ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Շուշան Պետրոսյանը հրաժարվել է ոստիկանությունում բացատրություն տալ․ ըստ փաստաբանի՝ նա անօրինական է բերման ենթարկվել |armtimes.com|

Շուշան Պետրոսյանը հրաժարվել է ոստիկանությունում բացատրություն տալ․ ըստ փաստաբանի՝ նա անօրինական է բերման ենթարկվել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր հրաժարվել է ոստիկանության բաժնում բացատրություն տալ։ Այս մասին ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ Պետրոսյանը բերման է ենթարկվել անօրինական։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պետրոսյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում։ Քաղաքացին նման հաղորդում էր ներկայացրել դեկտեմբերի 14-ին՝ նշելով, որ Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Մեր զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ամեն ինչ սկսվել է քաղաքացու կողմից Պետրոսյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնելով, ինչից հետո տեղի է ունեցել շատ թեթեւ միջադեպ, որը որեւէ հետեւանք չի առաջացրել․ «Մեզ պարզաբանվեց, որ բերման ենթարկելը պայմանավորված է եղել այդ հաղորդմամբ, որում քաղաքացին նշել էր, որ ինքը դավաճան է անվանել Շուշան Պետրոսյանին, եւ վերջինս, ըստ քաղաքացու, իր նկատմամբ կիրառել է ծեծ, սակայն իրականությունը երկրորդ մասով մի փոքր այլ է, մենք այդ մասին ավելի ուշ փուլում կխոսենք, առաջին մասով, այո, համապատասխանում է իրականությանը, քաղաքացին, խանութում գտնվելով, ավելի լուրջ վիրավորանքներ է հասցրել Շուշան Պետրոսյանին»։ Հարցին, թե ինչպես է ոստիկանությունը մեկնաբանել այն փաստը, որ անձը բերման է ենթարկվել առանց նախապես ծանուցվելու, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ, ըստ ոստիկանության,  իրենք փորձել են գտնել, չեն կարողացել եւ ստիպված են եղել բերման ենթարկել․ «Սրա հետ կապված մենք ունենք առարկություն, որովհետեւ Շուշան Պետրոսյանին գտնելը, մեղմ ասած, մեծ դժվարություն չէ, եւ մենք պատրաստ ենք գնալ, ըստ կարգի՝ ներկայացնել բացատրություն, բայց քանի որ բերման ենթարկեցին, մենք այս փուլում բացատրություն չտվեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անօրինական, անընդունելի ենք համարում լուսաբացին գալն ու բերման ենթարկելը, այն էլ, մեղմ ասած, այսպիսի նվազ վտանգավորության միջադեպի կապակցությամբ եւ առանց ողջամիտ միջոցներ ձեռնարկելու նրան գտնելու եւ բաժին հրավիրելու համար»։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները նշել են, թե երեկ այցելել են Շուշան Պետրոսյանի բնակարան՝ նրան բաժին հրավիրելու, դուռը թակել են, սակայն տանը մարդ չի եղել։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:50 - 17 դեկտեմբերի, 2020
Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանության պարզաբանումը

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: Ոստիկանության պարզաբանումը ստորև. «Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»։
12:02 - 17 դեկտեմբերի, 2020
Սերոժ Ղարիբյանին ապօրինի հրամաններ չեն տրվել․ ոստիկանությունն ավարտել է ծառայողական քննությունը

Սերոժ Ղարիբյանին ապօրինի հրամաններ չեն տրվել․ ոստիկանությունն ավարտել է ծառայողական քննությունը

ՀՀ ոստիկանությունն ավարտել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի եյսբուքյան գրառման կապակցությամբ իրականացված  ծառայողական քննությունը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու և ղեկավարների կողմից ապօրինի հրամաններ տալու վերաբերյալ հայտարարության կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն։ Պարզվել է, որ ոստիկանության կապիտան Սերոժ Ղարիբյանի անմիջական կամ ուղղակի ղեկավարները նրան կամ այլ ծառայողի ապօրինի հրամաններ, ցուցումներ կամ հանձնարարականներ չեն տվել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»,-ասված է ոստիկանության հրապարակման մեջ։  
20:19 - 15 դեկտեմբերի, 2020
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

 Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի առթիվ։ «Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում,  Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:40 - 11 դեկտեմբերի, 2020
Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց․ այն կշարունակվի վաղը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից իրենց բողոքի ակցիան շարունակեցին՝ Երևանի փողոցներում երթ իրականացնելով:  Նրանք Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ Հայաստան» և այլ կոչեր: Այնուհետև երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ:  Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկվել ակցիայի 37 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը: Իսկ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հրապարակից վնասվածքներով Հերացի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել մեկ ցուցարար և մեկ ոստիկան:
17:45 - 11 դեկտեմբերի, 2020
Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով |armenpress.am|

Բալային համակարգի ներդրումից հետո դեռ որևէ անձ չի զրկվել վարորդական իրավունքից. 1695 վկայական կասեցվել է վեց ամսով |armenpress.am|

armenpress.am: Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո տուգանային միավորների կիրառմամբ դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «1695 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով»,- հայտնեցին վարչությունից։ Հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվել ճանապարհային երթևեկության կանոնները բալային համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու ուղղությամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհային երթևեկության կանոնները տուգանային միավորների համակարգով ներդրված նորամուծություններին հարմարեցնելու անհրաժեշտություն չի առաջացել: 2020 թվականի 11 ամիսների ընթացքում տեսախցիկներով և արագաչափերով հայտնաբերված իրավախախտումների գործերով կայացվել է 1 219 448 որոշում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պակաս է 171 673-ով կամ 12.3 տոկոսով։ «2020 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է մարդկային տուժածներով 3564 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 298, մարմնական վնասվածքներ ստացել 5189 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 758-ով կամ 17.5 տոկոսով, զոհերի թիվը 18-ով, մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 954-ով»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
09:50 - 11 դեկտեմբերի, 2020
Չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որեւէ մեկի աթոռակռվին. Ոստիկանության աշխատակիցն ազատման դիմում է գրել

Չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որեւէ մեկի աթոռակռվին. Ոստիկանության աշխատակիցն ազատման դիմում է գրել

Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսեւորի բարձր պատասխանատվության զգացում եւ իր լուման կներդնի մեր  Հայրենիքի խաղաղ եւ արժանապատիվ ապագան կառուցելու գործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության աշխատակից Վանիկ Պարույրյանը։ Նա, մասնավորապես,նշել է. «Հարգելի գործընկերներ. Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար եւ անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ եւ բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։ Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն մեր Հայրենիքի։ Ինչպես ներկայումս, այնպես էլ նախկինում, փորձել ենք հնարավորինս արդար եւ անկողմնակալ կատարել մեր ծառայողական պարտականություններն ու օրենքով վերապահված մեր լիազորությունները եւ շարունակելու ենք նույն կերպ, ինչ էլ որ լինի։ Սակայն ներկայումս մենք բոլորս, ինչպես եւ մեր հայրենակիցները, կանգնած ենք էլ ավելի լուրջ վտանգի առաջ, քան թուրք-ադրբեջանական ահաբեկչական տականքների կողմից հրահրված, պարտադրված պատերազմի ժամանակ, որի ընթացքում մենք բոլորս կորցրել ենք լավագույն մարդկային հատկանիշներով օժտված մեր ՀԵՐՈՍ ընկերներին եւ հարազատներին։ Ներկայիս մարտահրավերը ոչ պակաս սթափություն, պատասխանատվություն եւ համախմբվածություն է  պահանջում յուրաքանչյուրիցս, ուստի պետք է լինենք առավել զգոն, պատասխանատվության բարձր զգացումով, գիտակցենք մեր առաջ դրված խնդիրները եւ պատվով կատարենք դրանք, չէ որ մեզնից է մեծամասամբ կախված մեր Հայրենիքի անվտանգության երաշխիքը։ Ես հասկանում եմ մի պարզ բան. Այսօր մեր երկիրը բաժանված է երկու տարբեր ճակատների, որոնցից յուրաքանչյուրը վստահ է իր դիրքորոշման մեջ եւ պատրաստ է իր գաղափարի համար պայքարել մինչեւ վերջ։ Այդ պայքարն, իմ անձնական կարծիքով, կարող է,  եւ սպառնում է երկրի ներքին եւ արտաքին անվտանգությանը, ուստի իմ կոչն է եւ իմ բոլոր ծառայակից ընկերներիս եւ բոլոր հայրենակիցներիս, թույլ չտալ իրադարձությունների նմանատիպ զարգացմանը, իսկ ստեղծված իրավիճակը լուծել բացառապես Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, այլ ոչ թե որեւէ մեկի էմոցիոնալ եւ ոչ սթափ որոշումներով։ Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որեւէ մեկի աթոռակռվին, այլ իմ նպատակն է թույլ չտալ  մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող պայթունավտանգ իրավիճակներ եւ թող ՀԱՅ-ը որոշի իր ապագան, այլ ոչ թե որոշակի անձանց շրջանակ։ Ես, իմ կամքով, աշխատանքից ազատվելու զեկուցագիր եմ ներկայացրել` հույս ունենալով, որ իմ խոսքը կդառնա լսելի ու հասկանալի բոլորին, մենք կհամախմբվենք, յուրաքանչյուրս կդրսեւորի բարձր պատասխանատվության զգացում եւ իր լուման կներդնի մեր  Հայրենիքի խաղաղ եւ արժանապատիվ ապագան կառուցելու գործում։ Պատիվ ունեմ...»։
16:37 - 10 դեկտեմբերի, 2020