Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նշվում է, որ բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը, ինչպես նաև Հայաստանի նախագահի հետ իր ջերմ հարաբերությունները։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարբեր ոլորտներում Ծոցի երկրների հետ համագործակցության խորացմամբ, և այդ համատեքստում Կատարը մեր երկրի կարևոր գործընկերներից է: Հայաստանի նախագահը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի իրավիճակի, առկա մարտահրավերներին, մասնավորապես, մարդասիրական խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման՝ երկուստեք պատրաստակամությունը: Նրանք անդրադարձել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով, և ընդգծել դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները նշել են, որ երկու երկրները կարող են առաջ մղել իրենց հարաբերությունները հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական նորարարության, ֆինանսաբանկային, զբոսաշրջության, կլիմայական փոփոխությունների ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների առաջատար երկիր: Այդ շրջանակում նա անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը, և նշել, որ Կատարը ևս կարող է կարևոր գործընկեր լինել այս ծրագրում: Նշելով, որ տարբեր ոլորտներում Հայաստանն ունի ներդրումային մեծ հնարավորություններ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մեզ համար ողջունելի կլինի Կատարի ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հանդեպ, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ներդրողներին: Արհեստական բանականությունը, գիտությունը, ֆինանսաբանկային համակարգը, կրթությունն ու մշակույթն այն ոլորտներն են, որտեղ մեր համագործակցությունը կարող է ավելի խորանալ»: Հանդիպմանը խոսվել է նաև «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում համագործակցության մասին: Հայաստանի նախագահը և Կատարի էմիրն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի: 
15:45 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էլիզաբեթ Դոուլին ամուսնու՝ ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Դոուլի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահ աշխատակազմից։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո տիկին Դոուլ, ցավով տեղեկացա Ձեր ամուսնու՝ անվանի քաղաքական գործիչ Ռոբերտ Դոուլի մահվան մասին: Ամերիկան կորցրեց իր արժանավոր զավակին ու զինվորին, իսկ հայ ժողովուրդը՝ իր մեծ ու հավատարիմ բարեկամին, ով սերտորեն կապված էր հայերիս հետ և միշտ մեր կողքին էր, հատկապես՝ փորձությունների ժամանակ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Ռոբերտ Դոուլն այցելեց Հայաստան և անուրանալի դեր խաղաց մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության կազմակերպման գործում: Անգնահատելի են նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նրա ջանքերը: Ընդունեք, խնդրեմ, մեծարգո տիկին Դոուլ, իմ խորին ցավակցությունն ու վշտակցությունը: Պարոն Դոուլի բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: 
18:17 - 06 դեկտեմբերի, 2021
Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

«5165 շարժումը» հաղորդագրություն է տարածել շարժման անդամների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որը ներկայացնում ենք ստորև. «Նոյեմբերի 22-ին «5165 շարժման» անդամներս և մի խումբ մեր հայրենակիցներ դիմեցինք ՀՀ Ազգային Ժողովին ու նախագահին՝ կոչ անելով գործադրել իրենց սահմանադրաիրավական լիազորություններն ու կարողությունները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը հանրությանը ներկայացնելու հարցում: Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված մեր գրավոր դիմումի՝ նոյեմբերի 30-ին «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը հանդիպում ունեցան նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները. 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ: 2. Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից: 3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին: 4. Գործող իշխանություններին հայտնի են նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականներն ու տեսակետները Հայաստանի զարգացման ռազմավարական մոտեցումների, Արցախի հարցում ՀՀ քաղաքականության վերաբերյալ, որոնք սակայն, Շարժման անդամների ստացած տպավորությամբ, գործող իշխանությունների կողմից կա՛մ հաշվի չեն առնվում, կա՛մ չեն ըմբռնվում: 5. Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ:  Անկախ հանդիպման արդյունքներից՝ մենք մնում ենք այն կարծիքին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա՝ առանց հաշվի նստելու իշխանական այլ մարմիների կարծիքի հետ, կայացնելով միակողմանի վտանգավոր որոշումներ համազգային կարևորության ու անվտանգային մեծ նշանակության հարցերում։ Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք հնարավորություն չունի ազդելու որևէ գործընթացի վրա և կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգավոր զարգացումները։ Փաստացի մի ամբողջ ժողովուրդ դատապարտված է կրել Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չհաշվարկված և ոչ կոմպետենտ կառավարման ծանր հետևանքները։ Այս ամենից հետևում է, որ ամբողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացման շուրջ համախմբելը օրվա հրամայականն է, այլապես կորուստները շատ ավելի մեծ են լինելու»։
14:50 - 03 դեկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Զավեն Խանջյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկա ծրագրերը: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը մասնավորապես ողջունելի է համարել, որ հիմնադրամը վերջին տարիներին աջակցություն է ցուցաբերում նաև սփյուռքյան կառույցներին: «2019 թվականից ի վեր հիմնադրամն աջակցում է Սփյուռքի գաղութներին, հատկապես՝ Լիբանանում և Սիրիայում: Սա իսկապես գնահատելի է ու ողջունելի»,- նշել է Զավեն Խանջյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երկարամյա հայանպաստ գործունեությունը և ծառայությունը Հայրենիքին՝ Հայաստանին և Արցախին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
16:37 - 27 նոյեմբերի, 2021
Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ |armenpress.am|

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ակնկալում է, որ հիմնադրամում իրականացվող համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները լույս կսփռեն իրավիճակի վրա և կծառայեն վստահության մթնոլորտի ձևավորմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ՀՀ նախագահը բացման իր խոսքում նշեց, որ նոյեմբերի 27-ի նիստը տեղի է ունենում փորձություններով և մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում՝ ի դեմս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծած պատերազմի, Հայաստանի ինքնիշխան  տարածքի հանդեպ ռազմական  ագրեսիայի, ինչպես նաև համավարակի հետևանքների: Նախագահ Սարգսյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհվածների և համավարակի հետևանքով մահացած հայրենակիցների հիշատակը: «Բնականաբար իրավիճակը և իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողել  նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության և աշխատանքների վրա, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Հիմնադրամի աշխատանքների ուղղվածությունը ենթարկվել է իրավիճակով պայմանավորված , չնախատեսված սրբագրումների: Այսօրվա նիստում տեղեկացրին նաև այդ մասին: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, որպես հիմնադրամին նվիրատու և  որպես հայ, ցավ եմ ապրում անվստահության խոսակցությունների և արձագանքների համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով` հիմնադրամը անցել է երկար ու դժվարին ճանապարհ, և պետք է ամեն ինչ անի սխալներն ու թերությունները շտկելու և վստահությունը վերականգնելու համար: Մյուս կողմից, ըստ նախագահի, ավելի է հասունացել հիմնադրամի արդիականացման պահը: «Պետք է որդեգրել նոր մտածողություն, լայնորեն կիրառել  նոր տեխնոլոգիաներ, գտնել կազմակերպման նոր մոդելներ»,- շեշտեց Սարգսյանը: Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հայրենակիցներին, նվիրատուներին և բարերարներին: «Ուրախ եմ, որ օրերս կայացած հեռուստամարաթոնին հանգանակվել է զգալի գումար: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ»,- եզրափակեց Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին խորհրդի 30 անդամներից ներկա են 18-ը, հեռավար կարգով մասնակցում է 5 խորհրդի անդամ, հիմնադրամի տեղական մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցում է  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում են ընդգրկվել են հետևյալ հարցերը. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված և 2020թ. հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով ինը պայմանագրերով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված 52,703,114,113 ՀՀ դրամի նպատակային օգտագործման վերաբերյալ ուսումնասիրության քննարկում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության 2011 թվականի տարեկան բյուջեի հաստատում, հիմնադրամի գործադիր վարչության 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարեկան համախմբված ֆինանսական և ծրագրային տարեկան հաշվետվությունների հաստատում, 2021թ. նոյեմբերի 27-ից երեք տարի ժամկետով Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին քննարկում:
11:40 - 27 նոյեմբերի, 2021