ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |factor.am|

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |factor.am|

factor.am: Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Ասլանյանը ձերբակալվել էր երեկ, նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:
12:05 - 16 դեկտեմբերի, 2021
2021 թ. սեպտեմբերին հարուցված գործով ձերբակալվել է Վանաձորի նախկին ղեկավարը

2021 թ. սեպտեմբերին հարուցված գործով ձերբակալվել է Վանաձորի նախկին ղեկավարը

2021 թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ.Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի։Այնուհետև, կազմվել և Մ.Ա.-ի կողմից ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:Դրանից հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700  ՀՀ դրամով օտարել է:Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-9 հասցեում գտնվող 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և իր կողմից կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հիշյալ հասցեներում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝  համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 ՀՀ դրամով այդ հողամասը ևս օտարել է:Ավելին, մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մ.Ա.-ն պարտավոր լինելով հետևել համայնքային հողատարածքների՝ նպատակային նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել չնախատեսված վայրում և այլ գործառնական նշանակության հողամասում գերեզմանների կառուցումը՝ չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի տիկնոջ մայր Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում  հուղարկավորություններ իրականացնելու նպատակով. այն դեպքում, երբ Լոռու մարզպետարանի կողմից Մ.Ա.-ն տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մ.Ա.-ի հանցավոր գործողությունների արդյունքում՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:28 - 15 դեկտեմբերի, 2021
2012-ից ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք, վնասել փաստաթղթեր. ՔԿ

2012-ից ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք, վնասել փաստաթղթեր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչի հետ նախնական համաձայնությամբ, անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք, ոչնչացրել է անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակները, ստուգման վերաբերյալ կազմված ակտում ներառել է կեղծ տեղեկություններ և հանձնել, ինչպես նաև ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից իրականացրած ստուգումների ընթացքում նշված մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր՝ 738.000 ՀՀ դրամ, որից հետո հիշյալ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող՝ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը և նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչը նախնական համաձայնության են եկել՝ վերոնշյալ անտառպետության անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. նոյեմբերի 18-ին տեսչության պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառքը՝ 500.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում նշված տեսչության վերոնշյալ բաժնի ավագ պետական տեսուչի հետ քննարկել և ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված հաշվեգնահատման ցուցակները: Տեսչության պետի տեղակալը կազմել է ստուգման ակտը, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ բնությանը պատճառված վնասի վերաբերյալ և հանձնել այն:  Բացի այդ, 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված և տեսչության պետի տեղակալի կողմից վերահսկվող ստուգումների արդյունքում  «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված  426 ծառ՝  բնությանը պատճառված ընդհանուր 9.595.000 դրամ վնասով: Դրանց իրական ծավալները թաքցնելու նպատակով, տեսչության պետի տեղակալի թողտվությամբ, ստուգումների ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներում նվազեցնելով ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները՝ կազմվել և շրջանառության մեջ է դրվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտը, որում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ: Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017թ. մայիսի 18-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման ընթացքում տեսչության պետի տեղակալը, անձնական և խմբային շահերից  ելնելով, դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները. իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամները ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը: Այնուհետև, տեսչության պետի տեղակալը ստուգման վերաբերյալ կազմել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել կեղծ ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Վերոնշյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունն ավելի վաղ ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:25 - 14 դեկտեմբերի, 2021
Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ս.Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 14 դեկտեմբերի, 2021
Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան սպաների կալանավորման մասին: Ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։ Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով  ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։ Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։ Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն: Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ և պատասխանատու լինելով զինված ուժերի իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության համար, խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, այն է՝ օգտագործելով ՀՀ ՊՆ կարիքների համար N տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը և տեղյակ լինելով Ա.Կ.-ի մոտ առկա վրանների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակված լինելու հանգամանքի մասին, նախաձեռնել է նշված թվով 6 վրանները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերման գործընթաց, որի արդյունքում մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։ Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 13 դեկտեմբերի, 2021
Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

Պայմանագրի անօրինական երկարաձգում, կորած փաստաթղթեր, հարուցված եւ կարճված քրեական գործ․ մի արոտավայրի վարձակալության պատմություն

2003 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչ Անդրանիկ Թեւանյանը (խոսքը պատգամավոր Թեւանյանի մասին չէ) Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 10 տարի ժամկետով։ Հետագայում՝ 2013-ին, երբ այդ արոտավայրերն արդեն Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքների հաշվեկշիռներին էին փոխանցվել, այդ համայնքների ղեկավարները երկարաձգել են վարձակալության ժամկետը՝ հաշվի չառնելով, որ քաղաքացին չի ներկայացրել արոտավայրի վարձակալության համար կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթեր։ Այսպես, 2003 թվականին, Արարատի մարզպետարանը Ա․Թ․-ին 884 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 1 մլն 135 հազար դրամով, 174 հա արոտավայր վարձակալության է տվել տարեկան 80 հազար դրամով։  2009թ. հոկտեմբերին վարչատարածքային բաժանման փոփոխության արդյունքում Արարատի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող այդ արոտավայրերը փոխանցվել են Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին: 2013 թվականին վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը եւ Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան երկարաձգել են Ա․Թ․-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ արոտվայրերի վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագրերը։ Մասնավորապես, 2013 թվականին վարձակալության պայմանագիրը երկարաձգվել է եւս տասը տարով․ Ա․ Թ․-ն իր լիազորած անձի՝ Լ․ Ս․-ի միջոցով դիմում է ներկայացրել Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ նշելով, որ շարունակում է զբաղվել անասնապահությամբ եւ ցանկություն ունի շարունակել վարձակալության իր իրավունքը։ Դվին եւ Վերին Դվին համայնքների ղեկավարներն էլ, առաջնորդվելով Արարատի՝ այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ քաղաքացի Ա․ Թ․-ի՝ իրենց հասցեագրած դիմումներով եւ ՀՀ հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով (Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը․ «Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման եւ պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք»), երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագիրը։  Համայնքապետերը, սակայն, արոտավայրի վարձակալության պայմանագիրը երկարաձգել են այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրերի օգտագործման պլան։ Իսկ այս պահանջը նշված է ՀՀ կառավարության՝ 2011թ․ ապրիլի 14-ի N 389-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը։  Infocom-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Վ․ Դվինի եւ Դվինի համայնքապետարաններ, որոնց ի պատասխան՝ համայնքապետարաններից հաստատել էին, որ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել։  Արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման այդ կարգի համաձայն՝ կա արոտային թույլատրելի բեռնվածություն, որն արտահայտվում է մեկ հեկտարի վրա տեղաբաշխվող պայմանական անասնագլխաքանակով։ Համայնքապետարաններից հետաքրքրվել էինք նաեւ՝ Ա․ Թ․-ն ներկայացրե՞լ է արդյոք անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք։ Ի պատասխան՝ Վերին Դվինի համայնքապետարանից պատասխանել են, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը չի պահպանվել։ Վերին Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Միլենա Տամրազովան մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկանքը միանշանակ եղել է, ինքն այն տեսել է, սակայն, ըստ ամենայնի, կորել է, քանի որ համայնքապետարանում առկա փաստաթղթերում այն չեն գտել։ Իսկ ահա Դվինի համայնքապետարանից այդ փաստաթուղթը չէին կցել հարցման պատասխանին եւ մեր հարցին ընդհանրապես չէին պատասխանել։ Դվինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը մեր զրույցում նույնատիպ պատասխան տվեց՝ հավաստիացնելով, որ Ա․ Թ․-ն տեղեկանք ներկայացրել է, սակայն իրենց մոտ եղած փաստաթղթերի փաթեթում այն եւս առկա չէ։  Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը կեղծելու դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվում, մեկ տարի անց՝ կարճվում Նախորդ տարի՝ 2020 թվականին, արոտավայրը վարձակալության տալու պայմանագրի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորի զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում ներկայացվել է զեկուցագիր այն մասին, որ Ա. Թ․-ն անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Դվին եւ Վ. Դվին համայնքների ղեկավարները, առանց հաշվի առնելու ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 14-ի թիվ 389-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջները, այն է՝ մինչեւ արոտվայրերի օգտագործումը կազմվում է արոտավայրերի օգտագործման պլան՝ հաշվի առնելով արածեցվող կենդանիների թվաքանակը եւ արոտավայրերի բերքատվությունը, եւ 12-րդ կետի պահանջները, ըստ որի՝ արոտային բեռնվածության որոշման նպատակով մեկ պայմանական կենդանու գլխաքանակին տարբեր գյուղատնտեսական կենդանիները հավասարեցվում են կոնկրետ գործակիցներով, Ա․ Թ․-ի կողմից անասուններ ունենալու վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնելու պայմաններում 10 տարի ժամկետով երկարաձգել են 2003-ին կնքված պայմանագրի ժամկետը։  Արծրուն Աբրահամյանը, աղբյուրը՝ irates.am Մասնավորապես, Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Ա. Աբրահամյանը 441 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 595,000 ՀՀ դրամ գումար, իսկ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ղեկավար Լ. Պետրովան 574 հեկտար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության ժամկետն է երկարաձգել՝ տարեկան վարձավճար սահմանելով 617.915 ՀՀ դրամ գումար: Լյուդմիլա Պետրովան, նկարը՝ ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեսանյութիցԱյս փաստի առթիվ 2020թ. մայիսին ոստիկանության Արտաշատի բաժնում քրեական գործ է հարուցվել, այն ընդունվել է Արարատի մարզային քննչական վարչության վարույթ: Այս տարվա մայիսի 19-ին, սակայն, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Տեղեկանքը կորում է երկու համայնքապետարաններից, չկա նաեւ Քննչական կոմիտեում Վերադառնալով կորած փաստաթղթին՝ նշենք, որ անասնագլխաքանակի վերաբերյալ ենթադրյալ տեղեկանքը, որ պետք է ներկայացրած լիներ Ա․ Թ․-ն, չկա նաեւ Քննչական կոմիտեում։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ քրեական գործի նյութերում չկան Դվինի եւ Վերին Դվինի համայնքապետարաններից առգրավված փաստաթղթերի բնօրինակներ։ Պատասխաններ ստանալու համար ստիպված ենք եղել տասնյակ զանգեր կատարել համայնքապետարաններ։ Բանն այն է, որ մեր գրավոր հարցմանը Դվինից ու Վերին Դվինից նախ պատասխանել էին, թե հայցած փաստաթղթերը համայնքապետարաններում չեն, եւ որ դրանք տրամադրել են քննչական բաժնին։ ՀՀ քննչական կոմիտեից էլ պատասխանում էին, որ քրեական գործը կարճվել է, իսկ իրենց մոտ փաստաթղթեր չկան։ Փորձում էինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունից ճշտել՝ արդյոք քրգործում եղած փաստաթղթերը վերադարձվե՞լ են համայնքապետարաններին, թե՞ ոչ, քանի որ համայնքների ղեկավարները պնդում էին՝ իրենց մոտ չկան փաստաթղթեր։ Մարզային քննչական վարչության քաղաքային հեռախոսահամարներն օրեր շարունակ չէին աշխատում։ Ուստի կապ հաստատեցինք ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադեւոսյանի հետ, որը մեր զրույցում ասաց, որ այդ գործով իրենց մոտ փաստաթղթերի բնօրինակներ չեն եղել, ինչ եղել է՝ քրեական գործի մեջ է, իսկ գործը ՔԿ-ում արխիվացվել է։ Թադեւոսյանը հեռախոսազանգով մեր մյուս հարցերին չպատասխանեց՝ նշելով՝ ինչ կա, պատասխանվել է։ Նորից դիմեցինք համայնքապետարաններ՝ այս անգամ ուղիղ կապ հաստատելով համայնքի ղեկավարների հետ։ Լյուդմիլա Պետրովան եւ Արծրուն Աբրահամյանը մեր զրույցում ասացին, որ որոշ փաստաթղթեր իրենց մոտ կան, դրանք կարող են ուղարկել։ Մեր հարցին՝ իսկ ինչու գրավոր հարցման պատասխանում դրանք չէին տրամադրել, հստակ պատասխան չտրվեց։ Ի վերջո տրամադրեցին համայնքապետարաններում առկա փաստաթղթերը, որոնցում, ինչպես արդեն նշեցինք, բացակայում էին անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքն ու արոտավայրի օգտագործման պլանը։ Համայնքապետերը նաեւ նշեցին, որ իրենք չեն ստացել քրեական գործի կարճման որոշումը։ Համայնքապետարաններից ստացած տեղեկությունների համաձայն՝ 2013-2020 թվականներին Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ն տարեկան վճարել է 595 հազար դրամ, Վ․ Դվին համայնքի արոտավայրի վարձակալության համար՝ տարեկան 617 հազար 915 դրամ։ Այս տարվա վճարը դեռեւս չի արվել։  Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են արոտավայրը վարձակալության տրամադրելու՝ 2003թ․ պայմանագիրը, արոտավայրերի հատակագծերը, Արարատի մարզպետի՝ Դվին գյուղական համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ արոտավայրի վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին, ժամկետը երկարաձգելու մասին Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, արոտավայրի վարձակալության համար Ա․ Թ․-ի՝ ամեն տարի վճարած գումարի տեղեկանքները, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Հարցին՝ այլ փաստաթղթեր չկա՞ն, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գայանե Մկրտչյանը պատասխանեց՝ ինչ գյուղապետը տրամադրել է, ուղարկել են, եթե չեն ուղարկել, ապա, ըստ ամենայնի, իրենց մոտ այլ փաստաթղթեր չկան։ Վերին Դվինի համայնքապետարանից ստացած փաստաթղթերում ներառված են մարզպետի դիմումը համայնքապետին, Ա․ Թ․-ի լիազորված անձի դիմումը, վարձակալության ժամկետը երկարաձգելու մասին համայնքապետի որոշումը։ Նշենք, որ արոտավայրերը վարձակալության տրամադրելու համար մրցույթ չի հայտարարվել։  Այսպիսով, քաղաքացի Ա․ Թ․-ն 2003թ․-ին Արարատի մարզպետարանի հետ կնքել է 1000-ից ավելի հա արոտավայր վարձակալելու մասին պայմանագիր՝ տասը տարի ժամկետով։ Հետագայում արոտավայրերը փոխանցվել են մարզի Դվին եւ Վերին Դվին համայնքապետարանների հաշվեկշիռներին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո երկու համայնքների ղեկավարները եւս տասը տարով երկարաձգել են արոտավայրերի վարձակալության պայմանագրերը այն պարագայում, երբ Ա․ Թ․-ն չի ներկայացրել արոտավայրի օգտագործման պլան, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ։ ՀՀ քննչական կոմիտեում այս փաստի առիթով նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ Ա․ Թ․-ն նաեւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել, հարուցել են քրեական գործ, բայց մեկ տարի անց կարճել այն՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն այդ տեղեկանքը՝ լինի կեղծ, թե իրական, այժմ չկա ոչ Քննչական կոմիտեում, ոչ էլ համայնքապետարաններում։ Համայնքապետարաններից ստացած պատասխանների համաձայն՝ այդ փաստաթուղթը կորել է։ Ընդ որում՝ համայնքապետարաններից հստակ պատասխանում են՝ արոտավայրի օգտագործման պլան չի ներկայացվել, բայց նույնպիսի հստակությամբ չեն պատասխանում՝ ուր է կորել անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը։ Հայարփի Բաղդասարյան
10:08 - 13 դեկտեմբերի, 2021
Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածք պատճառելու համար․ ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է համածառայակցին սպանելու և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածք պատճառելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ 2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 11 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։  Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Մասնավորապես, մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, որպես մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։ Դիրքերի անձնակազմը, նշված գործողությունները  կատարելու փոխարեն թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են. նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով ձերբակալվել են։ Դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունները Դատարանի կողմից բավարարվել են։ Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Գերեվարված զինծառայողներից Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) ս.թ. դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։ Հիշեցնենք, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Վարույթն իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ և հանրությանը ներկայացնել նշված մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքները։ Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:12 - 11 դեկտեմբերի, 2021
Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կալանավորվել է Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, 2004 թ. մարտից մինչև 2017 թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, իսկ 2017 թ. նոյեմբերից մինչև 2018 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարը, կատարել է մի շարք չարաշահումներ:Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 231մլն ՀՀ դրամ գումար: Բացի դրանից, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի նախկին ղեկավարը, նախապես տեղեկանալով Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել վերջիններիս գործողություններին, որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ՝ այդ կերպ էական վնաս պատճառելով համայնքին:Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով:Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցանք կատարած անձանց ի հայտ բերելու և վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:12 - 10 դեկտեմբերի, 2021
Առաջարկվում է Քննչական կոմիտեին մարտական զենք հատկացնել |hetq.am|

Առաջարկվում է Քննչական կոմիտեին մարտական զենք հատկացնել |hetq.am|

hetq.am: Առաջարկվում է Քննչական կոմիտեն ընդգրկել Հայաստանի պետական ռազմականացված կառույցների ցանկում, որը իրավական հիմք կստեղծի կոմիտեի հաշվեկշռում մարտական զենք ունենալու համար։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը քննչական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հայաստանում պետական ռազմականացված կառույցներ են համարվում պաշտպանության նախարարությունը, Ոստիկանության և Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինները, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումները, քրեակատարողական ծառայությունը, պետական սուրհանդակային ծառայությունն և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները։  «Զենքի մասին» օրենքի համաձայն՝ մարտական զենք է համարվում այն զենքը, որը օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կառույցների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Այժմ նախատեսվում է քննչական կոմիտեն նույնպես ներառել պետական ռազմականացված կաույցների մեջ։
16:39 - 08 դեկտեմբերի, 2021
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Քննությամբ պարզվել է, որ 2021 թ.` ժամը 01:30-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի փողոցում գտնվող տներից մեկի դիմաց անձնական հարցերի շուրջ վիճաբանել է նույն հասցեում բնակվող հորեղբոր որդու հետ, որից հետո հեռացել է:Կարճ ժամանակ անց 41-ամյա տղամարդը  իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով հետ է վերադարձել վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: Տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից վերջիններիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքն իրականացնելու նպատակով կրակահերթ է արձակել, որոնցից երկուսը դիպել են հորեղբոր որդու տան պատին:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:46 - 07 դեկտեմբերի, 2021
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004 թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012 թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները: Վերջինս Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, տարբեր չափերով և նպատակային նշանակության հողամասերն օտարել է քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված բարեգործական հիմնադրամին, վերջինի կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն, ընկերոջ որդուն, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ավագանու անդամի կողմից ղեկավարած ԲԲ ընկերությանը՝ այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Համայնքը զրկվել է չմասնավորեցվող հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելուց, իսկ պետական սեփականության, «Անտառային» նպատակային նշանակության հողամասն ապօրինի կերպով ձևակերպվել է որպես մասնավոր սեփականություն, որի արդյունքում այդ հողամասը ձեռք բերողն այն անարգել տնօրինելու իրական հնարավորություն է ստացել: Այնուհետև Ստեփանավանի նախկին քաղաքապետը, վերը նշված հանցավոր արարքների արդյունքում վերոնշյալ բարեգործական հիմնադրամի, ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող հողամասերի իրական բնույթը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2014 և 2017 թթ. օտարման միջոցով նշված հողամասերը փոխանցել է իր որդիներին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ստեփանավանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի(հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 2-րդ կետով: 2021թ. նոյեմբերի 1-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս կողմից քննությունից թաքնվելու հիմքով 2021թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2021թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:30 - 05 դեկտեմբերի, 2021
Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում փլուզվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ  վեցը՝  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։ Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18 - 02 դեկտեմբերի, 2021
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»–ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել

ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»–ից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների  արդյունքում պարզվել են «Նորալուսին» ՍՊԸ 3 տնօրենների կողմից կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելուն օժանդակելու և վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2010-2019թթ. ընթացքում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենը 2014-2018թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով «Նորալուսին» ՍՊ ընկերության 3 տարբեր տնօրենների հետ, խմբի կազմում կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում «Նորալուսին» ՍՊԸ-ին պատկանող «Զեփյուռ» ամառային ճամբարում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու, «Նորալուսին» ՍՊ ընկերության կողմից ակադեմիայի սաների և մարզիչների համար սննդի կազմակերպման, գիշերակացի և այլ  ծառայությունների մատուցման վերաբերյալ: Այնուհետև, առանց պայմանագրով նախատեսված ծառայությունների փաստացի մատուցման, «Նորալուսին» ՍՊԸ կողմից դուրս են գրվել իբր նշված ծառայությունները մատուցված լինելու վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից արձակված վճարման հանձնարարագրով՝ «Նորալուսին» ՍՊ ընկերության հաշվեհամարին է փոխանցվել ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության կողմից տնօրենին վստահված ընդհանուր՝ 69.533.999 դրամ առանձնապես խոշոր չափի գումարը, որը վերջինս, «Նորալուսին» ՍՊԸ տնօրենների օժանդակությամբ յուրացրել է, ինչպես նաև  հիշյալ ՍՊԸ  կողմից հարկային հաշիվներում մուտքագրված կեղծ տվյալները ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրենի գիտությամբ ներառվել են ընկերության հարկային հաշվետվություններում, որի արդյունքում ընկերությունն ի դեմս տնօրենի, խուսափել է առանձնապես խոշոր չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի հարկեր վճարելուց, իսկ «Նորալուսին» ՍՊԸ երեք տնօրենների կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արդյունքում պետությանը պատճառվել է նույն չափի՝ 20.480.266 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Նորալուսին» ՍՊ ընկերության 2 տնօրեններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով: «Նորալուսին» ՍՊԸ երկու տնօրենների և ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» տնօրենի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: «Նորալուսին» ՍՊԸ մյուս տնօրենը ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 189-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:34 - 01 դեկտեմբերի, 2021