ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից 2021թ. փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի հովիվի 173 գլուխ ոչխարը տանելու փաստը հաստատում է այն, ինչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի ամիս շարունակ նախազգուշացնում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, երեկ Խնձորեսկի համայնքապետարանը հայտարարեց, որ փետրվարի 11-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ գյուղին հարակից արոտավայրերում արածեցրել է ընդհանուր թվով 185 մանր եղջերավոր կենդանիներ: Արածեցնելու ընթացքում կենդանիների մի մասը մոտեցել է ադրբեջանական զինվորների կողմից վերահսկվող տարածքին, որից հետո ադրբեջանցի զինված ծառայողները տարել են 173 գլուխ ոչխար: Կենդանիները վերադարձվել են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողների ու Զինված ուժերի կորպուսի հրամանատարության բանակցություններից հետո: Նշված տեղեկությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի մի շարք բնակիչներ ու համայնքային մարմինները: Ընդ որում, պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը պարզել է, որ հովիվն ինքն ուշադիր է եղել, բայց դեպքը տեղի է ունեցել, քանի որ կենդանիները սովոր են այդ տարածքներում արածելու և արոտավայրերն այնպիսին են, որ դժվար է լինելու վերահսկել կենդանիներին: Այս ամենը հաստատում է, որ անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները, այդ թվում՝ կապված արոտավայրերն օգտագործելիս նրանց անվտանգության, ապրուստը հոգալու ու սեփականության իրավունքների վտանգների կամ խախտումների հետ: Նշվածը թույլ չտալու համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ ու գյուղացիների կարիքների ճիշտ գնահատում, բոլոր խնդիրների լիարժեք չեզոքացում»,- գրել է Թաթոյանը:  
10:23 - 14 փետրվարի, 2021
Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, սպանվել է 72 քաղաքացի. ՄԻՊ-ը հրապարակել է կարևոր փաստեր

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, սպանվել է 72 քաղաքացի. ՄԻՊ-ը հրապարակել է կարևոր փաստեր

Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով. «Կարևոր փաստեր Ադրբեջանի սանձազերծած` 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ   Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ: Պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով` պատերազմի ընթացքում կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել, այդ թվում՝ հաշմանամություն ձեռք բերել 163 խաղաղ բնակիչ: Տվյալներն` ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների»:
10:23 - 13 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը

ՄԻՊ-ը մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել է անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը

Մեդիա ոլորտի մասնագետների հետ քննարկել ենք անանուն աղբյուրներին հղումների արգելք նախատեսող նախագծերը. դրանք առկա տեսքով ընդունվել չեն կարող: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Նախագծերն առկա տարբերակով ընդունվելու դեպում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության դեմ պայքարի խնդիրը չի լուծվելու։  Հակառակը՝ նախագծերը պարունակում են դրվագային լուծումներ, որոնք կարող են լրացուցիչ խնդիրներ առաջացնել լրատվական ոլորտի ու, առհասարակ, խոսքի ազատության հիմնարար արժեքի պաշտպանության տեսանկյունից՝ համակարգային առումով: Թերի է նախագծերի փաթեթի հիմնավորումը: Այն չի արտահայտում իրական խնդիրների լուծման ռազմավարությունը, նախագծերի լուծումները ներկայացված չեն միջազգային փորձի ու չափանիշների տեսանկյունից, քննարկված չեն գործնական խնդիրներն ու այն, թե հատկապես ինչու է ընտրած առաջարկվող մոդելը և ինչպես է այն լուծելու առկա խնդիրները: Նախագիծը մասնագետների հետ պատշաճ չեն քննարկվել, դրանք չեն ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջակվող տուգանքներն անհամաչափ են, չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն, նախատեսված են տուգանքների ֆիքսված չափեր, որոնք կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության։ Քնարկման մասնակիցները միակարծիք եզրահանգել են, որ նախագծերում վիճելի կարգավորումները պետք է դուրս բերվեն շրջանառությունից՝ անընդունելի լինելու պատճառաբանությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկման արդյունքների համաձայն՝ Պաշտպանն իր պաշտոնական կարծիքը կամփոփի, դրանում հաշվի կառնվեն քննարկման արդյունքները ու կներկայացնի Ազգային ժողով»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
14:57 - 11 փետրվարի, 2021
Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան

Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական զինծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների հաշվին: Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը: Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին»,- գրել է նա:  
10:20 - 11 փետրվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանը: Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու, շահարկումների ու լարվածություն առաջացնելու նպատակով: Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում Ուկրաինայի գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:56 - 10 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

ՄԻՊ-ը Հայաստան մշտական բնակության տեղափոխված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելու վերաբերյալ ուղեցույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծ մասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։   Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։   Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
15:56 - 10 փետրվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը ենթարկվում է Ադրբեջանի ԶԼՄ-ների կազմակերպված հարձակումների. Թաթոյանի ապացույցները

ՀՀ ՄԻՊ-ը ենթարկվում է Ադրբեջանի ԶԼՄ-ների կազմակերպված հարձակումների. Թաթոյանի ապացույցները

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև պատգամավորներ: Այս մասին հայտարարությամբ տեղեկացրել է Արման Թաթոյանը։ «Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ:     Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ: Այս հարձակումները կապված են Պաշտպանի այն հայտարությունների հետ, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին: Ընդ որում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, որից հետո ենթարկվում են մանիպուլյատիվ շահարկումների:  Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է Սյունիքում ադրբեջական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին, Պաշտպանը խոսում է ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների ու պետական աջակցությամբ հայատյացության ֆոնի մասին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները դա ներկայացնում են՝ որպես «հիստերիա», իրենց բառերով ձևակերպված, «այսպես կոչված Սյունիքում»:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարաձակ դատապարտելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որ իրականացվում են քաղաքական գործիչների մասնակցությամբ, անձնական նամակագրությամբ ու կեղծում են Պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում են նոր թշնամանք ու հայտյացություն: Դրանք հղի են մարդու իրավունքների նոր խախտումներով»,- ասվում է հայտարարության մեջ:
18:39 - 09 փետրվարի, 2021
ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՄԻՊ-ը մշակել է շինարարության թույլտվության տրամադրման վերաբերյալ ուղեցույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից, պետական մարմինների անհարկի քաշքշուկներից և այլն։ Խնդիրն արդիական է հատկապես շինարարության թույլտվության տրամադրման ոլորտում։ Շինարարությունների թույլտվությունների տրամադրման գործընթացի ձգձգումները կամ մերժումները նաեւ խոչընդոտներ են ստեղծում երկրում ներդրումների ավելացման, գործարար միջավայրի զարգացման համար։ Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք դիմողներն առավել հաճախ են բարձրացնում իրենց դիմումներում ու բողոքներում։ Հարցերի պատասխանները կազմելիս հիմք են ընդունվել համապատասխան կարգավորումները։
15:05 - 09 փետրվարի, 2021
Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

Իշխանավեճի թեմաներով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝  նշելով, որ քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Վերջին ժամանակաշրջանում մեր հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները: Պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի: Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի: Պետք է ճիշտ նախանշել այդ գերակայությունները և հանրային քննարկումներն ուղղել այդ ուղղությամբ՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հեռանկարներից: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ: Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն: Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում: Ուստի, բոլորին կոչ եմ անում սթափվել: Մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու մեր երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն: Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից: Վերջապես, այդ կերպ կհաստատենք, որ մեր երկրում ամեն ինչ արվում է ի շահ մարդու ու իրավունքի գերակայության և որ առաջնայինը մշտապես տարբերվում է երկրորդայինից:
22:00 - 08 փետրվարի, 2021
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի հետ կապված ՄԻՊ-ը նախաձեռնել է վարույթ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: 2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ: Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից:
15:22 - 08 փետրվարի, 2021
Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մենաշնորհի դեմ արդյունավետ պայքարի նպատակով Պաշտպանն առաջարկել է ներդնել կոմպլաենսի ինստիտուտ․ օրենսդրական ամփոփված փաթեթն ուղարկվել ԱԺ և Կառավարություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլաենսի ինստիտուտ, տեղեկացնում է ՄԻՊ Հանրային կապերի բաժինը։Այն կապահովագրի բիզնեսին տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։ Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․• սահմանել հակամենաշնորհային կոմպլաենսի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը, • սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝ 1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․ 2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․ 3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․ 4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․ 5) հակամենաշնորհային կոմպլաենսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ: • Որպես պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել իրավախախտում թույլ տված կազմակերպության կողմից հակամենաշնորհային կոմպլաենսի արդյունավետ ներդրման հանգամանքը։ Ազգային ժողով եւ Կառավարություն, մասնավորապես, ուղարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթը։ Կցվում է նախագծերի փաթեթը հիմնավորումներով և ամփոփաթերթը։
12:40 - 08 փետրվարի, 2021
Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը զուրկ է իրավական որևէ հիմքից․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից: Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝ 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով. 2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք և այլն). 3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ. 4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով. 5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն). 6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. 7) Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը). 8) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները, հանրային գործիչները վիրավորում են հայերին, ողջ հայ ժողովրդին` արժանապատվություն նվաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնորեն հրահրում են ատելություն. 9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո. 10) պատերազմի և ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով. 11) անտեսված են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը. 12) գործընթացն ուղեկցվում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների կոպիտ խախտումներով (իրենց գույքից զրկված ու անօթևան մնացած մարդիկ). 13) լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները. 14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որևէ տեսակի ժամանակացույց: Ուստի, նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը. հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսևորումների համար»։
10:11 - 08 փետրվարի, 2021
Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Ադրբեջանը արհեստական ձգձգում և քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ նրանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 5-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հետ: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանը ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու լարվածություն առաջացնելու նպատակով: Դրանից բացի, Պաշտպանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները սահմանների որոշման գործընթացում: Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև Արցախից Հայաստան տեղափոխված անձանց իրավունքների երաշխավորման հարցը։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով տեղահանված մարդկանց համար։ Առաջիկայում կհրապարակվի նաև արտահերթ զեկույց, որտեղ տեղ են գտել երկրում ռազմական դրություն հայտարարվելու օրվանից սկսած Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված և մինչ օրս իրականացվող անհատական դիմումների (գրավոր և բանավոր) քննարկման, սոցիալական ցանցերի մշտադիտարկման, Հայաստանում Արցախից տեղահանված անձանց բնակության վայրեր (կացարաններ, ժամանակավոր կայանման կետ, մասնավոր տներ) իրականացված այցերի արդյունքում արձանագրված կարիքները, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովման խնդիրները: Կողմերը ընդգծել են երկու կառույցների միջև բարձր համագործակցությունն ու փոխադարձ վստահությունը, ինչպես նաև պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:34 - 06 փետրվարի, 2021
Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքի մարզում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է գործարարությամբ զբաղվող ընկերության տնօրենից բողոք այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները 2020թ. նոյեմբերի 25-ին ապօրինաբար, պատերազմի սպառնալիքով ներխուժել են ՀՀ կառավարության որոշմամբ իրենց հատկացված այն տարածքը, որտեղ արդեն 20 տարի իրենք իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն՝ դրանով պատճառելով շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այնուհետև, ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է անշարժ գույքի նկատմամբ ընկերության իրավունքը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի որոշմամբ մինչև 2039 թվականի մայիս ամիսը ընկերությանը տրամադրել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: Դրանից բացի, Սոթք գյուղում գտնող նշված մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցված ընկերության վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2048թ. ապրիլ ամիսը: Կարևոր է արձանագրել, որ 200 հա հողատարածքի հատկացմանը «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որը վերաբերում է ՀՀ պետական սահմանային գոտուն և որն էլ սկսվում է ՀՀ պետական սահմանագծից ծավալվել դեպի ՀՀ տարածքի խորքը: 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք: Արդյունքում՝ ինչպես նշվել է Պաշտպանին հասցեագրած բողոքում, գործարար ընկերությունը զրկվել է իրենց հատկացված՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված հողմային էլեկտրակայանից՝ 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված են եղել: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից: Ստացվում է՝ ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ արարքներով, զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել են միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է  ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով: Նշվածից բացի, այս ամենի արդյունքում իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար ադրբեջանի զինված ուժերի նշանառության տակ լինելու պատճառով, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացրել գյուղատնտեսության ու մասնավորապես՝ անասնապահության հարցերով: Գործարարներն օրինական գործունեությունն իրականացնելու համար իրենց հատկացված տարածքին առհասարակ մոտենալ չեն կարող: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են Գեղամասար համայնքի բնակիչները և համայնքային մարմինները, դա հաստատվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավորած պատվիրակության այցի ու Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից տեղում շարունակական ուսումնասիրությունների ընթացքում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերի այս գործողությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով, խախտվել են ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, ինչպես նաև արոտավայրերից ու խոտհարքներից օգտվելու և այլ իրավունքներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը,ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ»,- գրել է նա:
16:47 - 05 փետրվարի, 2021
Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցին:  «Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային բարեփոխումների օրակարգում, որի շրջանակներում ձեռնարկված քայլերն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, արձանագրում են համակարգային առաջընթաց: Հատկապես բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որպես վերջնարդյունք, թիրախավորել է բանտային առողջապահության ոլորտը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելը: Սա նշանակում է, որ ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինի երկրում առկա բժշկական օգնության և սպասարկման այն նույն մակարդակը, ինչ ընդհանուր բնակչության համար՝ բացառելով իրավական կարգավիճակով պայմանավորված խտրականության դրսևորումները: Անդրադառնալով զեկույցի բովանդակային կետերին՝ Նախարարությունը հարկ է համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով ամրագրվում են ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու օրենսդրական հիմքերը, իսկ ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են դրանց ընթացակարգերը։ Այլ կերպ՝ նշված օրենքի կարգավորումների համալիր վերլուծությունից բխում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց բուժհաստատություններում պահելու լիազորությունը հստակ է և կանխատեսելի, հստակ է նաև այն, որ նման լիազորությամբ օժտված է Քրեակատարողական ծառայությունը, իսկ այն, թե ինչ ընթացակարգով է իրականացվում պահպանման լիազորությունը, օրենքն այն ընդունելու լիազորությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու լիազոր մարմնին: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտի մակարդակով կարգավորելը չի կարող ընդունվել որպես անձի իրավունքը սահմանափակող երևույթ: Բացի այդ, տրամաբանական է, որ ընթացակարգային բոլոր հարցերը չեն կարող դառնալ օրենքի կարգավորման առարկա՝ ելնելով ողջամտության կանխավարկածից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կիսում է այս տեսակետը: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտով կարգավորելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել օրենքի «հովանոցից» օգտվել և մեկնաբանվել իբրև անձի իրավունքներին միջամտելու «արդարացում»: Ինչպես նշվեց, օրենքով նախատեսված են բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու իրավական հիմքերը, իսկ թե ինչպես պետք է իրացվեն այդ հիմքերը, հարցի պատասխանը ընթացակարգային տեսանկյունից տալիս են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ, թե ինչպես կարող են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները, որոնք տալիս են անձի նկատմամբ հսկողության իրականացման մանրամասները, դիտարկվել ծավալային առումով օրենքին ոչ համահունչ կամ տալ անձի իրավունքներին անհամաչափ միջամտության թյուր պատկերացում: Բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացման ընթացքում կոնֆիդենցիալության ապահովման նպատակով դրանք իրականացվում են (կալանավորված անձի օրինակով) պահակետի ծառայողի լսողության սահմաններից դուրս: Նման պայմաններում պահակետի ծառայողը դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակից և չի կատարում այնպիսի գործողություն, որն ուղղված է բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացմանը խոչընդոտելուն կամ բժշկական գաղտնիքը բացահայտելուն կամ անձի արժանապատվությունը նվաստացնելուն: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները չեն կարող խախտվել: Դրան զուգահեռ, պահակետի ծառայողն ունի տեսողական արդյունավետ հսկողության ապահովման պարտականություն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ պահակետի ծառայողը հսկում է ազատությունից զրկված անձին և ապահովում անվտանգություն: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ պահակետի ծառայողը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումներին համահունչ: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք չեն բխում նրան վերապահված լիազորությունների ծավալից, կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ուստի, Սահմանադրության և օրենքներին համահունչ գործելն ըստ էության համարել ձևական (formal) մոտեցում, կարծում ենք՝ որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Չպետք է մոռանալ, որ քրեակատարողական հիմնարկն ինքնին հատուկ պահպանվող գոտի է և անվտանգության ապահովման ուժերը չեն կարող համեմատվել քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման ուժերի հետ: Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման որակական կողմի տեսանկյունից պետք է ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն անձի առողջության պահպանման իրավունքի և անվտանգության երաշխավորման նպատակով գործադրվող միջոցների միջև: Տեղյակ լինելով միջազգային իրավաբանությունում առկա մոտեցումներին՝ հայտնի իրողություն է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը Եվրոպական դատարանը գնահատում է գործով առկա բոլոր հանգամանքների համակցության մեջ: Պահակետի ծառայողի հսկողության տակ գտնվելու փաստն առանձին վերցված 3-րդ հոդվածի համատեքստում դիտարկելն ընդունելի համարվել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ չեն խախտվում բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները: Ինչ վերաբերում է զեկույցում նշված՝ ոլորտային բարեփոխումների առնչությամբ Պաշտպանին իրազեկելուն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ բանտային առողջապահության ոլորտում Կառավարության բարեփոխումների օրակարգը բավական հավակնոտ է: Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ կատարելագործման և արդի զարգացման միտումներին համահունչ գործելու կարիք ունի այնպես, ինչպես հանրային առողջապահության ոլորտը: Բարեփոխումների իրականացումը երբեք չպետք է ընկալվի անձի իրավունքների հնարավոր խախտումները քողարկելու քայլ: Ճիշտ հակառակը՝ Կառավարությունը՝ ընդհանրապես, և Նախարարությունը՝ մասնավորապես, հետևողական է անձի իրավունքների խախտման ցանկացած դեպք բացահայտելուն, երբ առկա են օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր: Արդարադատության նախարարությունը վերստին ընդգծում է իր մոտեցումն առ այն, որ ազատությունից զրկված ցանկացած անձի իրավունքի երաշխավորումը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ անկախ կոնկրետ անձի կարգավիճակից կամ նրա անձի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանից: Եվ որ ամենակարևորն է, նշված մոտեցումը պետք է ընկած լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած անձի կամ կառույցի գործունեության հիմքում»:
11:01 - 04 փետրվարի, 2021