ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Այստեղ բոլորին անհանգստացնում է անվտանգության խնդիրը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

Այստեղ բոլորին անհանգստացնում է անվտանգության խնդիրը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սյունիքի մի շարք բնակավայրերի ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է մարզկենտրոն Կապան, քաղաքապետարանում հանդիպում ունեցել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանի, Նռնաձոր և Եղվարդ բնակավայրերի ղեկավարներ Ալեքսան Բոյաջյանի և Սպարտակ Զաքարյանի հետ։ Նախագահը նշել է, որ մարզային այցի ընթացքում եղել է սահմանամերձ մի շարք բնակավայրերում, հանդիպել բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել խնդիրներին, որոնք հիմնականում տարբեր, բայց ինչ-որ առումով նաև նույնատիպ են։ «Յուրաքանչյուր գյուղ, որ դարձել է սահմանամերձ, իր սեփական խնդիրներն ունի։ Կա գյուղ, որը կիսվել է, գյուղի կեսը մնացել է հակառակորդի կողմում։ Կան գյուղեր, որոնք ջեռուցման, ջրամատակարարման և այլ խնդիրներ ունեն։ Սակայն հիմնականում բոլորին անհանգստացնող մի շատ կարևոր խնդիր կա՝ անվտանգության խնդիրը։ Այն բոլորին է վերաբերում,-ասել է նախագահը: -Այդ խնդիրը շատ ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Անվտանգության խնդիրը հստակ պատկեր ունի՝ ադրբեջանցի զինվորներն են կամ նրանց դիրքերը, դրոշները կամ ցուցատախտակները։ Իրականում անվտանգության բացակայության խոր զգացողություն կա։ Եկել եմ այստեղ նախ և առաջ ձեզ լսելու, գյուղացիներին լսելու, տեսնելու, թե ինչով կարող եմ ես կամ նախագահի ինստիտուտն օգնել։ Անհատների կարծիքը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է համակարգված, ձևավորված կարծիքն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են և ղեկավարում են»։ Համայնքների ղեկավարները ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև իրենց տեսակետներն ու մոտեցումներն անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այցելել են նաև Կապանի օդանավակայան, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև օդանավակայանի գործարկման հետ կապված, այդ թվում՝ անվտանգության խնդիրներին։
12:29 - 21 ապրիլի, 2021
Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին. ՄԻՊ-ը՝ հայտարարության մասին

Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին. ՄԻՊ-ը՝ հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շարունակելով. Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում: Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով: Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին: Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ: Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում:
09:25 - 21 ապրիլի, 2021
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել . ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել . ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել: Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն  արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Կրակոցներից բացի, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական  զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը: Ֆիզիկական սնձեռնմխելիությունից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում ադրբեջանական զինվորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանության համար: Գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլն) բնակիչները այս անգամ ևս նշեցին, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը (որպես եկամտի աղբյուր), այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում: Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն աչքով գյուղացուն հողամասում աշխատելիս: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում: Ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն այդ վայրերից»,-ասված է գրառման մեջ:
21:52 - 20 ապրիլի, 2021
Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ ՀՀ նախագահը Գորիսում մի շարք հանդիպումներ է ունեցել

Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ ՀՀ նախագահը Գորիսում մի շարք հանդիպումներ է ունեցել

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ Սյունիք այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-ասել է նախագահը։ Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահություն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ -տնտեսական իրավիճակը։ Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Հանդիպմանը քննարկվել են նաև նախագահական ինստիտուտի կողմից խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները։ Պատասխանելով հնչած հարցերին և անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:
10:45 - 20 ապրիլի, 2021
Մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

Մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը Սյունիքում են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ մեկնարկել է ապրիլի 19-ին:  ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մի շարք հանդիպումներ են ունեցել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում: Նշվում է, որ առաջնային հարց է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որոնք ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելու պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ: Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից: Խնածախում բնակիչների հետ քննարկվել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքների, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցության հետ: Դիտարկվել է երեխաների իրավունքների հարցը, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց նրանց հաճախելու, նրանց կրթության հետ և այլն: Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս: Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի: ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:
10:20 - 20 ապրիլի, 2021
Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Ա. Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին

Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Ա. Թաթոյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին

Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ  տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրակսն վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների  պաշտպանության հարցերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ: Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։ Ուստի, հաշվի առնելով նշված միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` նրանց ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ հաստատության իրական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»,- գրել է ՄԻՊ-ը։
11:56 - 19 ապրիլի, 2021
ՄԻՊ-ն Ալիեւի վերջին ելույթների ռասիստական բնույթի վրա է հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը

ՄԻՊ-ն Ալիեւի վերջին ելույթների ռասիստական բնույթի վրա է հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթներին՝ դրանց ռասիստական բնույթի վրա հրավիրելով միջազգային կառույցների ուշադրությունը։ ՄԻՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հայերն ունեն խեղված  հոգեբանություն, նրանց  լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև: Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝ «(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»: «(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված:  Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն:  (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»: «Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»: Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, hայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում: Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք. Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.):
12:48 - 18 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով։ Այս մասինտեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ «Նախ, Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ստորագրել եմ ՀՀ դատախազությանն ուղղված հանցագործության վերաբերյալ հաղորդում: Խոսքը վերաբերում է ՀՀ-ում Կառավարություն և Ազգային ժողովում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ և 332.2-րդ հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու մասին: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր: Դրանից բացի, իրավապահ մարմիններին` Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանն ուղղված հաղորդումներով բարձրացրել եմ այն պաշտոնյաների հարցը, որոնք սոցիալական ցանցերում հրապարակումներ են անում, սակայն չեն հեռացնում դրանց ներքո ծավալվող՝ վիրավորանք ու ատելություն պարունակող, բռնությունն արդարացնող, խրախուսող կամ բռնության կոչ պարունակող գրառումները: Հարց եմ բարձրացրել նաև այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ նման պաշտոնյաների արարքները նույնպես պետք է դիտվեն ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության ներքո: Ցավոք, մեր երկրում կան պաշտոնյաներ, որոնք ձևախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ, չունեն հանրային պատասխանատվություն իրենց զբաղեցրած պետական պաշտոնի նկատմամբ և զբաղված են անօրինական արարքներ կատարելով: Խոսքն այն պաշտոն զբաղեցնող այն անձանց մասին է, որոնք իրենց սոցիալական ցանցերի գրառումներով տարածում են ատելություն, հայհոյում են մարդկանց, հրապարակայնորեն արդարացնում կամ խրախուսում են  բռնությունը: Սոցիալական ցանցերում լարվածությունը հասել է  վտանգավոր չափերի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը մեր հասարակությունում: Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա: Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի: ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի նկատմամբ: Այս հաղորդումներն ուղարկելը նաև պայմանավորված է նրանով, որ խոսքը գնում է պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող գրառումների մասին: Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ` չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտ ավելացնել մեր երկրում: Այս հարցերի նկատմամբ լինելու եմ հետևողական: Ուստի, Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը, յուրաքանչյուրին իր իրավասության սահմաններում ուղղվել են հարցադրումներ՝ հաշվի առնելով քրեական քաղաքականության իրականացման, իրավախախտումների, այդ թվում՝ հանցանքների նախականխման ու կանխման գործում նրանց կարևոր գործառույթները: Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն հանրային համերաշխության ու խաղաղության հաստատման համար, իրենք են պարտավոր բացառել բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք կամ ատելություն, առավել ևս այս արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։
12:29 - 17 ապրիլի, 2021
2020 թվականին ՄԻՊ-ին COVID-19-ի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք

2020 թվականին ՄԻՊ-ին COVID-19-ի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Ինչպես հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին. ∙ Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), ∙ Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ, ∙ հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում, ∙ սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ, ∙ պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ, ∙ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ, ∙ Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ, ∙ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ, ∙ վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն, ∙ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ, ∙ կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով, ∙ Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ, ∙ Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ, ∙ Ընտանիքների վերամիավորում և այլն:
11:05 - 16 ապրիլի, 2021
ՀՀ-ում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար․ ՄԻՊ

ՀՀ-ում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար․ ՄԻՊ

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է բնակչության համար անհրաժեշտ բուժօգնության տեսակի բացակայության և աշխարհագրական անհավասարակշիռ լուծումների տեսանկյունից։ Օրինակ՝ գյուղական բնակավայրերում մասնագիտացված բժիշկների, բժշկական սարքավորումների և պարագաների բացակայությամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր անել և բուժօգնություն ստանալ մարզկենտրոնում, հիմնականում՝ մայրաքաղաքում: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ առողջապահական ծառայությունների մատչելիությանը վերաբերող հարցերը` հատկապես բնակչության անապահով խմբերի համար, շարունակում են մնալ օրակարգային` չնայած նրան, որ պոլիկլինիկաներն անվճար են բոլորի համար: Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը: Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու դեպքում արժանանում են անտարբեր, երբեմն՝ կոպիտ վերաբերմունքի, ստանում անորակ բուժօգնություն. կա՛մ թանկարժեք դեղորայքի անհասանելիության, կա՛մ ուշադրության պակասի պատճառով: Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք նաև լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ: Օրինակ՝ կորոնավիրուսային վարակով և հաստատված թոքաբորբով պացիենտները իրազեկված չեն եղել դեղ ստանալու իրենց իրավունքի մասին: Օրինակ՝ բողոք ներկայացրած անձը տեղեկացրել է, որ ընտանիքի վարակակիր անդամների մոտ հաստատվել էր թոքաբորբ և նշանակվել դեղորայք: Մինչդեռ, վերջիններս չեն կարողացել գնել դեղերը ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դրանք անհրաժեշտ է ստանալ այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված են: Մեկ այլ բողոքով էլ դիմողը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հոր առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն անհարկի ձգձգվում է վերջինիս հոսպիտալացումը: Պաշտպանի ներկայացուցչին բժիշկը հավաստիացրել է, որ մի քանի օր անընդմեջ չի հաջողվել կապ հաստատել պացիենտների տեսակավորման՝ տրիաժ կենտրոն, հոսպիտալացումը կազմակերպելու նպատակով: Նշել է, որ դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել և հաղորդել պացիենտի տվյալները, այժմ էլ սպասում են ցուցումներին: Տրիաժ կենտրոնից էլ Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն են ներկայացրել ազատ մահճակալի բացակայության համակարգային խնդրի և հնարավոր հոսպիտալացման ոչ հստակ ժամկետների վերաբերյալ: Նմանատիպ բողոքների ուսումնասիրությունը վկայել է, որ հոսպիտալացումների կազմակերպումը համակարգված չի եղել, երբեմն ավելի ուշ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակով հիվանդները, քան մյուս հիվանդները, քանի որ վերջիններս ունեցել են առավել մեծ «հնարավորություններ»: Այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով:
12:01 - 15 ապրիլի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիությանը հորդորել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

ՀՀ ՄԻՊ-ը Եվրամիությանը հորդորել է կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար։ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Տեղեկությունը` կից տեսանյութով, նա հրապարակել է Facebook-ի իր էջում։ Թաթոյանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե: Նա ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: «Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,–ասել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում: Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը: Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Թաթոյանը կարծում է, որ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։ Քննարկման ընթացքում պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Տեղեկացվում է, որ քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը ևս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։
10:16 - 15 ապրիլի, 2021
Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) բաց նամակը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահին։ «Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավար Բրյուս Ադամսոնը  բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` նշելով, որ հատկապես մտահոգված է Հայաստանի կառավարության կողմից «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ: Այդ դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Բրյուս Ադամսոնն  ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հատկացվող ֆինանսական միջոցների նվազեցման արգելքի երաշխիքի վերացումը վտանգներ է ստեղծում հաստատության կողմից իր բոլոր լիազորությունների տիրույթում և, հատկապես, երեխաների իրավունքների ոլորտում իրականացվող հսկայածավալ աշխատանքների համար (այդ թվում՝ «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկում, երեխաների իրավունքների վերաբերյալ բողոքների քննարկում, երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններում բարբերական չսահմանափակված այցերի  կատարում, հատուկ հրապարակային զեկույցների պատրաստում, երեխաների իրավունքների հարցերով իրավասու մարմիններին առաջարկությունների ներկայացում, երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպում եւ միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքների մասնակցություն): Հաշվի առնելով  այն, որ  Պաշտպանը ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման ազգային մարմնին է՝ ցանցի ղեկավարն իր առանձնակի մտահոգությունն է հայտնել այն առումով, որ ինչ կանխատեսելի ազդեցություն կունենա այս հնարավոր կրճատումը երեխաների իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի իրականացման մշտադիտարկման մարմնի ֆինանսական և գործունեության կարողությունների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական կարողությունների կրճատումը կամ այդպիսի անկանխատեսելիությունը կարող է լուրջ վտանգներ ստեղծել Պաշտպանի կողմից իր ողջ ներուժը օգտագործելու և հաստատության գործունեության արդյունավետության տեսանկյունից: Բացի դրանից, առաջարկվող փոփոխությունների արդյունքում Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի կանոնադրության համաձայն՝ Պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել այդ միջազգային կազմակերպությունում լիիրավ անդամի կարգավիճակից: Հաշվի առնելով  Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի և Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ նամակում կոչ է արվել վերանայել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը։ Ծանոթագրություն. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի գործունեության նպատակն է ապահովել եւ նպաստել երեխայի իրավունքների պաշտպանությանը` ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ցանցի ասոցացված անդամ է եղել 2009 թվականից,  իսկ 2018 թվականից դարձել է լիիրավ անդամ, որը  հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:Ներկայացնում ենք նամակի  անգլերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։  Հ.Գ. Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ք. Ստրասբուրգ) ղեկավարը ՀՀ ազգային ժողովի նախագահին   բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով»:
18:19 - 14 ապրիլի, 2021
ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակի» ցուցադրությունների առնչությամբ

Պատրաստվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հայտարարությունն Ադրբեջանում բացված այսպես կոչված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը: «Այս պահին միայն արձանագրում ենք, որ տեղի ունեցածն ապացուցում է այն, ինչ մշտապես հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը. խաղաղասիրությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է` նախատեսված միջազգային հանրության համար»,- հայտնել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
19:48 - 12 ապրիլի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ և որոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը: «Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:
12:44 - 12 ապրիլի, 2021
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՀՀ ՄԻՊ

Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Ըստ օմբուդսմենի գրասենյակի՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից: Բացի դրանից՝ չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։ Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի  2020 թվականի հաղորդման մեջ: Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝ 1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով, 2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն:
11:32 - 12 ապրիլի, 2021