ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լանջաղբյուր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:  «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող երկու տարբեր ընկերություններ  ցանկանում են համայնքի վարչական տարածքում ալեհավաք տեղակայել և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ավագանու որոշումների հիման վրա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող երկու հողամաս աճուրդով վաճառել է կնոջը: Վերջինս, ստանալով նշված հողամասերի սեփականության իրավունքի վկայականները, դրանք տվել է վարձակալության՝ վերոնշյալ ընկերություններին՝ տարեկան 480000 և 720000 ՀՀ դրամ վարձավճարով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լանջաղբյուր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:14 - 28 դեկտեմբերի, 2021
Վարդան Ղուկասյանի որդու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վարդան Ղուկասյանի որդու վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված՝ Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: «Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը՝ ըստ մեղադրանքի Գյումրու բնակիչ Ս. Ղուկասյանի, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հիշեցնում են, որ ավելի վաղ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին, ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Ս. Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դիմումում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Ս. Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս. Ղուկասյանը հայտնաբերվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար: Վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս. Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը: Հաշվի առնելով, որ Ս. Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ էր, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Ս. Ղուկասյանը հայտնաբերվել, ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:49 - 28 դեկտեմբերի, 2021
Արմավիրի նախկին քաղաքապետն ու մարզից մի բնակիչ մեղավոր են ճանաչվել. 9 մլն դրամ կաշառքը բռնագանձվել է հօգուտ ՀՀ-ի

Արմավիրի նախկին քաղաքապետն ու մարզից մի բնակիչ մեղավոր են ճանաչվել. 9 մլն դրամ կաշառքը բռնագանձվել է հօգուտ ՀՀ-ի

Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պետրոսյանի տան բակից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: Ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. հունիսի 13-ի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոփոխվել է գրավի: 2021 թվականի նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Համաձայնեցման վարույթի կարգով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-ից 375.6-րդ հոդվածներ) իրականացված դատական քննության արդյունքում դատարանը 2021թ. դեկտեմբերի 23-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում, նրանց նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով՝ 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով 5 տարի ժամկետով փորձաշրջան: Համաձայնեցման վարույթի շրջանակում ընտրակաշառքի առարկա հանդիսացած 9.000.000 ՀՀ դրամ գումարը բռնագանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության:
16:08 - 24 դեկտեմբերի, 2021
Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Պատերազմում զոհվածների մասունքների ԴՆԹ հետազոտության համար նոյեմբերի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից ստացված նմուշ․ ԴՆԹ պրոֆիլ է ստացվել 46-ի վերաբերյալ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո այս տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1418 անձի մարմին (մասունք)։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։  Այս տարվա ապրիլի մեկին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանը այդ պահի դրությամբ վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի եւ Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Ավանեսյանը նշել էր, որ մի նմուշը, օրինակ, հնարավոր է եղել նույնականացնել 7-րդ անգամից՝ որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո։ Նախարարը, սակայն, չէր հայտնել, թե քանի ընտանիք է սպասում ԴՆԹ հետազոտության արդյունքներին։ Infocom-ը ՀՀ քննչական կոմիտեից հարցմամբ տեղեկացել է, որ Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։  Կոմիտեն չի պատասխանել՝ արդյոք ՌԴ ուղարկվե՞լ են զոհվածների մարմիններ կամ մասունքներ, թե ոչ։ Քննչական կոմիտեն չի տրամադրել տեղեկություն նաեւ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Կոմիտեն մեկնաբանել է, որ հայցվածը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ Փաստացի, պատերազմի դադարից ավելի քան մեկ տարի անց դեռ կան զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր չի եղել նույնականացնել։ Մեկ այլ հարցմամբ դիմել էինք ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել առկա վերջին տվյալները, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմը քանի զոհ է ունեցել։ Խնդրել էինք նշել՝ որ օրվա դրությամբ է ներկայացվելիք տվյալը, եւ արդյոք ներկայացվելիք տվյալում ներառված է միայն նույնականացված զոհերի թիվը։ Դատախազությունն այս հարցումը հասցեագրել էր ՀՀ քննչական կոմիտեին։ Եւ ինչպես ԴՆԹ փորձաքննությունների վերաբերյալ հարցմանը, այնպես էլ այս մեկին Կոմիտեն պատասխանեց մեծ դժվարությամբ՝ միայն բազմաթիվ զանգերից հետո․ ընդ որում՝ պատասխանեց թերի։ Գերատեսչությունն այսպես է պատասխանել․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 20.12.2021 թվականի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի ակտի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3807 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող եւ 76 քաղաքացիական անձ»: Այսինքն՝ Քննչական կոմիտեն ոչ միայն չի նշել՝ որ օրվա դրությամբ է տվյալը, այլեւ անպատասխան է թողել հարցը՝ արդյոք ներկայացված թվում ներառված է միայն նույնականացվա՞ծ զոհերի թիվը։ Մեր զանգից եւ դիտարկումից հետո, որ պատասխանը թերի է, Կոմիտեից առաջարկեցին գրավոր ձեւակերպել հարցը՝ չնայած մեր այն բացատրություններին, որ հարցն արդեն իսկ գրավոր ներկայացվել է համապատասխան գերատեսչությանը։  Այսպիսով, 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների՝ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտե հոկտեմբերին ուղարկված մեր հարցումը նախ անպատասխան էր մնացել՝ նաեւ բազմաթիվ զանգերից հետո։ Նույն հարցումն ուղարկել էինք նաեւ նոյեմբերին, որի պատասխանից տեղեկանում ենք, որ փորձաքննության համար Հոլանդիա է ուղարկվել 100 մարմնից (մասունքից) ստացված նմուշ, որոնցից նոյեմբերի 20-ի դրությամբ միայն 46-ի վերաբերյալ է ստացվել ԴՆԹ պրոֆիլ։ Կոմիտեն չի տրամադրել տեղեկություն, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների քանի՞ աճյուն է հայտնաբերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս, որոնք 2021 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ դեռեւս չի հաջողվել նույնականացնել։ Գերատեսչությունը չի հստակեցրել նաեւ՝ արդյոք հայկական կողմի ընդհանուր զոհերի 3807 թվի մեջ միայն նույնականացվա՞ծ մարմիններն են։ Հայարփի Բաղդասարյան
11:35 - 23 դեկտեմբերի, 2021
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու գործի վարույթը կասեցվել է |hetq.am|

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հասցնելու գործի վարույթը կասեցվել է |hetq.am|

hetq.am: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու  գործի վարույթը կասեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը Բջնիի իր տանը, հրազենային վիրավորումով,  մահացած է հայտնաբերվել 2019 թվականի սեպտեմբերի 23-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Հարությունյանը ոստիկանապետ է եղել 2003-ից 2008 թվականներին: 
15:45 - 22 դեկտեմբերի, 2021
Ավարտվել է նախաքննությունը այն քրգործի, որով որպես մեղադրյալ էր ներգրավվել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը․ ՔԿ

Ավարտվել է նախաքննությունը այն քրգործի, որով որպես մեղադրյալ էր ներգրավվել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային  կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ` ՀԿ/ նախագահության անդամ Գոռ Դավթյանը, ինչպես նաև նույն ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության տնօրեն, ՀԿ-ի նախագահ, Իսրայելում  ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, նախնական համաձայնությամբ հանցավոր գործունեության արդյունքում ստացված և ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող  գույքի ծագման աղբյուրն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, կատարել են ձևական օտարման գործարքներ և ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը, որի տնօրենն է հանդիսացել հիշյալ ՀԿ-ի առաջին փոխնախագահ հանդիսացող, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին, ով իր հերթին 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանի ընկեր Սարգիս Մարտիրոսյանին և ՀԿ նախագահության անդամ Գոռ Դավթյանի մայր Ադելա Ստեփանյանին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով քննվող քրեական գործով մեղադրյալներ Արմեն Սմբատյանի և Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սույն քրեական գործով մյուս մեղադրյալ Հասմիկ Պողոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:15 - 22 դեկտեմբերի, 2021
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի  գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, կայացված որոշումների հիման վրա կատարվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների  փորձագետներին: 2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները: Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով  համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով սույն քրեական գործի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու  և գործով վարույթը կարճելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ենթակա ոլորտներին վերաբերելի, քննության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները կարգավորելու նպատակով:
15:20 - 21 դեկտեմբերի, 2021
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Իսագուլյանը ձերբակալվել է և  ներգրավվել որպես մեղադրյալ: ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին: Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:
12:52 - 21 դեկտեմբերի, 2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Արցախ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայույունը:ՔԿ նախագահին ուղեկցող պաշտոնական պատվիրակության կազմում են եղել Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության  պետ Արտակ Կրկյաշարյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Վիգեն Մեսրոպյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը:Քննչական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեների համագործակցության առաջնահերթություններին և ձևաչափերին վերաբերող հարցեր:Արգիշտի Քյարամյանը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, գլխավոր դատախազի, ներքին գործերի նախարարի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ, նախանշվել են արդյունավետ փոխգործակցության և գործնական շփումների՝ մի շարք հեռանկարային ուղղություններ:
19:02 - 18 դեկտեմբերի, 2021
Թալինի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն

Թալինի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետև կազմակերպել և իրականացրել է դրանց օտարումը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թեև Թալին համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվել է, որ հողամասերը վաճառվելու են համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, սակայն համայնքի ղեկավարը, խախտելով վերոգրյալ իրավական ակտերի և ավագանու նշված որոշման պահանջները, 2018թ. փետրվարին և 2020թ. հունվարին կազմել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի վերաբերյալ կեղծ որոշումներ՝ նշելով, որ խնդրո առարկա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված  սահմանափակումների ցանկում: Այնուհետև իրականում օտարման համար ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0532 և 0,0201հա հողամասերը օտարվել են, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հրապարակելիս խնդրում ենք հղումն ապահովել:
14:46 - 16 դեկտեմբերի, 2021
Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |factor.am|

Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան |factor.am|

factor.am: Նախաքննական մարմինը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։Ասլանյանը ձերբակալվել էր երեկ, նրան միանգամից 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:
12:05 - 16 դեկտեմբերի, 2021
2021 թ. սեպտեմբերին հարուցված գործով ձերբակալվել է Վանաձորի նախկին ղեկավարը

2021 թ. սեպտեմբերին հարուցված գործով ձերբակալվել է Վանաձորի նախկին ղեկավարը

2021 թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ.Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի։Այնուհետև, կազմվել և Մ.Ա.-ի կողմից ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:Դրանից հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700  ՀՀ դրամով օտարել է:Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-9 հասցեում գտնվող 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և իր կողմից կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հիշյալ հասցեներում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝  համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 ՀՀ դրամով այդ հողամասը ևս օտարել է:Ավելին, մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մ.Ա.-ն պարտավոր լինելով հետևել համայնքային հողատարածքների՝ նպատակային նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել չնախատեսված վայրում և այլ գործառնական նշանակության հողամասում գերեզմանների կառուցումը՝ չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի տիկնոջ մայր Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում  հուղարկավորություններ իրականացնելու նպատակով. այն դեպքում, երբ Լոռու մարզպետարանի կողմից Մ.Ա.-ն տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մ.Ա.-ի հանցավոր գործողությունների արդյունքում՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:28 - 15 դեկտեմբերի, 2021
2012-ից ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք, վնասել փաստաթղթեր. ՔԿ

2012-ից ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊՏ պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք, վնասել փաստաթղթեր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչի հետ նախնական համաձայնությամբ, անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք, ոչնչացրել է անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակները, ստուգման վերաբերյալ կազմված ակտում ներառել է կեղծ տեղեկություններ և հանձնել, ինչպես նաև ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից իրականացրած ստուգումների ընթացքում նշված մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր՝ 738.000 ՀՀ դրամ, որից հետո հիշյալ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող՝ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը և նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչը նախնական համաձայնության են եկել՝ վերոնշյալ անտառպետության անտառապետի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ 2016թ. նոյեմբերի 18-ին տեսչության պետի տեղակալը ստացել է խոշոր չափերով կաշառքը՝ 500.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում նշված տեսչության վերոնշյալ բաժնի ավագ պետական տեսուչի հետ քննարկել և ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված հաշվեգնահատման ցուցակները: Տեսչության պետի տեղակալը կազմել է ստուգման ակտը, որում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ բնությանը պատճառված վնասի վերաբերյալ և հանձնել այն:  Բացի այդ, 2016թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը, ինչպես նաև նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված և տեսչության պետի տեղակալի կողմից վերահսկվող ստուգումների արդյունքում  «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում հայտնաբերել է ապօրինի հատված  426 ծառ՝  բնությանը պատճառված ընդհանուր 9.595.000 դրամ վնասով: Դրանց իրական ծավալները թաքցնելու նպատակով, տեսչության պետի տեղակալի թողտվությամբ, ստուգումների ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներում նվազեցնելով ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները՝ կազմվել և շրջանառության մեջ է դրվել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտը, որում կեղծ տեղեկություններ են ընդգրկվել հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ: Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017թ. մայիսի 18-ից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման ընթացքում տեսչության պետի տեղակալը, անձնական և խմբային շահերից  ելնելով, դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները. իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամները ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը: Այնուհետև, տեսչության պետի տեղակալը ստուգման վերաբերյալ կազմել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել կեղծ ակտ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Վերոնշյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունն ավելի վաղ ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:25 - 14 դեկտեմբերի, 2021
Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

Զինծառայող Սենիկ Արզումանյանի սպանության և երկու զինծառայողի վիրավորում պատճառելու գործով մեղադրանք է առաջադրվել վերջիններիս ծառայակցին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանի սպանության, ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ս.Արզումանյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 14 դեկտեմբերի, 2021
Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան սպաների կալանավորման մասին: Ներկայացնում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021 թվականի հուլիս ամսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները։ Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հիշյալ 6 վրանները հաշվառել են իբրև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով  ընդհանուր 6.726.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները։ Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ պաշտպանության նախարարությանը վաճառելու վերաբերյալ։ Իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։ Բացի այդ, հափշտակված գույքը պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021 թվականի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն: Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ և պատասխանատու լինելով զինված ուժերի իրային ծառայության նյութական ունեցվածքի պաշարների կուտակման և պահպանության համար, խմբային շահերից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, այն է՝ օգտագործելով ՀՀ ՊՆ կարիքների համար N տեսակի վրանների ձեռքբերման անհրաժեշտությունը և տեղյակ լինելով Ա.Կ.-ի մոտ առկա վրանների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակված լինելու հանգամանքի մասին, նախաձեռնել է նշված թվով 6 վրանները ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերման գործընթաց, որի արդյունքում մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։ Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 - 13 դեկտեմբերի, 2021