ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքները պետության կողմից մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը նպաստելը:   Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պահանջվել են տեղեկություններ՝ 2019-2020թթ. ընթացքում հիշյալ ծրագրով տրամադրված վարկերի շահառուների և վարկերի օգտագործման վերաբերյալ: Նախարարությունից ստացվել է 2019թ. ամբողջ տարվա և 2020թ. երեք եռամսյակներում իրականացված 125 ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերըի փաթեթները, որոնցից 33-ը Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Արդյունքնում նշված 33 դեպքերից 26-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3-ով նախապատրաստվող նյութերի ընթացքը դեռևս չի լուծվել: Իսկ 4 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2019թ. մարտի 7-ի թիվ 184-Լ որոշմամբ սահմանված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության զարգացման նպատակով ՀՀ Լոռու մարզի բնակիչներին ՀՀ–ում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կնքված պայմանագրով 2019թ. տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել են 3.000.000-ից մինչև 6․000․000 ՀՀ դրամ գումարի չափով վարկեր, որոնք վարկառուների կողմից օգտագործվել են ոչ նպատակային. դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող անասնապահության զարգացմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությանը: Մնացած 92 փաթեթներով ուսումնասիրությունները շարունակվում են, առաջիկայում, ելներով արդյունքներից դրանցով ևս կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։
15:56 - 14 սեպտեմբերի, 2021
Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |factor.am|

Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել |factor.am|

factor.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը։ Ըստ փաստաբանի՝ ընտրված խափանման մյիջոցն անհիմն է և չի համապատասխանում փաստական տվյալներին։ Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ Հովսեփյանը նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 299 404 414 ՀՀ դրամ:
13:56 - 14 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Օրերս կաշառքի գործով ձերբակալված Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Դատավոր Աննա Մաթևոսյանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը և մերժեց տնօրենին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է և հիմա նախապատրաստվում է դրանց դեմ բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար՝ ինչպես ձերբակալման, այնպես էլ խափանման միջոց կալանքի մասով: Ըստ իրավապահների՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում1500 դոլար կաշառք է պահանջել։ Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Սկանդալի կենտրոնում հայտնված Մարինա Մալախյանը պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։
13:39 - 10 սեպտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հեռակա վարույթների շրջանակում վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված գործերի քննությունը

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հեռակա վարույթների շրջանակում վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված գործերի քննությունը

2021 թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու և որպես հետևանք՝ գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաև կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում: Նման ինստիտուտի նպատակն է  ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռումը: Հեռակա վարույթի ինստիտուտը  կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքը սահմանել է, որ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, ինչպես նաև այն դեպքերում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մեղադրյալն անչափահաս է, կամ արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է վեր հանել մեղադրյալի բացակայության հիմքով վարույթը կասեցված՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատարանի վարույթում գտնվող բոլոր գործերը և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում քննարկել վերը նշված, ինչպես նաև ընթացիկ բոլոր այն քրեական գործերով հեռակա վարույթ կիրառելու հնարավորությունը, որոնցով առկա է հետախուզվող անձ: ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր այդպիսի դեպքում գործադրել օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը, բոլոր միջոցները՝ հեռակա վարույթի շրջանակներում հանցագործությունների, հատկապես ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը նպաստելու, նախաքննության փուլում գտնվող գործերի քննություններն արագացնելու և ելքերն ապահովելու նպատակով:
12:19 - 09 սեպտեմբերի, 2021
Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հայաստանի խորհրդարանում անցյալ ամիս՝ օգոստոսի 5-ի եւ 6-ի նիստերի ընթացքում քննարկման առարկա էր դարձել ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողների մահերի թեման։ Պատգամավորներն իրար մեղադրում էին, թե խաղաղ պայմաններում ում օրոք է ավելի շատ զոհ եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, օգոստոսի 5-ի իր ելույթում հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում 700-ից ավելի զինծառայող է զոհվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Ալեքսանյանի այս հայտարարությանը, պնդեց, թե վերջինս սխալ թվեր է ասել, եւ թե Քոչարյանի պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ոչ թե 700, այլ 92 զոհ է եղել։ Ռուստամյանը պնդեց, որ իր ասած թիվը պաշտոնական տվյալ է։ Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ, Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան Ռուստամյանի հնչեցրած այս հայտարարության, ընթերցեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հավաքագրած տվյալներն այն մասին, թե 1998-2008 թվականներին հայկական կողմը քանի զոհ է ունեցել. զոհերի թվերը, որոնք հավաքագրված են ՊՆ-ի, Դատախազության, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած տվյալներից, ակնհայտորեն ավելին են, քան 92-ը։  ԱԺ-ում այս քննարկումից հետո Infocom-ը ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից խնդրեց տրամադրել հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվը՝ 1992-ից 2021 թվականի օգոստոսը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին նշելով պատճառը՝ մարտական գործողություններ կամ հրադադարի ռեժիմի խախտում, դժբախտ պատահար, սպանություն կամ ինքնասպանություն եւ այլն։  Պաշտպանության նախարարությունն, ինչպես գրեթե միշտ, այս անգամ եւս մերժեց տեղեկություն տրամադրել, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն վարում, իսկ Դատախազությունն ու ՀՔԱՎ գրասենյակը տրամադրեցին 2010 թվականից սկսած իրենց հավաքագրած տեղեկությունները՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Դատախազությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 1992 թվականից մինչեւ 2010 թվականը գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում տեղեկություն առկա չէ։ Ուստի ստորեւ նախ կներկայացնենք Անի կենտրոնի ներկայացրած տվյալները՝ 1990-ականներից մինչեւ 2010 թվականը, ապա Զինդատախազությունից եւ ՀՔԱՎԳ-ից հարցմամբ ստացած տեղեկությունները՝ 2010-2021 թվականների վերաբերյալ։ 1995-2010թթ․ ընթացքում հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվն անցնում է 1600-ը Այսպես, Անի կենտրոնի այս տվյալների համաձայն (աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», էջ 250-251)` 1995-ին գոհերի թիվը կազմել է 324 հոգի, 1996-ին` 260 հոգի, 1997-ին՝ 217 հոգի, 1998-ին՝ 196 հոգի:  Հակոբյանը գրել է, որ իր պահոցում պահպանվել է 1998-ի գոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ եւս՝ 151 եւ 171, ընդ որում, ինչպես շեշտել է հեղինակը, վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը:  1999-ին Հակոբյանի պահոցում հանդիպում է 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ զոհերի թիվը եղել է 93:  2000 թվականին հանդիպում է զոհերի երեք տարբեր թիվ՝ 72, մեկ այլ տեղ՝ 111, Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին։  2001-ին, ըստ Թաթուլ Հակոբյանի հավաքագրած տվյալների, եւս հանդիպում է երկու՝ ակնհայտորեն տարբեր թիվ՝ 56 եւ 92։  2002-ին նախ գրվել է 50, ապա 62 զոհի մասին, 2003-ին՝ 40, 2004-ին՝ 38 զոհ։  2005-ին Պն-ն, ինչպես նշված է գրքում, հայտնել է 47 զոհի մասին, 2006-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացրել է 33, Զինդատախազությունը՝ 36 թիվը։  2007-ին (դարձյալ առաջնորդվում ենք «Մահվան հովիտ» գրքում զետեղված տվյալներով), ՀՀ ՊՆ-ն հայտնել է 31 զոհի մասին, Զինդատախազությունը՝ 50։  2008-ին, ըստ Զինդատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ 69:  2009-ին ՀՀ զինդատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ 42։ 2010-ի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանը նշել է, որ սա միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միեւնույն` 54 թիվը՝ ՀՀ ՊՆ-ն, Զինդատախազությունը, ՀՔԱՎԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, միայն Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 61-ը։ Իսկ ստորեւ ներկայացնում ենք 2010 թվականից մինչեւ 2021-ի օգոստոսը հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ ըստ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասնեյակի տվյալների եւ ըստ մահվան պատճառների։ Քանի որ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած տվյալները թվային անհամապատասխանություն ունեն, դրանք նախ կներկայացնենք առանձին ինֆոգրաֆիկաներով՝ նախ Դատախազության վիճակագրությունը, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինը։ Դատախազույթունն առանձնացված տրամադրել է հակառակորդի կողմից կատարված սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի, ծառայության հետ կապված ավտովթարների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքերի, հիվանդություններից մահվան դեպքերի, ականի, նռնակի պայթյունի հետեւանքով մահվան դեպքերի, դժբախտ պատահարների,  բռնարարքների, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումների, թռիչքի կանոնների խախտման պատճառներով մահվան դեպքերի տվյալները, որոնք ինֆոգրաֆիկայում ներկայացված են տարբեր գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ Դատախազության* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալները ներկայացրել է փոքր ինչ այլ բաժանումով․ մասնավորապես, ստորեւ բերվող ինֆոգրաֆիկայում ցուցադրել ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինքնասպանության, սպանության, բռնարարքի, հիվանդության, դժբախտ պատահարների, ավտովթարների, ականի, նռնակի պայթյունի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, թռիչքի կանոնների խախտման, եւ, ի վերջո, անհայտ պատճառներով մահվան դեպքերի թվերը։ Պատճառները դարձյալ ներկայացված են առանձին գույներով։ Ինֆոգրաֆիկայում՝ զինծառայողների մահվան պատճառներն՝ ըստ ՀՔԱՎ գրասենյակի* (*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը) Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած թվերի տարբերությունը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում, որտեղ դարձյալ չենք ներառել Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը*։ 2020 թվական՝ մինչեւ պատերազմը․ զինծառայողների մահվան 60, թե՞ 100 դեպք 2020 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում՝ 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ: Դատախազությունից ընդգծել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կումից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում թշնամու գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ ներկայումս ստույգ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նրանց տվյալները պարբերաբար լրացվում են եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուստի 2020 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բացառությամբ նշված ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալների: (27.09.2020թ.-09.11.2020թ.) ՀՔԱՎԳ-ը 2020-ի ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացրել է 100 թիվը, որը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկության, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության (միայն 2020 թ. 1-ին կիսամյակի տվյալները)։ Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհվել է 17 զինծառայող, ինքնասպանության պատճառով՝ 18 զինծառայող, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով՝ 1 զինծառայող, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով՝ 3 զինծառայող, սպանության պատճառով՝ 4 զինծառայող, ավտովթարի պատճառով՝ 22 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 25 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 9 զինծառայող։ 2021 թվական Դատախազությունից ստացած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ: Իսկ ՀՔԱՎԳ-ը դարձյալ այլ թիվ է արձանագրել՝ 44 դեպք․ այս թիվը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, ՀՀ գլխավոր դատախազության (2021 թ. 1-ին կիսամյակի դրությամբ տվյալների համադրությունը)։ Այդպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայողի մահվան 9 դեպք, ինքնասպանության պատճառով մահվան՝ 6, սպանության պատճառով մահվան՝ 6, ավտովթարից մահվան՝ 11, առողջական խնդիրների պատճառով մահվան՝ 8, դժբախտ պատահարի հետեւանքով մահվան 4 դեպք։ Քանի որ 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը դեռեւս հստակ չէ, իսկ 2021-ն ընթացիկ տարի է, այդ պատճառով այս թվականների տվյալներն ինֆոգրաֆիկաներում ներառված չեն՝ ցուցանիշները չխեղաթյուրելու համար։ Այսպիսով, 2010-2019 թվականներին, ըստ Դատախազության, արձանագրվել է 447 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ եւս 55 մահվան դեպք 2020-ի ընթացքում՝՝ մինչեւ պատերազմը, եւ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21 դեպք։ Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացած տեղեկության համաձայն՝ 2010-2019 թվականներին արձանագրվել է 573 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ 2020-ի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 100 դեպք, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 44 դեպք։ * Վերոբերյալ ինֆոգրաֆիկաներում տվյալների ակնհայտ տարբերություն կա հատկապես 2016 թվականի սյունակում։ Բանն այն է, որ 2016 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 140 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, 85-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 7-ը՝ սպանություն, 14-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 6-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքեր, 7-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 2-ը՝ ականի պայթյուններ, 7-ը՝ դժբախտ պատահարներ: 2016-ին, ՀՔԱՎ-ի տվյալների համաձայն, որոնք ներառում են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համադրությունը, զինծառայողների մահվան դեպքերի թիվը 175 է: Ընդ որում, ինչպես նշել են Գրասենյակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է միայն 2016թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ այդ թվում՝ ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ 83։ Այսպես, ՀՔԱՎԳ-ի տվյալների համաձայն՝ 2016-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով 111 զինծառայողի եւ կամավորականի մահվան դեմք, որից Ապրիլյան պատերազամի ժամանակ զոհվել է 77 զինծառայող։ Նույն թվականին արձանագրվել է ինքնասպանության 15 դեպք, դիտավորյալ սպանության՝ 3, երկու եւ ավելի անձանց սպանության՝ 2, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով մահվան՝ 4, անհայտ պայմաններում սպանության՝ 1, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով սպանության՝ 5 դեպք։ 2016-ին ավտովթարի պատճառով մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 2 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 7 զինծառայող, անհայտ պատճառով՝ 13 զինծառայող։ Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ։  Ուստի ներկայացված ինֆոգրաֆիկաներում 2016 թվականի զոհերի թվից հանել ենք Ապրիլյան պատերազմի զոհերի՝ ՊՆ-ի ներկայացրած թիվը՝ 64-ը։ Հայարփի Բաղդասարյան
16:34 - 08 սեպտեմբերի, 2021
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով. Ա. Դավթյանը մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով. Ա. Դավթյանը մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեից: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրից բխող հակակոռուպցիոն կոնցեպցիայի իրականացման ընթացքները, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանն ուղղված քայլերը, այս ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեական հետապնդման շրջանակներից դուրս կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման  մեխանիզմներին: Կայացվել են որոշումներ Խորհրդի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև Խորհրդի նոր ղեկավար կազմի վերաբերյալ: Նիստի ընթացքում մասնակից երկրների գլխավոր դատախազները, պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ներպետական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պրակտիկան, խնդիրները և դրանց լուծման ընտրած կառուցակարգերը: Այս շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի հակազդման օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով: «Ես ուրախ եմ արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո Հայաստանի Հանրատետությունն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման՝ առաջնահերթություն հռչակված բոլոր ուղղություններով և գործարկել է այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը: Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտադրում է կատարել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ նաև միջազգային-իրավական համագործակցության խթանման նպատակով կատարված փոփոխությունների և լրացումների, ՀՀ դատախազության կողմից մշակված և ներդրված՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստական առանձնահատկությունները և բնութագրիչները հստակեցնող մեթոդական ուղեցույցի, ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա: ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության մեկամյա փորձն ու արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված մեխանիզմները դառնալու են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արդյունավետ գործիքներից մեկը: Արթուր Դավթյանը հաստատել է գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ կոռուպցիայի հակազդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը:             
16:31 - 08 սեպտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում

ՀՀ գլխավոր դատախազությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում

ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաև 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է  պատգամավորի թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը:  «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս) համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց որի նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:  Ուսումնասիրությունը փաստում է, որ թեև սահմանվել է նման իրավիճակներում ԿԸՀ դիմելու և վերջինիս համաձայնությունն ստանալու պայման, սակայն որևէ կարգավորում չկա առ այն, թե ո՞ր մարմինը՝ նախաքննական մարմինը, թե՝ դատախազը պետք է դիմի նման համաձայնություն ստանալու, ի՞նչ կարգով և ժամկետում պետք է ԿԸՀ-ն քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքե՞ր պետք է մասնակցեն դրա քննարկմանը և ի՞նչ որոշում պետք է կայացվի։   Այս իրողությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ անձը ձերբակալվի հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո և միջնորդություն ներկայացվի ԿԸՀ-ին՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն միջնորդությունը հանձնաժողովը քննարկի օրեր անց, երբ արդեն լրացած լինի ձերբակալման առավելագույն 72 ժամը։ Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածների համեմատական բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատգամավորի թեկնածու և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի և ավարտի տարբեր ժամանակահատվածներ: Ուստի առկա է անհրաժեշտություն՝ հստակեցնել նաև իրավական երաշխիքներից օգտվող անձանց շրջանակը՝ ելնելով իրավական կանխատեսելիության, իրավական որոշակիության սկզբունքներից:  Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկություն: Մշակված նախագծով որոշակի իրավական երաշխիքներ են նախատեսվում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար: Մասնավորապես վերջիններս իրավունք ունեն ծանոթանալ հարցի քննության համար ԿԸՀ-ին ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ և միջնորդություններ անել, ինչպես նաև հանդես գալ փաստաբանի միջոցով: Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ԿԸՀ-ում միջնորդում է դատախազը կամ վերադասը դատախազը՝ ներկայացնելով միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությունների քննարկման և որոշման կայացման ժամկետների հստակեցմանը, ապա առաջարկվել է սահմանել, որ դատախազի վերոնշյալ միջնորդությունների քննարկման նպատակով ԿԸՀ նախագահը նիստ հրավիրում է անհապաղ, իսկ միջնորդության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ոչ ուշ, քան միջնորդության մուտքագրման հաջորդ օրը: Հարկ է ընդգծել, որ սույն իրավակարգավորումները և առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում ինչպես պատգամավորի լիազորությունն ստանձնած պատգամավորներին, այնպես էլ մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված այն քաղաքացիներին, որոնք դրանից հետո ընդգրկվում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում: Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում ընտրական տարբեր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ կուսակցությունների դաինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բոլորն էլ բավարարվել էին: 
15:45 - 08 սեպտեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

1lurer.am: «Ֆիզգորոդոկում»՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցում օրեր առաջ քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր. տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մասնավորապես, նշված դեպքերից հետո քաղաքացիներից ստացվել են հաղորդումներ ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություններ կիրառելու վերաբերյալ: Կատարված իրադարձությունների վերաբերյալ գրություն է ստացվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:  Դատախազությունից դրանք քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:  Նախապատրաստված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է երեք առանձին քրեական գործ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
11:26 - 08 սեպտեմբերի, 2021
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է |hetq.am|

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է |hetq.am|

hetq.am: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպաններից Սասուն Ռաֆայելյանը: Պաշտպանները դեռևս դատարանի որոշմանը ծանոթ չեն, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։ Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հովսեփյանը ձերբակալվել է։ Ըստ ՀՔԾ-ի` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով։
09:30 - 08 սեպտեմբերի, 2021
Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս ինը պաշտոնատար անձի

Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս ինը պաշտոնատար անձի

Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2021թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 9 պաշտոնատար անձինք հանդիսացող` 6 անտառապետի և 3 անտառապահի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել են մեղադրանքներ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, ծառայութ­յան նկատմամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք դր­սևորելու հետևանքով նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նությունները: Մասնավորապես, իրենց վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 մլն ՀՀ դրամի չափով վնաս։ Դատախազությունից հայտնում են, որ նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը ապահովելու, բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու համար։ Հիշյալ ժամանակահատվածում պաշտոնատար անձի, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության անտառապահի կողմից իր պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վրաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան: Այս տարվա հունիսին տեղեկացվել էր, որ հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ 2021թ. առաջին հինգ ամիսներին ևս ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ Լոռու մարզի տարբեր անտառային տնտեսությունների անտառապետերի, անտառապահների, ինժեներների առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հաշվի առնելով քննությամբ պարզված հանգամանքները և այն իրողությունը, որ մարզի տարածքի անտառներից ապօրինի ծառահատումների որոշ դեպքերի կապակցությամբ կատարված քննությամբ հաստատվել է, որ մեծ քանակությամբ ծառահատումները տևական ժամանակ կատարվել են ակներևության պայմաններում, փայտանյութն անարգել դուրս է բերվել անտառտնտեսության տարածքից, այսինքն, նաև ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից պատշաճ հսկողություն չի իրականացվել, Լոռու մարզի դատախազը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին՝ կոնկրետ նշելով այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել մարզի տարածքում ապօրինի անտառահատումների կանխարգելման, անտառների նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով:
12:55 - 06 սեպտեմբերի, 2021
Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ օտարերկրյա մի քանի քաղաքացիներ են ներգրավվել: Այս դրվագով երկու անձի վերաբերյալ գործը, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի, անջատվել է: Այդ մասով գործն ուղարկվել է դատարան։ Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված օտարերկրյա մյուս անձանց, այդ թվում նաև՝ Միլե Միլենկովսկիի մասով նախաքննությունը շարունակվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:
13:32 - 04 սեպտեմբերի, 2021
Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության բողոքը և Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության: «Սահմանադրական դատարանի որոշմամբ` քրեական հոդվածը, որով մեղսագրվում էր ամբաստանյալների արարքը, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել է և որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ- խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը:
13:02 - 30 օգոստոսի, 2021
ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը:
15:37 - 25 օգոստոսի, 2021
Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասերը ապօրինի կերպով հանձնել է վարձակալության. նրան մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասերը ապօրինի կերպով հանձնել է վարձակալության. նրան մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ  Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից համայնքի տա­րած­քում ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ․Հ․-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։ Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Մեկ օր անց՝ 2007թ․ դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որևէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, և նույն օրը Հ․Հ․-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով` ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով: Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել և շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ․Հ․-ի ընտանիքը մինչև 2016թ․հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն համայնքը  զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս,  վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:58 - 24 օգոստոսի, 2021
Կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՃՈ պաշտոնատար անձ. ՀՔԾ

Կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՃՈ պաշտոնատար անձ. ՀՔԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ի  հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ կաշառքի գումարները և դրանք փոխանցել ՃՈ տեսուչին՝ օժանդակելով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:      Ստացած կաշառքի դիմաց Ա. Ս.-ն քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՃՈ պաշտոնատար անձ Ա. Ս.-ն, նրան օժանադակած Վ. Շ.-ն և վերջիններիս կաշառք տված ևս երկու քաղաքացի: Քրեական գործի նախաքննության ընթացքում նաև տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ՃՈ տեսուչը վերը նկարագրված եղանակով Վ. Շ.-ի օժանդակությամբ 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 40 քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որի դիմաց նրանց գործնական վարման հմտություններն առանց պատշաճ ստուգելու գնահատել է բավարար, ինչի արդյունքում վերջիններիս տրամադրվել են վարորդական վկայականներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:08 - 24 օգոստոսի, 2021