#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերացնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը․ Տիգրան Ուրիխանյան

Ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերացնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը․ Տիգրան Ուրիխանյան

Իմ խորը համոզմամբ, մեր թիմակիցների հստակ կարծիքով, քարոզչության կարճ ժամանակաշրջանում և դրանից բավականին առաջ էլ ստեղծվել է մի տպավորություն, որ մարդիկ ունեն մեկ տարբերակ ընտրելու նախկինների կամ ներկաների միջև։ Բնականաբար, նրանք, ովքեր երկար տարիներ ապրել են նախկին կառավարման ժամանակաշրջանում, դժգոհ լինելով նրանցից, հանգեցրել են նրան, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններով իշխանության են եկել այօրվա գործողները , և հետևաբար նախկինների վերադարձի դեմն առնելու հնարավորությունը  մարդիկ տեսնում են գործող իշխանություններին սատարելու մեջ։ Այս մասին Առաջին ալիքի հետ զրույցում ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս հավելեց․ «Գործող իշխանություններից հուսալքված և վիրավորված մարդիկ, կարծես թե այդ հրամցվող տեղեկատվական հնարքային քարոզչական ձևերի արդյունքում հնարավորություն են տեսնում չեզոքացնելու այս իշխանություններին, ազատվելու նրանցից՝ նախկիններին սատրելով։ Սա կեղծ օրակարգ է, սա հատուկ կազմակերպված պրոցես է, որպեսզի որոշումների կայացման դաշտում հանկարծ չհայտնվեն մարդիկ, ովքեր կապված չեն ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների հետ, արատավորված չեն եղել ո՛չ նախկինում, ո՛չ ներկայում։ Ստեղծվող տպավորությունը ունի մեկ բաց, իմ խորը համոզմամբ հենց նույն կարծիք ու տպավորություն ստեղծող ուժերը նաև պատվիրում են սոցիոլոգիական հարցումներ,  հրամցնում են մարդկանց հասարակացությանը այդ հարցումների իբր արդյունքները,որոնց վերաբերյալ կա մեկ եզրակացություն, որ հենց այդ տպավորությունը պատրանք է ու կեղծ օրակարգ է»։ Անդրաառնալով այն հարցին, թե ինչ փոփոխություններ է պատրաստվում կուսակցությունն իրականացնել, Ուրիխանյանը նշեց, որ արդեն 1400 կիլոմետրանոց հայ- ադրբեջանական սահմանի պահպանման համար իր  հաշվարկներով ժամանակակից ապահովվածության համար անհրաժեշտ է 5-6 միլիարդ դոլարի  հասնող գումարին համարժեք մարդկային ռեսուրս, զինամթերք և այլ ծախսեր։ «Եթե մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերը որի հետ փոխգործակցությունը ոչ թե սուրճի սեղանի շուրջ է սկսել, այլ պայամանագրային դրույթների շրջանակում է ամրագրվել, պարտավոր է անել այն ամենն, ինչը բխում է նաև իրենց տարածաշրջանային շահերից։ Եթե ՌԴ-ն շահագրգիռ է , որ Հայաստանի հարավը, մասնավորապես Զանգեզուրը, աներկբայորեն և հավերժ լինեն կայուն ՀՀ և հայ ժողովրդի տիրապետման ներքո, ապա իրենք դրա համր էլ պետք է ապահովեն թվարկածս անհրաժեշտությւոնները։ Այնպես , ինչպես տասնամյակներ շարունակ արվում է հայ- թուրքական սահմանին։ Եթե դա չի արվում նշանակում է, որ գերտերություններից մեկը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները։ Այդպիսի բան կարծում եմ լինել չի կարող և կարծում եմ, նրանց  շահերը համադրելի են մեր ազգային և պետական շահերի հետ։ Եթե դա այդպես չէ, ապա ես խորը արհամարհանքով եմ վերաբերում ցանկացած այլ պետության շահերին, լինի դա   գործընկեր թե դաշնակից, եթե դրանք չեն համապատասխանում մեր շահերի հետ»,- պատասխանեց Ուրիխանյանը։ Կուսակցության ղեկավարի դիտարկմամբ շատ երկար ժամանակ է ինչ խոսվում է հարևան բարեկամ պետությունների հարաբերությունների պայմանագրային ձևակերպումների մասին, մենք չունենք պայմանագրային ձևակերպումներ մի շարք շատ կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես Վրաստանի հետ։ Ուրխանյանի կարծիքով նաև այս պատճառով էր, որ  պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի սարսափելի, անհասկանալի իրավիճակ, երբ Վրաստանը փակեց իր օդային տարածքը, այդ թվում հումանիտար բեռների փոխադրման համար։ «Ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերացնելու ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մեկ ամսվա կտրվածքով արձակվելու է որոշում, ըստ որի ներդրվելու է պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը պետական պարտադիր մասնակցությամբ՝ խոցելի խմբերի համար»,- եզրափակեց Ուրիխանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ են անելու ընտրվելուց հետո։
15:12 - 15 հունիսի, 2021
#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

#armvote2021․ Գիտություն և կրթություն [«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն]

Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․ - հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն, - ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, - սոցիալ-տնտեսական վերականգնում, - ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն, - գիտություն եւ կրթություն։ Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։ Թեմաների վերաբերյալ կուսակցության/դաշինքի տեսլականը ներկայացնելու համար բանախոսներին տրվել է 5 րոպե ժամանակ:
15:04 - 15 հունիսի, 2021
Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները |armenpress.am|

Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ցուցաբերած աջակցության համար: Նա նշեց, որ ամեն քաղաքացի, հյուրանոցի կամ հյուրատների սեփականատերեր իրենց դռներն են բացել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար, հերոսաբար կանգնած են եղել Գորիսի բժիշկներն ու շտապ օգնության ծառայության վարորդները: « Իմացեք սիրելի ժողովուրդ, մենք դժվարին պահերին ձեզ մենակ չենք թողնի: Մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու, մեր խոնարհումն ունենք ձեզ մատուցելու, մենք տուրք ունենք ձեզ տալու: Շնորհակալ եմ, որ հզոր եք ու հաղթական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Դիմելով Գորիսի գործարարներին՝ Նիկոլ փաշինյանը նշեց, որ գիտեն նրանց ծառայությունների, զոհողությունների և նվիրատվությունների մասին: Նա ընդգծեց, որ դժվար պահին նրանց մենակ չեն թողնի, և որ յուրաքանչյուրի ծառայությունն ու վաստակը նկատված է, և դա արժանի է պետական ամենաբարձր մակարդակով գնահատանքի: «Այսօր միասնության ավտոերթ ենք կազմակերպել Երևանից դեպի Սյունիքի մարզ: Եվ դա արել ենք երկու նպատակով: Առաջին հերթին ցույց տալ, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը Սյունիքը հակադրի մնացած Հայաստանին կամ հակառակը, ցույց տալ, որ Հայաստանը միասնական է, ցույց տալ, որ միասնականությունն է մեր բոլոր խնդիրների լուծման ճանապարհը: Չկա առանձին վերցրած շիրակցի, տավուշցի, լոռեցի… Մեր երակներում միևնույն արյունն է հոսում: Մենք մի օջախ ենք, մի ընտանիք, թույլ չենք տա, որ մեզ միմյանց դեմ հանեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց արոտավայրերի սակավությունը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա 1 մլն հա արոտավայր, որից օգտագործվում է ուղիղ կեսը: Այսինքն՝ երկրում առկա է 500 հազար հա արոտավայր, որը չի օգտագործվում: Եվ այսօր խնդիր կա ճիշտ կառավարել եղած ռեսուրսները: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ չօգտագործման պատճառներից է արոտավայրեր տանող ճանապարհների բացակայությունը: Կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը, առաջիկայում նախատեսում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ ուղղությամբ: Ապագայի ծրագրերից զատ, Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հրատապ անելիքների անհրաժեշտություն են տեսնում: Սյունիքի մարզի այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ունեն խնդիր արոտավայրերի ու խոտհարքների կորստի հետ կապված, կստանան աջակցության ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սահմանային անվտանգությունից: «Մեր դիրքորշումն աներկբա է, և այն պաշտպանում են մեր մյուս գործընկերները ևս: Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Այլ կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:39 - 15 հունիսի, 2021
Պետք է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը, մոտեցումները․ Ալեքսան Մինասյան

Պետք է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը, մոտեցումները․ Ալեքսան Մինասյան

 «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում եղած թերություններին։ «Ինքս լինելով պատերազմի դաշտում՝ տեսա՝ ինչ թերություններ մենք ունեինք, ինչ բացթողումներ ունեինք, այն պարագայում, որ մենք կարող էինք իսկապես դառնալ անառիկ մի պետություն։ Հայաստանի Հանրապետությունը կարող էր դառնալ ոչ թե բերդաքաղաք, այլ բերդապետություն, բայց դա չեղավ։ Ես տեսա չքողարկված մեր այն հակաօդային սարքերը, որոնք մեզ պետք է պաշտպանեին, իսկ պատերազմի հենց սկզբի ժամերին դրանք ոչնչացվեցին։ Ես տեսա խրամուղիների վիճակը, տեսա այն ինժեներական կառույցները, որոնք չկային, որոնք իսկապես պետք է անառիկ պահեին»։ Ալեքսան Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է փոխել բանակի մարտավարությունը, տեսակը, ձևը։ «Ունենալով գիտնականների լայն խումբ՝ հիմա մենք հաշվարկներ ենք անում, հաշվարկում ենք՝ ինչպիսին պետք է լինի մեր սահմանը՝ բացի այն, որ պետք է ժամանակ տրվի նաև գիտական հեղափոխություն անելու, բայց չպետք է խաբենք ինքներս մեզ։ Մենք այսօր խոսում ենք նրանից, որ  կարող ենք արտադրել ԱԹՍ-ներ, բայց հիմա եկեք ռեալ նայենք։ Մեր թշնամի պետությունը՝ Թուրքիան, իր համախառն ներքին արտադրանքով 58 անգամ գերազանցում է Հայաստանին։ Հիմա հարց է ծագում, եթե մենք արտադրում ենք մեկ թռչող սարք, իրենք, բնական է, ավելին կարտադրեն։ Մենք պետք է ունենանք ԱԹՍ-ներ, բայց լուրջ պայքարել այս պարագայում, մենք չենք կարող։ Այսինքն՝ խնդիր է առաջանում փոխել բանակի մարտավարությունը, բանակի տեսակը, ձևը, մոտեցումները»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտություն կա նաև փոխել ամբողջ պաշտպանական համակարգը։ «Մենք փոքր երկիր ենք։ Եթե  Սյունիքը նայենք, ընդամենը 42 կմ է, և երկկողմանի հրետանային զարկերով մենք կարող ենք լուրջ խոցվել։ Դրա համար մեզ անհրաժեշտ է, որ մեր վրա հարձկավողի սահմանում պատերազմը տեղափոխվի։ Իրենք հարձակվեցին, մենք պատերազմը պիտի տեղափոխենք իրենց սահման, որպեսզի կարողանանք ընդվզել իրենց հարձակումները։ Այսինքն՝ պետք է փոխել բանակը,  պետք է փոխել ամբողջ պաշտպանական սիստեմը՝ հակաօդայինից սկսած։ Հին բանակից պիտի մնա երևի 20 կամ 10%, և ոչ ավելին, պետք է խնդիրներ բարձրացնել նաև, որ մարդիկ գան սրտանց ծառայելու, ուզենան ծառայել»։ Ալեքսան Մինասյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է ապահովել սպաների սոցիալական վիճակը։ «Նախարարությունում նստած սպան նույնատիպ գումար է վաստակում, ինչ սահմանում ցեխ ու ջրի մեջ իր ներքին օրգանները փչացնող սպան, որը սառում է, թրջվում, մնոում անձրևի տակ երբեմն։ Այսինքն արդար պայմաններ պետք է ստեղծվի»։
14:38 - 15 հունիսի, 2021
Ստույգ տեղեկություն չի լինի մեղադրյալների կարգավիճակի մասին. Քոչարյանի և Գևորգյանի նիստը կլինի ընտրություններից հետո |armtimes.com|

Ստույգ տեղեկություն չի լինի մեղադրյալների կարգավիճակի մասին. Քոչարյանի և Գևորգյանի նիստը կլինի ընտրություններից հետո |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Դանիբեկյանը հայտնեց, որ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից ստացել է գրություն, ըստ որի, վերջինս վատառողջ է, ինչի հետևանքով չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին: Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանից էլ դատարանը ստացել է գրություն, որով Վարդևանյանը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը պետք է մասնակցեն միջոցառումների Արարատի մարզի մի շարք քաղաքներում, ինչի արդյունքում նրանք չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին: Նշենք, սակայն, որ Գևորգյանը նիստերի դահլիճում էր: Դանիբեկյանը հայտնեց, որ ստացել է դիմում նաև մյուս պաշտպան՝ Արամ Օրբելյանի կողմից, ով նշում է, որ այլ գործի շրջանակներում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ սույն գործով նիստին: Գործով դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան այս դիմումների նշեց, որ պատասխանող կողմի չներկայանալն անարգանք է դատարանի և գործին մասնակից անձանց նկատմամբ, քանի որ դատարանը նախորդ նիստին կայացրել էր որոշում, որ քարոզարշավը չի կարող հանդիսանալ խոչընդոտ այսօրվա դատական նիստի կայանալու հարցում: Գործով մյուս դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը վստահություն չի ներշնչում. «Ինչ է նշանակում փաստաբանի օգնականի կողմից դիմում ներկայացնել դատարանին, «խաբար» են էլի ուղարկել, կամ ինչ է նշանակում՝ ես հիվանդ եմ, չեմ գալիս դատական նիստին: Վարդևանյանի ներկայացած դիմումն էլ հակասում է իրականությանը, քանի որ Արմեն Գևորգյանը հիմա ներկա է նիստին: Սրանք միջոցներ են դատական նիստերին հայեցողականորեն մոտենալու»,-ասաց Բաղդասարյանը: Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել եւ այն նշանակել ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին, ժամը՝ 13:00-ին, քանի որ հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, դատավորի խոսքով դեռևս պաշտոնական տեղեկատվություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր է չլինեն. «Եվ դատարանը հնարավոր է ստույգ տեղեկություններ չունենա ամբաստնյալների կարգավիճակի մասին»,-եզրափակեց Դանիբեկյանը:
14:10 - 15 հունիսի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

«Պատիվ ունեմ» դաշինքը ունի հաստատակամություն, փորձ, գիտելիք՝ երկիրը ցնցումներից ձերբազատելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար. չեմ կասկածում՝ դա կգնահատվի մեր քաղաքացիների կողմից. Տ. Մարգարյան |tert.am|

tert.am: Ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն: Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։  Այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տարոն Մարգարյանը: -Պարոն Մարգարյան, անցած երեք տարիների ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, թե լքել եք Հայաստանն ու ընտանիքով բնակություն եք հաստատել ՌԴ մայրաքաղաքում: -Վերջին 3 տարիների ընթացքում իմ անվան շուրջ հյուսված ապատեղեկատվության պակաս հաստատ չի եղել, որոնցից մեկն էլ Ձեր նշածն էր, որն անմիջապես էլ հերքվել է մեր կողմից։ Պետք է նաև նշեմ, որ վերոնշյալ ժամանակահատվածում, վերապատրաստվելու և մասնագիտական հմտություններս կատարելագործելու նպատակով ընդունվել եմ ՌԴ Նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Տնտեսագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետի ազգային տնտեսագիտության հեռակա բաժինը՝ «Տնտեսագիտություն և իրավագիտություն» մագիստրոսական ծրագրով ուսանելու, ինչով պայմանավորված էլ պարբերաբար մեկնել եմ Մոսկվա։ Գուցե հենց այդ հաճախակի մեկնումներս ու որոշ ժամանակով Երևանից բացակայությունս է ոմանց ստիպել մտածել, թե հեռացել եմ Հայաստանից։ Այնուամենայնիվ, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս կվերահաստատեմ բազմիցս հնչեցրած խոսքերս, որ թե՛ ես և թե՛ իմ ընտանիքը մշտապես ապրել, ապրում ու ապրելու՛ ենք մեր սիրելի Երևանում, որն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու բարի քաղաքն է և շարունակելու՛ ենք արարել ու շենացնել մեր երկիրն ու հարազատ քաղաքը։   -«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պայքարում էր Ձեր դեմ՝ որպես նախկին, իսկ հիմա իր հետ գնում եք մի դաշինքով կամ միասին մի ցուցակում եք, դա Ձեզ չի՞ կաշկանդում: -Նախ ֆիկսենք, որ պարոն Վանեցյանն օրեր առաջ ուղիղ պատասխանել է այդ հարցին՝ հստակ նշելով, որ ԱԱԾ-ն երբևէ չի՛ հարուցել կամ քննել իմ անձին վերաբերող որևէ գործ։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի ներկայիս վայ-իշխանությունները, ավելի ճիշտ, իշխանազավթները, քրեաիրավական որոշ գործեր առավել հնչեղ դարձնելու նպատակով, դրանց ներկայացման շրջանակում միտումնավոր և մանիպուլյատիվ կերպով պարբերաբար շրջանառել են իմ անունը՝ ցանկանալով արատավորել բարի համբավս և տպավորություն ստեղծել, թե իրենց իսկ կողմից շատ հաճախ ուռճացված այդ գործերին առնչություն եմ ունեցել նաև ես։ Մի խոսքով, պարոն Վանեցյանի սպառիչ պատասխանին ավելացնելու բան չունեմ, ըստ այդմ՝ նաև չկա որևէ կաշկանդվածություն, որպեսզի համատեղ ուժերով փորձենք իշխանության ղեկից դուրս շպրտել Հայաստանն անխուսափելի կործանման տանող իշխանազավթների այդ խունտային։ -Պարոն Մարգարյան, Ձեր դաշինքն արդյո՞ք կստանա այնքան քվե, որ կարողանաք ներկայացված լինել Ազգային ժողովում: -Մեր առաջնային նպատակը, ինչպես արդեն նշեցի, նախ և առաջ իշխանազավթների այդ խունտային դուրս շպրտելն է լինելու։ Եվ բնական է, որ մեզ պարտադրված այս ընտրություններում մենք հավակնում ենք ԱԺ-ում ունենալ որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն, ինչը կլինի այդ նպատակի իրագործման կարևոր բաղկացուցիչը։ Եվ, այո՛, ես համոզված եմ, որ մեր դաշինքը ոչ միայն ԱԺ-ում ներկայացված լինելու բավարար քվե կստանա, այլև կունենա որոշիչ ձայների քանակով ներկայացվածություն։ Եվ իմ այս վստահությունը հիմնավոր է, քանզի մենք ունենք փորձառու, բանիմաց, հայրենասեր ու խելացի, նաև արժանապատիվ երիտասարդներից բաղկացած թիմ, որը սթափ գնահատելով իրավիճակը գիտի, թե ինչ ծանր բեռ է վերցնելու իր ուսերին՝ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար։ Մենք ունենք հաստատակամություն, բավական փորձ ու գիտելիք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար և, չեմ կասկածում, որ այդ ամենը կգնահատվի նաև մեր բազում համաքաղաքացիների կողմից: -Պարոն Մարգարյան, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ հայ հասարակությունն այսօր էլ դեռ շարունակում է մնալ սև-սպիտակի բաժանված ու պառակտված։ Ըստ այդմ՝ հետաքրքիր է իմանալ, թե այս ընտրություններում, ըստ Ձեզ, կհաղթեն սևե՞րը, թե՞ սպիտակները: -Նախ պետք է խնդրեմ ու հորդորեմ, որ անխտիր բոլորս և, առաջին հերթին զանգվածային լրատվության միջոցները՝ որպես հանրության մտածելակերպի վրա գործուն ազդեցություն թողնող մեխանիզմ, մեր բառապաշարից մեկընդմիշտ վերացնենք այդ արատավոր ձևակերպումն ու այլևս երբեք թույլ չտանք դրա շրջանառումը։ Այդ կեղծ ու կործանարար բաժանումը, որով իշխանազավթների այս խունտան թշնամանք մտցրեց հայ օջախներ, անգամ հարազատ եղբայրներին հանեց իրար դեմ ու սեպ խրեց ընկերների և բարեկամների միջև, մեր երկիրը հասցրել է կործանման եզրին։ Մենք իրավունք չունենք անգամ վարկյան ավել հանդուրժել այս իրավիճակն ու ամեն ինչ անելու ենք, որ իշխանազավթների այս խունտայի հետ մեկտեղ մեր իրականությունից դուրս շպրտենք արատավոր այդ բաժանումը ևս։ Կա՛մ մենք միասնաբար կվերադարձնենք մեր ժողովրդին համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտն ու կտոնենք չարի և չարության հանդեպ մեր հաղթանակը, կա՛մ կպարտվենք բոլորս միասին։ Այլ տարբերակ ուղղակի չկա։  Շարունակությունը՝ tert.am-ում
13:53 - 15 հունիսի, 2021
Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու. Արտակ Զաքարյան |armenpress.am|

Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու. Արտակ Զաքարյան |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում Արցախի կարգավիճակի հարցով ակտիվ աշխատանքներ տանել, ակտիվացնել արտաքին քաղաքականությունը:  Այս մասին ասուլիսում ասաց դաշինքի ընտրական ցուցակի անդամ Արտակ Զաքարյանը: Նա շեշտեց, որ իրենց դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը քարոզարշավը սկսել է հենց Արցախից: «Մեր դաշինքի քարոզարշավը սկսվեց Արցախից, որովհետև Արցախի խնդիրը մենք միշտ բաց ենք պահելու: Արցախի կարգավիճակի հարցը  ՀՀ անվտանգության  կարևորագույն էլեմենտներից մեկն է, մեր տարածաշրջանում խաղաղ գոյակցության և կոմունիկացիաների խաղաղ գործակցության կարևորագույն էլեմենտներից մեկն է, և մենք դրան անպայման հասնելու ենք»,- ասաց Զաքարյանը: Նա շեշտեց, որ իրենց դաշինքն ունի միջազգային լայն աջակցություն՝ իր մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ըստ Զաքարյանի՝ դա խոսում է այն մասին, որ իրենք նաև արտաքին քաղաքականության ակտիվացմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության տարբեր գործիքակազմերով շատ արագ կարողանալու են ոտքի կանգնեցնել Հայաստանի արտաքին գործընկերությունը, վստահություն ձեռք բերել, արժանապատիվ համագործակցություն սահմանել և դրանով շատ արագ տեմպերով հիմքեր դնել ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման համար: Ըստ նրա՝ քաղաքական դաշտը գնում է ընտրության և շարունակում է պայքարել գործող վարչապետի պաշտոնակատարի դեմ՝ Հայաստանը դուրս բերելու ճահճից: «Ճահճից դուրս գալու մի շարք ելքեր կան, և կան դաշտում քաղաքական ուժեր, որոնք շարունակ մատնանշում են դրա անհրաժեշտությունը, դրանով պայմանավորված էլ կառուցում իրենց քարոզչությունը: Մեր հասարակությունն ունի ընտրության լայն հնարավորություն՝ քանակական իմաստով, բայց որակական իմաստով ընտրության մեծ հնարավորություն չունի»,- ասաց Զաքարյանն ու հույս հայտնեց, որ հասարակությունն իր ձայնը տալու է բոլոր այն պատասխանատու քաղաքական ուժերին, որոնք սրտացավ են պետության համար:
13:30 - 15 հունիսի, 2021
Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում

Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում

 «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պարզաբանել է «Հանրային» հեռուստաընկերության առաջին դեմքերի բանավեճը բոյկոտելու պատճառը։ «Բանավեճը ստեղծել  են այնպես, որ բոլոր նորաստեղծ կուսակցությունները առանձին են հրավիրվում, հիները՝ առանձին։ Ես գնամ այնտեղ այդ երիտասարդներին ի՞նչ հարցնեմ,  ինչ ասես՝ պետք է ասեն՝ դե մենք  կապ չունենք, կամ իրենք ինչ ասեն, ես պիտի ասեմ՝ ես կապ չունեմ։ Դա բանավեճ չի դառնում»։ Սամվել Բաբայանը խոսել է նաև Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Ավելի ճիշտ կլինի, որ անցնենք նոր Սահմանադրության՝ կիսանախագահական երկիր ունենանք։ Այդ Սահմանադրությունը ոչ թե ինքնանպատակ փոխենք, ուղարկենք Վենետիկ, ասենք՝ համաձայնվեք։ Չէ, մեր քաղաքացին պետք է կարողանա ստեղծի, ստեղծագործի ու հասնի հաջողության իր կյանքի մեջ»։ Անդրադառնալով հարցին, թե ո՞ր ուժերի հետ է Բաբայանի ղեկավարած կուսակցությունը պատրաստ դաշինք կազմել, վերջինս պատասխանեց․ «Ես խոսեցի Սահմանադրությունից, օրենքներից, օրենսդրական բազան փոխելուց, որ երկիմաստության օրենք չլինի, դատական համակարգ լինի, որ երկիրը գնա զարգացման։ Երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը ընթերցելով՝ թե՛ Հայաստանի քաղաքացին, թե՛ այլ քաղաքացի պետք է տեսնի, թե այս երկիրը դեպի ուր է գնում, ինչ զարգացում է ապահովում, ինչ ճանապարհ է ընտրել։ Մեր Սահմանադրությունը ընթերցելով դա չես տեսնում։ Ես համարում եմ, որ Սահմանադրությունը և մնացած բոլոր օրենքները, օրենսդրական ակտերը պետության ֆունդամենտն է։ Որ ուժերը սա կընդունեն ու կհամաձայնեն, որ այս ճանապարհով գնանք, երկիրը տանենք զարգացման, նրա հետ էլ համագործակցելու ենք, կապ չունի ոչ անունը, ոչ գույնը»։ Բաբայանը անդրադաձել է նաև հունիսի 12-ին ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերիների վերադարձի թեմային՝ նշելով, որ այս պարագայում նաև քաղաքական խնդիրներ կան։ «Վատը նա է, որ մարդկանց ճակատագիրը նման առևտրի առարկա են դարձնում։ Հիմա պետք է Իրանը փորձի ինչ-որ գերի բերի, հետո ֆրանսիացիները պետք է անեն, հետո Ռուսաստանը պետք է հասկանա, որ Ալիևը  իրենց արհամարհում է, հետո իրենք փորձեն խնդիրները լուծել։ Սա դժբախտություն է»։
13:12 - 15 հունիսի, 2021
Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

Գորգիսյանը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտի խնդիրները լուծելու ԼՀԿ-ի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում նախատեսում է գյուղատնտեսական ոլորտում էական փոփոխություններ կատարել՝ գյուղացուն զերծ պահելով հնարավոր բոլոր ռիսկերից: Այս մասին ասացին կուսակցության ընտրական ցուցակի անդամները: Քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումից ԼՀԿ-ն նկատել է՝ մարդկանց համար լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ անվտանգությունն ու տնտեսական հարցերը: Անի Սամսոնյանն ասաց, որ մարզերում մարդիկ հիմնականում բողոքում են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներից, նրանք բողոքում են, որ չկա Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք այնքան պայքար էինք մղում, որ չփակեն նախարարությունը: Հիմա բոլորը խոսում են նախարարությունը բացելու մասին: Այն ժամանակ, երբ մենք խորհրդարանում կռիվ էինք տալիս, ոչ մեկը չէր մտածում աջակցել ԼՀԿ-ին»,- ասաց Սամսոնյանն ու հավելեց, որ գյուղացիները բողոքում են, որ բերքը ցանելու, շուկայում իրացնելու խնդիրներ կան: Գևորգ Գորգիսյանն ակտիվորեն ներգրավված է եղել ԼՀԿ-ի՝ գյուղատնտեսական ծրագրերը մշակելու գործում: Նա ներկայացրեց կուսակցության տեսլականը՝ գյուղատնտեսական խնդիրների, գյուացու խնդիրների լուծման համար:  «Հիմա, փաստացի, գյուղացու վրա է մնացել ամբողջ բեռը՝ ուսումնասիրել շուկան, հասկանալ, թե ինչի պահանջարկ կա, ինչ սերմացու, ինչ պարարտանյութ ընտրել, ինչպես հավաքել, ինչպես իրացնել: Դա մի մարդը, նույնիսկ մի ֆերման չի կարող անել: Եվ մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծել կառույց, համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ, գյուղացուն մնալու է միայն ցանել, հավաքել, իրացումն իրականացնելու է այդ կազմակերպությունը, համակարգը»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց՝ գյուղացուն զերծ են պահելու բոլոր հնարավոր ռիսկերից: Դավիթ Խաժակյանն էլ խոսելով կուսակցության շանսերից՝ նշեց, որ իրենք բարձր են գնահատում ԼՀԿ-ի շանսերը: «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ եթե մի կողմ դնենք նախկին և ներկա իշխանություններին, ապա միակ այլընտրանքի հնարավորությունը «Լուսավոր Հայաստանն է»,- ասաց նա:
12:45 - 15 հունիսի, 2021
Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Այս ընտրությունները արվում են ոչ թե ճգնաժամի հաղթահարման համար, այլ ունենք վերնախավերի պատերազմ․ Տիգրան Պասկևիչյան

Արտահերթ ընտրությունները  ծրագրվեցին և հիմա իրականացվում են, որպեսզի վերացնեին 44 օրյա պատերազմից հետո  ստեղծված ճգնաժամը, բայց այս ամբողջ ընթացքը  ցույց է տալիս, որ ոչ միայն չեն վերացնելու, այլև ավելի խորացնում են, որովհետև պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամը նախ և առաջ բոլոր կողմերը վերլուծեին դրա ապատճառները, պետք է հասկանային, թե ինչու հնարավոր եղավ այդ պատերազը, ինչու սկսվեց, ինչու այդ ընթացքն ունեցավ։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավորի թեկնածու Տիգրան Պասկևիչյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ այսօր պետք է շատ  լուրջ վերլուծությւոնների ժամանակաշրջան լիներ Հայաստանում, բայց տեսնում ենք, որ դա այդպես չէ, որ  այս արտահերթ ընտրությունները կողմերը փորձում են օգտագործել ինքնահաստատվելու, սեփական հավակնությունները  դրսևորելու և առաջ տանելու համար։ Պասկևիչյանի կարծիքով դա էլ առաջացնում է այս խոսույթը, եթե չկա լուրջ խոսակցություն, ուրեմն կա հայհոյանք, փոխադարձ մեղադրանք, ընդհուպ սեռական բնույթի արտահայտություններ։ Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից քաղաքական գործիչների՝ ատելության խոսք տարածելու մասին ելույթների վերատառությամբ հոդվածներին, Պասկևիչյանը շեշտեց, որ լրատվամիջոցների մեծ մասը այնպես չեն անում, որ Հայաստանում լուրջ քննարկում տեղի ունենա, դրանց մեծ մասը միշտ գնում է իրադարձությունների հետևից, միշտ փնտրում են «լայք» բերող թեմաներ և իրավիճակներ։ «Մի առիթով ասել եմ և հիմա նորից կրկնեմ, որ այս ատելությունը իր հետ բերեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը։ Այդ հեղափոխությունը չնայած ուներ մեծ լոզունգներ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց ըստ էության առաջին օրերից ատելության խոսք գեներացնող երևույթ էր։ Մենք շատ լավ հիշում ենք, այդ ժամանակներում հանարպետականների տների վրա գնալը, այդ սև պաստառները, դագաղներ, ծաղկեպսակներ և այլն։ Ատելությունը այնպիսի բան է, որ ինքն իրեն վերարտադրվում է, դու ասում ես ատելության խոսք, դիմացինդ էլ է ասում։ Դիմացինդ էլ այնքան կիրթ ու հասուն  չէր, որ ատելությամբ չպատասխանի։ Որպեսզի այս ատելության մթնոլորտը վերանա, կարծում եմ, որ իշխանութունից պետք է հեռանան, կամ իշխանությանը մոտ չգան բոլոր այն ուժերը, որոնք ստեղծում են դա, և՛ ներկայիս իշխանությունն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է,  և՛ այսպես ասած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը նախկին հանրապետականներն են։ Դրանք պետք է չլինեն, որպեսզի սա չլինի։ Նրանք, եթե եղան խորհրդարանում այդ ամբողջ խոսույթը տեղափոխվելու է խորհրդարանի դահլիճ»,- ասաց Պասկևիչկանը։ Պատգամավորի թեկնածուն նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը այնքան ստրատեգ կամ խորաթափանց գործիչ չէր, որ 2018 թվականի ամռանը կամ 2019-ին մտածեր, թե ոնց Ռոբերտ Քոչարյանին  բերի ասպարեզ, պարզապես նա արեց հիմար քայլեր և դրանց արդյունքում Քոչարյանը վերածնվեց։ Պասկևիչյանը հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի վերածննդի հեղինակն է։ Նա պարզապես վերածնեց Քոչարյանին, անհեռանկար, պոպուլիստական քայլեր անելով։ Այս ընտրությունները ոչ թե արվում են ճգնաժամի հաղթահարման համար, այլ  ունենք վերնախավերի պատերազմ, եթե կոպիտ ասեմ՝ հայաստանյան և  ղարաբաղյան վերանախավերը այս պահին պատերազմի մեջ են։ Սա վերնախավերի պատերազմ է, և այդ երեք նախագահների կոչը, որն արեց Տեր- Պետրոսյանը, առաջին հերթին այս պատերազմը կանխելու համար էր։ Ինչ էր ասում, ասում էր՝ մենք այս պատերազմի մարդիկն ենք, բոլոր երեք նախագահներս  և Նիկոլ Փաշինյանը, պատերազմը ինչ-որ կերպ ավարտվել է, ցավոք սրտի մեզ համար վատ ելքով, մենք բոլորս դուրս գանք և հնարվորություն տանք նոր ուժերի ստեղծել տեխնոկրատների կառավարություն և երկիրը հանել այս իրավիճակից»։ Պասկևիչյանը նշեց, որ եթե նույնիսկ եթե կողմերից որևէ մեկին հաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել, միևնույնն է այս լարվածությունը վերջ չի ունենալու։ Նրա կարծիքով  պետք է նորից սպասենք արտահերթ ընտրությունների: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք պոպուլիստական քայլ էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատրաստ է իր որդուն գերի հանձնել Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի պայմանով։ Պասկևիչյանը պատասխանեց․ «Եթե իր որդուն գերիների դիմաց փոխանակելու հայտարարությունը պոպուլիստական քայլ չէր, ապա Փաշինյանը տասը րոպե չպետք  է մնա իշխանության ղեկի մոտ, եթե դա քաղաքական գործչի մտածված քայլ էր։ Չկա միջազգային հարաբերությւոնների այդպիսի մեխանիզմ, որ դու տանես քո որդուն հանձնես դրա դիմաց ինչ-որ բան ստանաս։ Ժամանակակից աշխարհում նման բան չկա, եթե մարդը դա չգիտի, ապա  տասը րոպե ավել չպետք է մնա իշխանության ղեկին, իսկ եթե գիտի և ասում է, ուրեմն խայտառակագույն պոպուլիզմ է»,- շեշտեց Պասկևիչյանը, հավելելով, որ իր կարծիքով ընտրություններից հետո շատ անհաջող խորհրդարան ենք ունենալու։         
12:40 - 15 հունիսի, 2021
Ուրիխանյանը հայտնում է, որ չի մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին

Ուրիխանյանը հայտնում է, որ չի մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին

Հ1-ի բանավեճին չեմ մասնակցելու։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։ «Հանրային ՀԸ-ի կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ թեկնածուների ինձ չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը չեմ մասնակցելու նշյալ հեռուստաբանավեճին»,- գրել է Ուրիխանյանը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ իրենց նախաձեռնությամբ ծավալված քննարկումների արդյունքում ընտրություններին մասնակցող10 քաղաքական ուժեր համաձայնության են եկել հայտարարության բովանդակության շուրջ՝ ըստ որի չեն մասնակցելու Հանրային ՀԸ-ի կազմակերպած նախընտրական բանավեճին։ «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը երեկ հայտարարել էր, թե «Հանրային ՀԸ-ից զանգ է եկել (նախընտրական բանավեճը - խմբ․) բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային ՀԸ համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով»։
12:35 - 15 հունիսի, 2021
«Վերելք» կուսակցությունն ակնկալում է ստանալ դեռևս չկողմնորոշված ընտրողների ձայները |armenpress.am|

«Վերելք» կուսակցությունն ակնկալում է ստանալ դեռևս չկողմնորոշված ընտրողների ձայները |armenpress.am|

armenpress.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Վերելք» կուսակցությունն ակնկալում է, որ իրեն ձայն տվողները լինելու են դեռևս չկողմնորոշված մարդիկ: Այսպիսով կուսակցությունը փորձելու է նախընտրական քարոզարշավում համոզել հենց այն մարդկանց, որոնք դեռևս չգիտեն, թե ում ընտրել: Այս մասին ասուլիսում ասաց «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը: «Վերելք» կուսակցությունը ստեղծվել է 2 ամիս առաջ: Մինասյանը ներկայացրեց կուսակցության ստեղծման և ընտրություններին հայտ ներկայացնելու պատճառը: «Մենք հիմքում ունեինք «Ժայռ» հասարակական երիտասարդական կազմակերպությունը, երիտասարդները խնդրեցին, անգամ պարտադրեցին, որ մենք մասնակցենք: Մուծման գումարն իրենք են տվել: Հնարավոր չէ անվտանգային այս պայմաններում ապրել, մարդը պետք է ապահով ապրի: Այստեղ այդ ապահովությունը, կարծես թե, չկար: Եվ ես որպես զինվորական մարդ որոշեցի ունենալ իմ մասնակցությունը»,-ասաց Մինասյանը: Նրա խոսքով՝ Արցախի վերջին պատերազմում ավելի ակնհայտ է տեսել պետության բացթողումները: Նա պատերազմում տեսել է անհետևողականություն, բացթողումներ, ինչն էլ իրեն ստիպել է մասնակցել ընտրություններին: Մինասյանը խոսեց բանակի, պաշտպանական համակարգի փոփոխությունների մասին: Նա համոզված է, որ շատ մեծ փոփոխություններ պետք է լինեն: Բանակը լավ սպաներով համալրելու համար Մինասյանը կարևորեց նրանց սոցիալական վիճակի ապահովումը: «Մեր կարծիքով, պետք է փոխվի ամեն ինչ՝ տնտեսությունից սկսած մինչև կրթություն, դաստիարակություն»,- ասաց նա: Մինասյանի գնահատմամբ՝ կուսակցությունը ընտրություններում կանցնի 5 տոկոսի շեմը և կհայտնվի խորհրդարանում, սակայն անգամ խորհրդարան չանցնելուց էլ չեն վախենում, իրենք մասնակցում են և պարզապես ցանկանում, որ հայրենիքը վերելք ապրի իրենց կուսակցության անունով: «Իմ կարծիքով՝ մեզ ձայն տվողները կլինեն այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն: Իսկ որոնք կողմնորոշված են, արդեն ոչինչ չես փոխի: Բայց կան մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն, և փորձելու ենք նրանց համոզել, որ մասնակցեն ընտրություններին»,- ասաց նա:
12:18 - 15 հունիսի, 2021
«Պարտված ուժը ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»․ Փաշինյանը հայտնեց, որ փոխում են ՔՊ հանրահավաքի օրը

«Պարտված ուժը ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»․ Փաշինյանը հայտնեց, որ փոխում են ՔՊ հանրահավաքի օրը

Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է․ սահմանային կետերի երկայնքով պիտի տեղակայվեն ռուս սահմանապահներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք  է տեղի ունենան Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ։ «Այո, ես մտածում եմ և կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով (ադրբեջանական զորքի շարժ - խմբ․) փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պիտի հստակ քայլենք մեր երկիրը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով»,- նշեց նա։ Անդրադառնալով հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում ՔՊ անցկացվելիք հանրահավաքին՝ Փաշինյանը նշեց, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։ «Մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում։ Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որ արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Սա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 18-ին ինքը ուղիղ զրույց և խոսակցություն կունենա ՀՀ ժողովրդի հետ։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավ անելու մասին հայտարարել էին ՔՊ կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Նշյալ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել էր․ «Երևանի քաղաքապետարանին դիմումով ներկայացրել էինք հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում մինչև ժամը 21:00 հանրային հավաք անցկացնելու դիմում, սակայն քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին: Դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»։
11:45 - 15 հունիսի, 2021