ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ ԿԳՄՍՆ-ը 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է

ՀՀ ԿԳՄՍՆ-ը 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ մարզային երիտասարդության ակտիվության բարձրացմանը և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, կայուն զարգացման, սոցիալական հետազոտությունների փորձի փոխանակման մի շարք այլ հարցեր: Հայաստանյան ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այժմ 2021-2025 թթ երիտասարդական քաղաքականության ռազմավարության մշակման ակտիվ փուլում է, և այն նախատեսում է նաև կամավորության զարգացում և խթանում: «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականցվող միջոցառումների քննարկմանը Ա. Մարտիրոսյանը ներկայացրել է մայիսի 1-ին Կապան քաղաքում՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, անցակվող միջոցառումների մասին: Միաժամանակ նախարարի տեղակալը վերահաստատել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջազգային երիտասարդական «100 գաղափար ԱՊՀ համար» ծրագրի վերջնական՝ միջազգային փուլը, և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը 2021 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը, որի մասին որոշում էր ընդունվել նախորդ նիստի ժամանակ: Դիմելով գործընկերներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Սիրով հրավիրում եմ ձեզ մեր հրաշալի երկիր: Լիահույս եմ, որ քաղաքական և համավարակային հանգամանքները չեն խանգարի հյուրընկալել ձեզ մեր երկրի երիտասարդական մայրաքաղաք հիասքանչ Կապան քաղաքում և չեն խոչընդոտի մեր ծրագրերին, և դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր երկրի հնադարյան պատմությանն ու տեսարժան վայրերին»: Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աշնանը Հայաստանում անցկացվելիք այդ կարևոր միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ Անկախ պետությունների համագործակցության ձևավորման 30-ամյա և ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի 15-ամյա հոբելյանների առթիվ:
13:08 - 30 ապրիլի, 2021
Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

Ամեն ինչ արել եմ օրենքի տառին hամապատասխան. Կարեն Գիլոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Գիլոյանը լիահույս է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կկարողանա լուծել ասպարեում առկա խնդիրները: «Կարևորն այն էր, որ հայկական բռնցքամարտն իրավունք չուներ լիներ պառակտված: Շնորհակալ եմ ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գևորգյանին՝ վստահության համար: Ամեն ինչ արել եմ օրենքի տառը պահելով: Հույս ունեմ, որ նորընտիր նախագահն ի վիճակի կլինի լուծել ներկայում բռնցքամարտում առկա խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագրերը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, որ հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ կուտակելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեցին 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
16:22 - 29 ապրիլի, 2021
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին, որի ընթացքում ընտրվեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, ներկա էր նաև Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը: Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Ընտրությանը նախորդեց թեկնածուների կողմից իրենց ծրագիրը ներկայացնելու գործընթացը: Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով բռնցքամարտի զարգացման իր ծրագիրը, շեշտեց, հայկական բռնցքամարտը պետք է բարձրանա նոր համաշխարհային մակարդակի: Հակոբկոխյանն էլ շեշտեց, որ իր առաջին գործը լինելու է այն, որ մարզիկները ստանան փորձ հավաքելու հնարավորություններ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը գրանցված 95 մասնակիցներից քվեարկեց 92-ը: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: 15 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
14:10 - 29 ապրիլի, 2021
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով․ ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ: Նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:
13:14 - 29 ապրիլի, 2021
Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

Երիտասարդական մայրաքաղաք նախագծի շրջանակում Կապանում միջոցառումները մեկնարկելու են մայիսի 1-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականին երիտասարդական մայրաքաաք ճանաչված Կապան քաղաքի համար տարին բավական ակտիվ է լինելու: «Երիտասարդական մայրաքաղաք» նախագծի շրջանակում միջացառումները մեկնարկելու են մայիսի 1-ին:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ իրականացվելու է միջոցառումներով հագեցած ծրագիր: «Բուն ծրագիրը միայն բացման ու փակման միջոցառումները չեն: Տարվա ընթացքում բազմապիսի միջոցառումներ են նախատեսվում իրականացնել Կապանում: ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Կապանում առկա ռեժիմով: Խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերներին գալ և այստեղ մասնակցել նիստին: Դրանից բացի, Կապանում անցկացվելու է «100 գազափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը: Միջոցառումները նախատեսվում են սեպտեմբեր, հոկտեմբեր ամսիներին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության երիտասարական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ մայիսի 1-ին՝ նախագծի մեկնարկի օրը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, և իրենք ակնկալում են երիտասարդների ակտիվ մասնակցություն: «Պատվիրակությունները Երևանից և այլ շրջաններից առավոտյան կլինեն Կապանում և քաղաքապետարանի այգու մոտից երթով կշարժվեն դեպի Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կխոնարհեն արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և համայնքապետարանի միջև: Այնուհետև կբացվի երիտասարդների նկարների ցուցահանդեսը: Օրվա ընթացքում սպասվում է համերգային ծրագիր»,- ասաց Գոհար Մամիկոնյանը:     Միջոցառումները կլինեն նաև հաջորդող ամիսներին ինչպես համայնքային, այնպես էլ մարզային, համապետական նշանակության: Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: «Բոլորին հրավիրում ենք Կապան: Կոչ ենք անում երիտասարդներին ավելի ակտիվ լինել: Մշակութային միջոցառումներից բացի անցկացվելու է սպորտլանդիա, կլինեն նաև քննարկումներ: Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Կապանի երիտասարությունն իսկապես զգա քաղաքի երիտասարդական մայրաքաղաք լինելու հանգամանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Պատասխանատուները նշեցին, որ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվելու են: 
13:17 - 28 ապրիլի, 2021
Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում անցկացրել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։  Համաժողովին մասնակցել են ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:  Համաժողովը բաղկացած էր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերներ և գործողություններ» և «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրների շուրջ» խորագրերով 2 նիստերից:  Առաջին նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:  Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանում հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:  Երկրորդ նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (խոսնակներ՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյան, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան, Հայաստանի պատմության թանգարանի գիտական քարտուղար Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Նժդեհ Երանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Վիկտորյա Իսահակյան):  Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Խոսելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատմաքաղաքական նոր իրողությունների համատեքստում ապրիլի 18-ը մեզ համար ոչ այնքան մասնագիտական տոն է, որքան նոր մարտահրավերների և խնդիրների իմաստավորման առիթ ու հարթակ։ Անդրադառնալով համաժողովի նպատակներին և կարևորությանը՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ այն տեղի է ունենում հստակ նպատակադրումներով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։  «Ցավոք, մեծ է կորուստների ու արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը։ Քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը քաղաքակրթական ու արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել։ Մինչդեռ Մատենադարանը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ իրականանում է համաժողովը, խորհրդանիշն է այլ մշակույթների հանդեպ հայերի հարգանքի, մարմնացումն է հայ մարդու լայնախոհության և իմաստության։ Անհերքելի իրողություն է՝ հայկական ձեռագրերին զուգահեռ՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ նույն պատասխանատվությամբ պահպանել է հազարավոր օտարալեզու մատյաններ։   Այսօր մենք կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի արտահայտության անհետացման լրջագույն վտանգի առջև։ Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի՝ հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը»,- փաստել է Վ. Դումանյանը՝ ավելացնելով, որ դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ նույն ժամանակ այդ պետության ներսում բացվում է, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտություն է:  Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմների մշակումն է։  «Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ գիտական ու հասարակական կառույցներ, գերատեսչություններ։ Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ Համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացնելու ենք կատարված աշխատանքի ամբողջական պատկերը և ուրվագծելու ենք առաջնահերթ անելիքները»,- տեղեկացրել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ քննարկումներում ընդգրկված են բոլոր պատասխանատու և շահագրգիռ կողմերը՝ ինստիտուցիոնալ մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպությունները, հոգևորականները, հուշարձանագետներն ու փորձագետները։  ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար  իր խորին երախտագիտության խոսքն է ուղղել պետական ու միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին։  «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն տասնյակ մարդկանց, որոնք 44-օրյա պատերազմի օրերին մասնակցեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Նախարարության շնորհակալագրերը նրանց կհանձնվեն այսօր երեկոյան կայանալիք բացօթյա համերգին, որը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:  Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում ունեցած ներդրման համար նա շնորհակալագրեր է հանձնել Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին:  Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին`  ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:   Համերգի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշներ: Գնելով նամականիշները՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:
21:00 - 27 ապրիլի, 2021
Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

 Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Այդ գործընթացին նպաստելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, վերոնշյալ կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:  Քննարկման նպատակն էր վեր հանել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման առաջընթացը, առկա խնդիրները և հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանը:  «Այս խնդիրը միշտ օրակարգային է եղել. նախադպրոցական  կրթության ոլորտում համընդհանուր ներառականության անցման բազմաթիվ ջանքեր և ռեսուրսներ են ներդրել մեր գործընկերները և տարբեր հաստատություններ, սակայն օրենքի փոփոխությունից հետո են միայն սահմանվել հստակ ժամկետներ և ընթացակարգեր: Համընդհանուր ներառականության անցնելու քաղաքականությունը հնարավորություն կտա ավելի համակարգված և հետևողական գործել թե՛ մեթոդաբանական, թե՛ մարդկային ռեսուրսների պլանավորման ու աշխատանքի կազմակերպման առումով: Այս իմաստով նախարարությունը նախաձեռնել  է մի շարք հարակից գործընթացներ, որոնք այդ քաղաքականության տիրույթում են»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ դրանցից առաջինը ՏՄԱԿ-ների ֆինանսավորման նոր կարգն է: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով նախատեսվում է որոշակիորեն ավելացնել այդ կենտրոնների ֆինանսավորումը, որպեսզի դրանց գործառույթների շրջանակում անպայման ներառված լինի նաև նախադպրոցական ոլորտը: «Մեկ այլ նախագծով նախատեսում ենք փուլային սկզբունքով պետբյուջեից ֆինանսավորում տրամադրել սոցիալական որոշ խմբերի երեխաների, որոնց թվում իրենց առաջնահերթ տեղն ունեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Կարծում ենք, որ սա էապես կմեծացնի նախադպրոցական ոլորտում այդ երեխաների ընդգրկվածությունը, ինչը նրանց զարգացման տեսանկյունից ունի վճռորոշ նշանակություն: Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սա կարող է լինել ճակատագրական, քանի որ վաղ տարիքից ընդգրկված լինելով նախադպրոցական ծառայություններում՝ նրանք հնարավորություն կստանան էապես փոխել իրենց կյանքի որակը: Բացի դրանից՝ բոլոր այն խնդիրները, որ տեսնում ենք դպրոցական մակարդակում, կարող են մեծապես չեզոքանալ, եթե կարողանանք ապահովել այդ երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթության ոլորտում: Սա էլ իր հերթին էապես կբարելավի կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրման գործընթացը, այսինքն՝ դպրոցում կունենանք երեխաներ, որոնք արդեն ներառված են, կլինեն ծառայություններ, որոնք արդեն շարունակական են, և այս տեսանկյունից բոլորիս ջանքերը մեկտեղելն առավել քան կարևոր է»,- շեշտել է փոխնախարարը:   ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը տեղեկացրել է, որ համընդհանուր ներառականության անցնելու գործողությունների ժամանակացույցը և ներդրման պլանն իրականացվում են «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համագործակցությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում համընդհանուր ներառականության անցումը սկսվել է 2000-ականներից հենց նախադպրոցական կրթության ոլորտից, սակայն դրա շարունակականության ապահովման համար հնարավորություններ չեն եղել, քանի որ իրավական և ֆինանսական հիմքերը հստակ չեն եղել: «Այսօր արդեն ունենք «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը, որը սահմանում է այդ ոլորտում համընդհանուր ներառականության անցման հիմնական ուղենիշները»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանն ուղղված գործողությունների պլանը և ժամանակացույցը, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության գործընթացի համակարգումը և մեթոդաբանության մշակումը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կանցկացվի 2 փուլով։ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը նախատեսվում է ներդնել 2022 թ.-ին, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում՝ 2023 թ.-ին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Երևան քաղաքում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու խոչընդոտները և հնարավոր լուծումները: Այնուհետև տեղի է ունեցել համատեղ քննարկում՝ նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման մարտահրավերների և ՆՈՒՀ-երում ներառական կրթության ներդրման համար նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ:   
18:22 - 27 ապրիլի, 2021
Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը: Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը: Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում: Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։   Հայտերի ներկայացում   Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։   Պահանջվող փաստաթղթերն են՝   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին, տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:   Գիտելիքի ստուգում   Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։ ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը: Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:   Ստուգման ընթացակարգ   Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը: Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ: Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։   Բողոքարկում   Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] : Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ: Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝ ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին: Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:
13:06 - 27 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար, Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների մասին հուշագիր: Դումանյանն ասաց, որ տվյալ փաստաթղթով երկու երկրի միջև երիտասարդության և սպորտի բնագավառներում գործուն կապերի հիմք է դրվում: «Մեր գործունեությունը կծառայի նաև Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես կանցնենք գործնական քայլերի»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը և հավելեց, թե հավատում է, որ շուտով կլինեն նաև արդյունքներ: Վարդինե Օհանյանը կարևորեց Լիբանանի և Հայատանի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն երկու ժողովրդի միջև հրաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է: «Այս համագործակցությունը «ոսկե առիթ» եմ համարում հայերի և լիբանանցիների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հույս ունեմ, որ գործնական քայլերը մոտ ապագայում կսկսվեն»,- ասաց Օհանյանը: Խոսելով լիբանանցի երիտասարդների առջև ծառացած խնդիրներից՝ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը նշեց, որ  դրանք տնտեսական են: «Մեր երկրի քաղաքական անկայուն վիճակը իր անդրադարձն է ունենում երիտասարդների վրա, նրանք հաճախ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ երիտասարդների համար աշխատանք չկա և նրանք իրենց ներուժը չեն գտնում Լիբանանում, այդ պատճառով մեկնում են արտասահման»,- ընդգծեց Օհանյանը և հավելեց, որ իրենց լուրջ խնդիրներից է լիբանանցի երիտասարդների արտագաղթը: Վերջինս կարևորեց նաև այն, որ ստորագրված փաստաղթի շնորհիվ երկու երկրների միջև տեղի կունենա փորձի փոխանակում:
13:43 - 26 ապրիլի, 2021
Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:   Ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասաց. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»: Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրեց, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե իբր ես արգելել եմ ներկայացումը, ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը: Նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,-ընդգծեց Խզմալյանը: Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով մենք հասկանում ենք ամենաստոր  հայհոյախոսությունը, արվեստի և մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը  ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել, և այդ ամենը դա չի խանգարում, որ իրենք լրագրողների հետ հանդիպեն հենց օպերային թատրոնի շենքում (ապրիլի 26-ին այնտեղ մամուլի ասուլիս էր հրավիրվել): «Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
13:41 - 26 ապրիլի, 2021
«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|

«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|

armtimes.com: Անցյալ տարի ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի հորդորում է բոլոր դպրոցներին վերջին դասն անցկացնել բացօթյա տարածքում: Այս մասին ասաց Հանրակրթության բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը: «Նախարարությունը միջոցառման ավելի բովանդակային կողմին է ուշադրություն դարձնում, որ վերջին դասի կազմակերպումով ամփոփվեն ուսումնական տարիները: Հաշվի առնելով համավարակը եւ նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում են ընդունելության միասնական քննություններ՝ կհորդորենք բոլոր դպրոցներին, եթե նույնիսկ փոքրիկ միջոցառումներ ցանկանան կազմակերպել, փակ տարածքներում մեծ միջոցառումներ կազմակերպելու գործընթացից զերծ մնալ, եւ դրանք կազմակերպել բացօթյա տարածքներում, հնարավորինս սահմանափակ քանակությամբ մարդկանցով»,- նշեց նա: Հարցին, թե նախորդ տարիների շրջանավարտների համար, որոնք այդպես էլ չկազմակերպեցին այդ միջոցառումը, որեւէ բան նախատեսվո՞ւմ է կազմակերպել, հանրակրթության բաժնի պետը նշեց, որ նախարարության համակարգման ոլորտում դժվար թե նման միջոցառում կազմակերպվի: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:58 - 26 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրելու և ՍԴ ուղարկելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը: Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ-ն հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել: «Ստացվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»,- նշել է Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը չի պատասխանել հարցին, թե ինչու է Արմեն Սարգսյանը դիմել Սահմանադրական դատարան, միայն ընդգծել է, որ իրենք մայր օրենքի հետ անհամապատասխանություն չեն տեսնում: Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և ապրիլի 22-ին դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։
16:57 - 23 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով գործընկերոջ այցը ԿԳՄՍՆ, նախ երախտագիտություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական պատվիրակությամբ մասնակցելու համար։ Անդրադառնալով երկու երկրների՝ 2020 թվականի ընթացքում ունեցած դժվարություններին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ դրանք կհաղթահարվեն։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-լիբանանյան համագործակցությունը՝ առաջարկելով շարունակական զարգացման նպատակով ընդլայնել երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. «Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է միջպետական ծրագրերի իրականացման, առկա փոխգործակցության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Երկկողմ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որը մենք հաջողությամբ կարող ենք օգտագործել երիտասարդության և սպորտի ոլորտներում»։ Վարդինե Օհանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույնը և բարեմաղթանքները։ «Հայ-լիբանանյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա։ Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի փորձառությունը երիտասարդության ու սպորտի ոլորտներում և պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցությանը»,- ասել է Վարդինե Օհանյանը և ընդգծել լիբանանահայ համայնքի առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերություններում։  Կողմերը խոսել են երկու երկրների երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այժմ մշակման փուլում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը, և աշխատանքային խումբն առանձնակի ուշադրություն է դարձնում Սփյուռքի հետ հարաբերություններին, միջպետական երիտասարդական ֆորումների իրականացման հնարավորություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ-լիբանանյան հարաբերությունները հնարավոր է խորացնել նաև այդ ձևաչափով։ Անդրադառնալով սպորտային ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներին՝ կողմերը քննարկել են երկու երկրների մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ անցկացնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի մարզական ենթակառուցվածքները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Վարդինե Օհանյանը սիրով համաձայնել է։ Գործընկերները փոխադարձաբար հետաքրքրվել են երկու երկրների մարզիկների՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներից և միմյանց մաղթել հաջողություն սպորտային գլխավոր ստուգատեսում։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ և առաջիկա օրերին համագործակցության մտադրությունների նամակ ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերել՝ այդպիսով անցնելով կապերի խորացման գործնական քայլերի։
12:43 - 23 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է  hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները: 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։ 2-րդ փուլ Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։  Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: 3-րդ փուլ Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ: Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:
15:27 - 22 ապրիլի, 2021
Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն: Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։ Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում. մասնավորապես գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից` կհատկացվի 8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15․000 դրամ): Առաջարկվում է նաև բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաև կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության և այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ): Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։ Առիթն օգտագործելով` Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին նախարարի տեղակալը հորդորում է համալրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը: Նա նաև նշում է, որ գործուղված ուսուցիչը կարող է համատեղությամբ աշխատել` դասավանդելով հարևան համայնքներից մեկի դպրոցում ևս, եթե ըստ նրա մասնագիտության՝ առկա լինեն թափուր դասաժամեր, և գործուղման վայրում լիարժեք ծանրաբեռնվածությամբ չապահովվի: Այս դեպքում գործուղված մասնագետը կարող է օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսված տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից, եթե հարևան բնակավայրը գործուղման վայրից առնվազն 5 կմ հեռավորությամբ է գտնվում: «Կան առարկաներ, որոնց համար նախատեսված դասաժամերը քիչ են, հետևաբար հնարավոր չէ ամբողջական դրույքով ծանրաբեռնվածություն ապահովել: Այդպիսի առարկաներից են, օրինակ, «Երաժշտությունը», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը»: Վերջին տարիներին ավանդաբար շատ են նաև բնագիտական առարկաների ուսուցիչների թափուր տեղերը»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` հավելելով, որ գործուղումը լավ հնարավորություն է հատկապես բուհը նոր ավարտած մասնագետների համար: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` թափուր տեղերի պահանջարկի ձևավորումը վերջնական չէ․ տեղեկատվությունը մարզերի կողմից անընդհատ համալրվում և թարմացվում է: Գործուղման նոր կարգով որոշակի հստակեցումներ են կատարվել. գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։ Ընդգծելով գործուղման պայմանների բարելավման կարևորությունը` Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնում, որ մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Նրա խոսքով` առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչև հիմնական ուսուցիչ գտնելը: Նոր կարգով նույն մասնագետի հետ նույն դպրոցում կարող է առավելագույնը երկու անգամ կնքել գործուղման պայմանագիր, որից հետո գործուղված մասնագետին կարող է առաջարկվել հիմնական աշխատանքային պայմանագիր` մրցութային կարգով: Այսինքն` հիմնական ուսուցիչ ներգրավելու նպատակով դպրոցը պետք է շարունակաբար՝ մինչև տվյալ տեղի վերջնական համալրումը, ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթներ հայտարարի: 
11:05 - 21 ապրիլի, 2021