Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Իվանյանում ավելի քան 400 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը տեղում ծանոթացել է շինաշխատանքներին

Իվանյանում ավելի քան 400 նոր բնակարան կկառուցվի. Արցախի նախագահը տեղում ծանոթացել է շինաշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ  աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված  ընտանիքներին: Զեկուցելով աշխատանքների ընթացքի մասին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նախագահին ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:   Բավարար գնահատելով կատարվածը՝ երկրի ղեկավարը հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով,  որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների: Հաջորդ թաղամասը, որտեղ եղել է Հանրապետության նախագահը, կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին: Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ,  դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով: Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի  կարևորությունը, նշել, որ տվյալ թաղամասերում կառուցվող  402 բնակարանները մեծապես օգնելու են մեղմել ստեղծված իրավիճակը:
15:57 - 14 օգոստոսի, 2021
Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջին կիսամյակի աշխատանքները

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջին կիսամյակի աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ օգոստոսի 3-ին ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները։ Ամփոփմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, տեսչական մարմնի ղեկավար կազմը և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ «Ներկայացվել  են տեսչական մարմնի 2019, 2020, 2021 թվականների նույն ժամանակահատվածում կատարողականի ամփոփ ցուցանիշները, քննարկվել են տեսչական մարմնում աշխատանքների կազմակերպման  հետ կապված առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
19:30 - 03 օգոստոսի, 2021
Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Առաջիկայում Մարտակերտն առնվազն 500 նոր բնակարան կունենա. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետների հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել  1990-ականների  պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու կամ դրանց տեղում նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա:  Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝  նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում   անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համանքապետերի հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:   Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
18:23 - 03 օգոստոսի, 2021
Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար. «Պարոն Հարությունյանը Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Պետք է փաստենք, որ այդ ընթացքում ունեցանք մի շարք ճգնաժամեր, բայց ի պատիվ պարոն Հարությունյանի, կարողացանք դրանք հաղթահարել: Այդ գործում պարոն Հարությունյանի դերակատարությունը եղել է շատ մեծ: Պարոն Հարությունյան, շնորհակալություն այս ընթացքում Ձեր գործունեության համար: Մենք բարձր ենք այն գնահատում,  կառավարությունը, քաղաքական թիմը համարում են, որ Դուք պատվով եք կատարել այս ժամանակահատվածում Ձեր առաքելությունը»: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ  անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ: ՊՆ նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նույնպես կարևորել է բանակում մեկնարկած բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծումը: «Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս  բարեփոխումներն իրականացնելու գործում: Հունիսի 20-ի ընտրություններից հետո մեր հանրությունը կոնկրետ ծրագրի կոնկրետ մանդատ է տվել: Կարծում եմ՝ միասին առաջիկա 5 տարիներին այդ մանդատը կիրացնենք նաև բանակում բարեփոխումներն իրականացնելիս»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար: «Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու »,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել Վաղարշակ Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար և հանձնել հուշանվեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհավորել է Արշակ Կարապետյանին և մաղթել արդյունավետ գործունեություն:      
12:24 - 21 հուլիսի, 2021
Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին  այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի: Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք, որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել արտաքին քաղաքականության  ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ  աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու:  Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»:         
14:17 - 14 հուլիսի, 2021
Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով Արայիկ Հարությունյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկության մասին. «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է: Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով՝ մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այսօր կառավարության նիստում քննարկված հարցը՝ ծանրաձողերի ձեռքբերման հետ կապված, որը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի խնդիրները: «Սա մի քիչ անհատական և անձնական երևույթ չէ: Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք և պետք է լուծումները գտնենք ինստիտուտների հարաբերությունների, օրենսդրության կարգավորումների մեջ: Սա երևի իմ ամենակարևոր արձանագրումն է: Ինստիտուտները, ինստիտուտների կայացումը, ինստիտուտների մեխանիզմների ճիշտ աշխատանքը, սուբյեկտիվ մոտեցումների մինիմիզացիան պետք է մեր առաջնահերթություններից լինեն: Բայց, իհարկե, երբեք չի լինելու այնպիսի համակարգ, որտեղ անձինք, անհատներն առանցքային նշանակություն չունենան: Դա միշտ էլ այդպես է լինելու, և հետևաբար, կառավարման արդյունավետության բարձրացումը մենք պետք է սկսենք վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այդ օրակարգը ձևակերպել է որպես ժառանգություն պարոն Թորոսյանը, և մեզ կտակել է, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Որպես օրենսդիր՝ հուսով եմ ինքը կվերահսկի նաև, որպեսզի մենք այդ պատգամը պատշաճ մակարդակով կատարենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր դիմումը չմերժելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի և՛ ենթակա մարմինների, և՛ ստորաբաժանումների անձնակազմին՝ 6-ամսյա համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ այս ժամանակաշրջանը պարզ չէր և հարթ չէր: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ դա ամբողջ աշխատակազմի, ժողովրդական լեզվով ասած, շնորհքն էր, որ մենք հարաբերականորեն կայուն այն բերեցինք-հասցրինք այս հանգրվանին, երբ սկսվում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛, հուսով եմ նաև, հանրապետության նոր էջը: Մաղթում եմ բոլորին, Ձեր ասած տրամաբանությամբ, ջանք ու եռանդ չխնայելով այդ էջը գրել՝ Ձեր գլխավորությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ՝ շնորհավորելով նրան այս առաքելությունն ստանձնելու կապակցությամբ», - նշել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել կապի մեջ լինել թե՛ աշխատակազմի, թե՛ մեր երկրի հետ կապված այլ հարցերով: Իր հերթին Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և Արսեն Թորոսյանին՝ կատարած աշխատանքի համար: «Իրոք բարդ փուլում ենք եղել, և ես կարծում եմ, որ աշխատակազմը պատվով է կատարել այդ առաքելությունը հետպատերազմյան և ներքին քաղաքական լարված այդ փուլում: Երբ Արսեն Թորոսյանն ստանձնում էր այս պաշտոնը, հիշում եմ՝ ասաց, որ ինքը, ըստ էության, այս աշխատանքին ծանոթ է, որովհետև, որպես նախարար, շատերի հետ է շփվել: Նույնը ես կարող եմ ասել՝ գրեթե մեծամասնությանը ծանոթ եմ, աշխատել եմ նրանց հետ, և այստեղի աշխատանքն ինձ համար նորություն չէ, մանավանդ նախարարի պաշտոնից հետո ստանձնել էի գլխավոր խորհրդականի պաշտոնը, և աշխատակազմի հետ սերտ շփումներ եմ ունեցել: Մենք քաղաքական նոր փուլ ենք մտնում, քաղաքացին նոր որակի մանդատ է տվել, և աշխատակազմը, նախարարությունները պետք է դիրքավորվեն ըստ այդ նոր մանդատի և այն ծրագրի, որը հաստատվել է քվեարկությամբ: Պարոն վարչապետ, նորից շնորհակալություն վստահության համար: Կարող եմ ասել, որ արդարացնելու ենք այդ վստահությունը, նաև գործընկերների հետ, որոնք այստեղ հավաքված են», - ասել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, , որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք:
16:40 - 01 հուլիսի, 2021
Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը

Արսեն Թորոսյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում Թորոսյանին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Վերջինս ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից:  Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի երեք որոշումները: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»։
12:41 - 01 հուլիսի, 2021
Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ցավում եմ, որ Մարությանը նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին․ Արայիկ Հարությունյան

Ես շատ ցավում եմ, որ Հայկ Մարությանը այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ «Որովհետև քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն։ Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա»,- նշեց նա։ Հարությունյանի խոսքով՝ պետք է հասկանան, թե այս իրավիճակում ինչպես են անում, որ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենան որոշումներ, բայց դրանից չտուժեն նաև քաղաքը և քաղաքային իշխանությունը։
10:45 - 28 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2021 թ․-ի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2021 թ․-ի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը: Այդ մասին տեղեկացնում է  Արցախի Հանրապետության  նախագահի լրատվական ծառայությունը։ Ըստ հրամանագրի՝ 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
18:59 - 07 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նոր պետական նախարարին

Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում:  Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ճգնաժամային կառավաման գործում Գրիգորի Մարտիրոսյանի դերը՝ համոզմունք հայտնելով, որ նա այսուհետ ևս կաջակցի վերականգնման ու սոցիալական աշխատանքներին զուգահեռ նախատեսվող տնտեսական և զարգացման ծրագրերի իրականացմանը: Ներկայացնելով նոր պետական նախարարին՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ նա համակարգելու է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների գործունեությունը, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված օրենսդրական բարեփոխումների ընթացքը:  
15:35 - 02 հունիսի, 2021
Արցախի նախագահն այցելել է Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք, հանդիպել է տեղի բնակչության ու քննարկել համայնքներում առկա խնդիրները

Արցախի նախագահն այցելել է Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք, հանդիպել է տեղի բնակչության ու քննարկել համայնքներում առկա խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:Երկրի ղեկավարը հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:Նախագահը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Անդրադառձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը:«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- նշել է նախագահ Հարությունյանը:
14:33 - 05 մայիսի, 2021
Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով

Արայիկ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է սահմանադրական կարգի տապալման հոդվածով

Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։ Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,- գրել է Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով: Հարցաքննության օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
10:53 - 03 մայիսի, 2021