Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Վերջին ամիսիներին Հայկական բնապահպանական ճակատը, Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչներն անընդհատ ահազանգում են, որ սնանկացած ու նոր տերերի անցած Լիդիան ընկերության վարձած նոր պահնորդական ընկերությունը, ինչպես նաև վարձկան կապալառու մեկ այլ ընկերություն բռնի գործողություններ են սադրում Ամուլսարի պահպանության կետերում։ Նախկինում գրել ենք վարձված նոր պահնորդական ընկերության՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի ստեղծած խնդիրների մասին․ հրազենով ու մահակներով զինված ներկայություն Ջերմուկի մայրուղուն, դաժանության ցուցադրություն՝ պահապանների շների ձագերին սպանելով, սպառնալիքներ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Լիդիանը մտնի տարածք, բռնությունների սադրում, որոնց միջամտել է նաև տեղի ոստիկանությունը։ Դրանից բացի, պահնորդական ընկերության աշխատակիցները չեն կրել օրենքով պահանջվող տեղեկատվություն իրենց հագուստի վրա, ինչի կապակցությամբ 2020թ․ հուլիսի 17-ին դիմում ենք հղել լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը։ Օգոստոս ամսվա դրությամբ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն ակտիվորեն փորձում է համալրել իր աշխատակազմը։ Ընկերության ֆեյսբուքյան էջին հայտարարություն զետեղելուց բացի, «սպորտային կազմվածքով, բարձրահասակ, թիկնեղ, խելացի, լարված իրավիճակներին տիրապետող» մարդկանց աշխատանքի ընդունելու հայտարարություններ ընկերությունը տարածել է նաև list.am կայքում։ Մեզ հասել են տեղեկություններ, որ Ամուլսարի տարածքում ընկերության համար աշխատում են նախկին զինվորականներ, ինչը համադրելի է այնտեղ կամուֆլյաժային հագուստով ու զինված պահնորդների կեցվածքի հետ։ Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։ Վերջինիս գործողությունները հանգիստ կարող են ուղղվել ընդդեմ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, ովքեր ուղիղ երկու տարի իրենք կյանքն են դրել Ամուլսարն ու իրենց ընտրած միջավայրում ապրելու իրավոնքը պահպանելու համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում բռնությամբ որևէ հարց չի լուծվելու։ Առանց բռնության դիմելու, հենց խաղաղ պայքարի մեթոդներով են պայքարում Ջերմուկի ու Գնդեվազի, ինչպես նաև այս պայքարին միացած Հայաստանի այլ բնակավայրերի գիտակից ու պատասխանատու բնակիչները՝ իրականացնելով իրենց խաղաղ անհնազանդությունը մի աղետալի հանքարդյունաբերական ծրագրի դեմ, որն իրենց ու ապագա սերունդներին է պարտադրվել կոռումպացված նախկին իշխանությունների թեթև ձեռքով։ Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։ Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցներին կանխել հնարավոր բռնություններն Ամուլսարի տարածքում՝ թույլ չտալով, որ մասնավոր որևէ ընկերություն, լինի պահնորդական, շինարարական, հանքարդյունաբերական ընկերություն, թե պարզապես խմբավորում, կարողանա որևէ բռնի գործողություն կատարել Ամուլսարում, ավելին՝ ձեռք, մահակ կամ զենք բարձրացնի մեծագույն զոհողության գնով Հայաստանի ու տարածաշրջանի էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական հարց լուծող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների վրա։ Ամուլսարի պահպանության պայքարը եղել ու մնալու է խաղաղ դիմադրություն, և կոչ ենք անում հետևյալ գործողություններով դեմ կանգնել Ամուլսարի տարածք բռնություններ մտցնելուն․ Հրաժարվել համագործակցել «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի, «Էկոբիլդինգ» ընկերության, Լիդիանի ու նրա կապալառուների հետ առհասարակ, այսինքն՝ չաշխատել այդ ընկերություններում, չմատուցել դրանց որևէ տեսակի ծառայություն։ Սա քաղաքացիական անհնազանդությանը բնորոշ խաղաղ պայքարի մեթոդներից մեկն է։ Նույնիսկ եթե առաջարկվող վարձը բարձր թվա, մի՛ գայթակղվեք փողին, մի՛ աշխատեք մի տեղ, որտեղ Հայաստանի պայքարող քաղաքացիների նկատմամբ ձեռք են բարձրացնում ու վտանգում են երկրի ապագան։ Ֆիզիկապես ներկա գտնվել Ամուլսարի պահպանության կետերում և Ջերմուկում, բարոյապես ու նյութապես աջակցել տեղի բնակիչներին։ Փաստագրել վերը թվարկված ընկերությունների ոտնձգություններն Ամուլսարի պահապանների նկատմամբ։ Բոյկոտել Լիդիանի պատվիրած լրատվական նյութերը պրոպագանդող լրատվամիջոցները։ Մինչ այդ, Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին կոչ ենք անում շարունակել մնալ խաղաղ, նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են։ Լիդիան ընկերությունը կարող է Ամուլսարի տարածքից հեռացնել իր վերջին գույքը, վերականգնել ավերած լանդշաֆտն ու մեկընդմիշտ հեռանալ այդ տարածքից։ Որևէ այլ նպատակով այդ ընկերության ներկայությունն Ամուլսարում չի թույլատրվելու»։
15:43 - 03 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|

armtimes.com: «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք ստոագրահավաք էին իրականացրել, կառավարության շենքի մոտ են եկել 1200 ստորագրություններով: Ցուցարարները նշում են, որ մոտ 2000 մարդ արդեն երկու տարի է՝ մնացել են առանց աշխատանքի, իսկ իշխանությունները խնդրի լուծումն անընդհատ հետաձգում են ու ժամանակ սպանում: «Մենք այստեղ միտինգավոր չենք, ուղղակի ժողովուրդ ենք, որ առանց հաց ենք մնացել: Չենք եկել ինչ-որ մեկի դեմ բաներ խոսելու, մենք ընդամենը ուզում ենք աշխատել: Կառավարությունում էլ այդ մասին շատ լավ գիտեն: 2000 հոգի անգործ է մնացել, նրանց ընտանիքները սովից կոտորվում են: Այս տարի տուրիզմ չկա, բերք չկա՝ կարկուտն է վնասել, մարդիկ ապրելու միջոց չունեն»,- ասաց հավաքվածներից մեկը: Նրանք նշեցին, որ որոշել են հարցը իրավական ճանապարհով կարգավորել, քանի որ այլընտրանք չեն տեսնում. «Երկու տարի լուռ սպասել ենք, բայց 2000 հոգու ընտանիքները սովից կոտորվում են: Եկել ենք ընդամենը մեր կոչը կարդանք, ոստիկանն ասում է՝ ռուպրով խոսել չի կարելի: Մենք մեր վարչապետին շատ հարգում ենք, ոչ ոքի դեմ ոչինչ չունենք, երկու տարի է սպասում ենք, բայց ինչքա՞ն կարելի է: 500 միլիոն գումար ենք ներդրել, աշխատատեղ ենք ստեղծել, չեն ուզում մեզ հասկանալ, լսել»: Նրանք բողոքում են, որ ուր գնում են, իրենց հորդորում են սպասել, մեկ ամիս սպասում են, ասում են երկուս էլ սպասեք, ու այդպես շարունակ. «Մենք չենք ուզում վաղը կամ մյուս օրը այս հարցին լուծում տրվի, ոչ՝ հենց այսօր: Հոգնել ենք, հենց այսօր ենք ուզում հարցին լուծում տրվի: Եթե ուզում են հանքը փակել, թող վարչապետը դուրս գա հայտարարի, հիմնավորի, թե այս ինչ օրենքի, այս ինչ կետի համաձայն չի թույլատրվում աշխատել, իմանանք, հասկանանք մեր հետագա անելիքը: Իսկ այսօր մարդիկ չեն աշխատում եւ չգիտեն, թե ինչու»: Ավելին՝ armtimes.com-ում
13:01 - 30 հուլիսի, 2020
«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

«Լիդիան»-ի նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես պահանջ է դրվում ուժը կորցրած ճանաչել «Լիդիան»-ի կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։ Հայտարարությունը՝ ստորև․ «Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝ -Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ,-Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները,-Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք մուտք գործելը, - Երեկ՝ 27․07․20 երեկոյան ժամին տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդված տարածքային ոստիկանության միջամտությամբ և դիրքապահ տղաների ձերբակալությամբ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թվարկված իրադարձությունները սադրել է հանքը շահագործել ցանկացող կազմակերպությունը` համավարակի հետևանքով սահմանված արտակարգ իրավիճակի ընթացքում և հատկապես, երբ հայ-ադրբեջանական սահմանում տիրել է պատերազմական իրավիճակ, շեշտելով նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել են 5 տասնյակից ավել ազգությամբ թուրք բաժնետերեր, պահանջում ենք ՀՀ կառավորությունից հետևյալը՝ 1․ Ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը՝ հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։ 2․ Խիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը, հետևողական լինել նրա կողմից կազմակերպված սադրանքների բացահայտմանը և պատժել օրենքի ողջ խստությամբ։ Լիդիան կազմակերպության նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն, ինչն առիթ է դառնալու հանրային մեծ ըմբոստության։ Հրապարակելով այս պահանջը, նախաձեռնությունը ակնկալում է կառավարության արագ արձագանքը գործողությունների տեսքով»։
21:40 - 28 հուլիսի, 2020
Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։   «Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման, որը ներկայացնում ենք կետերով։ Լիդիան ընկերության և նրա որդեգրած նոր ռազմավարության մասին   Լիդիանն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը և հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան և պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին և արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։ Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝ ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել, բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների, գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։ Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:   Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։  Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019): Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝   ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին, բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում, գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար: Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետևյալն են։ Սադրել բռնի գործողություններ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դեմ։ 2020 հունիսին Լիդիանը փոխում է Ամուլսարի պահնորդական ծառայությունը: Նոր ընկերության անունն է «Հատուկ անվտանգության ծառայություն», որը հիմնադրվել է 2017թ-ին։ Լուրեր կան, որ այս ընկերությունում ներգրավված են նախկին զինվորականներ և արևելյան մարտարվեստներով զբաղված մարդիկ, որոնց տրված է հստակ առաջադրանք՝ բացել շրջափակված ճանապարհները։ Նրանք Ամուլսար ժամանեցին չափազանց ագրեսիվ կեցվածքով՝ վրաերթի ենթարկելով Ամուլսարի դիմադրական կետերում ապրող շան 3 ձագերին, զինվորական համազգեստով, հրազենով ու մահակներով շրջապատելով Ջերմուկ տանող հիմնական ավտոճանապարհը, իրենց վրա չունենալով օրենքով պահանջված՝ ընկերության անվանումն ու անհատ պահնորդների անունները: Մի քանի օր շարունակ նրանք սադրանքների էին գնում, խախտում տեղացիների հետ համաձայնությունները, լարված վիճակ ստեղծում: Այս տակտիկայի նպատակը տեղացիներին բռնությունների մեջ ներքաշելն է, որպեսզի հիմնավորվի ոստիկանության միջամտությունը։ Ստեղծել Ամուլսարում աշխատանքներ անելու պատրանք։ Նոր պահնորդական ընկերության հրահրած գործողություններին անմիջապես հետևեցին Վայքում գրանցված «Էկո Բիլդինգ» ընկերության գործողությունները։ «Էկո Բիլդինգը» պայմանագիր ունի Լիդիանի հետ և իբր՝ վերանորոգման աշխատանքներ պիտի անի Ամուլսարի տարածքում: Ընկերության հիմնադիրները կապված են Արամ Սարգսյանի հետ, 2018թ-ին վերջինիս գլխավորած նախընտրական «Մենք» դաշինքի անդամներ են: Ընկերության աշխատողներն իրենց բռնի են պահում, մի քանի օր առաջ տարածված տեսանյութից իմանում ենք, որ մահակներով, էլեկտրաշոկերով և այլ միջոցներով ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից որոշներին: Երեք օր առաջ այս ընկերության 6 աշխատողներ Սարավան գյուղի կողմից մտել են Ամուլսարի տարածք և դուրս չեն գալիս: Հուլիսի 27-ին Ջերմուկի բնակիչները հավաքվել էին Ամուլսար տանող ճանապարհների մոտ՝ կոչ անելով, որպեսզի նրանք դուրս գան այնտեղից։ Ոստիկանությունը բերման երթարկեց տասից ավելի մարդկանց, «Էկո Բիլդինգի» աշխատողների շարունակեցին մնալ Ամուլսարի տարածքում: Իրականացնել տեղեկատվական գրոհ։ Լիդիանին ծառայող լրատվամիջոցները, որոնց ցանկն, ի դեպ, համընկնում է ռոբասերժական լրատվամիջոցների հետ, նորից ակտիվացել են։ Թե՛ լրատվամիջոցերի, թե՛ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով ընկերությունը տարածում է զրպարտող տեղեկություններ Ամուլսարի պահապանների մասին։ Օրինակ, «հիմնավոր կասկածներ» բառակակապցության տակ տպավորություն են ստեղծում, թե իրենց տարածքից գողություն է արվել՝ բարդելով պատասխանատվությունը Ամուլսարի պահապանների վրա։ Այնինչ այս ամբողջ ընթացքում տարածքը գտնվել է Լիդիանի պահնորդական ծառայությունների, տեսանկարահանող սարքերի մշտական հսկողության ներքո։ Այս տակտիկան ուղղված է ինչպես հայաստանյան լսարանին, որպեսզի հանրային կարծիք ձևավորեն, այլև հնարավոր է՝ պարտատերերին, որպեսզի իրենց գույքի հետ կապված սպեկուլյատիվ ինֆորմացիա դուրս թողնեն։ Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական և միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրև Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաև վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։ Քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Լիդիանն ակտիվորեն աշխատում է քաղաքական ուժերի հետ, որպեսզի վերջինները սատարեն Ամուլսարը հանք դարձնելու ծրագրին։ Ըստ մեր տեղեկությունների, Լիդիանը փորձում է գործարքների գնալ մերժված կուսակցությունների և նրանց կողքին հայտնված նորահայտ քաղաքական ուժերի հետ, որոնք ակտիվորեն աշխատում են ընդդեմ ներկայիս կառավարության։ Ակնհայտ է, որ Ամուլսարում երբևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները և Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ և գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որևէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի և նրա քաղաքացիների։ Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք»։
17:41 - 28 հուլիսի, 2020
Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները:  Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը» իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը։ Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան): Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:  
21:25 - 11 հուլիսի, 2020
Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|

Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|

aysor.am: Ամուլսարում, որտեղ 2-3 օր անընդմեջ լարված իրավիճակ էր, այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Պայմանները, որոնք պահնորդական խմբին ներկայացրել են Ջերմուկ համայնքի բնակիչները, կատարված են։ «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, թե ի սկզբանե իրենք խնդիր չեն դրել, որ այդտեղ պահնորդական ծառայություն չպետք է իրականացվի, այլ հակառակը։ «Ամուլսարի տարածքը փակվելու առաջին իսկ օրվանից, դեռ 2018 թվականից, մենք ասել ենք, թե դեմ չենք, որ տարածքում պահնորդական աշխատակազմ լինի, քանի որ այնտեղ ինչ-որ միջադեպի՝ գողություն կամ գույքի վնասման դեպքում համայնքի բնակիչը կամ ընդհանրապես ՀՀ քաղաքացին պատասխանատվություն չկրի։ Մեծ հաշվով մեզ համար էական չի, թե այդ պահնորդական ծառայության անունն ինչ կլինի, թող իրենք իրենց հերթապահությունն իրականացնեն՝ առանց շոուների», - ասաց Շիրակ Բունիաթյանը։ Ամեն ինչ սկսել էր այնտեղից, երբ, Բունիաթյանի խոսքով, նոր պահնորդական ծառայության աշխակիցները տարածք էին մտել զենքերով և դիմակավորված։ ««Լիդիան» ընկերությունն այս պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, և ըստ այդ պայմանագրի, իրենք իրավասություն էին ստացել, որ գային տարածք և հսկողություն իրականացնեն։ Խնդիրն իրենց գալու, մոտեցման ձևն էր. Ժամը 5-ին զորքով, զենքով, դիմակավորված եկել էին։ Դա շարժել էր ժողովրդի զայրույթը։ Կային ընթացիկ հարցեր, որտեղ մենք համաձայնության չէինք գալիս, իրենք ձգձգում էին։ Կարծում եմ, որ ձեռք բերված համաձայնությունը նորմալ կպահեն, իսկ եթե ոչ, համայնքի բնակիչը ստիպված կլինի նորից ձայնը բարձրացնելու, մինչև ամեն ինչ կլինի ժողովրդի ուզած ձևով», - ասաց Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է, «իրենց նախնական այդ ագրեսիվ պահվածքն այլևս չկա»։ Նշենք, որ տարածք մուտք գործելիս պահնորդական ծառայության աշխատակիցները մեքենայի տակ էին գցել տարածքում գտնվող շան ձագերից երեքին, ինչն առաջացրել էր տարածքը պահպանող համայնքի բնակիչների զայրույթը։ «Արդեն երկու տարի է՝ շները մեզ մոտ են՝ պոստերում։ Մենք նրանց կերակրում, պահում ենք։ Հնարավորինս զգույշ ենք, որպեսզի չվնասենք, բայց քանի որ այդ մարդիկ որոշել էին ամեն ինչ անել անշնորհք ձևով, ձագերից երեքին կոխ են տվել, սատկացրել։ Նորանշանակ ոստիկանապետը խոստացավ, որ այդ ամենն ունենալու է իր իրավական հետևանքը։ Հուսով ենք, որ համարժեք գնահատականի կարժանանա այդ դեպքը, որովհետև եթե մի ձագ լիներ, գուցե հասկանայինք, որ անզգուշության հետևանք է։ Բայց այս դեպքում ոչ թե անզգուշություն, այլ անփութություն է եղել», - ասաց նա: Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ այս պահին պահնորդները հերթափոխով են ծառայությունն իրականացնելու. «Ռեզերվային մասը դուրս է բերվել տարածքից։ Հնարավոր է՝ նախկին կապալառու պահնորդական խմբի համեմատ մեկ կամ երկու մարդ ավելի կամ պակաս լինեն հենակետերում, դա իրենք կորոշեն, բայց մեր խնդիրն այն էր, որ ռեզերվային մասը չմնա այդ տարածքում, որովհետև իրենց այդտեղ մնալը հետևանքներ է առաջացնում։ Այդ դեպքում արդեն տարածքում մեծ շարժ էր լինելու, այժմ սահմանափակվել են 50-60 հոգով։ Պայմանավորվել ենք, որ այդ շոուները տարածքում չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու»։
16:08 - 03 հուլիսի, 2020
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, ոում ասվում է․ «Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում։Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»։    
13:35 - 01 հուլիսի, 2020
Ամուլսարի պահապանները սպասում են տարածքից պահնորդական խմբի մի մասի դուրս գալուն |news.am|

Ամուլսարի պահապանները սպասում են տարածքից պահնորդական խմբի մի մասի դուրս գալուն |news.am|

news.am: Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության հետ նխօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր նրանք պետք է հեռանային՝ թողնելով միայն հերթափոխի աշխատակիցներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: Նրա խոսքով, ջերմուկցիներն այսօր առավոտյան եկել են Ամուլսարի պոստերի մոտ, որ իրենց աչքով համոզվեն, որ նրանք հեռանում են. «Քանի որ մարդիկ իրենց չեն ճանաչում եւ չկա վստահություն, մանավանդ իրենց երեկվա մոտեցումից հետո, բնակիչները որոշել են անձամբ ներկա գտնվել եւ ճանապարհ դնեն, որ հանկած ինչ-որ խաղեր կամ պայմանավորվածության դրժումներ չլինեն»,-ասաց Բունիաթյանը: Նոր պահնորդական ծառայության ղեկավարը հայտարարեց, որ իրենց երեկվա պայմանավորվածությունն ուժի մեջ է, օրվա ընթացքում իրենց ռեզերվային ուժերը տարածքից կհանեն, կմնան միայն հերթափոխ իրականացնողները: Երեկ Ամուլսարում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա» ընկերության աշխատակիցներին փոխարինել էին պահնորդական նոր կազմակերպության աշխատակիցները: Դրանից հետո ջերմուկցիները հավաքվել էին եւ պահանջել, որ նոր կազմակերպությունը կարող է գործել միայն ճիշտ նույն պայմաններով, ինչպես գործել է «Պանտեռան»: Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության եւ ոստիկանության միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդի սկզբունքներով, այսինքն՝ Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում՝ կտեղավորվեն որեւէ հյուրանոցում եւ Ամուլսարի տարածքում չեն մնա»: Մինչ այդ նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները, որոնք եկել էին փոխարինելու «Պանտեռա» պահնորդական ընկերության ներկայացուցիչներին, ասում էին, որ հերթափոխից հանգստացող աշխատակիցները եւս կմնան Ամուլսարի տարածքում, հենց այդտեղ էլ կհանգստանան, ինչին դեմ էին Ամուլսարի պահապան ակտիվիստները:
13:31 - 01 հուլիսի, 2020
ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
 |ecolur.org|

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը |ecolur.org|

ecolur.org: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Այս մասին տեղեկացրին «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։ «Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում: Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար. Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, նրանց ծավալը և հնարավոր արդյունքները Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված  ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը: Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:  Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:00 - 15 հունիսի, 2020
Ամուլսարի ծրագրի ազդակիր բնակավայրերի բնակիչները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ամուլսարի ծրագրի ազդակիր բնակավայրերի բնակիչները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝  կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝  դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը: Դիմումում նշված է. «Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի  ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն  առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը և հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ և ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու և ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու և տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար: Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին և իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը և վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը և ապրուստը (այգիները, արոտավայրերը և սննդի արտադրությունը) և Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական  տուրիզմի և հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա): 2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ):  ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետևալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, և չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին: Բայցևայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որևէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի և ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որևէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»:[1] [2] ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները[3][4] համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), և հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine – Extension, 2016, #48579)[5]: Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը և ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին:  ԾՀԱՄ-ը կարող է անդրադառնալ և´ Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին ներկայացված բողոքներին, և´ ՀԱՊ-ի  գնահատման զեկույցին այնքանով, որքանով դրանք առնչվում են Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ստուգմանը: 2018-2019թթ-ին մի քանի կազմակերպություններ Ամուլսարի ծրագրի խնդիրները բողոք նամակով ներկայացրել են ՎԶԵԲ-ին: Սակայն բանկը չի դիտարկել այդ խնդիները՝ դիմումատուներից Հայկական բնապահպանական ճակատին նշելով որպես ոչ պատշաճ դիմող:[6] [7] 2018թ. դրությամբ հանքի շինարարության աշխատանքներն առաջ էին գնացել, և մեր շատ մտահոգություններ և վախեր հիմնավորվեցին: Մենք արդեն իսկ կրել ենք լուրջ բնապահպանական վնասներ՝ ջրի, օդի և հողի աղտոտում ծրագրի պատճառով: Մենք անհանգստացած ենք, թե որքան թունավոր կարող է լինել ծրագրի տեղանքից տարածվող փոշին: Չնայած «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի համաձայն հանքարդյունաբերական գործունեության արդյունքում փոշու ազդեցություն Ջերմուկի վրա չի լինի, հանքի շինարարական աշխատանքների մեկնարկից Ջերմուկում արտահայտվեց փոշով զգալի աղտոտում: Օրինակ, ձմռանը ձյունը դառնում էր վարդագույն 8 կիլոմետր հեռավորությունից տարածվող փոշու պատճառով: Անձրևներից հետո մեքենաների վրա և տներում փոշու շերտ էր նստում, ինչը մինչ այդ աշխատանքները չկար[8]: Ուշադրության արժանի են նաև այն պատահարները, որոնք ազդեցություն են թողել Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի, ոռոգման ջրի և ձկնաբուծարանների վրա: 2018թ. տեղի է ունեցել ջրի մատակարարման խաթարման և ջրի աղտոտման մի քանի դեպք, չնայած «Լիդիան»-ը գրել էր իր նախագծի ազդեցության գնահատման մասում, որ ջրի վրա ազդեցությունները կարող են կառավարվել և զգալի չեն լինի:[9] Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ թթվային դրենաժը կարող է ազդել մակերևութային ջրերի աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ Դարբ, Արփա և Որոտան գետերը, բազմաթիվ աղբյուրներ ջրհավաք ավազաններում, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները և, ի վերջո, Սևանա լիճը, ինչպես նաև ստորգետնյա ջրերը:[10] [11] [12] [13] [14] [15] Գնդեվազ բնակավայրի ծիրանի այգիների սեփականատերերը կորցրել են ոչ միայն իրենց հողերը, այլ նաև՝ ապրուստը, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Նշենք, որ Գնդեվազի հողերի վաճառքի փաստի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ Գնդեվազի նախկին համայնքապետի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ[16]։ Բացի այդ, Ջերմուկ առողջարանային քաղաքը  լուրջ վնասներ է կրել, ինչպես օրինակ՝ վարկանիշի կորուստ և բացասական տնտեսական և սոցիալական ազդեցություն տուրիզմի անկման պատճառով: Ջերմուկը վերածվել էր հանքարդյունաբերական քաղաքի, ինչը վնաս էր հասցնում քաղաքի համբավին՝ որպես հեղինակավոր առողջարանային հանգստավայրի: Տուրիզմը Ջերմուկում տուժում էր. մարդիկ չէին ցանկանում գալ մաքուր լեռնային օդ շնչել և բուժիչ հանքային ջրերով բուժումներ ստանալ մի քաղաքում, որը լի էր հանքագործներով, հանքարդյունաբերական հանրակացարաններով և նրանց ցեխոտ ավտոտրանսպորտային միջոցներով: Ջերմուկի սոցիալական կերտվածքը խաթարվել էր հանքի աշխատողների ներհոսքի պատճառով: Ուրանի և այլ ռադիոակտիվ տարրերի ազդեցության ռիսկը չի գնահատվել: Մեր բնակիչները լավ տեղյակ են  խորհրդային ժամանակաշրջանում Ամուլսարի տարածքում իրականացված ուրանի և ռադիոակտիվ տարրերի որոնման արշավախմբեր հետազոտությունների մասին և Ամուլսարի ուրանային երևակումների հայտնաբերման մասին   («Горный журнал», 2007, N 6,[17]: Ամուլսարի  ծրագրի ռադիացիոն ռիսկերի մասին նշված է նաև Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքի մեջ, որը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ «Գեոթիմ» ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ծրագրի 2012թ-ի հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նամակում, մասնավորապես, նշված է. «Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:…»:  Հանձնաժողովը Սևանա լճի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության վերաբերյալ նշել է. «Նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սևան թունելով նաև Սևանա լիճ»: Գնահատելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը՝ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Սակայն 2014թ-ին՝ Սևանի Հանձնաժողովի կազմի փոփոխվելուց հետո, այն դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ծրագրին: Հանձնաժողովը մերժեց հասարակությանը տրամադրել իր դրական կարծիքը: Ջերմուկի քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագրի ՇՄԱԳ-ի պատշաճ հանրային լսում և քաղաքացիների համար քննարկումներ չեն անցկացվել: Լինելով նախատեսվող հանքից գրեթե նույն հեռավորության վրա, ինչպես մյուս, բայց ազդակիր համարված համայնքները, տարածաշրջանի կարևորագույն բնակավայրի՝ Ջերմուկի բնակիչներն օտարված են եղել իրենց հարազատ քաղաքի ապագայի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավունքից։ Չնայած նրան, որ 2016-ին Ջերմուկը դարձավ ազդակիր համայնք, սակայն այդ քաղաքում այդպես էլ օրենքով սահմանված կարգով քննարկումներ չանցկացվեցին: Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի վրա ազդեցությունները պատշաճ կերպով  չեն գնահատվել «Լիդիան»-ի և ՎԶԵԲ-ի կողմից: 2018թ. Ջերմուկում կոլեկտիվ հանրագիրը 3000 ստորագրություն է հավաքել՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ 3000 ստորագրությունը հավաքվել է 5 օրում, որը ցույց է տալիս մետաղական հանքարդյունաբերության արգելքին լայնորեն աջակցելու և Ամուլսարի ծրագրին լայնամասշտաբ ընդդիմանալու փաստը: «Լիդիան»-ը որևէ հանրային համաձայնություն չունի իր գործունեության համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել հանրագրին (Ավագանու որոշում N 88-Ա, 18 դեկտեմբերի 2018թ.:[18] Ասպիսով խախտվել է մեր իրավունքը ՝ զարգացնելու տուրիզմը որպես համայնքի զարգացման և մեր բարեկեցության ուղղություն, քանր որ ծրագրի արդյունքում կտուժի պատմամշակութային տուրիզմը, քանի որ կոչնչացվի պատմամշակութային ժառանգությունը (տե՛ս հուշարձանների ոչնչացման մասին հավելվածը): Կտուժի էկոտուրիզմը (տես կարմիրգրքյան տեսակների և Բեռնի կոնվենցիայով պաշտպանվող տեսակների անհետացման ռիսկերի մասին հավելվածը): Մենք՝ Ջերմուկի բնակիչներս, մտադիր էինք հայտարարել այդ ռիսկերի մասին Ջերմուկում՝ հանրային լսումների ժամանակ, որոնք նախատեսվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքով, բայց դրանք տեղի չունեցան, թեպետ Ջերմուկը ճանաչվել էր ազդակիր համայնք: Լսումներն անցկացվեցին ոչ մեծ գյուղերում, որոնք ներառված են խոշորացված Ջերմուկ համայնքի մեջ, և «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ նրանք հետևել են օրենքին և անցկացրել հանրային լսումներ այն դեպքում, երբ իրականում Ջերմուկ առողջարանային քաղաքում լսումներ չեն կազմակերպվել, և մեր՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու իրավունքն անտեսվել է»: Մենք ցանկանում ենք բարելավել մեր շրջակա միջավայրը և սոցիալական վիճակը, ոչ թե այն վատթարացնել: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր ապրուստը և զարգացնել տուրիզմը մեր բնական ռեսուրսների հիման վրա: Մենք ցանկանում ենք բարձրորակ կյանք մաքուր և առողջ միջավայրում: Մենք պայքարում ենք մեր իրավունքի վերականգման համար՝ մեր դիրքորոշումը հայտնելու մեր համայնքների ապագայի կապակցությամբ: Մենք կոչ ենք անում ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից, ինչը պատասխանատու քայլ կլինի բանկի կողմից և բանկի կողմից հաստատված Սոցիալական և էկոլոգիական քաղաքականության հետևյալ պահանջների պահպանում. Պահանջ 1.- Էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատում և դրանց կառավարում: Պահանջ 3. – Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում և վերահսկողություն: Պահանջ 4.- Առողջապահություն և անվտանգություն Պահանջ 6. – Կենսաբազմազանության պահպանում և բնական ռեսուրսների  կայուն կառավարում Պահանջ 8. – Մշակութային ժառանգություն Պահանջ 10. – Տեղեկատվության հանրայնացում և շահագրգիռ կողմերի  հետ փոխգործակցություն, որպեզի խուսափել հետագա լուրջ և անդառնալի վնասից և վերականգնել Ջերմուկի բնակչության հանդեպ արդարությունը: Աշխարհը նոր մարտահրավերներ ունի, որտեղ մարդու առողջությունը և կյանքը առողջ շրջակա միջավայրում դառնում են սկզբունքային, ինչի մասին վկայում են խոշորագույն կազմակերպությունների հայտարարած դիրքորոշումները: Մենք վստահ ենք, որ ՎԶԵԲ-ը, լինելով զարգացման խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, հաշվի կառնի մեր բողոքը, կուսումնասիրի մեր կողմից բարձրացված   խնդիրները և որոշում կկայացնի ի օգուտ Ջերմուկի բնակիչների»: Նշենք, որ այս դիմումի հետ միասին, որպես լրացուցիչ տեղեկատվություն ՎԶԵԲ-ին է ուղարկվել նաև “CEE Bankwatch Network” միջազգային ցանցի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից 2020 մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված բողոքը, որում,  մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման համար և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԿ-ների բողոքի կապակցությամբ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ ————————————————– [1] http://www.cao-ombudsman.org/cases/case_detail.aspx?id=221 [2] http://www.cao-ombudsman.org/cases/document-links/documents/CAOCompliance_MonitoringReport_Lydian_Armenia-01and02_10022018.pdf [3] https://www.ebrd.com/downloads/integrity/amulsar_complaint.pdf [4] https://www.ebrd.com/downloads/integrity/amulsar2_complaint.pdf [5] https://www.ebrd.com/work-with-us/project-finance/project-complaint-mechanism/pcm-register.html [6] http://www.armecofront.net/en/news/ebrd-investment-in-lydian-internationals-mining-project-in-amulsar-and-how-it-threatens-the-sustainability-of-the-region/ [7] http://www.armecofront.net/en/amulsar-2/ebrd-renounces-its-liability-in-amulsar-mine-project/ [8] http://www.armecofront.net/amulsar/jermuk/ [9] վթարների մասին նյութերի հղումները`http://www.armecofront.net/amulsar/arpa-river/, https://ecolur.org/hy/news/amulsar/–/10225/, https://ecolur.org/hy/news/amulsar/gndevaz-residents-blocked-roads-running-to-amulsar-and-demanding-to-stop-amulsar-project/10134/ [10] http://www.armecofront.net/en/amulsar-2/ebrd-twists-the-findings-of-elard-review-on-amulsar-gold-project/ [11] http://www.armecofront.net/en/amulsar-2/missing-elements-and-underestimation-of-risk-in-lydians-2019-ni-43-101-technical-report-ann-maest-phd-buka-environmental/ [12] http://www.armecofront.net/en/news/amulsar-conclusions-of-international-renown-experts/ [13] https://ecolur.org/files/uploads/pdf/amulsar%20Harut%20Bronzyan/bronozianconsultantsamulsar.pdf [14] http://investigative.am/images/2019/lidian/porcaqnnutyun/amulsar11.pdf [15] https://ecolur.org/en/news/amulsar/–elard–/11536/ [16] http://investigative.am/en/news/view/amulsar-hoxataracq.html [17] http://www.rudmet.com/journal/742/article/10433/?language=en) [18] http://jermuk.am/Pages/DocFlow/default.aspx?a=v&g=cc4fe3b5-9c3e-4cb2-bbd5-918aa9bc45c2
13:05 - 19 մայիսի, 2020
Բաց նամակ հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին և գործարարներին

Բաց նամակ հայկական սփյուռքի խոշոր դրամատերերին և գործարարներին

Կորոնավիրուսի գլոբալ համավարակը առողջապահական ու տնտեսական ճգնաժամի է հանգեցրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որի հետ կապված նոր առաջնահերթություններ են առաջացել։ Միևնույն ժամանակ ջրի երես են ելնում այս նույն ճգնաժամը չարաշահելու ծարավ ունեցողները․ մասնավորապես Հայաստանում կրկին ակտիվացել է հանքահումքային պրիմիտիվ ու անհեռանկար տնտեսական հռետորաբանությունը, Լիդիանի արժետոմսերի առևտուր է տեղի ունենում բորսայից դուրս։ Համավարակը ակնհայտ է դարձնում կյանքի կայունությունն ապահովող տնտեսական ոլորտների` գյուղատնտեսության, պարենի արտադրության, առողջության պահպանման ու վերականգնման գերակայությունը։ Ամուլսարի համար մեր պայքարն այս բոլոր առաջնահերթությունների մարմնացումն է, ուստի կարևորում ենք այս հորդորը հնչեցնել հենց հիմա։ Հորդորում ենք հեռու մնալ Ամուլսարում հանքարդյունաբերական որևէ ներդրումից․ ՀԲՃ Առաջին անգամը չէ, որ դիմում ենք խոշոր դրամատերերին և գործարարներին՝ կապված Հայաստանի ընդերքն ու ապագան կեղեքող գործունեության՝ հանքարդյունահանման հետ։ Դեռևս 2014թ․-ին Armenian Weekly-ում հրապարակվեց բաց նամակ, որով կոչ էինք անում որևէ կերպ չմասնակցել հանքաջրաբուժական հայտնի առողջարան Ջերմուկի անմիջական հարևանությամբ նախատեսված ոսկու հանքի ծրագրին՝ մանրամասն նկարագրելով դրա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական վտանգները։ Լիդիան ընկերությունը մինչ այդ ակտիվորեն լոբբինգ էր արել քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող հայազգի գործարարների շրջանում, որպեսզի նրանք գնեն իրենց արժետոմսերը և, իբր, ակնկալեն ահռելի եկամուտներ Ամուլսարում իրենց երևակայած բացահանքի ոսկուց։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիդիանը Ամուլսարի ծրագիրը ներկայացնում էր իբրև 4 միլիարդ դոլարի եկամուտ ունեցող նախագիծ։ Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորողներին, ներառյալ խոշոր բանկերին, հեջ-ֆոնդերին նույնպես մոտ 30 հազար ստորագրություններով դիմումներ ենք ուղարկել․ մինչ օրս change.org կայքում այդ ստորագրահավաքը շարունակվում է։ Դեռևս 2012թ-ին Ամուլսարի ոսկու ծրագրի հետ կապված Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ապրես Զոհրաբյանը բառացիորեն ասաց․ «․․․բարի խորհուրդ Գեոթիմին (Լիդիանին), եթե ներդրել եք ինչ-որ գումար, այլևս մի փորձեք նորից փող ներդնել, սա անհեռանկար բիզնես է, նոր սերունդը թույլ չի տալու»։ Հանքարդյունաբերության ավերիչ ու վնասաբեր լինելու մասին հանգամանալից դիմումներ գրեցինք նաև ՀԲԸՄ-ի խորհրդին, որի անդամներից շատերն արդեն ներգրավված էին Ամուլսարի ծրագրում։ Ձեզնից շատերը չլսեցին մեր արդար պահանջը, Լիդիանի ավերիչ ծրագրի համար ընկերության բաժնետոմսեր գնեցին «բարերարի» հագուստով ներկայացող կանադահայ, անգլիահայ, ամերիկահայ բիզնեսմեններ։ Շատ հայտնի ռուսահայերից ոմանք էլ հայտարարեցին, թե հանքարդյունահանումը Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից է. իրենց հիմնադրած Ամերիաբանկի միջոցով խոշոր վարկ տրամադրեցին Լիդիանին։ Կային հայազգի մարդիկ, ովքեր տարբեր ֆինանսական ու քաղաքական գործարքների միջնորդի դեր էին տանում։ Կոռումպացված կառավարության հետ տարված աշխատանքներից հետո վերջինս թաթախվեց անհեռանկար այս բիզնեսն արտոնելու վտանգավոր գործի մեջ՝ անտեսելով բազմաթիվ օրենսդրական արգելքներն ու հանրային դիմադրությունը։ Այդուհանդերձ, այս բոլոր տարիներին Հայաստանի կառավարությանը, Լիդիանին, Հայաստանից դուրս ապրող հայերին հայտնի է եղել, որ Հայաստանի բնակչությունը և մասնավորապես Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է իրենց տարածքն ապականելուն և իրենց ապագան վտանգելուն։ Իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներն, ի վերջո, ստիպված եղան սեփական ուժերով կասեցնել այդ ծրագիրը՝ արդեն 22 ամիս ֆիզիկապես պաշտպանելով Ամուլսարը, Հայաստանի ջրերի ու սերունդների ապագան։ Այժմ Լիդիան ընկերությունը, որի ողջ գործունեությունը հիմնված է եղել իրականությունն ուռճացնելու, հանքարդյունահանման ծրագրի վնասները խիստ թերագնահատելու, բիզնես նախագծի շահույթը խիստ գերագնահատելու, համայնքի դիմադրությունն անտեսելու, օրենսդրական արգելքները կառավարության հետո գործարքների միջոցով շրջանցելու և այլ բացասական մոտեցումների վրա, փորձում է փրկել իրեն և ֆինանսավորում է հայցում։ Մեծ զայրույթ է առաջացնում, որ այսքանից հետո այս տխրահռչակ ընկերությունը փորձում է համոզել, որ ինչ-որ մեկը գնի Ամուլսարի ծրագիրը կամ ֆինանսավորի ներդրումային արբիտրաժ դիմելու՝ ընկերության խոշոր ծախսերը (ինչպես երևում է Կանադայի դատարանին Լիդիանի տնօրեն Էդվարդ Սելլերսի տված ցուցմունքներում), ակնկալելով, որ կորպորացիաների համար ստեղծված այդ դատարանի վճիռը կարող է ընդդեմ Հայաստանի կառավարության լինել։ Նման դեպքում սահմանված փոխհատուցումները Լիդիանի ծախսերից շատ ավելին կարող են լինել, հետևաբար ներկայացվում է նաև, որ ով փորձի արբիտրաժի փող տալ, տոկոս ստանալու ակնկալիք կունենա։ Պետությանը արբիտրաժ ներքաշելն ինքնին չարանենգ ներդրումային ծրագրի է նմանվում։ Մեզ հասել են լուրեր, որ Լիդիանը հիմա էլ լոբբինգ է անում հատկապես Կանադայի հայ բիզնեսմենների շրջանում, այդ թվում նաև՝ ներկայացուցչական պաշտոններ զբաղեցնող կանադահայերի, Հայ դատի պաշտպանության գործում ներգրավված գործարարների և այլոց։ Զավեշտալի է չէ՞ ստացվում, որ հայրենասիրության ու բարեգործության մասին ամենաշատը խոսողներն են, որ պատրաստվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սնանկացնել միջազգային դատարաններում և դրանով շատ հաշվենկատ կերպով ուզում են հարստացնել իրենց գրպանները: Այդպիսի փորձ արել է շատերիդ հավանաբար հայտնի Վան Գրիգորյանը՝ Գլոբալ Գոլդ ընկերության սեփականատերը՝ ներդրումային դատարանում դատի տալով Հայաստանի Հանրապետությանը և կորզելով հանրության համար բացարձակապես անհայտ մնացած «հաշտություն»՝ իմանալով հանդերձ, որ ծայրահեղ կոռուպմացված պաշտոնյաների հետ է ժամանակին գործարքի գնացել։ Սփյուռքի խոշոր դրամատերերի ու գործարարների մասնակցությունը Հայաստանի ընդերքի թալանում Ամուլսարի ոսկու կորզման ծրագիրը ո՛չ միակն է, ո՛չ էլ առաջինն է՝ իբրև ավերիչ գործունեություն, որին մասնակցում է սփյուռքահայ կապիտալը: Սփյուռքահայ դրամատերերն ու գործարարներն առնվազն 20 տարի շարունակ համագործակցել են ՀՀ կոռումպացված կառավարությունների հետ, ներգրավված են եղել խոշոր ու մանր հանքակորզման ծրագրերում և ինչպես վերը նշվեց՝ նույնիսկ արբիտրաժային տրիբունալների դուռը տարել Հայաստանի Հանրապետությանը: Նրանցից որոշների անունները կուզեինք նաև նշել այս նյութում: Վան Գրիգորյանը՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահը, իր «Գլոբալ Գոլդ» կորպորացիայի դուստր ձեռնարկություններով հանդերձ՝ ընդերքօգտագործման թույլտվություններ է ձեռք բերել Թուխմանուկի ոսկու հանքի, Հանքավանի, Մարջանի, Տերտերասարի, Լիճքվազ-թեյի հանքավայրերի համար, որոնցից շահագործել է միայն Թուխմանուկը, հայտնի կոռուպցիոներ նախարար Վարդան Այվազյանի հետ չի կարողացել իր հաշիվները մաքրել, այնուհետև պետությանը ներքաշել է ներդրումային արբիտրաժային վեճի մեջ, որի ընթացքի և ելքի մասին այսօր ՀՀ կառավարությունում անգամ տեղեկություններ չունեն: Հայաստանի ժողովրդի գլխին կախված է թողել ոսկու բացահանքեր ու պոչամբար, ինչպես նաև բազմաթիվ չվճարված պարտքեր։ Եվ այնուամենայնիվ, «երկարամյա հայրենանպաստ գործունեության» համար Սերժ Սարգսյանը նրան պատվո շքանշանով է պարգևատրել: Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նախկին սեփականատեր, տխրահռչակ Սերոբ Տեր-Պողոսյանը, ով տարիներ շարունակ գովազդվում էր որպես մեծ բարեգործ և գործարար, սակայն, ինչպես պարզվեց քրեական վճռով, հարուստի իր դիրքն օգտագործում էր Ախթալայի աղքատության ու ծանր մետաղների մեջ ապրող երեխաների մարմինները չարաշահելու ուղղությամբ, փաստացի սեռական բռնության ենթարկում անչափահաս տղաների։ Այս ցուցակում հատուկ տեղ ունի կանադահայ Հրաչ Ջաբրայանը՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին սեփականատեր «Դանդի Փրեշըզ Մեթալզ Կապան» ընկերության տնօրենը։ 2000-ականների սկզբին Կանադական Դանդի Փրեշըզ ընկերության կողմից «ջրի» գնով կոմբինատի ձեռքբերումից և 2016թ-ին 25 միլիոն ԱՄՆ դոլարով բարեհաջող ռուսներին վաճառելուց հետո՝ Ջաբրայանը հիմա էլ այլ ընկերությունների միջոցով է զբաղվում Հայաստանում նավթ և գազ, ինչպես նաև ոսկի ու այլ մետաղներ որոնելով, միևնույն ժամանակ ջանքի չի խնայում Լիդիանին գովաբանելու և Ամուլսարի պահապանների նկատմամբ ատելություն հրահրելու ուղղությամբ։ Երևի շահ ունի… Մյուս կանադահայ Վահան Քոլոլյանը, ով ներգրավված է Ամուլսարի ծրագրում (եղել է Lydian International-ի ոչ գործադիր տնօրենը և 2018թ-ի դրությամբ 10 խոշորագույն բաժնետերերից մեկն էր), բարեգործության ու հանքակորզման կրկնակի թելերի վրա խաղալու մեծ փորձ ունի: Նա մասնակցություն է ունեցել նաև աշխարհի այլ մասերում հանքակորզման ծրագրերի, մինչդեռ ինչպես Կանադայում, այնպես է Հայաստանում նաև մշակութային ու կրթական ծրագրեր է ֆինանսավորում: Ռուբեն Վարդանյանի մասին շատ բան ասելու կարիք, թերևս չկա. նա անցյալ տարի աշխարհին հայտնի դարձավ «Տրոյկա լվացքատան» գործով: Ամերիաբանկը, որի տնօրենների խորհրդի անդամ է Վարդանյանը, խոշոր վարկ է տվել Լիդիան ընկերությանն Ամուլսարի ծրագրի համար, և անգամ Վարդանյանի IDeA հիմնադրամի հայտարարած զարգացման մոդելների մեջ ներառված է հանքարդյունահանումը: Իսկ ականավոր հանքատերերից մյուսը շվեյցարահայ Վարդան Սըրմաքեշն է՝ Արցախում «Գոլդ Սթար» ընկերության միջոցով Քաշաթաղի շրջանում ոսկու հանք շահագործողը։ Այս հանքի, կորզված հումքի, վաճառքի, թողած վնասի նկատմամբ ընդհանրապես որևէ վերահսկողություն չկա։ Փոխարենը բարձագոչ հոդվածներ կան Սըրմաքեշի կողմից բիզնես հայրենադարձությունը ֆինանսավորելու մասին: Նա ներգրավված է նաև Արցախում ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման գործընթացներին։ Կոռումպացված իշխանավորների կողմից նա նույնպես մեդալների է արժանացել։ Չմոռանանք նաև Ժոզեֆ Ուղուրլյանին, ում Հայաստան բերելով շատ է հպարտանում նախագահ Արմեն Սարգսյանը: Նա «Ամբեր կապիտալ» ընկերության հիմնադիրն ու տնօրենն է։ Ուղուրլյանը նույնպես ներգրավված է(ր) Ամուլսարի ծրագրում որպես խոշոր բաժնետեր, ինչպես նաև Արցախի գետերը ցամաքեցրած խոշորագույն ԱրցախՀԷԿ-ի համասեփականատերն է(ր), որը պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ից սահուն անցել էր մասնավոր բիզնեսների ձեռքը: Եվ անշուշտ, հիշատակման է արժանի Ռուսաստանից «վերադարձած» Վալերի Մեջլումյանը, ում Վալլեքս ընկերությունների խումբը պատասխանատու է Թեղուտում բնապահպանական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի ստեղծման համար: Այս խումբը նաև զբաղված է Արցախի ընդերքի պաշարների թալանով։ Ավելի մանր դրամատերերից կարելի է հիշատակել Վահագն Ժայռենց Գայայանին, ով փորձում էր հանք արդյունահանել Վազաշենում՝ Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր ու անտառապատ տարածաշրջաններից մեկում: Իբրև վերջաբան Տարիներ շարունակ հայկական սփյուռքի մասին խոսելիս, ցավոք, ա՛յս մարդկանց են լեգիտիմացրել ՀՀ պետական մարմիններն ու զանգվածային լրատվամիջոցները, նրա՛նց են հրավիրել տարբեր կոնֆերանսներում ելույթներ ունենալու, նրա՛նց են առաջին հերթին հանդիպել արտասահմանյան այցելությունների ժամանակ, նրա՛նց են նվիրվել հաղորդումներ, տեսանյութեր, գովասանքներ ու մեդալներ: Եվ նրանց կողքին անտեսանելի են մնացել, կամ շատ դեպքերում նույնիսկ պախարակվել են բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր բնակություն են հաստատել Հայաստանում և ամեն օր այստեղ են գործունեություն ծավալում՝ արհեստավորներ, գիտնականներ, հանրային գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ... Եզակի բացառություններով` անտեսանելի են դարձվում նաև այն բազմաթիվ սփյուռքահայերը, ովքեր թիկունք են կանգնել քաղաքացիական շարժումներին և քննադատել են ժամանակի ՀՀ կառավարությանը կամ ՀՀ-ում տարվող տարբեր քաղաքականությունները: Սակայն հայկական սփյուռքի ա՛յս խավի միջոցով է նաև, որ Ամուլսարի խնդիրը (ի թիվս այլ հարցերի) բարձրաձայնվում է տարբեր երկրներում և զորակցության ալիքներ է ստեղծում: Ու մեծամասամբ նրանց շնորհիվ է նաև, որ հնարավոր է լինում 22 ամիս շարունակ գոնե նվազագույնս հոգալ Ամուլսարի պահապանների սննդի ու ջեռուցման կարիքները: Ամուլսարում որևէ հանք չի լինելու, դա արդեն որոշված է համայնքների կողմից, իսկ Լիդիանին փրկելու փորձերն, ի վերջո, ձախողվելու են: Ուստի հորդորում ենք ձեզ, քանի դեռ շատ ուշ չէ, հեռու մնալ այս ծրագրից և էլ ավելի չմրոտել ձեր հեղինակությունն իբրև գործարարներ։
16:35 - 08 ապրիլի, 2020
Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում հանրաքվեի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», - հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը հորդորեց  չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։ «Այն մարդիկ, ովքեր կկորցնեն հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ։ Ամուլսարի հարցում ես ունեմ մի մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ։ Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի։ Մեր մարտավարությունը դա է՝ մինչև վերջ գալ ճշմարտության հետևից։ Ես այս հարցում որևէ շահագրգռություն չունեմ», - հայտարարեց վարչապետը։    
12:54 - 12 մարտի, 2020
Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

news.am: Սաղս էլ անորոշության մեջ տանջվում ենք, մենակ դուք չեք, Սարալնջցիք էլ են տանջվում, բոլորն էլ տանջվում են: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Ջերմուկ՝ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ, որտեղ նրան դիմավորեցին Ամուլսարի պահապանները և նրանցից մեկը նշեց, որ «երկու տարի շարունակ այստեղ կանգնել են, ու այս անորոշության մեջ տանջվում են»: Հարցին, իսկ լուծում կա այս ամենին, վարչապետը նշեց. «Դե ես լուծումն ասել եմ, ժողովուրդ: Լուծումն ասել եմ, այդ լուծումը չեք ընդունել, ժողովուրդ»: Ի պատասխան դրա, հավաքվածներից մեկը նշեց. «Դա այն լուծումը չէ, պարոն վարչապետ, որ դրա հիման վրա մենք թողնենք գնանք»: «Դե ես հիմա ինչ ասեմ, եղբայր: Ես նոր ասելիք  չունեմ»,- նշեց վարչապետը: Իսկ երբ ի պատասխան լսեց «Բա ի՞նչ անենք» հարցադրումը, Փաշինյանն ասաց. «Կարող եք հեղափոխություն անել»: «Մենք հեղափոխություն արդեն արել ենք»,- հնչեց պատասխան: «Ես համ շահագրգիռ եմ, որ լինի, համ շահագրգիռ եմ, որ չլինի, հիսուն – հիսուն: Բայց հիմա ձեր պոզիցիան թույլ չի տալիս, որ մենք հարցերը… Էլարդի եզրակացությունը կա »,- ասաց Փաշինյանը: Բնակիչներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը պատասխանատվության չենթարկեց Ամուլսարի հարցով իրեն խաբածներին, վարչապետն ասաց. «Երբ որ կապացուցվի, որ խաբել են, կենթարկենք պատասխանատվության»: Հարցին, թե ի վերջո, ինչն է վարչապետի ուզածը՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք: Հիմա եթե ճանապարհները բացած լինեիք, այստեղ ոչ մի բան փոխված չէր լինի: Ամուլսարի հետ ոչ մի բան տեղի չէր ունենա: Ես ասել էր, որ մինչև 2021թ. նոյեմբերը  բացառված է, որ որևէ  շահագործման գործ կլիներ այստեղ»: Դիտարկմանը, որ կլիներ շինարարություն, Փաշինյանն ասաց. «Հա, շինարարություն էր… Պետք է փաստարկված հիմքի վրա անենք ամեն ինչը: Եթե կան բնապահպանական այնպիսի վտանգենր, որոնք կառավարելի  չեն՝ չի աշխատի, եթե կան երաշխիքներ, որ  բնապահպանական ռիսկերը կառավարելի են, հանքը պետք է աշխատի: Ասում եք՝ չեք թողելու, հենա չեք թողնում էլի, ինձանից ինչ եք ուզում» Փաշինյանը նշեց, որ մասնագետ չէ, բայց երբ տեսնում է երկու մասնագետի քննարկում, ապա հասկանում է, թե մասնագետներից ով է ճիշտ։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե արդյոք այս հարցը բնապահպանական ռիսկ է, քաղաքացիներից մեկը պնդեց, որ բացասական ռիսկերն արդեն տեսել են։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով վտանգավոր է, օրինակ բերելով, որե Ծաղկաձոր չեն այցելում, որովհետև կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողներն այնտեղ են տեղափոխել: «Վիրուսով  վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուսը», որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»։      
19:01 - 11 մարտի, 2020