ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատարանը մասնակիորեն բավարարել է Աշոտ Մինասյանին կալանավորելու բողոքը

Դատարանը մասնակիորեն բավարարել է Աշոտ Մինասյանին կալանավորելու բողոքը

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Վճռաբեկ դատարանը 2021թ. հոկտեմբերի 4-ին  ընդունած որոշմամբ մասնակիորեն բավարարել է 2020թ. նոյեմբերի 13-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:  Այս քրեական գործով, ի թիվս այլոց, վերոնշյալ երեք հոդվածներով իշխանության յուրացման նախապատրաստման,  պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել Ա. Մինասյանին (հայտնի է որպես Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ):  Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էին Ա. Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի և դատախազության միջնորդությունները՝ մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չհամարելու, այսինքն հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ վճռաբեկ դատարանում վիճարկել էր ստորադաս դատարանների կայացրած այդ որոշումները՝ պնդելով, որ դրանցում արձանագրված հետևություններն անհիմն են, չեն բխում քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից: Դրա արդյունքում հնարավոր չի դարձել խափանման միջոց կալանավորման հիմքերին անդրադառնալը: Մասնավորապես, վճռաբեկ բողոքում նշվել է, որ Ա. Մինասյանը կարողացել է հանգամանալից կերպով պլանավորել հանցագործության կատարումը՝ առանց խոչընդոտների ապօրինի ձեռք բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում, որոնց միայն քանակն ինքնին վկայում է, որ այդ հարցում նա գործել է այլ՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Հետևաբար մեծ է հավանականությունը, որ մնալով ազատության մեջ՝ Ա. Մինասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալու կամ հանցակիցների վարքագիծն ուղղորդելու ճանապարհով:  Հաշվի առնելով նշված և այլ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդել էր բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների որոշումները և կայացնել Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտ:  ՀՀ վճռաբեկ դատարանն իր իսկ ձևավորած նախադեպային իրավունքի լույսի ներքո գնահատելով միջնորդություններում ներկայացված փաստական տվյալները և ստորադաս դատարանների արած վերլուծություններն ու հետևությունները՝ գտել է, որ վերջիններս հաշվի չեն առել և պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ: Իսկ ձեռք բերված առանձին փաստական տվյալների անդրադառնալիս ստորադաս դատարանները կիրառել են այնպիսի ապացուցողական չափանիշներ, որոնք բնորոշ են ոչ թե մինչդատական վարույթի շրջանակներում կալանավորման միջնորության, այլ դատարանում գործի ըստ էության քննությանը՝ խախտելով քրեական դատավարության փուլային կառուցվածքը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:  Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:    
13:16 - 07 հոկտեմբերի, 2021
Պարզվել են փողերի լվացման առերևույթ դրսևորումներ Ստեփանավան համայնքում. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

Պարզվել են փողերի լվացման առերևույթ դրսևորումներ Ստեփանավան համայնքում. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեակայն օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից, պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Քրեական գործի հետագա նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ-ն գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին: Նկատի ունենալով, որ դատախազական հոսկողության տիրույթում իր լիզորություններն իրականացնելիս հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության մասին տվյալներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նյւութերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ Լոռու մարզի դատախազի կողմից ուղարկվել է Լոռւ մարզային քննչական վարչություն։  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:42 - 04 հոկտեմբերի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել

Դատարան է ուղարկվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրեական գործը. համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 17.04.2020թ. հարուցված և ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնեական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում: Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով: 2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը: Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքնում վարձակալն ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։ Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հոդվածով: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղոդրակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները: Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:36 - 04 հոկտեմբերի, 2021
Գլխավոր դատախազությունում քննարկվել են ՃԵԿ-ի հանցավոր խախտման դեմ պայքարի խնդիրները. դեպքերի թիվն աճել է 31,5 տոկոսով

Գլխավոր դատախազությունում քննարկվել են ՃԵԿ-ի հանցավոր խախտման դեմ պայքարի խնդիրները. դեպքերի թիվն աճել է 31,5 տոկոսով

ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք: «Քննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, դրանց ողբերգական հետևանքներով դեպքերի աճի միտումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանապարհային անվտանգության երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության կատարման համատեքստում խիստ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլոր պատկան մարմինների սերտ գործակցությունը՝ ըստ գործառույթների ու պարտականությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ 57,3%-ով աճել է նման խախտումների արդյունքում մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։ Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները: «Անդրադառնալով դրանց՝ որպես առկա խնդիրների լուծման մեխանիզմներ, խորհրդակցության մասնակիցների կողմից կարևորվել է հաշվառումից հանված, սակայն չխոտանված, փաստացի պարտադիր տեխզննում չանցնող և երթևեկության հետ անհամատեղելի անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների՝ երթևեկությանը մասնակից դառնալը բացառելու, հանրապետությունում ՃԵ կանոնների միասնական կիրառման և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացման, երթևեկության անվտանգությունից բխող ճանապարհաշինարարական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և այդ նպատակներով  համապատասխան իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը: Դատախազության կողմից շեշտվել է միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհներին ՃՈ կարգախմբերի բաշխումը և ծառայությունն ըստ արձանագրվող միջադեպերի քարտեզագրման իրականացնելու, ուժեղացնելու, ավտովթարների համար ռիսկային հատվածները, շրջանցիկ ճանապարհային գոտիները նախազգուշացնող երթևեկության նշաններով կահավորելու խնդիրը: Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ առավել լուրջ խնդիրներից է համարվել ծանր հետևանքներով ավտոպատահարներին ամենաշատը նպաստող երկու հիմնական գործոնների՝ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհային գծանշումները ձևախեղելու, երթևեկության նշանների ցուցանակները գողանալու դրսևորումները: Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները: Աղբյուրի՝ հաղորդմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվել երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքի և իրավագիտակցության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ հանրային իրազեկման լայն գործիքակազմի կիրառմանը, դպրոցներում երթևեկության և դրա կանոնների վերաբերյալ առարկայական կամ լրացուցիչ դասաժամերի հատկացման հեռանկարներին: Առանձին քննարկվել են նաև ՃՏՊ-ների, հատկապես մահվան ելքով դեպքերի քննությունների որակի և արդյունավետության հարցերը: Խնդիր է դրվել առանձնահատուկ հետևողականություն դրսևորել հանցագործությունները, դրանք կատարող անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով իրականացվող քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արագության և լիարժեքության ապահովման հարցում: Նախանշված աշխատանքների իրականացման ընթացքը, գործնական արդյունքները քննարկելու և առաջ շարժվելու նպատակով որոշվել է առաջիկայում հաճախակի դարձնել նման խորհրդակցությունների անցկացումը:  
22:47 - 01 հոկտեմբերի, 2021
2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում կա 800-ից ավելի մեղադրյալ

2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում կա 800-ից ավելի մեղադրյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը: Ինչպես տեղեկացնում են Դատախազությունից, պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների տարբեր մասերի և կետերի համակցությունների հատկանիշներով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում է ավելի քան 2000 քրեական գործ: Այդ քրեական գործերով քննության առարկա են. զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով:   Պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախի Հանրապետությունում ապօրինի ձեռք բերելու, ՀՀ ապօրինի փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը: Պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով: Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով: Ռազմական գործողությունների ընթացքում  հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ առերևույթ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները: Անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ, այդ թվում՝ խոշոր չափերի, հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու  առանձին դեպքեր: Պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները: Պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները: Դատախազությունից հայտնում են, որ նշված քրեական գործերի քննություններն իրականացվում են աննախադեպ ծավալով: Դրանց լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև իրենց ընդհանրության մեջ պատերազմի ողբերգական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակում են իրականացվել հսկայածավալ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ դրվագներով նշանակված են տարաբնույթ փորձաքննություններ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների, դատախազական խմբերի կողմից վարույթն իրականացնող, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարող մարմիններին տրվել են տասնյակ ցուցումներ և հանձնարարություններ: Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈՒ  բարձրաստիճան սպաներ։ Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից 25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար: 8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար: 7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու  համար: 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման  համար: 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:  2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար: 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար: 1-ը՝ 1 անձի վերաբերյալ,  ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար:  1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար: Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է: 
11:03 - 28 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերով կա շուրջ 40 մեղադրյալ. Դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերով կա շուրջ 40 մեղադրյալ. Դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին: Ըստ այդմ, ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը, ԱՀ զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը, ռազմական գործողությունների ընթացքում ԱրՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը, ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը, ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերաազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը, ՀՀ տարածքում, Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի «ՄԻ 24» տեսակի ռազմական ուղղաթիռը ԱՀ զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձանց սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը: Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ: Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում: Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են: Բազմաթիվ դրվագներով, նաև դատախազների կողմից տրված համապատասխան ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագերսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի այլ ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցների լիարժեքությունն ապահովելու, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրական քանակը հստակեցնելու, նրանց նկատմամբ խոշտանգման, ապօրինի գործողությունների փաստերն ամբողջացնելու, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց դաժանաբար սպանած, նրանց արժանապատվությունը նսեմացնող, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնության բացահայտման, դրանց վերաբերյալ հավելյալ, հատկապես անձանց նույնականացման հնարավորություն տվող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ:
13:01 - 27 սեպտեմբերի, 2021
84 մեղադրյալ, 8 դատապարտյալ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրգործերով. դատախազությունը ամփոփում է ներկայացրել

84 մեղադրյալ, 8 դատապարտյալ Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրգործերով. դատախազությունը ամփոփում է ներկայացրել

2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ «Քրեական գործերի նյութերով փաստվում է, որ պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար նախատեսված զենք-  ռազմամթերքը ձեռք է բերվել հիմնականում Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից: Դրանք պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում՝ առանձին դեպքերում հանցավոր այդ գործողությունները կատարվել են խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Պ ատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված  զննություններով, իսկ զգալի դեպքերում՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, հրազեններ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ,  հակատանկային նռնականետեր, փամփուշտներ, պայթուցիչներ, նռնակներ, բազմաթիվ այլ առարկաներ: Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների, այդ թվում՝ նաև բացատրական աշխատանքների արդյունքում զգալի դեպքերում քաղաքացիներն ինքնակամ հանձնել են իրենց հետ ռազմական գործողությունների գոտուց բերած զենք զինամթերքը: Առանձին գործեր միացվել են, նախաքննության փուլում է 82 քրեական գործ, որոնցով շարունակվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, ՀՀ տեղափոխման հանգամանքները  պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, ինչպես նաև՝ հնարավոր ապօրինի ձեռք բերված այլ զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, ՀՀ փոխադրման դեպքերի առթիվ քննված և քննվող քրեական գործերով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված բնույթի 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը: Դատարանում շարունկվում է 19 անձի վերաբերյալ 18 քրեական գործի քննությունը»,- նշված է դատախազության հայտարարության մեջ։
16:32 - 25 սեպտեմբերի, 2021
«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ  «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար: Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը: Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ: Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով: Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով: Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, էական վնաս պատճառելու, ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ավել վաղ տեղեկացվել էր, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հայցի հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության պայմաններում դրանք դատարան չներկայացնելու, հետագայում, նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված վճռաբեկ բողոքի թերությունները չվերացնելու արդյունքում ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից ԲԲԸ-ի զրկվելու, նաև շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ ծանրաբեռնվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 - 25 սեպտեմբերի, 2021
Դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

Դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընտանեկան բռնության գործով նախադեպային որոշում է կայացրել

Ընտանեկան բռնության դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով Է. Ե.-ին մեղադրանք էր առաջադրվել ի թիվս այլնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետերով այն բանի համար, որ նա 2015թ. հունիսի 26-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Հ. Ս.-ի հետ, 2015թ. օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, վերջինիս նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել հոգեկան և մարմնական տառապանքներ: Քրեական գործի քննության արդյունքում Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճռով Է․ Ե․-ին ՀՀ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր, իսկ դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ մերժվել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, սկզբունքորեն համաձայնելով դատախազության փաստարկների հետ, նախադեպային արժեք ունեցող իրավական դիրքորոշումներ է արտահայտել տուժողի՝ հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվելու, ինչպես նաև հանցավորի գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ, որոնք էական նշանակություն ունեն ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, քննարկման առարկա է դարձրել ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի ուժգնության աստիճանի խնդիրը և փաստել, որ թեև ինքնին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու յուրաքանչյուր դեպք կրում է դաժանության հատկանիշներ, սակայն առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է, որը զուգակցվում է հանրության համար վտանգավոր արարքի կատարման հետ և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։ Այս համատեքստում գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ առանձին դաժանությամբ հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու հատկանիշների բացակայությունն արձանագրելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում ձևակերպված և գործով հաստատված փաստական տվյալներն այն մասին, որ նա Հ․Ս․-ին հոգեկան տառապանք է պատճառել հատկապես այնպիսի գործողություններով, որոնք նրա մոտ սաստիկ վախ են առաջացրել՝ շարունակելով դրանք մինչև վերջինիս ուշագնացության հասցնելը, տևականորեն զրկել է կնոջը սնվելու հնարավորությունից՝ անտեսելով նրա խիստ քաղցած լինելն ու սնունդ աղերսելը, այդ պայմաններում ցուցադրաբար սնվել է տուժողի ներկայությամբ՝ այն դեպքում, երբ տուժողը քաղցած լինելու հետևանքով ուշագնացությունից խուսափելու նպատակով փորձել է քաղցը հագեցնել ջուր խմելով, պարբերաբար հոգեճնշող վիճակում և վախի մթնոլորտում է պահել կնոջը, մշտապես վերահսկել վերջինիս վարքագիծը, ինչը բարձրացրել է տուժողի տառապանքի, անլիարժեքության զգացումը, կոտրել վերջինիս ֆիզիկական և հոգեբանական դիմադրություն ցույց տալու կարողությունը, սպառնացել է տուժողին, որ իրավապահ մարմիններին բողոքելու դեպքում ծեծի կենթարկվի, մշտապես ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ։ Նման արարքների համակցությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, իր բնույթով կարող է բնորոշվել որպես  անմարդկային վերաբերմունք և ենթակա լինել որակման որպես առանձին դաժանության դրսևորում։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ տուժողը ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հնարավորությունից, ինչպես եղել է տվյալ դեպքում։ Վերոնշյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝  նոր քննության:
13:15 - 24 սեպտեմբերի, 2021
Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը: Կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով: Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար: ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը»։
09:31 - 24 սեպտեմբերի, 2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայանալիք ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման հարցեր: Գլխավոր դատախազները կփոխանակվեն իրենց երկրներում տարբեր ուղղություններով դատախազական գործառույթների իրացման, հանցագործությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին հակազդելու նպատակով օրենսդրության կատարելագործման փորձով: ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով:
16:03 - 22 սեպտեմբերի, 2021
Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ

Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ

Պետք է ամոքել վերքերը, նորոգել տունը և վերահաստատել հայրենի հողի վրա ապրելու, զարգանալու ու հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը:  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ հղված իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:   «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր լավագույն զավակների արյամբ: Անկախ պետականության՝ իբրև մեր ազգի գոյապահպանության միակ բանաձևի և բարձրագույն արժեքի խորքային գիտակցումով, մեր սուրբ նահատակների անձնազոհության դիմաց հավերժ ու անդավաճան պարտքի զգացումով, ամենօրյա տքնաջան աշխատանքով, փոխադարձ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ հարգանքի ու հոգատարության փոխակերպելով պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք: Հազարամյա մեր պատմության ընթացքում ստիպված ենք եղել անընդհատ հաղթահարել փորձություններ, վերջին ճիգով լինելիության օգտին լուծել գոյութենական բարդագույն խնդիրներ։ Դրանք ավելի են ամրապնդել մեր կենսասիրությունը, մեր պատմական ժառանգությունն ու գենետիկ հիշողությունը, ինքնությունն ու ազգային ինքնատիպությունը պահպանելու, ազատության ու անկախության, հզոր պետության մեր ձգտումներին հասնելու վճռականությունը։ Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։ Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, և այլընտրանք չունեցող այս նպատակներին հասնելու համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին խոհեմաբար ու սառնասրտորեն առավելագույն ջանք գործադրելով  ներքին անվտանգության կայունացման համար: Ներպետական ու ներհասարակական համակեցությունը, համերաշխությունը պահանջում է մեր քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում, իրավունքների չչարաշահում, իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, հավատ ու վստահություն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ: Ուստի, շնորհավոր մեր անկախության 30-ամյակը: Երիցս փա՛ռք ու խոնարհում այսօրվա և մեր հայրենիքի անկախության գալիք օրերի համար իրենց կյանքը նվիրաբերելով ապրելու, ուղղվելու և հզոր երկիր կառուցելու պատգամ հղած մեր սուրբ նահատակներին»,-ասված է Արթուր Դավթյանի ուղերձում:
13:14 - 21 սեպտեմբերի, 2021
Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի, 2021
Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|

Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|

hetq.am: Դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: «Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցի շուրջ հրապարակային քննարկում եղավ՝ արդյոք այս թեման ուսումնասիրվու՞մ է, թե ոչ։ Ես ուզում եմ ասել՝ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից, պետք է վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»,- ասել էր վարչապետը: Հանձնարարականից երեք տարի անց մենք հարցումներ ուղարկեցինք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ եղավ հանձնարարականի ընթացքը և ինչ բացահայտումներ են արել իրավապահները: Ազգային անվտանգության ծառայությունից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2018 թվականից մինչ օրս ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որոնցում որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ: «Այդ գործերը չեն վերաբերել նախկին և ներկա պաշտոնյաների որդիներին»,- հայտնել են ԱԱԾ-ից: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նման ուսումնասիրությունները կրում են ընդհանուր բնույթ, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարբեր հիմքերով տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության՝ այդ թվում նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը: Ըստ դատախազության պատասխանի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 436 զորակոչիկի տվյալ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար: Դատախազությունից ևս հայտնել են հարուցված 6 քրեական գործի մասին՝ նշելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս վեց քրեական գործի հարուցման, ապա հանցակազմի բացակայության հիմքով կարճման մասին հայտնել են նաև ոստիկանությունից: Չնայած գերատեսչություները հրաժարվել են հայտնել, թե ով կամ ովքեր են այս գործերում ունեցել դատավարական կարգավիճակներ՝ հղում անելով«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, բայց քանի որ այդ քրգործերի մասին ավելի վաղ գրել էինք, կհիշեցնենք հանրությանը: Քրեական գործերով անցնում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները՝  Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, վերջինս հետախուզվում էր 2018-ի օգոստոսի 28-ից, Հայաստան է վերադարձել 2021-ի մարտին, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կրկնակի փորձաքննությունների արդյունքում թե՛ Տիգրան, թե՛ Տրդատ Խաչատրյանները ճանաչվել էին զինծառայության համար ոչ պիտանի, և նրանց առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով:   Շարունակությունը՝ hetq.am-ում Լուսանկարը՝ Անի Սարգսյանի       
18:19 - 18 սեպտեմբերի, 2021
Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է»։
16:31 - 15 սեպտեմբերի, 2021
Ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային 6 անձի կողմից ծառայողական պարտականությունների չկատարման մասին տվյալներ. Դատախազություն

Ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային 6 անձի կողմից ծառայողական պարտականությունների չկատարման մասին տվյալներ. Դատախազություն

Ինչպես արդեն տեղեկացվել է, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ:  Այս մասին հայտնում է Դատախազությունը: ՀՀ զինվորական դատախազությունը, իր լիազորությունների շրջանակներում հետևելով օրենսդրության պահանջներին նշված գործընթացի համապատասխանությանը, դրանց շրջանակներում հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հետամուտ լինելով եռամսյա հավաքների կազմակերպման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալուն, արձանագրում է, որ գործընթացի մեկնարկից՝ 2021թ. օգոստոսի 25-ից հետո ընկած ժամանակահատվածում եռամսյա հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսևորվում է բարձր պատասխանատվություն և քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել: Այս ընթացքում ստացվել են եռամսյա հավաքների մասնակից պահեստազորային ընդամենը 6 անձի կողմից առերևույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապված  խախտումների մասին տվյալներ: Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազությունը, կանխարգելիչ և իրազեկման նկատառումներից ելնելով, հարկ է համարում տեղեկացնել, որ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, և զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար: Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի: Եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր պահեստազորայինների հետ՝ նրանց մանրամասն իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի, դրանց քրեաիրավական հետևանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:     
15:04 - 15 սեպտեմբերի, 2021