Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր
 |1lurer.am|

ՍԴ դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանի թեկնածությանը կողմ է քվեարկել Դատավորների ընդհանուր ժողովի 158 դատավոր |1lurer.am|

1lurer.am: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Նախքան Ազգային ժողովում նրա թեկնածությունը ներկայացնելը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը պարզաբանեց, թե ինչպես է առաջադրվել Բալայանի թեկնածությունը: 2024 թվական հունվարի 4-ին դադարել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորությունները, և ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար: Թեկնածուի ընտրության նպատակով փետրվարի 2-ին հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որին մասնակցել են ՀՀ-ում գործող 314 դատավորներից 283-ը: Կարգի համաձայն՝ ՍԴ դատավորի թեկնածու կարող է ինքնառաջադրվել, նաև առաջադրվել այլ դատավորի կողմից: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի կողմ ձայները: Որպես ՍԴ թեկնածու՝ ինքնաառաջադրման եղանակով իրենց թեկնածություններն են առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քերական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը և վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը: «Ընտրությունն իրականացվել է գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել է 100 դատավոր, Դավիթ Բալայանի թեկնածությանը՝ 158 դատավոր, իսկ Արմեն Ներսիսյանի թեկնածությանը՝ 12 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողով կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Կիմի Բալայանը»,- ասաց Լիլիթ Թադևոսյանը:
13:06 - 28 փետրվարի, 2024
Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի |armenpress.am|

Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը կհետաձգվի |armenpress.am|

armenpress.am: Բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեության համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը կերկարաձգվի։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Գասպարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ գործող օրենքով սահմանվել է անցումային շրջան, ըստ որի՝ նշված պահանջները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը չեն տարածվելու մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը (2022 թվականի հոկտեմբերի 22) ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա։ «Սահմանվել են բժշկական արտադրատեսակների արտադրության, ինչպես նաև սպասարկման լիցենզավորման կարգերը»,-հավելեց փոխնախարարը։ Նշված կարգերի համաձայն՝ բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման համար լիցենզիաները տալիս է Առողջապահության նախարարությունը՝ փորձագիտական կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման հետաձգումը կրճատել է տնտեսվարող սուբյեկտներին լիցենզավորման գործընթացին պատրաստվելու և սահմանված պահանջները կատարելու համար տրված անցումային շրջանը: Հատկապես ժամանակատար է տնտեսվարողների կողմից որակի կառավարման համակարգերի ներդրումը և համապատասխան հավաստագրումը, որը միջինում տևում է 7-9 ամիս: Նկատի ունենալով խնդիրը՝ նախագծով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
12:04 - 28 փետրվարի, 2024
ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

ՀՀ ընկերությունները ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ-ի պետական գնումների գործընթացներին. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից են պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունը և ինտեգրումը: Համաձայնագրով նախատեսված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները անդամ պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ: «Եթե հիշում եք, մինչև այժմ միայն Հայաստանն էր միակողմանի ձևով ընդունում մեր գործընկեր երկրների ԿԲ-ների կողմից լիցենզավորված բանկերի թողարկված երաշխիքները: Հայկական ընկերությունները երբ փորձում էին մասնակցել ԵԱՏՄ երկրների պետական և մունիցիպալ գնումներին, իրենցից պահանջվում էր բանկային երաշխիք, բայց հայկական բանկերի կողմից թողարկված երաշխիքները չէին ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով փաստացի սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հայկական բանկերը բոլոր պահանջներին բավարարում են, և համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ ընկերությունները պետք է ավելի մեծ հասանելիություն ունենան ԵԱՏՄ-ի՝ պետական (մունիցիպալ) մակարդակում գնումների գործընթացներին: Վերջինիս խոսքով՝ Հայաստանը միակողմանի ճանաչում էր ԵԱՏՄ բոլոր երկրների երաշխիքները, քանի որ մեր շուկան շատ փոքր է, և եթե նայեինք, թե ինչ էինք ստանալու՝ սահմանափակելով խոշոր կազմակերպությունների հասանելիությունը մեր շուկա, մենք ավելի շատ տուժելու էինք, քան օգուտ էինք ստանալու: «Սրանով նաև մենք հիմա քննարկում ենք լրացուցիչ պայմաններ սահմանել բանկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գնումների շրջանակում, որպեսզի որոշակի ռիսկեր փակվեն, այսինքն՝ հաջորդ քայլը լինելու է նոր օրենսդրության շրջանակում դիտարկել նաև բանկային երաշխիքները, թե որոնք ենք ընդունում»,- ասաց Ավանեսյանը: Համաձայնագրի ստորագրման նպատակը մի անդամ պետության տարածքում գրանցված հնարավոր մատակարարների (կապալառուների, կատարողների) համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելն է: Մասնավորապես՝ ՀՀ-ում գրանցված տնտեսվարող սուբյեկտները կարող են ՌԴ-ում կազմակերպվող գնման գործընթացներին ներկայացնել ՀՀ առևտրային բանկերի տրամադրած բանկային երաշխիքները:
11:56 - 28 փետրվարի, 2024
ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու կարգի, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց պատվավոր կոչումները հանելու, կուտակային կենսաթոշակից վաղաժամ օգտվելու կարգի, երթևեկության մասով տուգանքը 20%-ով քիչ վճարելու նախագծերը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին քվեարկության դրվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված մի շարք նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, համաձայն որի՝ հարկային վարչարարության ընթացքն ու արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին նաև «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ու կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները, համաձայն որոնց՝ կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ, և 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող նախագծով սահմանվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում եզրակացության տրամադրման կարգը՝ գործառույթը վերապահելով ՀՀ պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Մինչ այս էլ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում մասնակիցն իրավունք ուներ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ։ Գործառույթը, սակայն, վերապահված էր Առողջապահության նախարարությանը Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքը 20 տոկոսով քիչ վճարելու արտոնությունը: Կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից, մինչդեռ առաջին ընթերցման ժամանակ նախատեսված էր գործարկել հուլիսի 1-ից:
11:06 - 28 փետրվարի, 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

civilnet.am:Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ «Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սառեցված լինելու մասին հայտարարությանը, Սիմոնյանը նշեց․ «Փաստացի մեր չմասնակցությունը (ՀԱՊԿ նիստերին – խմբ․) իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն ինքն իրեն անջատել է և չի աշխատում»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություններին, ԱԺ նախագահն ասաց․ «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի, բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»։
12:41 - 27 փետրվարի, 2024
Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին
 |armenpress.am|

Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան  այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են տարածվող լուրին՝ նշելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է:
12:07 - 27 փետրվարի, 2024
Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
 |armenpress.am|

Ավտոմեքենան «երկրորդ գծում» կանգնեցնելու համար տուգանային միավորը 0.5- ից կնվազեցվի 0.25-ի. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է ավտոմեքենան երկրորդ գծում կանգնեցնելու համար կիրառվող տուգանային միավորը 0.5-ից նվազեցնել 0.25-ի: Այս մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման շրջանակում: Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերով արձանագրված խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պարագայում քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատգամավորներն այլ առաջարկներ ևս ներկայացրել են, նախագծում լրացումներ են կատարվել: «Մի խումբ պատգամավորների առաջարկի հիման վրա՝ երկրորդ գիծ կանգնելու հետ կապված 0.5 տուգանային միավորը դարձնում ենք 0.25 տուգանային միավոր»,-ասաց Արփինե Սարգսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տաքսու վարորդների հետ գրեթե ամենօրյա շփումների ընթացքում հասկացել են, որ երկրորդ գծում տարեկան մի քանի անգամ ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով մարդը զրկվու է վարորդական իրավունքից ու փաստացի ապրուստի միջոցից՝ ընդ որում սա այն դեպքում, երբ մարդը չի ունենում խախտման չարամտություն, պարզապես պատվեր տվողն ուշ է մոտենում ավտոմեքենային: Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս հաստատեց՝ փոփոխությունն առաջարկել են՝ հաշվի առնելով հիմնականում տաքսու ծառայություն մատուցողների շահերը: «Այս խախտումը հիմնականում իրականացվում էր տաքսի ծառայություն իրականացնող վարորդների կողմից, որովհետև ամենաշատն իրենք են կանգառ-կայանում իրականացնում օրվա ընթացքում»,-նշեց պատգամավորը:
12:00 - 27 փետրվարի, 2024
Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասին |tert.am|

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասին |tert.am|

tert.am: Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն կատարենք, և երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կանչի կուլիսներում քննարկում անի և ասի՝ արի այս գործը «ծածկադմփոց» անենք կամ չանենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր եղբոր կնոջ խափանման միջոցի փոփոխության մասին հարցին։ ԱԺ նախագահը վստահ է՝ մեղադրանքը սխալմունք է եղել։ «Գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անհնար է և անընդունելի։ Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», - հայտարարեց Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։ «Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարաչպետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ», - պնդեց ԱԺ նախագահը։
11:55 - 27 փետրվարի, 2024
Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման և հավելավճարի հնարավորություն կստանան
 |armenpress.am|

Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման և հավելավճարի հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կներդրվի նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը: Զինված ուժերում գործող հաստիքները բաժանվում են զինվորական և ոչ զինվորական հաստիքների: Ոչ զինվորական հաստիքներն են քաղաքացիական ծառայողներն ու քաղաքացիական աշխատանք կատարողները: Ոչ զինվորական ծառայողների վարձատրության չափի մասով հիմնական մոտեցումն այն է, որ, լինելով քաղաքացիական մասնագետներ, այս ծառայողները պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որ հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել զինված ուժեր: Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցողները հիմնականում իրականացնում են մարտականի հետ կապված մասնագիտական, ապահովման, կազմակերպման, սպասարկման, ինչպես նաև վարչական բնույթի այլ գործառույթներ: Ելնելով այդ գործառույթների բնույթից ու ծառայության պայմաններից՝ այդ հաստիքները պետք է լինեն զինվորական: «Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության և մասնագիտական գիտելիքների թեստերը, այսինքն՝ շարայինն ու ֆիզիկականը չեն հանձնի»,-ասաց փոխնախարարը: Ատեստավորման դրական արդյունքների դեպքում վճարվող հավելումների չափը մարտականի չափից քիչ կլինի: Քննարկվում է 50-70 տոկոս չափը: Որոշումը դեռ կառավարության կողմից կկայացվի: Միաժամանակ առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել:
11:38 - 27 փետրվարի, 2024
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին
 |news.am|

Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ պաշտպանության փոխնախարարին |news.am|

news.am: Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Նաեւ անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով: Ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երեւույթի դեմն առնելու համար: Ովքեր, երբ եւ ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,- ասաց պատգամավորը: Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»: Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որեւէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում: Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:
11:05 - 27 փետրվարի, 2024
Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
 |armenpress.am|

Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին և անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է և շատ դժվար է լինելու։ «Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,-ասաց Պապոյանը։ Նա նշեց, որ փետրվարի 26-ին պատգամավորական իր մանդատը վայր է դրել։ «Ինչպես գիտեք՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,-եզրափակեց Պապոյանը։ Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Գևորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:
15:48 - 26 փետրվարի, 2024
Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ
 |news.am|

Էլի եմ կարծում, որ ԱԺ-ում անելիք ունեմ, բայց քաղաքական թիմն այսպես որոշեց․ ըստ Պապոյանի՝ նախարարի աշխատանքը գրավիչ չէ |news.am|

news.am: Այո, ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարեւոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, շրունակում եմ պնդել, որ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ պատասխանատվությամբ եւ ի գիտություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանը հրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։ Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց. «Եկեք անկեղծ լինենք, պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ: Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ: Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության գործադիր տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ: Ընդ որում, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխնատվությունը մեծ է»,-ասաց նա:
15:46 - 26 փետրվարի, 2024
ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք
 |armenpress.am|

ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ անդամ պետությունները կսահմանեն արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման ընթացակարգը, ինչպես նաև կամրագրեն այդպիսի նախագծերի ընտրության ու իրականացման կարգը: Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը։ Նրա խոսքով՝ սահմանվում է նաև ֆինանսական աջակցության ձևաչափը` Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդների որոշումներով: Նա պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին  2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը: Նշվել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականի մայիսի 25-ին, Մոսկվայում: Զեկուցողի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար կստեղծվի ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է նաև բարձր տեխնոլոգիական, նորարական և  մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական  համագործակցություն իրականացնելու միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր: «ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Դա այն բյուջեն է, որը նախատեսվում է սուբսիդավորման համար»,-ընդգծեց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը: Ֆինանսական աջակցության ծրագիրը կգործի 5 տարի: Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ում իրականացվում է նման նախագիծ` «Էլեկտրոբուս», որին մասնակցում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Այդ նախագիծը կարող է դիտարկվել որպես այս ծրագրի շահառու»,-ասաց Նարեկ Տերյանը: Ըստ նրա` տնտեսվարողների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի կոոպերացիոն ծրագրեր կարելի է իրականացնել: Նշվել է, որ հիմնական հետաքրքրվածությունը ցուցաբերվել է մետալուրգիայով զբաղվող ընկերությունների կողմից: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։
15:01 - 26 փետրվարի, 2024
Կներդրվի կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ. նախագիծ

Կներդրվի կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ. նախագիծ

Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների և շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաև ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը` բարձրաձայնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը և կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: «Շարունակելով Կառավարության որդեգրած` քաղաքացիների բեռը թոթափելու քաղաքականությունը` փաթեթով ներդնում ենք կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Օրինակ` ներկայումս դրամական պարտավորություններով մշտապես հաշվարկվում է 5 տոկոս կատարողական ծախս` անկախ փաստացի կատարված գործողություններից: Նախաձեռնությամբ, եթե վարույթը հարուցելուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացին կամովին վճարի և կատարի պարտավորությունը, ապա կգանձվի ընդամենը 2 տոկոսի չափով կատարողական վճար»,- ընդգծել է զեկուցողը: Փոխնախարարի խոսքով ներդրվում է նոր մեխանիզմ, ըստ որի` երկու կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը, փոխել կատարման կարգը կամ եղանակը: Նախկինում դա հնարավոր է եղել միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց պահանջում էր լրացուցիչ ծախս ու ժամանակ: «Այսուհետ վարույթ ունեցող քաղաքացին որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը, հանձնել վարձակալության կամ աճուրդից դուրս ինքնուրույն վաճառել` վարձավճարը և վաճառքի գինը վճարելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտային հաշվին»,- ընդգծել է Լևոն Բալյանը: Նախագծերի փաթեթով ամբողջությամբ ներդրվում է նորարական և հավակնոտ գաղափար` հրաժարվելով կատարողական թերթի հնացած ինստիտուտից` դրանով քաղաքացուն և դատարանին ազատելով բովանդակային բեռ չունեցող  կատարողական թերթի տրամադրման փուլից: Դատական ակտերի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման կարգ կամ եղանակ սահմանելու, դրանք փոխարինելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնեմասի վրա իրավաբանական անձի կանոնադրական բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու գործընթացները դատարանից տեղափոխվում են դեպի կատարողական վարույթ: Ըստ զեկուցողի` արդյունքում էականորեն կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը: Կառավարության հեղինակած նախաձեռնությամբ ներդրվում է նաև կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային ծանուցման համակարգ, որով կատարողական վարույթների անձնական գրասենյակում գրանցված քաղաքացիները` իրենց համաձայնությամբ, վարույթի մասին կծանուցվեն գրասենյակի և դրան կից էլեկտրոնային փոստի միջոցով: «Նոր գործարկված էլեկտրոնային համակարգի հետ մեկտեղ նախաձեռնության կարգավորումները կապահովեն կատարողական վարույթի ամբողջական թվայնացումը»,- տեղեկացրել է Լևոն Բալյանը: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով արգելադրված և ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարմանը, ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը, ԴԱՀԿ-ի կազմակերպած աճուրդների թափանցիկությանը, կատարողական վարույթի հետևանքով անձի բանկային հաշիվների վրա դրված արգելանքին: Փոխնախարարը նշել է, որ արգելանք կիրառելու չափի վերաբերյալ որոշումը կայացվում է տվյալ պարտավորությունը կատարելու և նաև կատարողական ծախսերի գումարի չափով: «Այս տարի գործարկել ենք նոր էլեկտրոնային ծրագիր, որը լուծում է այդ հարցը: Կարծում ենք` այսուհետ նման դժգոհություններ չեն լինի»: Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ նախաձեռնությամբ զգալի փոփոխություններ են իրականացվում: Արփինե Դավոյանի խոսքով նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի վերաբերյալ օրենսդրության կանխատեսելիությունը, որոշակիությունը: Պատգամավորը հորդորել է հավանության արժանացրել քննարկված օրենսդրական փաթեթը: Նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 20-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:
14:56 - 20 փետրվարի, 2024
Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան
 |armenpress.am|

Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների և սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»: Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և նրանց քվեարկությունը 50 և ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի: «Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը: Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե, ես ինքս պայքարելու եմ, որ որևէ քվե չկեղծվի»,- ասաց Պապոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:  Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։
16:18 - 19 փետրվարի, 2024