ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի պատվիրակությանն է ներկայացրել գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի պատվիրակությանն է ներկայացրել գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը` Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի գլխավորությամբ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։  
22:32 - 10 մայիսի, 2021
Հանրային հեուստաընկերությունը ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին․ Արման Թաթոյան |hetq.am|

Հանրային հեուստաընկերությունը ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին․ Արման Թաթոյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը խոհրդարանում իր եզրափակիչ ելույթում վրդովվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթից, որը հանդես էր գալիս խմբակցության անունից: Պատգամավորն իր ելույթում ընդգծեց` ՄԻՊ գրասենյակի բովանդակային ու մասնագիտական վերլուծություններին հետևում են, սակայն դրանց մեջ կան այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում: «Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ, որ ՄԻՊ-ը չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց ՄԻՊ-ը ընտանիքում բռնության համատեքստում իրազեկող  հայտարարություններ է անում․ դժվար թե պնդեք, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին է սա, այլ ընդհանուր, մարդու իրավունքների պաշտպանության մասին է»,-ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ նոյեմբերի 9-ի իրադարձությունները, խորհրդարանի նախագահի նկատմամբ մահափորձը, հեղաշրջման ձախողված փորձը, գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող  բռնության կոչերը իրենց արժանի մեկնաբանությունը չեն ստացել ՄԻՊ-ի կողմից: «Դուք զեկույցում փաստացի արդարացնում եք այն պնդմամբ, թե իբր կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների միջև, իսկ զեկույցում գրել եք, որ այդ գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն է: Պատճառաբանությունը, թե բավարար իրավական համակարգի աշխատակից չի եղել կանխելու այդ ամենը, քանի որ վերջիններս գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Այսինքն՝ ոչ թե բոլոր հնարավոր ուժերը պետք է ուղղեինք ճակատ, այլ պետական պաշտոնյաների պաշտպանությունն ամրացնեինք»,- ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև նշել էր, թե սահմանազատումների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունները տագնապ են առաջացրել հանրության շրջանում: Թաթոյանն արձագանքեց` նման ելույթն անհարգալից վերաբերմունք է ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: «Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկի՛ն Կարապետյան, լու՞րջ եք ասում, բա ինչպես հասկանանք, որ տեղեկատվական բլոկադայի մեջ էր հանրությունը»,- ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը` պնդելով, թե իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանվում: «Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,-ասաց նա: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Հանրայինի նոր ստեղծվող լրատվական ալիքն իր աշխատակազմը հատուկ մոնիթրինիգի է ենթարկելու, քանի որ Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է: Հայաստանի ՄԻՊ-ը առաջարկեց պատգամավոր Մարիա Կարապետյանին միասին գնալ սահման և հետաքրքրվել մարդկանցից, թե ինչ խնդիրների առջև են հայտնվել: Թաթոյանն օրինակ բերեց, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ սահմանային հատվածում ավտովթար լինի օրինակ հայկական և ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, միգուցե այդ անձինք հարցաքննվեն ադրբեջանական քննչական մարմիններում: Թաթոյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սոցցանցերում հայհոյանքներ են հնչեցնում կամ նման գրառումներ հավանում: Թաթոյանը նման դեպքերի համար դիմել է գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու համար: «Նման մարդիկ պետական կառավարման համակարգի հետ գործ չպետք է ունենան»,-ասաց նա:
18:03 - 06 մայիսի, 2021
ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|

ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը վստահեցնում է, որ ՄԻՊ գրասենյակը միշտ է գործել անկաշկանդ: Թաթոյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, որում պատգամավորը ՄԻՊ-ի անկաշկանդ աշխատանքը համարել էր թավշյա հեղափոխության արդյունք, կառավարող ուժի ձեռբերում: «Տիկին Կարապետյան ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականի չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ-ը»,-ասաց Թաթոյանը: Ըստ Թաթոյանի՝ Կարապետյանի ելույթում կային բացահայտ մանիպուլյատիվ հայտարարություններ:Անդրադառնալով Կարապետյանի՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայտարարությանը՝ ՄԻՊ-ն ասաց. « Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Իմ ոչ բարոյականությունը, ոչ էլ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ ես անցնեմ ու քննարկումների գնահատականներ տամ: Մենք ամեն օր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ»,-ասաց Թաթոյանը: Նա վստահեցրեց, որ որևէ քայլ չի անում, որը կհակասի երկրի արտաքին քաղաքականությանը: «Ես ձեզ ասում եմ, որ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա եմ տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել եմ սահմանազատում բառը, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը»,-ասաց Թաթոյանն ու առաջարկեց միասին գնալ ու նայել, թե սահմանին ինչ է կատարվում:
17:49 - 06 մայիսի, 2021
Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|

Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|

armtimes.com: «Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել եւ չի այցելում Ղարաբաղ»: Այսօր այս մասին հայտարարեց Արման Թաթոյանը, ՀՀ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս: «Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ի՞նչ. ստացվում է՝ քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-նշեց Արման Թաթոյանը:
16:33 - 06 մայիսի, 2021
Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

Հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում. ՄԻՊ-ը դատապարտեց լռությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նաև միջազգային կառույցների լռությունն է բերել մարդու իրավունքների խախտումների այդ ծավալին: ՄԻՊ-ը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռությունը նաև բերեց մարդու իրավունքների խախտումների այդ ծավալի: Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն: Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ինչ, ստացվում է, քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը՝ նկատելով, որ մարդու իրավունքների կառույցները հետ էին քաշվել, և ամբողջ հարցը քաղաքական տիրույթում էր: «Օրինակ հարց՝ հիմա ինչո՞ւ մարդու իրավունքների ոչ մի կազմակերպություն Արցախ չի այցելում»,-նշեց նա: Թաթոյանն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-ասաց Թաթոյանը:
12:16 - 06 մայիսի, 2021
ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|

ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում խոսել է դիմումների թվի աճի մասին, ապա անդրադարձել սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներին, խոսել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջ եկած խնդիրների մասին: «2020թ-ին քիչ չեն եղել ահազանգերը նոր կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ»,-ասել է Թաթոյանը: Նա անդրադարձել է 2020թ-ին թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին ու առաջ եկած խնդիրներին: «Դրանք չեն նշանակում կառավարության բացարձակ հայեցողություն մարդու նկատմամբ»,-հայտարարել է Թաթոյանը: Արտակարգ դրության ժամանակ հիմնարար հարցերից մեկը կապված է եղել մեկուսացման ու ինքնամեկուսացման հետ։
11:33 - 06 մայիսի, 2021
Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում. ՄԻՊ-ի զեկույցը

Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում. ՄԻՊ-ի զեկույցը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում» անունով նոր արտահերթ զեկույցը (անգլերենով)։     «Այս զեկույցն այն մասին է, թե ինչ ազդեցություն է ունեցել 2021 թվականի ապրիլի 12-ին Բաքվում բացված Ռազմավարի պուրակը ադրբեջանական ընկալումներում: Ստորև այդ ընկալումների մի քանի օրինակ` 1. Վազգեններին շան պես կապել են, որ չփախչեն: 2. Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աշխատել, պատրաստել են այս մոդելները: Ստորներին, անամոթներին, անբարոյականներին, դավաճաններին, խորամանկներին, դահիճներին բնորոշ բոլոր գծերը ամենայն ճշգրտությամբ պատկերել են: 3. Ռազմական ավարի պուրակը ռևանշիստների համար խրատ է, դաս, հերթական «Երկաթե բռունցքի» մասին նախազգուշացում է: 4. Հաջորդ կանգառը՝ Երևան, Զանգեզուր, Գյոյչա (Սևան): 5. Ցանկանում եմ, որ այս ավարի ու մոդելների ցուցադրությունը երկարաժամկետ լինի, որովհետև ապագա սերունդը պետք է ճանաչի ազգի թշնամուն և ատելությամբ հիշի: 6. Ընկերներ, ասեք տեսնեմ այս մոդելների վրա անամոթների աչքերը ինչ էլ մեծ են: Կեցցեն ստեղծողները: Կարծես անօդաչուի գալուց են վախենում: Երկրորդ մոդելի դեպքում մեր պարոն Նախագահի իրավացի խոսքն է. «Ի՞նչ եք առնետի պես թաքնվել այստեղ-այնտեղ» և այլն: Այսինքն` այս զեկույցում տեղ են գտել կոնկրետ օգտատերերի, այդ թվում` հանրային գործիչների խոսքերը: Այն կոնկրետ ապացույցներով` տեսանյութերով ու լուսանկարներով ցույց է տալիս, որ պուրակը հայատյացության և թշնամանքի գեներացիայի հերթական աղբյուրն է, որ ունի պետական բացահայտ հովանավորչություն: Զեկույցը ներկայացնում է նաև միջազգային մարմինների և լրատվամիջոցների հրապարակային դատապարտող հայտարարությունները պուրակի վերաբերյալ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների նման հայատյաց ու թշնամանքի քարոզի քաղաքականությունն է, որ հանգեցրել է պատերազմի ընթացքում խոշտանգումների, դաժանությունների, իսկ այժմ բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:
09:14 - 06 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը համարվել է միջազգային առաջատար փորձ

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը համարվել է միջազգային առաջատար փորձ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) համարել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մասնավորապես, ENNHRI-ին կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը: ENNHRI-ին նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օժտված է առընթեր խորհուրդներ ստեղծելու լիազորությամբ, որոնց կարող են ներգրավվել ՀԿ ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ։ Տարբեր ոլորտի մասնագիտացված ներկայացուցիչների ներգրավվումը խորհրդի կազմում կամ նիստերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ քննարկումներ ունենալ։ Խորհրդի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները քննարկելուց բացի, քննարկվում են նաև ՀԿ-ների բարձրացրած խնդիրները և առաջարկվում են համատեղ լուծման տարբերակներ։ Նման նիստերի կարող են հրավիրվել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ։ Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։ ENNHRI-ին արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների  եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։ Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI- ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։
15:58 - 05 մայիսի, 2021
Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ․ ՄԻՊ

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ․ ՄԻՊ

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել) · 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն. · 17-ը գլխատումներին ու սպանություններին. · 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել). · 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն. · 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը. · 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին. · 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ. · 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը: Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով: Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել: Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները: Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում: Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
22:33 - 03 մայիսի, 2021
Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի խնդիրներ․ ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքների, ահազանգերի և 2020 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում: «Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, փակ հաստատություններում նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանը, անգործունակ անձանց իրավունքների ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառմանն առնչվող հարցերը: Ներկայացվել են համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, համատեղ քննարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:  
19:12 - 03 մայիսի, 2021
ՍԴ-ն արձանագրել է՝ դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր են պետք

ՍԴ-ն արձանագրել է՝ դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր են պետք

Դատական նիստերն անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով. այս հիմնարար խնդրով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր։ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել էր Պաշտպանին ուղղված բողոքների ամփոփում, որոնք վերաբերում էին ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում, և Պաշտպանը հրապարակել էր նաև արտահերթ զեկույց խնդրի վերաբերյալ: Արտահերթ զեկույցը վեր էր հանել լրջագույն խնդիրներ: Օրինակ` մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ՝ դատավորների թվաքանակի ավելացում, գործի քննության որոշակի ժամկետի առավելագույն շեմի սահմանում կամ այլ միջոցներ, որոնք հենց պետությունն էլ իրավասու է ընտրել: Սակայն եթե պետությունը թույլ է տալիս, որ գործի քննությունը դուրս գա արդար դատաքննության իրավունքի պահանջներով նախատեսված ողջամիտ ժամկետի սահմաններից՝ առանց որևէ քայլ ձեռնարկելու վերը նշված մեխանիզմները զարգացնելու համար, ապա վերջնարդյունքի հետաձգման համար պատասխանատու է հենց պետությունը: Նույնիսկ եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ողջամիտ ժամկետի վրա ազդող ընթացակարգերի ապահովումը կախված է վարույթի կողմերից, նրանց վերաբերմունքը և վարքագիծը չի ազատում դատարանին գործը ողջամիտ ժամկետում քննելու պարտականությունից: Դա է պահանջում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և, հետևաբար, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը: Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները: Այսպիսով, նշված որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ուշադրությունն է հրավիրել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի կենսագործման ընդհանուր խնդրի վրա՝ հանձնարարելով նախատեսել գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման հետևանքով արդար դատաքննության իրավունքի բուն էության խաթարումը կանխող անհրաժեշտ և բավարար երաշխիքներ: Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող դրույթներն ինքնին համարել է Սահմանադրությանը համապատասխանող:
10:08 - 03 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:  Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում: Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ»: 
09:24 - 03 մայիսի, 2021
ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցին: «Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից: «(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։ Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։ Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, պետք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսությունը։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
10:40 - 02 մայիսի, 2021
Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Այս մասին գրառում է կատարել Պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով․   «Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`   1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.   2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.   3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.   4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:   Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:   Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:   Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:   Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:   Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:   Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:   Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:
13:20 - 01 մայիսի, 2021