Սահման

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան
 |news.am|

Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. զուգընթաց նախաձեռնենք կոմիտե. Թեւանյան |news.am|

news.am: Հայաստանում պետք է ձեւավորվի նոր ժամանակավոր կառավարություն. Դրան զուգընթաց մենք նախաձեռնելու ենք համապատասխան կոմիտեի ձեւավորում, որը կառաջնորդի, կկառավարի եւ կկազմակերպի հանրության բոլոր գործողությունները եւ մենք միասնաբար կիրականացնենք այն փոփոխությունները, որոնց սպասում է մեր ժողովուրդը: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: «Այդ կոմիտեն պետք է վերցնի պատասխանատվություն՝ անցումային իրավիճակում երեւույթները եւ  գործընթացները կառավարելի պահելու համար»,-ասաց նա: Թեւանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյան, անձամբ դիմում եմ քեզ, դու փախար ամբողջ ընտրարշավի ընթացքում, չերեւացիր աչքիս ու չմտար բանավեճի մեջ: Հիմա դու հնարավորություն ունես կատարելու քայլ, որը մեր երկիրը կարող է հետ պահել ցնցումներից: Հրաժարվիր պրահյան գործընթացից, հրաժարվիր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունից եւ երրորդը, Հայաստանը պարտավոր է տեր կանգնի Արցախի անվտանգությանը: Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի սահմանադրական հանձնառությունն է, եթե որեւէ ղեկավար դրանից հրաժարվում է, ապա դա պետական դավաճանություն է: ՇՄենք կոչ ենք անում հրաժարվել այդ քաղաքականությունից եւ առանց ցնցումների, բախումների, քննարկել իշխանությունից հեռանալու հարցը եւ Հայաստանում ձեւավորել համախոհաբար նոր ժամանակավոր կառավարությունը»:
19:59 - 19 սեպտեմբերի, 2023
Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին:  Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝  Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:  Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար:
19:23 - 19 սեպտեմբերի, 2023
Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական օպերացիա իրականացնելիս պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն հայ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական օպերացիայի իրականացման ֆոնին մեզ համար առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խոսքն, իհարկե, հայկական բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը։ Նա հայտարարել է, որ հիմա գլխավորը համոզելն է Երեւանին եւ Բաքվին ուժային մեթոդներից հրաժարվել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղում իրադրության կայունացման հարցում «ԱՄՆ-ի հերթի» մասին հարցին, ասել է, որ «այստեղ չի կարող որեւէ հերթ լինել, պետք են կոնկրետ  ջանքեր՝ հիմնված իրավական բազայի վրա»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն Ղարաբաղում իրադրությունը կայունացնելու համար։ «Այստեղ չպիտի լինի որեւէ հերթ։ Այստեղ պետք է լինեն կոնկրետ ջանքեր՝ հիմնված իրական, գիտակցված իրավական բազայի վրա, որը հնարավորություն կտա դուրս գալ խաղաղ կարգավորման։ Մեր տեսանկյունից՝ այդպիսի հնարավորություն կա։ Դրանք հենց այն պայմանավորվածություններն են, որոնց վրա հիմնվում են մեր գործողությունները։ Շարունակում ենք մեր շփումները ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ»,- ասել է Պեսկովը։
19:01 - 19 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է «տեղային հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի» մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ «տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»: «Ղարաբաղյան շրջանում Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից Ադրբեջանական բանակի դիրքերի պարբերաբար գնդակոծումը, մեր տարածքների շարունակ ականապատումը, մարտական դիրքերի ինժեներական բարելավման աշխատանքները, ինչպես նաեւ խրամատների եւ բլինդաժների թվի ավելացումը վերջին ամիսների ընթացքում լարվածության աճի ավելի մեծացման պատճառ են դարձել։ Նաեւ նկատվում է մարտական դիրքերի ուժեղացում անձնակազմով, զրահատեխնիկայով, հրետանային կայաններով եւ այլ կրակային միջոցներով, ստորաբաժանումները մարտական պատրաստության բարձր աստիճանի բերելով, նկատվում է լրացուցիչ մոբիլիզացիոն ստորաբաժանումների ստեղծում, ընդդեմ Ադրբեջանի բանակի հետախուզական գործողությունների ընդլայնում, մեր դիրքերի խորքը ներթափանցում՝ ականազերծված տարածքների եւ քաղաքացիական նշանակության ճանապարհների շարունակ ականապատման եւ դիվերսիոն-ահաբեկչական նպատակներով։ Սեպտեմբերի 19-ին ղարաբաղյան տնտեսական գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոմոբիլային ճանապարհի վրա ահաբեկչական նպատակներով տեղադրված  ականի պայթյունի հետեւանքով զոհվել են քաղաքացիական անձինք եւ շարքից հանվել է մեքենա, որը պատկանել է Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը»,- նշում են ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրության մեջ հիշեցրել է նաեւ ՆԳն աշխատակիցների մահվան դեպքի մասին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում հայկական զինված ուժերի կազմավորումների շարունակական ներկայությունը՝ խախտելով 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթները, հանդիսանում է լուրջ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար։ Տարածաշրջանում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում եւ խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաեւ ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները։ Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ քաղաքացիական բնակչությունը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները չեն հանդիսանում թիրախներ, շարքից հանվում են միայն լեգիտիմ ռազմական թիրախները։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը։ «Միջոցառումների շրջանակում գերճշգրիտ զենքերի կիրառմամբ առաջնագծում և խորքում շարքից հանվում են հայկական զինված ուժերի խմբավորումների դիրքերը, նրանց երկարաժամկետ կրակակետերը, նաև ռազմական նշանակության միջոցներն ու օբյեկտները»,- հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
14:14 - 19 սեպտեմբերի, 2023