ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դեռ Լեհաստանին չի փոխանցել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են  Լեհաստանի տարածքում գտնվող Ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։ «Ուկրաինացի  փախստականների ծախսերը, որոնք մենք կրում ենք, հաշվարկված են միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով: Հետևաբար, ԵՄ օգնությունը փախստականներին օգնող երկրներին նույնպես պետք է տրվի միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով», - ասել է նա: Շեֆերնակերի խոսքով՝ երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 144,6 մլն եվրո է հատկացնում Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար, սակայն Վարշավան դեռ չի ստացել այդ գումարը։ Նա բացատրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարող փախստականներին օգնել ԵՄ-ի միջոցներից, որոնք երկիրը ստանում է նպատակային ծրագրերի համար։ «Մենք չենք կարող նրանց վերաուղղորդել փախստականներին օգնելու համար, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել պլանավորված  ծրագրերից: Եվ այն միջոցները, որոնք ԵՄ-ն հատկացնում է միգրացիոն հիմնադրամներից, իսպառ բացակայում են», - ասել է ՆԳՆ փոխնախարարը:
14:15 - 28 մայիսի, 2022
Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|

Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ակնհայտ տարաձայնություններ ունեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այս մասին նա խոսել է Nieuwsuur-ին տված հարցազրույցում, հայտնում է pravda.com.ua-ը։Զրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում և Ուկրաինային անվանել եվրոպական ընտանիքի մաս, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին ոչինչ չի ասել։ Զելենսկին պատասխանել է, որ հինգշաբթի խոսել է վարչապետի հետ։«Ես ազնիվ էի Մարկի հետ, ես նրան այսպիսի մի բան ասացի. «Շնորհակալություն ելույթի համար։ Դուք իսկապես օգնում եք մեզ, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին, Դուք լռեցիք այն ամենի մասին, ինչ մենք պարզապես ուզում էինք լսել։ Եթե կարծում եք, որ մենք տեղ չունենք ԵՄ-ում, ապա պետք է դա հստակ ասեք»,- ասել է Զելենսկին։Նրա խոսքով, Ռյուտեն պատասխանել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ում Ուկրաինայի համար տեղ կա, «բայց հետո որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն»։ 
13:15 - 28 մայիսի, 2022
Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Ովքեր են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարում, ովքեր՝ ոչ․ Politico

Եվրամիության մի շարք ընկերություններ Մոսկվայի կողմից ճնշման են ենթարկվում ռուսական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու առնչությամբ այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովի ուղեցույցը շփոթմունք է առաջացնում, գրում է Politico-ն, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Վերջին ամիսներին ԵՄ էներգետիկ ընկերությունները փորձում են հասկանալ Բրյուսելի մշուշոտ, երբեմն էլ հակասական հայտարարություններն այն մասին, թե արդյոք ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումը ԵՄ պատժամիջոցների խախտում է։ Այս պահի դրությամբ ռուսական գազի մատակարարումները դադարեցվել են ԵՄ երեք երկրների համար այն պատճառով, որ նրանց էներգետիկ ընկերությունները հրաժարվել են կատարել Ռուսաստանի՝ մարտի 31-ին ընդունած որոշումը․ ըստ այդ որոշման՝ «ոչ բարեկամ երկրները» գազի դիմաց վճարումները պետք է իրականացնեն ռուսական «Գազպրոմբանկում» բացված երկու հաշիվներով, որոնցից մեկը պետք է լինի եվրոյով կամ դոլարով, մյուսը՝ ռուբլով, որպեսզի արտարժույթի փոխանակում իրականացվի։ Սակայն ավելի ու ավելի շատ էներգետիկ ընկերություններ են կամավոր կերպով վճարումներն իրականացնում ռուսական բանկի հաշիվների միջոցով։ Նրանք պնդում են, որ վճարումները չեն խախտում ԵՄ պատժամիջոցները։ ԵՄ երկրներին ուղարկված նախնական ուղեցույցում Եվրահանձնաժողովը զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով վճարումը «կհանգեցնի ԵՄ պատժամիջոցների խախտման»։ Սակայն ապրիլին հրապարակված ուղեցույցում նշվել է, որ ԵՄ պատժամիջոցները «չեն արգելում հաշիվներ բացել «Գազպրոմբանկում»»։ Իսկ ապրիլի վերջին թարմացված ուղեցույցում ոչ մի պարզաբանում չկա, թե արդյոք ռուբլով հաշիվները խախտում են ԵՄ պատժամիջոցները։ Մայիսի կեսերին ԵՄ դիվանագետների հետ հանդիպմանը Եվրահանձնաժողովի տնօրենության էներգետիկ հարցերով գլխավոր տնօրեն Դիտե Յուլ-Յորգենսենը ներկաներին ասել է, որ Եվրահանձնաժողովն ընկերություններին խորհուրդ է տալիս ռուբլով հաշիվներ չբացել, սակայն նա չի ասել, թե դա պատժամիջոցների խախտում է: Այդ մասին հայտնել են քննարկմանը լավատեղյակ երեք անձինք։ Ռուսական կառավարությունը հայտարարել է, որ արդեն այս շաբաթ հրապարակելու է օտարերկրյա ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ռուբլով հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։ Իսկ մինչ այդ ներկայացնենք այն, ինչ հայտնի է այս պահի դրությամբ։   Ընկերություններ, որոնք մերժել են կատարել ռուսական պահանջը Լեհաստան, PGNiG: Ընկերությունը հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել ապրիլի 12-ին։ Գազի մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Բուլղարիա, «Բուլղարգազ»։  Հրաժարվել է ռուբլով վճարել. մատակարարումները դադարեցվել են ապրիլի 27-ին։ Ֆինլանդիա, «Gasum»։ Ֆինլանդիայի կառավարությունը նույնպես մերժել է Ռուսաստանի պահանջը. մատակարարումները դադարեցվել են մայիսի 21-ին։   Ընկերություն, որը դեռ չի կողմնորոշվել Նիդերլանդներ, «GasTerra»։ Մասամբ պետական ընկերությունը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Գազպրոմի» հետ իր պայմանագրից, սակայն նշել է, որ պատժամիջոցների հարցում անհստակությունը «շատ է նյարդայնացնում»։ Մայիսի 24-ին «GasTerra»-ն Politico-ին ասել է, որ իրավիճակը դեռ պարզ չէ։ «Նիդերլանդները դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով հստակեցնել ուղեցույցը ռուբլով հաշիվների մասով»,- ասել է Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։   Ընկերություններ, որոնք շարունակում են վճարումները ռուսական «Գազպրոմբանկի» միջոցով Այս ընկերությունները շարունակում են ռուսական գազի դիմաց վճարել և ստանալ այն, սակայն «Գազպրոմի» հետ իրենց համաձայնագրի մանրամասները, օրինակ, թե արդյոք ռուբլով հաշիվներ են բացել, կարող են չհրապարակել։ Հունգարիա, MVM: «Մենք վճարում ենք եվրոյով, «Գազպրոմբանկը» եվրոն փոխանակում է, և այդ գումարը վճարվում է «Գազպրոմ էքսպորտին»,- ապրիլին 11-ին ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Գերմանիա, VNG: «Մենք կվճարենք գումարը, որը նախկինի պես արտահայտված կլինի եվրոյով, այն կփոխանցվի «Գազպրոմբանկի» հաշվին, […] որպեսզի մեր կողմից ապահովվի ժամանակին վճարումը մեր մատակարարին... Մենք նաև կարծում ենք, որ գումարը ռուբլով փոխանակելը դժվարություն չի առաջացնի․․․ հաշվի բացումը հարթ է ընթացել»,- ասել է ընկերությունը մայիսի 9-ին։ Գերմանիա, RWE։ «Մենք պատրաստ ենք եվրոյով վճարել և համապատասխան հաշիվ ենք բացել»,- ասել է ընկերությունը մայիսի 16-ին։ Գերմանիա, «Uniper»: ««Uniper»-ը հաշիվ է բացել «Գազպրոմբանկում» և կարգավորումներ իրականացրել՝ պայմանագրով նախատեսված եվրոյով վճարումներն այդ հաշվին փոխանցելու համար՝ վճարային նոր մեխանիզմի համաձայն»,- ասել է ընկերությունը մայիսի 18-ին։ Ֆրանսիա, «Engie»: ««Engie»-ն «Գազպրոմի» հետ բանակցություններ է վարում՝ ռուսական գազի մատակարարման դիմաց վճարման սխեմայի փոփոխման վերաբերյալ Ռուսաստանի պահանջի մասով։ Ընկերությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ պատրաստ լինելու կատարել իր վճարային պարտավորությունները,- ասել է ընկերությունը մայիսի 17-ին։ Իտալիա, «Eni»: ««Eni»-ն «Գազպրոմբանկում» երկու հաշիվների բացման ընթացքի մեջ է (մեկը՝ եվրոյով, մյուսը՝ ռուբլով)»,- հայտնել է ընկերությունը մայիսի 17-ին։ Ավստրիա, OMV: «Ներկա պահին մենք սկսել ենք պատժամիջոցներին համապատասխանող վճարման գործընթաց, որն ապահովում է գազի մատակարարման դիմաց ժամանակին կատարվող վճարումները»,- նշել է ընկերությունը մայիսի 20-ին։ Չեխիա, ČEZ: «Մենք եվրոյով վճարում ենք կատարել՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականին համապատասխան։ Մանրամասներ չենք հաղորդելու»,- ասել է ընկերությունը մայիսի 20-ին։ Սլովակիա, SPP: «Սլովակիան ապրիլյան վճարումներն իրականացրել է եվրոյով՝ գործող պայմանագրի համաձայն․․․ ԵՄ այն մոտեցման հիման վրա, որ նման վճարումը պատժամիջոցների խախտում կամ շրջանցում չէ»,- հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին։ Սլովենիա, Geoplin: ««Geoplin»-ն իր ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել է վճարման ընթացակարգի մասին, որը համապատասխանում է պայմանագրին, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների միջոցներին և հանձնարարականներին»,- ընդգծել է ընկերությունը մայիսի 20-ին»։   Նորա Վանյան
12:16 - 27 մայիսի, 2022
ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ԵՄ առաջնորդը միջնորդում է խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները․ Հայ Դատի գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը տարածել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելում մայիսի 22-ին Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո արած հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ Որպես համաեվրոպական քաղաքացիական հասարակության համայնքային կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և ԵՄ երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը, ներկայացնելով ԵՄ հայազգի քաղաքացիների զգալի մասը, իրենց խոր դժգոհությունն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։ Խաղաղությանն ուղղված միջնորդությունն անհրաժեշտ է և ողջունելի։ Այնուամենայնիվ, էական է ապահովել, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, այլ ոչ թե անկյուն   մղելով երկու ավտորիտար ռեժիմների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, արատավոր ագրեսիայի զոհ դարձած կողմին։ Ի դեպ, Թուրքիան ջիհադիստ վարձկաններ էր տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Անընդունելի է, որ ԵՄ առաջնորդը միջնորդի խաղաղության համար՝ զոհաբերելով ճնշված կողմի իրավունքներն ու կարիքները։ Ցավոք, նախագահ Միշելի վերջին հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման կարևոր հարցերում հաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը։   Շեղվելով ԵՄ-ի տասնամյակների մոտեցումներից, ինչպես նաև համապատասխան միջազգային բոլոր փաստաթղթերից՝ Շառլ Միշելը օգտագործում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը որոշակի տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Այսպիսով, Եվրոպական խորհրդի նախագահը կրկնում է Ադրբեջանի նախագահի տեսակետը՝ ակնարկելով, որ Լեռնային Ղարաբաղը, որպես սուբյեկտ, գոյություն չունի, ինչն իր էությամբ ցեղասպանական մոտեցում է։  2022 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ բանաձև՝ արձանագրելով, որ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է համակարգված և պետական մակարդակով հովանովորվող հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և հայերի նկատմամբ ատելության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից»: Միայն «Ղարաբաղ» տերմինի օգտագործումն ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակվող էթնիկ զտումների և իր էությամբ ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է։ Սույնով պարոն Շառլ Միշելին հիշեցնում ենք, որ, իբրև Եվրոպական խորհրդի նախագահ, նրա միջնորդությունը պետք է հիմնվի հետևյալ փաստերի և հանգամանքների վրա. ԵՄ-ի և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտին, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների, և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը»՝ որպես երեք հիմնական սկզբունքներից մեկը։ Բաքվի ցանկացած անմիջական վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անխուսափելիորեն նշանակում է դրա հազարամյա բնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ Ուստի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը պետք է արտացոլվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ​​կամքի ժողովրդավարական արտահայտմամբ, առաջնային է բնակչության երկարաժամկետ ու կայուն անվտանգության ապահովման և հայրենիքում ապրելու իրավունքի երաշխավորման համար։ Տրանսպորտային/հաղորդակցական կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի՝ հարգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Նոր հակամարտության համար հիմքեր ստեղծելու ցանկացած հնարավոր ռիսկ պետք է բացառվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը  չեն կարող կատարվել ուժի կիրառման հետևանքով և չպետք է իրականացվեն հապճեպ՝ առանց հաշվի առնելու դրա բոլոր հետևանքները։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայատյացության պետական ​​քաղաքականության բոլոր դրսևորումները։ Հետևելով Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ մի շարք անդամ երկրների խորհրդարանների բանաձևերին՝ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ կառավարությունից է նաև ակնկալում, որ բանակցությունների ընթացքում այն պնդի վերոնշյալ բոլոր կետերը։
16:24 - 26 մայիսի, 2022
Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին

 |armenpress.am|

Բանակցային գործընթացում չպետք է թույլ տանք վակուում, ողջունում ենք բոլոր ջանքերը. Միրզոյանը՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝  կառուցելու խաղաղություն տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ, և այս առումով  ողջունում է բոլոր հնարավոր ջանքերը: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ պաշտոնական Երևանը Բաքվի հետ բանակցվում է՝ և ԵՄ-ի, և ՌԴ-ի միջնորդությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան ներկայիս հարաբերությունները՝ որքանո՞վ է արդյունավետ այս գործընթացը: «Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում չի կարող և չպետք է թույլ տա վակուումի գոյությունը կամ առաջացումը: Անշուշտ, մենք ողջունում ենք նաև ԵՄ-ի ջանքերը և մասնակցում ենք այդ ջանքերին, այդ ջանքերն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս»,-ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը շեշտեց, որ ՀՀ-ն հռչակել և բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցել խաղաղություն տարածաշրջանում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ այդ թվում և ԼՂ-ի հակամարտության փոխընդունելի քաղաքական կարգավորում գտնելու ուղղությամբ: «Եվ, այս առումով, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը»,-նշեց նա: Հայկական կողմը ԼՂ-ի հարցով բանակցությունները տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: «Բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ վակուում, մենք ողջունում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-եզրափակեց ԱԳ նախարարը:
20:17 - 25 մայիսի, 2022
Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Փաշինյանն ընդգծել է, որ որեւէ մեկը չի կարող ՀՀ և Արցախի ժողովրդի թիկունքում փաստաթուղթ ստորագրել. Արցախի նախագահ

Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը նախ ընդգծել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը՝ նշելով, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նախագահ Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Հարությունյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Արցախի նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին, և արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:
19:49 - 25 մայիսի, 2022
Մինչև այս պահը չենք արձանագրել, որ ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Փաշինյան

 |armenpress.am|

Մինչև այս պահը չենք արձանագրել, որ ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայկական կողմը մինչև այս պահը չի արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո շահարկվել է հարցը, թե քննարկվել է նաև անկլավների հարցը: «Այդ հարցը ծագեց  այն ժամանակ, երբ հաղորդագրության մեջ ասվում էր «Ադրբեջանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություն ու Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն»: Եվ հարց էր ծագում, թե այս ինչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է: ԱԽ քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, նաև կարող է դե յուրե ստեղծվել հաղորդակցություն ավտոմոբիլային հաղորդակցության համար: Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ մենք ունենք Հայաստանի տարածքով Մեղրիից դեպի Հայաստանի բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»,-ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է անկլավներին՝ վարչապետը վստահեցրեց, որ այդպիսի հարց, որպես այդպիսին, չի քննարկվել Բրյուսելում: Սակայն նա ընդգծեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնարկով կամ ուղիղ ձևով ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է: «Եվ մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում, առավել ևս Արցախի ժողովրդի թիկունքում որևէ բան անել: Եթե իշխանությունը կունենա կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Նա առանց այն էլ դրամատիկ վիճակը քաղաքական նպատակներով կրկնակի, եռակի, հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չհամարեց:
18:36 - 25 մայիսի, 2022
Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և ԵՄ խորհրդի նախագահը որոշել է հնչեցնել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից ձևակերպումների շուրջ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը մեջբերում արեց Բրյուսելի հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»: Ըստ Եղոյանի՝ հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել: «Շահարկվեց նաև, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»,- ասաց Եղոյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով: «Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ ընդ որում այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ: «Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:
18:08 - 25 մայիսի, 2022
Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը պարենային մատակարարումները որպես զենք է օգտագործում՝ նույն մարտավարությունը կիրառելով, ինչ էներգետիկ ոլորտում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում։ Նա ընդգծել է, որ «գլոբալ համագործակցությունը» «Ռուսաստանի շանտաժի հակաթույնն է»։ «Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայում Կրեմլի բանակն առգրավում է հացահատիկի պաշարներն ու տեխնիկան: [․․․] Իսկ ուսական ռազմանավերը Սև ծովում արգելափակում են ցորենով և արևածաղկի սերմերով բեռնված ուկրաինական նավերը», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Եվրամիությունը խոստացել է այլընտրանքային լոգիստիկ երթուղիներ բացել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահաննմանն օգնելու համար։   Նորա Վանյան
19:35 - 24 մայիսի, 2022
Փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունից․ շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը․ Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք –ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարությւոն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․ Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին: Եվրոպայի խորհրդի նախագահ դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:  Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը: Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց:
18:54 - 24 մայիսի, 2022
Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

Արցախի կարգավիճակի հարցը նույն վիճակում է, ինչ եղել է 2016-ի հունվարից ի վեր՝ թողնված է անորոշ ապագային. Եղոյան |news.am|

news.am: ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում համարյա այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը իրականացնում էին, բնական է, ամեն մեկն իր տեսանկյունից, առաջարկելով իր միջնորդական առաքելությունը, ուղղակի այն ժամանակ դա բերվում էր մեկ կոնսենսուսի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հարցին, թե արդյոք Բրյուսելում բարձրացվել է «անկլավների» հարց, նա պատասխանեց. «Դուք հարցը նեղացնում եք: Չկա անկլավների հարց, նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Անկլավերի հարց օրակարգում չկա»: Լրագրողը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց՝ Արցախի կարգավիճակի հարցում իշխանությունը հետքայլ արե՞լ է, որին նա արձագանքեց. «Արցախի կարգավիճակի հարցն այսօր գտնվում է նույն վիճակում, ինչ գտնվել է 2016 թվականի հունվարից ի վեր, այսինքն՝ թողնված է անորոշ ապագային»։ Լրագրողի հիշեցմանը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր. «Ես ընդգծել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ ազգաբնակչության իրավունքների եւ անվտանգության հարցին», Եղոյանն արձագանքեց. «Շառլ Միշելն ասում է, որ ինքն է այդպես ասել, ինքն է այդ ձեւակերպումը տվել: Եկեք չխառնենք դերակատարներին, Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել: Ինչի՞ վրա եք այդքան զարմացել: Շառլ Միշելը Մինսկի խմբի համանախագահ չի, ինքը չի զբաղվում ԼՂ հակամարտության լուծմամբ: նա նախաձեռնել է եռակողմ հանդիպում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինքը դա է կարեւորել»: Ինչ վերաբերում է ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե եթե կողմերը չհամաձայնեին, Շառլ Միշելը չէր կարող նման հայտարարություն անել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Կողմերի համաձայնությամբ, թե առանց համաձայնության, բայց Շառլ Միշելն ասում է՝ ես հորդորեցի…: Այսինքն ինքն իր համար կարեւոր հարցերի մասին է խոսում:  Հիմա դուք հարցնում եք՝ ինչո՞ւ Շառլ Միշելի համար կարեւոր չի Արցախի կարգավիճակի հարցը»:
14:06 - 24 մայիսի, 2022
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը |armenpress.am|

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային ովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։   «Սահմանային հարցեր Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։   Հաղորդակցություններ Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։   Խաղաղության պայմանագիր Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:   Սոցիալ-տնտեսական զարգացում ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:
09:56 - 23 մայիսի, 2022
Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստությունները. ՀՀ վարչապետի աշխատակազմ

Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստությունները. ՀՀ վարչապետի աշխատակազմ

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
08:44 - 23 մայիսի, 2022