ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն: Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։ Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում. մասնավորապես գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից` կհատկացվի 8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15․000 դրամ): Առաջարկվում է նաև բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաև կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության և այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ): Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։ Առիթն օգտագործելով` Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին նախարարի տեղակալը հորդորում է համալրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը: Նա նաև նշում է, որ գործուղված ուսուցիչը կարող է համատեղությամբ աշխատել` դասավանդելով հարևան համայնքներից մեկի դպրոցում ևս, եթե ըստ նրա մասնագիտության՝ առկա լինեն թափուր դասաժամեր, և գործուղման վայրում լիարժեք ծանրաբեռնվածությամբ չապահովվի: Այս դեպքում գործուղված մասնագետը կարող է օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսված տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից, եթե հարևան բնակավայրը գործուղման վայրից առնվազն 5 կմ հեռավորությամբ է գտնվում: «Կան առարկաներ, որոնց համար նախատեսված դասաժամերը քիչ են, հետևաբար հնարավոր չէ ամբողջական դրույքով ծանրաբեռնվածություն ապահովել: Այդպիսի առարկաներից են, օրինակ, «Երաժշտությունը», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը»: Վերջին տարիներին ավանդաբար շատ են նաև բնագիտական առարկաների ուսուցիչների թափուր տեղերը»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` հավելելով, որ գործուղումը լավ հնարավորություն է հատկապես բուհը նոր ավարտած մասնագետների համար: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` թափուր տեղերի պահանջարկի ձևավորումը վերջնական չէ․ տեղեկատվությունը մարզերի կողմից անընդհատ համալրվում և թարմացվում է: Գործուղման նոր կարգով որոշակի հստակեցումներ են կատարվել. գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։ Ընդգծելով գործուղման պայմանների բարելավման կարևորությունը` Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնում, որ մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Նրա խոսքով` առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչև հիմնական ուսուցիչ գտնելը: Նոր կարգով նույն մասնագետի հետ նույն դպրոցում կարող է առավելագույնը երկու անգամ կնքել գործուղման պայմանագիր, որից հետո գործուղված մասնագետին կարող է առաջարկվել հիմնական աշխատանքային պայմանագիր` մրցութային կարգով: Այսինքն` հիմնական ուսուցիչ ներգրավելու նպատակով դպրոցը պետք է շարունակաբար՝ մինչև տվյալ տեղի վերջնական համալրումը, ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթներ հայտարարի: 
11:05 - 21 ապրիլի, 2021
Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Երկարաձգման նպատակն է` հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին հնարավորություն տալ ավարտելու կրթական ծրագիրը, ստանալու համապատասխան որակավորում, որից հետո միայն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նշենք, որ գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչև 19 տարեկանը: Նմանօրինակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կրթության հիմքով քոլեջների միջին մասնագիտական կրթական ծրագրերով կան մասնագիտություններ, որոնց ուսման տևողությունը 4 տարի է:
14:47 - 20 ապրիլի, 2021
Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Ապրիլի 6-ին՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ժամանակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ուսուցիչների՝ դասղեկության համար նախատեսված գումարը կրճատվել է։ «Ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, էդ բոլոր փողերը հանում ա, արդյունքում ուսուցիչներին ավեի շատ աշխատավարձ չի տվել»,- մասնավորապես, ասել է նա։ Ինչի՞ մասին է խոսում Հրանտ Բագրատյանը։  Ուսուցիչների վարձատրության բանաձևը սահմանվում է կառավարության համապատասխան որոշմամբ։ Այս պահին գործում է N 1262-Ն որոշումը։ Ուսուցիչների աշխատավարձի չափը որոշող բանաձևն առաջիկայում նախատեսվում է փոփոխությունների ենթարկել։ Անցած տարի փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններով նախապես առաջարկվում էր սահմանել դասարանի ղեկավար հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսել հավելավճար, որի տրամադրման կարգը կսահմաներ ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, առաջարկեց «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը։ Չնայած, ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի վրա, սակայն գործադիրը գտնում էր, որ կա լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։ «Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են՝ կախված սովորողների թվից, հետևաբար՝ որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը։ Ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը  լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա նշյալ ուսումնական  հաստատությունների համար»,- ասված էր կառավարության առաջարկում։ Բացի այդ՝ կառավարությունը նշում էր, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ, և առաջարկում էր այդ հարցը կանոնակարգել կառավարության N 1262-Ն որոշման շրջնակում։ Այս որոշման մեջ ներառված բանաձևով, հիշեցնենք, հաշվարկվում են ուսումնական հաստատություններին տրվող ֆինանսները։ Փաստորեն, այս պահին դպրոցների տնօրենների հայեցողությանն է թողնված՝ ուսուցիչներին դասղեկության համար լրավճար տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Հանրակրթական ուսումնական հաստատության աշխատողներին  լրավճարներ հատկացնելու հարցը քննարկվում է դպրոցի խորհրդի կողմից՝ ելնելով հաստատության բյուջետային միջոցների հնարավորություններից:  ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին դասղեկության, գրավոր աշխատանքները ստուգելու համար լրավճարներ կամ այլ վճարներ և այդ վճարների մեծությունը սահմանող իրավական որևէ կարգավորումներ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Եթե նախկինում ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում էր՝ ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից, ապա 2020-ի ամռանը կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ հանրակրթական ծրագրերի՝ հաշվի չառնելով աշակերտների թիվը։  Կառավարությունը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել էր «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչ այս ֆինանսավորվում էին՝ ըստ աշակերտների թվի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարվա ամռանը տեղեկացրեց, որ հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ՝ համաձայն որի՝ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ապահովվելու է ընդհանուր բանաձևով։ Նախագծում ներկայացված նոր բանաձևում ներառված է նաև դասղեկության համար նախատեսվող լրավճարը։ ԿԳՄՍՆ-ից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ սահմանվող նոր բանաձևում դասղեկության համար լրավճարը պարտադիր է դառնալու պետական ուսումնական կրթական բոլոր հաստատությունների համար: «Նախագծով նախատեսվում  է դասղեկության համար, մեթոդ միավորման ղեկավարին տրվող և բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարներ: Որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում»,- տեղեկացրել են նախարարությունից։ Փաստորեն, Հրանտ Բագրատյանի այն պնդումը, թե դասղեկության համար ուսուցիչներին տրող վճարները հանվում են, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ դասղեկության համար լրավճար տալու հարցը թողնված է դպրոցի հայեցողությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի հաշվարկման բանաձևում պարտադիր ներառել նաև դասղեկության համար տրվող վճարը։ Աննա Սահակյան  
15:00 - 19 ապրիլի, 2021
ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ներդրողների հետ, նախատեսում է մի շարք մշակութային հուշարձաններ ամրակայել ու վերականգնել: Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի և վնասվել: Այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում: Մասնակի ամրակայվել և վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Աշխատանքների ընթացքում ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր են հայտնաբերվել, և վերականգնման աշխատանքները ժամանակավոր կասեցվել են՝ նախագիծը վերամշակելու համար: «Վերականգնվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցին, և այս տարի կիրականացվեն եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները: Պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր: Անդրադառնալու ենք Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման նախագծին,  Շատիվանքի  վանական համալիրի վերականգնման նախագծին և Ագարակ հնավայրի ամրակայման ու թանգարանացման նախագծին»,-նշեց Վանյանը: Նրա խոսքով՝ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմաթիվ հուշարձաններ, որոնց վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերարների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի ու կազմակերպությունների հետ: «Այս առումով ունենք բազմաթիվ հաջողված փորձեր: 2020-ին փոխգործակցության հուշագրի հիման վրա սկսվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Օրեր անց կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, և այդ գործընթացը շարունակական կլինի: Նախնական պայմանավորվածություն կա մի շարք հուշարձանների վերականգնման, ամրակայման, տարածքների բարեկարգման հետ կապված: Դրանցից են Երևանի Կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, Պտղնու տաճարը, Ավանի մատուռներից մեկը և այլն»,- բ շեշտեց վարչության պետը: Մասնավոր ներդրողների հետ համագործակցության պարագայում անհրաժեշտության դեպքում նախարարության մասնագետներն իրականացնում են անվճար նախագծային աշխատանքներ, որ թեթևացնեն ներդրողների ֆինանսական բեռն ու հնարավորինս արագ կազմակերպեն թղթարարական գործընթացները: «2021-ին նախատեսված է մի քանի նոր նախագծի իրականացում, որոնք հետագայում կվերականգնվեն, օրինակ՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարը, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերը և կից տարածքները: Կարևոր է նաև Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ ճանապարհաշինարարներ Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնումը: Ժամանակին այդ քանդակները ևս վանդալիզմի են ենթարկվել ու թալանվել: Կարևոր է ցույց տալ, որ պետությունը տեր է կանգնում իր ժառանգությանը»,-ընդգծեց Հարություն Վանյանը:
15:13 - 16 ապրիլի, 2021
Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` մարզերում վերոնշյալ ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար:  Այդ ծրագրերը նախ COVID-19 համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով չեն իրականացվել: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի այդ ծրագրերը կյանքի կկոչվեն: Ծրագրերից առաջինով` Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի և կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության և մշակութաժամանցային միջավայր: Երկրորդ ծրագրով` Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների և սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների  համար: Երրորդ ծրագրով` Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ և օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային և այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար: Չորրորդ ծրագրով` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Հինգերորդ ծրագիր` «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:Վեցերորդ ծրագրիր` Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի  «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է հետևել իրականացման ընթացքին, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»: Նմանօրինակ նախագծերը շարունակական դարձնելու նպատակով Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերից, մարզային կենտրոններից և քաղաքային համայնքներից ներկայացվող առաջարկները:
14:23 - 16 ապրիլի, 2021
Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մարդկանց կյանքում դրական դերակատարում կարող է ունենալ արվեստը: Խզմալյանի հավաստիացմամբ՝ թատրոնները պետք է խաղացանկերը համալրեն նոր ներկայացումներով, որոնք կբարձրացնեն հասարակության պատասխանատվության զգացումը, ապրելու կամքը: Նախարարի տեղակալն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են թատրոնների տնօրենների հետ՝ հասկանալու ստեղծագործական ծրագրերն ու մոտեցումները: «Մենք ունենք դեռևս չսպիացած վերքեր, մենք ունենք որոշակի անկումային տրամադրություն, ողբերգություն ենք ապրել: Երբ ողբերգական տրամադրությունների իրական, լուրջ պատճառներ կան, շատ կարևոր է, որ արվեստը գա, օգնի, դառնա հենարան մարդու համար, որ վերջինս չխորտակվի սեփական ողբերգության և սեփական ապրումների մեջ: Այդ իսկ պատճառով թեմատիկ ընտրության հարցում թատրոնները պետք է շատ զգույշ լինեն: Պատերազմին անդրադառնալը վաղ է. չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով: Մենք դեռ պետք է վերապրենք պատերազմը, անցնենք այդ էմոցիոնալ վայրիվերումները, որում այսօր ենք»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ արվեստագետի, մշակութային գործչի առաքելությունն այսօր դրական տրամադրվածություն ստեղծելու, ապրելու ցանկության, կամքի կենտրոնացման, պատասխանատվության բարձրացման հարցում շատ ավելի մեծ է, քան երբևէ: Ըստ Խզմալյանի՝ եթե մենք այս կարևորագույն առաքելությունը մի կողմ դնենք և խոսենք պատերազմի, պատերազմի զոհերի մասին, չենք կարող մրցակցել կյանքի հետ, քանի որ այն շատ ավելի զորեղ է և շատ ավելի բան ունի ասելու մարդուն, քան կարող է ասել արվեստը: «Այսօր արվեստը պետք է հակադրվի կյանքին, պետք է  չենթարկվի կյանքի թելադրանքին և կյանքի ողբերգականությանը: Այն պետք է մարդուն ապրելու հնարավորություն տա: Ոլորտի պատասխանատուները պետք է մտածեն այս մասին: Եթե մենք չկարողանանք բալանսավորել հանրային տրամադրությունները, դրանով խթանելու ենք արտագաղթը, խթանելու ենք  հարբեցողությունը, թմրամոլությունը, մեկուսացումը, քաղաքացու ապասոցիալականացումը: Արվեստը պետք է գա օգնելու մարդուն դուրս գալու իսկապես պատմական բարդագույն իրավիճակից»,-ընդգծեց փոխնախարարը: Խոսելով թատրոնների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Խզմալյանը նշեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչպես է պատկերացնում արվեստում արդյունավետության չափելի ցուցանիշները: Խզմալյանն առաջարկում է մի քանի կետի վրա ուշադրություն դարձնել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:03 - 16 ապրիլի, 2021
Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը
 |1lurer.am|

Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Բուհերի մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր՝ «Գեոմատիկա» և «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտություններով, «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն» և այլ կրթական ծրագրերով: 2021-2022 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ընդհանուր առմամբ, 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը:
19:19 - 15 ապրիլի, 2021
ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս առաջնահերթություն կտա մշակութային այն ծրագրերին, որոնք մասամբ կամ ամբողջապես կանցկացվեն սահմանամերձ համայնքներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021-ի մարտին, և դիմողների աննախադեպ ակտիվություն է նկատվում: «Ժամանակակից արվեստի բաժնում հայտերը միշտ ավելի շատ են եղել, քան մշակութային ժառանգության բաժնում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 250-ից ավելի հայտ: Այժմ ուսումնասիրում ենք հայտերն ըստ առաջնահերթությունների, ըստ պետական քաղաքականության և այն ճգնաժամային ծրագրի, որը մշակել ենք «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ»,- ասաց Խզմալյանն ու հիշեցրեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում արտասահմանից Հայաստան եկած երիտասարդները լծվում են պետական աշխատանքին: Նրանք ուսումնասիրություն են կատարել՝ հասկանալու համար, թե պատերազմներից հետո ինչ խնդիրներ են ծագում այս կամ այն երկրում, փորձել են հասկանալ, թե հատկապես եվրոպական երկրներն ինչպես են լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում բոլոր քաղաքակիրթ երկրներն ավելացնում են մշակույթի բյուջեն, մեծացնում  մշակույթի տեղն ու դերը, և մշակույթը դառնում է ճգնաժամի հաղթահարման հզոր գործիք: Բարեբախտաբար, մշակույթի ոլորտում ֆինանսական կրճատումների հետ կապված մեր մտավախությունները չիրականացան: Բյուջեով հաստատված գումարներից բացի, կառավարության հետ քննարկում ենք այն միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել այլ միջոցներից: Խոսքը վերաբերում է նաև հոբելյաններին. տարին հարուստ է  հոբելյաններով՝ Միրզոյան, Բաբաջանյան, Խուդոյան, Բեկնազարյան, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակ և այլն»,- հիշեցրեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ պետք է լինեն ոչ միայն հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, այլև հանրային տրամադրությունների փոխակերպման, դրական տրամադրություն ներարկելու և որոշակիորեն կյանքն աշխուժացնելու, լավատեսություն առաջացնելու նպատակով իրականացվող նախաձեռնություններ: Դրամաշնորհների տրամադրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:Անժելա Համբարձումյան
12:42 - 15 ապրիլի, 2021
Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում: «Նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն քովիդի և պատերազմի պատճառով չեն իրականացվել: Առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը 110 միլիոն դրամ է»,- տեղեկացրեց Վահրամ Դումանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանա հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ: «Մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որտեղ առանցքում լինի բովանդակություն: Տեսնում ենք, որ առանց Կառավարության միջամտության՝ Երևանում և Գյումրիում այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորումը նաև մարզերում: Պետք է արձանագրել, որ երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, որ ովքեր ունեն նման նախաձեռնություն՝ ներկայացնեն մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ, որոնց ուղղակի աջակցում ենք, որ այդ կենտրոնները ստեղծեն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ սրանով երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի:
12:02 - 15 ապրիլի, 2021
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները

Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճար` իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման համար  դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաև մյուս առարկաների, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները: Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում  ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի  պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց: «Շատ կարևոր է, որ ատեստավորման գործընթացը կամավոր է, որին ուսուցիչները պետք է մասնակցեն իրենց նախաձեռնությամբ: Նրանք պետք է առցանց դիմում-հայտ լրացնեն, մասնակցեն իրենց դասավանդած առարկայի թեստավորմանը և ըստ իրենց հավաքած միավորների՝ հավելավճարի հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ ծրագրի ներդրմամբ նախարարությունը որևէ ուսուցչի պատժելու նպատակ չի հետապնդում: «Նպատակը լավ պատրաստված և մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը: Փորձնական ատեստավորումը կարող է նաև նպաստել վերապատրաստման ավելի թիրախային ծրագրերի իրականացմանը»,- փաստել է Ժ. Անդրեասյանը: Պարտադիր ատեստավորումն աշխատավարձի բարձրացում չի ենթադրում, կամավորը ենթադրում է Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր և հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ` զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման համակարգը`  դարձնելով ավելի բաց և մասնակցային, սակայն այն սկզբունքորեն տարբերվում է կամավոր ատեստավորումից: Հերթական կամ պարտադիր ատեստավորումն իրականացվում է որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով` ավտոմատ կերպով. հերթական ատեստավորման համար ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր, որ անցել է վերապատրաստում, հանդիսանում է որևէ դպրոցում աշխատող ուսուցիչ, ունի համապատասխան մասնագիտական որակավորում և այլն: Այսինքն` հերթական պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որևէ ձևաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում: Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում` մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, և ըստ իրենց գրանցած արդյունքի` ստանում 30-50 տոկոս հավելավճար: ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում:  Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ` թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ: «Ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը շտեմարանային չեն և զգալիորեն տարբերվում են շրջանավարտների և դիմորդների համար նախատեսված թեստերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փորձնական ծրագրի հիմնական նպատակը մի կողմից բարձր մասնագիտական պատրաստությամբ մանկավարժների համար ավելի բարձր վարձատրության ապահովումն է, մյուս կողմից` իրավիճակի ախտորոշումը: Նախարարի տեղակալի կանխատեսմամբ` առաջին փուլում շատ ուսուցիչներ թերևս կխուսափեն և մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն չեն ցուցաբերի: Սակայն հետագայում, երբ արդեն մեկ անգամ թեստավորում տեղի ունենա, և որոշակի փորձ ձևավորվի, Ժաննա Անդրեասյանը չի բացառում, որ շատերը կգնան թեստավորման: Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, ըստ Ժ. Անդրեասյանի, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձև, դառնա պարտադիր և կիրառվի ողջ համակարգի համար` միասնական ձևաչափով, որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:
16:49 - 13 ապրիլի, 2021
Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Ուսուցիչների նախորդ վերապատրաստումների միավորներն ու կրեդիտները կդիտարկվեն պարտադիր փաստաթղթային ատեստավորման ժամանակ

Ռուսաց լեզվի վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտած ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչները ստացել են իրենց վկայականները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Միջոցառմանը  մասնայցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: «Ամիսներ առաջ, երբ մեր գործընկերների հետ քննարկում էինք ուսուցիչների վերապատրաստման համատեղ նախաձեռնությունը, հենց այդ փուլում ակնհայտ էր, որ դրա բացը կա, և շատ կարևոր էր, որպեսզի նմանօրինակ վերապատրաստումները վերադառնան մեր կյանք և դառնան ուսուցչական գործունեության ու մասնագիտական զարգացման անբաժանելի մաս: Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը համընկավ ուսուցիչների վերապատրաստման քաղաքականության այն փոփոխությունների հետ, որոնք թույլ են տալիս ձեզ՝ որպես այս ծրագրի մասնակիցներ և այս ծրագրի մասնակցության ավարտին արդեն վկայականներ ստացած ուսուցիչներ, փոփոխությունները զգալ ձեր մաշկի վրա»,- ասել է նախարարի տեղակալը և անդրադարձել վերապատրաստման նոր կարգին, որով հնարավորություն է տրվում նախորդ վերապատրաստումների արդյունքում ուսուցիչների հավաքած միավորներն ու կրեդիտները հաշվառել և դիտարկել դրանք պարտադիր փաստաթղթային ատեստավորման պարագայում: Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ վերապատրաստման դասընթացը կարող է լինել լավ օրինակ, թե ինչպես մասնագիտական զարգացման նախաձեռնությունները, որոնց ուսուցիչները մասնակցում են կամովին, դառնում են հնարավորություն՝ անցնելու ատեստավորման գործընթացը և այդ միջոցով դիմելու տարակարգի ու առաջիկայում ներդրվող մասնագիտական խրախուսման տարբեր գործիքների: Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Դասընթացներին մասնակցել են հանրակրթական դպրոցներում դասավանդող ռուսաց լեզվի ուսուցիչները: Վերապատրաստման ծրագիրը ներառում էր լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն: Դասընթացներն անցկացրել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի փորձառու դասախոսները:
16:19 - 10 ապրիլի, 2021
Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն |armenpress.am|

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ մտան Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհեըտ 171 կգ, սակայն չբարձրացրեց 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրեց 205 կգ, այնուհետ, 209 կգ, սակայն չբարձրացրեց 212 կգ: Հրում վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահեց 171 կգ, 176 կգ, բայց չպոկեց 178 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահեց 209, կգ, այնուհետ 214 կգ: Նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց արդյունք 390 կգ արդյունք և նվաչեց ոսկե մեդալ:
13:33 - 10 ապրիլի, 2021
«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ: Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: ԿԳՄՍՆ-ի թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով: Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն: Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին: Աշխատանքային խմբի ղեկավարը նշում է, որ հընթացս երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր․ «Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել: Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»: Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ:
19:03 - 08 ապրիլի, 2021
Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|

Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|

armenpress.am: Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը ներկայում գտնվում է ակտիվ ներքին լրամշակման փուլում, առաջիկա շաբաթների ընթացքում այն կդրվի հանրային քննարկման: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: «Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը կամ կրթության ռազմավարությունը նախնական տարբերակով Կառավարություն էր ներկայացվել դեռ անցյալ տարվա օգոստոսին ու մտել ակտիվ քննարկումների փուլ: Ակնհայտ է, որ պատերազմական և հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում: Ծրագիրն այժմ ակտիվ ներքին լրամշակման փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն կդառնա քննարկման առարկա»,- նշեց Կարաբեկյանը: Անդրադառնալով «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նշեց, որ այն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները: «Օրենքի խնդիրը մի քիչ այլ է, այն չի քննարկում այն կարգի հարցեր, որոնք քննարկում է ռազմավարությունը, այն սահմանում է ոլորտի շահառուների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները», - ասաց Կարաբեկյանը: Սամվել Կարաբեկյանի պնդմամբ՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի» նախագիծն ամենաքննարկվածներից է, ինչը լավ է: «Մեր նախարարությունը ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետև եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով՝ ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»,- ասաց նախարարի խորհրդականը:
16:16 - 08 ապրիլի, 2021
Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 2 մլրդ 784 մլն դրամով |armenpress.am|

Կառավարությունը գիտության ֆինանսավորումն ավելացրեց 2 մլրդ 784 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, ըստ որի՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները՝ 13 մլրդ 104 միլիոն 247 հազար դրամն ավելացրեց 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փոփոխության համար հիմք են ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների մասին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականները: Ավելացվող միջոցներն ուղղվելու են երկու ոլորտների՝ թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն դրամ): «Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառում հետազոտությունների լիարժեք հենքը, որը կբերի հետազոտությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր է տնտեսության զարգացման համար: Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ»,- ասաց Անդրեասյանը: Ըստ նախագծի հիմնավորման, անհրաժեշտ է ավելացնել՝ պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների մրցութային թեմաների քանակը շուրջ 50-ով, որը կնպաստի գիտության ոլորտում կադրերի ներգրավմանը և ամրապնդմանը։ Գումարը հատկացվելու է մրցույթի արդյունքում առավելագույն փորձագիտական միավորի՝ առնվազն 80 տոկոս միավորներ հավաքած հայտերին։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ գիտական փորձաքննության արդյունքում բարձր միավորներ հավաքած հայտերի քանակը ավելին է, քան եղած ֆինանսավորման հնարավորությունները։  Գիտական խմբերի մեկնարկային մրցութային ծրագրի քանակը կավելանա 8-ով։ Այս մրցույթի իրականացումը կնպաստի բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողին (հիմնական հետազոտող) գիտական կարիերայի մեկնարկային փուլում նոր գիտական խմբերի կամ լաբորատորիաների ստեղծմանը, հավակնոտ թեմայով հետազոտական ծրագրերի իրականացմանը: Այս փոփոխությունը ներառում է նաև առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր՝ նախատեսելով շուրջ 50 դրամաշնորհ։ Մրցույթի իրականացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առաջատար գիտնականների փորձագիտական ներուժը, կստեղծի նպաստավոր պայմաններ երիտասարդ գիտնականների աճի համար, ինչպես նաև հնարավորություն կտա ներգրավվել նոր միջազգային դրամաշնորհներ։  Բացի այդ, գիտական հետազոտությունների խթանման նպատակով նախատեսվում է ավելացնել երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու հանրապետության անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը: Նաև նախատեսվում է ավելացնել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի  քանակը շուրջ 10-ով, որը հնարավորություն է տալիս գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաեւ մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաեւ ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը նպաստում է գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջետային ֆինանսավորման ծավալների ավելացմանը:  
11:57 - 08 ապրիլի, 2021
Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար տեղերը հաստատելու մասին նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել ՄԿՈՒ հաստատությունների անվճար տեղերը հաստատելու մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված: Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784: Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերի ուսանողների շուրջ 95%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաև ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններին, մասնավորապես, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
14:38 - 07 ապրիլի, 2021