ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը: Ողջունելով դեսպանին` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ կարեւորել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը`Հայաստանն ու Արգենտինան մի շարք ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն՝ հատկապես հաշվի առնելով Արգենտինայում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Նա կարեւորել է հատկապես տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը` անհրաժեշտ համարելով գյուղատնտեսության բնագավառում արգենտինական փորձի կիրառումը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները եւ ագրեսիան` կարեւորելով այդ հարցում բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը: Այս համատեքստում դեսպանը նշել է, որ Արգենտինան՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, մշտապես  հայ ժողովրդի կողքին է: Դեսպանը նույնպես ընդգծել է բարեկամական խմբերի սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը, փոխայցերի կազմակերպումը: Մարիանո Վերգարան համաձայնել է, որ Արգենտինան եւ Հայաստանը երկար տարիների եղբայրական ու բարեկամական սերտ կապեր ունեն, եւ մի շարք ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա: Նա ներկայացրել է դեսպանատան գործունեությունը, խոսել իրականացվելիք ծրագրերի մասին: Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել Արգենտինայի առեւտրային պալատ` նպատակ ունենալով զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
17:21 - 24 նոյեմբերի, 2021
ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

ՔՊ-ն Իջևանում առաջատար է․ ԿԸՀ նախնական տվյալներ

Տավուշի մարզի Իջևան համայնքում երեկ՝ նոյեմբերի 14-ին անցկացվել են ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրությանը մասնակցում էր երկու ուժ՝ ՀՅԴ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն կամ 15․86%, իսկ ՔՊ-ն՝ 10 003 ձայն կամ 80․78%։ ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ ՀՅԴ-ի ավագանու ցուցակը՝ Վահան Ղազումյանը։ Նշենք, որ Իջևանում ընտրողների ընդհանուր թիվը  33 090 է, քվեարկությանը մասնակցել է 12 383-ը կամ 37․42%-ը։ Անվավեր քվեաթերթիկների քանակը 414 է։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
09:41 - 15 նոյեմբերի, 2021
Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակից։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն ուղղված են Պետդեպարտամենտին և Պաշտպանության դեպարտամենտին՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյո՞ք ամերիկյան օրենսդրության խախտում չէ։ Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան,  Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։ Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքներն Ամերիկյան ռազմական օժանդակության բոլոր տեսակներից Ադրբեջանին զրկելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի վերջին կողմ էր քվեարկել այլ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք նույնպես ենթադրում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության արգելք։ 2021թ․ հուլիսին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր իր կոմպետենտության սահմաններում Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ռազմակրթական օժանդակության դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխություն։ Սենատում ներկայացված օրենսդրական փոփոխությունների առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք շնորհակալ ենք սենատորներ Մենենդեսին և Պադիլային` Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում իրենց սկզբունքայնության համար: Մենք աշխատում ենք Վաշինգտոնում և հիսուն նահանգից յուրաքանչյուրում՝ ապահովելու 907-րդ հոդվածի կիրառումը երաշխավորող, ադրբեջանական ռազմական հանցագործությունները հետաքննող, թուրքական անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված տեխնոլոգիաների վերաբերյալ հետաքննություն ենթադրող օրենդրական այս փոփոխությունների ընդունումը»:
12:14 - 05 նոյեմբերի, 2021
ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, կուսակցությունը կմասնակցի նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին: Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում: Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի Մարզի Ջերմուկ համայնքներում կայանալիք ընտրություններին:
20:02 - 02 նոյեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանին իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ

Հոկտեմբերի 20-ին ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը:Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:Կողմերն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար:Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
17:27 - 20 հոկտեմբերի, 2021
Փաշինյանը ՀՅԴ-ն արատավորելու հերթական փորձն է արել. ՀՅԴ Իրանի կոմիտե

Փաշինյանը ՀՅԴ-ն արատավորելու հերթական փորձն է արել. ՀՅԴ Իրանի կոմիտե

Հայ Հեղափոխական Դաշնակցության Իրանի հյուսիսային եւ հարավային  շրջանների կենտրոնական կոմիտեները համատեղ հայտարարություն են տարածել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ Իրանի կառույցների վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ: Այն ներկայացնում ենք առանց խմբագրման: «Օրերս Նիկոլ Փաշինեանը Լիտւայի հայ համայնքի խիստ փոքրաթիւ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու եւ անւանարկելու հերթական փորձն է կատարել։ Նրա թիրախում այս անգամ յայտնւել են ՀՅԴ Իրանի կառոյցները։ Իր ելոյթում Փաշինեանը յայտարարել է, թե Իրանում Դաշնակցութեան կառոյցները փորձում են երկրի իշխանութիւնների մօտ բացասական իմիջ ձեւաւորել ՀՀ գործող իշխանութիւնների մասին՝ այդ կերպ հարւածելով Հայաստանի անվտանգութեան շահերին եւ պետականութեանը։ Այս առիթով հարկ ենք համարում նշել. – Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայոց պետականութիւնը եղել է, կայ եւ կը մնայ որպէս բացարձակ արժէք, որի ամրապնդմանը եւ անվտանգութեան ապահովմանն են ուղղւած կուսակցութեան բոլոր կառոյցների գործադրած ջանքերը։– Այս դէպքում, որոշակիօրէն անհրաժեշտ ենք համարում շեշտել, որ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ՀՅԴ Իրանի կառոյցների ողջ ջանքերը ուղղւած են եղել բացառապէս հայ-իրանական յարաբերութիւնների ամրապնդմանը, բարգաւաճմանն ու զարգացմանը։ Դաշնակցութեան մեծ ընտանիքն ընդհանրապէս, իսկ ՀՅԴ Իրանի կառոյցները՝ մասնաւորապէս, քաջ գիտակցում են, թե հայ-իրանական յարաբերութիւններն ինչպիսի առանցքային ռազմավարական նշանակութիւն ունեն Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան անվտանգութեան ապահովման, թուրք-ադրբեջանական տանդեմի ծաւալապաշտական նկրտումներին դիմակայելու եւ տարածաշրջանում կայունութեան ու անվտանգութեան պահպանման, ինչպէս նաեւ՝ ուժերի յարաբերակցութեան ու հաւասարակշռութեան ապահովման գործում։ Յիշեցման կարգով պէտք է նշենք, որ ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանութիւնների վարած անորոշ եւ ձախողւած արտաքին քաղաքականութիւնը, տարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների չմտածւած յայտարարութիւնները եւ, մասնաւորապէս, 44-օրեայ պատերազմի նախօրէին Իրանի տարածաշրջանային գլխաւոր հակառակորդի՝ Իսրայէլի հետ դիւանագիտական յարաբերութիւնների մակարդակը կտրուկ բարձրացնելու չմտածւած փորձը միանշանակօրէն հարւածել են հայ-իրանական յարաբերութիւններին՝ հարցականի տակ դնելով այն՝ ինչը, որ ձեւաւորւել էր անցեալ 30 տարիների ընթացքում։ Այնպէս, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան՝ ՀՀ արտաքին քաղաքականութեան ոլորտում սեփական անյաջողութիւններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անյաջող եւ բարոյազուրկ փորձ։ Հաւաստիացնում ենք, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր Դաշնակցութեան Իրանի կառոյցների ողջ ջանքերը ուղղւած են լինելու բացառապէս Հայոց պետականութեան ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան շահերի ու անվտանգութեան ապահովմանը»։
13:03 - 06 հոկտեմբերի, 2021
Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ՀՅԴ ԳՄ

Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Մեկ տարի առաջ` 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց հայկական երկու պետությունների դեմ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները։ Պատերազմի սկսվելուց ժամեր անց ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարեց ներքաղաքական պայքարի դադարեցման մասին և, կարևորելով ազգային միասնականությունն ու թուրք-ադրբեջանական ագրեսիային միասնական ջանքերով դիմակայելու կենսական անհրաժեշտությունը, կամավորագրվելու կոչով դիմեց իր շարքերին և ժողովրդին, որին հարյուրավոր հայորդիներ արձագանքեցին և մեկնեցին ճակատ։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք իշխանությանը ներկայացրեցինք նաև իրավիճակի շտկմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ: Ցավոք, իշխանությունն անհաղորդ մնաց համազգային համախմբման կոչերին։ Ավելին՝ երեք տարի շարունակ ներազգային, ներքաղաքական և դիվանագիտական ոլորտներում նրանց իրականացրած կազմաքանդիչ գործողությունները պատերազմի օրերին իրենց կործանարար հետևանքներն ունեցան նաև ռազմաճակատում և հանգեցրին աղետալի պարտության։ Պատերազմից մեկ տարի անց կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև՝ խաթարված ինքնիշխանությամբ, մարդկային և տարածքային ծանր կորուստներով, Արցախի և Հայաստանի Հանրապետություններին ուղղված անվտանգային լրջագույն սպառնալիքներով։ Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած, մեր համազգային շահերին դավաճանած, ՀՀ ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքական օրակարգը նույնն է։ Մեր ապրելու իրավունքի համար զոհված հազարավոր որդիների արյունը պահանջում է ոտքի կանգնել՝ կասեցնելու Հայաստանի պետականության գոյությանն ուղղված մարտահրավերներն ու ներքաղաքական ճգնաժամը, ամրապնդված և ուժեղ պետականությամբ հասնել արժանապատիվ խաղաղության։
16:54 - 27 սեպտեմբերի, 2021
ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը

ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։ Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները։  Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրման և Արցախի Հանրապետության օրվա հոբելյանի առթիվ, սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտոնական ընդունելություն, ուր կներկայացվեն Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթությունները և նորահաստատ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները։ Պաշտոնական ընդունելության ընթացքում, ի թիվս այլնի նախատեսվում է դեռևս 2019թ․ մեր կողմից հիմնադրված Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրություն։ Պաշտոնական ընդունելության անցկացման վայրն է ք․ Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եվրոպա» հյուրանոցի նախասրահ, սկիզբը՝ ժամը 12։00։
13:39 - 31 օգոստոսի, 2021
ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՅԴ խմբակցության անդամներին

Օգոստոսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անձնակազմի հետ: Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել կուսակցության դերն ու նշանակությունը հատկապես հայապահպանության, Հայ դատի, Արցախյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերը միշտ օրակարգում ունենալու գործում. «Պատահական չէ, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը համարել եմ ամենայն հայոց կուսակցություն: Իմ կարծիքով, ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է Արցախում, և նրանից ուսանելու շատ բան ունենք»: Արթուր Թովմասյանը կարևորել է կուսակցության պահապանած պետականամետ առաքելությունը և միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման գործընթացում ունեցած ավանդը: Խոսելով ԱՀ և ՀՀ խորհրդարանների գործունեության մասին՝ Աժ նախագահը նշել է, որ ԱՀ խորհրդարանի դռները բաց են և՛ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր պատգամավորների առջև: ԱԺ նախագահը գտնում է, որ ՀՀ նորընտիր խորհրդարանում Արցախի հարցը պետք է լինի անսակարկելի: ՀՅԴ խմբակցության անդամները ողջունել են նմանատիպ հանդիպումները և առաջարկել դրանք դարձնել պարբերական:
14:18 - 18 օգոստոսի, 2021
Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|

Ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը. ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով. Իշխան Սաղաթելյանը՝ համագործակցության վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին |tert.am|

tert.am: Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը: Այս մասին այսօր ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:«Թշնամին այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է, հազարից ավելի զինվոր ունի և մեր երկրի անվտանգությունը լրջագույն հարցականի տակ է, հետևաբար, եթե փողոցում այս օրերին մարդիկ չկան, ապա սա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է»,- ասել է Սաղաթելյանը:Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշել է, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,– շեշտել է նա:Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանն այս հայտարարությունց առաջ պետք է հետևություններ աներ նաև հենց իր պահվածքից և եթե արել էր, ապա պետք է երկու կարևոր քայլեր աներ: Ըստ Սաղաթելյանի՝ առաջինն այն է, որ առաջին հերթին պետք է ազատվեին այն բոլոր քաղբանտարկյալները, որոնք հիմա կան:«Մյուսն այն է, որ նա դեռ շարունակում է իր «ֆեյքերով», յութուբյան էջերով ատելության խոսք տարածել, մեր մասին վարկաբեկիչ ֆիլմեր, տեսանյութեր հրապարակել:  Քանի դու դեռ այս երկու գործողությունները չես արել, դու պարզապես իրավունք չունես խոսել կառուցողական հարաբերությունների, ատելության խոսքի վերացման մասին: Հետևաբար, այս ամենը հերթական շոուն և ինչ-որ շրջանակների ականջներին հաճո խոսքեր ասել է, բայց գործնական դաշտում, վստահ եմ՝ որևէ փոփոխություն չի լինելու, որովհետև, որ պահից սկսած՝ նա կհրաժարվի ատելության խոսք տարածելուց ու իր հիմնական գործելաոճից, նա խնդիրներ է ունենալու, որովհետև իր իշխանությունը հիմնված է հենց դրա վրա»,- ասել է դաշինքի անդամը: Խոսելով մանդատները վերցնելու և հետագա գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է՝ ասել են, որ լինելու են նոր որակի ընդդիմության և օգտվելու են ԱԺ-ի ընձեռած ողջ գործիքակազմից, որպեսզի նոր ուժ ու տան իրենց սկսած պայքարին:«Օգտվելու ենք բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու: Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը, որովհետև մենք ստանդարտ և դասական վիճակում չենք, մենք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունեցել ենք մարդկային հսկայական կորուստներ և այս իշխանության օրոք մենք չենք բացառում պետականության կորուստը, հետևաբար, մեր քայլերն ու գործողությունները ևս ոչ ստանդարտ են լինելու, դասական իմաստով չենք գնալու նստելու ԱԺ-ում հարց տանք, պատասխան ստանանք, ելույթ ունենանք ու դրանով սահմանափակվի մեր ընդդիմադիր գործունեությունը»,-ընդգծել է նա:
20:33 - 22 հուլիսի, 2021
ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն, կգործադրի քաղաքական պայքարի բոլոր միջոցները |armenpress.am|

ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն, կգործադրի քաղաքական պայքարի բոլոր միջոցները |armenpress.am|

armenpress.am: Հայ hեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն  և գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները՝ գործող իշխանությանը հեռացնելու համար: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունում, որն ասուլիսում ներկայացրեց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Երեւանում հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով: Ժողովի արդյունքում ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, ընդունվել է հայտարարություն: Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ժողովից հետո ընդունված հայտարարությունը: «Ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը»,-ասված է հայտարարությունում: Դրանում նշվում է,  թե գործող իշխանությունը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի է դրել վարչական, ֆինանսական լծակներ: Հայտարարությունում հիշեցում է արվում, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններում գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ մասնակցություն ունենալով ընտրապայքարին: Ըստ հայտարարության՝ «Հայաստան» դաշինքը դարձել է գործող իշխանության իրական և գլխավոր այլընտրանքը: Հայտարարությունում նշվում է, որ ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Նշվում է նաև, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի հետ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը՝ համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին: Հայտարարությունում ասվում է, որ հայրենիքը, Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Հայոց բանակը և ժողովրդի ապագան վտանգի մեջ են: Այսպիսով ՀՅԴ Գերագույն մարմինը կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ գործող իշխանությանը հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար:
13:12 - 06 հուլիսի, 2021
Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանը վերընտրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Երեւանում Հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն Ժողով: Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի 2019-2021 թվականների գործունեությունը, կատարել գնահատումներ։ Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական, անվտանգային, սոցիա-տնտեսական, բարոյա-հոգեբանական վիճակը։ Հաստատվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքներն առաջնահերթությունները, ու անելիքները։ Քննարկումների արդյունքում, կայացվել են որոշումներ եւ ընդունվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարություն, որը կհրապարկվի առաջիկա ժամերին։ Ժողովի ավարտին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին հետեւյալ կազմով՝ Իշխան Սաղաթելյան, Սիմոն Սիմոնյան, Լիլիթ Գալստյան, Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Տարոն Տոնոյան, Աշոտ Սիմոնյան, Հակոբ Մաթիլյան, Իգոր Սարգսյան, Արգիշտի Գեւորգյան, Սուրեն Մանուկյան, Բագրատ Եսայան, Պետրոս Մեղրյան։ Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը։ Ժողովի աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին հուլիսի 6-ին, ժամը 12։00 ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում Գերագույն մարմնի ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով։
13:49 - 05 հուլիսի, 2021