ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

Դատախազը միջնորդեց բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց դատախազության բողոքը և Վերաքննիչ դատարանին միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության: «Սահմանադրական դատարանի որոշմամբ` քրեական հոդվածը, որով մեղսագրվում էր ամբաստանյալների արարքը, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել է և որը նկարագրված է իրենց մեղադրանքներում: Այդ արարքները այդ նկարագրությամբ կարող են որակվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ- խմբ.)»,- ասաց Բաղդասարյանը:
13:02 - 30 օգոստոսի, 2021
ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ԱԺ նիստի տեսագրություններն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ. Խաչատրյան

ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը ՀՀ  ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- գրել է Խաչատրյանը:
15:37 - 25 օգոստոսի, 2021
Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասերը ապօրինի կերպով հանձնել է վարձակալության. նրան մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասերը ապօրինի կերպով հանձնել է վարձակալության. նրան մեղադրանք է առաջադրվել. Դատախազություն

Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ  Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռա­հաղորդակցության օպերատոր ընկերութ­­յան կողմից համայնքի տա­րած­քում ալեհավաք կայան տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ․Հ․-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։ Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Մեկ օր անց՝ 2007թ․ դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որևէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, և նույն օրը Հ․Հ․-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով` ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով: Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել և շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ․Հ․-ի ընտանիքը մինչև 2016թ․հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն համայնքը  զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս,  վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:58 - 24 օգոստոսի, 2021
Կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՃՈ պաշտոնատար անձ. ՀՔԾ

Կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՃՈ պաշտոնատար անձ. ՀՔԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ի  հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շ.-ն քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.240.000 ՀՀ դրամ կաշառքի գումարները և դրանք փոխանցել ՃՈ տեսուչին՝ օժանդակելով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:      Ստացած կաշառքի դիմաց Ա. Ս.-ն քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և վերջիններս առանց գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու ստացել են վարորդական վկայականներ: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացած ՃՈ պաշտոնատար անձ Ա. Ս.-ն, նրան օժանադակած Վ. Շ.-ն և վերջիններիս կաշառք տված ևս երկու քաղաքացի: Քրեական գործի նախաքննության ընթացքում նաև տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նույն ՃՈ տեսուչը վերը նկարագրված եղանակով Վ. Շ.-ի օժանդակությամբ 2020 թվականի հունվարից 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շուրջ 40 քաղաքացիներից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որի դիմաց նրանց գործնական վարման հմտություններն առանց պատշաճ ստուգելու գնահատել է բավարար, ինչի արդյունքում վերջիններիս տրամադրվել են վարորդական վկայականներ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:08 - 24 օգոստոսի, 2021
Սյունիքի մարզի «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Սյունիքի մարզի «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գտնվող «Շամբ» կոչվող լճի ափը վաճառելու նպատակով Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ավագանու 20.05.2011թ. որոշմամբ թույլատրվել է 25 տարի ժամկետով, բազմամյա տնկարկներ հիմնելու նպատակով  վարձակալության տրամադրել 0,4388 հա մակերեսով հողատարածքը, որի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից կայացած մրցույթի արդյունքում 14.07.2012թ. կնքված վարձակալության պայմանագրով հողատարածքը հանձնվել է Մխիթար Զաքարյանի մտերիմին: Վերջինս, վարձակալած հողատարածքում բազմամյա տնկարկներ հիմնելու փոխարեն, տարածքը ծառայեցրել է հասարակական նպատակներով՝ կառուցել է սրճարան, և առանց համապատասխան թույլտվությունների տարածքը ծանրաբեռնել է հիմնական և ոչ հիմնական շինություններով: Մեղրիի համայնքապետը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կազմակերպել է նշված հողատարածքը սեփականությամբ իր մտերիմին օտարելու գործընթաց, որն իրականացնելու համար, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի և աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից 12.11.2019թ. կազմվել է կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր, Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում։ Նշված տեղեկանքի հիման վրա՝ Մեղրի համայնքի ավագանու կողմից, 25.05.2020թ. որոշմամբ, փոփոխություն և լրացում է կատարվել Մեղրի համայնքի ավագանու 06.03.2020թ. որոշման մեջ և հողատարածքն ընդգրկվել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում։ 2020թ. հունիսի 24-ին Մեղրիի համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի մտերիմը, այնուհետև հողատարածքն օտարվել է հաղթող ճանաչված անձին և նույն օրը աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ նշված հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին, որին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է միասնական տեղեկանք այն մասին, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի օտարումն ամեն գնով կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը պահանջել է ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացնել միասնական տեղեկանք տրամադրելու նոր դիմում, որի հիման վրա՝ համայնքապետարանի գլխավոր մասնագետը դիմում է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի Մեղրիի սպասարկման գրասենյակ՝ խնդրելով 02.07.2020թ. ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրված նախորդ միասնական տեղեկանքում կատարել սխալների ուղղում և «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնից հանել «ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի» գրառումը: Նշված դիմումին ի պատասխան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից տրվել է նոր միասնական տեղեկանք, որի «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ բաժնում» նշվել է, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցումը կկատարվի՝ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում: Հողամասի օտարման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը պատրաստել է նշված հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված չլինելու մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, որը հաստատվել է համայնքի ղեկավարի կողմից: Տեղեկանքի հիման վրա՝ համայնքապետարանի կողմից լիազորված և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձանց միջև Մեղրի քաղաքում նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով նշված 0,4388 մակերեսով հողատարածքն օտարվել է և ստացել պետական գրանցում: Արդյունքում՝ համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ և 11-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքի 0,4388 հա մասն օտարվել է որպես սեփականություն՝ այդ կերպ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս է եկել օտարումն արգելված հողատարածքը, համայնքային սեփականություն հանդիսացող լիճը զրկվել է ափից, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավարին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
12:28 - 17 օգոստոսի, 2021
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով: «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»,- գրել է փաստաբանը Ֆեյսբուքի իր էջում:  Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր՝ պարզվում են «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքները: 2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:  
11:22 - 17 օգոստոսի, 2021
Դատախազությունը օրենդրական փոփոխություն է առաջարկում

Դատախազությունը օրենդրական փոփոխություն է առաջարկում

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրության է ենթարկվել անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի նկատմամբ իրականացվող վերահսկողության ոլորտը: Պարզվել է, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն սահմանում անազատության հետ չկապված պատժի դատապարտված, սակայն պատժի կրումից խուսափելու պատճառով հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու պարագայում այդ մասին դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ պրոբացիոն ծառայությանը հայտնելու պարտականություն: Այդ պատճառով լինում են դեպքեր, երբ հետախուզվող անձն իրավասու մարմնի կողմից հայտնաբերվում է, ներկայացվում է դատարան, սակայն պրոբացիոն ծառայությունը դատապարտյալին հայտնաբերելուց մնում է անտեղյակ։ Այսինքն, հայտնաբերվելուց կամ դատարան ներկայացվելուց հետո դատապարտյալը կարող է չներկայանալ այդ ծառայություն, իսկ վերջինս դատապարտյալին հայտաբերելու վերաբերյալ տեղեկություններ չունենալու արդյունքում չի ձեռնարկում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համապատասխան միջոցները։ Այլ կերպ ասած՝ օրենսդրական բացի պատճառով առաջանում է իրական ռիսկ, որ դատապարտյալի վարքագիծը կարող է տևական ժամանակ դուրս մնալ պրոբացիոն ծառայության տեսադաշտից, ինչը վտանգում է պատժի նպատակների իրականացման գործընթացը: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434.1-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի հետախուզում` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ: Խնդիր է հարուցում նաև այն հանգամանքը, որ օրենսդիրն այս հոդվածում հստակ նշել է «պատիժ» բառը, մինչդեռ վերահսկողությունը պատիժ չի հանդիսանում: Ելնելով այս խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4341-րդ հոդվածում լրացումներ կատարելու օրենքի նախագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Առաջարկվող լրացման համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, պարտավոր է վերջինիս ներկայացնել պրոբացիոն ծառայությանը՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին: Այդ կերպ կապահովվի ոչ միայն հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ պրոբացիոն ծառայության տեղեկացվածությունը, այլ նաև վերջինս հնարավորություն կստանա լիարժեք կատարելու դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իր պարտականությունները: Բացի այդ, առաջարկվել է սահմանել, որ դատարանն իրավունք ունի հետախուզում հայտարարելու ոչ միայն պատժի կրումից, այլ նաև վերահսկողությունից խուսափող դատապարտյալի նկատմամբ, ինչով կվերանա նաև օրենքի եզրույթներից բխող մեկնաբանելիության խնդիրը:   
15:16 - 12 օգոստոսի, 2021
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանովի, Ռուսթավելու, Սայաթ-Նովայի, Գարեգին Նժդեհի փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճուղու 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, «Գյումրու տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ «Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:  Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ) (պաշտոնեական կեղծիք):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ։
15:39 - 10 օգոստոսի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։ «Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը: Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն: «Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը: Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի  նրա բացակայության հետ կապված հարցերից:  «Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:   Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:   «Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը: Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար: «Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը: Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:
14:26 - 10 օգոստոսի, 2021
Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել: Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն եւ բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը:
11:53 - 09 օգոստոսի, 2021
Չարաշահումներ՝ նախկին Գյուղնախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից իրականացված պետական գնումներում. հարուցվել է քրեական գործ

Չարաշահումներ՝ նախկին Գյուղնախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից իրականացված պետական գնումներում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆիանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել ու ստացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, արդյունքում պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել թվով 8 մարզերում ստեղծված 113 կոոպերատիվներին:Հաշվեքննիչ պալատը ԾԻԳ-ի վկայակոչած ձեռքբերումներից իրականացրել է ընտրանքային թվով 9 պայմանագրերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի գները էականորեն գերազանցել են շուկայական գներին:ԾԻԳ-ի կողմից կազմակերպված մրցույթներին հիմնականում մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ: Օրինակ մի դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավերներ է ուղարկվել 9 ընկերության, որոնցից առնվազն 4-ի հիմնադիրները մինևնույն անձինք են: Մեկ այլ դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 ընկերության, որոնցից առնվազն 3-ի հիմնադիրը մինևնույն անձն է: Ընդ որում, նշված ընկերությունները հանդիսացել են սակարկությանը գնառաջարկ ներկայացրած միակ հայտատուները: Մնացած ընկերությունների՝ հրավերքին որևէ արձագանք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, թեև ընկերություններին խնդրել են փոստով կամ ֆաքսով հաստատել հրավերքի ստացումը, ինչպես նաև մասնակցությունը կամ հրաժարվելը:Պարզվել է նաև, որ ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. դեկտեմբերի 25-ին ընդունել են «Կ...» ՍՊ ընկերության 27.960.000 ՀՀ դրամով թվով 4 բեռնատար ավտոմեքենաների, 2016թ. մայիսի 13-ին՝ 40.050.000 ՀՀ դրամով թվով 6 բեռնատար մեքենաների մատակարարման գնառաջարկը և, անտեսելով, որ գնառաջարկ ներկայացրած ընկերությունները հիմնադրվել են միևնույն անձի կողմից, կնքվել են մատակարարման պայմանագրեր:Բացի այդ, արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների պաշտոնական տեղեկատվության միջոցների, գյուղտեխնիկա վաճառող ընկերություններից ստացված գնացուցակների և ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրված ներմուծման վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ վերոհիշյալ 68.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված բեռնատար մեքենաների շուկայական արժեքը կազմում է 44.391.200 ՀՀ դրամ:Փաստորեն, ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2015-2016թթ. պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով փոխկապակցված անձանց գնման գործընթացին միաժամանակյա մասնակցության հանգամանքը, գնառաջարկ ներկայացնելու հրավեր են ուղարկել միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերություններին: Չունենալով հրավերը ստանալու, գնման գործընթացին մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ մնացած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ իբրև ամենացածր գնառաջակ ներկայացրած հայտատու են ճանաչել «Կ...» ՍՊԸ-ին: Արդյունքում իրականում ավտոմեքենաները ձեռք են բերել գնառաջարկ ներկայացրած միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերությունից՝ շուկայական գներից անհամեմատ բարձր գներով՝ բյուջեին միայն վկայակոչած ուսումնասիրված պայմանագրերով պատճառելով շուրջ 24.000.000 ՀՀ դրամի վնաս:Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 06 օգոստոսի, 2021
Ձեռք են բերվել ապացույցներ, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել

Ձեռք են բերվել ապացույցներ, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել

Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու, այդ կերպ՝ ՀՀ-ում խոսքի ազատությունը սահմանափակելու կամ իրավապաշտպան գործունեությանը միջամտելու վերաբերյալ:Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Հաշվի առնելով, որ հայտարարությունները հիմնված են միայն քրեական գործի հարուցման պատճառ հանդիասացող հայտարարություններից խիստ հատվածական, ընտրողաբար և մտքի ամբողջականությունը խեղաթյուրող մեջբերումներով Ս. Սուլթանյանի արած մեկնաբանությունների վրա և նմանատիպ սուբյեկտիվ մեկնաբանությունների արդյունքում հանրության մոտ կարող է ձևավորվել թյուր կարծիք Ս. Սուլթանյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման իրավաչափության, հիմնավորվածության վերաբերյալ՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կատարված քննությամբ  ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Սուլթանյանը, 2020թ. մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» կայքին տված, և նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի և ՀՀ-ում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ: Մասնավորապես, Ս. Սուլթանյանը կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ ՀՀ տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերի կողմից եզդիներն ընդունվում են որպես հետամնաց ազգ, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է, հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս, Հայաստանում կառուցված եզդիական սրբատեղիում կրոնական ծեսեր չեն կատարվում, մշակութային միջոցառումներ չեն իրականացվում, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը,  եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին ՀՀ-ում հող և հող ունենալու իրավունք չունի, ՀՀ-ն այս առումով ոչինչ չի ձեռնարկում եզդիների իրավունքները պաշտպանելու համար, անկախացումից ի վեր Հայաստանը եզդիներին զարգանալու հնարավորություն չի տվել, եզդիաբնակ գյուղերը հայաբնակ գյուղերի համեմատ գտնվում են անբարեկարգ վիճակում, 1990-ական թվականներին ՀՀ-ում սկսվել է շովինիստական շարժում, որի ընթացքում հայերն ասել են, թե միայն իրենք պետք է բնակվեն Հայաստանում, շատ եզդիների հայերը գնդակահարել են, շատերին՝ վտարել իրենց տներից, եզդիները տևական ժամանակ ապրել են վախի մթնոլորտում: Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցում հայտարարել է նաև, որ պետական համակարգում եզդիներն առաջխաղացման հնարավորություն չունեն, նրանք զբաղեցնում են ստորին օղակի պաշտոններ: Բացի այդ՝ ՀՀ-ում չկա մի այնպիսի գյուղ, որտեղ հայերն ու եզդիները միասին բնակվեն, և համանյքի ղեկավարն ազությամբ եզդի լինի, իսկ երբ 1990-ական թվականներին նմանատիպ գյուղերից մեկում մի եզդի առաջադրվել է որպես համայնքի ղեկավարի թեկնածու, նրա տան վրա կրակել են: Սաշիկ Սուլթանյանը լրատվամիջոցով հայտարարել է նաև, որ նկարագրվածի արդյունքում եզդիներն իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Հայաստանն իրենցը չեն համարում և արտագաղթում են ՀՀ-ից, գյուղերում միայն մեծահասակ եզդիներն են մնացել, իսկ 50 տարի անց ՀՀ-ում այլևս եզդիներ չեն բնակվի:  Այսինքն Ս. Սուլթանյանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվամիջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն, իբր, արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով: Նշված արարքները կատարելու համար Ս. Սուլթանյանին 2021թ. մայիսի 20-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և օգաստոսի 2-ին քրեական գործի հետ ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու նպատակով: Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ միջամտություն իրավապաշտպան գործունեությանը:  ՀՀ օրենսդրությամբ առերևույթ հանցագործությունը բացահայտելու նպատակով նախնական քննության ընթացքում քննչական որոշակի գործողություններ կարող են և պետք է իրականացվեն գաղտնիության պայմաններում, որի արդյունքում կարող են ձեռք բերվել ինչպես հանցագործության կատարումը հիմնավորող, այնպես էլ հերքող ապացույցներ: Իսկ նախաքննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ որևէ ֆիզիկական անձի կարող է տեղեկատվություն տրվել բացառապես այն պարագայում, եթե վերջինս տվյալ գործով ձեռք է բերել դատավարական կարգավիճակ, ինչը և արվել է Ս. Սուլթանյանի՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց հետո: Ավելին, նրա պաշտպանների կողմից նախաքննության ընթացքում ներկայացվել են միջնորդություններ, որոնք պատշաճ կերպով քննարկվել են: Այս իմաստով Ս. Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները խախտված լինելու մասին պնդումները հիմնավոր չեն: Ինչպես արդեն նշվել է, քրեական գործը դատարանում է և հանրությունը, բոլոր շահագրգիռ շրջանակները հնարավորություն ունեն բաց, հրապարակային դատաքննության միջոցով լիարժեք կարծիք կազմել մեղադրանքի հիմնավորվածության և քրեական գործի հանգամանքների մասին»,-նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
15:56 - 05 օգոստոսի, 2021
Վճռաբեկ դատարանը հաստատել է «Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

Վճռաբեկ դատարանը հաստատել է «Քոչարյանը և մյուսները» գործով ՀՀ դատախազության դիրքորոշումների հիմնավորվածությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված  վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021թ. հուլիսի 30-ի որոշումը: «Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 18.06.2020թ. վերոնշյալ որոշմամբ բավարարել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը, մասնակիորեն բեկանել և փոփոխել էր Առաջին ատյանի դատարանի որոշումը, և, վերացնելով Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով: ՀՀ գլխավոր դատախազն իր բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանից հայցել էր Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի այդ որոշումը, և նոր դատական ակտով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ իր որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը գրեթե ամբողջությամբ ընդունել է ՀՀ դատախազության հիմնավորումները, համաձայնել վերջինիս դիրքորոշումների հետ առ այն, որ քննության տվյալ փուլում միայն խափանման միջոց կալանավորումը կարող էր ապահովել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը: «Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Ռ. Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ի մասով մեղսագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, ենթադրյալ հանցավոր արարքները հանցակիցների ներգրավմամբ կատարելը, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ և ամբաստանյալից գտնվում էին ծառայողական կախվածության մեջ, դատավարության մասնակիցների աննախադեպ մեծ  քանակը, ինչպես նաև ի սկզբանե ենթադրյալ հանցավոր արարքները դրանք թաքցնելուն ուղղված գործողություններով զուգակցելը և գործի բուն քննության ընթացքում նույնպես դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու մասին վկայող տվյալների առկայությունն առանցքային նշանակություն ունեն և հանդիսանում են այնպիսի գործոններ, որոնք էականորեն բարձրացնում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականության ռիսկը հատկապես դատավարության տվյալ պահին, երբ գործը դատաքննության փուլ դեռևս չէր անցել և որևէ ապացույց դեռևս չէր հետազոտվել»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանը, ըստ այդմ, անընդունելի է համարել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ժամանակի ընթացքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը նվազել են այնքան, որ հնարավոր չէ այլևս կալանավորումը որպես խափանման միջոց դիտարկել: ՀՀ գլխավոր դատախազության գնահատմամբ՝ այս իմաստով հատկանշական է ՀՀ դատախազության կողմից մշտապես արտահայտված դիրքորոշումից բխող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիտարկումը, որ Ռ. Քոչարյանին մեղսագրվել են իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, գործի հետ առնչություն ունեցող անձինք ամբաստանյալից գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ, իսկ նրանց մի մասն էլ անցնում են գործով որպես ամբաստանյալի հանցակիցներ: Հետևաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, Ռ. Քոչարյանի՝ երկար տարիներ զբաղեցրած պաշտոնը, ունեցած դիրքն ու հեղինակությունը, հսկայական ազդեցությունը, կապերն ու լծակները, ինչպես նաև նրան մեղսագրվող հանցագործությունների բնույթը վկայում էին դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու, դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն դրսևորելու ռիսկի շարունակական առկայության մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ փաստական հանգամանքների պայմաններում գրավը չէր կարող լինել ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ռ. Քոչարյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը զսպելու արդյունավետ միջոց: «Չնայած այս և այլ իրավական հետևություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ  մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ ըստ էության, միայն այն պատճառաբանությամբ, որ նախքան գործով որոշում կայացնելը, ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա Ռ. Քոչարյանին մեղսագրվող հանցավոր արարքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առավել ծանր հանցագործության դրվագով, որի շրջանակներում են արվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի անայլընտրանքայնության վերաբերյալ հիմնական եզրահանգումները, քրեական հետապնդումը դադարեցվել է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով»,- տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:          
22:44 - 04 օգոստոսի, 2021
Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

Կոռուպցիոն չարաշահումներով համայնքային հողամասերը ենթավարձակալության հանձնելու միջոցով Ձորաշեն համայնքին 14մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ն, պաշտոնավարման ընթացքում նախապես տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողատա­րած­քներում հեռա­հաղորդակցության երկու օպերատոր ընկերութ­­յան կողմից ալեհավաք կայաններ տեղա­դրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականության հողամասերի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահա­դիտական դրդումներից ելնելով, անտեսելով սակարկություններին աճուրդավարի երեխա­ների, ծնողների, ամուսնու մասնակցությունը բացառելու օրենսդրական պահանջը, 2006թ. հուլիսի 17-ին և 2007թ. մայիսի 21-ին գլխավորել է աճուրդային հանձնաժողովները և կազմակերպել  ու անցկացրել է համայնքային սեփա­կանություն հանդի­սացող 2 տարբեր հողամաս վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ  ձևական աճուրդներ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ապա հաստատել է մրցույթների արդյունքներն արտացոլող արձանագրությունները՝ դրանցում նախապես կեղծելով մրցութային հանձնաժողովների չորս անդամների ստորագրությունները, և երկու մրցույթում էլ հաղթող է ճանաչել իր կնոջը: Արդյունքում 2006թ. օգոստոսի 21-ին և 2007թ. մայիսի 29-ին վերջինիս հետ Գ.Ս.-ն կնքել է առաջինի պարագայում գյուղատնտեսական նշանակության 1 հա մակերեսով հողամասը տարեկան 4540 ՀՀ դրամ վարձավճարով, իսկ երկրորդի դեպքում՝ 1.58հա մակերեսով հողամասը տարեկան 7450 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության հանձնելու մասին պայմանագրեր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, կնոջ անվամբ հողամասերից մեկը 2006թ. օգոստոսին տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, իսկ մյուսը՝ 2007թ. հուլիսին ամսական 85.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է հանձնել հեռա­հաղորդակցության երկու տարբեր օպերատոր ընկերությունների, որոնց արդյունք­ում մինչև 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր ստացել է ավելի քան 14 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ՝ համայնքին զրկելով այդ չափով եկամուտ ստանալու հնարավո­րութ­յունից: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ձորաշեն համայնքի նախկին ղեկավար Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/: Նախաքննության ընթացքում վերջինիս կողմից ներկայացվել են 3.100.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի վերականգման վճարման անդորրագրեր: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դրա օրիանականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:      
16:20 - 04 օգոստոսի, 2021
Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից

2017-ի մարտին և 2018-ի ապրիլին Վայքի համայնքապետարանը գնումներ է իրականացրել «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից։ 2017-ին «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի հետ ստորագրած շրջանակային համաձայնագրի արժեքը 1 800 000 դրամ է։ Վայքի համայնքապետարանն այս համաձայնագրով ընկերությունից ձեռք է բերել սեղմված բնական գազ։  Համայնքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցած միակ ընկերությունը «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ն է, որն էլ հաղթել էր մրցույթում։ 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արժեքը 1 799 900 դրամ է։ Այս պայմանագրով ևս ընկերությունից ձեռք է բերվել սեղմված բնական գազ։ Երկրորդ գնումն իրականացվել է գնանշման հարցում ընթացակարգով, որը գնման ոչ մրցութային ընթացակարգ է։ Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի տվյալների՝ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերի սեփականատերը և գործադիր տնօրենը Սարգիս Սիմոնի Ավետյանն է։ Մինչև 2006 թվականը ընկերության բաժնետեր է եղել նաև Սամվել Ավետյանը։ Ե՛վ Սարգիս Ավետյանը և՛ Սամվել Ավետյանը գրանցված են Վայք քաղաքում։ 2016-ից Վայքի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է Թարո Սիմոնի Ավետյանը։ Թարո Սիմոնի Ավետյանը և Սարգիս Սիմոնի Ավետյանը հարազատ եղբայրներ են։  Սամվել Ավետյանը, որը եղել է ընկերության բաժնետեր, Թարո և Սարգիս Ավետյանների հարազատ եղբայրը չէ, բայց, ամենայն հավանականությամբ, վերջիններիս հետ ազգակցական կապ ունի։ Այսպիսով, Վայքի համայնքապետարանը երկու անգամ ավելի քան մեկ միլիոն դրամի պետական գնում է իրականացրել մի ընկերությունից, որի տնօրենն ու 100% բաժնեմասերի սեփականատերը համայնքապետ Թարո Ավետյանի հարազատ եղբայրն է։ Gnumner.am հարթակից տեղեկանում ենք, որ «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ից գնում է իրականացրել նաև «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կամզակերպությունը (ՀՈԱԿ)։  Ավելին, gnumner.am կայքում հրապարակված մեկ այլ պայմանագրից տեղեկանում ենք, որ նույն ՀՈԱԿ-ը գնում է իրականացրել «Վարդան Սարգիսի Ավետյան» անհատ ձեռներեցից։ Վարդան Ավետյանը Վայքի համայքնապետ Թարո Ավետյանի եղբոր և «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Ավետյանի որդին է։ Դեռևս 2019-ին Պետական վերահսկողության ծառայությունն ուսումնասիրություններ էր իրականացրել Վայքի համայնքապետարանում և հայտնաբերել 80 մլն դրամի խախտումներ։ Ի թիվս այլնի՝ ՊՎԾ-ն պարզել էր, որ համայնքապետարանը կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները։ ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել էր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունից, Infocom-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՊՎԾ-ի տեղեկանքը: «Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 25.02.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ Վայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթղթերի կազմմամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ 4 422 740 ՀՀ դրամ վատնելու դեպքի առթիվ: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, և կատարվում է նախաքննություն: Որևէ անձ քրեական գործով չունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ»,- ասված է դատախազության պատասխանում։ Համաձայն դատախազության փոխանցած տեղեկությունների՝ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քրեական գործով վերականգնված վնասի չափը կազմում է 1 832 371 ՀՀ դրամ: Այսպիսով, չենք կարող ասել՝ արդյոք ՊՎԾ-ն ուսումնասիրե՞լ է Վայքի համայնքապետի եղբորը պատկանող ընկերությունից իրականացված գնումները, թե՞ ոչ։ Քանի որ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, պարզ չէ նաև այն, թե կոնկրետ ինչ խախտումների համար է քրեական գործ հարուցվել, և հասցված ինչ վնասների վերականգնման մասին է խոսքը։ Աննա Սահակյան
13:02 - 04 օգոստոսի, 2021