ուժերը պետք է կառուցված լինեն ու գործեն իրավունքահեն գաղափարների հիման վրա. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում բացման խոսքով է հանդես եկել Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կազմակերպված՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի դեմ պայքարի և կանանց ներգրավումը զինված ուժերում թեմաներով քննարկմանը։   ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ միջոցառումը նախաձեռնել են Եվրոպայի խորհուրդն ու Պաշտպանության նախարարությունը։ Բացման խոսքով հանդես են եկել Պաշտպան Անահիտ Մանասյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն։   Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում անհնար է ունենալ բնականոն հասարակական հարաբերություններ, եթե դրանք կառուցված չեն իրավունքահեն մոտեցումների, հավասարության և արժանապատվության գաղափարների վրա։   «Մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։ Ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքահեն արժեքների վրա։ Հակառակ պարագայում անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր, իսկ այդպիսի միջավայրի բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ հակաիրավական և բացասական երևույթների։ Այս համատեքստում կարևորում եմ Պաշտպանության նախարարության հետ մեր համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ»,- ասել է Անահիտ Մանասյանը։   Միևնույն ժամանակ, Պաշտպանը խոսել է զինված ուժերում առկա խնդիրների մասին, նշել, որ դրանք պետք է ստանան համակարգային լուծումներ` ընդգծելով այդ գործընթացում մարդու իրավունքների գերակայության երաշխավորման կարևորությունը։   Միջոցառման շրջանակում Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված փորձագետ Լիլիան Ապոստոլը ներկայացրել է քննարկվող թեմաների առնչությամբ միջազգային չափանիշները, ԵԽ երկրների լավագույն փորձը, քաղված դասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի օրինակները։   Զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։  
17:50 - 12 դեկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը Նորապատի դպրոցում հանդիպել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին

Անահիտ Մանասյանը Նորապատի դպրոցում հանդիպել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը: Բացման խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ: Պաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար: Դիմելով աշակերտներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը և նշել, որ հենց այս հանդիպմամբ է սկսում Մարդու իրավունքների օրվան նվիրված արշավը։ Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին: Հարցերը վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին, կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և այլն։ Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։ Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:
21:15 - 11 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության նախագահ Բերտրան Բուիքսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանական պաշտոնյա, խորհրդական, միջազգային խորհրդարանական վեհաժողովների և բազմակողմ հարցերի բաժնի ղեկավար Մոհամեդ Սադունը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանն  անդրադարձ է կատարել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։ Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։ Պարոն Բերտրան Բուիքսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:00 - 11 դեկտեմբերի, 2023
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս․ ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ:   Ուղերձում ասվում է.   «Սիրելի՛ հայրենակիցներ,   Հարգելի՛ գործընկերներ,   Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։   Ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:   Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:   Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում հանրային համերաշխությանը։   Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության բարձր առաքելությամբ»։   Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը:   Այս համատեքստում չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝ իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:   Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր, նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։   Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ»։
10:37 - 10 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտանության հետ կապված հարցերը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտանության հետ կապված հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված հարցերին, փաստաբանների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքներով վեր հանված խնդիրներին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների կրթության որակի բարձրացման կարևորությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության հետ կապված հարցերը։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերոնշյալ անձանց ծնողների և հարազատների հետ, խնդիրը բարձրացնում է պետական իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Իր հերթին, Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
14:13 - 09 դեկտեմբերի, 2023
Այսօր հաճախ ենք հանդիպում ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է. ՄԻՊ

Այսօր հաճախ ենք հանդիպում ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մասնակցել է «Իրավապաշտպանները Հայաստանում. Մարտահրավերներն ու ազատ գործելու հնարավորությունները նեղացող քաղաքացիական հասարակության պայմաններում» թեմայով քննարկման։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ժամանակակից աշխարհակարգը կառուցված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա, և մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները պետք է գերակայեն ցանկացած այլ երևույթի նկատմամբ։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այդ կարևորագույն արժեքների պաշտպանությունն իրականացնող դերակատարները՝ իրավապաշտպանները, պետք է պաշտպանված լինեն։ «Իրավապաշտպանների գործունեությունը պետք է լինի պաշտպանված։ Ցավոք, այսօր հաճախ ենք հանդիպում տարբեր բացասական երևույթների՝ ատելության խոսքի, թիրախավորման դեպքերի, անհանդուրժող և խտրական վերաբերմունքի, ինչը չափազանց վտանգավոր է։ Չափազանց լուրջ խնդիր եմ համարում նաև մեր միջավայրում առկա ծայրահեղ բևեռացումը, որը շատ դեպքերում անդրադառնում է իրավապաշտպանների գործունեության կամ դրա թիրախավորման վրա և որն անհրաժեշտ է հասցեավորել ու հաղթահարել»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Միջոցառման շրջանակներում քննարկվել են խոսքի և մամուլի ազատությանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների խնդիրներին առնչվող հարցեր։ Քննարկումը կազմակերպել է «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ իրավապաշտպանների միջազգային օրվան ընդառաջ։
21:46 - 08 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։   Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում Պաշտպանը հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։   Իր հերթին Ժոֆրուա Դիդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում»,- ասված է գրառման մեջ։
19:03 - 06 դեկտեմբերի, 2023