ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Անդրեասյան

Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող շուրջ 1000 գործատուների շրջանում։ Հետազոտության մեջ անդրադարձ է արված մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանության խնդրին: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄԿ-ի, «Բիզնեսի աջակցման կենտրոնի» և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով կատարված հետազոտությունը, նշել է, որ աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը մասնագիտական կրթության ասպարեզում տեղերի պլանավորման և բաշխման առաջնային հիմքն է. «Այս ուսումնական տարվա համար ընդունելության տեղերի բաշխման որոշումներն արդեն կայացված են, սակայն քննարկվող հետազոտության արդյունքներն իրենց ազդեցությունն ու հետևանքը կարող են ունենալ հաջորդ ուսումնական տարիների քաղաքականությունը պլանավորելիս: Տնտեսության կարիքների արձագանքմանը միտված, ավելի նպատակային և արդյունավետ կրթական քաղաքականություն վարելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես գործատուների, այնպես էլ միջազգային կառույցների հետ»: Ժաննա Անդրեասյանի խոսքով` Մասնագիտական կրթության և զարգացման ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նաև գործատուների ներկայացուցիչներ, կարող է դառնալ աշխատանքային այն հարթակը, որտեղ կհամատեղվեն գործատուների պահանջներն ու կրթական բարեփոխումները, կքննարկվեն հետագա քաղաքականության ծրագրային պլանավորման ձևաչափերը: «Կարծում եմ, որ ուսումնական հաստատությունների տնօրենները ևս պետք է լիարժեք իրազեկված լինեն աշխատաշուկայի պահանջների և կարիքների մասին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կազմել իրենց ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտություններն ու դրանցով իրականացվող ուսուցումը: Շատ կարևոր է, որ հաստատության տեղերի հայտերը կազմելիս նույնպես ուսումնական հաստատությունները հիմնվեն աշխատաշուկայի պահանջների վրա: Երբ նույն հաստատությունը, կախված ուսանողների թվից, փորձում է կազմակերպել բազմաթիվ ուղղություններով մասնագիտական կրթություն, արդյունավետության հետ կապված խնդիր է առաջանում` հաշվի առնելով նաև տարածաշրջանային բաշխումը և տնտեսության կարիքները: Մենք փորձելու ենք վարել մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն: Կարևորելով նույն տարածաշրջանում մասնագիտական կրթության ապահովման բազմազանության պահանջը` միաժամանակ պետք է խուսափենք մասնագիտությունների մասնատվածությունից»,- փաստել է նա` ավելացնելով, որ եթե ՄԿՈՒ հաստատությունը, օրինակ, ունի 200-300 ուսանող և կազմակերպում է շուրջ 20 մասնագիտությամբ կրթություն, ապա որակի հարցը խնդրահարույց է: Քննարկման ընթացքում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է՝ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մասնագիտական կրթության զարգացման հիմնական խնդիրներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է: Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 գործատուների 98 տոկոսը նշել է, որ տեղյակ չեն, թե մասնագիտական կրթության ոլորտում ինչպիսի բարեփոխումներ են կատարվում: Միաժամանակ գործատուները, ըստ հարցման արդյունքների, նախապատվությունը տալիս են զարգացող մասնագիտություններին: Գործատուներից 402-ը նշել են, որ ունեն ազատ աշխատատեղեր և համավարակով պայմանավորված՝ չեն պատրաստվում աշխատողների կրճատման գնալ, ավելին` ծրագրում են առաջիկա երկու տարիներին 2000-ից ավելի նոր աշխատատեղեր հիմնել: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում գործատուների ներգրավմանը: Թեպետ ֆորմալ առումով քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկված են գործատուների ներկայացուցիչներ, սակայն դա բավարար արդյունք չի ապահովում: Հիմնական խնդիրներից է նաև ուսումնական պրակտիկաների կազմակերպումը, որի համար ուսումնական հաստատությունները չունեն համապատասխան բյուջեներ, իսկ գործատուները, հատկապես փոքր ու միջին ընկերությունները, որպես կանոն, ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան պայմաններ տրամադրելու ցանկություն չեն հայտնում, քանի որ դա պահանջում է հավելյալ ռեսուրս: Վերջնական ամփոփումից հետո աշխատաշուկայի կարիքների հետազոտությունն առաջիկայում կներկայացվի ուսումնական հաստատություններին:
15:52 - 23 հունիսի, 2021
Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի շատ արդյունքներ, զարգացման հեռանկարային ծրագրեր:  «Նախարարությունը ձեռնարկել է ոլորտային զարգացման լուրջ ծրագրեր, մի շարք կարևոր քայլեր արդեն արվել են, դրանք պետք է շարունակվեն ավելի հաստատուն տեմպերով»,-  ընդգծել է Վահրամ Դումանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներին և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցեր:  
11:54 - 23 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին: Այս մասին Դումանյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել»,- նշեց Դումանյանը: Նա հավելեց, որ մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ վերջին տարիներին կրթօջախները զերծ են եղել և այժմ էլ զերծ են այդ գործընթացներից: «Եթե լինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշեց Դումանյանը:
14:37 - 18 հունիսի, 2021
Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ «Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական բարեկամական կապերի զարգացման: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ արտերկրում գործող 12 ուսումնահետազոտական կառույցներում իրականացվում է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: Իտալիայում ծրագիրն իրականացվում է Հռոմի Լա՛Սապիենցա և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ընդլայնել ծրագրի իրականացումը՝ ներգրավելով ՀՀ պետական բուհերը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և երիտասարդ հետազոտողների փոխանակումներ: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև ընդլայնել Erasmus+ համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացին և կայուն զարգացմանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև 2019 թվականից Երևանի դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման փորձնական ծրագրի իրականացումը. 2020-2021 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է 7 հանրակրթական հաստատություններում: Հայ-իտալական համագործակցության շրջանակում Վահրամ Դումանյանը կարևորել է Իտալիայից ժամանած պրոֆեսորների գործունեությունը՝ ուղղված իտալերենի զարգացմանը Հայաստանում. «Առաջարկում եմ զարգացնել ծրագիրը Հայաստանի և Իտալիայի դպրոցների միջև կապերի ստեղծմամբ, դպրոցներում իրականացնել հայկական և իտալական կրթամշակութային համատեղ ծրագրեր, ինչպես նաև դիտարկել աշակերտների մասնակցությամբ երկու երկրներում ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը»: Վահրամ Դումանյանի խոսքով՝ «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագրի շրջանակում ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն համագործակցում է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի հետ: 2019 թվականին անցկացվել է հայ-իտալական համատեղ ծրագրերի առաջին մրցույթը՝ մի շարք ուղղություններով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 4 համատեղ ծրագրեր՝ 2 տարի ժամկետով: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը՝ գիտնականների միջև ուղիղ համագործակցային կապերի ստեղծման և ընդլայնման միջոցով: Նա առաջարկել է համագործակցությունը զարգացնել հետևյալ ուղղություններով՝ ինֆորմատիկա, աստղաֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, միջուկային ֆիզիկա, օպտիկա, կենսաքիմիա և քիմիա: Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Անդրադառնալով մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին: 2020 թվականին ևս նախատեսվում էր Հայաստանի մասնակցությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեին՝ «HYBRID IDENTITIES» նախագծով, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ցուցահանդեսը հետաձգվել է: Հայկական տաղավարի բացումն ու նախագծի ներկայացումը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին: Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» ծրագրի իրականացումը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր և մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցության խորացմանը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին առաջարկել է նաև դիտարկել արվեստի ստեղծագործությունների վերականգնման հայ-իտալական դպրոցի հիմնադրման կամ ՀՀ ուսումնական հաստատություններում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հավաքականներն ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք մարզական միջոցառումների՝ առաջարկելով իրականացնել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրավամբ սկսվում է մշակութային հարաբերություններից: «Այդ առումով պատահական չէ, որ գործադիր մարմնի անդամներից իմ առաջին հանդիպումը հենց ԿԳՄՍ նախարարի հետ է: Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ավելին են, քան զուտ երկու պետությունների համագործակցությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է մշակութային ոլորտում: Ալֆոնսո Դի Ռիզոն կարևորել է Իտալիայի բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը՝ առաջարկելով ընդլայնել բուհերի ցանկը՝ օրինակ՝ այն ներդնելով Նեապոլի ուսհաստատություններից մեկում: Դեսպանը շեշտել է նաև ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը՝ ընդգծելով, որ ներկայում իտալերենի նկատմամբ հետաքրքրության աճ կա ամբողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել ծրագիրը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև առաջարկել է դիտարկել երաժշտական դպրոցներում իտալերենի դասավանդման հնարավորությունը, ինչը, ըստ Ալֆոնսո Դի Ռիզոյի, լավ հիմք կհանդիսանա՝ հետագայում այն Կոնսերվատորիայում զարգացնելու համար: Դեսպանն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը, հատկապես՝ ՏՏ ոլորտում իտալական փորձը փոխանցելու տեսանկյունից: Նա պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել նաև մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։
19:26 - 17 հունիսի, 2021
Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունը 182 մլն դրամ կհատկացնի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով: «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ «Կառավարության որոշման նախագիծը բխում է 2021 թվականի ընթացքում ուսուցիչների ատեստավորում անցկացնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է 182 մլն դրամ ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» նոր միջոցառմանը»,-ասաց Դումանյանը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները տարակարգ ստանալու հնարավորություն չեն ունեցել:  Իսկ Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն 1/5-րդը ենթակա է ատեստավորման: «Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարում կատեստավորվեն ոչ միայն այդ տարիներին ատեստավորման ենթակա թվով շուրջ 7400 ուսուցիչները, այլ նաև նախընթաց երկու տարում գործընթացին չմասնակցած ուսուցիչները: Դա զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը ՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ասաց Դումանյանը: Ուսուցիչների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը վերաբաշխվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2021-ի բյուջեով հատկացված միջոցներից: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հանրակրթության ոլորտում դեռևս 2019-ից սկսած բարեփոխումների շրջանակում առաջինը վերանայել են ուսուցիչների աշխատավարձերը, դրույքաչափերը: «Հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների էական հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում հենց հիմա: Այս տարվա 129 կապիտալ հիմնանորոգման, վերանորոգման և կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններ են»,-ասաց Ավինյանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ ասաց, որ փաստացի այսօր 43 օբյեկտի վրա շինարարությունն արդեն սկսված է, որոնցից 3-ը կրթական են:Որոշման նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:  
12:52 - 17 հունիսի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` Դիմում` ուղղված տնօրենին: Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում: 2 լուսանկար՝ 3x4 չափսի: «ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։ Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։ Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:56 - 15 հունիսի, 2021
Ուսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

Ուսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով: ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս: 
18:01 - 14 հունիսի, 2021
Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99: «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը հայտարարագրված 31 դիմորդներից մասնակցել է 29-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նույնպես 7: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06: «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը հայտարարագրված 1297 դիմորդներից մասնակցել է 1361-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75:
17:41 - 11 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտադրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը: Անդրադառնալով միջբուհական և գիտական համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությունը: Նախարարի պաշտոնակատարը նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, համաձայն որի՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը: Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ հաշվի առնելով COVID-19 համավարակը և պատերազմով պայմանավորված իրավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը գործում է մինչև 2022 թվականի ավարտը, նախարարի պաշտոնակատարն առաջարկել է Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը դիտարկել 2022 թվականին: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև առաջիկա 4 տարիների համար երկու երկրների միջև համագործակցության նոր ծրագիր ստորագրելու հնարավորությանը: Նա դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց կամ աղավաղելուց: Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ամառային ճամբարների, օլիմպիադաների, հավաքների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը: ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ տեղում ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:
17:18 - 10 հունիսի, 2021
Հունիսի 11-ից 2-րդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից 2-րդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի: Մինչ հայտագրման բուն գործընթացը ծնողները հնարավորություն են ունեցել իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25 000 երեխա կհաճախի առաջին դասարան: Հիշեցնենք, որ անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
16:57 - 10 հունիսի, 2021
Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ

Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ

Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է «Women’s Club 79» հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը, որի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք է հարուցել մանկավարժների շրջանում, և ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստանում ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարությունը՝ գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին: Ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին ու շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին կոչ անելով պայքարել դպրոցներում նմանօրինակ արատավոր երևույթների դեմ՝ ԿԳՄՍՆ-ն միաժամանակ ինչպես տվյալ հաղորդաշարի խմբագրակազմին, այնպես էլ մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուներին հորդորում է հետայսու զերծ մնալ դպրոցը, ուսուցչին և աշակերտին այդօրինակ վարկաբեկիչ ու գռեհիկ կողմերով ներկայացնելու գործելաոճից, ինչը միանշանակ խաթարում է մատաղ սերնդի կրթության ապահովման գործընթացը, խեղաթյուրում է երեխաների հոգեբանությունը՝ բարձրակարգ արժեքների փոխարեն սերմանելով արատավորն ու եղկելին: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս շրջանում բազմաբովանդակ բարեփոխումների փուլում է, որոնք առնչվում են ինչպես կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը: Այս ճանապարհին պետությունն ունի թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների աջակցության կարիքը, և անգամ ճիշտ ու նպատակային պատրաստված հումորային հաղորդումները՝ զերծ գռեհկաբանությունից և արատավոր բարքեր սերմանելուց, օգտակար կլինեն այդ գործընթացում:  
14:57 - 10 հունիսի, 2021
Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ըստ ՀՀ աշխատաշուկայի պահանջների:     Ընդունելության տեղերը հաստատվել են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կհատկացնի իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 4682 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 3312, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1370: Միջին մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 5784 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 5614, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ 15, ՀՀ ոստիկանությանը՝ 65, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 90: Որոշման նախագիծը մշակելիս, ըստ աշխատաշուկայի պահանջարկի, հաշվի է առնվել ուսումնական հաստատությունների՝ մասնագետներ պատրաստելու հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև ըստ մասնագիտությունների հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում բնակվում է սոցիալապես ավելի անապահով խավ, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով առնվազն ընդունելության անցումային միավոր հավաքելու դեպքում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին կընդունվեն անվճար ուսուցման համակարգ, որի նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով նոր ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով կլինեն հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ: Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է նախագիծը:
14:44 - 10 հունիսի, 2021
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները |tert.am|

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները |tert.am|

tert.am: Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։  Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝  ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում։ Մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, որտեղ այսօր քննություն են հանձնել մեդալի 50 հավակնորդ։ Շիրակի և Սյունիքի քննական կենտրոններում քննություն է հանձնել համապատասխանաբար 34 և 24 հավակնորդ։ Մնացած հավակնորդները հանձնելու են ընդունելության միասնական քննություն, որը հիմք կհամարվի նաև գերազանցության մեդալի տրամադրման համար (18 միավոր և բարձր ստանալու դեպքում)։ Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում քննությունների ընթացքին հետևելուց բացի, ծանոթացել է դպրոցում ընթացող նորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն ու նախարարության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, որտեղ ներկայում ընթանում է ձեղնահարկի և կտուրի վերակառուցում։ Դպրոցի տանիքային հարկը կդառնա լաբորատորիաների սրահ․ այդտեղ նախատեսվում է ռոբոտաշինության և ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնում։ Նորոգման և տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում աջակցում են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախկին շրջանավարտները։ Այս տարվա մայիսին դպրոցում բացվել է նաև հրաձգարան, տեղադրվել են հիշատակի եղևնի և հուշաքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուսումնական հաստատության զոհված շրջանավարտների։  
16:40 - 09 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը հատուկ տեղ է գրավում: Նրա խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: «Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել նաև մեր երկրում Թուրքմենստանի դեսպանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել մեր համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- շեշտել է նախարարի պաշտոնակատարը: Միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանը կարևորել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Թուրքմենստանի 30 քաղաքացիներ: Նախարարի պաշտոնակատարը նաև գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Այդպիսի համագործակցությունը, ըստ Վահրամ Դումանյանի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել Հայաստանում և Թուրքմենստանում արհեստների և կերպարվեստի ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև 2020 թվականին համատեղ մշակված մշակույթի և արվեստի բնագավառում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ծրագիրը ստորագրելու հնարավորությունը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել է դիտարկել այդ ժառանգության պահպանության նպատակով մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ մոնիթորինգային խմբի գործառույթներից կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում թույլ տրված խախտումների արձանագրումը և հումանիտար ճգնաժամի ծավալների գնահատումը՝ հույս հայտնելով, որ խմբի ստեղծման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց: Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ կարևորելով երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև զարգացնել համագործակցությունը սպորտի ոլորտում՝ համատեղ հավաքների և փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Նախարարի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել  Թուրքմենստանում մեր հայրենակիցների հանդեպ դրսևորված ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին նշել է, որ կարևորում և մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին արագ արձագանքելու և աջակցելու համար: Նա անդրադարձել է երկու երկրների համատեղ միջոցառումներին, մասնավորապես նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնովիրուսի  համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում այն կյանքի կկոչվի: Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցության ընդլայնման հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:13 - 09 հունիսի, 2021
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար:  Առաջարկվող նախագծով` ուսումնական հաստատությանը վերապահվում է  սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթ: Փորձարկվող ուսումնական պլանը կունենա երկու բաղադրիչ` պետական և դպրոցական։ Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական դպրոցներում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Պետական բաղադրիչով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կսահմանվեն  պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կհատկացվի դպրոցի  կողմից սահմանված նախընտրելի առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը կսահմանի  դպրոցը: Դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը` որպես ուսումնական խմբակներ, կհատկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին` 8-11-րդ դասարաններում, ռազմամարզական ճամբարների ծրագրին` 10-11-րդ դասարաններում` ՆԶՊ-ի ուսուցման շրջանակում: Փորձարկող դասարաններում ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ըստ առաջարկվող ուսպլանի` 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ կա՛մ անգլերենը, կա՛մ ֆրանսերենը,  կա՛մ գերմաներենը, կա՛մ էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու: Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով։ Այդ նպատակով դպրոցում ձևավորվում են համապատասխան ուսումնական  խմբեր։ Դպրոցի՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան: Ուսումնական պլանով տրված են պարզաբանումներ փորձարկման ծրագրում ներառված բոլոր դասարանների համար նախատեսված ուսումնական բնագավառների և դասավանդվող առարկաների  վերաբերյալ: Առաջարկվում է փորձարկվող դասարանների ֆինանսավորումն իրականացնել`  հիմք ընդունելով  նոր չափորոշչի հիման վրա մշակված ուսումնական պլանը: Շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի  փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը: Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում էլ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համապատասխանաբար 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:
11:55 - 09 հունիսի, 2021