Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

Քիչ առաջ տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։ Վերջինիս օգտին քվեարկությանը մասնակցած ավագանու 57 անդամներից կողմ է քվեարկել ավագանու 44, դեմ՝ 10 անդամ, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Այսպիսով՝ Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով։  Դեկտեմբերի 15-ին պարզ դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Խմբակցությունը այնուհետև հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով քաղաքապետին անվստահություն հայտնելու պատճառների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։
16:35 - 22 դեկտեմբերի, 2021
Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու |1lurer.am|

Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ քաղաքապետի և ավագանու, Կառավարության միջև ճգնաժամ կա: Նա հայտնեց նաև, թե ինչու է համաձայնել ստանձնել քաղաքապետի պաշտոնը: «Այս պահին կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ գործող քաղաքապետի հետ խնդիրներ չի ունեցել:  Հարցին ի պատասխան՝ եթե գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից, ինչպե՞ս է համաձայնել քաղաքապետի թեկնածությանը և ինչո՞ւ է մասնակցում գործընթացին, Սարգսյանը նշեց. «Մեր քաղաքական համակարգը, ինստիտուտը ձևավորված է այդ տրամաբանությամբ, կարծում եմ՝ եթե դժգոհություն կա, մենք պետք է մտածենք սրանից հետո, որ փոփոխության ենթարկենք, որ ոչ թե կուսակցությամբ ներկայանա քաղաքապետը, այլ իր անհատականությամբ ներկայանա, որպեսզի այդ խզումը չլինի: Եթե օրենսդրության տրամաբանությունը տանում է դրան, ապա ունենք այն իրավիճակը, ինչ հիմա ունենք»:   
13:52 - 22 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը վաղը փակագծեր կբացի. ավագանու անդամներն ահազանգում են ճնշումների մասին

 |factor.am|

Հայկ Մարությանը վաղը փակագծեր կբացի. ավագանու անդամներն ահազանգում են ճնշումների մասին |factor.am|

factor.am: Երևանի ավագանու այսօրվա հերթական նիստը չկայացավ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության հայտարարած բոյկոտի պատճառով: Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ձախողեցին 38 հարցի քննարկում, որոնց թվում էր նաև երևանցիների կյանքը բարելավող 2022 թվականի համայնքային բյուջեի նախագծի քննարկումը: Իմքայլականները հայտնել են, որ բյուջեի նախագիծը կքննարկեն նոր քաղաքապետի ընտրությունից հետո: «Իմ քայլից» ավագանու անդամ Վահե Գևորգյանը, հիշեցնելով Սերժ Սարգսյանի ընտրության օրինակը, կարծում է, որ քաղաքապետի պաշտոնում իշխանության նոր թեկնածուի՝ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարումը ևս կարող է ձախողվել։ «Իմ քայլի» մեծամասնությունից զատ՝ նիստին ներկա չէին նաև խմբակցության այն անդամները, որոնք կողմ են Մարությանի պաշտոնավարմանը: Վաղը Երևանի ավագանին հատուկ նիստում կքննարկի Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու և քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու հարցը: Մինչ Հայկ Մարությանը լռում է իրեն պաշտոնանկ անելու գործընթացի մասին, նրան աջակցող ավագանու անդամները նոր մանրամասներ են բացահայտում՝ բարձրաձայնելով քաղաքական հետապնդումների մասին: Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին չմիացած Լուսինե Մխոյանը հավաստիացնում է, որ նիստերից իր բացակայությունները եղել են հղիության և կորոնավիրուսով վարակվելու պատճառով, իսկ այժմ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանն այդ փաստն օգտագործում են որպես ճնշման գործիք: Ավագանու մեկ այլ անդամ՝ Գրիգոր Երիցյանը նշում է, որ Լևոն Հովհաննիսյանն իրեն փոխանցել է՝ եթե չի միանում քաղաքապետի դեմ արշավին և, միաժամանակ, վայր չի դնում մանդատը, ապա Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» բյուջետային ֆինասավորումը կսառեցվի: Ավագանու իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալաջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանը չեն հերքում ճնշումների մասին ավագանու անդամների պնդումները: Նրանք հաստատեցին և՛ Լուսինե Մխոյանի, և՛ Գրիգոր Երիցյանի փոխանցած տեղեկությունները: Ցանկացած մեկը, որը չի պաշտպանի քաղաքապետին պաշտոնանկ անելու որոշումը, նրա հետ համագործակցությունն առաջիկայում խնդրահարույց է լինելու, բացահայտ հայտարարում է Լևոն Հովհաննիսյանը: Ի դեպ, նոր փոխքաղաքապետի պաշտոնում շրջանառվում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի անունը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նախկինում իր թեկնածությունն առաջադրվել է, բայց Հայկ Մարությանը դեմ է եղել: Երևանի քաղաքապետարանի գործադիր կազմում ևս միանշանակ չի ընդունվում Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը: Քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ իշխանությունների սկսած գործընթացը ժողովրդավարական չէ: Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում առկա խորը տարաձայնություններից զատ՝ միանշանակ դիրքորոշում չունեն նաև ընդդիմադիրները: Երեք հոգանոց «Լույս» խմբակցությունից Մարությանի հրաժարականին կողմ է միայն Անի Խաչատրյանը, իսկ Դավիթ Խաժակյանն իր և Թեհմինա Վարդանյանի դեմ լինելը բացատրում է այն հանգամանքով, որ սա ներկուսակցական վեճ է և չեն ցանկանում միջամտել, սակայն Մարությանի աշխատանքից նրանց դժգոհությունը չի նվազում: Իսկ ահա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ խմբակցությունը միացել է Մարությանին պաշտոնից հեռացնելու գործընթացին: Նրանք, ի թիվս այլ խնդիրների, հիշել են, որ Ծառուկյանի հրավիրած շեյխերին Մարությանը լավ չէր դիմավորել: Այսպիսով, ըստ ամենայնի, Հայկ Մարությանը վաղը պաշտոնանկ կարվի․ այս հարցով գոնե մինչ այս պահը մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել: Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Հայկ Մարությանը Երևանի առաջին քաղաքապետը կլինի, որը հեռանում է սեփական թիմի կողմից նախաձեռնված անվստահության գործընթացի արդյունքում: Առավել մանրամասն՝ factor.am-ում
20:54 - 21 դեկտեմբերի, 2021
Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

Երեւանի ավագանու նիստին ներկա են 8 հոգի. քվորում չլինելու պատճառով Հայկ Մարությանն ընդմիջում հայտարարեց |armtimes.com|

armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Ներկա է Երեւանի ավագանու 8 անդամ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քվորում չլինելու պատճառով կես ժամ ընդմիջում հայտարարեց: «Ընդմիջում հայտարարենք, մինչեւ բոլորը հավաքվեն, եթե գալու են: Եթե քվորում եղավ նիստը կսկսենք, եթե ոչ՝ կհայտարարենք չկայացած»,-ասաց նա: Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօրվա  կայանալիք հերթական նիստին չի մասնակցելու: Քաղաքապետը նաեւ նշեց, որ մինչեւ ընդմիջում հայտարարելը ցանկանում է երեւանցիներին ուրախալի լուր հայտնել: «Այսօր հայտարարվել է եւս 280 նոր վերելակի մրցույթ: Ստացվում է, որ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր 44-օրյա պատերազմական գործողություների հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: Փաստացի 2022 թվականին Երեւանում մենք կունենանք լրիվ նոր, փոփոխված 1000 վերելակ»,-նշեց Մարությանն ու հայտարարեց ընդմիջում: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:
11:45 - 21 դեկտեմբերի, 2021
Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝  «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

Հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

«Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցությունը․   «Հարգելի երևանցիներ,   հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:   Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 
22:01 - 20 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:  Գայանե Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Հարգելի՛ երևանցիներ, ընկերներ, գործընկերներ, 2018-ի սեպտեմբերին ընտրված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներառական մի միավոր էր, որն ամբողջությամբ արտահայտում էր հեղափոխության արժեքներն ու գաղափարախոսությունը: Ավագանու անդամի պատասխանատվությունը ստանձնել եմ քաղաքի խնդիրների լուծմանը մասնակից լինելու համար և երեք տարվա մեջ փորձել եմ դա անել ամեն օր, անտրտունջ ու մեծ նվիրումով: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Քանի որ ավագանու և մեր խմբակցության կազմում մշտապես փորձել եմ առաջ շարժվել արդարամտորեն ու հետևելով խղճիս ձայնին` հիմա էլ փորձեմ մեր գործունեությանն այդպիսի հետադարձ հայացք գցել:  Ընտրվելուց հետո մեծ եռանդով լծվեցինք գործի: Խմբակցությունով աշխատում էինք շատ ակտիվ` թե՛ անհատապես, թե՛ աշխատանքային խմբերով, բոլորն իրենց անելիքն ունեին: Քաղաքապետը ևս հաճախ էր մասնակցում մեր նիստերին, միասին քննարկում էինք անելիքները, լավատեղյակ էինք ամենին, ինչ կատարվում էր քաղաքապետարանում: Սակայն, հետզհետե իրերի դրությունը փոխվեց: Իմ խորին համոզմամբ` մեր խմբակցությունը բավականին թուլացավ 2018-ի ԱԺ ընտրություններին մեր գործընկերների մի մասի` պատգամավոր դառնալու և դրանից հետո էլ կազմի անընդհատ շարունակվող փոփոխության պատճառով: Քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագծին դեմ հանդես գալուց հետո խմբակցության հետ քաղաքապետի հարաբերություններն այլևս առաջվանը չէին: Հազվադեպ էինք հանդիպում նրան, հաճախ՝ ավագանու նիստից նիստ, իրականացվող ծրագրերի մասին երբեմն իմանում Երևանի քաղաքապետարանի կայքից կամ ԶԼՄ-ներից:  Խմբակցության մեր վերջին հանդիպմանը իմ գործընկերներին կրկին ասացի, որ մենք խմբակցությունով չկարողացանք դառնալ այն ուժը, որի հետ քաղաքապետը կհամագործակցեր: Կային մարդիկ, որոնց ամիսներով չէինք տեսնում: Խմբակցության նիստերին հաճախ մասնակցում էին անդամների կեսից էլ պակաս մարդիկ, ավագանու նիստերին` ևս: Քաղաքապետն էլ իր հերթին բավարար ջանք չգործադրեց համայնքի համար կարևորագույն ռեֆորմներն առաջ տանելու հարցում խմբակցության հետ գործընկերային անհրաժեշտ հարաբերությունն ապահովելու և այդ ռեֆորմների մասը դարձնելու համար:  Այս ողջ ընթացքում փորձել եմ երկու կողմի հետ էլ խոսել երկխոսության կարևորության մասին, բայց երևի այնքան էլ լավ չեմ կարողացել տեղ հասցնել ասելիքս, չգիտեմ: Արդյունքում ստացվեց այնպես, որ ես ու մի շարք իմ գործընկերներ շարունակում էինք մեր աշխատանքը` հանուն Երևանի՝ հաճախ տարբեր խնդիրների մասին բավարար տեղեկատվություն չստանալով երկու կողմից էլ: Օրինակ, ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է ավտոբուսների ձեռքբերման արդեն հրապարակային քննարկվող սաբոտաժին մասնակցած իմ որոշ գործընկերների դրդապատճառը` բացառությամբ «ուզում ենք եվրոպական արտադրության ավտոբուսներ ներկրել» ընդհանրական պնդման:  Այս ճգնաժամն այնքան խորացավ, որ այժմ ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նպատակով: Ես հաճախ եմ աջակցել քաղաքապետին իր գործունեության ընթացքում` տեսնելով աշխատասիրություն, համայնքային ամենասուր խնդիրները լուծելու կամք ու հոգատարություն: Այսօր էլ հավատացած եմ, որ իր գործունեության մեջ առաջնորդվել է ազնիվ և համայնքանպաստ մղումներով: Միաժամանակ, հասկանալի է, որ իշխող խմբակցություն-քաղաքապետ խզումն այլևս անցել է անդառնալիության կետը և չի կարող այսպես շարունակվել: Ճգնաժամի հանգուցալուծման մի քանի տարբերակ էր քննարկվում խմբակցությունում` ներառյալ անվստահություն հայտնելը, որին ես, ի սկզբանե, կտրականապես դեմ եմ արտահայտվել, քանի որ այն համարում եմ ոչ կառուցողական, ցնցումներով լի, համայնքի և երևանցու և մեր հասարակության շահերից չբխող: Սակայն որոշումն ընդունվել է առանց իմ մասնակցության և այն մատուցվել որպես վերջնական: Ուստի, դեկտեմբերի 17-ին դիմում եմ ներկայացրել ավագանու մանդատս վայր դնելու վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետին, խմբակցությանը և ավագանու մյուս անդամներին, քաղաքապետարանի, վարչական շրջանների իմ գործընկերներին համատեղ երեք տարվա աշխատանքի համար և ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից գործս կիսատ թողնելու համար: Այսպիսով փակում եմ իմ կյանքի` Երևանի ավագանու անդամի գործունեության էջն ու այս հարցին այլևս չեմ անդրադառնալու»:
17:07 - 19 դեկտեմբերի, 2021
Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում ասվում է․   «Վերջին օրերին սրվել են գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ գործադիր իշխանության միջև հարաբերությունները։ Հարցազրույցներից և հայտարարություններից ակներև է, որ այս հակադրության մեջ ակտիվորեն ներքաշվել են նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ականներ։   Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի մասը գործադիր և օրենսդիր իշխանությունների դրդմամբ նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Լուրեր են շրջանառվում, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամները, որոնք սատարում են Մարությանին, ենթարկվում են տարաբնույթ ճնշումների․ նրանց սպառնում են, ստիպում հանդես գալ քաղաքապետի դեմ կամ մանդատը վայր դնել։   Սույն իրավիճակը կտրուկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանության տարանջատման սկզբունքին, հակասում է պետական հաստատությունների իրավասությունների և պարտավորությունների տարանջատմանը։   Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն լրջագույն թերացումներ է նկատել քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության (կամ անգործության) մեջ․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ֆիզիկայի գիտավանի կառուցապատման և մի շարք այլ դեպքերում քաղաքապետարանի գործունեությունը կարելի է գնահատել բացասական։ Միաժամանակ արժի նշել, որ այդ դեպքերում նույնպես ակներև է գործադիրի կողմից քաղաքի կառավարմանն անհարկի միջամտությունը։ Նաև անընդունելի են Մարությանի կադրային քաղաքականության մի շարք դրսևորումներ, մասնավորապես՝ քաղաքային պլանավորմանը (քաղաքաշինությանը) առնչվող որոշ նշանակումներ։   Չնայած այս թերացումներին, կոմիտեն համարում է, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն նման ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ, քանի որ վերջիններս արդար կերպով ընտրվել են Երևանի համայնքի կողմից։ Կոչ ենք անում կառավարությանը և օրենսդրին չսրել իրավիճակը:   Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք աչալուրջ լինել և խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»,-ասված է հայտարարության մեջ։ 
13:47 - 19 դեկտեմբերի, 2021
Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը

Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինքն ու խմբակցության անդամ Պավել Մազմանյանի ստորագրել են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը։ Տեղեկությունը հերքում է նաև Սիփան Ասատրյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)։ Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։ Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների»։ Այս լուրն ի սկզբանե տարածել irakanum. am կայքը՝ հղում անելով իր տեղեկություններին։ Կայքը գրել էր, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին միացել են ավագանու 65 անդամից 43-ը՝ հրապարակված ցանկում նշելով նաեւ Պավել Մազմանյանի եւ Սերգեյ Սարգսյանի անունները։ Հետագայում, սակայն, կայքն այս անուններն այդ ցուցակից հանել է։ Այս լուրն արտատպել են նաեւ news.am, armdaily.am, yerkir.am , armday.am կայքերը, որոնք, սակայն տեքստը չեն խմբագրել, Պավել Մազմանյանի ու Սերգեյ Սարգսյանի անունները չեն հանվել ցուցակից։
13:46 - 18 դեկտեմբերի, 2021
Կողմ ենք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգին․ Միքայել Մանրիկյան

Կողմ ենք Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին․ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգին․ Միքայել Մանրիկյան

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը իրենց օրակարգում է եղել դեռևս 2018 թ․-ից․ «Մեր օրակարգում այդ խնդիրը ավելի շուտ է եղել, քան «Իմ քայլը» խմբակցությունն է սկսել, մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Իհարկե, հիմա իրենք որ սկսել են, դա համընկնում է մեր օրակարգի հետ․ մենք ոչ թե միանում ենք, այլ դա համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, և բնականաբար մենք կողմ ենք լինելու»։ Մարությանին անվստահություն հայտնելու համար, Մանրիկյանի խոսքով, մի քանի պատճառներ կան․ «Մեր հիմնավորումն է սկսած կամազների թեմաներից վերջացրած շեյխերի ներդրումները։ Պարոն Ծառուկյանը ինչպես Աբովյանում  երիտասարդների համար կառուցում է բնակարաններ, սոցիալական ծրագրեր, այնպես էլ ցանկություն է հայտնում Երևանում կառուցել։ Դիմել էինք քաղաքապետարան, որպեսզի հող հատկացվեր, ասել էին՝ հող չկա, բայց կոնկրետ այդ հողը, որի համար դիմել էինք, ամիսներ անց վաճառվել էր աճուրդով։ Այսինքն՝ այս ամեն ինչի համատեքստից ելնելով, մենք դեռ 2018 թ․-ից այդ օրակարգը ձևավորել ենք»։ Մանրիկյանն ընդգծեց՝ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել, որովհետև ավագանիում բավարար ներկայացվածություն չեն ունեցել․ «Հիմա կա այդպիսի օրակարգ, որը համընկնում է մեր քաղաքական թիմի օրակարգի հետ, բայց մեր հիմնավորումները այն հիմնավորումները չեն, որոնք կբերի «Իմ քայլը», մենք մեր հիմնավորումների վրա ենք կառուցում մեր մոտեցումը»։  Նա հավելեց, որ իր հայտնած տեսակետը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետն է։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ արդեն 39 ստորագրություն արդեն հավաքել են։ Այս հայտարարությունից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հայտարարել էին, որ իրենք չեն միանալու քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին։     Նանե Ավետիսյան
17:06 - 16 դեկտեմբերի, 2021
Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը |armenpress.am|

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի  ավագանու անդամները ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեցին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին: Այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Որոշումն ընդունվեց միաձայն: Հայկ Միրզոյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, շեշտեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու պոլիկլինիկաների արդիականացման հարցին: «Այս հանձնաժողովի նախագահը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել և կառավարել բոլոր ոլորտները, անել այնպես, որ ավագանու բոլոր անդամները կարողանան ներկայացնել լավ գաղափարները և լիարժեք գործունեություն ծավալել համապատասխան ոլորտներում»,-նշեց Միրզոյանը: Հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հուլիսի 2-ին դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Վերոնշյալի մասին գրություն էր ներկայացվել նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի կողմից: Հաշվի առնելով վերոգրյալը և «Իմ քայլը» խմբակցության 14.09.2021թ. առաջարկությունը՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանի թեկնածությունը:
16:34 - 26 հոկտեմբերի, 2021
Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան |armenpress.am|

Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքը կունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 24,868.1 հազար դրամ կհատկացվի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում գտնվող շուրջ 4.5 հա մակերեսով հողամասի և շուրջ 15,500 քմ ընդհանուր մակերեսով թվով 13 շենք-շինությունների ձեռքբերման նպատակով: Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 310 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին որոշումն ընդունվեց հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 41 անդամ: Ե՛վ իրավական, և՛ շինարարական, և՛ նախագծային նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի Նոր Նորքի Թևոսյան 9 հասցեում Երևան համայնքն ունենա ավտոբուսների համար նախատեսված նոր հավաքակայան: Ավագանու անդամները նշեցին, որ այդ տարածքում չորրորդ կարգի վթարային շենքեր կան, որոնք պետք է քանդվեն:
12:37 - 26 հոկտեմբերի, 2021