ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|

Պարտադիր զինծառայությունից խուսափած 323 անձ համաներվել է |hetq.am|

hetq.am: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրենքի շրջանակում 323 անձի նկատմամբ համաներում է կիրառվել: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու» օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչից, վարժական հավաքից խուսափած անձինք օրենքի շահառու չեն կարող դառնալ: Դատախազությունից հայտնել են նաև, որ ևս 3 անձի նկատմամբ օրենքի դրույթների կիրառման կապակցությամբ կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ: Օրենքի նախագծի խորհրդարանական քննարկմանը արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը հայտնել էր, որ մայիսի չորսի դրությամբ 327 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հետախուզվում է 5433 անձ: Հետաքրքրվել էինք նաև, թե նման քաղաքացիները հիմնականում որ երկրներից են վերադառնում և արդյոք Հայաստանից մեկնելու վերաբերյալ տվյալներ հավաքագրվում են: Դատախազությունից պատասխանել են, որ այդ քաղաքացիները հիմնականում ՌԴ-ից են վերադարձել, իսկ Հայաստանից մեկնելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
13:12 - 16 հուլիսի, 2021
Գորիս համայնքի Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գորիս համայնքի Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին է ուղարկվել 2021թ. հունիսի 10-ին aravot.am լրատվական կայքում «Օրինական կաշա՞ռք, թե՞ ... Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ» վերտառությամբ հրապարակումը: Վերջինիս առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիսի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի բյուջեից առերևույթ վատնել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ խախտելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019թ. օգոստոսի 20-ի «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 69-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները, ըստ որի՝ համայնքի կամավոր խնդիրներն են համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը, 2021թ. հունիսի 9-ի թիվ 369-Ա որոշմամբ սոցալապես անապահով ընտանիքներ չհամարվող, ինչպես նաև այլ համայնքների բնակիչներ հանդիսացող 115 անձանց, որպես դրամական աջակցություն, տրամադրել է ընդհանուր 6.130.000 ՀՀ դրամ:  Դեպքի առթիվ  հունիսի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի վարչական ներկայացուցիչ Ս. Օ.-ն 2021թ. հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նույն գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, և առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Պարզվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 09.06.2021թ. որոշմամբ Որոտան գյուղի թվով 31 բնակիչների սոցիալական աջակցվություն ստանալու վերաբերյալ դիմումները բավարվել են և տրամադրվել տարբեր չափի գումարներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Ս. Օ.-ի ընտանիքի անդամները և հարազատները: Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Օ.-ն որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցույթուն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:   Նկատի ունենալով, որ նշված հոդվածներով հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ: Միաժամանակ, ՀՀ ՔԿ և ՀՀ ՀՔԾ-ի քննիչներից ձևավորվել է քննչական խումբ, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:42 - 09 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը և Քրիստոս Յակումոպուլոսը քննարկել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները

Արթուր Դավթյանը և Քրիստոս Յակումոպուլոսը քննարկել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ԵԽ-ի միջև առկա հարաբերությունների որակը, արժևորվել է հանցավորության դեմ պայքարում ԵԽ-ի և Հայաստանի միջև երկարամյա համագործակցությունը, որի շրջանակում ՀՀ դատախազությունը ներգրավված է ԵԽ համապատասխան ծրագրերում: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների տեսանկյունից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնավորապես, ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ 2020 թ. նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հայ զինծառայողների, ռազմագերու կարգավիճակում հայտնված անձանց, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող քաղաքացիական անձանց իրավունքների տոտալ ոտնահարումների փաստերը: Գնահատելով դրանք անընդունելի ԵԽ անդամ ցանկացած երկրի պարագայում՝ Արթուր Դավթյանը էական է համարել միջազգային հանրության և, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում ԵԽ  կառույցների կողմից նման դրսևորումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը և հումանիտար բնույթի հարցերի ամբողջական և անկեղծ լուծումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական և այլ բնագավառներում համագործակցության երաշխիք: Սակայն ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը և ուղիղ հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին։ Որպես ապակառուցողականության ցցուն օրինակ՝ Արթուր Դավթյանը հիշեցրել է Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անհիմն մեղադրանքներով ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների  կազմակերպման մասին՝ նշելով, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով: Արթուր Դավթյանը ներկայացրել է նաև հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:     Երկկողմ պատրաստակամություն է արտահայտվել խնդրո առարկայի վերաբերյալ անհրաժեշտաբար իրականացնել տեղեկատվության փոխանակում:
11:31 - 09 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը շեշտել է հայ գերիներին վերադարձնելու գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունը

Արթուր Դավթյանը շեշտել է հայ գերիներին վերադարձնելու գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և առավել արդյունավետ կիրառելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդամ երկրների գլխավոր դատախազները վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր խթան կհանդիսանա համակարգող խորհրդի շրջանակներում կապերի հետագա ամրապնդման և անդրազգային հանցավորության առավել արդյունավետ հակազդման համար: Նիստից հետո կայացել է երկկողմ հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջև:  ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով:   Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի հաստատման 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիք: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով ռուսական խաղաղապահ և այլ ուժերի կատարած աշխատանքը, անձամբ Իգոր Կրասնովի կառուցողական դերը իրավական-հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հիմնախնդրի լուծման շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարութան 8-րդ կետի կատարման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ներդրած նրա ջանքերը:   
14:50 - 08 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև  գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային  այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում  մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:  «Դատախազի դերը անհատի իրավունքների և հանրային շահի պաշտպանության ոլորտում՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջների լույսի ներքո» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել են ՌԴ գլխավոր դատախազությունը, Եվրոպայի խորհուրդը և «Դատախազների միջազգային ասոցիացիան»: Համաժողովի նպատակն է քննարկել ՄԻԵԴ տեսանկյունից դատախազության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ դատախազական վերահսկողության, քրեական արդարադատությունից դուրս դատախազության ֆունկցիոնալ դերակատարության, կիբերհանցագործությունների, միջազգային ահաբեկչության  հակազդման, իրավական փոխօգնության կառուցակարգերի կատարելագործման խնդիրները, ինչպես նաև նշված ոլորտներում միջազգային համագործակցությանը, լավագույն փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա Հայաստանի Հանրապետության օրինակով անդրադարձել է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի պահանջների համատեքստում քրեական վարույթի շրջանակում Դատախազության ուղղորդող լոկոմոտիվային դերին: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, ներկայացրել է ՀՀ դատախազության նախաձեռնությունները նախնական կալանքի կիրառման շրջանակում մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության պաշտպանության առումով ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի մանրամասն ուսումնասիրությունների, դրա հիման վրա խափանման միջոց կալանքի միջնորդությունների բովանդակային նոր՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի իմաստին ու ոգուն համահունչ չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է քրեական վարույթում ներգրավված, սակայն այլ երկրներում գտնվող անձանց հետ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները: Այս տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, առավել խնդրահարույց է շարունակում մնալ հանգամանքը, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում տեսակապի միջոցով հակընդդեմ հարցման իրականացումը, սակայն բազմաթիվ երկրներ չեն միացել «Քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ» եվրոպական կոնվենցիային, կամ խնդրո առարկայի հետ կապված տարբեր երկրներում գործում են խիստ տարբերակված իրավական ընթացակարգեր, որոնք ստեղծում են բարդություններ այդ երկրներում գտնվող անձանց հետ իրավական գործընթացի շրջանակում հաղորդակցման կազմակերպման համար:   Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:   
16:44 - 07 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:    
18:39 - 06 հուլիսի, 2021
Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորելով մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում:  «Այսօր քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:  Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանն ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից: Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից:  Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ: Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:  Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը: Պաշտպաններն իրենք էին մինչև դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի: Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասված է հայտարարությունում:
22:34 - 02 հուլիսի, 2021
Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ դատարանում ընթացող Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին Չարչյանի պաշտպանները: Ըստ նրանց, անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, համաձայն որի բողոքի քննությունն ընթանալու էր աշխատանքային ժամի ավարտից հետո նաև, դատախազը չի ցանկացել այն շարունակել: «Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կողմեն ու դատարանը, որ ժամը 6-ից հետո (18:00) կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել բողոքի քննությունը: Դտախազը չառարկեց, այսինքն մենք շարունակեցինք 6-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում բողոքի քննությանն այս պահին մասնակցել, աշխատանքային ժամն ավարտվել է և ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել հաջորդ դատական նիստին»,-տեղեկացրեց պաշտպանը:
19:47 - 02 հուլիսի, 2021
Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

armenpress.am: Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:  ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ մասնավորապես,  2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել: Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է: Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի: Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն: Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը: Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:
16:22 - 02 հուլիսի, 2021
Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 - 02 հուլիսի, 2021
Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին. «Հարգելի պարոն Դավթյան,հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը: Այն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Հիմա իհարկե տեսնում ենք, թե ինչպիսի արձագանքներ ունեն խորհրդարանական ընտրությունները հայ և միջազգային հանրության շրջանում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք: Ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ մենք կիրառել ենք ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում: Սա շատ բանի մասին է խոսում: Եվ ես այստեղ չեմ կարող չընդգծել մեր դատաիրավական համակարգի, դատախազության դերը, որովհետև ընտրությունների նախընթաց շրջանում շատ մեծ մտավախություններ կային քարոզարշավի անվտանգության ապահովման, քվեարկության անվտանգության ապահովման, ձայների հաշվարկի անվտանգության ապահովման հետ կապված, բայց պետք է արձանագրենք, որ այս բոլոր հարցերը լուծվեցին ու ապահովվեցին ամենաբարձր մակարդակով: Ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել բոլորիդ, որովհետև ակնհայտ է, որ այստեղ կատարվել է համակարգային աշխատանք և այդ համակարգային աշխատանքի շնորհիվ է ապահովվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Նույնպիսի շատ ավելի բարդ իրավիճակում էինք, այո, հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, և պետք է արձանագրել, որ վերջին 7-8 ամիսներին մեր պետությունն անցել է աննախադեպ ցնցումների միջով: Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը»: Այս առումով նույնպես Նիկոլ Փաշինյանն ընդգծել է իրավապահ համակարգի և դատախազության դերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում առավել ևս ակներև է դառնում պետական ինստիտուտների և հատկապես դատախազության կարևորությունը: «Եվ իսկապես շատ ճիշտ նկատվեց, որ այդ ճգնաժամային հատվածում մենք տեսանք պատշաճ արձագանք, որի արդյունքում խուսափեցինք բազմաթիվ կորուստներից, ավելի խորը ցնցումներից և երաշխավորեցինք մեր պետականության ու պետական կարգի լինելիությունը: Իհարկե, կարծում եմ, որ նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը, գործերով քննությունները և բացահայտումները դեռ ամբողջական չեն և դեռ պետք է շարունակվեն: Դա մեր իրավապահ մարմինների օրակարգում է, և այդ հարցում համոզված եմ, որ հետևողական կլինենք: Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին՝ նշել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից: «Մենք պետք է խոստովանենք, որ սա նույնպես բերեց որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել և որին որևէ մեկը չէր էլ սպասում: Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերվում էր իրավունքին և արդարադատությանը: Ընդհանրապես Երրորդ Հանրապետության պատմության մեջ, կարծում եմ, արդարության և արդարադատության պակասն ամենամեծ խնդիրն է եղել մեր երկրում և մեր ժողովրդի ամենակարևոր ձգտումներից մեկը հենց արդարությունն ու արդարադատությունն է և մենք պարտավոր ենք դա անել: Բայց ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ախտորոշել ենք համակարգային և խորքային խնդիրներ, տեսել ենք, որ ի հեճուկս ի սկզբանե տարածված և կարծրացած կարծիքի՝ մենք խնդիրներ ունենք ոչ միայն դատարաններում, այլև նախաքննության որակի հետ կապված, դատախազության համակարգում, և շատ կարևոր է, որ այդ խնդիրներին առերեսվում ենք ու արձանագրում, որ բարեփոխումների կուրսը պետք է շարունակվի, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում իրավունքի, արդարադատության, արդարության հաստատումը: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանական շատ լուրջ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանց բովանդակությունը և արդյունքները ցույց են տալիս այն, որ մեր հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ և պետական կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է դիրքավորվի ըստ այդ փոփոխությունների՝ արձանագրելով, որ երկրում ամենամեծ պահանջը և պահանջարկը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իրավունքի և արդարության, արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, դատախազությունն ունի առանցքային նշանակություն և կան բոլոր հիմքերն արձանագրելու, որ այդ գործառույթն այս նոր քաղաքական իրավիճակում դատախազությունն ի վիճակի է լիարժեք իրագործել: «Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա: Այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է և ուրախ եմ, որ, այո, Գլխավոր դատախազը նշեց՝ հանրության շրջանում մենք տեսնում ենք վերաբերմունքի որոշակի փոփոխություն և կարծում եմ՝ դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարաններն ի վերջո պիտի հանրության շրջանում ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, որոնք պաշտպանում են իրավունքը, որոնք պաշտպանում են պետությունը, որոնք պաշտպանում են իրավակարգը և որոնք ասոցացվում են, նույնականացվում են արդարության ու արդարադատության հետ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շատ կարևոր աշխատանք է կատարվել, իհարկե, ինչպես մեր, ինչպես իմ, այնպես էլ ձեր աշխատանքն անթերի չէ և սա ամենակարևոր արձանագրումն է բոլորիս համար, որպեսզի հետագա առաջընթացի համար ունենանք շարժառիթ և գիտակցում՝ արձանագրելով, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական ու ինստիտուցիոնալ աշխատանքի որակի շարունակական բարձրացումն այն առանցքային նպատակն է, որը միասին պետք է իրագործենք, այն առանցքային պարտավորությունն է, որն ունենք մեր ժողովրդի, մեր նահատակների առաջ: Նրանց առաջ ունեցած մեր ամենակարևոր պարտավորությունն ուժեղ, մրցունակ, արդար, հզոր, զարգացող պետություն ստեղծելն է: Եվ դատախազությունն այս ընթացքում պետությունը պաշտպանելու իր գործառույթը կատարել է և ես համոզված եմ, որ այդ գործառույթի կատարման որակի շարունակական բարձրացումը կարևորագույն խնդիր է, որի լուծումն անպայման տեղի կունենա մեր համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս տոնական օրն իրենց համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ: «Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան՝ առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը»: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ սպասում են իրավական գնահատականների: «Վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ: Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ»,- ասել է Արթուր Դավթյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին է ներկայացրել միջնորդություն՝ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին, Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին և Գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:
14:29 - 01 հուլիսի, 2021