Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետարանը Արդարադատության նախկին նախարարին կոչ է անում անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանը Արդարադատության նախկին նախարարին կոչ է անում անհապաղ դադարեցնել ապօրինի շինարարությունը

 Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից, մանրամասնելով, որ բացի այդ, ս․ թ․ նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ։ «Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո, այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
18:11 - 08 դեկտեմբերի, 2021
Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ստորագրել են համագործակցության ճանապարհային քարտեզ

 Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում Երևանի քաղաքապետ Հակ Մարությանը նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրել է Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշում է, որ ճանապարհային քարտեզը ներառում է փոխգործակցություն հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում: «Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։ Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- նշել է Հայկ Մարությանը:
13:50 - 01 դեկտեմբերի, 2021
Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը գումար կտրամադրի 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների կատարման համար: Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:  «Նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,410.0 հազար դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրեց Ներսիսյանը։ Որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում: Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում եւ պահպանում» ծրագրի շրջանակներում:
14:01 - 30 նոյեմբերի, 2021
Անի Խաչատրյանն ավագանու նիստի ժամանակ անդրադարձավ Տիգրան Մեծ պողոտայում իրականացվող շինարարությանը |hetq.am|

Անի Խաչատրյանն ավագանու նիստի ժամանակ անդրադարձավ Տիգրան Մեծ պողոտայում իրականացվող շինարարությանը |hetq.am|

hetq.am: Այսօր Երևանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ Տիգրան Մեծ պողոտայում իրականացվող շինարարությանը։ Ավագանու անդամի խոսքով՝ թեև հարցը ընդգրկված չէ օրակարգում, սակայն հրատապության խնդիր ունի։ «Ուզում եմ ճշտել՝ ո՞վ է իրեն իրավունք վերապահել Երևանի քաղաքապետարանում, միաձայն որոշում կայացրել ու թույլ տվել Տիգրան Մեծ 53 հասցեում հրաշք լողավազանի, քաղաքացիների հանգստի վայրի քանդման թույլտվության իրավունքը տալ։ Ուզում եմ իմանալ՝ ով է տվել քանդման թույլտվությունը, արդյոք համայնքային տարածքը վերացնելու համար պետք չէ՞ր ավագանու համաձայնություն, չասեք քաղաքացիների համաձայնություն կա, որովհետև չկա նման ընթացակարգ։ Այդ տարածքի հետ շենքը կապ չունի, ո՞վ է իրեն իրավունք տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաններից մեկի քանդման թույլտվությունը տալ»,- նշեց Խաչատրյանը: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ կա հարցերի փոխանակության համար տրվող ժամանակ, և հարցը կքննարկվի այդ ժամանակ։ «Պարզ է, որ պատասխան չունեք, որովհետև քաղաքը քանդում եք՝ դարձնելով պիվնոյի»,- հավելեց Անի Խաչատրյանը։
13:37 - 30 նոյեմբերի, 2021
Եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018թ․ ձեռք բերածը․ Հակոբ Կարապետյանը՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մասին |armtimes.com|

Եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018թ․ ձեռք բերածը․ Հակոբ Կարապետյանը՝ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մասին |armtimes.com|

armtimes.com: Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին: «Երեխաների համար հնարավոր է՝ գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով որ առայժմ քննարկվում է: Հարցին՝ տոնական միջոցառումներ և՞ս նախատեսվում են, Կարապետյանն ասաց. «Մենք դրա մասին հայտարարություն կանենք»: Կարապետյանի խոսքով՝ եթե որոշվի տոնածառը տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։ Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:
13:48 - 29 նոյեմբերի, 2021
«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: «Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները: «Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է , որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։ «Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը: «Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:
12:34 - 24 նոյեմբերի, 2021
Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:  Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:  Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:  Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է: Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:  Ակներև է, որ իրավապահ մարմինները  դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:  Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։  Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով: Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:   Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման  ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։  Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից: Պահանջում ենք․ Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։  Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա: ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը: ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն Իրավունքի ուժ ՀԿ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ  Հեռանկարային զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե  Իրազեկ քաղաքացիների միավորում  Restart գիտակրթական հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ  ՄԻՏՔ ՀԿ ուրբանլաբ Խաղաղության երկխոսություն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Վելես իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ՄեդիաԱկումբ ՀԿ Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
14:07 - 15 նոյեմբերի, 2021
Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. Հայկ Մարության

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. Հայկ Մարության

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում ենք Երևանի կանաչ տարածքնեը և հանգստի գոտիները: Շահագործման ենք հանձնում Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով: Այգին ազատեցինք ապօրինի շինություններից, բետոնից մաքրեցինք ու կանաչապատեցինք շուրջ 50 000 քմ տարածք, թարմացրեցինք ծառերը և տնկեցինք 8600 ծաղիկ, հիմնեցինք ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացրեցինք նոր լուսավորության ցանց՝ 111 նոր լուսատուներով, ներդրեցինք ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, ինչպես նաև՝ այգու տարածքում հիմնեցինք երկու թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի այգին եւ սքեյթ-պարկը»,- գրել է Մարությանը: Մանրամասները տեսանյութում․  
11:52 - 13 նոյեմբերի, 2021
Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդն ամփոփել է Երևանի 2022թ. բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց առումով սահմանված արտոնությունների, նաև քաղաքի զարգացման 2022 թվականի ծրագրի նախագծերի հանրային քննարկման արդյունքները: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առցանց և առձեռն տարբերակով քաղաքացիներից ստացվել է 41 առաջարկ և դիտողություն: Ներկայացված առաջարկների մի մասը քաղաքապետարանն արդեն իսկ ընդգրկել էր հաջորդ տարվա ծրագրերում: Նշենք նաև, որ որոշ առաջարկներ էլ եղել են համայնքի լիազորություններից դուրս, սակայն քաղաքապետարանը պատրաստ է դրանք ևս քննարկել պատկան կառույցների հետ: Ներկայացված նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:
17:06 - 12 նոյեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:  ««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը: Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 
14:17 - 12 նոյեմբերի, 2021
Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Կասեցվել է Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքի շինարարական աշխատանքը

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության բաժնի  մասնագետները հոկտեմբերի 7-ին ստուգումներ են իրականացրել Երևանի Բաղրամյան պողոտա 30, Լեռ Կամսար փողոց 30/4 և 30/6 հասցեներում՝ բազմաբնակարան բնակելի համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, մանրամասնելով, որ ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծի շեղումներով, շինարարության ընդունման նորմերի, արտադրության և ստանդարտների խախտումներով։ Նշվում է, որ  կառույցի կոշտության դիաֆրագմաներում և երկաթբետոնե պատերում տեղադրված են նախկինում օգտագործված պողպատյա ամրաններ, երկաթբետոնե տարրերի ելուստների քայլը չի համապատասխանում նախագծին, բետոնի տոփանումն (հարթեցում) իրականացվել է թերի, բետոնի պաշտպանիչ շերտը տեղ-տեղ բացակայել է, կրող տարրերի զուգավորման հանգույցներում անուրները (хамут) չեն համապատասխանել գործող նորմերին և նախագծին։ Արդյունքում, նշված խախտումները կարող են ազդել շենքի ամրության, կայունության վրա, ինչպես նաև վտանգավոր են մարդկանց համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նաև տեխնիկական հսկողության իրականացման կարգը։ Ելնելով վերոգրյալ հանգամանքներից և ղեկավարվելով «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի հատկանիշներով՝ Տեսչական մարմնի կողմից կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վերջիններիս նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Կապալառու և տեխնիկական հսկող իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիաների կասեցման հարցով Տեսչական մարմինը դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ Նշված հասցեներում շինարարության կասեցումից  և ընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելուց բացի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի անմիջական վերահսկողությամբ ապամոնտաժվել են բազմաբնակարան բնակելի համալիրի՝ խախտումներով կառուցված հատվածները։
17:32 - 11 նոյեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» շինարարություն անող ընկերության ժամանակավոր մետաղե թիթեղի վրա գրություն անելը որակվել է որպես 100 հազարի հասնող գույքային վնաս

«Ֆիզգորոդոկում» շինարարություն անող ընկերության ժամանակավոր մետաղե թիթեղի վրա գրություն անելը որակվել է որպես 100 հազարի հասնող գույքային վնաս

Օրեր առաջ «Ֆիզգորոդոկում» իրականացվող շինարարությանը դեմ Սեդա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ոստիկաններ են այցելել իրենց տուն՝ խուզարկության։ Այսօր այս թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը պատմեց, որ նախորդ շաբաթ օրը, երբ ինքը տանը միայնակ էր, դուռը թակել են երկու տղամարդ, եւ, ներկայանալով Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության ոստիկաններ, նշել են, որ դատարանից Գրիգորյանի տունը խուզարկելու թույլտվություն ունեն․ «Փաստորեն, սա մի գործ է, որն ինքին, կարծում եմ, աբսուրդային է․ քրեական գործ է հարուցվել շինարարության ժամանակավոր մետաղյա ցանկատապի թիթեղների վրա կարմիր ներկով գրություններ անելու վերաբերյալ՝ որպես գույքային վնաս։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակավոր մետաղի վրա գրություն անելը որակվել է որպես գույքային վնաս, ներգրավվել է ինչ-որ փորձագիտական կազմակերպություն, որը գնահատել է մոտ 100 հազար դրամի վրաս։ Եվ ասում են, որ կասկած կա՝ գրությունը ես եմ արել։ Ծանոթանալով որոշմանը՝ ես տեսա, որ փաստաթղթում նշված չէր, թե ես ինչ կարգավիճակով եմ ներգրավված գործում, ուստի ասացի, որ չեմ կարող ստորագրել, սակայն չեմ խոչընդոտում խուզարկմանը։ Ոստիկաններն ասացին, որ եկել են փնտրելու կարմիր ներկի տուփը»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ նշելով, որ թույլ չեն տվել լուսանկարել դատարանի թույլտվության փաստաթուղթը։ Նա հավելեց, որ ոստիկաններն ամբողջ տունը խուզարկելուց հետո այդպես էլ չգտան այդ տուփն ու հեռացան։ Սեդա Գրիգորյանը կարծում է, որ քանի որ «Ֆիզգորոդոկի» թեմայով ինքն ավելի ակտիվ է, իր սոցիալական հարթակներում նորություններ է ներկայացնում զարգացումների կամ տեղի ունեցողի վերաբերյալ, իրավապահները թիրախավորել են իրեն եւ փորձում են իրեն հետ պահել քաղաքացիական պայքարի շրջանակներում իրենց իրավունքների բարձրաձայնումից։ Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ  դատարանի որոշումը կայացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրա գնահատմամբ՝ քրեական գործը, մեղմ ասած, կասկածելի հիմքեր ունի․ «Ես մանարամասն ծանոթ չեմ փորձագետի տված եզրակացությանը, թե 100 հազար դրամի վնաս կա, բայց Սեդայի ցուցմունքից հետո խնդրեցի, որ նկարեն ու ինձ ուղարկեն այդ թիթեղները, որպեսզի հասկանանք՝ ինչ վնասի մասին է խոսքը, անկախ նրանից, որ մենք առհասարկ չենք ընդունում Սեդա Գրիգորյանին որպես վկա (հնարավոր կասկածյալ) կարգավիճակը։ Ամեն դեպքում՝ փորձեցինք հասկանալ՝ ինչ վնասի մասին է խոսքը։ Իսկ խոսքը ինչ-որ թիթեղների վրա ներկով գրված «սա կանաչապատ տարածք է» գրություններին։ Մակերեսային հետազոտությամբ փորձեցինք ճշտել, եւ պարզվում է՝ թիթեղներին, ըստ էության, վնաս չկա, այդ գրությունը կարող է կանաչ ներկով ներկվել ու փակվել, կամ համապատասխան նյութերով գրությունը ջնջել։ Դա 30 հազար դրամը հաստատ չի գերազանցի՝ մի շարք մասնագետների տված բանավոր բացատրություններով»,- ասաց Գյոզալյանը։ Նա նշեց, որ այդ հովածով քրեական գործ կարող է հարուցվել, եթե պատճառված վնասն առնվազն 30 հազար դրամը գերազանցում է։ Այստեղ է, որ փաստաբանի մոտ ողջամիտ կասկած է առաջացել, թե, այնուամենայնիվ, ինչի վրա է հիմվել փորձագետը, որ վնասը 100 հազար դրամ է գնահատել․ «Թիթեղներն առհասարակ վնասված չեն, դրանց փոփոխության խնդիր չկա։ Սա բացահայտ է, բոլորը գիտեն, բոլորը տեսնում են։ Իմ կասկածներն այստեղից են գալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Մենք մեր իրավակիրառ պրակտիկայում եւ իմ պրակտիկայում բազմաթից դեպքեր ունենք, երբ ավելի լուրջ խախտումներով, երբ դիմում ենք, որպեսզի քրգործ հարուցեն, մեր իրավապահներն այդպես ջերմեռանդորեն չեն հարուցում։ Բայց այս մասով մենք տեսնում ենք չափից ավելի ջանասիրություն, որ ի՞նչ անեն, այդտեղ վնաս էլ չկա, խնդիրը 30 հազար դրամն էլ չի գերազանցում»։ Թե ինչ նպատակ են հետապնդում իրավապահների գործողությունները, փաստաբանն այս պահին չի մեկնաբանում՝ նշելով միայն, որ այդ գործողություններն առնվազն կասկածելի են։ Գյոզալյանը նշեց, որ ամեն կերպ փորձելու են հասնել արդարությանը, քանի որ տպավորություն կա, որ քաղհասարակության նկատմամբ ակնհայտ ճնշում կա։ «Բոլոր նրանց, որոնք ապօրինի գործողություններ են կատարում, ազդեցությունը բերելու է հակազդեցության։ Որքան հայցեր կներկայացվեն, որքան քրեական գործով կփորձեն նմանատիպ գործողություններ իրականացնել, սրանք անարձագանք չեն մնալու։ Այս տրամաբանության մեջ մենք բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք դրանց դեմ»,- շեշտեց Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը։ Հիշեցնենք՝ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի «Ֆիզգոռոդոկի» տարածքում է, այս տարվա օգոստոսի 19-ին սկսվել են 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Այստեղ բարձրահարկ կառուցելու նպատակ ունի «Ռատկո» ընկերությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները, սակայն, դեմ են շենքի կառուցմանը, նրանք պնդում են, որ շինաշխատանքներն ապօրինի են, եւ որ նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ բնակիչները որոշ ժամանակ առաջ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով տվյալներ, ըստ որոնց՝ տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը, ապօրինաբար է օտարվել։  Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարցուվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ «Ֆիզգորոդոկում» իրականացվող շինարարության, բնակիչների բողոքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
11:55 - 10 նոյեմբերի, 2021