#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

«Ուսանողները ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է դուրս մնան բուհերից». Գագիկ Ծառուկյան |hetq.am|

hetq.am: Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը հունիսի 15-ին կայացավ Գյումրիում։  Քարոզարշավի ընթացքում խոսելով ուսանողների մասին՝ Ծառուկյանը նշեց, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները հաճախ դուրս են մնում համալսարաններից ուսման վարձը չվճարելու պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ամենը բացասական կարող է ազդել սովորողի հոգեբանության վրա։ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ պետությունը ուսանողների հետ պայմանագիր կապի, ըստ որի՝ ուսման վարձը վճարում է պետությունը, առանց որևէ տոկոսների, ավարտելուց հետո պետությունը ուսանողին ապահովում է աշխատանքով, ուսանողն աշխատանքի ընթացքում, ստացած աշխատավարձից որոշակի տոկոսներ վճարելով փակում է ուսման վարձը։  Ծառուկյանը նկատեց, որ եվրոպական երկրների մեծամասնությունն աշխատում են հետևյալ սկզբունքով ու պետք է վարձավճարի հնարավորություն չունեցող ուսանողներին հնարավորություն տալ օգտվել որոշակի արտոնություններից։
20:10 - 15 հունիսի, 2021
Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին |armenpress.am|

Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իր ղեկավարած դաշինքը կարողանալու է երկիրն արագ քայլերով առաջ տանել: Այս մասին նա խոսեց Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Լսելով հավաքված քաղաքացիներին և պատասխանելով նրանց բարձրացրած հարցադրումներին՝  նա խոսեց գյուղատնտեսական ոլորտում իրենց անելիքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձավ ոռոգման խնդիրներին՝  հայտարարելով, որ երեք տարով փոխելու են սուբսիդավորման մակարդակը: «Հաշվարկը դեռ վերջնականացված չէ, բայց կարծում եմ երեք տարով դուք սիմվոլիկ գումարներ եք ունենալու ոռոգման համար: Գիտեմ, որ շատերն են վարկերի տակ, այս տնտեսական անկումը բերեց անհամաչափության, վարկավորման փաթեթի աճի, ֆինանսական այդ ծանրության տակից դժվար է դուրս գալ առանց աջակցության»,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով սպորտի զարգացմանը՝  նա տարանջատեց մեծ սպորտը և մասսայական սպորտը: «Չունենանք մասսայական սպորտ, չենք ունենալու նաև մեծ սպորտ: Մի սպորտաձևով առնվազն 8-10 հազար երեխա պետք է պարապի, որպեսզի մեծ սպորտի համար կարողանաս առաջ տանել մի քանիսին: Մեկը սնում է մյուսին, չես կարող միայն մեկ սպորտ դպրոց կառուցել՝ մտածելով, որ հաջողություն ես ունենալու: Իսկ մասսայական սպորտը ժողովրդի առողջությունն է»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը: Քոչարյանը կրկնեց, որ իրենք են այն քաղաքական ուժը, որն ունի փորձ, վճռականություն, գիտելիք և կամք: «Եթե վստահեք մեզ, մենք կկոտրենք այս անկումային տրամադրությունները և առաջ կքայլենք արագ տեմպերով: Վստահ եմ: Հակառակ դեպքում, ես այս բեռի տակ չէի մտնի: Մենք արդարացնելու ենք ձեր վստահությունը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
19:42 - 15 հունիսի, 2021
«Անկախ դիտորդը» ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել

«Անկախ դիտորդը» ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Անկախ դիտորդը» երեկ և այսօր հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով՝1. Լոռվա մարզի Գյուլագարակ և Օձուն համայնքների ղեկավարների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն և վարչական ռեսուրս չարաշահելուն (ՔՕ հոդվածներ 149.1 և 154.2),2. Արարատի մարզի Մասիս քաղաքում փոխքաղաքապետի ու ոստիկանության օպեր.լիազորի կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք խոստանալուն (ՔՕ հոդված 154.2),3. Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի հանրակացարանների աշխատակիցների ու «Հայաստան» դաշինքի շտաբի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չքվեարկելու   (քվեաթերթիկը հանելու) համար ընտրակաշառք տալուն (ՔՕ հոդվածներ 154 և 154.2),4. Երևան քաղաքի Խորենացու փողոցի վրա համատիրության աշխատակիցների կողմից «Հայաստան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն (ՔՕ հոդված 154.2),5. Երևան քաղաքի 15-րդ թաղամասում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողների կոմունալները վճարելուն (ՔՕ հոդված 154.2):«Անկախ դիտորդը» շարունակում է ուժերի ներածին չափով պայքարել ընտրական հանցագործությունների դեմ»:
18:02 - 15 հունիսի, 2021
Մեղավոր ենք դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ․ ՀՅԴ–ականների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին |tert.am|

Մեղավոր ենք դաշնակցականներս, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ․ ՀՅԴ–ականների արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին |tert.am|

tert.am: Խոսելով հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելուց՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հարևանիդ չես ընտրում և ունես այն, ինչ ունես։ «Ես չեմ հավատում, որ հնարավոր է արժանապատիվ հարաբերություններ ունենալ ծնկաչոք վիճակում, դա հնարավոր չէ։ Դու պետք է առաջինը ոտքի կանգնես, ամրանաս, որից հետո խոսես արժանապատիվ հարաբերությունների մասին»,– ասաց նա։Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի կողմնակիցներ, իր հանրահավաքներին մարդիկ գալիս են։ «Երբ ինքն այդ խաղալիք մուրճ օդում տատանում է, ինչ–որ մարդիկ ոգևորվում են։ Մեր երկրի առաջին դեմքի մոտ նույնիսկ միջնադարից առաջվա վարքագծի դրսևորում է»,–ասաց նա և նշեց, որ դա վայրի ցեղերի մտածողություն է։ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև քաղաքացիների նկատմամբ ճնշումներին և նշեց, որ աշխատանքից ազատման տարբեր դեպքեր են եղել։ «Բոլոր այդ մարդիկ վերականգնվելու են, ստանալու են կոմպենսացիաներ այն կորուստների դիմաց, որոնք ունեցել են։ Իսկ այն մարդիկ, որոնք հրամաններ են ստորագրել ապօրինի ազատման, պատժվելու են»,–ասաց նա։
17:57 - 15 հունիսի, 2021
Հայաստանի վատթարագույն անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ․ Հայկ Սուքիասյան

Հայաստանի վատթարագույն անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ․ Հայկ Սուքիասյան

Մենք ամեն անգամ նորից պետք է վերլուծենք, թե ինչ իրադրության պայմաններում ենք, որպեսզի հասկանանք, թե ընտրությունը ում օգտին կամ ինչի օգտին պետք է անենք։ Այս մասին Աբովյան քաղաքում «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանը։ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի վատթարագույն անցյալը, կողոպտված անցյալը իր դերակատարներով մոբիլիզացել է պետության դեմ։ «Ոչ թե որ իրենք պարզապես  խորհրդարանում տեղ ունենան, ընտրություններում ձայն հավաքեն, ոչ, իրենց նպատակը բացարձակ այլ է, իրենք գրոհելու են պետության դեմ։ Եվ այստեղ Հայաստանի երեք նախագահները համախոհ են»։ Նա նշեց, որ Հայաստանի երեք նախագահները համախոհ են պետության ունեզրկման, պետության չգոյության հարցում։ «Հետևապես սա մենք պիտի լավ հասկանանք, որպեսզի մեր ընտրության հարցում լինենք օբյեկտիվ և իմաստավորված։ Եվ այսօր այդ կողոպտված անցյալի դերակատարները Հայաստանի չգոյությունը երազողները կազմակերպված ձևով գրոհել են և գրոհում են ամբողջ արսենալով»։ Նա նաև նշեց, որ անցյալը Հայաստանում չպետք է դերակատարություն ունենա։ «Եթե սրանք նույնիսկ նվազագույն դերակատարություն ունեցան, իմացեք՝ Հայաստանի կյանքի և ապագայի հարցը դրվում է օրակարգում։ Բայց քանի որ Հայաստանը ունի ապագա, և շատ ավելի լավ ապագա, քան մենք երբևէ ունեցել ենք, հետևաբար մեր ընտրությունը և մեր հայացքը պետք է ուղղվի Հայաստանի այն քաղաքական դերակատարների ուղղությամբ, որոնք ձեզ խոստանում են սուվերեն Հայաստան»։ Նա նաև հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունից անգամ մեկ սանտիմետր հետքայլը անընդունելի է։ «Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը սրբազան բան է, դրանից մեկ սանիմետր հետքայլը անընդունելի է, և մենք վստահեցնում ենք, որ այս պարագայում դուք կունենանք վստահություն, որ Հայաստանում ամեն բան լավ է լինելու»։
17:42 - 15 հունիսի, 2021
Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար

Հայաստանում խաղատների աշխատանքը պետք է լինի միայն դրսի շուկայի համար։ Այս մասին տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ասել է «Միասնական հայրենիք կուսակցության» նախագահ Մհեր Տերտերյանը։  Իր խոսքում Տերտերյանը մասնավորապես ասաց․ «Խոշոր խաղատերի հարցը տարիներ առաջ որոշակիորեն լուծվել է՝ դրանք տեղափոխվել են քաղաքից դուրս, բայց քանի որ պահանջարկ կա, առաջարկն ամբողջությամբ տեղափոխվել է օնլայն դաշտ։ Ես որպես նախկինում բիզնեսի հետ առնչություն ունեցող մարդ ձեռք եմ բերել համոզմունք, որ բիզնեսի նման ոլորտները ոչ մի կերպ չեն լավացնում սոցիալական վիճակը, այլ հակառակ նպաստում են դրա վատացմանը։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստանում նման գործունեությունը պետք է արգելենք, մեկ բացառությամբ, որ այդ բիզնեսի ներկայացուցիչները, գործակալությունները  կարողանան իրենց աշխատանքն ուղղել արտաքին շուկայի վրա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ապահովել աշխատանքային տեղերը, այսինքն չեն դառնա գործազուրկ, իսկ այդ ոլորտում աշխատում են շատ մարդիկ և ստանում են բավական բարձր աշխատավարձ, բայց այս ամենի արդյունքում ընտանիքներ են քանդվում։ Մարդը, ով գնում է գրավատուն, խաբուսիկ տպավորություն է ստեղծում, թե ինքը դրանով հարց է լուծելու, բայց հեռանկարային առումով դա մեր երկրի համար մեծ հարված է»։ 
17:13 - 15 հունիսի, 2021
Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ

Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ

Արդարադատության նախարարությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է» և «Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին» վերտառությամբ երկու հոդվածների վերաբերյալ ստացված հարցումների, պարզաբանում է․ «ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ֆրիդոն Մեղրյանը 12․06․2021 թվականին դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին՝ իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ իրեն հորդորում են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ իր հայրը ներգրավված է գործող իշխանությունների դեմ «ակտիվ նախընտրական պայքարի մեջ»։ Դիմումին ընթացք չի տրվել։ Զանգվածային լրատվության միջոցներում և Ֆ․Մեղրյանի դիմումում նշված վերոգրյալ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի կողմից 15․06․2021 թվականին նշանակվել է ծառայողական քննություն՝ պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ։ Միաժամանակ, նկատի ունենալով ենթակայական հարաբերությունները, որոնց պայմաններում կարող է խոչընդոտվել ծառայողական քննության անցկացումը, ՀԿԱԾ Կոտայքի մարզային բաժնի պետի լիազորությունները ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են»։
17:10 - 15 հունիսի, 2021
Ընտրակաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի. կալանավորման միջնորդություն է ներկայացվել

Ընտրակաշառք առաջարկելու և տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի. կալանավորման միջնորդություն է ներկայացվել

Նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք: Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, հունիսի 14-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:49 - 15 հունիսի, 2021
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մեկնաբանել է Երեւան-Կապան մայրուղում տեղի ունեցած միջադեպը

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մեկնաբանել է Երեւան-Կապան մայրուղում տեղի ունեցած միջադեպը

Ժամեր առաջ «5165» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր, թե տեղի ունեցածը բացահատ վրայերթի փորձ է։ Ըստ Գրիգորյանի վարչապետի պաշտոնակատարի անվտանգությունը ապահովվում է այլոց հաշվին։  Փաշինյանի ավտոշարասյունը գրեթե հարվածել էր «5165» շարժման առաջնորդի ավտոմեքենային: «Մենք բառացիորեն հրաշքով ենք փրկվել։Նշեմ, որ մեր ավտոմեքենայի մեջ էր 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Նման վարք երբևէ չեմ տեսել... »,- գրել է Գրիգորյանը։  Ավելի ուշ միջադեպը մեկնաբանել է նաև կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը։ Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև․ «Մենք քիչ առաջ վերադառնում էինք Սյունիքի մարզից և ճանապարհին հանդիպեցինք Սյունիք մեկնող վարչապետի պաշտոնակատար,այժմ նաև թեկնածու Նիկոլ Փաշինյանի շարասյանը, որին մասնակցում էին հարյուրավոր մեքենաներ, որոնց նա իր հետ տանում էր Սյունիք՝ հավաքներ կազմակերպելու համար։ Բայց ամենասարսափելի տեսարանը եղավ, երբ մենք հանդիպակաց դուրս եկանք արդեն նրա մոտեցող շարասյանը, ոստիկանական մեքենաները, որոնք առջևից գնում էին ուղղակի ամենացինիկ պահվածքով  քշում էին եկող մեքենաների վրա, որոնցից մեկն էլ մերն էր, խախտելով ճանապարահային երթևեկության կանոնները, ուղղակի դուրս գալով հանդիպակաց երթևեկելի հատված՝ վտանգելով քաղաքացիների կյանքը։ Մենք պարզապես հրաշքով փրկվեցինք, կարող էինք ուղղակի բախվել։ Ապշեցուցիչ էր այս պահվածքը, նախ մենք պատրաստվում ենք դատի տալ, և երկրորդը մանրամասնորեն հետաքրքրվել և հանրությանը ներկայացնել՝ արդյո՞ք կա նման իրավունք, որ վարչապետի պաշտոնակատարին, այժմ թեկնածուին ուղեկցեն նախ այդքան պետական ծառայության մեքենաներ, դրսևորեն նման վարք, վտանգեն սեփական երկրի քաղաքացիների կյանքը, որին իրենք կոչված են ի պաշտոնե պաշտպանելու։ Հետևանքների մասին կտեղեկացնենք բոլորին։
16:45 - 15 հունիսի, 2021
Մրցունակ եմ Քոչարյանի և Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանգիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին |armtimes.com|

Մրցունակ եմ Քոչարյանի և Փաշինյանի հետ. Անդրիաս Ղուկասյանը՝ Ֆրանսիայի հետ պայմանգիր կնքելու, Ռուսաստանից անջատվելու մասին |armtimes.com|

armtimes.com: «Ազատ Հայրենիք» դաշինքը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 5 կուսակցությունների հետ դաշինքով: Այդ կուսակցություններն են «Հայ կառուցողական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Հայաստանի կանաչների կուսակցությունը», «Հայաստանի պահպանողական» ու «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցությունները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում դաշինքի անդամները եղել են Երևանի արդեն 21 քաղաքներում, ինչպես նաև այցելություններ են ունեցել Հայաստանի տարբեր մարզեր: Քաղաքացիների հետ երկխոսության, հարց ու պատասխանի, պարզաբանումների միջոցով նրանք ներկայացնում են իրենց դաշինքի ծրագրերն ու անելիքները: Դաշինքը գլխավորում է Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: Երկրորդ համարը Անդրիաս Ղուկասյանն է, որն էլ դաշինքի վարչապետի թեկնածուն է: - Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս որոշեցիք մասնակցել հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին և հանդես գալ դաշինքով: Ինչպե՞ս որոշվեց, որ դաշինքում վարչապետի թեկնածուն դուք պետք է լինեք: Որո՞նք են այն երեք կարևորագույն հարցերը, որ ձեր դաշինքն առաջինն է ուշադրություն դարձնելու: - Մենք դեռ դեկտեմբեր ամսից մի շարք քաղաքական նախաձեռնություններով էինք հանդես եկել: Նախընտրական փուլում որոշեցինք միավորել մեր ուժերը, որովհետև տեսնում ենք՝ Հայաստանը կարիք ունի իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն՝ հիմնվելով իր ինքնիշխանության վրա: Իմ թեկնածությունը ընտրվեց, որովհետև իմ գործընկերները համարեցին, որ ես համապատասխանում եմ վարչապետի այդ չափանիշներին, մրցունակ եմ և՛ Նիկոլ Փաշինյանի և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև մեր նպատակն է պայքարել երկրորդ փուլ անցնելու համար: Մեր կարծիքով՝ առաջին փուլով այս ընտրությունները չեն կարող ավարտվել, ոչ մի քաղաքական ուժ չի կարող հավաքել անհրաժեշտ ձայները: Մեր կարևորագույն հարցն է մինչև այս տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր՝ հայկական բանակի վերազինման, վերապատրաստման համար: Տնտեսական ոլորտում հնարավորություններ կան Հայաստան բերել խոշոր միջազգային ներդրումներ: Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում բարձրացնել Արցախի ճանաչման հարցը, ինչը բեկումնային փոփոխություն կմտցնի Արցախի կարգավիճակի շուրջ: Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է վերադառնա Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համագործակցությանը: Մենք գտնում ենք, որ թե՛ ԵԱՀԿ-ի, թե՛ ՄԱԿ-ի հարթակում Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի և արձանագրվի, որ Թուրքիան և Ադրբեջանը խախտել են միջազգային կարևորագույն սկզբունքները: Մեր դաշինքում առկա կուսակցությունները և նրանց առաջնորդները կախում չունեն ո՛չ Մոսկվայից, ո՛չ հայկական օլիգարխիայից, դրա համար ի վիճակի են հօգուտ հայ ժողովրդի իրականացնել այդ քաղաքականությունը: - Այսինքն՝ այն կարծիքին եք, որ Հայաստանը պետք է անջատվի Ռուսաստանից և համագործակցի եվրոպական երկրների հետ: Չեք կարծո՞ւմ, որ ԵԱՀԿ-ն ուժը կորցրած կազմակերպություն է: - Մենք գտնում ենք, որ Հայաստանը ունի Եվրամիության հետ համապարփակ և համագործակցության՝ արդեն իսկ ուժի մեջ մտած համաձայնագիր, որի պահանջն է հայկական ազգային օրենսդրությունը բերել եվրոպական չափանիշների: ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը չի գործում. ռուսական զորախումբը պետք է արդեն գտնվեր հայկական ռազմական հրամանատարության ներքո, որովհետև ադրբեջանական զինվորները գտնվում են Հայաստանի տարածքում: 2022 թ.-ին լրանում է ռուս-հայկական պայմանագիրը՝ կապված ռուսական զորախմբի հետ, նույն թվականին լրանում է օդային պաշտպանության համատեղ պայմանագիրը: 2024 թ.-ին լրանում է ՀԱՊԿ-ում մեր անդամակցության պայմանագիրը: Մենք անիմաստ ենք համարում այս պայմանագրերը շարունակելը, քանի որ ՀԱՊԿ-ից անհրաժեշտ օգնություն չստացանք: Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ շահեր ունեն տարածաշրջանում, այդ շահերը հակասում են մեր ազգային շահերին, ուստի գտնում ենք, որ դրա համար ՀՀ-ն պետք է միջազգային կոալիցիա ձևավորելու քայլեր ձեռնարկի: Պետք է սթափ գնահատել. ՌԴ-ի շահերը ՀՀ-ի շահերի հետ չեն համընկնում:   - Կարծում եք՝ Ռուսաստանը նաև խոչընդոտո՞ւմ է մեր ինքնիշխանությանը: - Այսօր ՌԴ-ին իր պետական շահերը թելադրում են դաշինք կազմել Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թուրքիան ռազմավարական գործընկեր է ՌԴ-ի համար: ՌԴ-ի և Եվրոպայի հարաբերություններում օր օրի աճում է ճգնաժամը: Եվրոպան ՌԴ-ից սպառնալիք է տեսնում իր անվտանգության համար և համապատասխան քայլեր է ձեռնարկում: ՌԴ-ն կրկին Թուրքիայի հետ իր համագործակցությունը ամրապնդելու համար մեր շահերը Արցախում զիջեց, որևէ քայլ չարեց Ադրբեջանին կարգի բերելու համար և շարունակում է նպաստել, որ այդ պատերազմը ավարտվի մեզ ոչ ձեռնտու պայմանագրով: Արևմուտքն արդեն իր ձեռքն է ուղղել Հայաստանին: Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի սենատը հանդես եկավ Արցախի ճանաչման օգտին բանաձևով, այնուհետև ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման օգտին:                                                                                                                     - Այդ բոլորը կանաչ ազդա՞կ են Հայաստանի համար, որպեսզի դիմենք Ֆրանսիային՝ դաշնակցային հարաբերություններ հաստատելու համար: Արդյոք դա չի՞ բերի ռուսական զորքերի Արցախից դուրս բերմանը: Եվ նաև ի՞նչ կասեք ռուսական ռազմաբազայի մասին: - Ակնհայտ է, որ Ֆրանսիան անմիջապես կընդունի առաջարկը, քանի որ արդեն ցուցաբերել է քաղաքական իր դիրքորոշումը: Այսօր գնդակը գտնվում է ՀՀ-ի ձեռքում: Հայաստանը պետք է քայլ անի: Ֆրանսիան այն ամենանպաստավոր երկիրն է, որի օժանդակությունը էական դեր կխաղա մեր բանակը եվրոպական չափանիշներով վերապատրաստելու համար: Մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները կհաջողվեն մեր դաշինքի հաղթանակի դեպքում: Դա չի հակասում ՀԱՊԿ-ում մեր ունեցած պարտավորություններին: Չկա որևէ ակնարկ, որ ռուսական զորքերը ուզում են դուրս գալ Արցախից: Ռուսական ռազմաբազայի հետ մեր պայմանագիրը ավարտվելու է 2042 թ.-ին: Եթե Հայաստանը ընտրում է ուղի, որ սեփական ուժերով պետք է պաշտպանի մեր երկիրը, այդ դեպքում ռազմաբազայի տեղակայումը ՀՀ-ում դառնում է ՌԴ-ի որոշման հարցը: Եթե ՌԴ-ն գտնում է, որ իր անվտանգության տեսակետից ՀՀ-ում պետք է պահի զորքերը, ապա պետք է վճարի դրա համար: Մենք իրավունք ունենք վերանայել նաև պայմանագրի պայմանները: Տեղակայման այդ գործընթացը հիմա անհրաժեշտ է, որովհետև մայիսի 12-ից առ այսօր ադրբեջանական ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ առիթ չդարձավ, որ ռուսական զորքերը անցնեն մեր ռազմական ղեկավարության հրամանատարության ներքո, դա նշանակում է, որ իրենց ներկայությունը Հայաստանում մեր անվտանգության համար չէ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:35 - 15 հունիսի, 2021
Մեզ համար սկզբունքային ուղենիշը ազգային շահն է, որի շուրջ փորձելու ենք համախմբել ՀՀ-ի լավագույն և փորձառու ռեսուրսը․ Հովհաննես Ղազարյան

Մեզ համար սկզբունքային ուղենիշը ազգային շահն է, որի շուրջ փորձելու ենք համախմբել ՀՀ-ի լավագույն և փորձառու ռեսուրսը․ Հովհաննես Ղազարյան

Մեզ համար սկզբունքային ուղենիշը ազգային շահն է, որի շուրջ փորձելու ենք համախմբել Հայաստանի լավագույն և փորձառու ռեսուրսը՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության  համահիմնադիր Հովհաննես Ղազարյան։ Հովհաննես Ղազարյանը անդրադարձել է նաև Արցախյան խնդրի լուծման վերաբերյալ իրենց պատկերացումներին։ «Արցախի խնդրի հետ կապված առաջարկում ենք ինստիտուցիոնալ հարթակ, որը հնարավորություն կտա նախկին գլխավոր բանակցողներին ներգրավել որպես ինստիտուցիոնալ հիշողության կրող»։ Նրա խոսքով՝  պետք է ներգրավվել  խորհրդարանում ներկայացված ուժերի ղեկավարներին։ «Տարիներ շարունակ Արցախյան հարցը ներքին շահարկման առարկա է եղել, որպեսզի այս գայթակղությունը չլինի որևէ մեկի մոտ, մենք պետք է փորձենք կոնսեսուս ձևավորել այս հարցի շուրջ, և բոլոր այս ուժերը, որոնք պետականության պատասխանտուն են, իրենք պետք է տեղեկացված լինեն գործընթացից, իրենց ներդրումը ունենան և երբևէ սա չշահարկեն ներքաղաքական նպատակներով»։
16:24 - 15 հունիսի, 2021
Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում |armenpress.am|

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում առաջատար դիրքերում պայքարում է երկու ուժ՝ վստահեցնելով՝հենց իրենց ուժն է, որ ունի փորձ ու գիտելիքներ: Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը»,-ասաց Քոչարյանը: Նա առաջարկեց ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձել հասկանալ, թե որ թիմն իրենից ինչ է ներկայացնում: «Այս իշխանությունը  իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ….»,-ասաց Քոչարյանն ու իշխանությանը մեղադրեց նաև կոռուպցիոն գործարքների մեջ: Նա հավաստիացնում է, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, գալիս է երկիրը շենացնելու: Հավատացնելու համար, որ չեն ստում՝ Քոչարյանն առաջարկեց նայել իր կենսագրությունը, Դաշնակցության կենսագրությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրությունը: «Մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, չունենք մարդիկ, որոնց կարելի է ասել, որ սուտասան են, անբարոյական են և սադիստ են»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ունեն փորձ ու գիտելիքներ: Քոչարյանը խոսեց գործող իշխանության, տարբեր ոլորտներում նրա վարած քաղաքականության մասին: Նա հիշեցրեց վերջին 3 տարվա ընթացքում փոխված ԱԱԾ ղեկավարների թիվը՝ 5, ԳՇ պետերի թիվը՝ 4: «Մենք առաջարկում ենք մեզ և ասում, որ ի վիճակի ենք այս ամենը փոխել, երկրի վիճակը բարելավել և ձեզանից յուրաքանչյուրի կյանքի որակը լավացնել»,-վստահեցրեց Քոչարյանը: «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել»: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հունիսի 20-ի ընտրությունը որակեց վճռական, պատմական: «Դա սովորական և հերթական ընտրություն չէ, դա հայրենիք և պետություն ունենալու և չունենալու ընտրություն է»,-ասաց նա:
15:44 - 15 հունիսի, 2021