ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով քաղաքացիների իրավունքների խախտումները

ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով քաղաքացիների իրավունքների խախտումները

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել եմ հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել եմ 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները  միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թաթոյանը:
16:58 - 19 մայիսի, 2021
Իշխանությանը զգուշացնում եմ՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելը կդառնա նոր լարվածության պատճառ. ՀՀ ՄԻՊ

Իշխանությանը զգուշացնում եմ՝ առանց անվտանգության գոտի ստեղծելու Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելը կդառնա նոր լարվածության պատճառ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ իշխանության մարմիններին` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, զգուշացնում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները` 1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ. 2)նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին. 3)ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով. 4)պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացածղ չէ, իսկ տեղի ունեցածի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել. 5)ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը. 6)Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից և  արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարևանությամբ և այլն). 7) Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը,  Արավուսի հովիվին քաշքշելու ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում և այլն): Հատուկ նշում` սահմանազատումն, առհասարակ, ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարևորություն: Դա նաև մարդու իրավունքների երաշխիք է: Բայց սահմանազատումը կարող է տևել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկված պայմանները ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում: Այսինքն` սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ: ՀՀ քաղաքացիների ու նախևառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից: Հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը: Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների  նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ: Դա իր հերթին խաթարելու է խաղաղության ու մարդկանց անվտանգության հեռանկարները տարածաշրջանում»:
14:47 - 19 մայիսի, 2021
Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, զենքով սպառնացել են հայ հովիվների. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ տարածքում, զենքով սպառնացել են հայ հովիվների. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: «Մանրամասներ` Մասնավորապես, Սյունիքում` ՀՀ Սև լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են կենդանիներ արածեցնող գյուղի հովիվին, սպառնացել են և զենքի ցուցադրումով պահանջել լքել իր անասնագոմն (մակատեղի) ու արոտավայրը: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վերիշենի հովիվի մակատեղին գտնվում է Ակներ, Վերիշեն ու մի շարք այլ գյուղերի բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում: Գեղարքունիքում` ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` սարատեղիների (անասնագոմեր) տարածքներում ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մայիսի 12-ին մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու սպառնացել զենքի ցուցադրումով` նրա հետ խոսելով նաև հայերեն: Նույնը օրը, երբ թվով 6 հովիվ Վարդենիսից ու Այրք գյուղից իրենց խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն են արածեցրել ՀՀ տարածքում գտնվող նույն արետավայրին հարակից ջրային ավազանի շրջակայքում, իրենց են մոտեցել են քանի տասնյակ ադրբեջանական զինված ծառայողներ, սպառնացել են զենքի ցուցադրումով և հեռանալու համար տվել են 5 րոպե ժամանակ, հակառակ դեպքում սպառնացել են գերեվարել: Մայիսի 13-ին նույն կերպ զենքով շուրջ 50 ադրբեջանական ծառայող սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ`հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել: Նշվածից բացի, մայիսի 12-ին Գեղամասար Կութ գյուղի հովիվը գնացել է գյուղին հարակից իր սարատեղիում գտնվող անասնագոմ և հայտնաբերել է ադրբեջանական զինված ծառայողների` շուրջ 50 հոգի: Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում պարզվել է, որ արոտավայրերը մարդկանց վարձակալության իրավունքով տրամադրվում են տեղական մարմինների փաստաթղթերով: Այսինքն` խոսքը օրինական հիմքով իրավունքներից ապօրինի զրկելու մասին է: Հովիվների պնդմամբ` իրենք այլևս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին, Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլևս չուղարկել սարատեղիներ: Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով: Ընդ որում, հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում: Խոսքը նաև վերաբերում է խոտհարքներին: Հովիվների նշած այս հանգամանքները հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած այլ ապացույցներով ևս` արոտավայրերի օգտագործման փաստաթղթերով, տեղի ուսումնասիրություններով, համապատասխան լուսանկարներով և այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. մայիսի 12-ի և 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով: Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով: Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր ևս»,- տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
20:50 - 18 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: «Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական և միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում և պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО): Պաշտպանը, նախևառաջ անդրադարձել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին` մարդու իրավունքները զինված ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում և այլն: Օրինակ` բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը և դա իրականացվում է ԵԽ հետ: «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու և նախադեպային իրավունքին, «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19 համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության և առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
11:47 - 18 մայիսի, 2021
Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Օրը 2 անգամ ջուրը նմուշառվում է. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները: Այս մասին իրազեկում է ՄԻՊ-ը: Փաստահավաք աշխատանքների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մարդիկ այս պահին փաստացի չեն կարողանում օգտագործել արոտավայրերը`այդ տարածքներում ադրբեջանական զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը, որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են: Արոտավայրերը ՀՀ իրավասու մարմինների օրինական թույլտվությամբ հատկացված են մարդկանց: Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, ով հավաստել է, որ օրը 2 անգամ նմուշառում է արվում ու այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել: Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին: Այցի ընթացքում համագործակցության կարևոր հարցեր են քննարկվել Գեղարքունիքի մարզպետի, Վարդենիս համայնքի ղեկավարի, ինչպես նաև Ջրային կոմիտեի ղեկավարի հետ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ»,- նշած է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ։  
18:41 - 15 մայիսի, 2021
Արման Թաթոյանն աշխատակազմի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ. կիրականացվի փաստահավաք աշխատանք

Արման Թաթոյանն աշխատակազմի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ. կիրականացվի փաստահավաք աշխատանք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել է ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։  «2021թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»,-ասված է հաղորդագրության մեջ։   
10:13 - 15 մայիսի, 2021
ՄԻՊ-ը կոչ է անում առաջ տանել Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

ՄԻՊ-ը կոչ է անում առաջ տանել Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին: Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ: Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար»,- գրել է նա։
23:20 - 14 մայիսի, 2021
Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սև լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները. ադրբեջանական զինված անձինք մայիսի 12-ին անօրինական առաջխաղացում են ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինվորականների այդ արարքը բացարձակ զուրկ է որևէ իրավական հիմքից: Գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը ահազանգել են, որ Սև լճի տարածքում ու դրանից ներս` դեպի իրենց բնակավայրերը ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է իրենց կենսական իրավունքները, վտանգում են իրենց անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Մասնավորապես, բնակիչները նաև նշել են, որ նրանք չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից: Հիմնավորումների թվում է նաև այն, որ անասնապահությունը բնակիչների հիմնական եկամտի և ապրուստի աղբյուրն է, իսկ գյուղերի արոտավայրերը գտնվում են Սև լճի և դրան հարակից տարածքում: Գյուղերի բնակիչների բարձրացրած այս և մյուս հարցերը Մարդու իրավունքների  պաշտպանի աշխատակազմը կամփոփի, որի հիման վրա կձեռնարկվեն նրանց իրավունքների, այդ թվում՝  անվտանգությանը և կենսական կարիքների ապահովմանն ուղղված քայլեր:
17:37 - 14 մայիսի, 2021
ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  «Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ: Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր: Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:40 - 14 մայիսի, 2021
ՄԻՊ-ին ահազանգեր են հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից արոտավայրերի տարածքներում ադրբեջանական զինուժի անօրինական ներկայության հետ կապված. Արման Թաթոյան

ՄԻՊ-ին ահազանգեր են հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից արոտավայրերի տարածքներում ադրբեջանական զինուժի անօրինական ներկայության հետ կապված. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին այսօր վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից` կապված ՀՀ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` արոտավայրերի տարածքներում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության հետ: Ահազանգեր են ստացվել, մասնավորապես, Գեղարքունիքի Վարդենիս, Կութ, Վերին Շորժա, ինչպես նաև Սյունիքի Գորիս, Վերիշեն, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերից: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ու Սյունիքի ստորաբաժանումների ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների անօրինական արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է ահազանգեր լրատվամիջոցներում: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ սահմանային բնակիչներին զրկում է իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է համայնքներում ոռոգման ու խմելու ջրի հասանելիության (օրինակ` Սև լճի տարածքը) համար: Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը նշված վայրերում իրական վտանգ է մարդկանց կյանքի ու անվտանգության համար, խաթարում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը: Մայիսի 12-ից սկսած լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այս ահազանգերի վրա և արձանագրում, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:
21:44 - 13 մայիսի, 2021
Ադրբեջանական զինուժի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ

Ադրբեջանական զինուժի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն միջազգային կառույցների հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:
15:43 - 13 մայիսի, 2021
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. Թաթոյան

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. Թաթոյան

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը:  «Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը: Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում: Երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ: Մարդու իրավունքների պաշտպանը գործելու է բացառապես իր իրավասության սահմաններում և աշխատելու է հնարավորինս հրապարակային: Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը: Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում: Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Կապահովվի արագ արձագանքը Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացվող ահազանգերին։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100: Անհրաժեշտ համագործակցոթյուն կապահովվի նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»,- գրել է Թաթոյանը:
11:41 - 13 մայիսի, 2021
ՄԻՊ-ը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը

ՄԻՊ-ը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը: Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը: Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից: Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
15:44 - 12 մայիսի, 2021
Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը, վտանգում՝ տարածաշրջանում ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին

Ալիևի ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը, վտանգում՝ տարածաշրջանում ժողովուրդների միջև խաղաղությունը. ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքը: Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Պաշտպանը նշել է, որ միջազգային կազմակերպություններին են ուղարկվել 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»: Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը։ Դրանք վտանգում են տարածաշրջանում ժողովուրդներ միջև խաղաղությունը։ Հանդիպմանը քննարկվել է նաև նախընտրական փուլին առնչվող` Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը վերաբերող մի շարք հարցեր: Պաշտպանը կարևորել է հասարակությունում համերաշխությունը և նշել, որ իրականացնելու են ընտրությունների ապաքաղաքական դիտարկում:
21:33 - 11 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները ՀՀ ՄԻՊ-ն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների

Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները ՀՀ ՄԻՊ-ն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ մարմինների

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:     Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021 թ. ապրիլ ամսվա ելույթներին:   Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:   Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը:  
18:30 - 11 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ կառույցների

Ադրբեջանի նախագահի հայատյացություն պարունակող ելույթները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՄԱԿ, ԵԽ և միջազգային մի շարք այլ կառույցների

Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին: Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը:
17:05 - 11 մայիսի, 2021