Փաստերի ստուգում

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Երեկ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանաելիս, խոսելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հայտարարությունների մեջ տարբերակել ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը։ Նա ասաց, որ վերջերս մի վերլուծաբան դիտարկում է արել, թե Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո․ «Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, էդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Հայաստանից եւ Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, եւ այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել էն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,- ասաց Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել է, թե Երեւանն ադրբեջանական է։ Առանց շատ հեռու գնալու՝ դեռ 2016-ի դեկտեմբերին Ալիեւը, ասելով, թե աչք չեն դրել Հայաստանի հողերի վրա, միեւնույն ժամանակ շեշտել էր, որ միտք չունեն ռազմական ճանապարհով վերադառնալ ոչ Երեւան, ոչ Մեղրի, ոչ Գորիս՝ «իրենց պատմական հողեր»։ 2017-ի ամռանը Ալիեւը նորից հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ադրբեջանական պատմական հողեր են։  Արդեն 2018-ի փետրվարին Ալիեւը ադրբեջանական «պատմական հողեր» էր անվանել Երեւանը՝ այն կոչելով Իրեւանի խանություն, Սեւանը՝ կոչելով Գյոյչա, Սյունիքը՝ կոչելով Զանգեզուր․ «Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում սա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են՝ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այս մասին պետք է իմանա ե՛ւ մեր երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը»,- ասել էր Ալիեւը։ 2020թ․ դեկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Բաքվի կենտրոնում ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը հասավ նաեւ Սյունիք, Երեւան, Սեւան՝ ասելով, թե դրանք նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Անցյալ տարի՝ 2021-ի ապրիլին, «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում Ալիեւն ասել էր, թե պատմական Երեւանում ապրել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ իր նախնիները․ «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: 2021 թվականի հուլիսին Ալիեւը դարձյալ հայտարարել էր, որ թե Ադրբեջանի բնակչությունը վերադառնալու է իր նախնիների հողերը․ «Նոյեմբերի 10—ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր։ Մեր հայրենի հողերըն են Զանգեզուրը, Երեւանը։ Մենք, իհարկե, վերադառնալու ենք»։ Նմանատիպ հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք Ադրբեջանի հայտնի հռետորաբանության մասն են։ Սակայն ասել, թե այս հայտարարությունները հայելային են՝ ի պատասխան Հայաստանից տարիներով հնչած պնդումների, մոլորեցնող են, ինչի մասին՝ ստորեւ։  Այն, որ Բաքվում ժամանակին հայեր են ապրել, գաղտնիք չէ։ CivilNet-ի՝ «Հայերը Բաքվի նահանգում» վերտառությամբ հրապարակումից տեղեկանում ենք, որ արխիվային տվյալների համաձայն՝ մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն, եւ որ 1886 թվականին Բաքու քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը։ Ըստ աղբյուրի՝ Ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը: 1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից: Քիչ չեն հրապարակումներն ու աշխատությունները նաեւ այն մասին, թե հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել Բաքվի ճարտարապետության մեջ։ Բայց Բաքվի հայկական լինելու մասին ոչ միայն բազմաթիվ չեն հայտարարությունները, այլ նաեւ, եթե այդպիսիք եղել են, երբեւէ չեն հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Իհարկե հանրային խոսույթում տարածված են եղել Բաքվում թեյ խմելու, Բաքու հասնելու, Բաքուն գրավելու մասին արտահայտությունները, սակայն դրանք Հայաստանի ղեկավարները չեն շրջանառել։ Հետեւաբար հանրային խոսույթի մակարդակում արված հայտարարությունները չեն կարող համեմատելի լինել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության պաշտոնական հռետորաբանության հետ։ Ուստի անանուն վերլուծաբանի դիտարկումների արդյունքում Փաշինյանի մոտ ձեւավորված համոզմունքը, թե Ադրբեջանի հռետորաբանությունը հայելային է՝ Հայաստանից տարիներով հնչած հայտարարությունների ֆոնին, մանիպուլյատիվ է։  Հայարփի Բաղդասարյան
17:49 - 25 հունվարի, 2022
Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը 2005 թ․-ին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում․ Վահագն Ալեքսանյանը սխալվում է

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հունվարի 17-ի նիստում ԱԺ ամբիոնից ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված պատասխան նամակից մի հատված․ «Հարգելի՛ վարչապետ, ես ստացել եմ ձեր նամակը․ որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու։ Ահա թե ինչու առաջին օրվանից ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև»։ Այնուհետև Վահագն Ալեքսանյանը հորդորեց գտնել այս նամակի մասին մինչև 2011 թվականի օգոստոսը հրապարակված գոնե մի հոդված՝ տպավորություն ստեղծելով, որ այն գաղտնի է պահվել․ «Սա, տիկնայք և պարոնայք, հատված է Ռոբերտ Քոչարյանի 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Էրդողանին գրված նամակից։ Խնդրում եմ՝ անցեք արխիվներով, բոլոր լրատվականների արխիվներով, փորձեք գտնել գոնե մի հոդված կամ հրապարակում այդ մասին մինչև 2011 թվականի օգոստոսը, երբ Ժուլիան Ասանժի «Wikileaks»  կայքը հրապարակեց սա։ Ի՞նչ գիտեր այս մասին հայ հանրությունը, ու կամ ի՞նչ էր անում այդ ժամանակ նորից խորհրդարանական խմբակցություն Դաշնակցությունը»։ Մենք փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս նամակի մասին հանրությունն առաջին անգամ իմացել է 2011 թվականին։  «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը 2011 թ․-ին՝  «Wikileaks»-ի հրապարակումից հետո գրել էր, որ դեռևս 2005 թվականին «Մեդիամաքս»-ը հրապարակել է Քոչարյանի նամակը, որը բացառիկության կարգով գործակալությանն է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ռոբերտ Քոչարյանի նամակը 2005 թվականի ապրիլին հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, «Panarmenian.net» կայքը, իսկ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հոդված է հրապարակվել, որում Ռոբերտ Քոչարյանի նամակի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս խորհրդարանի պատգամավորները։  2021 թվականին «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնը» հրապարակում է արել, որում ներկայացվում է Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին. այն, ըստ «Անի» կենտրոնի, հրապարակվել է «Ազգ» օրաթերում 2005 թվականի ապրիլի 27-ին։ «Ալիք» օրաթերթը նույնպես իր 2005 թվականի ապրիլի 28-ի համարում հրապարակել է Քոչարյանի նամակը։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային գրադարանի արխիվից։  «Ալիք» օրաթերթի 2005 թ․-ի ապրիլի 28-ի համարը  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը սխալվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի՝ Էրդողանին ուղղված նամակը հենց 2005 թվականին հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում և հանրությունը հնարավորություն ուներ տեղեկանալու նշյալ նամակի մասին։ Նանե Ավետիսյան
15:21 - 20 հունվարի, 2022
Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։ «Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։ Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։ Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։  Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։ «Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։ Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»:  Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։ «Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։ Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։ Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։ Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4)։ Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։ Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։ Աննա Սահակյան
11:28 - 20 հունվարի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Հայաստանյան պաշտոնական հայտարարություններում եւ լրատվամիջոցներում տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ են ներկայացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնների անվանումները, ինչը տարընկալումների եւ շփոթության առիթ է դառնում։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհուրդը մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այցի շրջանակում, ըստ ԱԽ մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱԽ այս հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում ի թիվս այլնի գրեց․ «Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին»։ Infocom-ը որոշեց պարզել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ԱԽ հաղորդագրության մեջ հիշատակված Դերեք Հոգանը ԱՄՆ պետքարտուղարությունում, եւ առհասարակ, ինչպես է այն ներկայացվում հայաստանյան մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում։ Դա հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքի գծապատկերը, որը հասանելի է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։  Գծագրից ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալները (Deputy Secretary of State, նշված են կարմիր գույնով) եւ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոն (Bureau of European and Eurasian Affairs, նշված է կանաչ գույնով), որում աշխատում է Դ․ Հոգանը, տարբեր հարթություններում են, ընդ որում, գծագրում նշված է այդ բյուրոյի ղեկավարը (Assistant Secretary), այսինքն՝ Դ․ Հոգանը, պայմանականորեն ասած, դրանից մեկ աստիճանով էլ «ցածր» օղակում է։ ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նա զբաղեցնում է հետեւյալ պաշտոնը․ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs։ Ուսումնասիրելով ՀՀ կառավարության, Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԱԽ կայքերի արխիվը՝ պարզ է դառնում, որ այս պաշտոնը պաշտոնական հաղորդագրություններում տարբեր տարիներին տարբեր կերպ է ներկայացվել։  Մասնավորապես, 2009 թվականին, երբ այն զբաղեցնում էր Թինա Քեյդենաուն, ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետեւյալը․ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին»։ Այսինքն՝ ներկայումս Դ․ Հոգանի զբաղեցրած պաշտոնը ՀՀ կառավարությունն այդ ժամանակ թարգմանել է որպես ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ։ Մինչդեռ ԱԽ-ն, ինչպես արդեն նշեցինք, վերջերս այն թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Ի տարբերություն այս երկու թարգմանությունների՝ 2016, ապա նաեւ 2018 թվականներին Կառավարությունը նույն պաշտոնը թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ։ Մասնավորապես, 2016 թվականի հաղորդագրությունում գրված է հետեւյալը․ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին», իսկ 2018 թվականի հաղորդագրությունում՝ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին»։ Ստացվում է, որ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնը հայաստանյան պաշտոնական մամուլում ներկայացվել է երեք տարբեր ձեւերով՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Նույն կերպ չկա միասնական մոտեցում հիշյալ բյուրոյի ղեկավարի (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs) պաշտոնի թարգմանության հարցում։ Այդ պաշտոնը, ըստ ԱՄՆ կառավարության կայքի, այժմ զբաղեցնում է Քարեն Դոնֆրիդը։  Այսպես․ 2001 թվականին ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»:  Մինչդեռ 2020 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ այն թարգմանված է որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ։ Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասված է․ «Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը»։ Մամուլում առկա ոչ պաշտոնական տարբեր հրապարակումներում եւս այս պաշտոնը ներկայացվում է մեկ որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ, մեկ՝ որպես նույն հարցերով օգնական։ Ավելին, միեւնույն լրատվամիջոցը, կախված սկզբնաղբյուրներից, նույն Քարեն Դոնֆրիդին կարող է ներկայացնել մեկ որպես օգնական, մեկ՝ որպես տեղակալ։ Պարզելու համար, թե իրականում որոնք են Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs եւ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնների հայերեն ճիշտ համարժեքները, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։ ԱՄՆ դեսպանատնից ստացված պատասխանում, մասնավորապես, ասված է․ «ԱՄՆ պետքարտուղարության կազմակերպական կառուցվածքը դիտարկելիս նկատում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարն ունի երկու առաջին տեղակալ (Deputy Secretary), ապա հաջորդում են տեղակալների եւս երկու մակարդակ՝ Under Secretary եւ Assistant Secretary, որոնք դեսպանության լրահոսում թարգմանվում են համապատասխանաբար որպես պետքարտուղարի տեղակալ եւ փոխպետքարտուղար։ Փոխպետքարտուղարներն էլ իրենց հերթին ունեն մեկ առաջին տեղակալ (Principal Deputy Assistant Secretary) եւ տեղակալներ (Deputy Assistant Secretary)»։  Հետեւաբար, Դ․ Հոգանը ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալն է, ուստի ե՛ւ Անվտանգության խորհուրդը, ե՛ւ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նրան սխալ կերպ էին ներկայացրել՝ նշելով, թե նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կամ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն է։ «Պաշտոնակատար» եզրույթը, ըստ ամենայնի, շփոթության արդյունք է, քանի որ «deputy» բառը ունի երկու իմաստ․ այն նշանակում է եւ տեղակալ, եւ պաշտոնակատար։ Այդ մասին վկայում են lingvo live եւ cambridge dictionary առավել արժանահավատ օնլայն բառարանները։  Այս դեպքում հասկանալի է, որ Principal Deputy Assistant Secretary-ն հենց պաշտոնի ամբողջական անվանումն է, իսկ որեւէ պաշտոն չի կարող իր մեջ ներառել «պաշտոնակատար» բառը։ Ինչ վերաբերում է Քարեն Դոնֆրիդին (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs), նա, ըստ Դեսպանատան պատասխանի, ԱՄՆ փոխպետքարտուղարն է (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով), ուստի շփոթությունից խուսափելու համար առավել նախընտրելի է կիրառել այս տարբերակը, քան մամուլում տարածված օգնական կամ տեղակալ տարբերակները։ Այս Փոխպետքարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի եւ Պետքարտուղարի գլխավոր տեղակալների (Deputy Secretary) համար ծառայում է որպես խորհրդական՝ իրականացնելով  Բյուրոյի առաքելությունը, ինչը ներառում է, օրինակ, Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակումը, տարածաշրջանում ԱՄՆ շահերի խթանումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային անվտանգությունը,  Եվրամիության եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների համակարգումը, աջակցությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ այլն։ Հաշվի առնելով, որ Դ․ Հոգանը Ք․ Դոնֆրիդի առաջին տեղակալն է՝ հասկանալի է, որ նրա գործառույթները եւս նույն շրջանակներում են։ Հավելենք, որ Դեսպանատնից նաեւ նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների հայերեն անվանումների միատեսակ կիրառումը ցանկալի է, սակայն դրանք ներկայացվում են թարգմանաբար եւ հնարավոր են զուգաձեւություններ․ «Օրինակ հայերենում կիրառում ենք «պետքարտուղարություն» կամ «պետդեպարտամենտ» բառերը, եւ երկու դեպքում էլ խոսքը ԱՄՆ արտաքին գործերի նախարարության՝ Department of State-ի մասին է։ Լեզուն մշտապես զարգացող երևույթ է եւ ժամանակի ընթացքում թերեւս կլինեն զտումներ ու գոյության իրավունք կստանա այն տարբերակը, որն առավել ճշգրիտ ու համարժեք է արտացոլում այս կամ այն  իրողությունը»,- ասված է պատասխանում։   Միլենա Խաչիկյան
20:01 - 07 հունվարի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022
Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանը 2012 թ․-ին պատգամավոր է ընտրվել ՀԱԿ-ի համամասնական ցուցակով․ Արմեն Գալջյանը մանիպուլացնում է

Այս տարվա դեկտեմբերի 20-ին, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը արդեն նախաձեռնել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց, խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում անդրադարձավ անվստահության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցերի։  Օգտատերերից մեկի հարցը 2012 թ․-ի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին էր․ «2012 թվականին Նիկոլ Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի կազմում անցել է խորհրդարան, հետո դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից և շարունակել գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ Հիմա Փաշինյանին կարելի՞ էր, Հայկ Մարությանին՝ ո՞չ»,-հետաքրքրվեց օգտատերը։ Գալջյանն էլ արձագանքեց՝ այս երկու դեպքերն ընդհանրապես համեմատելի չեն․ «ՀԱԿ դաշինք է եղել այդ ժամանակ, տարբեր կուսակցություններից ձևավորված դաշինք, և Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով, և ստացել է, եթե չեմ սխալվում, 9437 ձայն։ Ընտրություններից հետո ՀԱԿ դաշինքը որոշել է, որ ստեղծում է կուսակցություն, և Նիկոլ Փաշինյանը պարզապես չի դարձել այդ կուսակցության անդամ։ Այսինքն՝ իրավիճակները տարբեր են․ անձը ստացել է հազարավոր քվեներ, և ինքը ստացել է այդ մանդատը պատգամավոր լինելու համար, որովհետև ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ եղել է «Հայ ազգային կոնգրեսի» առանցքային դեմքերից մեկը, և մեծամասնական ընտրակարգը դրանով է տարբերվում համամասնական ընտրակարգից»։ Գալջյանը, սակայն, մանիպուլացնում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու և «հազարավոր քվեներ» ստանալու արդյունքում չի ընտրվել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների պարագայում Փաշինյանը իր ընտրատարածքում պարտվել է, իսկ Ազգային ժողովի պատգամավոր է դարձել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործում էր խառը ընտրակարգ․ Ազգային ժողովը ձևավորվում էր և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով ընտրված պատգամավորներից։ Մեծամասնական ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվում ձայների մեծամասնություն ստացած թեկնածուն․ թեկնածուներին կարող էր առաջադրել կուսակցությունը, կամ նա կարող էր ինքնաառաջադրվել։ Իսկ համամասնական ընտրակարգի դեպքում ընտրությունները անցկացվում են կուսակցական ցուցակներով, և ընտրողները իրենց ձայնը տալիս են կուսակցություններին կամ դաշինքներին։ Կուսակցությունները կամ դաշինքները տեղ են զբաղեցնում խորհրդարանում՝ ըստ ստացած քվեների տոկոսային հարաբերակցության։ 2012 թ․-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրվել էր թիվ 7 ընտրատարածքում։ Փաշինյանը առաջադրվել էր նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով․ նա նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Թիվ 7 ընտրատարածքում ինքնաառաջադրվել էին նաև անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Մալաթիա-Սեբաստիայում առաջադրել էր այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությամբ առաջատար էր ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանը․ նա ստացել էր 19.808 քվե։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների արդյունքում հավաքել էր 9437 ձայն, Տիգրան Գրիգորյանը՝  1262, իսկ Վարդան Վարդանյանը՝ 1088 ձայն։ Այսպիսով, առաջադրված 4 թեկնածուներից խորհրդարան էր անցել Սամվել Ալեքսանյանը, որը դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր։ Համամասնական ընտրակարգի դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  664. 266 քվե կամ  44.1% ձայն ՝ ձևավորելով 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը։ Հավաքած քվեներով 2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որը հավաքել էր 454.671 ձայն կամ 30.13%։  Իսկ ԲՀԿ-ին հաջորդում էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը, որը այդ ընտրությունների արդյունքում հավաքեց 106.901 քվե կամ 7.08% և Ազգային ժողովում 7 պատգամավորական մանդատ ստացավ։ Նիկոլ Փաշինյանն այսպիսով դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, որովհետև նա ՀԱԿ դաշինքի նախընտրական ցուցակի 7-րդ համարն էր։ Ի հավելումն նշենք, որ նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Տեր-Պետրոսյանը և չորրորդ համար Արամ Սարգսյանը հրաժարվեցին մանդատներից, ինչի արդյունքում մանդատները տրվեցին Հրանտ Բագրատյանին և Գագիկ Ջհանգիրյանին։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում արդեն ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրության մեջ նույնպես նշված է, որ նա 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մանիպուլացնում է, քանի որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ոչ թե մեծամասնական ընտրակարգով, այլ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով։    Նանե Ավետիսյան  
18:25 - 29 դեկտեմբերի, 2021
Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Կառավարող խմբակցության պատգամավորները գնահատականներ հնչեցրել են ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ․ Վլադիմիր Վարդանյանը մանիպուլացնում է

Դեկտեմբերի 17-ին ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը, ում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը 2022 թ․-ին ավարտվում է․ նա պաշտոնավարում է 2016 թ․-ից։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին, որը ներկայացնում էր Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանին․ «Գործող մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից դժգոհ են երկու սուբյեկտ՝ Ադրբեջանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչո՞վ եք սա բացատրում»,- հետաքրքրվեց Մանուկյանը։ Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք Արման Թաթոյանի գործունեությանը գնահատական չի տվել․ «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, խոսքը վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը, նախ՝ որևիցե մեկը որևիցե գնահատական «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության կողմից պարոն Թաթոյանի գործունեության չի տվել, երբեք չի տվել»։ Թեև Վլադիմիր Վարդանյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբևէ գնահատական չի հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ, սակայն 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, ապա նաև 8-րդ գումարման ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բազմիցս հրապարակային անդրադարձել են Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությանը՝ նաև գնահատականներ հնչեցնելով։ Ի դեպ, ԱԺ նիստերից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ ելույթ ունենալով խմբակցության անունից։ Ավելին, Պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաև կառավարող ուժի այլ պաշտոնյաներ ևս։ Կառավարող խմբակցության պատգամավորների անդրադարձը՝ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 7-րդ գումարման Ազգային ժողովի 2020 թ․-ի մայիսի 11-ի նիստի ընթացքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և տարեկան զեկույցի քննարկման ժամանակ,  «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ՄԻՊ-ի գործունեության վերաբերյալ որոշ գնահատականներ հնչեցրին։  Կառավարող խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ի թիվս այլնի, նշեց, որ Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է նկատում․ «Դուք շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաեւ զեկույցում եք այդ մասին բավական հիմնավոր փաստարկներով նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում, ես կարծում եմ, որ, հատկապես, պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք եւ խոսել եք հետևանքի մասին, մինչդեռ այս իրավիճակում, հատկապես, ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է: Այն, որ հասարակական կառույցներն ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների, վերբալ բռնության ներքո էին, Դուք դա չէիք արձանագրում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին սովորեցնում երեխաներին կամավոր հիմունքներով, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց: Արձագանքեցիք րոպեների կամ ժամերի ընթացքում»։ Նմանատիպ դիտարկում արեց նաև «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր՝ Սոս Ավետիսյանը․ «Կրկնելով կամ վերաձևակերպելով տիկին Աբրահամյանի հարցը՝ ուզում եմ հստակ հասկանալ, թե ինչո՞ւ երբ ատելության խոսք, թիրախավորում, ընդհանուր առմամբ, ՀԿ սեկտորի նկատմամբ թիրախավորված գործողություններ են տեղի ունենում, Մարդու իրավունքների պաշտպանն այդ ամենը չի բարձրացնում պետության ուշադրության համար, որովհետև ես լավ հասկանում եմ, որ ՄԻՊ-ը, իհարկե, պաշտպանում է քաղաքացիներին պետության հնարավոր իրավունքի խախտումներից, բայց Մարդու իրավունքների պաշտպանն իդեալական աշխարհում նաև պետք է բարձրացնի նման հարցեր, որպեսզի պետությունը իր ուշադրությունը տեղափոխի այդտեղ, մասնավորապես, թե՛ հարգարժան Խառատյանների ընտանիքի նկատմամբ, թե՛ պարոն Մարությանի ընտանիքի նկատմամբ հնչում են այսպիսի խոսքեր, եւ ՄԻՊ-ը պետք է այդ հարցը բարձրացնի պետության առջև»։ Նույն նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, հայտարարեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը խտրական մոտեցում է ցուցաբերում․ «Ինչ որ կասեմ, խդնրում եմ ընդունեք իմ անձնական, սուբյեկտիվ տպավորություն և կարծիք։ Վերացական չեմ ասի, կատարված վերջին 2 դեպքը մեջբերեմ։ Ի դեպ, մինչև հարցը տալն ասեմ, որ, գուցե, ես եմ սխալ պատկերացնում, բայց, իմ պատկերացմամբ, մարդու իրավունքների գրասենյակը մարդու իրավունքներն է պաշտպանում և իր հայտարարություններով ֆոն է ստեղծում երկրում, ինչի համար շատ կարևոր են իր հայտարարությունները։ Մասնավորապես, երբ ԱԺ դահլիճում խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ԱԺ փոխնախագահի հասցեին,Դուք որևէ արձագանք չեք տալիս։ Եվ որքանով ես տեղյակ եմ, ներեցեք, եթե սխալ եմ հասկանում, բայց պատգամավորը ևս մարդ է, և իր իրավունքները պետք է պաշտպանեք Դուք՝ անկախ նրանից, թե նա իշխանական է, ընդդիմադիր, իշխանության ներկայացուցիչ, թե չէ։ Իսկ երկրորդ դեպքը, երբ ԱԺ նույն փոխնախագահի նկատմամբ բռնություն գործադրվեց, Ձեր գրասենյակը րոպեների արագությամբ հասավ այն հայտնի խմբակին և, ընդամենը դեպի ձեզ իրականացված զանգ, որին ես ներկա եմ եղել, դրանից հետո մեկ ժամ հետո նոր Ձեր գրասենյակից մարդ ներկայացավ, իսկ հարցը գնում էր ԱԺ փոխնախագահի մասին»։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, Պաշտպանին հարցրեց՝ արդյոք ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի՞ որևիցե առավելություն․ «Կարմիր թելով այսօր մեր հարց ու պատասխանների մեջ անցնում էին ընդդիմության, ընդդիմության կանանց առավելություններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ՝ ցիտեմ հենց ձեզ․ «կնոջ և այն էլ՝ ընդդիմադիր»: Կարելի է ենթադրել, որ ընդդիմադիրն իշխանության նկատմամբ ունի որևիցե առավելություն: Եվ արդյո՞ք Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ երբ Դուք անընդհատ ընդգծում եք, որ ընդդիմադիր գործիչներին, ընդդիմադիր կանանց Դուք պիտի անպայման պաշտպանեք, հասարակության ենթագիտակցության մեջ չեք ամրագրում արդեն եղած այս ատելության մթնոլորտը, որ իշխանության ներկայացուցիչներին կարելի է վիրավորել, ահաբեկել, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ոչ»։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ, ներողություն խնդրելով Թաթոյանից, ասաց, որ որոշ դեպքերում վերջինիս գործողություններում երկակի ստանդարտներ է նկատում․ «Իմ գործընկերները հիմնականում խոսեցին տիկին Սամսոնյանի (7-րդ գումարման ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբ․ պատգամավոր) և տիկին Ռևազյանի (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, խմբ․) դեպքերի վերաբերյալ Ձեր ոչ նույնական արձագանքի մասին: Եվ ես ուզում եմ մի քիչ բացել, թե մենք, վստահ եմ՝ բոլորս, ինչ նկատի ունենք: Ես վստահ եմ, որ մենք բոլորս բավականաչափ ռեսուրս էլ ունենք, մտավոր կարողություններ էլ ունենք, կամք էլ ունենք, որ մենք մեզ պաշտպանենք: Մենք չենք ասում, որ խոցվել ենք դրանից, որ Դուք մեզ չեք պաշտպանել: Մենք ասում ենք, որ խնդրահարույց ենք համարում, որ Ձեր ինստիտուտը ներկայացնող անձը, այսինքն՝ Դուք, հետևողական չեք Ձեր մոտեցումներում: Կարևոր չէ՝ Դուք դատապարտո՞ւմ եք դա, թե՞ Դուք դրան չեք անդրադառնում: Խնդիր է, երբ Դուք չեք անդրադառնում մի դեպքում և անդրադառնում եք մյուսում, և բնավ խնդիր չէր լինի, եթե Դուք առհասարակ, չանդրադառնայիք»։ Հաջորդ օրվա նիստին Թաթոյանի զեկույցին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, որը այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց ՄԻՊ-ի զեկույցում։  «Դուք Ձեր զեկույցում, պարոն Թաթոյան, կանանց իրավունքներից խոսելիս նշել եք հետևյալ միտքը. «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։ Մեղմ ասած, այս ձևակերպումը ոչ տեղին էր, եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 20-30-ական թթ․-ին որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է։ Դուք Ձեր ձևակերպման մեջ եւ բացատրության մեջ, երբ այս հարցը հնչեց, ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Ես Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը Ձեր զեկույցի այլ ասպեկտներում, բայց կանանց իրավունքների մասին Դուք պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռերով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց հանդեպ բռնության կրճատում և այլն։ Ես հույս ունեմ, որ Ձեր վերջնական զեկույցում, պարոն Թաթոյան, Ձեզ հետ եմ խոսում, Ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»։ Հակոբյանը նշեց, որ իշխանությունը և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության․ «Երկրորդ ասպեկտը, որի մասին կարելի է շատ երկար խոսել, ՀՀ-ում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ Ձեր զրոյական վերաբերմունքն է։ 2 տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, ամենօրյա ռեժիմով ենթարկվում են հոգեբանական բռնության, էլ չեմ ասում՝ կանանց մասին ինչեր են խոսում, ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքը և գնահատականը զրոյական է։ Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ, որ Դուք հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք»։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է, 2020 թ․-ի դեկտեմբերի 23-ին նաև ֆեյսբուքյան գրառմամբ էր անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով Թաթոյանն իր գնահատականներում լինել կոնկրետ, հասցեական և թիրախային։ Այս տարվա հունիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում և դրանից հետո,  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը ֆեսբուքյան մի քանի գրառումներով անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու, այժմ արդեն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի արձագանքել այն ժամանակ «Հայաստան դաշինքի» պատգամավորության թեկնածու  Գեղամ Մանուկյանի՝ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Մեկ այլ գրառմամբ էլ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հեռացրել իր ֆեյսբուքյան գրառման տակ առկա վիրավորական մեկնաբանությունը։ Այս տարվա դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Մարիա Կարապետյանը խոսել է ՄԻՊ-ի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով Կարապետյանը Թաթոյանի գործունեությանն անդրադարձել է նաև  2021 թ․-ի մայիսի 6-ի ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը։ Կարապետյանը՝ խմբակցության անունից ձայն խնդրելով, ի թիվս այլնի, անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանին․ «Մենք, իհարկե, ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բովանդակային, մասնագիտական հայտարարություններին, վերլուծություններին, սակայն դրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում և չեն նպաստում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին։ Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացի-քաղաքացի հարաբերություններին չի անդրադառնում, կամ չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանը ընտանեկան բռնության համատեքստում իրազեկող հոլովակներ է տարածում, հայտարարություններ է անում, դժվար թե կարող ենք պնդել, որ այստեղ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին, ընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության համակարգի մասին, մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման մասին»։ Պատգամավորի կարծիքով՝ Արման Թաթոյանը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իր զեկույցում փաստացի արդարացրել է այն պնդմամբ, որ կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների միջև․ «Իսկ զեկույցի մեջ նաև փաստացի գրել եք, որ նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն են։ Ահա, մեջբերում եմ, ասում եք. «Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է ոչ թե բոլոր հնարավոր ուժերն ուղղեինք դեպի ճակատ՝ թողնելով քաղաքում և երկրում մինիմալ անհրաժեշտը, այլ պետք է պետական պաշտոնյաների պահպանությո՞ւնն ամրացնեինք»։ Նա նշեց նաև, որ Թաթոյանը դեկտեմբերի 17-ից խոսել է սահմանագծման ուսահմանազատման մասին՝ դրանք ներկայացնելով որպես տեղի ունեցող գործընթաց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչպես նոյեմբերի 9-ից հետո և հատկապես դեկտեմբեր ամսին հանրությունը ենթարկվում էր մեդիատեռորի՝ սուտ, կեղծ լուրերի միջոցով, որոնց նպատակն էր տագնապ հարուցել և խախտել առանց այն էլ փխրուն հանրային հոգեկան անձեռնմխելիությունը։ Սկսած դեկտեմբերի 17-ից, պրն Թաթոյան, Դուք պարբերաբար ահազանգել եք սահմանագծման և սահմանազատման մասին,կարծես նման գործընթաց իսկապես տեղի էր ունենում»։ Այնուհետև նույն նիստի ընթացքում, անդրադառնալով Թաթոյանի եզրափակիչ ելույթին, Կարապետյանն ասաց․ «Պետք է անդրադառնամ այսօր ՄԻՊ եզրափակիչ ելույթին, դրա ագրեսիվ ոճը և բովանդակությունը հարիր չեն այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է։ Ինչ է տեղի ունեցել այսօր։ Քննարկել ենք ՄԻՊ տարեկան զեկույցը, պարոն Թաթոյանը ներկայացրել է զեկույցը, իսկ պատգմավորները՝ թե՛ կառավարող խմբակցության, թե՛ ընդդիմության, հարցեր են տվել և ելույթներ ունեցել՝ գնահատանքի խոսքեր ասելով Մարդու իրավունքների պաշտպանին և նրա աշխատակազմի մասին։ Խոսել եմ նաև ես՝ վերահաստատելով, որ մենք բարձր ենք գնահատում Պաշտպանի և նրա աշխատակազմի փաստահավաք գործունեությունը և ինքներս օգտվում ենք աշխատանքի արդյունքներից միջազգային հարթակներում, բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ․ առաջինը ՀՀ-ում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի տված գնահատականների կամ որոշ գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ էին բոլոր ոստիկանանան ուժերը առաջնագծում, նաև ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն  տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում են»։ Նրա խոսքով՝ իր դիտարկումները միայն ներհայաստանյան համատեքստին են վերաբերվել․ «Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է, նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը պետք է չբարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ նա ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»։ Հաջորդ օրը «Ազատության» եթերում Մարիա Կարապետյանը վերահաստատել էր իր տեսակետները Թաթոյանի վերաբերյալ։ Կառավարող ուժի այլ պաշտոնյաներ նույնպես հնչեցրել են գնահատականներ Թաթոյանի գործունեության վերաբերյալ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նշելով, որ Թաթոյանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ազգային ժողովի և Կառավարության շենքի վրա հարձակումները։ Այդ մասին նա ասել է 2020 թ․-ի նոյեմբերի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում․ «Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում, հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց Ազգային ժողովի շենքը, և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, սա շատ կարևոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այդ հարձակումները չդատապարտեց, սա շատ կարևոր հանգամանք է»։ Նույն օրը Փաշինյանն այդ մասին խոսել էր Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ տեղի ունեցան հայտնի բռնությունները, մինչև հիմա այդ բռնությունները դատապարտված չեն, կառավարության շենքի նկատմամբ բռնությունը, Ազգային ժողովի շենքի նկատմամբ հարձակումը, կառավարության կեցավայրի նկատմամբ հարձակումը մինչև օրս դատապարտված չեն քաղաքական ուժերի կողմից, մինչև օրս դատապարված չէ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Ազգային ժողովի նախագահի նկատմամբ հարձակումն է դատապարտվել, ես կարդացել եմ, Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջն եմ կարդացել, դատապարտվել է Ազգային ժողովի նախագահի դեմ հարձակումը, բայց հարձակումը Ազգային ժողովի դեմ, գույքի ոչնչացումը, կառավարության շենքի դեմ, ինչո՞ւ չի դատապարտվել այդ ամեն ինչը»։ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը նույնպես բազմիցս անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում․ «Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- այս տարվա հոկտեմբերին Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել էր նա։ Այսպիսով, Վլադիմիր Վարդանյանի պնդումը, թե ՔՊ խմբակցության պատգամավորները երբևէ գնահատական չեն հնչեցրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության վերաբերյալ, մանիպուլյատիվ է, քանի որ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները բազմիցս անդրադարձել են պաշտպանի աշխատանքին, ընդ որում՝ բացասական գնահատականներ հնչեցնելով։ Իսկ պաշտպանի աշխատանքին անդրադարձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք էլ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ են։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքից   Նանե Ավետիսյան
12:00 - 26 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Վերջին օրերին քննարկումների առիթ էր դարձել ինչպես քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, այնպես էլ քաղաքապետարանի ձեռք բերած և ձեռք բերվելիք ավտոբուսների խնդիրը։ Վերջինիս վերաբերյալ եղան տարատեսակ մեկնաբանություններ, մասնավորապես թե ինչ միջոցներով են ձեռք բերվում ավտոբուսները, քանի հատ պետք է ձեռք բերվեն, տրանսպորտային ցանցի քանի տոկոսն է թարմացվում և այլն։ Եղան նույնիսկ երկկողմանի մանիպուլյացիաներ, ինչին Ինֆոքոմն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։ Սակայն քաղաքապետարանի կայքի «Տրանսպորտ» բաժնում դեռևս շարունակում են մնալ տեղեկություններ, որոնք ճիշտ չեն կամ մասամբ են ճիշտ։ Այս բաժնի «Երթուղային ցանց» ենթաբաժնում նշված է․ ««Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների ողջ խմբաքանակը (100 հատ) ներկրվել է մայրաքաղաք»։ «Ավտոբուսային փոխադրումներ» ենթաբաժնում էլ նշված է․ «Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2021 թթ․ մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-2021թթ․՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)»։ Այսպես, քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ WYG ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է գնել փոքր և միջին չափի ավտոբուսներ, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, արվում է։ Սակայն Ընկերության ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ իրականում փոքր դասի ավտոբուսների մասին ոչ մի խոսք չկա։  Ըստ հաշվետվության՝ առաջարկվել է ձեռք բերել 3 տեսակի ավտոբուսներ։ Առաջինը միակցված ավտոբուսն է, որի երկարությունը 18 մետր է, տեղատարողությունը՝ 150 ուղևոր։ Սա նախատեսվել է բարձր թողունակությամբ հիմնական երթուղիների սպասարկման համար։ Երկրորդը մեծ չափի ավտոբուսն է, որի երկարությունը 12 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր։ Սա նախատեսված է հիմնական որոշ երթուղիների և ծանրաբեռնված սնուցող երթուղիների սպասարկման համար։ Երրորդը միջին չափի ավտոբուսն է, որի երկարությունը 7․5-8․5 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 45-55 ուղևոր։ Սա էլ նախատեսված է սնուցող երթուղիների սպասարկման համար։ Բրիտանական ընկերությունը հաշվի է առել նաև նեղ փողոցները․ այնուամենայնիվ, ընկերությունը խորհուրդ չի տալիս միկրոավտոբուսների շահագործումը։ Ըստ հետազոտության՝ որոշ դեպքերում կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ ավտոբուսների օգտագործումը: Նորմալ ավտոբուսի լայնությունը 2.5 կամ ավելի մետր է, բայց կան մոտավորապես 2.2 մետր լայնությամբ տրանսպորտային միջոցների ևս: Դրանք հասանելի են տարբեր երկարություններով: Նման տրանսպորտային միջոցների օգտագործումը ավելի նեղ երթուղիներում կարող է հեշտացնել աշխատանքը: WYG ընկերությունը չի առաջարկել փոքր չափի ավտոբուս, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված, թե ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է ձեռք բերել փոքր և միջին դասի ավտոբուսներ, որոնցից փոքրերը, ըստ իրենց, արդեն ձեռք են բերվել։ Սակայն քաղաքապետարանի նշած տեղեկության մեջ այլ անճշտություն էլ կա։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով (կարող եք տեսնել հավելված 6-ում) ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։  Այսինքն՝ ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի կայքում հատուկ տեղ է հատկացված միկրոավտոբուսներին, որտեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։ WYG ընկերության վերջին հաշվետվությունը եղել է 2019 թվականի հունվարի 30-ին։ Այս հաշվետվությամբ տվյալներ են եղել նաև  Երևանի ավտոբուսների հավաքակազմի վերաբերյալ։ Սակայն հաշվետվությամբ նշված և քաղաքապետարանի կայքում առկա տվյալներում դարձյալ կան անճշտություններ։ Քաղաքապետարանի կայքի այժմյան տվյալներով՝ ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, սակայն սա կարող է չհամապատասխանել ընկերության ուսումնասիրության տվյալներին, քանի որ վերջին հաշվետվությունից հետո, գուցե, հավաքակազմում փոփոխված լինեն ավտոբուսների թվաքանակները։ Սակայն ինտերնետային արխիվի միջոցով դիտարկեցինք քաղաքապետարանի էջի տվյալները 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ՝ վերջին հաշվետվությունից 4 օր անց։ Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ այն ժամանակ էլ նշված տվյալները չեն համապատասխանել ընկերության հաշվետվության մեջ առկա տվյալներին։ Քաղաքապետարանի էջում նշված է եղել, որ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում եղել է 667 ավտոբուս, իսկ բրիտանական ընկերության վերջին հաշվետվությամբ՝ շահագործվող ավտոբուսները 522-ն են, իսկ ընդհանուր՝ 576։ Հետևաբար հնարավոր է, որ  կայքում նշված տվյալներում և իրականում հիմա էլ լինեն անհամապատասխանություններ։ Այսպիսով՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ։ Նարեկ Մարտիրոսյան
21:43 - 25 դեկտեմբերի, 2021
Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։ Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։ Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։ Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։ Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։ Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։ Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։ Հայարփի Բաղդասարյան
12:27 - 24 դեկտեմբերի, 2021
Ավտոբուսից 1 պակաս․  երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Ավտոբուսից 1 պակաս․ երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։ «․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։ Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։ Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով,  զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։ Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։ «1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։ 2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։ 3․ Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։  Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։  Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։   511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։    Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։ Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։ Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն  ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։ Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս 2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։  Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։ Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։ Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։ Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։  Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։  Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։ Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։ Նարեկ Մարտիրոսյան
15:45 - 19 դեկտեմբերի, 2021
Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։ Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։ Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար: Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։ Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։ Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։ Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։ Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։  Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։  Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։ Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
18:22 - 18 դեկտեմբերի, 2021
 Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ

Armenianews-ի տեղեկությունները՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների վերաբերյալ, մեծ մասամբ անհիմն են եւ մանիպուլյատիվ

Ինչպես արդեն հայտնի է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Միեւնույն ժամանակ շարունակում են քննարկումները, թե ինչու է խմբակցությունը որոշել անվտստահություն հայտնել քաղաքապետին։  Դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ է թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց ստորեւ կանդրադառնանք՝ ըստ հերթականության ներկայացնելով դրանց իսկությունն ու հավաստիությունը։ «Պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին, Հայկ Մարությանը ՔՊ-ից  դուրս գալու դիմում է ներկայացրել»,- գրել է կայքը։ Մամուլը մինչեւ նախօրեն իր տեղեկություններով էր գրում, որ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայկ Մարությանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել պատերազմից հետո։ Ալեքսյանյանը հայտնեց, որ կուսակցությունը ստորագրել է Մարությանի դիմումը, ուստի նա այլեւս ՔՊ ներկայացուցիչ չէ։ Այս լուրն ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց նաեւ ՔՊ-ի հայտարարությամբ, որտեղ նշված էր, որ 2020 թվականի դեկտեմբերին Մարությանն իր դիմումի համաձայն լքել է կուսակցությունը։ Ի դեպ, 2021թ․ հունվարի 27-ին ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, խոսելով Մարությանի հրաժարականի՝ այդ շրջանում տարածվող լուրերի մասին, «Արմենպրեսին» տված մեկնաբանությունում նշել էր, որ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մեկ ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»: Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցության պնդումը, թե Մարությանը 2020թ․ դեկտեմբերին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հակասում է հենց ՔՊ-ի՝ 2021 հունվարին տված պարզաբանմանը, ինչպես արձանագրել է fip.am-ը:  «Հայկ Մարությանը նեղ շրջանակներում մի քանի անգամ ասել է, որ  կապ չունի, թե այս իշխանությունը կռիվ է տվել Արցախը պահելու համար, միեւնույն է պատերազմը պարտվել են, իսկ ինքը չի պատրաստվում  պատերազմը պարտված Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կրել»,- գրել է կայքը՝ ինչպես նշեցինք՝ իր տեղեկություններով։ Այս պնդման իսկությունը ստուգելը հնարավոր չէ․ կայքը հղում է անում իր տեղեկություններին, նեղ շրջանակներին, կամ, այլ կերպ ասած, անանուն աղբյուրներին։  «Մի քանի  օր առաջ մամուլը  գրեց, որ Մարությանը  վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում քոչարյանական գեներալների հետ, չի բացառվում որ նա հանդիպել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ։  Եվ չնայած Մարությանի  խոսնակը հերքեց Մարությանի եւ Քոչարյանի հանդիպման մասին լուրերը,  ի սկզբանե  պարզ էր,  որ  Մարությանը անգամ եթե հանդիպել էր Քոչարյանի հետ, դրա մասին չէր հայտարարի եւ ամեն ինչ կաներ դա հերքելու համար»,- գրել է կայքը։ Ի դեպ, ՔՊ-ի՝ հիշատակված հայտարարության մեջ այսպիսի մի տող կա․ «Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»: Նախ, ինչ վերաբերում է կայքի հրապարակմանը, խոսքը «Հայկական ժամանակ» թերթի ինտերնետային armtimes.com կայքի մի նյութի մասին է, որտեղ Քոչարյանի հետ հանդիպումների մասին էր գրված՝ շրջանառվող տեղեկություններին հղումով։ Այս տեղեկություններին առավել բարձր արժանահավատություն հաղորդելու համար կայքը մատնանշել էր, որ Մարությանի պաշտոնավարման ժամանակ մայրաքաղաքում հայտնվեցին Ռ․ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները։ Այս թեմային մենք արդեն անդրադարձել ենք․ պարզվել էր, որ քաղաքապետարանն ուղղակի որեւէ իրավական հիմք չուներ՝ արգելելու այդ գովազդային պաստառների տեղադրումը։ Ավելին, ինչպես հիշատակել են fip.am-ի մեր գործընկերները, դեռևս 2019 թվականին Երևանի քաղաքապետարանը արգելել էր «Կյանք և ազատություն» գրքի գովազդային վահանակների տեղադրումը, ինչից հետո գրքի հրատարակիչ կազմակերպությունը՝ «Սփեյս մենեջմենթ» ՍՊԸ-ն, դիմել էր դատարան։ Իսկ դատարանը բավարարել էր հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել Երևանի քաղաքապետարանին թույլատրել վահանակների տեղադրումը։ Սակայն 2021 թ․ հունվարին քաղաքապետարանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում, որտեղ էլ մինչ այժմ քննվում է այդ գործը։  Ի վերջո, armenianews.net նյութից հետո, սակայն, ե՛ւ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արամ Վարդեւանյանը հերքել էին [1, 2] Մարության-Քոչարյան հանդիպումների մասին լուրերը։ Կայքը չի հիմնավորել, թե ինչու արժանահավատ չի համարում այս հերքումները։ Ավելի ուշ արդեն՝ երեկ երեկոյան, Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ այս լուրերին՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեւէ որեւէ պայմաններում չի հանդիպել, անգամ պատահաբար, եւ որ որեւէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն ու մտադրություն չունի: «Հայկ Մարությանը առաջինն էր, որ սկսեց բաժանել ժողովրդին սեւերի եւ  սպիտակների՝ դրանով իսկ ատելության քարոզ անելով»,- գրել է կայքը։ Այն, որ սեւերի ու սպիտակների մասին խոսույթն առաջին անգամ Մարությանն է օգտագործել, հանրահայտ փաստ է։ Սակայն կայքը մոռացել է նշել, որ քաղաքապետի՝ արդեն նախկին քաղաքական թիմակիցները պաշտպանել են այդ թեզը եւ նույնիսկ շրջանառել։ Մարությանն այդ հայտարարությունն արել էր 2018 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Նա ասել էր՝ «մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել՝ սեւ ուժերն են, որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը, դա միայն Հայաստանի հաջողությունն է»։ Մարությանի այս ելույթն, ի դեպ, ՔՊ-ականների ծափերին էր արժանացել։ Արդեն օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին, ավագանու ընտրությունների նախաշեմին Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը գրեթե նույնությամբ կրկնեց Հայկ Մարությանի խոսքերը՝ նրա կողքին կանգնած հայտարարելով․ «Հայաստանի քաղաքացու դեմ խաղ չկա, ՀՀ-ում սպիտակները հաղթել են, եւ սեւերի պարտությունն անշրջելի է, ՀՀ-ում սեւերը ջախջախված են, եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու․․․»։ Սեւ ու սպիտակի բաժանելու մասին քննարկումները հետագայում երկար շարունակվեցին, բայց փաստ է այն, որ ՔՊ-ականները եթե անգամ անհամաձայնություն ունեին այդ բաժանման հետ, միեւնույն է՝ հանդուրժող էին դրա հանդեպ։ «Երեւանի քաղաքապետը նաեւ քաղաքապետ դառնալուց հետո մի քանի անշարժ գույք է ձեռք բերել, բայց որքան էլ զարմանալի է, ոչ  Հայաստանում։ Մարությանն անգամ իր իսկ ղեկավարած համայնքում ներդրումներ չի անում, նախընտրում է դրանք անել իր համար արդեն հարազատ դարձած Չեխիայում։  Իսկ մի անգամ նույնիսկ ավագանու ու թաղապետերի ներկայությամբ ասել է, որ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի»»,- Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին կայքի հաջորդ պնդումն է սա։ Հայկ Մարությանի՝ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2018-ին ներկայացրել է 21 միավոր գույք՝ բնակարաններ, առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, որոնց մի մասը՝ Չեխիայում (Մարությանի ունեցվածքի մասին առավել մանրամասն գրել են hetq.am-ի մեր գործընկերները): Չեխիայի անշարժ գույքի մի մասը Մարությանի ու նրա կնոջ համատեղ սեփականությունն է (քաղաքապետի կինն ազգությամբ չեխ է): ՉՀ-ի բնակելի տարածքները Մարությանը տրամադրում է վարձակալությամբ, որից էլ գոյանում է նրա եկամուտների մի մասը։ Մարությանի՝ 2019 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018թ․ հունիս ամսին նա Չեխիայում ձեռք է բերել 1 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք եւ 1 հողամաս, որոնք համարվում են համատեղ սեփականություն։ Մարությանը քաղաքապետ է 2018-ի սեպտեմբերից, այսինքն՝ նշված գույքը նա ձեռք է բերել քաղաքապետ դառնալուց առաջ։ Բայց պաշտոնն ստանձնելուց հետո, արդեն 2020 թվականին, Մարությանը Չեխիայում ձեռք է բերել մեկ ավտոկայանատեղի։ Սակայն քաղաքապետ դառնալուց առաջ նա եւս մի քանի ավտոկայանատեղի ուներ Չեխիայում։ Հաշվի առնելով, որ Մարությանը մինչեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելն էլ Հայաստանից դուրս՝ մասնավորապես Չեխիայի Հանրապետությունում, անշարժ գույք ուներ, ապա 2018-ից հետո Հայաստանից դուրս նոր գույքի ձեռքբերումը տարօրինակ եւ խնդրահարույց չէ։ Ուստի վերը հիշատակված հատվածում այն ընդգծումը, թե զարմանալի է, բայց Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո Հայաստանից դուրս գույք է ձեռք բերել, մանիպուլյատիվ է։ Բացի դրանից՝ 2020 թվականին ձեռք բերած ավտոկայանատեղիի արժեքը եղել է 290 հազար չեխական կրոնա, բայց Մարությանն իր անշարժ գույքերի վարձույթից ստացել է 1 մլն 199 հազար 200 չեխական կրոնա եկամուտ։ Ընդ որում, սա Մարությանի միայն մի աղբյուրից ստացած եկամուտն է, եկամտի այլ աղբյուրներ էլ կան, որոնց կարող եք ծանոթանալ 2020թ․ հայտարարագրում։ Ինչ վերաբերում է վերջին հատվածին, թե Մարությանն ասել է՝ «խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի», զուրկ է որեւէ հիմնավորումից․ նյութում չկա այս պնդումը հաստատող որեւէ ապացույց։ Հաջորդիվ կայքը գրել է, թե Մարությանը ավելի շատ արձակուրդում է լինում, քան աշխատանքի․ «Մարությանն իր անձնական հանգիստ էլ ավելի է վեր դասում, քան Երեւանի քաղաքապետի  պաշտոնում իր իսկ ստանձնած պատասխանատվությունը։ Իսկ  քաղաքում չլուծված խնդիրներն անհամար են»։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ամենամյա նվազագույն արձակուրդի հնարավորություն, որի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։ Նշենք, որ ՀՀ կառավարության 2005թ․ օգոստոսի 11-ի 1384-Ն որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք՝ 4 աշխատանքային օրով։ Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 7-րդ մասի համաձայն՝ հայեցողական պաշտոններ են նաեւ Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները։ Ուստի լրացուցիչ արձակուրդի իրավունք ունի նաեւ Մարությանը։ Երեւանի քաղաքապետարանից Infocom-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է մեկնել 2019թ. հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը ներառյալ՝ 2 աշխատանքային օր, ապա հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը ներառյալ՝ 14 աշխատանքային օր, նոյեմբերի 28-ից նոյեմբերի 29-ը ներառյալ՝ 2 օրացուցային օր՝ չվճարվող արձակուրդ։ Ընդհանուր առմամբ՝ 18 օր, որից 2-ը՝ չվճարվող արձակուրդ։ Այսինքն՝ Մարությանն օգտագործել է հասանելիք վճարվող արձակուրդի միայն 16 օրը։ 2020թ. Մարությանն արձակուրդ է մեկնել մարտի 10-ից մարտի 13-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր, հուլիսի 27-ից հուլիսի 31-ը ներառյալ՝ 5 աշխատանքային օր, օգոստոսի 11-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 11 աշխատանքային օր, նոյեմբերի 9-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 4 աշխատանքային օր եւ 2019թ. չօգտագործված արձակուրդի 8 աշխատանքային օրերը, որից 4 աշխատանքային օր հետ է կանչվել։ Ընդհանուր առմամբ՝ 28 օր։ Բացի դրանից՝ նաեւ 2020թ. նոյեմբերի 14-ից նոյեմբերի 28-ը ներառյալ արձակուրդի է մեկնել անաշխատունակության թերթիկով (covid 19): 2021թ. հունվարի 8-ից հունվարի 22-ը ներառյալ քաղաքապետը նորից արձակուրդում է եղել՝  2020թ. հետ կանչված 4 աշխատանքային օրերը եւ 2021թ. ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդներից 7 աշխատանքային օր ներառյալ: Ընդհանուր առմամբ՝ 11 աշխատանքային օր։ Արձակուրդի թվերն իրար գումարելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Մարությանն ուղղակի չէր կարող ավելի երկար արձակուրդում գտնվել, քան աշխատանքի։ Բացի դրանից՝ արձակուրդում եղած օրերի գումարը ցույց է տալիս, որ դրանք օրենքի շրջանակում են։ Ուստի կայքի պնդումը հիմնազուրկ ու կեղծ է։ «Վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին։ Անգամ կան  հարուցված բազմաթիվ քրեական գործեր»,- նյութում գրել է կայքը։ Թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում՝ կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված մեր հարցման պատասխանն ստանալուց հետո։ Եւ վերջում կայքը գրել է, որ Մարությանը վերջերս հայտարարել է, որ մյուս ընտրություններին չի պատրաստվում գնալ ՔՊ-ի հետ։ Եվ սա, ըստ կայքի, այն հիմնական պատճառը, որ ավագանին պատրաստվում է  անվստահություն հայտնել Հայկ Մարությանին․ «Փաստացի Մարությանը ուրանում է այն թիմին ու հենց այն նույն Նիկոլ Փաշինյանին, ովքեր  բերանը ծռող դերասան  Հայկոյից  կերտեցին քաղաքապետ Հայկ Մարության»։ Այս պնդման իսկությունը հնարավոր չէ ստուգել․ ՔՊ-ի հետ հաջորդ ընտրություններին չմասնակցելու մասին հրապարակային հայտարարություն չի եղել։ Այսպիսով, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անսվտահություն հայտնելու որոշման ֆոնին armenianews.net կայքն իր տեղեկություններով նյութ է հրապարակել, որտեղ արված պնդումների մեծ մասն անհիմն են ու թերի։ Դրանք արվել էին այն պարագայում, երբ ՔՊ-ն նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել ավագանու անդամների դիրքորոշման եւ Մարությանին անվստահություն հայտնելու պատճառների մասին։  Իսկ թե պաշտոնապես ինչ պատճառների մասին է հայտարարում ՔՊ-ն ներկայացնում ենք ստորև․  «Հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ; Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում; Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը; Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները; Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը; Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ: «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Խմբակցությունը շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- ասված է ՔՊ հայտարարության մեջ: Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի Հայարփի Բաղդասարյան
15:52 - 17 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդը Հայկ Մարությանի գործունեությամբ պայմանավորելու «Հայկական ժամանակ»-ի ընդգծումը մանիպուլյատիվ է

Վերջին ժամանակներս կառավարող ուժին հարող մի շարք լրատվամիջոցներ և սունկ կայքեր պարբերաբար անդրադառնում են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ նրան հաճախ դարձնելով չփաստարկված քննադատությունների թիրախ։ Infocom-ն արդեն գրել է, որ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված FreeNews.am կայքը վերահրապարակել էր «Հայկ Մարությանը որոշել է սուտ հայրենասիրություն խաղալ», ««Խելացի մարդը էս երկրում ներդրում կանի՞…». Հայկ Մարության» վերտառությամբ հոդվածներ, որոնցից մեկը հիմնված է լրատվամիջոցի «հավաստի աղբյուրների» վրա, իսկ մյուսը՝ «վերլուծական մտքի»։  FreeNews.am-ը հղվել էր armenianews.net և medianews.site կայքերին․ դրանք համապատասխանում են սունկ կայքերի ձևաչափին, իսկ վերը նշված հոդվածների տակ անգամ հեղինակի անուն գրված չէր։ Դեկտեմբերի 12-ին էլ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը՝ armtimes.com-ը, հրապարակել է «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ անստորագիր մի հոդված (այն ավելի ուշ վերահրապարակել են կառավարող ուժին հարող FreeNews.am, Civic.am, armpublic.com կայքերը), որտեղ, Մարությանին անուղղակիորեն մեղադրելով ճամբարափոխ լինելու մեջ եւ հղում անելով «շրջանառվող տեղեկություններ»-ին, գրել է, թե պատերազմից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «Թերեւս ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»,- ընդգծել է կայքը։ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պաստառները մայրաքաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեցին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին։ Դրանք, ըստ էության, գովազդային պաստառներ էին, իսկ արտաքին գովազդի տեղադրումը Երեւան քաղաքում կանոնակարգվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Գովազդի մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ «Երեւան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու եւ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին Երեւան քաղաքի ավագանու N 37-Ն որոշմամբ։ Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակավառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն՝ Երեւանի ավագանին, ի թիվս այլնի, ունի քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով) սահմանելու լիազորություն։ Նույն օրենքի 55-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքապետը օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում եւ դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաեւ քաղաքային նշանակության հրապարակներում եւ այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։ Իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն էլ՝ քաղաքային նշանակության գովազդային գոտի չհամարվող տարածքներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Գովազդի տեղադրման թույլտվություն տալու կարգը սահմանված է Երեւան քաղաքի ավագանու N 37 որոշման 2-րդ գլխով։ Ըստ այդմ, գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին (իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երեւան քաղաքի որեւէ վարչական շրջանի ղեկավարին): Եթե դիմումը եւ կից փաստաթղթերը համապատասխանում են այս որոշմամբ սահմանված կանոնների պահանջներին, կամ դիմողը վերացրել է ձեւական խախտումները, ապա տվյալ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երեւանի քաղաքապետարանի՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն՝ ուրվանկարների եւ համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման եւ լուծման համար: Նույն որոշման 3-րդ գլուխն էլ սահմանում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում գովազդի տեղադրման չափորոշիչները, որոնք վերաբերում են տեխնիկական պահանջներին եւ սահմանափակումներին։ Իսկ բովանդակային պահանջների վերաբերյալ մանրամասն կանոնակարգում է առկա «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի սահմանափակումներ տարածվում են առանձին տեսակի ապրանքների գովազդի վրա, ինչպիսիք են, օրինակ, ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, մինչեւ վեց ամսական երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչները, թմրադեղերը, թունավոր եւ ուժեղ ազդող դեղերը, զենք-զինամթերքը, վիճակախաղերը։ Նույն օրենքով երաշխիքներ են սահմանված գովազդի օրինականության, հավաստիության, պատշաճության, ինչպես նաեւ՝ գովազդային ոլորտում անչափահասների պաշտպանության համար։ Մեջբերված նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ եթե գովազդը, այդ թվում՝ գրքի, համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ապա դրա նկատմամբ սահմանափակումներ տարածելու լծակներ չունեն ոչ Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունը, ոչ էլ տվյալ վարչական շրջանի ղեկավարը։ Ի դեպ, քանի որ Քոչարյանի գրքի պաստառները փակցվել էին ապրիլին եւ շարունակում էին վահանակներին մնալ նաեւ մայիսին՝ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մայիսի 31-ին եւ հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով դրանք ճանաչվել էին նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Հանձնաժողովը նման եզրահանգման էր եկել՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատգամավորության թեկնածու էր «Հայաստան» դաշինքից։ ԿԸՀ-ի որոշումների դեմ, սակայն, Քոչարյանը բողոքներ էր ներկայացրել Վարչական դատարան, եւ վերջինս դրանք բավարարել էր ու անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները։ Վարչական դատարանի այդ վճիռները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն։ Այսպիսով, «Հայկական ժամանակ»-ի այն շեշտադրումը, թե «ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները», առարկայազուրկ է եւ մանիպուլյատիվ, քանի որ քաղաքապետարանն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարներն ուղղակի հիմք չունեին այդ պաստառների գովազդն արգելելու։ Նարեկ Մարտիրոսյան
15:42 - 14 դեկտեմբերի, 2021