ԿԱՐԴԱԼԻՔ

Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Տիեզերական գաղափարը միավորում է․ ինչպես Հայաստանում ստեղծվեց «Հայասաթ-1» արբանյակը

Մոտ 3000 երիտասարդ աստղեր միասին կազմում են Բազումք ցրված աստղակույտը։ Գիշերային երկնքում անզեն աչքով էլ կարող եք տեսնել Բազումքը, իսկ ավելի կոնկրետ՝ նրա կենտրոնական մասի պայծառագույն աստղերը։ Բազումքը Հայաստանի երկնքից / լուսանկարը՝ Տիգրան Արզումանյանի / Երեք տարի առաջ, երբ Ավետիք Գրիգորյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանը և Վաչիկ Խաչատրյանը որոշեցին Հայաստանում տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնել, նրանք ուզում էին այնպիսի անվանում ընտրել իրենց լաբորատորիայի համար, որը կապ կունենա տիեզերքի հետ, կլինի հայկական և կխորհրդանշի բազում անդամներով համատեղ աշխատելու գաղափարը։ Տարբերակները շատ էին, բայց ի վերջո ընտրությունը կանգ առավ «Բազումք»-ի վրա։ Այս ամենի հիմքը դրվել էր դեռ 35 տարի առաջ՝ 1988-ին, երբ մասնագիտությամբ աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանը հիմնեց ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակն ու սկսեց դպրոցականներին օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն սովորեցնել։ ԱՅԱՍ տիեզերագիտական խմբակը / լուսանկարը՝ Ավետիք Գրիգորյանի արխիվից / Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Շահվերդյանն ու Վաչիկ Խաչատրյանն էլ ժամանակին ԱՅԱՍ-ի սաներ են եղել։ Տիեզերական խմբակը գործում է մինչև օրս ու շարունակում կրթել աշակերտներին, բայց բացի կրթությունից՝ անհրաժեշտ էր նաև Հայաստանում տիեզերական հետազոտությունների ուղղությունը զարգացնել ու դրան նոր շունչ հաղորդել։ Հենց այդ նպատակով էլ հիմնադրվեց «Բազումք»-ը։    «Կիսատիեզերական» առաքելությունը 2021-ին «Բազումք»-ում, ինչպես իրենք են ասում, երկու «կիսատիեզերական» առաքելություն իրականացրին։ Վաչիկ Խաչատրյանը պատմում է, որ դրամաշնորհ ստացան, իրենք էլ ներդրումներ արեցին ու երկու անգամ իրենց մշակած բարձր մթնոլորտային հարթակը օդապարիկով թռցրին ստրատոսֆերա՝ մինչև 30 կմ բարձրություն (ստրատոսֆերան Երկրի մակերևույթին հարող մթնոլորտային շերտին՝ տրոպոսֆերային հաջորդող շերտն է՝ 18-50 կմ բարձրությունների տիրույթում)։ «Կիսատիեզերական» առաքելությունը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ստրատոսֆերային թռիչքներից հետո արդեն հաջորդ լուրջ քայլն արբանյակն էր։ Վաղուց այդ մտքերը եղել են, խմբեր ձևավորվել են, աշխատանքներ արվել են այդ ուղղությամբ, բայց հետո առաջ չի գնացել։ Վերջապես սկսեցինք համագործակցել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի հետ, երկուստեք լավ թիմ կազմեցինք ու, միավորելով այդ թիմերը, արբանյակի պրոյեկտը լուրջ հիմքերի վրա դրեցինք: Այս թիմն արդեն պետք է հաջողեր, որովհետև թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսների առումով միավորվեցին ուժերը, ու կարողացանք այդ ամենն իրականություն դարձնել»,- ասում է Վաչիկը։   Տիեզերական գաղափարը միավորում է Մասիս Կումրիգյանը 20 տարի աշխատել է տիեզերական ոլորտում, զբաղվել արբանյակների նախագծման, պատրաստման, փորձարկման աշխատանքներով։ Մասիսը պատմում է՝ երբ երկու տարի առաջ ընտանիքով տեղափոխվեց Հայաստան, ցանկանում էր այստեղ այնպիսի գործունեություն ծավալել, որը կառնչվի իր ոլորտին։ Նա այդ ժամանակ հետքրքրված էր՝ արդյոք Հայաստանում արբանյակներ պատրաստելու կարողություններ կա՞ն, թե՞ ոչ։ Մասիսը Մասիսն արդեն «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամում էր աշխատում, երբ իմացավ «Բազումք»-ի մասին։ Հիմնադրամի հիմքերը դրվել էին դեռ յոթ տարի առաջ։ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ սփյուռքահայ գիտնականների մոտ միտք հղացավ Հայաստանում զարգացնելու օդային ռոբոտաշինությունը։ Մոտ երկու տարվա աշխատանքից հետո՝ 2018-ին, նրանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ ստեղծեցին Օդային ռոբոտաշինության լաբորատորիան։ Արդեն 2020-ի պատերազմից հետո թիմը հասկացավ, որ պետք է աշխատանքներն ավելի ինտեսիվ դարձնել, և  2021-ին ստեղծվեց  «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ը (Center for Scientific Innovation and Education, այսուհետ՝ CSIE)։ CSIE-ն նպատակ ունի Հայաստանում հիմնելու Ավտոմատացման գերազանցության կենտրոն, ինչպես նաև, օգտագործելով գիտնականների միջազգային ցանցը, կառուցելու Հայկական ռոբոտաշինության համաշխարհային կենտրոն։ Հիմնադրամն այժմ իր առջև խնդիր է դրել գիտնականներին և ուսանողներին սովորեցնել, թե ինչպես ձևակերպել առաջադեմ հետազոտական խնդիրներ և ունենալ մրցակցային մտածելակերպ։ «Բազումք»-ի և CSIE-ի թիմերը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / 2021-ի ընթացքում CSIE-ն և «Բազումք»-ը քննարկումներ ունեցան ու հանգեցին այն գաղափարին, որ պիտի միասին ստանձնեն Հայաստանում սեփական ուժերով արբանյակ ստեղծելու առաքելությունը։ Հենց այսպես էլ սկսվեց Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի պատմությունը։ Ինչու են արբանյակները կարևոր Արբանյակն օբյեկտ է, որը պտտվում է ավելի մեծ մարմնի շուրջը։ Երկիր մոլորակն, օրինակ, Արևի արբանյակն է, քանի որ պտտվում է նրա շուրջը, իսկ Լուսինը Երկրի արբանյակն է։ Սրանք բնական արբանյակներ են, բայց լինում են նաև արհեստական արբանյակներ՝ մարդկանց կողմից ստեղծված սարքեր, որոնք բաց են թողնվում տիեզերք ու պտտվում Երկրի կամ տիեզերական այլ մարմնի շուրջը։ 1950-ականներին, երբ ընթանում էր «տիեզերքը նվաճելու համար» մրցավազքը, Խորհրդային Միությունն առաջինն էր, որ 1957-ին տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը՝ «Սպուտնիկ-1»-ը։ Շատ չանցած՝ 1958-ին, Միացյալ Նահանգները ևս տիեզերք ուղարկեց իր արբանյակը։ Իսկ արդեն 1959-ին ամերիկյան Explorer 6-ից ստացվեց Երկիր մոլորակի առաջին արբանյակային լուսանկարը։ Արբանյակներն օգտագործվում են ամենատարբեր նպատակներով՝ կապ ապահվելու, Երկրի ջրային, ցամաքային ռեսուրսները վերահսկելու, տիեզերքն ուսումնասիրելու համար և ոչ միայն։ «Այս դարն առանց արբանյակների երևի թե անհնար կլիներ․ նավավարական արբանյակային համակարգերը (GPS), որ մենք ամբողջ օրն օգտագործում ենք տեղից տեղ գնալիս, կապի համակարգերը, Երկրի հեռազննումը, եղանակի տեսությունը՝ դրանք բոլորն արբանյակային տեխնոլոգիաներ են ու գնալով զարգանում են։ Հիմա ոչ թե ստեղծվում են մեկ-երկու արբանյակներ, այլ ստեղծվում են արբանյակների խմբավորումներ, որ անընդհատ կարողանան նույն տարածքը վերահսկել և կապով ապահովել։ Իլոն Մասկը հիմա Starlink-ի (SpaceX ընկերության ստեղծած արբանյակային խմբավորում,- խմբ․) պրոյեկտով ամբողջ աշխարհին ուզում է գլոբալ ինտերնետով ապհովել»,- ասում է Վաչիկը։  Իսկ ինչո՞ւ է Հայաստանի նման երկրին անհրաժեշտ սեփական արբանյակ ունենալ։ Այս հարցին պատասխանելիս Վաչիկը մեջբերում է Մասիսին․ «Հայաստանը բոլոր կողմերից շրջափակված է, վերևը բաց է»։ Վաչիկը «Այն ռեսուրսը, որ մենք ունենք վերևում, պետք է օգտագործել։ Պետք է օգտագործել այն նպատակով, որ մենք ունենանք մեր անվտանգ կապը հետագայում, արագ, ավելի օպերատիվ տվյալներ ստանանք վերևից, մեր ռեսուրսները ճիշտ մոնիտորինգ անենք՝ թե՛ ջրային, թե՛ ցամաքային, գյուղատնտեսական, թե՛ սահմանային մոնիտորինգ անենք՝ ավելի օպերատիվ տվյալներ ունենալու համար»,- ասում է Վաչիկը։ Բայց այս ամենն ունենալու և, առհասարակ, տիեզերական հետազոտությունները Հայաստանում զարգացնելու համար նախևառաջ համագործակցությունների ու փորձի փոխանակման կարիք կա։   «Քանի որ տիեզերքը բարդ ոլորտ է, այդտեղ տեխնոլոգիաներն ահագին զարգացած են, բարդ են, ու ոչ բոլորին է հասանելի այդ գիտելիքը․ դու պետք է այդ ոլորտի մեջ լինես, որոշակի ներուժ դրսևորես, նոր քեզ հետ մարդիկ ուզենան համագործակցել, գիտելիք փոխանցվի այստեղ։ Իսկ այդ գիտելիքը հետագայում ամբողջ ինդուստրիայի վրա է ազդում։ Կապերը, որոնք մենք ունենք արտասահմանում, ունենք հայրենակիցներ, որոնք աշխատում են այդ ոլորտներում և ունեն գիտելիք, եթե մենք նրանց հետ չհամագործակցենք, նրանց գիտելիքը մեզ չի օգնի»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ փաստում է՝ այս ոլորտում ամենակարևոր բաներից մեկն է համագործակցել նրանց հետ, ովքեր փորձ ունեն․ «Մենք բոլորս գիտենք, որ Իլոն Մասկը SpaceX-ը ստեղծեց և ամեն ինչ փոխեց, բայց ինքն էլ մենակը չէր կարա անել, ինքն էլ արդէն ուրիշի հիմքի վրայ է հիմնվում, ինքը NASA-ի հետ էր համագործում տարիներով, որովհետև 10 տարի առաջ ինքը հրթիռ չէր տեսած, հիմա ամենալավ հրթիռներ է սարքում։ NASA-ի հետ համագործեր էր, հիմք տուին իրեն, դրա վրայ նորարարություն ավելացուց ու համագործակցելով մի լավ բան ստացավ։ Մենք ալ նոյն բանը փորձում ենք անել, այսինքն՝ փորձը բերել, միացնել մարդոց, որ մասնագետներ են, և այդ ամենը միավորելով՝ անենք մի բան, որ Հայաստանի համար լավ արդիւնք բերե»։   Մեկը՝ երկրի վրա, մյուսը՝ տիեզերքում Որևէ արբանյակ ստեղծելուց առաջ պետք է նախ թեստային նմուշ պատրաստել, բոլոր փորձերն ու հաշվարկները դրա վրա իրականացնել, հետո այդ ամենը պրոյեկտել իրական արբանյակի վրա։ Առաջինը երկրային նմուշն է, երկրորդը՝ թռիչքային։  «Երկրային նմուշի վրա մշակվում են ծրագրերը, համակարգերը, այդ բոլորը փորձարկվում է, ինտեգրվում է և միասնական ստուգվում։ Հետո, երբ որ այդ փուլերով ամբողջական անցանք, ֆիքսում ենք, թե վերջնական աշխատող բաները որոնք են, ֆիքսում ենք, որ համակարգը ճիշտ է աշխատում, նոր դրանից հետո իրական թռիչքային նմուշն ենք բացում, տուփերից հանում, սկսում դրա մեջ ներբեռնել այդ ծրագրերը, տալ անհրաժեշտ միացումները։ Ու վերջ, այն դառնում է պատրաստի աշխատող համակարգ։ Աշխատում ենք շատ փորձեր չանել թռիչքային մոդուլի վրա»,- ասում է Վաչիկը։ Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է, որ երբ արբանյակն արդեն շահագործելիս լինեն, որևէ խնդիր առաջանա, և իրենք լուծումներ մտածեն, առաջինը փորձարկելու են երկրային նմուշի վրա․ եթե ամեն բան հաջող անցավ, նոր այդ լուծումը կկիրառեն թռչող արբանյակի համար։ «Բազումք» լաբորատորիան / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Բազումք»-ի և CSIE-ի՝ ավելի քան 10 հոգուց կազմված թիմը Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայում, մի տարի աշխատեց երկրային նմուշի վրա, այնուհետև սկսվեցին թռիչքային նմուշի հետ աշխատանքները։ Քանի որ ամեն բան փորձարկված ու հաշվարված էր, թռիչքային նմուշի հավաքումը տևեց մոտ մեկ ամիս։ Թռիչքային նմուշի հետ աշխատանքների համար պահանջվում են հատուկ պայմաններ․ արբանյակը պիտի հավաքվի մաքուր սենյակում։ Մաքուր սենյակը հատուկ լաբորատորիա է, որտեղ փոշու կոնցենտրացիան կառավարելի է, իսկ կառավարելիության աստիճանը կախված է նրանից, թե ինչ դասի մաքուր սենյակի մասին է խոսքը։ Երբ, օրինակ, ասում են 1000 դասի մաքուր սենյակ, նշանակում է, որ այդ սենյակի յուրաքանչյուր 1 ոտնաչափ խորանարդում 0,5 միկրոմետրից մեծ փոշեհատիկների թիվը չպետք է գերազանցի 1000-ը։ «Արբանյակի վրա կան զգայուն սարքեր, արևային վահանակներ, որոնք տիեզերքում պետք է աշխատեն, որ էլեկտրական հոսանք գեներացնեն, և դրանք պետք է մաքուր լինեն՝ փոշեհատիկներից զերծ, որպեսզի անխափան աշխատեն։ Հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար այդ ամեն ինչն արվում է մաքուր սենյակում»,- ասում է Վաչիկը։ Աշխատանքները մաքուր սենյակում Հենց այդ պատճառով էլ թիմը թռիչքային նմուշի հավաքման աշխատանքներն իրականացրեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մաքուր սենյակում։  «Հայասաթ-1»-ի առանձին բաղադրիչները՝  ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք էին բերվել արդեն պատրաստի վիճակում։ Այստեղ՝ Հայաստանում, իրականացվեց այդ բոլոր համակարգերի ինտեգրացիան։ Սա մանրակրկիտ ու բարդ աշխատանք է․ պետք է իրականացնել հաշվարկներ, վերլուծություններ, ծրագրավորում, և այդ ամենը պիտի այնքան ճշգրիտ լինի, որ բոլոր համակարգերը միասին անխափան աշխատեն։   Փոքր քայլ՝ մեծ քայլերին ընդառաջ «Հայասաթ-1»-ը CubeSat տեսակի արբանյակ է։ Այս անունը ծագում է անգլերեն cube (խորանարդ) և satellite (արբանյակ) բառերից: CubeSat արբանյակները փոքր չափերի պատճառով երբեմն կոչվում են նանոարբանյակներ։ «Հայասաթ-1»-ը մեկ միավորանոց արբանյակ է, այսինքն՝ խորանարդ է, որի բոլոր կողմերը 10 սանտիմետր են։ Վաչիկն ասում է՝ CubeSat ձևաչափի արբանյակն ամենահարմար տարբերակն էր սկսելու համար։ «Քանի որ այս ոլորտում մենք մեր առաջին քայլերն ենք իրականացնում, պետք է սկսել պարզից․ չի կարելի այդ քայլը բաց թողնել, միանգամից բարդ համակարգերի վրա աշխատել։ Դա կարող է անարդյունավետ լինել, որովհետև դու խնդիրները ռեալ չես պատկերացնում, նաև կարող է բերել ավելի ծախսատարության»,- ասում է նա։ «Հայասաթ-1»-ը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / Մասիսն էլ հավելում է, որ այստեղ հարցը ոչ այնքան արբանյակի բարդության աստիճանն է, որքան այն, թե ինչ էր հնարավոր անել եղած ֆինանսական ռեսուրսներով․ «Ամէնահեշտ արբանյակն է, բայց ամէնադժուար քայլն է, հետո արդէն հաջորդը ավելի հեշտ կլինի մեր համար, որովհետև հիմք ունենք»։ «Հայասաթ-1»-ը կոնկրետ նշանակության արբանյակ չէ․ սարքը տեխնոլոգիական դեմոնստրացիա է, և նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում կան արբանյակ ստեղծելու հնարավորություններ ու կարողություններ։    Արբանյակի հետ կապը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, այն յուրքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու։ Արբանյակի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ունենալ վերգետնյա կայանք և անտենաների կամ ալեհավաքների միջոցով ինֆորմացիա ստանալ ու անհրաժեշտության դեպքում հրահանգներ հաղորդել դրան։ «Պիտի հասցնես իր հետ կապ հաստատել, տվյալներ վերցնել, հրամաններ տալ, իմանալ տվյալներ իր «առողջական» վիճակի մասին, սենսորների գրանցումներով պարզել, թե որ համակարգն ինչ վիճակում է»,- ասում է Վաչիկը։ Այս նախագծի շրջանակում Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայի տարածքում, վերգետնյա կայանք է կառուցվել, որի միջոցով ապահովվելու է կապն արբանյակի հետ։ Իհարկե, բացի «Հայասաթ-1»-ի մասին գաղտնագրված տվյալներից, որոնք հասանելի են լինելու միայն թիմին, կան տվյալներ, որոնք հասանելի են լինելու բոլորին։ Զովունու վերգետնյա կայանքը / լուսանկարը՝ «Բազումք»-ի / «Ցանկացած մարդ, որ կարող է օգտվել սիրողական տիրույթի ռադիոալիքներից, կարող է այդ տվյալներն ընդունել ու տեսնել, թե իրավիճակն ինչպես է։ Մենք էլ, օրինակ, մեր վերգետնյա կայանքով կարողանում ենք ուրիշ արբանյակից տվյալ ստանալ»,- ասում է Վաչիկը։ Մասիսն էլ հավելում է՝ երբ արբանյակը տեղ հասնի, ստուգեն ու տեսնեն, որ ամեն բան կարգին է, կասեն այն հաճախականությունը, որով կարելի է ստանալ արբանյակի մասին բաց տվյալները։ Բացի «Հայասաթ-1»-ի հետ աշխատանքներից՝ Զովունու վերգետնյա կայանքը հետագայում օգտագործվելու է նաև տարբեր համագործակցությունների ժամանակ։ Այս պահին, օրինակ, Ֆրանսիական Վերսալի համալսարանի հետ քննարկումներ են ընթանում, և հնարավոր է՝ հետագայում Զովունու կայանքի միջոցով նրանց արբանյակից տվյալներ ընդունվեն ու փոխանցվեն նրանց։   Օգտակար բեռը Օգտակար բեռ (անգլերեն՝ payload) հասկացությունն ի սկզբանե օգտագործվում էր նավագնացության մեջ․ այսպես էին կոչվում այն բեռները, որոնք եկամուտ էին բերում նավերին։ Տիեզերական ոլորտում օգտակար բեռ են համարվում այն սարքերը, որոնք տարբեր առաքելությունների ժամանակ տիեզերական սարքի աշխատանքի և նրա ստացած տվյալների մասին տեղեկություններ են ուղարկում Երկիր։ «Բազումք»-ն ու CSIE-ն որոշեցին իրենց նախագծի շրջանակում պատրաստել ու «Հայասաթ-1»-ի հետ տիեզերք ուղարկել նաև օգտակար բեռ։ «Օգտակար բեռը ներառում է արբանյակի կողմնորոշման փոփոխություները չափող սարք, իսկ համադրելով նրա և որոշ այլ տվիչների ցուցմունքները՝ նաև թույլ է տալիս մոտավոր որոշել հենց կողմնորոշումը տարածության մեջ։ Մենք արբանյակի ուղեծիրը չենք կարողանում փոխել, շարժիչ չունի, բայց թե տիեզերքում ինչ կողմնորոշում ունի, կարելի է պատկերացնել այդ սարքի օգնությամբ»,- ասում է Վաչիկը։ Մասիսը կարևորում է այն հանգամանքը, որ սարքի ստեղծումը՝ նախագծումից մինչև հավաքում ու փորձարկում, ամբողջությամբ իրականացվել է Հայաստանում։ Ավետիք Գրիգորյանը Ավետիք Գրիգորյանն էլ ասում է՝ շատ կարևոր է, թե ինչպես կաշխատի սարքը տիեզերքի ծանր պայմաններում և արդյոք ճիշտ չափումներ կանի՞․ «Իր արդյունքները համեմատելու ենք արբանյակի ստանդարտ մասում եղած նմանատիպ սարքի ցուցմունքների հետ, համոզվենք՝ ինքն իրեն արդարացրե՞ց տիեզերքում, որովհետև անմիջապես տիեզերքում ուղեծրային թռիչքի ռեժիմում փորձարկված չէ։ Հենց որ փորձարկվեց ու լավ դրսևորեց իրեն, դառնում է թանկարժեք սարք»։   Տիեզերքում ռիսկերը տիեզերական մասշտաբներ ունեն «Հայասաթ-1»-ն արդեն պատրաստ է, իսկ «Բազումք»-ը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա է ստացել։ Այժմ արբանյակը պիտի ուղարկվի Նիդերլանդներ, անհրաժեշտ ստուգումներ անցնի, դրանից հետո էլ ուղևորվի SpaceX ընկերություն, որի Falcon 9 տանող հրթիռի հետ նոյեմբերին կթռչի տիեզերք։ Սև արկղում արդեն պատրաստի «Հայասաթ-1»-ը սպասում է Նիդերլանդներ ուղևորությանը Երբ «Հայասաթ-1»-ն արդեն տիեզերքում լինի, «Բազումք»-ի ու CSIE-ի համար կսկսվի  ամենդժվար ու պատասխանատու փուլերից մեկը։ Տիեզերքում ամենատարբեր խնդիրներ կարող են առաջանալ, իսկ արբանյակը իջեցնել, խնդիրները կարգավորել ու հետ ուղարկել հնարավոր չէ։ Բացի այդ՝ «Հայասաթ-1»-ը ոչ միշտ է լինելու թիմի վերահսկողության տակ, այլ միայն այն ժամանակ, երբ անցնի վերերկրյա կայանքի վերևով, հետևաբար պետք է հասցնել հրահանգներն ուղարկել ճիշտ ժամանակին և ստանալ սպասվող տվյալները։ Վերջին աշխատանքները «Հայասաթ-1»-ի հետ «Եթե հանկարծ լուրջ բան պատահի իր վրայ, եթե տեսնենք մի բանըմ վատառողջ է, ի՞նչ ենք անելու։ Այդ ամեն բաները պէտք է շատ զգոյշ պլանավորուի: Շատ սցենարներ կան տիեզերքում, որ պէտք է մտածել»,- ասում է Մասիսը։ Նրա խոսքով «Հայասաթ-1»-ից տվյալներ կվերցնեն ու այդ տվյալների հետ կաշխատեն 3-6 ամիս։ Դրանից հետո կհասկանան՝ իմաստ ունի՞ շարունակել շահագործումը, թե՞ պետք է անջատել, քանի որ հետագա շահագործումն ավելորդ ծախս է։ Կարևորն այն է, որ արբանյակը բարեհաջող տեղ հասնի ու տիեզերական խիստ պայմաններում իրեն լավ դրսևորի։   Տիեզերական առաքելությանը կարող են մասնակցել բոլորը «Հայասաթ-1»-ի, կապի վերգետնյա կայանքի և օգտակար բեռի պատրաստման աշխատանքներն իրականացվել են բացառապես «Բազումք»-ի և CSIE-ի դրամական միջոցներով։ Երկուսն էլ հիմնադրամի կարգավիճակ ունեն, և նրանց միջոցները գոյանում են մասնավոր նվիրատվություններից։ Բայց առջևում դեռ շատ ծախսեր կան․ թռիչքից առաջ արբանյակը պիտի փորձարկում անցնի Նիդերլանդներում, այդ ընթացքում Հայաստանում պիտի շարունակվեն երկրային նմուշի հետ աշխատանքները, արբանյակի արձակման համար էլ միջոցներ են անհրաժեշտ։ Թիմը reArmenia հարթակում դրամահավաք է սկսել, որի միջոցով և՛ հանրությանն իրազեկելու է նախագծի մասին, և՛ միջոցներ է հայթայթելու հետագա աշխատանքների համար։ Վաչիկը մաքուր սենյակում «Թռիչքը անկախ Հայաստանի համար պատմական իրադարձություն է։ Մենք շատ ենք ուզում, որ այդ իրադարձությանը մաս կազմեն սովորական մարդիկ, կարողանան մասնակցել ընկերություններ, անհատներ ու իրենց լուման ունենան նախագծի հաջողության մեջ, ավելի ոգևորվեն, տարածեն, ու ավելի կարևորությունը ընդգծվի»,- ասում է Վաչիկը։  Ավետիք Գրիգորյանն էլ հավելում է․ «Երբ հանրությունը չի հավատում կամ թերագնահատում է, ասում է՝ խաղալիք է, իսկ հետո երբ տեսնում է, որ, այո՛, կարողանում են մերոնք դա անել, և ինքն էլ մասնակցում է, ասում է՝ տես, ես էլ մասնակցեցի, ու դրա շնորհիվ իրականություն դարձավ, իր մոտ էլ է հավատ առաջանում նաև ի՛ր ուժերի, ի՛ր մասնակցության նշանակության հանդեպ։ Հանրային ոգեշնչումը դրամահավաքի առաջին նպատակն է, ոչ թե երկրորդ, երրորդ»։ Մասիսն ասում է՝ աշխարհում այսպիսի նախագծերն իրականացնում են կա՛մ կառավարությունները, կա՛մ մասնավոր ներդրողները։ Իրենք չսպասեցին ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին․ «Ռիսկը մենք վերցուցինք, բոլորովին ռիսկը մեր վրայ է, որ էսի անենք, աշխատցնենք, ցոյց տանք, որ Հայաստանում կարելի է էս տեսակի համակարգեր ստեղծել։ Կինո չէ, իրականում կարելի է։ Ու մյուսները որ տեսան՝ ռիսկը վերցուցինք ու մի տեղ հասանք, արդէն սկսեն աջակցել, ու էսի դառնա Հայաստանի համար լուրջ ոլորտ»։ / Լուսանկարը՝ «Բազումք»-ի / Նախագիծն իրականացնելու ընթացքում Հայաստանի և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական համայնքն, ինչով կարողացել է, օգնել է թիմին, խորհուրդներ տվել, որ ամեն բան հաջող ընթանա։ Այժմ «Բազումք»-ի ու CSIE-ի սկսած առաքելությանը կարող են մաս դառնալ բոլորը։ Իսկ այս ամենի արդյունքում մենք նոյեմբերին ականատես կդառնանք, թե ինչպես Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հասավ տիեզերք։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԼուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
20:28 - 10 սեպտեմբերի, 2023
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները

Երևանում, արդեն 10 տարի է՝ ավտոմեքենաների կայանման համար, բացի անվճար կայանատեղիներից, կան նաև վճարովի կայանատեղիներ, որոնք եզրագծված են կարմիր գույնով։ Այս կայանատեղիներից օգտվելու համար վճարումը կարելի է իրականացնել մի քանի տարբերակով։ Առաջին տարբերակի դեպքում վարորդները մի քանի ժամով կամ մեկ օրով կայանում են իրենց մեքենան ու դրա դիմաց վճարում։ Մյուս տարբերակը ամսական կամ տարեկան փաթեթ գնելն է․ սա նշանակում է, որ վարորդները իրենց վճարած ժամանակահատվածի համար հնարավորություն են ստանում մեքենան կայանելու Երևան քաղաքի բոլոր վճարովի կայանատեղիներում։  Սակայն վերջին շրջանում վարորդներից հաճախ կարող ենք լսել բողոքներ, որ հատկապես առավոտյան ժամերին վճարովի կայանատեղիներում կայանել չի ստացվում։ Բանն այն է, որ երբ վարորդները փորձում են մեքենաները կայանել, պարզվում է, որ  անհայտ անձինք տարբեր առարկաներով (աթոռներ, մետաղյա իրեր և այլն) փակել են կարմիրով եզրագծված կայանատեղին՝ անհնար դարձնելով կայանումը։  Ստացվում է, որ վարորդները գումար են վճարում, փաթեթ գնում, բայց ոչ միշտ են կարողանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվել։ Եվ պատճառն ամենևին էլ այն չէ, որ այնտեղ արդեն այլ մեքենաներ են կայանված․ կայանատեղիներում պարզապես տեղադրված են իրեր, որոնք խոչընդոտում են այնտեղ մեքենաների մուտքը։ Infocom-ը փորձել է հասկանալ՝ որ կառույցն է պատասխանատու Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու համար, կայանմանը խոչընդոտող իրերի առկայության դեպքում ով պետք է վերացնի խնդիրը, և իրավական ինչ կարգավորումներ կան։   Մեր արձանագրած խախտումները Մենք հուլիսի 8-13-ը՝ առավոտյան 7։30-9։30-ն ընկած ժամանակահատվածում, մոնիտորինգ ենք իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում։ Շրջել ենք Աբովյան, Ամիրյան, Սարյան, Մոսկովյան, Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Չարենցի և Տերյան փողոցներում, ինչպես նաև Սախարովի և Հանրապետության հրապարակներում։ Արդյունքում արձանագրել ենք 6 դեպք, երբ վճարովի  կայանատեղիներում եղել են արկղեր, ինքնագլորներ, Քաղաքապետարանի կողմից բեռնաթափված շինարարական ավազ՝ առանց զգուշացման նշանի, մետաղյա իրեր և այլն։   Տերյան փողոց /արկղեր/    Մոսկովյան փողոց /Քաղաքապետարանը մայթերի վերանորոգման համար շինարարական ավազ էր լցրել կարմիր գծերի հատվածում, չկային նախազգուշացնող վահանակներ/   Թումանյան փողոց /աթոռներ և արկղեր/ Այս քարտեզի վրա կարող եք տեսնել Կենտրոն քաղաքի բոլոր վճարովի ավտոկայանատեղիները․ կապույտով են նշված այն փողոցները, որոնք ունեն վճարովի ավտոկայանատեղի, դեղինով նշված են փողոցները, որտեղ այցելել ենք մոնիտորինգի ընթացքում, կարմիրով առանձնացված են այդ փողոցների այն հատվածները, որտեղ վճարովի ավտոկայանատեղիներն են,  կանաչ կետերն էլ մեր հայտնաբերած խախտումներն են (սեղմելով յուրաքանչյուր կետին՝ կարող եք տեսնել արձանագրված խախտումները)։ Վարորդներից հնչող բողոքների և մեր անձանագրած դեպքերի համատեքստում առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխաններն էլ փորձել ենք ստանալ՝ արդյոք օրենքի խախտում չէ՞ կայանատեղիներում նման իրեր տեղադրելը, ո՞ր կառույցն է պատասխանատու կայանատեղիներում վերահսկողության և խոչընդոտների վերացման համար, կայանատեղիում խոչընդոտ տեղադրած քաղաքացիները ենթարկվո՞ւմ են պատասխանատվության։    Վճարովի ավտոկայանատեղիների սպասարկում․ մրցույթի հայտարարումից մինչև քաղաքապետարանի լիազորությունների անցում Ավտոտրանսպորտային միջոցների կայանման կանոնակարգման համար 2011 թվականին Կառավարությունը որոշեց օրենքով սահմանել վճարովի ավտոկայանման տուրքերը, իսկ 2012 թվականին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեցին վճարովի կայանման նորմերը։  2012 թվականի դեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Գնման հայտարարությունում մրցույթի մասնակիցների որակավորման չափանիշների վերաբերյալ պահանջներում քաղաքապետարանը նշում էր, որ ծառայությունը մատուցող ընկերությունը պետք է ունենա 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ կայանատեղերի սպասարկման ոլորտում (GPS համակարգերով մոնիտորինգ)։ 2013 թվականի ապրիլին մրցակցային երկխոսության ձևով մրցույթում հաղթող ճանաչվեց «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունների կոնսորցիումը։  Հետաքրքիր է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին՝ մրցույթը հայտարարելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Վազգեն Հարությունյանը։ Իսկ կոնսորցիումի մաս կազմող «Լոկատոր» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2007 թվականի ապրիլի 16-ին։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Արման Խաչատրյանը։ Ընկերությունը զբաղվում է կառավարման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ, աշխարհագրական տեեկատվական համակարգերի (GIS) ոլորտին վերաբերող ծրագրային ապահովման մշակմամբ։ «Փարկինգ սիթի սերվիս»-ը 2012-ին հայտարարված մրցույթում հաղթելուց հետո պարտավորվեց  իրականացնել Երևան քաղաքի ավագանու սահմանած փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղերի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում:  2014  թվականի հունիսին «Փարկինգ սիթի սերվիս»-ը  հայտարարեց ընկերության իր բաժնեմասերը վաճառելու մասին։  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող, մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասվում էր հայտարարության մեջ: Արդեն 2016 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր Տիգրան Հարությունյանն իր բաժնեմասերը նվիրաբերեց Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանն էլ որոշում ընդունեց «Փարկինգ սիթի սերվիս»-ի բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին և նրա հետ կնքել պայմանագիր մինչև 10 տարի ժամկետով։ Քաղաքապետարանը  նաև պարտավորվեց ստանձնել  «Փարկինգ սիթի սերվիս»-ի ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը դրանք հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով գնահատելուց հետո։  2017 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավեր է միչև 2026  թվականը։ Այս պայմանագրով, փաստորեն, արդեն քաղաքապետարանին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը շարունակելու էր իրականացնել վճարովի կայանատեղիների սպասարկումը։ Համաձայն նոր պայմանագրի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը բյուջեից տարեկան ստանում է 360  մլն դրամ՝ իր պարտավորությունները կատարելու համար։ Ըստ պայմանագրի՝ կարմիր գծերով նշված վայրերում կայանման համար վարորդները վճարում են առավոտյան 9-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածի համար։ Գծանշման վայրերը որոշում է Երևանի ավագանին, իսկ վերահսկումը իրականացնում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը՝ տեսախցիկներով։ Կայանատեղիների մոտակայքում պետք է դրված լինեն վճարման տերմինալներ։ Եվ, որ ամենակարևորն է, պայմանագրի համաձայն, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պետք է ապահովի ավտոմեքնաների անխոչընդոտ մուտքն ու ելքը  կայանատեղի։    Կանգնակներ տեղադրելն օրենքով արգելվում է  Ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանը հարցմանը օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չպատասխանեց, իսկ լրացուցիչ 30-օրյա ժամկետ չխնդրեց։ Այսպիսով, մեր հարցման պատասխանը ստացանք 2 օր ուշացումով։  Հարցման պատասխանում նշվում էր, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ ճանապարհային նշաններ տեղադրելը առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով (25 հազար դրամ), իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը։ Թողնելու դեպքում քաղաքացին տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), իսկ գործերը քննում է Ոստիկանությունը։  Այսպիսով, օրենքն արգելում է ճանապարհին թողնել այնպիսի իրեր, որոնք կխոչընդոտեն ճանապարհային երթևեկությունը։ Բայց քաղաքապետարանի պատասխանից պարզ չի դառնում, թե ով է պատասխանատու խախտումը կանխարգելելու համար, և ով պետք է նմանատիպ խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնի։  Այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց նաև Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի՝ մեր հետ զրույցում․ նա միայն նշեց, որ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը քաղքապետարանին ծառայություններ է մատուցում և վերահսկող գործառույթով օժտված չէ, այդ հարցով Ճանապարհային ոստիկանությունն է իրավասու տուգանել քաղաքացիներին։  Հիշեցնենք, որ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի 3-րդ կետի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիները։ Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշում է՝ պայմանագրով սահմանված այս կետը ենթադրում է նաև հետևել, որ կանգնակներ չտեղադրվեն, ինչը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում։  Այս համատեքստում այնքան էլ արժանահավատ չի թվում Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պնդումը, թե «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վերահոսկող գործառույթ չունի։ Պայմանագրով փաստացի սահմանված է, որ ընկերությունը պիտի ապահովի տրանսպորտային միջոցների մատչելի և անվտանգ մուտքն ավտոկայանատեղի, մինչդեռ չի ապահովում․ ավտոկայանատեղիներում տեղադրված առարկաները խոչընդոտում են մեքենաների առնվազն մատչելի մուտքը։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, նշեցին, որ վերջին 3 ամսում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 27 դեպք են հայտնաբերել, վարչական արձանագրություն կազմել։ Բայց Ոստիկանությունից այդպես էլ  չկարողացան հստակեցնել, թե հայտնաբերված դեպքերից քանիսն են եղել կայանատեղիներում, քանի որ հավաքագրած տվյալներ չունեին։ Հետաքրքիր է, որ Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանի մեր հետ զրույցից մի քանի օր հետո քաղաքապետարանը հրապարակեց մի հոլովակ, որում ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Գյուլզադյանի հետ քաղաքի տարբեր հատվածներում կայանման համար նախատեսված վայրերից հավաքում էին կանգնակները, տուգանում տնտեսվարողներին։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 17-ին, քաղաքապետարանը հրապարակեց ևս մի հոլովակ։ Այս անգամ էլ տուգանում էին ավտոկայանատեղերում կայանման համար գումար վերցնող քաղաքացիներին, հեռացնում փողոցներում և բակերում նրանց տեղադրած իրերը, որոնք խոչընդոտում էին կայանումը։   «Փարկինգ Սիթի Սերվիս»-ին առնչվող քրեական գործը կարճվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով Այս համատեքստում հետաքրքիր է նաև հետևյալ փաստը․ երբ 2016-ին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 100% բաժնեմասը նվիրաբերվեց Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանը պարտավորվեց ստանձնել ընկերության ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը։  Մի քանի տարի անց՝ 2019-ի օգոստոսին, Դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այդ ժամանակ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որը 1.051.113.700 մլն ՀՀ դրամով ավելի է իրական արժեքից։ Ըստ Դատախազության՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում: «Այսինքն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։ Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասվում էր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ պարզվել էր, որ  ընկերության պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկի և հավելավճարների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վերանորոգման համար գումարների դուրսգրման և այդ տրանսպորտային միջոցների վառելիքի գումար դուրս գրելով  20.714.515 ՀՀ դրամ վնաս են պաճառել քաղաքային բյուջեին։ Պաշտոնական լիազորությունները չարաշահելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հետևանքով դեպքի արթիվ Երևանի դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել։ Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ ներգրավվել էին Միխաիլ Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն), Տիգրան Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում) և Վազգեն Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում)։ Դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2022 թ․ հունվարին գործը կարճվել է, մեղադրյալների նկատմամբ հետապնդումն էլ դադարեցվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով։  Հետաքրքիր է, որ գործը կարճվելուց շատ չանցած՝ 2023-ի մայիսին, Վազգեն Հարությունյանը, որը 2018-ից «Փարկինգ սիթի սերվիս»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր (մինչև 2018-ը, հիշեցնենք, նա ընկերության տնօրենն էր),  նշանակվեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հենց նրա հետ էլ զրուցել էինք մենք՝ մեր արձանագրած խնդրի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով:   Ամփոփում Այսպիսով, վարորդները շարունակում են վճարովի ավտոկայանատեղիներում կայանելիս խոչընդոտների հանդիպել այն դեպքում, երբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը ունի  պայմանագրային պարտավորություն՝ ապահովելու տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիներ։ Իսկ ոստիկանությունն ու քաղաքապետարանը բավարարվում են միայն երբեմն ստուգայցեր իրականացնելով։   Գլխավոր լուսանկարում` Սախարովի հրապարակի վճարովի ավտոկայանատեղին /լուսանկարն արվել է՝ 31.08.2023թ./ Պայմանավորված առավոտյան լույսով լուսանկարում կարմիր գծերի գույնը արտահայտիչ չէր, այդ պատճառով  photoshop-ով գույնն ավելի արտահայտիչ ենք դարձրել: Ջուլիետտա Հովհաննիսյան
23:38 - 09 սեպտեմբերի, 2023
Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Գիտությունն ընդդեմ վիրուսների․ Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայից ներս

Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։ Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։  Հայաստան վերադառնալուց հետո՝ 2016-ին, նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծեց Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման գիտական խումբը, որը սկսեց զբաղվել նոր քիմիական միացությունների հակավիրուսային ակտիվության ուսումնասիրությամբ։ Ձևավորման պահին խմբում կար երեք հոգի։ Թիմը սկսեց փնտրել քիմիական միացություններ, որոնք արդյունավետ կլինեին խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ։ Ժամանակի ընթացքում խումբը համալրվեց նոր անդամներով և 2020-ին ստացավ լաբորատորիայի կարգավիճակ՝ դառնալով Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիա։ Այժմ թիմում կա ութ հոգի՝ բակալավրիատի ուսանողից մինչև գիտության թեկնածու։ Իսկ թե ինչով է զբաղվում Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիան, կարող եք կարդալ «Լաբորատորիայից ներս» շարքի նոր հոդվածում:   Հեղինակ՝ Աննա ՍահակյանՏեսանյութը՝ Ռոման ԱբովյանիԼուսանկարները՝ Սարգիս Խարազյանի, Ռոման Աբովյանի և Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:17 - 05 սեպտեմբերի, 2023
Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։ Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։ Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։ Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։ «Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։ Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։ Հայարփի Բաղդասարյան
12:59 - 04 սեպտեմբերի, 2023
Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ներքին գործերի նախարարն օգոստոսի 28-ին ստորագրել է բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Այն հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 31-ին։ Որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել քննությունը Ըստ սահմանված կարգի՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն Հայաստանի հրաձգության ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։ Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար պետք է գրավոր դիմի ՀՀ ՆԳ նախարարին, որին կից ներկայացնի համապատասխան լիցենզիան։ Իսկ ՆԳ նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ պետք է բավարարի դիմումը կամ գրավոր մերժի՝ նշելով պատճառը։  Կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։ Ինչպես կարող է քաղաքացին մասնակցել քննությանը Քննություններին մասնակցելու նպատակով վերը նշված կազմակերպություններ կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:   Քննություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է դիմի կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։ Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է ՀՀ ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ: Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը հաստատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում:  Քննությունների ընդհանուր վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը։  Ինչպես են անցկացվում քննությունները Քննությունները երկուսն են՝ տեսական եւ գործնական։ Տեսական քննությունը Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Հարցատոմսը լրացնելու համար քաղաքացուն տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է:  Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց։  Գործնական քննությունը Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու յոթերորդ օրը։ Իսկ  գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար, 3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց։ Վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում 3 գնահատականը:  Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքները, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:  Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։  Քննության վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պաշտոնական փաստաթղթում։ Նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։
15:51 - 01 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության աշխատակազմը փաստացի խուսափեց պատասխանել հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Կառավարությունից հուլիսի 20-ին ուղարկած մեր գրավոր հարցմանը ժամկետի խախտումով չպատասխանեցին, հետո մեկնաբանեցին, թե 30-օրյա ժամկետում պատասխանելու գրություն են ուղարկել, որը մենք փաստացի չէինք ստացել, ապա ուղարկեցին 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին գրության մի ֆայլ, որտեղ սխալ ամսաթիվ էր նշված, եւ, ի վերջո, ոչ ի սկզբանե ուղարկած գրության ֆայլը եւ ոչ էլ հարցման պատասխանը չուղարկեցին՝ չնայած հավաստիացմանը, որ պատասխանը կստանանք։  Կառավարությունից այս հարցին պատասխան չստանալուց հետո Infocom-ը գրավոր հարցում ուղարկեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։  ՀՀ ԱԳՆ աշխատակազմից, թեեւ պատասխան ուղարկել են, սակայն այն չի բովանդակում մեր հարցի վերաբերյալ տեղեկություն։ ԱԳՆ-ից, մասնավորապես, ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից ի վեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն՝ համաձայն ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների: Թեեւ ԱԳՆ պատասխանը բավականին երկար է, եւ չնայած infocom.am-ը հետեւողականորեն լուսաբանում է գերատեսչության աշխատանքը, այդուհանդերձ ներկայացնում ենք արտգործնախարարության տեքստն ամբողջությամբ եւ, իհարկե, առանց բովանդակային խմբագրման, որպեսզի տեսանելի լինի, որ մեր բարձրացրած հարցին որեւէ պարբերության մեջ հստակ անդրադարձ չկա։ ԱԳՆ «կիսապատասխանը» Այսպես, ԱԳՆ-ից հիշեցրել են, որ այս տարվա օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահարթ նիստ գումարելու պահանջով, իսկ օգոստոսի 16-ին արդեն տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը։ Մինչ այդ, ինչպես նշել են ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ կողմից որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթեր շրջանառվել են ավելի քան 20 նամակներ եւ հայտարարություններ՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ԼՂ-ում հումանիտար վիճակի, ռազմագերիների վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այլ խնդիրների վերաբերյալ․ «Բացի այդ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի, Զարգացման ծրագրի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարներին փոխանցվել են ՀՀ ԱԳ նախարարի եւ ՀՀ այլ գերատեսչությունների ղեկավարների նամակները»,- հավելել են նախարարությունից՝ հիշեցնելով նաեւ, որ 2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը: ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԽ նախագահին հասցեագրած՝ հուլիսի 12-ի իր նամակում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա՝ կարեւորելով ԱԽ կողմից հրատապ ու արդյունավետ միջոցների ձեռնարկումն ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտման՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների կատարումը եւ Լաչինի միջանցքով անձանց, ավտոմեքենաների ու բեռների ազատ տեղաշարժի վերականգնումը: «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես սննդի ու այլ կենսական ապրանքների պակասին եւ թերսնման խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը օգոուտոսի 3-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի եւ հակամարտության հետեւանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկման ընթացքում իր ելույթում՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները»,- ասված է ԱԳՆ պատասխանում: Արտաքին քաղաքական գերատեսչությունից, իհարկե, հավաստիացրել են, որ Հայաստանը շարունակում է հետեւողական աշխատանքները ՄԱԿ ԱԽ անդամների հետ՝ իրազեկելու ԼՂ-ում հումանիտար եւ մարդու իրավունքների իրավիճակի ու Ադրբեջանի ապօրինի գործողություններից բխող միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ՝ ապահովելու Անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնման եւ ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ անխափան հումանիտար մուտքի ուղղությամբ: «Միեւնույն ժամանակ Հայաստանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անվտանգ եւ անխափան հումանիտար գործունեությանը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»: ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ նշյալ ժամանակահատվածում ԵԱՀԿ ՀՀ ՄՆ կողմից հնչել են եւս 9 հայտարարություններ, որոնք, ըստ ԵԱՀԿ կանոնակարգի, ենթակա չեն հանրայնացման: «Եվրոպայի խորհրդի քարտուղարություն են փոխանցվել ՀՀ եւ Լեռնային Ղսրաբաղի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները, Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի նամակները՝ խնդրելով այդ փաստաթղթերը տարածել որպես ԵԽ Նախարարների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր: Նախարարների կոմիտեի կանոնների համաձայն՝ տվյալ փաստաթղթերը, սակայն, ենթակա չեն հրապարակման»,- նշված է պատասխանում: ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում կայացած կանոնադրական մարմինների նիստերի եւ այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների ժամանակ ՀՀ պատվիրակուրյան ղեկավարներն համապատասխան ժամանակահատվածում իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման եւ վերջինիս հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցերին: Նշել են նաեւ, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում հավատարմագրման երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ եւ փոխանցում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը նկարագրող եւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր, դեսպանները հանդես են գալիս ելույթներով եւ հարցազրույցներով․ «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ անձնակազմերի հետ շփումների ընթացքում պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ»: Գերատեսչությունից հաղորդել են, որ ԱԳՆ միջոցով փոխանցվել են ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, համապատասխան բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ պատգամավորների նամակները՝ հասցեագրված իրենց գործընկերներին՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով, իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակել են ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացնող ավելի քան 2000 հոդվածներ: «Հայկական կողմն իր ամենօրյա աշխատանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես հունիսի 15-ից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման ու ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցման վրա, ի խախտումն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի՝ շեշտելով, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ»,- եզչափակել են ԱԳՆ-ից: ՄԻՊ արձագանքը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ նույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից շեշտել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանափակվում է վերը նշված մարմինների ու անձանց, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների շրջանակով, ինչից ելնելով մեր վկայակոչված խնդիրն ուղղակիորեն վերաբերելի չէ Պաշտպանի լիազորությունների շրջանակին․ «Միաժամանակ, հաշվի առնելով Արցախում բնակվող էթնիկ հայերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման կարեւորությունը՝ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում, վերլուծում եւ ամփոփում է նշված իրավունքների, ներառյալ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումները՝ դրանք ներկայացնելով մարդու իրավումքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին: Այդ համատեքստում փորձ է կատարվում նպաստել անձանց խախտված իրավունքների վերականգմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- նշել են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ նշված դերակատարների հետ հաղորդակցությունը կրում է խորհրդապահական բնույթ, սակայն դրա մանրամասները չեն կարող ներկայացնել: ՄԻՊ աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից կազմվել եւ հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները ներկայացնող 4 արտահերթ հրապարակային զեկույց, որոնցում ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակիան հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ ամփոփվել եւ վերլուծվել է ադրբեջանական պաշտոնատար անձանց հայատյաց խոսույթը․ «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն ու հումանիտար ճգնաժամի զարգացումը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս առնչությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալները որոշակի պարբերականությամբ ներկայացվում են մարդու իրավունքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին՝ փորձելով նշված դերակատարաների հետ ակտիվ համագործակցության միջոցով լուծել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները»,- ամփոփել են ՄԻՊ աշխատակազմից: Այսպիսով, ի տարբերություն ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ից պատասխան, այնուամենայնիվ ստացանք, սակայն այդ պատասխանում եւս չկար որեւէ հստակ տեղեկություն այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադաձնելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ պատասխանը բովանդակում է տեղեկություններ այն մասին, թե ինչ քայլեր են իրականացվել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն։ Իսկ ՄԻՊ աշխատակազմից ներկայացրել են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրենց կատարած աշխատանքները։ Հայարփի Բաղդասարյան
13:50 - 01 սեպտեմբերի, 2023
Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 2021 թվականի ընթացքում վերջինս իրականացրել է առնվազն 65․5 միլիոն դրամի ծախս, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ Հայտարարագրում, համենայն դեպս, ծախսերի այս մասի վերաբերյալ նշումներ առկա չեն։ Ղազարյանը պնդում է, որ այդ գումարի գերակշիռ մասը ներդրվել է որպես ավանդ։ Նրա հետ գրավոր հարցուպատասխանը, սակայն, կասկածներ է առաջ բերում նաև ավանդի ներդրման ժամկետների վերաբերյալ։   Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է դարձել 2023-ի փետրվարին։ Մինչ այդ նա եղել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ դրանից առաջ՝  Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2021-ի տարեկան հայտարարագրում Խաչիկ Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում ստացել է 114․3 միլիոն դրամի եկամուտ, որից 68 հազար դոլարը նվիրատվություն է հորից՝ Կարապետ Ղազարյանից, մոտ 1․8 միլիոն դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է, 79․2 միլիոն դրամը ստացվել է բնակարանի օտարումից, և մոտ 5,6 միլիոն դրամը՝ աշխատավարձից։ Հետաքրքրական է, որ հայտարարագրում ընդհանուր եկամուտները՝ դրամական արտահայտությամբ, հաշվարկվել են 114․3 միլիոն դրամ։ Եթե ընդհանուր եկամուտներից հանենք ՀՀ դրամով արտահայտված եկամուտները, կստացվի, որ 68 000 ԱՄՆ դոլարը, արտահայտված ՀՀ դրամով, կազմում է մոտ 27․9 միլիոն դրամ։ Այսինքն՝ հաշվարկային դոլար-դրամ փոխարժեք է ընդունվել 409․63 դրամը։ Սա այն դեպքում, որ 2021 թվականին Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն փոխարժեքը եղել է 475․19 դրամ։ Եթե 68 000 դրամը այս փոխարժեքով փորձենք վերածել դրամի, կստացվի 32․3 միլիոն դրամ՝ հաշվարկվածից մոտ 4․5 միլիոնով ավելի։ Բացի այդ՝ հայտարարագրից պարզ է դառնում, որ Խաչիկ Ղազարյանը 2021 թվականի ընթացքում 6 միլիոն դրամով ձեռք է բերել, այնուհետև 6․5 միլիոն դրամով վաճառել է LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, սակայն, վերջինս չի հայտարարագրել որպես 2021 թվականին ստացված եկամուտ։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։  «Դա, սակայն, հանդիսանալով պետական գրանցում պահանջող գործարք, ֆիքսվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից, ինչպես նաև ինքնին արտացոլված է եղել համապատասխան հայտարարագրում»,- նշել է դատավորը։ Այսպիսով, Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի եկամուտները հայտարարագրի եկամուտների բաժնում ներկայացվածից փաստացի ավելի են առնվազն 11 միլիոն դրամով (4.5 միլիոն դրամ՝ դոլար-դրամ փոխարժեքի տարբերությունից, ինչպես նաև 6․5 միլիոն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտի չհայտարարագրումից) և կազմում են 125․3 միլիոն դրամ։  Այս եկամուտներից եթե հանենք տարվա ընթացքում ձեռքբերված LEXUS մակնիշի ավտոմեքենայի գինը (6 միլիոն դրամ), հանձնած փոխառությունները (մոտ 26.4 միլիոն դրամ), հայտարարագրած ծախսերը (մոտ 3․9 միլիոն դրամ) և առկա դրամական միջոցների աճը (44 000 ԱՄՆ դոլար (առավելագույնը՝ 23․6 միլիոն դրամ)), ապա կստացվի, որ 2021 թվականի ընթացքում Խաչիկ Ղազարյանը ծախսել է առնվազն 65․4 միլիոն դրամ, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Ղազարյանին՝ մանրամասնելու, թե այդ գումարն ինչ ուղղություններով է ծախսվել, և արդյո՞ք գումարն այնպես է ծախսվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 մլն դրամի միանվագ ծախսը։ Խաչիկ Ղազարյանը պատասխանել է․ «․․․ նշված գումարը չի ծախսվել ամբողջությամբ, քանի որ դրա գերակշիռ մասը՝ 110 000 ԱՄՆ դոլարը, ինչպես նշված է համապատասխան հայտարարագրում, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ, իսկ մնացյալ գումարի ծախսը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել միանվագ 2 միլիոն ՀՀ դրամը»։  Ղազարյանի այս պատասխանը առաջ է բերում նոր հարցեր։ Բանն այն է, որ համաձայն Խաչիկ Ղազարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) Ղազարյանն արդեն իսկ ունեցել է ներդրված 110 000 ԱՄՆ դոլարի ավանդ, որն առանց փոփոխության առկա է նաև տարեվերջի դրությամբ։ Հետևաբար այն չէր կարող ներդրվել 2021 թվականի ընթացքում, և դրա գումարը չէր կարող ձևավորվել տարվա ընթացքում ստացված եկամուտներից։ Նոր գրավոր հարցմամբ Խաչիկ Ղազարյանից հետաքրքրվել ենք, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը։ Այս անգամ վերջինս հայտնել է․ «․․․ հիշյալ  110 000 ԱՄՆ դոլարը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ 15․04․2021 թվականին։ Այսինքն, 2022 թվականի ընթացքում՝ օրենքով սահմանված ժամկետում, տարեկան հայտարարագիրը լրացնելիս համապատասխան պատուհանում նշված գումարի՝ որպես տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը հանդիսանում է վրիպակ։ Նշվածի մասին է վկայում նաև այն, որ հիշյալ գումարի՝ որպես ավանդ ներդրված լինելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ 2020 թվականի տարեկան հայտարարագրում»։ Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ, Խաչիկ Ղազարյանը հղում է կատարում 2020 թվականի տարեկան հայտարարագրին, որը, սակայն, առկա չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։ Ավելին, այս տարվա մայիսին «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ հրապարակում, որի պատրաստման ընթացքում, մեր հարցերին ի պատասխան, վերջինս նշել էր, որ ինքը 2021 թվականին Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է եղել այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ, և այդ դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։ Սակայն 2020 թվականին Խաչիկ Ղազարյանն առանց համատեղության զբաղեցրել է հենց այն պաշտոնը (Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ), որը զբաղեցնող անձը, ինչպես ինքն է ներկայացնում, հայտարարագրման պարտավորություն չունի։  Հայտարարագրի ռեեստրում 2020 թվականի հայտարարագրի բացակայությունն ու այս մեկնաբանությունը անհասկանալի են դարձնում, թե ինչ հայտարարագրի է հղվում Խաչիկ Ղազարյանը։  Ինչպես արդեն նշեցինք, նախկինում «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ դրվագ․ նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողով չէր ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնի ստանձման կամ դադարեցման և 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Սա Ղազարյանը հիմնավորել էր տեխնիկական անհնարինությամբ։  «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրել էր Ղազարյանը։ Թեպետ ԿԿՀ-ն արդեն հայտարարագրման նոր համակագ է ներդրել, բայց Պետրոսյանի՝ 2021-ի տարեկան հայտարարգիրը դեռևս առկա չէ հայտարարագրերի ռեեստրում։   Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:33 - 31 օգոստոսի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքի մեկնարկից մեկ տարի անց դրա գործերը, չնայած օրենքի պահանջին, Datalex-ում դեռ հասանելի չեն

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը պահանջում է դատական համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահություն, ինչը առկա պայմաններում բացակայում է։ Ի թիվս մի շարք այլ փաստարկների, իշխանությունները նաեւ այսպես էին հիմնավորում ՀՀ-ում նոր՝ Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրերս լրացավ այդ դատարանի գործունեության մեկ տարին, եւ ենթադրվում էր, որ գոնե այդ մեկ տարվա ընթացքում պիտի լուծված լինեին դատարանի գործունեության հետ կապված այն խնդիրները, որ նախապես լուծում չէին ստացել, սակայն կարեւոր խնդիրներից մեկը, որ առնչվում է վարույթի հրապարակայնությանը, մինչ օրս մնում է առկախված։ Դատարանների նկատմամբ հանրության վստահության համատեքստում հրապարակայնությունն առանձնահատուկ տեղ ունի, քանի որ այն ժողովրդավար հասարակություններում արդարադատության իրականացումը տեսանելի դարձնելու հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս հասարակական հսկողության տակ պահել դատարանների աշխատանքը։ Ինչպես ռուս իրավաբան Միխայիլ Դուխովսկին է նշել՝ արդարադատությունը հանրային աշխատանք է եւ իրականացվում է՝ հանրային շահերից ելնելով, իսկ այդպիսի ցանկացած գործունեություն իր էությամբ պետք է լինի հրապարակային՝ հասարակական կարծիքի եւ մամուլի հսկողության ներքո։ Այս տրամաբանությամբ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված է, որ դատարանում գործերի քննությունն իրականացվում է դռնբաց (բացառությամբ դռնփակ նիստ անցկացնելու՝ օրենքով սահմանված հիմքերի), իսկ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ ենթակա են հրապարակման Դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex.am-ում (այսուհետ՝ նաեւ Համակարգ): Հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է կոռուպցիոն հանցագործությունները եւ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը (պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի գույքի բռնագանձման հայցերը), թեեւ դռնբաց քննություն իրականացվում է, սակայն հրապարակման ենթակա ողջ տեղեկությունները չեն հրապարակվում: Պատճառը Datalex.am-ում Հակակոռուպցիոն դատարանի ենթաբաժնի շարունակական բացակայությունն է։ Infocom-ը դեռ ամիսներ առաջ՝ մարտին էր անդրադարձել այս խնդրին՝ պատասխանատու կառույցներից փորձելով հասկանալ, թե որն է դրա պատճառը, եւ ինչ քայլեր են ձեռնարկվում օրենքի պահանջն ապահովելու համար։ Datalex․am-ը սպասարկող ընկերությունից, լսելով խնդրի մասին, զարմացել էին՝ խոստանալով շտկել այն, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենը, խնդիրը պայմանավորել էր տեխնիկական եւ ծրագրային համապատասխան աշխատանքների անհրաժեշտությամբ՝ նշելով, որ իրականացվում են Համակարգում համապատասխան գործիքակազմի նախատեսում եւ քննվող գործերի ենթաբաժնի ստեղծում, որոնցով դրանց ընթացքի վերաբերյալ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում առկա տեղեկությունները կլինեն հասանելի։ Այսինքն՝ դատարանների գործավարությունն ապահովող համակարգչային ծրագրում նորաստեղծ դատարանը ներդրված էր, տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում էին, սակայն  Datalex.am չէին փոխանցվում եւ չէին հրապարակայնացվում։  Ըստ Դեպարտամենտի՝ ծրագրային լուծումները թեստավորման փուլում են Օգոստոսի 16-ին դարձյալ գրավոր հարցում ենք ուղարկել Դատական դեպարտամենտին՝ խնդրելով հայտնել՝ մեր նախորդ հարցումից հետո ի վերջո նախատեսվե՞լ է համապատասխան գործիքակազմ, եւ ստեղծվե՞լ է համապատասխան ենթաբաժին։ Ի պատասխան՝ Դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը հայտնել է՝ նախատեսվել է ինչպես գործիքակազմը, այնպես էլ ենթաբաժինը, սակայն աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Հարցին, թե ինչով է պայմանավորված հապաղումը, կոնկրետ պատասխան չի տրվել։  Դատական դեպարտամենտի եւ Համակարգը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության միջեւ այս տարվա հունվար եւ մարտ ամիսներին կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնցով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ անհրաժեշտ է կատարել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, այդ թվում՝ «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել ենք՝ եթե այս աշխատանքները կատարվել են, եւ Ծրագրի բազայից Հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Համակարգի սերվեր, ո՞րն է պատճառը, որ դրանք հրապարակային չեն դառնում։ Միաժամանակ նշել ենք, որ հիշյալ պայմանագրերում առկա են Հակակոռուպցիոն դատարանին, նաեւ դրա վերադաս ատյաններին վերաբերող այլ դրույթներ եւս, ուստի խնդրել ենք հայտնել՝ եթե դրանցից ոչ մեկը վերաբերելի չէ հրապարակման ենթակա տեղեկությունները Համակարգում հասանելի (հրապարակային) դարձնելուն ուղղված կոնկրետ ծրագրային աշխատանքներին, ապա ի՞նչ պատճառաբանությամբ նույն կամ որեւէ այլ պայմանագրով չեն նախատեսվել հենց այդ աշխատանքները։ Ի պատասխան՝ Դեպարտամենտից կրկնել են, որ հիշյալ պայմանագրերում նախատեսվել են կատարվել մի շարք փոփոխություններ եւ ծրագրային ապահովումներ, ներառյալ Ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցման ապահովումը Datalex համակարգի սերվեր․ «Ձեր կողմից նշված տեղեկությունների հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրային լուծումները թեստավորման փուլում են»,- ասված է պատասխանում։ Ըստ Դեպարտամենտի՝ տեղեկությունները ամբողջապես հասանելի դարձնելուն պես Համակարգում ինքնաբերաբար հասանելի են լինելու Հակակոռուպցիոն դատարանի բոլոր ատյանների տեղեկությունները։ Նշենք, որ 2023 թ․ հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանում գործում էին կոռուպցիոն գործեր քննող առանձին դատավորներ), իսկ 2022 թ․ հուլիսի 1-ից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը։ Հարցին, թե մոտավորապես ինչ ժամկետներում պետք է ակնկալել հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում, Դեպարտամենտից պատասխանել են հետեւյալը․ «Դատական գործերի հրապարակայնության սկզբունքի հաշվառմամբ՝ Դատական դեպարտամենտը շարունակում է հետեւողականորեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հրապարակման ենթակա տեղեկությունների հասանելիությունը Համակարգում հնարավոր սեղմ ժամկետում ապահովելու նպատակով։ Ավելին, ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում մեկշաբաթյա պարբերականությամբ հրապարակվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների վարույթներում քննվող դատական գործերի վերաբերյալ տեղեկատվություն»։ Նշենք, սակայն, որ ԲԴԽ կայքում հրապարակվող տեղեկությունները օրենքով սահմանված հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկի չնչին, մեծամասամբ՝ տեխնիկական մասն են միայն։ Datalex-ը սպասարկող ընկերության ղեկավարի խոսքով՝ իրենք ծանրաբեռնված են մեկ այլ համակարգի աշխատանքներով Datalex-ը սպասարկող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության ղեկավար Արմեն Մանուկյանը մեր զրույցում հայտնեց, որ մեր բարձրացրած խնդրի ուղղությամբ աշխատանքներ, այո, տարվում են, սակայն շատ մեծ աշխատանք է տարվում մեկ այլ համակարգի հետ կապված, որն էլ խլում է իրենց ողջ ռեսուրսը․  «Չգիտեմ՝ տեղյակ եք թե չէ, շատ մեծ աշխատանք է կատարվում քաղդատավարության հետ կապված, քաղդատավարության մեջ բոլոր քաղաքացիներին տալիս ենք էլեկտրոնային կաբինետներ, եւ դրանով ցանկացած քաղաքացի միանգամից տեսնելու է՝ եթե ինքը ինչ-որ առնչություն ունի ցանկացած գործի հետ,  կարողանալու է դատավարական գործողություններ կատարել կամ դիմելու է փաստաբանի, որպեսզի նա կատարի» (խոսքը Քաղաքացիական դատավարության թվայնացման ծառայությունների ծրագրի մասին է, որը նախատեսված է ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ ռազմավարությամբ): Դիտարկմանը, որ հարցը կոնկրետ Հակակոռուպցիոն դատարանի մասին է, արդյո՞ք դրա վարույթում եղած գործերը Datalex-ում հասանելի դարձնելու խնդիր իրենց առաջ դրված է, Մանուկյանը պատասխանեց․ «Գլոբալ այդ խնդիրը, իհարկե, դրված է, կոնկրետ աշխատանքներ տարվում են, բայց քանի որ քաղդատավարության մասում ժամկետ է սահմանված, եւ առաջնահերթությունը շատ բարձր է դրված, դրա համար․․․ Դա էլ է կատարվում, բայց հիմնական ամբողջ աշխատանքը շեղվել է, գնացել է էս ուղղությամբ, մոտավորապես մեկ տարի է՝ աշխատանքները կատարվում են, կարելի է ասել՝ ավարտական փուլում են, ամբողջ համակարգը կառուցվել է, եւ մեկնարկման ընթացքի մեջ ենք, հենց մեկնարկեցինք, ամբողջ ուժերը դնելու ենք Ձեր ասած ուղղության մեջ»։ Դիտարկմանը, որ ուժերը նոր չպիտի դրվեն, քանի որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ տարի է՝ արդեն գործում է, եւ պետք է հասկանալ, թե ինչու է ձգձգվում, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, որ դա գալիս է Արդարադատության նախարարությունից․ «Հարցը հետեւյան է․ մենք մասնավոր ընկերություն ենք, ունենք պայմանագիր, ըստ պայմանագրի՝ պիտի հանձնենք քաղդատավարության համակարգը, բայց նախարարությունը պերեստռախովկա է անում,  ստուգումներ է անում, որպեսզի համոզված լինի, որ ծրագիրը իդեալական է, մեծ ուժեր են դրել, ստուգում են, ստուգում են, այսինքն՝  մենք զբաղված ենք այդ քաղդատավարության ծրագրի ստուգելով, իրենք ստուգում են, մենք ստուգում ենք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում Հակակոռուպցիոն դատարանի մասով վերջնաժամկետ չունեն արդյոք։ Այս հարցը ծագում է՝ պայմանավորված նաեւ նրանով, որ վերոհիշյալ պայմանագրերում սահմանված է, որ դրանք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից եւ գործում են մինչեւ կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, ինչը, իհարկե, անորոշ ձեւակերպում է։ «Անընդհատ այդ հարցը բարձրացվում է, բայց նախարարության կողմից էդպեսի ժամկետ չունենք սահմանված։ Դեպարտամենտը իր կողմից իր աշխատանքները կատարում է, բայց էս մասով հիմնականում նախարարության հետ է մեր շփումը, էդ համակարգերը որ կառուցվում են, որը որից հետո կառուցվի, ոնց կառուցվի, էդ ամեն ինչը նախարարությունն է անում»։ Նկատենք, սակայն, որ վերոհիշյալ պայմանագրերի կողմերը «Մեյսիս Ինֆորմեյշըն Սիսթեմս» ընկերությունն ու Դատական դեպարտամենտն են, եւ դրանցով, ինչպես վերը նշեցինք, հստակ սահմանված է, որ անհրաժեշտ է ապահովել «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի բազայից տվյալների պարբերաբար, անխափան եւ ավտոմատ փոխանցումը Datalex համակարգի սերվեր։ «Մեզ խանգարողն այն է եղել, որ ստուգումներն այնքան շատ են, որ․․․ Ստուգում-ստուգում-ստուգում, առավոտից իրիկուն զբաղված ենք ստուգելով, իսկ էդ մյուս մասով հստակ խնդիր չկա դրված, Դեպարտամենտը, հասկանալով, որ մենք հիմա ստուգումների մեջ ենք․․․ Դրանք էլ վտանագավոր են, էդ քաղդատավարության պայմանագիրը, որ կնքել ենք, կարող է բռնեն, ընդհատեն, մենք մեր աշխատանքը կատարում ենք, իրենք էլ ստուգում են»։ Ի պատասխան հարցին՝ իրենց գնահատմամբ օրինաչա՞փ են այդ ստուգումները, ասաց, որ չափից շատ են։ Հարցին՝ դրա մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնում են Նախարարության մոտ, ասաց․ «Դե, իհարկե, բայց դե, Նախարարությունն է, ամեն ինչ մանրակրկիտ, մինչեւ վերջին տառը ստուգում է, մի տեղ որ շահում ես, մի տեղ կորցնում ես, չէ՞։ Մյուս հարցին՝ արդյո՞ք Դեպարտամենտը դժգոհություն չի հայտնում, որ իրենց ողջ ռեսուրսներն այդ ուղղությամբ են գնում, ասաց․ «Դե, ի՞նչ անի Դատական դեպարտամենտը»։ Թե երբ նոր համակարգը կհանձնվի շահագործման, եւ երբ կանցնեն Հակակոռուպցիոն դատարանի աշխատանքներին, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել, նշեց՝ շահագործման հանձնելը միայն իրենցից չէ կախված, այլ փոխկապակցված մյուս կողմերից եւս։ Հարցազրույցի վերջում նա խնդրեց նախքան նյութի հրապարակումը այն ուղարկել իրեն, իսկ երբ մերժեցինք՝ նշելով, որ նախապես նման պայմանավորվածություն չենք ունեցել եւ նման պրակտիկա էլ չունենք, ասաց՝ համարենք, որ այդ դեպքում ոչինչ էլ մեզ չի ասել։ Նշենք, սակայն, որ ողջամիտ չէ զրույցի ինչ–որ պահից պայմաններ առաջ քաշել եւ ետ վերցնել խոսքերը, հատկապես, երբ լրագրողը նախապես տեղեկացրել է պատրաստվող նյութի թեմայի մասին՝ ստանալով ձայնագրման համաձայնություն։ Լրագրողի խոսքով՝ Datalex-ում տեղեկությունների բացակայությունը խոչընդոտում է իր աշխատանքը Hetq.am լրատվական կայքի լրագրող Գրիշա Բալասանյանը մեր զրույցում փաստեց՝ ոլորտով զբաղվող լրագրողները օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում են Datalex-ից, եւ Հակակոռուպցիոն դատարանի գործերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջ բերում․ «Ինչքան էլ ԲԴԽ կայքում հրապարակվում են տեղեկություններ, օրինակ՝ նիստերի վերաբերյալ կամ վերջնական դատական ակտեր, դրանք շատ քիչ ու սահմանափակ են լրագրողի համար տվյալ գործի հետ կապված ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ չեն ապահովում հրապարակայնություն՝ բովանդակային առումով։ Ինչո՞ւ, որովհետեւ կան գործեր, որ անվերջ ձգվում են կամ անհարկի ձգձգվում, եւ մենք չունենք տեղեկություն, թե քանի անգամ է նիստ նշանակվել, ինչ պատճառով է հետաձգվել, մինչդեռ Datalex-ում այլ գործերով որոշակի տեղեկություն հրապարակվում է, օրինակ՝ դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով, կողմի միջնորդությամբ եւ այլն, եւ հետեւաբար, եթե լրագրողը ուզում է խորքային նյութ պատրաստել կոնկրետ թեմայով, զրկված է լինում այդ տեղեկություններից»։  Մյուս խնդիրը, ըստ լրագրողի, այն է, որ ԲԴԽ կայքում ժամանակացույցը հրապարակվում է շաբաթական մեկ անգամ եւ ինտերակտիվ չէ․ «Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախապես չեմ իմացել, որ նիստը լինելու է երկուշաբթի (ԲԴԽ կայքում ժամանակացույցը, որպես կանոն, հրապարակվում է հենց երկուշաբթի օրերին,-հեղ․), ու չեմ կարողացել գնալ, որովհետեւ նախապես չեմ կարողացել գործերս այնպես դասավորել, որ գնամ, մինչդեռ եթե Datalex-ում լիներ, կտեսնեի, որ օրինակ, մեկ շաբաթ հետո նիստ է լինելու, ու այնպես կդասավորեի գործերս, որ գնայի։ Բացի այդ, ժամանակացույցը ինտերակտիվ չէ, որ կարողանաս դրանից ինչ-որ բան հասկանալ, հենց զուտ այն, որ շաբաթվա կտրվածքով մի անգամ հրապարակվում է ու վերջ, ընթացքում ինչ-որ բան լինում է-չի լինում, փոխվում է-չի փոխվում, հասանելի չի դառնում, մինչդեռ Datalex-ում այդ տեղեկությունները թարմացվում են եւ հնարավոր է տեսնել»։ Հրապարակման ենթակա տեղեկությունների բացակայությունը ծրագրային եւ տեխնիկական պատճառներով պայմանավորելը, ըստ լրագրողի, ընդունելի չէ․ «Հակակոռուպցիոն դատարանը մեկ օրում չի ստեղծվել, նախագիծ է շրջանառվել, քննարկվել, այսինքն՝ որոշակի ժամանակ է անցել, մինչեւ դա դարձել է օրենք, եւ ստեղծվել են դատարանները, հետեւաբար դա ողջամտորեն կարող է հիմք ստեղծել մեզ մոտ՝ մտածելու, որ այդ աշխատանքները կարող էին մեկնարկել ավելի վաղ»։ Ընդ որում, հարկ է նշել նաեւ, որ դատարանն էլ է իր գործունեությունը ուշ սկսել․ նախատեսված 2021 թ․-ի փոխարեն՝ 2022 թ․ օգոստոսին․ «Բացի այդ, տեխնիկայի դարաշրջան է, մարդիկ այդ ամիսների ընթացքում քաղաքներ են սարքում, մինչդեռ մեզ մոտ մեկ տարի է՝ չեն կարողանում Datalex-ի հարց լուծել, դա, անկեղծ ասած, դպրոցական մակարդակի պատճառաբանություն է, այն, որ երեխան ուշանում է դասից, հազար պատճառաբանություն է բերում, նույն ոճով պարզաբանում են, թե դեռ ընթացքի մեջ է, լավ, ընթացքը վերջ չունի՞, դա էլ է պայմանագրային հարաբերություն, ընկերության հետ ունես պայմանագրային հարաբերություններ, վերջը ե՞րբ է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ պարզապես չկա խնդիրը արագ լուծելու ցանկություն․ «Խնդիը անլուծելի չէ, տեխնիկական հարց է, եւ նոր համակարգ չպետք է սարքել, Datalex-ը գոյություն ունի, բազային տվյալները կան, դետալային բաներ պիտի ավելացվեն, որ եւս մեկ դատարան կարողանա իր վարույթում եղած գործերով տեղեկությունները հրապարակել, պարզապես չեն ցանկանում հրապարակայնությունն ամբողջ ծավալով ապահովել, միայն դա է առաջինն իմ մտքում, թե իրականում ինչ ցանկություններվ են առաջնորդվում, չեմ կարող ասել։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում հրապարակայնության վրա․ որովհետեւ ոչ միայն տեղեկությունների հրապարակումն է խնդրահարույց, այլեւ նույն դատարանի դատավորները, այսինքն՝ կարծես այդ դատարանը ստեղծվել է հենց նրա համար, որ բոլոր հնարավոր տարբերակներով ինֆորմացիայի հոսքը հնարավորինս կանխվի»,- նշեց Բալասանյանը՝ մանրամասնելով, որ Հակակոռուպցիոն դատարանում լրագրողները պարբերաբար խոչընդոտների են բախվում, երբ դատավորները կողմերից մեկի առարկության դեպքում ամբողջությամբ են արգելում տեսա կամ լուսանկարահանումը, այլ ոչ թե առարկող կողմի մասով, ինչպես այլ դատարաններում է սովորաբար արվում, կամ երբ նիստի մեկնարկից րոպեներ անց ներկայանալու դեպքում ուշացման պատճառաբանությամբ թույլ չեն տալիս լրագրողին նիստի տեսա եւ լուսանկարահանման խնդրանքով դիմել (ըստ օրենքի՝ դրա համար լրագրողը պետք է ստանա դատարանի թույլտվությունը,-հեղ․)․ «Այսինքն՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե տեխնիկական լուծումներն են կամ դրա դժվարությունները, այլ ցանկության բացակայությունը, որ տեղեկությունը հնարավորինս քիչ հրապարակվի»։ Այսպիսով, Հակակոռուպցիոն դատարանի գործունեության մեկնարկից մեկ տարի անց շարունակվում է խախտվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, քանի որ չեն հրապարակայնացվում դատարանի վարույթում եղած գործերի վերաբերյալ հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, ինչը նաեւ գործնական խոչընդոտներ է ստեղծում ոլորտով զբաղվող կամ հետաքրքրվող քաղաքացիների համար, իսկ պատասխանատու կողմերն էլ կամ չեն պարզաբանում հապաղման պատճառները՝ հերթական անգամ նշելով, որ ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են, կամ դա պայմանավորում են աշխատանքային այլ ծանրաբեռնվածությամբ։   Միլենա Խաչիկյան
17:16 - 31 օգոստոսի, 2023
«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը

«Ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»․ զոհված զինծառայողի հոր հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի նորակոչիկ 6 զինծառայող՝ Ալբերտ Ստեփանյանը, Սասուն Պետրոսյանը, Հայկ Հարությունյանը, Սամվել Սմբատովը, Կարեն Ներսիսյանը եւ Գրիշա Գրիգորյանը, որ 2 ամիս շարունակ շրջափակման մեջ են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, 2020 թ․ դեկտեմբերի 27-ին հայտնաբերվել եւ սպանվել են։ Ամեն ինչ սկսվել է հոկտեմբերի 9-ին, երբ գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Վահանյանը, ըստ քրեական գործի, վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Դրան հաջորդել է չկանոնակարգված պաշտպանությունը, ապա՝ անկանոն նահանջը, որի ընթացքում էլ գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած զորքն էլ է մասերի բաժանվել․ որոշները հրաշքով փրկվել են, որոշները՝ անգամ պատերազմի ավարտից հետո այդպես էլ առանց օգնության մնացել։ Նրանցից մեկի՝ Գրիշա Գրիգորյանի հայրը՝ Սամվել Գրիգորյանը, այսօր ներկայացել էր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ավելի քան մեկ տարի է՝ քննվում են գործի հանգամանքները։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը, որ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Սամվել Գրիգորյանը Սամվել Գրիգորյանը դատարանին պատմելու շատ տեղեկություններ չուներ։ Ասաց, որ իր որդին Ջրական է զորակոչվել 2020 թ․ օգոստոսի 30-ին, դրանից հետո այլեւս չեն հանդիպել, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երդման արարողությանը մասնակցել չեն թույլատրել։ Պատերազմի մեկնարկից հետո Գրիգորյանը որդու հետ մեկ անգամ է խոսել, երբ նա, որքանով հիշում է, դեռ Ջրականում էր․ «Հոկտեմբերի 15-ին զանգել է ընկերոջ հեռախոսով, ասել է՝ պոստերն ենք, նորմալ է, ոչ մի բան չկա, հանգիստ մնա, դրանից հետո՝ բա ռմբակոծություն կա, բան կա․․․ Ասել է՝ մեզ չեն թողնում խոսել, հավաքել են հեռախոսները»։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողի իրավահաջորդին հայտնեց, որ ըստ քրեական գործի նյութերի՝ Գրիշան Ջրականում գտնվել է պատերազմի սկզբից մինչեւ հոկտեմբերի 4-ը,  դրանից հետո տեղափոխվել է Հադրութ, եւ հոկտեմբերի 10-ին ընդգրկվել է մարտական հերթապահության Հադրութին հարակից Խուռհատ սարի տարածքում․ «Այսինքն՝ կամ Դուք լավ չեք մտաբերում, կամ Ձեր որդին իր իրական տեղը չի ուզել հայտնել»,– ասաց նա՝ առաջարկելով փորձել մտաբերել։ Գրիգորյանը մտաբերեց, որ որդին այդ ժամանակ Հադրութում է եղել․ «Ասաց՝ չեն թողնում ոչ մի բան ասենք, դրանից հետո էլ չենք խոսել»։ Գեւորգ Ավետիսյանը Մեղադրողի հարցին՝ ինչ–որ գործողություններ ձեռնարկե՞լ են դարձյալ կապի դուրս գալու համար, որդեկորույս ծնողը բացասական պատասխան տվեց, ասաց՝ սպաներից ոչ մեկին չի ճանաչել, Արցախ մեկնել էլ չեն թույլատրել, դարձյալ՝ կորոնավիրուսով պայմանավորված։ Որդու զոհվելու մասին նա մեկ այլ որդեկորույս ծնողից՝ Հրանտիկ Հարությունյանից է տեղեկացել (նրա հարցաքննությունը կարող եք կարդալ այստեղ)․ «Ծնողներն են զանգած, ասած, որ դիակները բերել են, շրջափակման մեջ են եղել, Տող գյուղ կա, էնտեղ, ուրիշ ի՞նչ ասեմ, ես ոչ մի բան չգիտեմ, ասացին՝ կամանդիրները անձնակազմին թողել գնացել են, էրեխեքը մնացել են մենակ»։ Թե կոնկրետ ովքեր են փախել, նա չգիտեր։ Գրիշան, ըստ հոր, սպանվել է գյուղերի տներից մեկում՝ գլխին արձակված հրազենային կրակոցից։ Նրա եւ զինակից 5 ընկերների մարմինները հայրենիք են վերադարձվել 2021 թ․ հունվարի 3-ին։ Հարցաքննության ավարտից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այսօր չի կարողացել բերման ենթարկել դատակոչված, բայց չներկայացող անձանց, ուստի դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։   Գլխավոր լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Տուժողի այլ իրավահաջորդների ցուցմունքները կարող եք կարդալ այստեղ Միլենա Խաչիկյան
18:01 - 29 օգոստոսի, 2023
«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում

«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում

Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Խաչատրյանի՝ վերջին տարիների հայտարարագրերում կան մի քանի ուշագրավ դրվագներ, որոնք առերևույթ կարող են վկայել ոչ ճշգրիտ տվյալների ներկայացման մասին։ «Ինֆոքոմ»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։   Վահե Խաչատրյանը մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը եղել է Հատուկ քննչական ծառայության՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, իսկ դրանից առաջ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ։   Մեքենաներ, որ չեն արտացոլվել հայտարարագրում, բայց արտացոլված է դրանց վաճառքը Վահե Խաչատրյանի 2019-ի տարեկան հայտարարագրից երևում է, որ Խաչատրյանը 2019-ի դեկտեմբերին 3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենան։ Խաչատրյանը նույն տարվա հայտարարագրի՝ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոցների ցանկում, սակայն, տվյալներ չի ներկայացրել առկա INFINITI FX 35-ի մասին։ 2019-ի հայտարարագրում  նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Հետևաբար, 2019 թվականի տարեկան հայտարարագրի նման բովանդակությունից կարելի էր եզրակացնել, որ Վահե Խաչատրյանը 2019 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։ Սակայն Վահե Խաչատրյանի՝ 2017 թվականին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում առկա է INFINITI FX 45 մակնիշի ավտոմեքենա։ Սա, հավանաբար, նույն ավտոմեքենան է, և այդ դեպքում Վահե Խաչատրյանը պարտավոր էր այն հայտարարագրել որպես 2019 թվականի տարեսկզբին առկա տրանսպորտային միջոց։ 2020 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թվականի ընթացքում՝ 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թվականի հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Ի տարբերություն 2019 թվականին վաճառված ավտոմեքենայի՝ այս դեպքում նախորդ տարիների հայտարարագրերում որևէ նշում չկա Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին։ Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը 2020 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։   Խաչատրյանի կանխիկ միջոցներն աճում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կանխիկ դրամական միջոցները կայուն աճել են։ Եթե 2019-ի տարեսկզբին նա ունեցել է 2․7 միլիոն ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար, ապա 2022-ի տարեվերջին ունեցել է 30 միլիոն ՀՀ դրամ և 4000 ԱՄՆ դոլար։  Խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ պահելու նախասիրություն ունի նաև Վահե Խաչատրյանի ընտանիքի անդամներից Սեդա Խաչատրյանը։ Նա 2019-ին ունեցել է 45 միլիոն դրամ կանխիկ դրամական միջոցներ, որոնք հաջորդ տարիներին նվազել են՝  2022-ի տարեվերջին հասնելով 35 միլիոն դրամի։  Այսպիսով, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է որդեգրել է կանխիկի շրջանառությունը սահմանափակող և անկանխիկ գործառնությունները խրախուսող քաղաքականություն, պետական պաշտոնյան և նրա ընտանիքի անդամը շարունակում են իրենց դրամական միջոցների մեծ մասը պահել կանխիկ։ Բացի այդ՝ դրամական միջոցները կանխիկ պահելը և շրջանառելը կարող է էականորեն նվազեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորությունները՝ հայտարարագրերի ստուգման ու վերլուծության համատեքստում։    Չհայտարարագրված եկամուտ 2017 թվականին Վահե Խաչատրյանի ներկայացրած՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի եկամուտներ բաժնում նշված է, որ վերջինս ստացել է 5․5 միլիոն դրամի փոխառություն։ 2017 թվականի տարեկան հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, այս փոխառությունը հայտարարագրված չէ։   1 օրվա տարբերությամբ էական փոփոխություններ դրամական միջոցներում Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ են առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների հետ կապված։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագրերում պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի (տարվա վերջի) և հունվարի 1-ի (տարվա սկզբի) դրությամբ առկա տվյալները։  Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։  Նմանատիպ իրավիճակ է նաև հենց Վահե Խաչատրյանի մոտ։ 2017 թվականի տարեվերջին քննիչը հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ, 9000 դոլար, 170 000 ռուբլի։ 2018-ի տարեսկզբի դրությամբ՝ այսինքն՝ մեկ օր անց, հայտարարագրվել է 2 միլիոն դրամ և 5000 դոլար, իսկ ռուբլին առհասարակ զրոյացել է։ Այսպիսով, 1 օրվա ընթացքում Վահե Խաչատրյանի դրամական միջոցները պակասել են 4000 դոլարով, կես միլիոն դրամով և 170 000 ռուբլիով։   Ամսական 175 000 դրամ՝ 5 հոգանոց ընտանիքին Վահե Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2018 թվականին ունեցել է 8․5 միլիոն դրամի եկամուտ, որից 14 000 դոլարը (առնվազն 6,7 միլիոն դրամը) ուղղվել է TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերմանը, իսկ 700 հազարը՝ ՀՀ դրամով պահվող դրամական միջոցների աճին։ Տարվա ընթացքում նրա ԱՄՆ դոլարով պահվող դրամական միջոցները նվազել են 2 000 դոլարով, այսինքն՝ նա օգտագործել է նաև 2 000 դոլարը (առավելագույնը՝ 977 հազար դրամ)։ Վահե Խաչատրյանի կինը 2018 թվականի ընթացքում եկամուտներ չի ունեցել։ Ստացվում է՝ Վահե Խաչատրյանի 5-հոգանոց ընտանիքը 2018 թվականին իր ընթացիկ ծախսերին հատկացրել է ընդամենը շուրջ 2,1 միլիոն դրամ (8,5 միլիոն + 977 հազար - 6․7 միլիոն - 700 հազար), կամ որ նույնն է՝ 5-հոգանոց ընտանիքի ընթացիկ միջին ամսական ծախսերը կազմել են ընդամենը շուրջ 175 000 դրամ։   Շփոթ՝ տարեկան և պաշտոնի ստանձնման հայտարարագրերի հարցում 2021-ին Վահե Խաչատրյանի հետ համատեղ բնակվող Սեդա Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր, սակայն չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիր։  Միևնույն ժամանակ, ո՛չ Վահե Խաչատրյանը, ո՛չ նրա կինը նմանաբնույթ հայտարարագրեր չեն ներկայացրել․ վերջիններիս մոտ առկա են միայն 2021-ի տարեկան հայտարարագրերը։  Պաշտոնատար անձը ազատվում է պարտականությունները ստանձնելու հայտարարագիր ներկայացնելուց, եթե նրա լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում կամ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում։Հետևաբար, եթե Վահե Խաչատրյանի պաշտոնի փոփոխությունը տեղի է ունեցել 2021 թվականի ընթացքում, ապա ո՛չ նա, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն ունեցել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչու է Սեդա Խաչատրյանը ներկայացրել ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր և չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։   Վահե Խաչատրյանի և նրա կնոջ անշարժ գույքերը Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ունի 6 հողամասեր և 1 բնակելի տուն։ Բացի այդ՝ Երևանի Ադոնցի փողոցում Խաչատրյանը գնել է երկու բնակարան «ՄԼ մայնինգ» ընկերությունից։ Այդ մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրի՝ փոխառությունների մասին գրառումից։  Վահե Խաչատրյանը 1 հասարակական նշանակության շինություն ու 1 ավտոտնակ ունի Շենգավիթ վարչական շրջանում։ Հասարակական նշանակության շինությունը նա ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանից ինքնակամ կառույցն օրինականացնելու շրջանակում։ Նա առքուվաճառքի պայմանագրով 950 000 դրամով ձեռք է բերել 62 քառ․ մ մակերեսով հողամասն ու դրա վրա գտնվող 20 քառ․ մ մակերեսով շինությունը։ Հասարակական նշանակության շինությունը  փոքրիկ կրպակ է, որտեղ զբաղվում են կարուձևով։  Վահե Խաչատրյանի կինը՝ Նաիրուհի Խաչատրյանը, բնակարան ունի Երևանի կենտրոնում։ Դա նրան նվիրել են իր ծնողները։  «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանին՝ հայտարարագրում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ինչին վերջինս պատասխանել է, որ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, ոչ թե մեր հարցադրումներում նշվածներին։ Բացի այդ՝ նա նշել է, որ թեև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է, որ հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու է բացառապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հարցմամբ նշված և մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք փորձեցինք նաև բանավոր ընթացակարգով մեկնաբանություն ստանալ Վահե Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ փոխանցելով, որ նախորդ հարցմամբ պատասխանել է բարձրացված հարցերին։Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
19:54 - 25 օգոստոսի, 2023
ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը

ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որն արդեն մի քանի ամիս է՝ ուժի մեջ է, դեռեւս ամբողջությամբ չի գործում։ Դրա կիրարկման ծանր ընթացքը տարբեր պատճառներ ունի․ այժմ այդ պատճառներից մեկն այն է, որ ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի կատարել օրենսդիր մարմնի կողմից իրեն պատվիրակված գործառույթը՝ չի սահմանել կարգը, որով պետք է քաղաքացիները քննություն հանձնեն՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու համար։  Այսպես, այս տարվա հուլիսի 13-ին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած եւ անհետաձգելի համարած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում։ Օրենքի այդ նախագծով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ «առաջին անգամ զենք, այդ թվում՝ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն»: Նույն օրենքում նշված է, որ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանը պետք է ընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Օրենքն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ նախագահի ստորագրելուց հետո այն հրապարակվում է պաշտոնապես։ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Խնդրո առարկա օրենքը նախագահը ՍԴ չի ուղարկել եւ այն ստորագրել է օգոստոսի 3-ին, օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 8-ին։  Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից հաշված՝ ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարությունը, 15 օրվա ընթացքում պետք է սահմաներ զենքի հետ կապված քննության կարգը, իսկ նախարարը՝ ստորագրեր այն։ Սակայն մինչ այս պահը հրապարակված չեն ոչ կարգը, ոչ հրամանը, ինչը, փաստացի, օրենքի խախտում է։ Infocom-ը նախ կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ խնդրելով պատասխանել, թե ինչու դեռեւս չկա նախարարի հրամանը, եւ ինչու հաստատված չէ համապատասխան կարգը։ Չնայած մեր հավաստիացումներին, որ զենքի հետ կապված քննության վերաբերյալ դրույթը սահմանող օրենքն ուժի մեջ է մտել, եւ կարգի սահմանման համար նախատեսված ժամկետն արդեն անցել է, Գաբրիելյանը պնդեց, որ ընդունվել է ընդհանուր օրենքը, իսկ նշյալ դրույթը Ազգային ժողովում քննարկման փուլում է, եւ դրանով է պայմանավորված, որ կարգը դեռ չկա։ Մեր ճշտող հարցին՝ խոսքը վերաբերում է այն դրույթին, ըստ որի՝ ՆԳՆ-ն պետք է հաստատի քննության կարգը, Գաբրիելյանը դրական պատասխան տվեց՝ առաջարկելով ԱԺ կայքում նայել։ Նրա խոսքով՝ այս պահին նոր ընդունված օրենքի այդ փոփոխությունը կրկին փոփոխության է ենթարկվում, եւ այդ մասով ուժի մեջ մտած չէ։ Ազգային ժողովի կայքում, սակայն, ոչ նիստերի օրակարգում ընդգրկված, ոչ օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի բաժնում, ոչ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում զենքի մասին օրենքին առնչվող որեւէ նախագիծ զետեղված չէ։ Infocom-ը մեկնաբանություն ստացավ նշյալ հանձնաժողովի անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից․ վերջինս, հակառակ ՆԳՆ-ից ստացած մեկնաբանության, փոխանցեց, որ Ազգային ժողովում զենքի ձեռքբերման քննության կարգի վերաբերյալ որեւէ նախագիծ ներկայում չի քննարկվում, եւ պետք է հիմք ընդունել արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքը, որն ամենասկզբում հիշատակեցինք։ Սա նշանակում է, որ օրենքի ամբողջական կիրարկման համար հետագա աշխատանքները ՆԳՆ տիրույթում են։ Ըստ այդմ դարձյալ կապ հաստատեցինք ՆԳՆ աշխատակցի հետ՝ տեղեկացնելով, որ նույնիսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովից են վստահեցնում, որ նոր նախագիծ չի քննարկվում։ Պարոն Գաբրիելյանը բանավոր մեկնաբանություն չտվեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուց հետո այն կհրապարակենք։ Հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների Զենքի օրենքն այնքան է ծամծմվել, որ էլ չափ ու սահման չկա, ասում է «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանը․  «Փաստացի, լավ բան անելու փորձը, այն է՝ մարդուն թույլատրել զենք գնել՝ գիտելիքի հիման վրա, այսօր ողբալի ձեւով է ընթանում։ Իրականում մեր բոլոր գործընթացները նման ձեւով են արվում, այսինքն՝ սկզբից թվում է, թե լավ բան է արվելու, բայց այնքան վատ է արվում, որ կարող է՝ եթե չարվեր, ավելի լավ լիներ»,- մեր զրույցում ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ «Ազատազէն»-ի հրաձգարանը միայն վերջերս է լրիվ օրինական դարձել, այն էլ դատական կարգով․ «Պետք էր հրաձգարան բացելու համար լիցենզավորված հրահանգիչ ունենալ, ու երկրում չկա այդ լիցենզավորված հրահանգիչը, որովհետեւ դրա կարգն էլ ոստիկանությունը չի սահմանել»,- նշեց Գեւորգյանը։ Այդ կարգն էլ, ի դեպ, մինչ օրս սահմանված չէ։ Գեւորգյանի խոսքով՝ հիմա էլ եթե մեկը որոշի դատական կարգով իրացնել զենք ձեռք բերելու իրավունքը, ապա, ըստ ամենայնի, կհաջողի, որովհետեւ այդ իրավունքի իրացման համար անհաղթահարելի ուժ է ստեղծվել, ինչը չպիտի անձի դեմ գործի։ Բայց այդ ճանապարհն էլ հեշտ ընթացքով չէ․ «Այն իրականությունում, որում մենք ենք ապրում, մարդուն բերել գցել այդ վիճակի մեջ, որ եթե ուզում ես զինվել, պետք է իրավաբան վարձես, պայքարես, ոչ մի տեղ չենք հասնի։ Մենք ռազմամարզականների ասոցիացիայով քննարկել ենք նաեւ այս հարցին իրավական ընթացք տալը, բայց խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք դա էլ դատով կհաղթենք, այլ հարցն այն է, որ գործը փնթի է արվում․ մի քանի տարի առաջ որոշվել է զենքի օրենքը փոխել, բայց փոխում-փոխում ենք, չենք փոխում։ Բայց բոլորն են հասկանում, որ հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների»,- ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվելիք պահեստազորայինների վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը հազարից մի փոքր ավելի քաղաքացի, եւ մեր զրուցակցի մտահոգությունն այն է, որ վաղը եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ինչի հավանականությունն առկա է, մենք ունենալու ենք մոբ ռեսուրսի այն նույն մարդկանց, որոնք պատշաճ պատրաստված չեն։  Գեւորգյանը նշեց, որ մյուս շաբաթվանից ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս խնդիրը լուծվի․ «Խայտառակություն է, որ պատերազմից երեք տարի հետո դատով պետք է բացվի երկրի առաջին հրաձգարանը, կամ մեկը պիտի հունից դուրս գա՝ դատով զինվի։ Բոլոր հայերը պետք է ուշադիր սպասեն, ով ինչ քայլ կարող է՝ անի, որ կարգը լինի, քանի որ սա տարբերակ է, որ մարդը հույսն իր վրա դնելով՝ իր ռազմական գիտելիքները բարձրացնի, լինի զինված, որովհետեւ Ջերմուկի քաղաքացին չգիտեր, որ հակառակորդը կարող է հասնել Ջերմուկի մատույցներին, վաղը կարող է Արմավիր հասնելու փորձ անեն․․․։ Այս կարգը կլինի շուտ թե ուշ, բայց պետք է գիտակից քաղաքացիներ շատ լինեն, որ գնան, կարգ ու կանոնով զինվեն ու պատրաստ դառնան, որ մեկ ազատազեն մարդ շատանա․ ազատազենը զինված ու երկիրը պահելուն պատրաստ մարդն է, որը խաղաղ ժամանակ անկախ է բանակից»։ Հայարփի Բաղդասարյան
18:57 - 25 օգոստոսի, 2023
Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Գիտությունը բուհերում. դասախոսները որքանո՞վ են ներգրավված հետազոտական աշխատանքներում

Կախված առաջարկվող կրթական ծրագրերից և գիտական աստիճաններից՝ համալսարանները լինում են տարբեր։ Բուհերը սովորաբար իրենց դիրքավորում են կա՛մ որպես հետազոտական համալսարաններ (research universities), կա՛մ որպես կրթական համալսարաններ (teaching universities)։ Լինում են նաև հիբրիդային՝ այսինքն՝ համալսարաններ, որոնք ներառում են երկու ուղղություններն էլ։  Գիտահետազոտական բաղադրիչը չափազանց կարևոր է բուհերի համար։ Այն նպաստում է գիտելիքների ընդլայնմանը, խթանում նորարարությունը և բարձրացնում կրթության որակը: Դասախոսների՝ դասավանդմանը զուգահեռ հետազոտություններում ներգրավվելը հնարավորություն է տալիս առաջատար լինել իրենց ոլորտներում և հարստացնել ուսումնական գործընթացը ժամանակակից գիտելիքներով:  Հայաստանյան բուհերը, սակայն, իրենց հստակ չեն դիրքավորում որպես հետազոտական կամ ոչ հետազոտական համալսարաններ. այդ տեղեկությունը բուհերի կայքերում չգտանք։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական կարողությունների գնահատումը հատկապես կարևոր է գիտահետազոտական կազմակերպությունները ՀՀ պետական բուհերին միացնելու մասին խոսակցությունների ու քայլերի համատեքստում։ Տրամաբանությունը հուշում է, որ վարվող այս քաղաքականության և իրականացվող փոփոխությունների հիմքում պետք է լինեն նաև այս պահին բուհերի ունեցած հետազոտական ներուժն ու կարիքները արտահայտող ցուցանիշներ։ Մինչդեռ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման ցուցանիշներ առկա չեն, իսկ գոյություն ունեցող որոշակի տվյալներն էլ ոչ ամբողջական են։ Այս հոդվածում փորձել ենք ցույց տալ բուհերի գիտահետազոտական արդունքները վերջին երկու տարիների ընթացքում՝ հենվելով բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակված հոդվածների քանակական տվյալների վրա։ Մինչ դրան անցնելը, սակայն, պիտի փորձենք հասկանալ՝ ինչ է գիտությունը համալսարանների համար։ Դա հասկանալու համար զրուցել ենք Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ), Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ներկայացուցիչների հետ։   Հայաստանյան բուհերը կարևորո՞ւմ են, որ դասախոսները զբաղվեն գիտությամբ Հարցազրույցների ընթացքում առաջին հարցը, որին անդրադառնում էինք, գիտության դերն է համալսարանների համար․ փորձում էինք հասկանալ, թե որքանով են բուհերը կարևորում դասախոսների՝ գիտությամբ, հետազոտական աշխատանքով զբաղվելը։ Նկարներում ամփոփել ենք բուհերի ներկայացուցիչների պատասխանները վերոնշյալ հարցին։ Բուհերի ներկայացուցիչների հետ զրուցելով՝ արձանագրեցինք, որ դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը և հետազոտական աշխատանքներում ներգրավվելը կարևորում են բոլորը։    Խոսենք թվերով Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ապրիլին ներբեռնեցինք տվյալներ այն մասին, թե այնտեղ ինդեքսավորված ամսագրերում տպագրվելու ինչ ցուցանիշներ ունեն հայաստանյան բուհերը։ Web of Science-ը մեկն է ամենահայտնի ու կիրառելի շտեմարաններից, որտեղ ինդեքսավորված ամսագրերը համապատասխանում են գիտաչափության ստանդարտներին, իսկ տպագրված հոդվածներն ու հետազոտությունները վերաբերում են գիտության գրեթե բոլոր ոլորտներին։ Դիտարկել ենք Web of Science շտեմարանում 2021-2022 թվականներին հրապարակված գիտական հոդվածները։  Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից, բայց նախորդ տարիների փորձը դիտարկելով՝ նշենք, որ տվյալների տատանումը սովորաբար շատ մեծ չի լինում և ընդհանուր պատկերի օբյեկտիվ ըմբռնման վրա գրեթե ազդեցություն չի ունենա։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ԵՊՀ-ն տարեկան մոտ 300 հոդված է տպագրում Web of Science կամ Scopus միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում։  Web of Science շտեմարանից վերցված տվյալները հուշում են, որ ԵՊՀ-ն 2021-22 թվականներին հրապարակել է շուրջ 500 հոդված. հրապարակումների ամենամեծ կտորը՝ շուրջ 52%-ը, բաժին է ընկնում ֆիզիկայի, քիմիայի և մաթեմատիկայի ոլորտներում հետազոտություններին։ Հումանիտար և հասարակագիտական գիտությունների հոդվածները միջազգային ինդեքսավորված շտեմարաններում շատ քիչ են։ Մյուս բուհերի հետ համեմատած՝ ԵՊՀ-ն այս ցուցանիշով առաջատարն է, սակայն պետք է հաշվի առնել այն, որ ԵՊՀ-ն նաև ամենամեծ բուհն է թե՛ ենթակառուցվածքների և թե՛ անձնակազմի հաշվարկով։ Մոտավոր տվյալներով Երևանի պետական համալսարանում աշխատում է 1350 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 233 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 17 հոդված։ Հրապարակումների թվով երկրորդը Երևանի պետական բժշկական համալսարանն է՝ շուրջ 300 հոդվածով։ ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշում է, որ բուհում փորձում են մեծացնել սեփական հոդվածների թիվը։ Այսինքն՝ այն հետազոտությունների, որոնք կատարվել են բուհում՝ դասախոսների կամ գիտաշխատողների կողմից․ «Եթե 2015-2016 թվականներին մենք խոսում էինք Web of Science-ի 16 հոդվածի մասին, 2022 թվականը փակել ենք Web of Science-ի 101 հոդվածով։ Այո՛, մենք հիմա երկրորդն ենք համալսարանների շարքում՝ տպագրություններով զիջելով ԵՊՀ-ին, որը մուլտիդիսցիպլինար է։ Մենք պրոֆիլային ենք»։  Պարոն Ենկոյանը նշում է, որ բուհի ցուցանիշները բարելավելու համար ընտրել են գերակա ուղղություններ։ Կարևորում են սեփական հոդվածները և կարծում, որ ավելի լավ է ունենալ քիչ հոդվածներ, որոնք տպագրված կլինեն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում և հասանելի կլինեն միջազգային գիտական հանրությանը․ «Դու կարող է քանակը քիչ էլ տաս, կարող ես տպագրել, օրինակ, տասը հոդված, մեկ ուրիշ հաստատություն ունենա երկու հարյուր, բայց քո էդ 10-15-ով քեզ ավելի շատ ճանաչեն։ Որովհետև դրանք կլինեն այստեղի կատարած արդյունքը, իրենք շատ հղումներ կունենան, դաշտում ճանաչելի կդարձնեն քեզ։ Մենք ընտրեցինք գերակա ուղղություններ և  սկսեցինք զարգացնել դրանք»։ ԵՊԲՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ բուհում աշխատում է 1100 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 150 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 14 հոդված։ Տպագրությունների թվով երրորդ բուհը Հայ-ռուսական համալսարանն է` շուրջ 160 հոդվածով։ Հոդվածների շուրջ 82%-ը տպագրվել է բնագիտության ոլորտում։ Բուհի ներկայացուցչից մեկնաբանություն չունենք, քանի որ բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և մեկնաբանել ինչպես տվյալները, այնպես էլ իրենց ռազմավարությունը։ Չորրոդ տեղում Հայաստանի ամերիկյան համալսարանն է՝ շուրջ 50 հոդվածով։ Հոդվածների 39%-ը տպագրվել է բժշկագիտության ոլորտում։ «Այժմ մենք անգամ մոտ չենք այն արդյունքին, որին ձգտում ենք հասնել։ Դասախոսներին աշխատանքի ընդունելիս մենք շեշտը դնում ենք հետազոտական կարողությունների վրա։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ այն մարդիկ, որոնց աշխատանքի ենք ընդունում կարող են հետազոտական աշխատանքներ կատարել, ունեն տպագրվելու կարողություն և հետաքրքրություն։ Այսպիսով, մենք գոհ չենք ներկայիս արդյունքից, բայց դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան. առաջինը՝ մենք չունենք ասպիրանտական ծրագրեր, երկրորդը՝ մեզ մոտ մեծ է դասավանդման ծանրաբեռնվածությունը։ Բայց այս ամենի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- նշեց ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը (հարցազրույցի պահին նա դեռ պաշտոնավարում էր)։ Հինգերորդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում շուրջ 45 հոդվածով։  «Մենք տարվա կտրվածքով ունեցել ենք հոդվածի տեսքով 450 հրապարակում, ևս 22-ը՝ պատենտի տեսքով։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղական ամսագրերում, այսինքն՝ Պոլիտեխնիկի գիտական ամսագրերում, շատ անգամ ավելի ակտիվ է, և հրապարակումները շատ են»,- նշում է բուհի ռեկտորը։ Նշելով, որ տեղական ամսագրերում տպագրվելը շատ լավ է, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասում է, որ պետք է գնալ ոչ միայն միջազգային գիտական ամսագրերում հրապարակվելու ճանապարհով, այլ մեր գիտական ամսագրերը պետք է միջազգային վարկանիշավորում անցնեն, որպեսզի տեղական ամսագրերում հրապարակումը արդեն իսկ համարվի ազդեցության գործոն ունեցող միջազգային գիտական ամսագրում հրապարակված աշխատանք․ «Հակառակ դեպքում, եթե մենք միայն բռնենք ճանապարհը և խրախուսենք, որ ազդեցություն ունեցող գիտական ամսագրերում հրապարակումներ լինեն, ապա կգա մի պահ, որ տեղական գիտական ամսագրերում ուղղակի հրապարակումներ չեն լինի»։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը նշում է, որ Հայաստանում հարյուրից ավելի գիտական ամսագրեր կան, բայց դրանցից մոտ վեցն են ինդեքսավորված համապատասխան միջազգային շտեմարաններում․ «Ինչի՞ համար է դա պետք։ Երբ գիտնականը նոր իդեա է գեներացնում, դա չի արվում իր սեփական լաբորատորիայի ներսում մնալու համար, պետք է տեսանելիությունը մեծացնել։ Եթե լավ գաղափար է, ինչո՞ւ չտարածել միջազգային շուկայում։ Այս շտեմարաններն այն միջավայրն են, որտեղ կարող ես ներկայացնել քո աշխատանքը»։ Որպեսզի ամսագիրը կարողանա ինդեքսավորվել միջազգային շտեմարաններում, պետք է համապատասխանի միջազգային ստանդարտների՝ տեխնիկական (օրինակ՝ կայքի համապատասխանություն),  էթիկական (այսինքն՝ խմբագրության կողմից էթիկական նորմերը պահելը, որակական բովանդակություն ապահովելը)։ Այս երկուսի համապատասխանության դեպքում խմբագրությունը կարող է հայտ ուղարկել միջազգային շտեմարաններ, որտեղից միջինում վեց ամսվա ընթացքում կստանա պատասխան։ Շուշանիկ Սարգսյանը նշում է նաև, որ միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար ներդրումներ են պետք ու ռեսուրսներ՝ և՛ ֆինանսական, և՛ մարդկային։  Պոլիտեխնիկական համալսարանում դասավանդում է շուրջ 700 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 24 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 3 հոդված։ Web of Science շտեմարանից վերցված տվյալների համաձայն՝ վեցերորդ տեղում Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է՝ շուրջ 30  հոդվածով։ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ասում է, որ տարեկան հրապարակումների ընդհանուր թվի տեղաշարժ կա, աճի տենդենց կա, որը անդրադառնում է նաև միջազգային շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների վրա․ «Օրինակ՝ 2022 թվականին հրապարակվել է 281 գիտական աշխատանք, որից 118-ը՝ արտերկրի տարբեր պարբերականներում և գիտաժողովների նյութերում։ Նախորդ տարի եղել է 181։ Ընդհանուր թվի էական տեղաշարժ կա։ Բացի դրանից՝ էական տեղաշարժ կա նաև բարձր ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակման գործընթացում։ Եթե 2021 թվականին հրապարակվել է 25 հոդված, ապա 2022-ին այդ թիվը դարձել է 39»: Ագրարային համալսարանում դասավանդում է շուրջ 250 դասախոս։ Եթե վերցնենք 2021 թվականին հրապարակված 19 հոդվածները, կստացվի, որ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 8 հոդված։ Հաջորդը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է՝ շուրջ 20 հոդվածով։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը կարծում է, որ 20 հոդվածը, իհարկե, փոքր ցուցանիշ է, սակայն հաշվի առնելով, որ Տնտեսագիտական համալսարանը պրոֆիլային բուհ է հասարակագիտական գիտությունների ուղղությամբ՝ պատկերն այդքան էլ վատ չէ․ «Հասարակագիտական գիտությունների պարագայում բարդ է, որովհետև բնական գիտությունների պարագայում եթե արեցին փորձ, այն հաջողվեց, ապա ենթակա է հրապարակման․ հասարակագիտության մեջ այդպիսի ընթացակարգով հրապարակումը բարդ է»։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հրապարակումների փոքր թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դասախոսների որոշ տոկոս համատեղությամբ է աշխատում բուհում, դասավանդելը նրանց հիմնական աշխատանքը չէ, ուստի հոդվածներում որպես պատկանելություն (affiliation) Տնտեսագիտական համալսարանը չեն նշում։ Նշենք, սակայն, որ հոդվածներում պատկանելությունը ցույց է տալիս այն տեղը, որտեղ հետազոտությունը կատարվել է։ Հեղինակներն իրենք են որոշում՝ որ հաստատությունը նշել որպես աֆիլյացիա։ Ընդ որում՝ որոշում են ոչ միայն հաստատության անվանումը, այլև քանակը։ Եթե հեղինակը հոդվածի վրա աշխատանք կատարել է մի քանի հաստատություններում, օրինակ՝ մի տեղ կատարել է գիտափորձեր, մեկ այլ տեղում կատարել է տվյալների հետ աշխատանք ու մի երրորդ հաստատությունում կատարել է տեսական ուսուսմնասիրություններ, ապա կարող է երեք հաստատություններն էլ նշել որպես աֆիլյացիա։  Պարոն Մկրտչյանը հետազոտական ցածր արդյունավետությունը մեկնաբանելիս նշեց նաև, որ երկար ժամանակ ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրերում տպագրության որևէ պահանջ չի եղել․ «Երկար ժամանակ պահանջի բացակայությունը բերել է ոլորտային «ռազբռոսի»։ Անցյալ տարի մենք փորձեցինք ուսումնասիրել, թե մեզ հետ աֆիլացվող դասախոսները որքան հոդվածներ ունեն Scopus-ում կամ Web of Science-ում, պարզվեց, որ մարդիկ հրապարակվել են՝ առանց իմանալու, որ դա Scopus-ում կամ Web of Science-ում հրապարակում է։ Չի եղել պահանջ, իրենք պարզապես հրապարակվել են իքս ժուռնալում, հետո այդ ամսագիրը, պարզվել է, որ ինդեքսավորվել է Scopus-ում կամ Web of Science-ում, ու մարդիկ չգիտեն դրա մասին, ու դա նորմալ է»։ Բուհերի ցանկում նախավերջինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է՝ 11 հոդվածով։ Բուհից հրաժարվեցին հարցազրույց տալ և տվյալները մեկնաբանել։ Մեր ցանկի վերջին տեղում Հայկական պետական մանկավարժական համալսարանն է՝ 10 հոդվածով։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին հարցրինք՝ ինչպես կգնահատի բուհի արդյունքը՝ 11 հոդված։ Նշեցինք նաև, որ մեր վերցրած տվյալները դեռ վերջնական չեն, ու հնարավոր է փոքր տատանում։  «Երևի հենց աֆիլյացիան հաշվի առնելով՝ իրական պատկերն այդ պահին ամփոփված չի եղել, ամփոփելով տվյալները՝ բավակին բարձր են և շատ գոհացնող են, նվազում չունենք, ակնկալում ենք, որ ավելի բարձր ցուցիչներ կունենանք ապագայում»,- պատասխանեց տիկին Իսպիրյանը։ Մանկավարժական համալսարանում դասավանդում է շուրջ 600 դասախոս։ Համադրելով 2021 թվականին հրապարակված 5 հոդվածների թվի հետ՝ 100 դասախոսին միջինում բաժին է ընկնում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում հրապարակված 1 հոդված։ * Այս ինֆոգրաֆիկայի ցուցանիշները հաշվարկել ենք 2021-ին յուրաքանչուր համալսարանի WOS-ում հրապարակած ընդհանուր հոդվածների քանակը բաժանելով դասախոսների թվին և բազմապատկելով 100-ի։   Իսկ ինչպե՞ս են բուհերը խրախուսում դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը Գրեթե բոլոր բուհերի դեպքում մեխանիզմը նույնն է՝ խրախուսման մեխանիզմներ՝ լրավճարների ու հավելավճարների տեսքով։ Տարբեր են միայն լրավճարների ու հավելավճարների չափերը։ Գիտատեղեկատվական շտեմարաններում գիտական ամսագրերը սովորաբար բաժանվում են չորս քառորդի՝ Q1, Q2, Q3, Q4: Այս բաժանումն իրականացվում է՝ ըստ ամսագրերի ազդեցության գործոնի՝ «գիտական վարկանիշի»։ Եթե բոլոր գիտական ամսագրերը դասավորենք՝ ըստ ազդեցության գործոնի նվազման, ցուցակի առաջին 25%-ը՝ ամենաբարձր ազդեցության գործակից ունեցողները, կհայտնվեն Q1 քառորդում։ Q2-ում կլինեն 26-50%-ի խմբում հայտնված ամսագրերը, Q3-ում՝ 51-75%, իսկ Q4-ում՝ մնացածը։ Համալսարանները լրավճարներ սահմանելիս առաջնորդվում են հենց այս բաժանմամբ։ ԵՊՀ-ն Q1 քառորդում տպագրված հոդվածի համար, եթե այն ունի մեկ հեղինակ ու մեկ աֆիլյացիա՝ ԵՊՀ, տրամադրում է 440 000 դրամ, Q2 քառորդի համար՝ 330 000 դրամ, Q3-ի համար՝ 220 000 դրամ, իսկ Q4-ի համար՝ 110 000 դրամ։ ԵՊՀ-ն լրավճարներ է սահմանել նաև տեղական ամսագրերում տպագրությունների, արտերկրում տպագրված գրքերի, մենագրությունների համար։ Իհարկե, այս լրավճարները զգալիորեն ավելի փոքր են։ Այժմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը փոխհատուցում է Web of Science և Scopus շտեմարաններում ինդեքսավորված ամսագրերում տպագրական ծախսերը, սակայն, պրոռեկտորի խոսքով փոխհատուցումից բացի նախատեսում են ներդնել նաև լրավճարների տրամադրման կարգ, որը կկապվի ազդեցության գործոնի հետ։ Պարոն Մկրտչյանը նշում է, որ հնարավոր է նաև խրախուսման մեկ այլ տարբերակ, որ Q4 քառորդում ընդգրկված ամսագրերում տպագրվելու համար չվճարեն, սակայն Q1-ում վճարեն ավելի շատ։ Նրա խոսքով այս դեպքում մոտիվացիան ոչ միայն հրապարակվելը կլինի, այլ նաև հրապարակվելը ավելի բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրում, որը նաև հետազոտական գործունեության խրախուսում է։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Q1 քառորդում ընդգրկված ամսագրերում հրապարակումների համար նախատեսում է  200 000 դրամ լրավճար, մյուս քառորդների դեպքում արդեն որոշակի նվազում կա։ Սահմանված են նաև լրավճարներ Բարձրագույն որակավորման կոմիտեում ինդեքսավորված ամսագրերում տպագրությունների համար։ Հայաստանի ամերիկյան համալսարանում ասիստենտից դոցենտ և դոցենտից պրոֆեսոր առաջխաղացումը պահանջում է հետազոտական արդյունավետություն: Իսկ առաջխաղացումը նաև ենթադրում է աշխատավարձի բարձրացում, նոր, ավելի բարձր կարգավիճակ։ Սրանից բացի դասախոսների խրախուսման համար կան ներդրված այլ մեխանիզմներ․ դրանցից է, օրինակ, այն, որ դասախոսները կարող են դիմել դասավանդման ժամերի կրճատման համար։ Նրանք առաջարկ են ուղարկում իրենց հետազոտական գաղափարով, որի վրա ուզում են աշխատել, իսկ համալսարանն ամեն տարի մրցութային հիմունքներով մի շարք դասախոսների տալիս է այդ հնարավորությունը։ Այդպիսով նրանք մեկ դասընթաց պակաս են դասավանդում, փոխարենը ավելի շատ ժամանակ են հատկացնում հետազոտական աշխատանքին։ Համալսարանը նաև տրամադրում է պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դրամաշնորհներ. այն է՝ որոշակի գումար գիտաժողովների, աշխատարանների մասնակցելու, հոդվածների հրատարակչական ծախսերը վճարելու կամ հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեկ այլ հնարավորություն, որը բուհը տրամադրում է, այն է, որ եթե դասախոսները կարողանում են ֆինանսավորում ստանալ հետազոտությունների համար, նրանք կարող են «գնել» դասավանդման գործընթացը։ Սա նշանակում է, որ դրամաշնորհից որոշ հատված ծածկում է նրանց աշխատավարձի մի մասը, և նրանք ավելի քիչ են դասավանդում, ուստի ավելի շատ ժամանակ են ծախսում հետազոտության վրա։ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, անդրադառնալով դասախոսների՝ գիտությամբ զբաղվելը խրախուսելուն, նշեց. «Համալսարանը, խրախուսելով իր դասախոսների և ասպիրանտների՝ գիտությամբ զբաղվելու հանգամանքը, նրանց ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ֆինանսավորում է նրանց վճարովի տպագրությունը այդ հեղինակավոր ամսագրերում, որպեսզի վճարման բեռը նրանց ուսերին չմնա»։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Q1, Q2, Q3, Q4 քառորդներում ընդգրկված ամսագրերում տպագրությունների համար տրամադրում է լրավճարներ 150 000 - 350 000 դրամի սահմաններում։ Ռեկտորի խոսքով նպատակ ունեն լրավճարների չափը բարձրացնել։  «Դրա շնորհիվ այսօր պրոֆեսորները, 720 - 1 080 ժամ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, ստանում են 540 000 - 810 000 հազար դրամ աշխատավարձ», - նշեց Գոռ Վարդանյանը։ Երևանի պետական բժշկական համալսարանի՝ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը պատմեց, որ խրախուսման մեխանիզմներ ներդնելը բուհում սկսել են՝ պահանջ դնելով, որ բոլոր նախապաշտպանությունների ժամանակ մարդիկ ներկայացնեն աշխատություններ, որոնք ունեն տպագրություններ Web of Science-ում․  «Բերեցինք նրան, որ հիմա դոկտորական դիսերտացիայի մակարդակով թեմա չեն էլ կարող հաստատել, եթե առաջին կամ վերջին հեղինակ չեն։ Թեկնածուականները հիմա մեզ մոտ դուրս են գալիս նախապաշտպանության միայն այն դեպքում, երբ ատենախոսությունը պաշտպանող և ներկայացնող անհատը ունի տպագրություն Q1-Q4 քառորդում՝ առաջին հեղինակությամբ»։ Եթե ամսագրի ազդեցության գործոնը մեկ է, հեղինակը ստանում է 100 000 դրամ։ Եթե հետազոտությունն ամբողջությամբ արված է ԵՊԲՀ-ում, 100 000-ը բազմապատկվում է 1,5-ով (150 000 դրամ), այլ տոկոսադրույք է սահմանված, եթե հետազոտությունն արվել է արտասահմանցի համահեղինակների հետ, բայց պատասխանատու՝ առաջին կամ վերջին հեղինակը, բուհի դասախոսներն են։  Շատ բուհերի ներկայացուցիչներ նշեցին, որ փոխհատուցում են տպագրության ծախսերը, ու նաև ասացին, որ եղել են դեպքեր, որ դասախոսներն ազդեցության բարձր գործոն ունեցող ամսագրում չեն տպագրվել ոչ թե այն պատճառով, որ հոդված չեն ունեցել, այլ այն պատճառով, որ տպագրվելը բավականին թանկ է, և համապատասխան միջոցներ չեն ունեցել։ Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը բացատրեց, որ կան միջազգային ամսագրեր, որտեղ տպագրվելու համար պետք է վճարել․ դա փոքր գումար չէ՝ 1000 և ավելի դոլար կամ եվրո։ Հիմնականում վճարովի են այն ամսագրերը, որոնք բաց հասանելիությամբ են տպագրվում․ այդ տարբերակը կոչվում է open access․ «Եթե ուզում ես քո հոդվածը բաց, հասանելի լինի միջազգային հանրությանը, դրա համար պետք է վճարես։ Կան մի շարք այլ ամսագրեր, որտեղ դու ոչինչ չես վճարում, ուղղակի այդ հարթակներում քո հոդվածի միայն մետատվյալներն են երևում, հոդվածի համար փոքրիկ գումար է՝ մոտավորապես 30 եվրո, որ պետք է վճարես հրատարակչությանը և էլ փոստին ստանաս տվյալ հոդվածը»։   Դասախոսների ո՞ր տոկոսն է միայն դասավանդում Բուհերի ներկայացուցիչներին հարցրինք՝ արդյո՞ք կա վիճակագրություն՝ դասախոսների որ տոկոսն է միայն դասավանդում, և որ տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում նաև հետազոտական աշխատանքով։  Մեր հնչեցրած հարցին բուհերի ներկայացուցիչների ամբողջական պատասխաններերը կարող եք տեսնել տեսանյութում։   Գիտությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտները Մեր ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ մեծ թվով դասախոսներ, այնուամենայնիվ, չեն զբաղվում հետազոտական աշխատանքով կամ հետազոտություններ անում են հազվադեպ։ Ուստի փորձեցինք պարզել նաև, թե ինչ խոչընդոտներ են հետ պահում դասախոսներին հետազոտական աշխատանքից։ Բուհերի ներկայացուցիչների, ինչպես նաև դասախոսների հետ զրույցներից առանձնացրինք երկու հիմնական խոչընդոտ՝ դասավանդման ժամերի ծանրաբեռնվածությունը և լեզվական խոչընդոտները։ Մեկ ուսումնական տարում դասախոսների լրիվ դրույքաչափով ծանրաբեռնվածությունը կազմում է 700-1080 ժամ, որը ներառում է ոչ միայն բուն դասավանդման գործընթացը, այլև դասին պատրաստվելու, հանձնարարություններ պատրաստելու-ստուգելու և դասընթացի հետ կապված այլ աշխատանքների կատարումը։ Չկա որևէ հստակ սահմանում՝ արդյո՞ք այս 700-1080 ժամը ներառում է կամ կարո՞ղ է ներառել հետազոտական աշխատանքով զբաղվելը, թե՞ ոչ։ Դասախոսները նշում են, որ այսպիսի գրաֆիկով դասավանդելու պարագայում հետազոտական աշխատանքին շատ քիչ ժամանակ է հնարավոր հատկացնել։ ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով ԵՊՀ-ում դասախոսի մեկ դրույքաչափ ծանրաբեռնվածությունը կազմում է 700 ժամ․ «Մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ դասախոսները զգալի էներգիա են ծախսում, զգալի ժամանակ են ծախսում դասավանդման համար, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ դա այդքան մեծ խնդիր է։ Կիսելով այդ խնդիրը, փորձելով դա նվազեցնել՝ չեմ կարծում, որ գլխավոր ազդող կետը հենց դա է»։  Պարոն Բարխուդարյանը նշում է, որ կան օրինակներ, երբ դասախոսները 1,5 դրույքաչափ են աշխատում, նույնիսկ երկու համալսարաններում՝ մեկական դրույքաչափ։ Ուստի նա ամբողջությամբ չի կիսում այն կարծիքը, որ ծանրաբեռնվածությունը մեծ խոչընդոտ է հետազոտական աշխատանքով զբաղվելու համար։ ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ փորձում են մշակել մի նոր հնարավորություն, որի դեպքում հետազոտական աշխատանքով զբաղվելը կներառվի դասախոսների անհատական ծանրաբեռնվածության մեջ։ Դասախոսները կկարողանան մեկ կիսամյակի ընթացքում մեկ դասընթաց պակաս դասավանդել, փոխարենը կատարել որևէ հետազոտական աշխատանք։ ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանի խոսքով դասախոսները շաբաթվա ոչ բոլոր օրերին են դասավանդում։ Համալսարանում այդ ծանրաբեռնվածությունը հաշվի առնված է, լրացուցիչ դրույք չեն տրամադրում, և եղած պայմանները լրիվ հարմար են գիտական աշխատանքով զբաղվելու համար։  ՀԱՀ նախկին նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը նշեց, որ դասախոսների դասավանդման ժամերը հաշվարկելիս հաշվի են առնվում գիտահետազոտական այնպիսի աշխատանքներ, ինչպիսին է, օրինակ, ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարումը։ ՀԱՀ-ում ամբողջ դրույքաչափով աշխատող դասախոսներից ակնկալում են երեք գործողություն՝  դասավանդում, հետազոտական աշխատանք և ծառայություններ։ Դասախոսները յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդում են երեքական առարկա։ ՀՊՄՀ պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի խոսքով ծանրաբեռնվածության մեջ ներառված են գիտահետազոտական աշխատանքները, թեզերի ղեկավարումը, ավարտական աշխատանքների, մագիստրոսական, ասպիրանտական, դոկտորական խորհրդատվությունները։ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ավելի քան վստահ է, որ պոլիտեխնիկական համալսարանում դասաժամերի ծանրաբեռնվածությունը խոչընդոտ չէ։ «Եթե այդ ժամաքանակը դասական տարբերակով վերցնենք՝ մեկ դրույքը՝ 720  ժամ, այս դեպքում շատ մեծ քանակությամբ ժամանակ է մնում գիտությամբ կամ այլ աշխատանքով զբաղվելու համար։ Գիտությամբ զբաղվող մարդու համար ժամանակի խնդիրը մի քիչ չափազանցված է, որովհետև գիտությամբ զբաղվող մարդկանց համար ցանկացած րոպեն կարելի է օգտագործել»։  Գիտաչափության մասնագետ Շուշանիկ Սարգսյանը, որ նաև դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում, նշեց՝ իդեալական տարբերակն է, որ դասախոսը դասավանդմանը զուգահեռ նաև գիտության մեջ ներգրավված լինի, բայց դա կախված է նրանից, թե նա դասախոսական ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի․ «Եթե դասախոսը առավոտյան 9:30-ից մինչև 4-5-ը դասավանդում է, չեմ կարծում, որ հինգից հետո կարող է նոր իդեա գեներացնել, հոդվածի վրա աշխատել, նորարարական միտք զարգացնել և այլն։ Իմ փորձից կարող եմ ասել, որ դասախոսություններից, դասերից հետո ես սպառվում եմ։ Դրանից հետո ի վիճակի չեմ նորարարական ինչ-որ բանով զբաղվել, դրանից հետո ես անում եմ իմ հետազոտության տեխնիկական կտորը»։ Գիտական հոդվածները միջազգային ամսագրերում տպագրելու համար դրանք պետք է գրված լինեն մեծամասամբ անգլերենով։ Որոշ ամսագրերի դեպքում հոդվածի անգլերեն լինելը պահանջ է։ Իսկ մյուս կողմից էլ անգլերենը կարելի է համարել գիտության միջազգային լեզու, քանի որ հետազոտողների մեծ մասը հենց այդ լեզվով է հաղորդակցվում։ Ու եթե անգամ անգլերենով տպագրվելը պարտադիր չէ, խիստ ցանկալի է, քանի որ այդ կերպ հնարավոր է գիտական արդյունքը ներկայացնել հնարավորինս լայն լսարանի։ Հաշվի առնելով Հայաստանի խորհրդային անցյալը՝ դասախոսների որոշ մասը անգլերենին չի տիրապետում ընդհանրապես, մի մասն էլ չի տիրապետում հետազոտական աշխատանքները միջազգային ամսագրերում տպագրելու մակարդակի։ Բուհերի բոլոր ներկայացուցիչները (բացառությամբ Ամերկյան համալսարանի, քանի որ այնտեղ ուսուցումը մեծամասամբ անգլերեն է) համաձայն են, որ օտար լեզվին չտիրապետելը ինչ-որ չափով խոչընդոտում է հետազոտական արդյունավետությանը, սակայն նշում են նաև, որ շատ բան հենց դասախոսներից է կախված։ Բուհերի մեծ մասում կազմակերպվում են անգլերենի դասընթացներ, ներկայացուցիչների մի մասն էլ նշեց, որ պատրաստ են նմանատիպ դասընթացներ կազմակերպել, եթե դասախոսները ցանկություն հայտնեն բարելավելու իրենց՝ օտար լեզուների իմացությունը։   Ի՞նչ է ասում Գիտության կոմիտեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում գործում է Գիտության կոմիտեն, որի միջոցով է ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորում գիտությունը պետական և ոչ պետական տարբեր հաստատություններում։  Գիտկոմի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի խոսքով 2021 թվականին Կառավարության որոշմամբ դադարեցվել են որոշ բուհերում բազային ֆինանսավորումները, քանի որ այդ բուհերը վերջին հինգ տարիներին Scopus-ում առնվազն մեկ հոդված չունեին, կամ արդյունավետությունը շատ ցածր էր։ Գործող բազային ֆինանսավորում ստացող բուհերից են ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՃՇՀԱՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՌՀ-ն։  Պարոն Մովսիսյանը նշում է, բուհի աշխատողների մեծ մասը դասախոսներ են, բայց նույնիսկ հիմա կան բազային ֆինանսավորման մեջ ներգրավված մասնագետներ, որոնք ուսումնական պրոցեսին մասնակից չեն։ Կան նաև դասախոսներ, որ ներգրավված չեն բազային ֆինանսավորման մեջ, բայց ակտիվ զբաղվում են գիտությամբ։  «Հեծանիվ հորինել պետք չի, պետք է նայել՝ մյուս տեղերում, աշխարհում ոնց է կառուցված համակարգը։ Կան դասախոսներ՝ այսպես ասած teaching professor-ներ, որոնց գործը միայն ուսումնական պրոցեսի մեջ ներգրավվելն է։ Կան դասախոսներ, որոնք և՛ գիտությամբ են զբաղվում, և՛ ներգրավված են ուսումնական պրոցեսում։ Բակալավրում սովորական գիտելիքներ տալիս շատ պարտադիր չէ, որ դասախոսը լինի նաև հետազոտող։ Ավելի բարձր կուրսերում, օրինակ՝ մագիստրատուրայում, երբ արդեն իսկ մագիստրատուրայի թեզը հետազոտական աշխատանք է, խիստ ցանկալի է, որ լսարան մտնեն հետազոտող դասախոսներ»,- ասաց Արթուր Մովսիսյանը։   Նա նաև նշեց, որ բուհերում կան հետազոտողներ, որոնք ներառված չեն ուսումնական գործընթացում, և դա, ըստ նրա, պետք է փոխել։ Այն հետազոտողները, որոնք զբաղվում են մրցունակ գիտությամբ և պատրաստ են մասնակցել նաև ուսումնական գործընթացին, պետք է հնարավորություն ունենան։ Խոսքը վերաբերում է նաև գիտական կազմակերպությունների այն հետազոտողներին, որոնք ցանկանում են ժամանակ տրամադրել, շփվել ուսանողների հետ, որոշակի կուրսեր կարդալ։ Պետք է նրանց հնարավորություն տալ՝ ներգրավվելու ուսումնական գործընթացում։  «Պետք է ցավով նշեմ, որ տարիներ շարունակ մեր տպագրված հոդվածների քանակը Web of Science, Scopus համակարգերում նվազում է։ Հուրախություն մեզ՝ 2022 թվականին նվազումը կարծես դադարել է, նույնիսկ աճ ունենք, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Որպեսզի մենք խրախուսենք, որ, օրինակ, դասախոսներն ավելի շատ տպագրվեն, մենք մրցույթով տրվող դրամաշնորհների քանակն ենք շատացրել, որը կախված չէ բազային ֆինանսավորումից։ Այն դասախոսների առջև, որոնք ունեն գիտությամբ զբաղվելու հակում, ունակություն, ձգտում, բացվել է առնվազն 5-6 անգամ ավելի շատ հնարավորություն, որպեսզի գիտությամբ զբաղվելուց բացի նաև գիտությունից մրցունակ գումար ստանան»,- նշեց պարոն Մովսիսյանը։   Ամփոփում Մեր հավաքած տվյալներն ամփոփելով՝ 2021-2022 թվականներին Web of Science շտեմարանում ինդեքսավորված ամսագրերում հայաստանյան բուհերը միասին հրապարակել են մոտ 1030 հոդված։ Ինչպես նշեցին մեր զրուցակիցները, գիտության ոլորտում ֆինանսավորման բարձրացումը, ինչպես նաև բուհերում խրախուսման մեխանիզմների ներդրումը, անշուշտ, դրական է ազդել ցուցանիշների վրա։ Սակայն դրական կողմին զուգահեռ կան նաև խոչընդոտներ, որոնք պատշաճ արձագանքի կարիք ունեն։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից Բուհերի ներկայացուցիչները կարևորում են գիտության դերը, փորձում են խրախուսել դասախոսներին՝ զբաղվելու հետազոտական աշխատանքով։ Բայց ավելի բարձր հետազոտական արդյունավետություն ապահովելու համար բուհերի առջև պետք է դրվեն հստակ պահանջներ, որոնք, սակայն, պետք է լինեն հիմնավորված և ոլորտի կարիքներին համապատասխան։ Ինֆոգրաֆիկան պատկերում է հայաստանյան բուհերի հրապարակումների դինամիկան վերջին տասը տարիներին։ *Տվյալները ներբեռնելու պահին հարթակում դեռևս ամփոփված չէր 2022 թվականը, ուստի ներկայացվող տվյալները կարող են մի փոքր տատանվել վերջնական արդյունքից   Ինչ էինք ուզում ու ինչ ստացվեց Ինչպես սկզբում նշեցինք, ի սկզբանե որոշել էինք հաշվել՝ բուհերում դասախոսների քանի տոկոսն է դասավանդմանը զուգահեռ զբաղվում հետազոտական աշխատանքով։ Թվում էր, թե այդ տոկոսը շատ հեշտ կլիներ հաշվել. պետք էր պարզապես մի քանի տվյալ ստանալ բուհերից։ Բուհերին հարցումներ ուղարկելու առաջին փորձից տեղափոխվեցինք իրականություն, երբ իմացանք, որ մեզ անհրաժեշտ տվյալները բուհերը կամ չունեն, կամ ունեն, բայց չեն ուզում տրամադել, կամ չունեն ու չեն էլ ուզում ունենալ։ Իհարկե, մեզ այդպես չեն պատասխանել, ամեն ինչ ավելի պարզ է, մեզ կամ թերի տվյալներ են ուղարկել, կամ շատ ավելի հեշտ ճանապարհով են գնացել՝ պարզապես չեն պատասխանել։ Իսկ մենք հայցել էինք այնպիսի տվյալներ, որ առաջին հայացքից բուհերը պիտի ունենային. ֆակուլտետներն ի՞նչ գիտական հոդվածներ են հրապարակել։ Խնդրել էինք տրամադրել ցանկն ըստ ամբիոնների՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, հոդվածի ամբողջական վերնագիրը, հոդվածի հղումը, ամսագրի անվանումը, հրապարակման ամսաթիվը։  Որոշեցինք այլ տարբերակով հասնել մեր նպատակին. ինչպես նշել ենք՝ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանից ներբեռնեցինք այդ շտեմարանում ինդեքսավորված ամսագրերի բոլոր այն հրապարակումները, որոնք արվել են հայաստանյան բուհերի կողմից։ Շտեմարանից ստացած տվյալները հայաստանյան՝ վերը հիշատակված 9 բուհերի մասին էին՝ Երևանի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայ-ռուսական համալսարան։ Web of Science-ից վերցված տվյալները վերլուծելուց հետո փորձեցինք կապ հաստատել բուհերի հետ՝ զրուցելու ռեկտորների կամ գիտության գծով պրոռեկտորների հետ։ Զրուցեցինք 9 համալսարաններից 7-ի ներկայացուցիչների հետ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները հրաժարվեցին հարցազրույցից։ Լյուսի ՄանվելյանԿատյա Մամյան
16:04 - 23 օգոստոսի, 2023
«Չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում»․ հրապարակվեց Սեւակ Աբրահամյանի գործով մեղադրական եզրակացությունը

«Չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում»․ հրապարակվեց Սեւակ Աբրահամյանի գործով մեղադրական եզրակացությունը

2020 թվականի հոկտեմբերի 2-ին 6-րդ պաշտպանական շրջանի՝ շրջափակման վտանգի մեջ հայտնված  ողջ անձնակազմը Պաշտպանության բանակի՝ այդ ժամանակվա հրամանատար, գեներալ–լեյտենանտ Ջալալ Հարությունյանի որոշմամբ հետ է քաշվել՝ զբաղեցնելով պաշտպանական նոր բնագիծ, նույն օրը Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են մի շարք մարտական դիրքերի թիկունքային հատվածներ օրեր շարունակ մխրճված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 44-օրյա պատերազմի այս եւ հարակից դրվագները նկարագրված են 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի մեղադրական եզրակացության մեջ։ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Թալիշ եւ Մատաղիս գյուղերի անկումը, ըստ մեղադրանքի, հենց այդ ծանր հետեւանքն է։ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում այսօր սկսվեց Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով հիմնական դատալսումների փուլը, որի ժամանակ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ինչից հետո պաշտպանական կողմը ծավալուն ելույթ ունեցավ։ Ավելի քան մեկ տարի՝ 2022 թ․ հուլիսի 29-ից Աբրահամյանը կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել ԳՇ պետի եւ ՊԲ հրամանատարի կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները Ընթերցելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտնեց՝ Սեւակ Աբրահամյանը, 2019 թ․  նոյեմբերի 4-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 4-ը զբաղեցնելով ՊԲ N զորամասի (6-րդ պաշտպանական շրջան) հրամանատարի պաշտոնը, խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Այսպես․ 2020 թ․ սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է N 041 կարգադրությունը, որով Պաշտպանության բանակի հրամանատարին հրամայել է բարձրացնել անձնակազմի զգոնությունը, ուժեղացնել հետախուզությունը եւ դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ կարգադրության հիման վրա ՊԲ հրամանատարն էլ իր հերթին հաջորդ օրը՝ 2020 թ․ սեպտեմբերի 24-ին արձակել է N 0661 հրամանը, որով, ի հավելումն նշված հանձնարարությունների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահությունում գտնվող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թվում` հարվածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում, դրությունում եւ գործողությունների բնույթում փոփոխություններ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել ըստ վերադասության, պաշտպանական շրջանների, այդ թվում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպեանոց պատրաստականության վիճակում մարտական գործողությունների վարմանը պատրաստ մեկ վաշտ: Մեկ օր անց՝ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը արձակել է մեկ այլ՝ N  046 կարգադրությունը, որով ՊԲ հրամանատարին հանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգոնությունը, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզության բոլոր ձեւերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հավանական սադրանքները դիմագրավելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ, մինչեւ սեպտեմբերի 26-ը` ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զորամիավորումների, միավորումների, կառավարման կետերը ծավալել հրամանատարների կողմից նախորոշված շրջաններում եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, նույն ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի վարչակազմերի կողմից զբաղեցնել կառավարման կետերը եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի, իրենց որոշմամբ իրականացնել լրացուցիչ միջոցառումներ։ Նշված կարգադրությունը նույն օրը էլեկտրոնային փոստով առաքվել է ՊԲ դիվիզիաների, պաշտպանական շրջանների ղեկավարներին։ Այս կարգադրության հիման վրա էլ նույն օրը ՊԲ հրամանատարը արձակել է N 0672 կարգադրությունը, որով հանձնարարվել է վարչություններին զբաղեցնել հրամանատարական կետերը, հստակեցնել պահպանության գոտիներ դուրս բերված լրացուցիչ ստորաբաժանումների խնդիրները, պատրաստ լինել հանկարծակի ծագած խնդիրների կատարմանը: Մեղադրողի խոսքով՝ Սեւակ Աբրահամյանը չի պահպանել թվարկված կարգադրություններով եւ հրամաններով սահմանված պահանջները։ Մասնավորապես, պարտավոր լինելով հետեւել, որ զորամասի հրամանատարական կազմը մշտապես գտնվի նախատեսված հրամանատարական կետերում, իմանա իր դիմաց տեղակայված հակառակորդի կազմը, դիրքը, վիճակը, գործողությունների հավանական բնույթը, ուսումնասիրի հետախուզական տեղեկությունները, ամեն օր դրանք վերլուծի եւ համաձայն շտապ տեղեկագրերի ցանկի` զեկուցի վերադաս շտաբ, իսկ կարեւոր տեղեկությունների (հակառակորդի կազմի, մարտական դիրքերի դասավորվածության փոփոխությունների, զորքերի տեղաշարժի) մասին զեկուցի անհապաղ, իմանա զորամասի պահպանության մարտական խնդիրները, պահպանությունից պաշտպանության անցնելու կարգը եւ դրա ժամանակ հմտորեն ղեկավարի ենթակա ստորաբաժանումների գործողություները, ժամանակին հայտնաբերի եւ կանխի պետական սահմանի, շփման գծի եւ օդային տարածության խախտումները, բացառի եւ կասեցնի հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը եւ այլն՝ հակառակ ծառայության եւ պետության շահերի` չի ձեռնարկել սպառնացող վտանգը կանխելու համար բավարար եւ համարժեք միջոցներ։ Դրա փոխարեն, ըստ մեղադրողի, սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ իր կողմից հրավիրված այլ հյուրերի` Պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված նույն զորամասի 1-ին եւ 4-րդ հրաձգային գումարտակների հրամանատարներից ստացել է առաջնագծում եւ հակառակորդի թիկունքում ուժերի եւ միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ, որոնցով վերջիններս ներկայացրել են նաեւ վերախմբավորում կատարելու, պաշտպանության անցնելու եւ այդպիսով չպահվող մարտական դիրքերն անձնակազմով համալրելու վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ մեղադրողի՝ Աբրահամյանը, Մարտական կանոնադրության պահանջների համաձայն ի պաշտոնե պարտավոր լինելով ձեռնարկել մի շարք գործողություններ ենթակա զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանական բնագծի չպահպանվող մարտական դիրքերում զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով համալրելու ուղղությամբ, բավարարվել է միայն ստեղծված իրավիճակի մասին անմիջական պետին բջջային հեռախոսով զեկուցելու փորձերով, որից հետո այլ միջոցներ չի ձեռնարկել։ Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը Այնուհետեւ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, ՊԲ N զորամասի պահպանության բնագծում գտնվող Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների եւ անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում Սեւակ Աբրահամյանը, ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը եւ միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով չպահվող մարտական դիրքերը համալրելու եւ այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու եւ այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսեւորել անգործություն եւ չի կատարել հիշյալ կանոնադրություններով եւ հրամաններով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող ստորաբաժանումները ժամանակին չեն զբաղեցրել չպահվող մարտական դիրքերը, պաշտպանական գիծը չի համալրվել զորամասի բոլոր տեսակի միջոցներով եւ անձնակազմի քանակով․ «Արդյունքում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում է գործել ՊԲ N զորամասի պաշտպանական բնագծի երկայնքով եւ առաջիկա ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք, մասնավորապես՝ 107, 136 մ/դ-ի առաջին խրամատը, 150-164 մարտական դիրքերի, «Գառնի», «Սիս», «Մուշ» հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը եւ կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները եւ հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի աջաթեւյան հատվածում մարտնչող անձնակազմին, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի որոշմամբ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ողջ անձնակազմը հետ է քաշվել եւ զբաղեցրել նոր պաշտպանական բնագիծ` Մատաղիս-Մարտակերտ ուղղությամբ, իսկ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,– նշեց Վազգեն Վարդանյանը։ Զորամասի 1-ին եւ 4-րդ գումարտակների անձնակազմերը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը մարտական հերթապահության են ընդգրկված եղել պաշտպանության շրջանում տեղակայված 73 մարտական դիրքերից 37 մարտական դիրքերում։ Ըստ պաշտպանական կողմի՝ այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը հայտարարեց՝ այս մեղադրանքից հնարավոր չէ պաշտպանվել, քանի որ իրենց համար այն ավելի քան անհասկանալի է։ Իր այս հայտարարությունը պաշտպանը պատճառաբանեց մի քանի հանգամանքով․ «Սկսեմ նրանից, որ մեղադրանքի մեջ ասվում է, որ  կատարած արարքը նախատեսված է 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած 545–րդ հոդվածի 5-րդ մասին։ Պաշտպանական կողմը պիտի հասկանա՝ մեղսագրվող արարքը կոնկրետ ո՞ր նյութական նորմով է սահմանված, ո՞ր նորմից փորձի պաշտպանվել, բնականաբար, այս երկու նորմերն էնպիսի տարբերություններ ունեն, որ անհնար է երկուսից պաշտպանվել»։ Ձախից՝ պաշտպան Արման Թամրազյանը, մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը Նշենք, որ 2022 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել 2021 թ․-ին ընդունված Քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ նոր օրենսգիրք), եւ նույն օրը ուժը կորցրած է ճանաչվել 2003 թ․ ընդունված արդեն նախկին օրենսգիրքը (այսուհետ՝ նախկին օրենսգիրք)։ Աբրահամյանին մեղադրանքն առաջադրվել է նախկին օրենսգրքով, մեղադրողը միաժամանակ նշել է, թե նույն արարքը նոր օրենսգրքի որ հոդվածին է համապատասխան։ Նախկին օրենսգրքի հիշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է սահմանում նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքի համար, որը առաջացրել է ծանր հետեւանքներ։ 1-ին մասը սահմանում է հետեւյալը․ «ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել», իսկ 2-րդ մասը՝ հետեւյալը․ «Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով եւ առաջացրել է էական վնաս»։ Ինչ վերաբերում է նոր օրենսգրքի 540-րդ հոդվածին, ապա դրա 5-րդ մասը սահմանում է․ «Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն» (հոդվածների լուսապատճենները՝ ստորեւ)։ Քրեական օրենսգիրք, 2003 թ․ Քրեական օրենսգիրք, 2021 թ․ Պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ մեղադրող կողմը չի հստակեցրել՝ Աբրահամյանին մեղսագրվում է 365-րդ հոդվածի 1-ի՞ն թե՞ 2-րդ մասով սահմանված արարքը, որը ծանր հետեւանք է առաջացրել, դրանից բացի, որեւէ տեղ չի նշել՝ կանոնների ենթադրյալ խախտումը դիտավորությա՞մբ է կատարվել թե՞ անզգուշությամբ․  «Մենք ունենք քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, որում նկարագրված գործողությունների մեծ մասը եւ հետեւանքը նշված են որպես անզգուշություն (վարույթը նախաձեռնվել է զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով,–հեղ․), եւ ունենք մեղադրանք, որում ոչինչ նշված չէ, այս մեղադրանքի պայմաններում պաշտպանությունն անիրական է»,– ասաց նա։ Դրանից բացի, Թամրազյանը հիշեցրեց՝ նորմը ունի հետադարձ ուժ, եթե հանցագործությունը լրիվ կամ մասնակի վերացնում է կամ պատժելիությունը՝ մեղմացնում, իսկ անձի վիճակը վատթարացնող, պատիժը խստացնող նորմերը հետադարձ ուժ չունեն։ Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, նոր օրենսգիրքը մարտական հերթապահության կանոնների անզգուշությամբ խախտումը հանցագործություն չի դիտել, այսինքն՝  արարքը ապաքրեականացվել է, ուստի Աբրահամյանը դրա համար մեղադրվել չի կարող։ Նշենք, որ նախորդ դատական նիստերում նա նաեւ միջնորդություն է ներկայացրել այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որի լուծումը դատարանի որոշմամբ հետաձգվել է։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հաջորդիվ պաշտպանը պնդեց՝ ԳՇ պետի տված կարգադրությունը զորամասի հրամանատարի համար պարտադիր չէ, վերջինիս համար պարտադիր է դիվիզիայի հրաամանատարի կարգադրությունը։ Տվյալ դեպքում, ըստ նրա, Դիվիզիայի հրամանատարի կարգադրության մեջ չի նշվել մարտական աշխատանքային ռեժիմի անցնելու մասին, իսկ այն, ինչ նշվել է, ըստ պաշտպանի, Աբրահամյանն արել է․ «Մեղադրանքը հանդիսանում է զինվորական գործի մասին պատկերացում չունեցող անձի երեւակայության արդյունք, որովհետեւ միայն զինվորական գործի մասին պատկերացում չունեցող մարդը կարող է ենթադրել, որ եթե խնջույքը չկազմակերպվեր, հակառակորդը Թալիշ եւ Մատաղիս գյուղերը չէր գրավի»։ Միաժամանակ պաշտպանը պնդեց՝ մարտական աշխատանքային ռեժիմը զորքերին չի էլ վերաբերում, դա շտաբի համար է․ «Նորմատիվ ակտի մեջ հայերենով գրված է՝ ղեկավարման մարմինը՝ շտաբը, կարող է բերվել մարտական աշխատանքային ռեժիմի զորքերը լրիվ մարտական պատրաստության վիճակի բերելուց հետո՝ մոբիլիզացիայի պայմաններում, այսինքն՝ պիտի հայտարարվի զորակոչ, զորքերը բերվեն մարտական պատրաստության աստիճանի, դրանից հետո նոր ղեկավարման մարմնի համար սահմանվի մարտական աշխատանքային ռեժիմ։ Հիմա ԳՇ պետը մոբիլիզացիա չի հայտարարել, զորքերը չեն բերվել մարտական պատրաստության վիճակի, բայց շտաբի համար որոշել է սահմանել մարտական աշխատանքային ռեժիմ։ Սա ապօրինի, ոչ իրավաչափ կարգադրություն է, ոչ մի բանի մասին չկվայող․ եթե զորքերը բերված չեն մարտական պատրաստության վիճակի, մոբով համալրված չեն, սահմանես մարտական թե ֆանտասնտիկ աշխատանքային ռեժիմ՝ դրանից ոչինչ չի փոխվի»,– ասաց նա։ Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ դիվիզիայի հրամանատարն իրեն տված կարգադրությունը մեկ օր անց չեղարկել է Մեղադրյալ Սեւակ Աբրահամյանն իր բացման խոսքը սկսեց՝ դիմելով հանրային մեղադրողին․ «Ճիշտն ասած, հարգելի՛ դատախազ, խնդրում եմ չնեղանալ, ես ոչ մեկին ոչինչ չունեմ ասելու, անկեղծ եմ արտահայտվում, որեւէ մեկի աշխատանքին գնահատական չեմ տալիս, հասկանում եմ՝ Ձեր աշխատանքի բնույթը այլ է, զինվորականինը՝ այլ, բայց պատվարժա՛ն դատարան, մեղադրական եզրակացության բովանդակությունը նայելով՝ ես ինչի՞ համար եմ մի տարի ասում՝ չեմ հասկանում՝ ինչում են ինձ մեղադրում, հայերեն է գրված, բայց չեմ հասկանում, որովհետեւ պարզ երեւում է, որ մեղադրանքի բովանդակությունը գրողը կամ հաստատողը կոնկրետ ինչ նպատակով է դա կատարել։ Եթե ողջամիտ, մոտս կասկածներ են առաջանում, որ ինադու նենց է արված, որ այս ամենը երկարաձգվի, խի՞, որովհետեւ, որովհետեւ․․․»։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Ներկայացնելով զինվորական կանոնադրությունների մի շարք դրույթների վերաբերյալ իր պարզաբանումները՝ Աբրահամյանը պնդեց՝ ԳՇ պետի կարգադրությունները իրեն չեն վերաբերել, վերաբերել են ՊԲ հրամանատարին, վերջինս իր հերթին հրամաններ է տվել դիվիզիաների հրամանատարներին, նրանք էլ՝ զորամասերի հրամանատարներին։  Ըստ այդմ, ինքը, որպես զորամասի հրամանատար, իր անմիջական պետից՝ դիվիզիայի հրամանատարից, հրաման ստացել է, սակայն դրա մեջ եւս մարտական աշխատանքային ռեժիմի մասին խոսք չի եղել։ Ավելին, այդ հրամանը, ըստ Աբրահամյանի, իր պետը մեկ օր անց չեղարկել է․ «ԳՇ պետը տվել է ինչ–որ կարգադրություն, դրանից ելնելով՝ ՊԲ հրամանատարը տվել է ինչ–որ կարգադրություն, դիվիզիայի հրամանատարը տվել է կոնկրետ կարգադրություն 6–րդ Պաշտպանական շրջանի հրամանատարին, նույն դիվիզիայի հրամանատարը իր ցուցմունքում էլ է նշել՝ ինձ տվել է կարգադրություն ամսի 25-ին, բայց ամսի 26-ի առավոտյան ասել է՝ իմ տվածը всё, ավարտել էդ կարգադրությունը, отбой։ Պատճառներից մեկը եղել է սնունդը, իսկ կոնկրետ պատճառը ես չգիտեմ, ինքը նշել է, թե բանակի հրամանատարն է էդ խնդիրը առաջադրել․․․ Հիմա ես ո՞ւմ հրամանը չեմ կատարել, բացատրե՛ք ինձ, խնդրում եմ։ Ես պիտի՞ կատարեի դիվիզիայի հրամանատարիս ամսի 26-ի բանավոր հրամանը․ բանավոր թե գրավոր՝ տարբերություն չկա, ֆակտ էն է, որ էդ կարգադրությունը էդ մարդը տվել է, որ գնացեք տուն, աշխատանքային օրը՝ սովորական՝ մինչեւ 14։00․․․ Վերջին զանգը ՊԲ հրամանատարի հետ ես ունեցել եմ ժ․ 15։00–ին, ասել եմ՝ պարո՛ն գեներալ, հիմա ի՞նչ ենք անում, էդ միջոցառումը անո՞ւմ ենք թե՞ չէ, ասել է՝ դուք արեք, ես կարող է՝ չկարողանամ գալ, ասել եմ՝ ե՞րբ անենք, ասել է՝ կեսօրից հետո։ Ժ․ 18։00–ին որոշում ենք անել․․․ Նույնը խոսում եմ դիզիզիայի հրամանատարիս հետ, բա բանակի հրամանատարը սա ասաց, դուք ի՞նչ եք ասում, ասել է՝ մենք գալու ենք»,– պատմեց Աբրահամյանը՝ վերջում հարց հնչեցնելով․ «Ուրեմն՝ ես հանցագործություն եմ կատարում, հրավիրում եմ, որ իմ աջ թե ձախ կողմը, չեմ հիշում, նստեն զինվորական դատախա՞զը թե՞ ռազմական ոստիկանության պետը թե՞ Մարտակերտի շրջվարչակազմի պետը, որոնք որ մասնակցել են այդ միջոցառմանը»։ Ըստ նրա՝ միջոցառմանը ներկա մարդիկ հիմնականում այն մարդիկ էին, որոնք պիտի իրենց տներում լինեին՝ հանգստի, քանի որ վերջին կարգադրությունը դա է եղել․ «Նույն բանը ասում է իմ անմիջական պետը, նույն բանը ասում են ենթակաները․ հիմա մարդը գնա իր տանը հաց ուտի, թե գա, կոլեկտիվի հետ նստի, դա ո՞նց կարելի է գնահատել հանցագործություն»։ Ըստ Աբրահամյանի՝ ձախաթեւյան զորքին անհայտ հանգամանքներում հեռացրել են այդտեղից Անդրադառնալով մեղադրանքում նշված ձախաթեւյան շարքին, ուր մխրճվել է թշնամին, Սեւակ Աբրահամյանն ասաց՝ այդտեղի զորքը հանվել է անհայտ անձանց կողմից, եւ ըստ իրեն՝ դրա հետեւանքով է, որ Թալիշն ու Մատաղիսը ընկել են․ «Թուրքը կռիվ անելո՞վ է տիրացել Թալիշին, տենց բան չի եղել, թող էդ հարցի պատասխանը տան հետնահանջ տվողները, թող տան ձախթեւային երկու վաշտ, մի գումարտակ, հակատանկային ստորաբաժանում եւ ականանետային մարտկոց, ո՞վ է էնտեղից փախցրել զորքը, ո՞ւր են տարել»։ Աբրահամյանն ասաց, որ իր առաջին ցուցմունքում ինքն այս մասին նշել է, սակայն մինչ օրս դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել․ «Ես ի վիճակի չեմ, 3 տարի չեմ կարողանում հասնել նրան, որ գործ հարուցվի պարզվի՝ ոնց է էդ զորքը մահացել․․․ Աբրահամյա՛ն Սեւակ, գնա կալանքի, քանի որ դու սկսել ես դրա մասին խոսել։ Կգնամ, ձեր ցավը տանեմ, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ բացվե՛ք, ճիշտը նշե՛ք․․․ Վերջում հակառակորդը որ եղել է, Աբրահամայան Սեւակն է եղել՝ հետը 20 քանի հոգի մարդ, փառք Աստծո, էդ մարդկանցից ոմանք իրենց ցուցմունքներում նշում են, ես եմ թուրքին տեսել, ինձ ոչ ոք չի զեկուցել»։ Բացատրելով Թալիշի, Մատաղիսի տեղադիրքերը եւ իր տեղակայումը՝ Աբրահամյանը նշեց, որ հակառակորդը ոչ թե իր դիմացով կամ իրենց ճեղքելով է առաջ անցել, այլ թիկունքով․ «Թուրքը սենց (իր դիմացը ցույց տալով,–հեղ․) չի եկել, չի կարողացել, դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ Բանակի հրամանատարը, ե՛ւ դիվիզիայի հրամանատարը․․․ Թուրքը թեւանցել է, հետեւով է եկել, իմ թիկունքով է եկել, հասել է իմ հետեւը, որի մասին ես 2-րդ օրվանից իմացել եմ, գոռում–ճվում եմ, որ հետեւս թուրք կա, խնդրում եմ՝ ստուգեք, մաքրեք, որովհետեւ դա իմ տարածքը չէր, ես չէի կարող էնտեղ մտնել, ընդ որում, զորք էլ չունեի էնտեղ տանելու․․․ Ոչ մի բան չարեցին․․․ Վերջում թուրքը հայտնվի հետեւս, ես ուզենամ տեղս փոխել, ընկնեմ դարանակալման մեջ, վիրավորվելով, կոտորվելով՝ դուրս գամ, մի ձեւ գնամ, որ զորքը իրար գլխի հավաքեմ, պարզվի, որ թուրքը ամսիի 26-ի պատճառո՞վ է հայտնվել էդտեղ»։ Աբրահամյանը բացատրեց՝ այս ամենը չբացահայտելու պատճառով ինքը դուրս է եկել բանակից, այս ամենը բացահայտելու համար ինքը մեկ տարի առաջ հասել է Քննչական։  Ընդհատելով ելույթը՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկավ․ – Պատվարժա՛ն դատարան, ես չեմ հասկանում՝ սա բացման խո՞սք է թե՞ հանցագործության մասին հաղորդում,– ասաց նա։ – Ճիշտ այդպես, խնդրեմ,–արձագանքեց մեղադրյալը։ – Եթե պարոն Աբրահամյանը անհայտ անձանց կողմից ձախ թեւից զորքերի դուրսհանումը դիտարկում է հանցագործություն եւ հանցագործության մասին հաղորդում, նախազգուշացնենք սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, եւ թող դրա վերաբերյալ հաղորդում ներկայացնի,– ասաց մեղադրողը՝ նշելով, որ այդ դրվագը Աբրահամյանի մեղադրանքի հետ առնչություն չունի։ – Բացե՛ք իմ առաջին ցուցմունքը, մեջը էդքանը գրած է, ի՞նչ հաղորդում, ես հաղորդում չեմ տալիս, պահանջում եմ, որ կատարեք,– բղավեց Աբրահամյանը,– Իսկ կապ ունի կամ չունի՝ էական չէ արդեն, բա որ կապ չունի, Մատաղիսն ու Թալիշը ո՞նց  հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ,– զայրացավ Աբրահամյանը։ – Պարո՛ն Աբրահամյան, իմ հետ մուննաթով մի՛ խոսեք, հանգի՛ստ խոսեք, որ էդպես խոսում եք՝ ձեռքով–ոտքով, հուզմունքով, ինձ էդպես մի՛ նայեք,– իր հերթին բղավեց մեղադրողը։ – Ո՞նց եմ նայում․․․Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։ – Այսի՞նքն։ – Որտեղ եղել եմ, դուք եղե՞լ եք, ի՞նչ եք իմանում՝ ես մարդուն ո՞նց եմ նայում։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը դատարանին խնդրեց կարգի հրավիրել մեղադրյալին, պաշտպան Արման Թամրազյանն էլ բացատրեց՝ Աբրահամյանի բարձր խոսելը պայամանվորված է նրա առողջական վիճակով։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ մեղադրյալի պահվածքում միտումնավոր ոչինչ չկար․ «Ինչ վերաբերում է հուզմունքին, բարձր տոնին, ցանկացած մարդ կարող է նման իրավիճակում էդպիսի արտահայտություններ անել․․․ Դա վիրավորական չէ Ձեր նկատմամբ, եթե տեսնեմ կամ իմանամ կամ հասկանամ, որ մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություն է, ես ինքս կմիջամտեմ,»– նշեց դատավորը՝ հորդորելով նիստը չվերածել վիճաբանության։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի  
23:55 - 18 օգոստոսի, 2023
«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են

«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են

Արցախի շրջափակման օրերն անընդմեջ աճում են, անկարողությունն ու հուսահատությունը՝ դրան զուգահեռ։ Երբ հանկարծ թվում է՝ շարունակելու ուժ այլեւս չունենք, պատահում են մարդիկ, ում պատմությունները հուշում են՝ իրականում հանձնվելու իրավունք չունենք։ Ուժի ու իրավունքի ամենօրյա պայքարի արանքում դարձյալ որոշում ենք պատմել շրջափակման հետեւանքով բաժանված ընտանիքի, նրանց առօրյա ապրումների մասին։ Ես՝ այստեղից՝ Երեւանից, Աստղիկը՝ Արցախից՝ Ստեփանակերտից։ Իսկ պատմությունն այս անգամ Մարտակերտի բնակիչներ Հովհաննիսյանների ընտանիքի մասին է, որը բաժանված է արդեն 9 ամիս․ 19-ամյա Մերին միայնակ Երեւանում է, ծնողները, կրտսեր երկու եղբայրները՝ 17-ամյա Արշակն ու 12-ամյա Արմանը՝ Մարտակերտում։ Մինչ ես հանդիպում եմ Մերիին, Աստղիկն ասում է՝ Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու ճոխությունն էլ է արդեն անցյալում․ ինքն Արշակի հետ հեռախոսով պիտի զրուցի։ Բայց հեռախոսի երկու կողմերում տեւական լռություն է, մեր նամակագրությունը եւս ընդհատվում է օրերով, աղմկում է միայն օդում կախված նույն հարցը՝ այսպես մինչեւ ե՞րբ... Մերին վերջին անգամ նոյեմբեր ամսին է տանը եղել Մերի Հովհաննիսյանը, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից է, արդեն 9 ամիս է՝ չի հանդիպել իր ընտանիքին։ Ընդունվելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարկետինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ 19-ամյա արցախցին 2022 թ․ օգոստոս ամսից տեղափոխվել է Երեւան, դրանից հետո միայն մեկ անգամ է տուն վերադարձել․ «Մի անգամ՝ նոյեմբերին, երբ չէի դիմանում կարոտին, ուրբաթ–շաբաթ–կիրակի օրերին գնացի Արցախ, դա եղել է վերջին անգամը, հետո պիտի գնայի արդեն դեկտեմբերին, բայց այդպես էլ չկարողացա ձմեռային արձակուրդս այնտեղ անցկացնել»,- պատմում է Մերին, որ մինչեւ տարեվերջ էլ հավատում էր՝ տուն կվերադառնա։  Մերին՝ Երեւանում Այդ հավատն էր, որ նրան դրդել էր դասախոսներին խնդրել բոլոր ստուգարքներն ու քննությունները առաջինն իրենից վերցնել, որպեսզի հնարավորինս շուտ ավարտի ու ճանապարհ ընկնի․ «Արդեն չէի կարողանում էստեղ մնալ, բոլորը հանձնեցի, վերջացրի, ու ամեն ինչ պլանավորված էր, պիտի դեկտեմբերի 17-ից գնայի ու մինչեւ հունվարի սկիզբ մնայի Արցախում, բայց դեկտեմբերի 12-ին ճանապարհները փակվեցին, ու 12-ից մինչ 17-ը ես էլի չէի հուսալքվել, այդ ընթացքում էլ դասախոսներին դեռ խնդրում էի, որ շարունակեն ինձնից ստուգարք վերցնել, որ ես շուտ գնամ Արցախ, բայց արդյունքում, բոլորը գնացին իրենց մարզեր, իսկ ես այդպես էլ չգնացի»,– ասում է նա՝ անկեղծանալով՝ ձմռան վերջին հավատը կորցրել էր, բայց ամառային արձակուրդին ընդառաջ՝ դարձյալ հույսի փոքրիկ լույս էր ծագել, դարձյալ՝ ապարդյուն։ Առաջին Ամանորը՝ Տավուշի մարզում եւ առանց ծնողների Մերին, որ ներգրավված է հասարակական տարբեր ծրագրերում եւ բազում ընկերներ ունի ՀՀ-ում, 2022 թ․-ի տարեվերջին տարբեր մարզերի ընկերներից հրավերներ էր ստանում՝ Ամանորն իրենց տանը նշելու, բայց ասում է՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ մեկին համաձայնություն չէր տալիս՝ հույսով, որ եթե անգամ 31-ին ճանապարհը բացվի, տուն կվերադառնա․  «Բայց դեկտեմբերի 31-ին որ չբացվեց, ընտրեցի Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղը, ընկերներիցս մեկը հրավիրեց, եւ հենց այնտեղ նշեցի Ամանորը։ Ինչո՞ւ Չինարի․ որովհետեւ այն մի քիչ ավելի մոտ էի համարում Արցախին»,- պատմում է նա ու անկեղծանում՝ ընկերոջ ընտանիքն ամեն ինչ արել է, որ ինքն իրեն միայնակ չզգա, բայց երբ կեսգիշերին կապ է հաստատել իր ընտանիքի հետ, հուզվել է, իրեն լիարժեք չի զգացել։ Մերին՝ Չինարիի Խորանաշատ վանքի մոտ Այսօր էլ, ըստ Մերիի, մենակության այդ զգացողությունն է դժվարություններ ստեղծում, թեեւ շրջափակման ընթացքում սկսել է ավելի ինքնուրույն դառնալ․ «Այս պահին էլ միայնակ եմ ապրում ու չգիտեմ՝ շուտ է սկսվել այդ փուլը թե ոչ, բայց ես արդեն սկսել եմ ինքնուրույն մտածել, ինքնուրույն գործել, ինձ թվում է՝ մի քիչ անկախանում եմ, բայց իրականում չէի ուզի այսքան շուտ անկախանալ ընտանիքից»։ 1 Snickers-ը՝ 4 հոգու համար Մերին ասում է՝ ընտանիքի եւ ընկերների հետ կապ է հաստատում օրական 1-2 անգամ, առաջ ավելի հաճախ էին խոսում, բայց հիմա անջատումների պատճառով չեն կարողանում․ «Առաջին հարցը, որ մերոնց հետ կապվելիս տալիս եմ՝ այսօր ի՞նչ եք կերել․․․ Իրականում ես ինչ իմանամում եմ Արցախի, դժվարությունների մասին, իմանում եմ ավելի շատ ֆեյսբուքյան խմբերից եւ ընկերներիցս, քանի որ ընտանիքս, չգիտեմ՝ ստում է թե չէ, բայց ասում է՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է, իրենք ամեն ինչ ունեն․․․ Բայց մի անգամ մերոնց հետ էի խոսում, փոքր եղբայրս մի Snickers էր գտել, ուրախացած ասում էր՝ Մերի՜, նայի՜ր, էսօր Snickers ենք ուտելու․․․ Բերեց, 4 մասի բաժանեց էդ փոքր Snickers-ը, որ բոլորով ուտեն․․․ Շատ դժվար է նայել, թե ոնց են էնտեղ սնվում կամ ինչ–որ բանով զբաղվում ու ոնց՝ էստեղ»։ Ընտանեկան լուսանկար Փոխադարձ կարոտը խեղդում է նաեւ ընտանիքին․ միջնեկ եղբայրը՝ Արշակը, այս ընթացքում օնլայն շփման միջոցով է փորձում դա մեղմել․ «Գրվում ենք հիմնականում, մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ, բայց էնպես չէ, որ զանգեմ, մի կես ժամ խոսենք, էդպես շատ է հուզիչ, խուսափում եմ։ Դե, բայց մերոնք որ զանգում են, կողքից միանում, խոսում եմ»,- ասում է նա ու նշում՝ ընտանիքի անդամներից կարոտն ամենադժվարը իրենց փոքր եղբայրը՝ Արմանն է հաղթահարում․ «Արմանը երազում է՝ ճանապարհը բացվի, գնա Մերիի մոտ։ Շատ է կարոտում։ Դե, բոլորս ենք կարոտում, ուղղակի ինքը մի քիչ ավելի էդպիսինն է․․․ Հեքիաթային»,– ասում է Արշակը։ Վերջինս ընկերների հետ ժամանակ անցկացնելուց բացի զբաղվում է փոքր պարտեզով, որ շրջափակման ընթացքում են սկսել մշակել․ «Առանձնապես սեր չենք ունեցել հողագործության նկատմամբ, բլոկադայի սկզբում էլ չէինք մշակում, բայց հետո տեսանք, թե բանջարեղենի գները ինչքան բարձր են, ասացինք՝ մենք էլ մշակենք, ինչո՞վ ենք պակաս որ»,- ասում է նա։  ՀԱՊՀ-ի ապագա ուսանողը չգիտի՝ ինչպես է իրացնելու կրթության իր իրավունքը Արշակն այս տարի է ավարտել դպրոցը, անվճար ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ պետք է արհեստական բանականությամբ համակարգեր կրթական ծրագիրն անցնի, սակայն ոչ ոք հստակ պատասխան չունի, թե Արցախի շրջափակման պայմաններում նա ինչպես է Երեւան հասնելու եւ իրացնելու կրթության իր իրավունքը։ «Ամռան սկզբում ասել էին, որ իբր մոտ 300 ուսանողի ուղարկելու են Երեւան, հետո մի պահ ասացին՝ օնլայն են լինելու մեր դասերը, մոտ մեկ շաբաթ առաջ էլ նորից զանգեցին, անձնագիր ուզեցին ԿԳՄՍՆ-ից, բայց իրենք էլ չգիտեն՝ ոնց են ուղարկելու, ու ոչ մի երաշխիք չեն տալիս։ Հարցնում եմ՝ ինչքանո՞վ է հավանական, որ կստացվի գնալը, ասում են՝ մեզ էդպիսի հարցեր մի տվեք»,- պատմում է Արշակը։ Արշակն ու Արմանը՝ Արշակի վերջին զանգին, հեռախոսի էկրանին՝ Մերիի լուսանկարը Նա ի սկզբանե անհամբեր էր, թե երբ պիտի տեղափոխվի Երեւան, նոր կյանք սկսի որպես ուսանող, սակայն հիմա երկմտում է՝ ուզու՞մ է առհասարակ գնալ, թե՞ ոչ․ «Բանակի հարց կա, ախր, եթե գնամ, հետո հետ չբերեն, որ ծառայեմ, «աբիդնի» կլինի։ Հունվարին պիտի գնամ բանակ։ Եսիմ, շատ եմ ուզում նորմալ կրթություն ստանալ, բայց համ էլ ուզում եմ վստահ լինել, որ կարողանալու եմ հետ գալ, պարտքս տալ հայրենիքին»,- անկեղծանում է տղան։ Մարտակերտը՝ կրկնակի շրջափակման մեջ Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցումից հետո Մարտակերտ քաղաքը, որ ամենահեռու շրջկենտրոնն է Ստեփանակերտից, օրեր շարունակ կրկնակի շրջափակման մեջ էր, մայրաքաղաքից լրիվությամբ կտրված։ Արշակի խոսքով՝ պետական մի տրանսպորտ կար, որ երբեմն միայն հիվանդներին էր տեղափոխում, բայց դրա վառելիքն էլ սպառվել է, այլեւս չի գործում։ Փոխարենը վերջերս մասնավոր մի տրանսպորտ է սկսել աշխատել, շաբաթական 1-2 անգամ քիչ քանակությամբ մարդկանց է կարողանում տեղափոխել։ Գինն էլ՝ կրկնակի․ «Ես էլ էի զանգել, որ Արմանի հետ գնամ քաղաք, տեսնենք՝ սեպտեմբերի մեկի համար ինչ հագուստ կկարողանայինք գտնել, որ եղբայրս դպրոց գնա, բայց վարորդն ասաց, որ տեղերը սպառված են, նույնիսկ երկուսիս չի կարող վերցնել»,- նշում է նա։ Դատարկ հանրախանութ Ստեփանակերտում Արշակը, սակայն, առանձնապես ծանր չի տանում տրանսպորտի բացակայությունը եւ Ստեփանակերտ հասնել չկարողանալը․ «Տարբերություն չկա, կամ Ստեփանակերտ կամ Մարտակերտ, մեկ է՝ ոչ մի տեղ էլ ոչ մի բան չկա, էնպես չէ, որ Ստեփանակերտում ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Բայց դե, գոնե կկարողանայինք շոր գտնել, գնել։ Մարտակերտում ընդհանրապես անհնար է գտնելը»։ Շրջափակման ընթացքում՝ դասընթացներ երեխաների համար Արշակն ու Մերին, որ, ըստ Աստղիկի, Մարտակերտ քաղաքում եւ առհասարակ Արցախում ամենաակտիվ եւ ստեղծարար պատանիներից են, իրենց մի քանի ընկերների հետ շրջափակումից առաջ մի ծրագիր էին սկսել՝ անունը Bitty, նպատակը՝ բազմաֆունկցիոնալ co-working space-ի ստեղծումը։ Դրամաշնորհ էին հաղթել, տարածք ստացել եւ համոզված էին, որ կարողանալու են նոր շունչ ու կենդանություն պարգեւել քաղաքին։ Այսօր, սակայն, բոլոր աշխատանքները դադարեցված են, եւ պատճառը կրկին շրջափակումն է։ Շինանյութ չկա, եղածն էլ պետք է առավել ռացիոնալ օգտագործել։ Մերիի բացակայության պայմաններում Արշակն ասում է՝ էլ ոչնչի հավես չունի․ «Անիմաստ ապրում ենք»,- հեգնական ծիծաղով նշում է նա եւ ավելացնում, որ ծրագրավորման դասընթացի էր գրանցվել, բայց անգամ դրան չի մասնակցում։ Bitty-ի թիմը շրջափակման ընթացքում՝ ձեռքին Մերիի լուսանկարը Մերին էլ մանրամասնում է՝ քանի որ ծրագիրը նաեւ համայնքային զարգացման բաղադրիչ ունի, շրջափակման ընթացքում սկսել են երեխաների համար դասընթացներ ու ժամանցային միջոցառումներ կազմակերպել, Մոխրաթաղի պատանիներին սովորեցրել են՝ ինչպես կայք պատրաստել․ «Այդ աշխատանքային պրոցեսին ես մասնակցում էի այստեղից, ի դեպ, դա էլ էր մեծ դժվարություն, որովհետեւ էրեխեքը էնտեղ հավաքվում էին, իսկ ես էստեղից զանգով էի միանում իրենց, բայց էլի հաղթահարում էինք»,- ասում է Մերին ու անկեղծանում՝ Արցախ գնալուն պես ուզում է այդ բոլոր միջոցառումները նորից կազմակերպել եւ անձամբ ներկա գտնվել։ Մերին՝ Երեւանում Արցախում ծրագրեր իրականացնելուց բացի Մերին այժմ ՀՀ մարզերի համայնքներում է ծրագրերի մասնակցում, կամավորում է տարբեր կազմակերպություններում ու նախաձեռնություններում, ինչպիսիք են, օրինակ, «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ն, «Impact Hub»-ը, «Հայաքվե»-ն․ «Ինձ միշտ հարցնում են՝ ո՞նց ես հասցնում այդքան ծրագրի մասնակցել, պատճառներից մեկն այն է, որ ես փորձում եմ ինձ ցրել ամառային արձակուրդին, որովհետեւ ես հիմա պիտի Արցախում լինեի, եթե մնամ տանը, անընդհատ դա եմ հիշելու, եւ բացի այդ, ես այն ծրագրերին եմ մասնակցում, որոնք սոցիալական ազդեցություն են ունենում տարբեր համայնքներում, եւ այդ ուժը երեւի նրանից է, որ ես ուզում եմ ապրել այն Հայաստանում՝ Արցախն էլ հետը, որտեղ մեր երիտասարդները ավելի կրթված կլինեն եւ ավելի հայրենատեր»։ Ապագան՝ անորոշ, բայց Արցախում Մերին, ինչպես ընտանիքից կտրված շատերը, ասում է՝ հեռավորությունը օգնել է վերաարժեւորել այն պահերը, որ անցկացրել են միասին․ «Եթե հետ դառնամ, այն պահերը, որոնք անցկացնելու եմ ընտանիքիս, Արցախում գտնվող ընկերներիս հետ, ուրիշ ձեւով եմ վայելելու, որովհետեւ դա մի ուրիշ զգացում է, ու ես հիմա սկսել եմ վերաարժեւորել հենց այդ ժամանակը, որ անցկացնում եմ իրենց հետ, բայց առաջ այնքան էլ չէի արժեւորում»։ Անկախ ամեն ինչից՝ Մերին իր ապագան Արցախում է տեսնում․ «Հիմա կարոտին դիմակայելու համար փրկում է հույսը, այն հույսը, որ մի օր վերջապես վերադառնալու եմ տուն, ապրելու եմ նպատակներով, որ ունեմ Արցախի հետ կապված, որովհետեւ իմ բոլոր նպատակները, երազանքները այս պահին Արցախի հետ են կապված, Արցախի մարդկանց, Մարտակերտի ու այնտեղի։ Ես այս պահին երազում եմ ապրել Արցախում, մնալ արցախցի ու իրականացնել այդ բոլոր նպատակները»։ Մերին՝ Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցերի ժամանակ Արշակն էլ նշում է՝ Արցախի շրջափակման այս օրերին ամենաշատը ճնշում է ոչ թե ուտելիքի կամ տրանսպորտի բացակայությունը, այլ որ Արցախը կտրված է Հայաստանից, եւ չկա աննշան հստակություն ու վստահություն վաղվա օրվա հանդեպ։ «Ուզում ենք ապագայի պլաններ կազմել, բայց մաքսիմում մինչեւ այսօր գիշերվա անելիքները կարող ենք պլանավորել։ Ամենաշատը դա է ճնշում, որ զուտ ամեն օրով ենք ապրում։ Էն ժամանակ մի հազար տարվա պլաններ ունեինք, հիմա դարձել է հազիվ մեկ-երկու օրվա»,- նշում է նա։ 17-ամյա պատանին դժվարանում է դրական կամ ուժ տվող որեւէ բան մատնանշել, հետո կատակում է․ «Հա, մեկ էլ «Naruto»-ն եմ սկսել նայել, մի քանի հարյուր սերիա նայել եմ արդեն, օգնում է ժամանակն անցկացնել»: Կիլոմետրերով իրարից հեռու, իրարից անկախ՝ քույր ու եղբայր նույնն են ասում՝ իրենց միայն հույսն է մնացել, եւ ուրիշ ոչինչ։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Արմանը, Մերին, Արշակը Միլենա Խաչիկյան, Երեւան Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ  
18:25 - 18 օգոստոսի, 2023
«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Սպաների կողմից դավաճանություն էր»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ Էրիկ Գասպարյանն ու Արայիկ Գալստյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդը արդեն Հադրութում է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Իշխան Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին Էրիկ Գասպարյանը միայն լսել է Էրիկ Գասպարյանը պատմեց, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17-ին, պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող, որը կրակային պարապմունքներ գրեթե չէր անցել։ Սեպտեմբերի 27-ից Էրիկը եղել է Ջրականում, հոկտեմբերի սկզբներին՝ նահանջից հետո՝ տեղափոխվել նախ Հադրութի զորամաս, ապա՝ դպրոց։ Խոսելով Խուռհատ սարում մարտական առաջադրանքի մասին՝ Էրիկն ասաց՝ սար բարձրանալու հրամանն իրենց փոխանցել է իրենց վաշտի հրամանատար, կապիտան Վազգեն Վարդանյանը, որը ողջ ընթացքում հիմնականում իրենց հետ է եղել (նրա ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ,– հեղ․)։ Տուժողներ Էրիկ Գասպարյանը, Արայիկ Գալստյանը Իշխան Վահանյանին Էրիկը սարը բարձրանալիս է տեսել, դրանից հետո` մեկ էլ մի անգամ, երբ իջել են՝ սարի ներքեւից սնունդ վերցնելու․ «Հաց բերելիս ինքը մի քանի հոգու հետ կանգնած էր, ծառերով ծածուկ, ավելի հով տեղ էր, չեմ կարող ասել՝ թաքստոց էր թե զուտ հով էր, դրա համար էին էդտեղ նստել, համարյա սարի տակ էր, լանջերին, դրանից հետո իրեն չեմ տեսել, լիքը բաներ են խոսել իր հետ կապված, որ փախել է․․․ Ես դրանք չեմ տեսել, չեմ կարող ասել, իմ իմացածն էն է, որ ինքը էդտեղ էր, հետո էլ էդտեղ չէր, թե ոնց է գնացել, արդեն չգիտեմ»։ Վահանյանի ենթադրյալ վիրավորման մասին էլ Էրիկը ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է։ Տուժողի խոսքով՝ երբ բարձրացել են սարը, ինքը մի քանի նորակոչիկների հետ տեղակայվել է ձախակողմյան հատվածում․ «Մեր կողքը արդեն ձոր էր, մեր հետեւը՝ անտառ, ձախակողմյա հատվածում այլ ստորաբաժանում չի եղել, միայն կողքի թմբի վրա ինչ–որ խումբ կար, դա մի քիչ հեռու էր, ոնց որ մեր սարը ավարտվեր, դա սկսվեր, չէինք իմանում՝ ովքեր են, նույնիսկ մեր կապիտանը սնայպեր էր վերցրել, որ ստուգեր՝ մերոնցական են թե չէ, հետո, որ սկսեցին կրակել, հասկացանք, որ ադրբեջանցիք են»։ Մարտի ժամանակ Էրիկը ռադիոկապ չի տեսել, հրամանները կամ վաշտի հրամանատարից՝ Վազգենը Վարդանյանից է լսել, կամ զինվորներն են իրար փոխանցել․ «Երբ բոյը սկսեց, խուճապահար սաղ փախնում էին, մեկս մեկիս պահելով՝ իջնում էինք սարի տակ․․․ Իրենք արդեն անտառից էին մոտենում մեզ, սարով ֆռացել էին, անտառից էին մոտիկանում՝ թիկունքից, կարելի է ասել․․․ Իջնում ենք, սպասում՝ վաշտը հավաքվի՝ իրար հետ քայլենք, էդ ժամանակ Վազգեն եկավ, ասաց՝ եկեք արագ քայլենք, ո՞ւմ եք սպասում, խառնված էր մի քիչ, էդ եղել է առաջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ խառնված, ինքը միշտ եղել է, հա, էլի սթրեսի մեջ, բայց ավելի հանգիստ վիճակում»։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Էրիկի խոսքով՝ դրանից հետո բարձրացել են մեկ այլ սար՝ Զանգելանի ուղղությամբ, որտեղ 3-րդ գումարտակն է մարտի եղել, բարձրացել են դադարներով, քանի որ բարձր սար է եղել, իսկ իրենք՝ հոգնած, նստել են, հանգստացել, շարունակել ճանապարհը․ «Ասացին՝ սարի վերեւը 3-րդ գումարտակը  բոյ է տալիս, չենք իմանում՝ որ կողմը ինչ է, մի հելեք վերեւ, էնտեղ տեղ չկա թաքնվելու, մենք սարի ներքեւից սպասում էինք, հետո չգիտեմ, թե ով ասաց՝ հետ ենք իջնում, նույն ճանապարհով իջանք, մի հատ ստարշ կար մեր հետ, հետո իմացել եմ, որ Գյումրիից էր, անունն էլ՝ Արտյոմ (խոսքն այն կամավորական քեռու մասին է, որին հիշատակում են գրեթե բոլոր հարցաքննվողները,–հեղ․), ինքն ասաց՝ համբերեք, տեսնենք՝ քանի հոգի ենք, Հարութը (խոսքը սերժանտ Հարութ Ղարախանյանի մասին է, որը զոհվել է,–հեղ․) հաշվեց, 90 եւ ավելի էինք, ստարշը զանգեց Վահանյանին, ասաց՝ զորքդ՝ 100 հոգի նորեկ, էստեղ է, ի՞նչ ես կարողանում անել, նա էլ ասաց՝ չեմ կարող օգնել, ինչ ուզում եք, արեք, ես հոսպիտալում եմ»։ Դրանից հետո, ըստ Էրիկի, այդ կամավորական Արտյոմն իրենց ասել է՝ կա՛մ պիտի այդ 100 հոգով գնան դեպի Հադրութ՝ այնտեղ գտնվող հայերին օգնության, կա՛մ ով ինչ ուզում էր, պիտի աներ։ Զորքը ընտրել է միասին լինելը, ուստի սկսել են շարժվել Հադրութի ուղղությամբ։ Եվ քանի որ թշնամին արդեն այնտեղ է եղել, ճանապարհին նկատել է նրանց, մարտի բռնվել։ Կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու այդ կամավորականը զոհվել են։ Թե կոնկրետ ով է եղել այդ կամավորականը, առ այսօր պարզված չէ։ Էրիկը մինչ օրս չգիտի՝ նահանջի ժամանակ բարձրացած սարը հետ իջնելու հրամանն ով է տվել Զորքի կիսվելու այս դրվագի վերաբերյալ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի շարք հարցեր տվեց տուժողին․ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Դու ունես վաշտի հրամանատար, որի հետ բարձրացել ես սարը․․․ – Իր հետ չենք բարձրացել, ինքը ուղղակի ասաց՝ բարձրացեք սենց, ու ինքը արագ–արագ քայլեց, որ  տեսնի՝ դիմացը ինչ է, մեզ ուղղղորդի, հետո արդեն թե ինքը որ մասում է եղել, ես չգիտեմ։ – Դուք ի վիճակի չե՞ք եղել հետեւել նրան։ – Ինքը ասում էր՝ մի հելեք էստեղ, ապասնի է, չգիտենք՝ 3-րդ գումարտակի կողքերը ինչ կա–ինչ չկա, դրա համար ասաց՝ սարի տակի վրա սպասեք, մենք էլ ահագին զորքով՝ 50 եւ ավելի, սպասում էինք։ – Եվ ճշտե՞ց։ – Հետո արդեն չգիտեմ՝ ինչ եղավ, զինվորները, մեզ փոխանցելով, ասացին՝ հետ իջեք։ – Իսկ հետագայում չե՞ս փորձել տեղեկանալ՝ ոնց եղավ, որ Վազգենը զորքի մի մասի հետ գնաց այդ ուղղությամբ, դուք՝ չէ։ – Դե, որ ասում են՝ հետ եք իջնում, ինձ թվում է՝ սպա կա, որ ասում է՝ էսինչ հրամանը կատարեք, զինվորներն էլ անում են, ես չէի ասի, թե ինչ–որ զինվոր ուղղակի կասեր՝ տղերք, եկեք իջնենք, ու բոլորով հետ իջնեինք․․․ Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ իմանանում՝ դա զինվո՞ր է որոշել, շուխուռ գցել, թե՞ ստարշն է ասել․․․ Զինվորներն ասում էին՝ վռոձի Վազգենն է ասել՝ հետ ենք գնում, բայց ես չգիտեմ էլ՝ ինքն է ասել թե ոչ, ինքը հելավ սարի վերեւը ու վերջ, ես իրեն էլ չեմ տեսել․․․  Հիմա որ նայում ենք ավելի սառը, եթե մենք էդ ճամփով փախել, հելել էինք, հետո խի՞ էինք նույն ձեւով հետ իջնում, միտք չկա էդտեղ, ուղղակի էդ ժամանակ խուճապահար ասում են՝ իջնում ենք, ուրեմն՝ ճիշտը էդ է․․․ Էս ամենը հասկանում ես, երբ գալիս ես, խաղաղ ժամանակ է, հանգստանում ես․․․ Հասկանում ես, թե ոնց է եղել, ճիշտը ոնց պիտի լիներ, ու խի տենց չի եղել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, Գայանե Հովակիմյանը Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հիշեցրեց՝ որոշ սպաներ ասում էին՝ այդ հատվածում հրետակոծություն է եղել, դրա համար իրենք չեն կարողացել հետ գալ սպասող անձնակազմի մոտ։ Էրիկը, սակայն, ասաց՝ ինքը նման բան չի տեսել, չի լսել։ Հարցին՝ հիմա, երբ ամեն ինչ ավարտվել է, ինքը կարո՞ղ է ասել՝ ցանկության կամ հրամանատարական նորմալ կազմի դեպքում հնարավոր էր արդյոք պաշտպանությունն ավելի ճիշտ կազմակերպել, նա դրական պատասխան տվեց։ Վերլուծելով կատարվածը՝ Էրիկն ասաց՝ ճիշտ ուղուց շեղվելու, Հադրութ շարժվելու եւ հակառակորդին բախվելու պատճառը եղել է նախեւառաջ սպաների ոչ ճիշտ հրամաններ տալը, հրամաններ չտալը ընդհանրապես եւ խուճապահար վիճակը։ Պատերազմում երկու որդիներին կորցրած Գեղամ Ղազարյանը խնդրեց հայտնել՝ ընդհանուր առմամբ կատարվածը ի՞նչ էր, իրենք ինչի՞ զոհ են ի վերջո․ «Ընդհանուր սպաների կողմից դավաճանություն էր, որ իրենք թողեցին, փախան առանց մեզ հրաման տալու կամ ինչ–որ բան ասելու, առավել եւս, եթե ստարշը ճիշտ է ասել, որ զանգել է Վահանյանին, նա ասել է՝ ինչ ուզում եք, արեք, էդտեղից սկսած՝ մենք կամբատ չենք ունեցել»։ Սխալ ուղղությամբ այդ նահանջի ժամանակ մարտի բռնվելով թշնամու հետ՝ անձնակազմն արդեն ցրվել է։ Էրիկի խոսքով՝ Վանք գյուղի տներում ի սկզբանե 21 հոգով են մնացել, հետագայում՝ բաժանվել 3 խմբի։ Ինքը 8-հոգանոց խմբում է եղել՝ սերժանտ Հարութ Ղարախանյանի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 12-ին գերեվարվել է, 2021 թ․ հունիսին՝ վերադարձել հայրենիք։ Արայիկ Գալստյանի խոսքով՝ շրջափակման միջից իրենք զանգել են օգնության, սակայն ոչ ոք այդպես էլ չի եկել Հարցաքննված մյուս տուժողն Արայիկ Գալստյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 3 ամսվա զինծառայող։ Արայիկը դժվարացավ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, մեծամասամբ նշեց, որ չի հիշում։ Վահանյանի վիրավորման կամ փախուստի մասին եւս նա ոչինչ չգիտեր, ասաց՝ միայն լսել է, որ վիրավորվել է, նստել մեքենան ու գնացել։ Արայիկը չգիտեր նաեւ, թե նահանջի հրամանն ով է տվել։  Արայիկ Գալստյանը Դատավարության մասնակիցները նրանից եւս փորձեցին տեղեկանալ, թե ինչպես է ստացել, որ զորքը կիսվել է․ – Կեսը վերեւ էին հելնում, կեսը ներքեւ, ես ներքեւ իջա։ –  Դա ո՞նց որոշվեց։ –  էդ չեմ հիշում, առանձնացան, ես էլ ներքեւ գնացի։ –  Իսկ որ իջնում էիր, գիտեի՞ր, թե որ ուղղությամբ ես գնում։ –  Չէ։ –  Գիտեի՞ր, որ էդ կողմը հակառակորդն է։ –  Չէ, ես տարածքին ծանոթ չեմ եղել։ –  Իսկ կամավորականը կամ Հովհաննես Մուրադյանը, ըստ քեզ, գիտեի՞ն։ –  Չեմ կարող ասել։ –  Դու ի վիճակի եղե՞լ ես լսելու, ընկալելու հրամանները։ –  Այո։ Հարցաքննության ավարտին իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց․ ծնողներին նյարդայնացրեց Վահանյանի՝ նրանց խոսքով արհամարհական հայացքը, նրանք սկսեցին վիրավորել Վահանյանին՝ բղավելով, որ վերջինիս պատճառով ուռուցք են ձեռք բերել, գերեզմաններում գիշերել․․․ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը Հոկտեմբերի 10-ին Արայիկը վիրավորվել է, շրջափակման մեջ մնացած անձնակազմի հետ մնացել Վանք գյուղի տներում, հետագայում՝ գերեվարվել։ Նրա խոսքով՝ տանից զանգել են իրենց գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, վերջինս ասել է՝ սպասեք, կգանք, բայց ոչ ոք այդպես էլ չի եկել։ Գործով վկա Արսեն Ղուկասյանը  (նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին անհետ կորած է մինչ օրս) հայտարարությամբ հանդես եկավ՝ դատարանին տեղեկացնելով, որ նախորդ դատական նիստից հետո ինքը խոսել է Գարիկ Վարդերեսյանի հետ՝ հասկանալու համար, թե նա, տղաների շրջափակման մասին իմանալով, ի՞նչ է արել․ «Բա ես ամսի 11–ին գնացել եմ Թութակներ, տեսել եմ գեներալ Աղաբեկյան Արթուրին եւ Մանուկյան Դավիթին, որոնց տեղեկացրել եմ, որ անտառում ունեմ զինվորներ, որոնց օգնություն է պետք, էնտեղից իրեն ասել են՝ մենք հատուկ օպերացիա ենք պատրաստում, մեզ մի խանգարեք, լքեք տարածքը»,– ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ Վարդերեսյանը պատրաստ է կրկին դատարան ներկայանալ եւ հաստատել իր այս խոսքերը (Գարիկ Վարդերեսյանի ցուցմունքը կարող եք կարդալ այստեղ)։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 29-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:48 - 17 օգոստոսի, 2023
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Գլխավոր լուսանկարը՝ ԵԽ կայքից Այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միայն ՀՀ ինքնիշխան տարածքի եւ սահմանների ուղղությամբ զինված էսկալացիաները չեն, որ ապացուցում են։ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին եզրույթները՝ նկատի ունենալով ՀՀ գյուղերն ու քաղաքները եւ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիներին։  Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային հեղինակավոր կառույցներ, այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։  Ադրբեջանական կողմի քայլերը Այսպես, Ադրբեջանը «էթնիկ ադրբեջանցիների՝ ՀՀ իրենց տներ վերադառնալու» հարցով տարբեր գործողություններ է իրականացնում։ Մասնավորապես, Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, որը հովանավորվում է ադրբեջանական ռեժիմի կողմից, մեկ տարի առաջ վերակազմավորվել է՝ կոչվելով «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի «տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցերով», իսկ արդեն դեկտեմբերին Ալիեւը հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։ 1 ամիս անց նշյալ կազմակերպությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու պայմաններ եւ խնդրել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը, իսկ մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։ Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի՝ Ալիեւի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ եւ ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաեւ լեզվին, սեփականությանը եւ այլ հարցերի վերաբերվող կետերը։ Մի քանի օր առաջ նշյալ ՀԿ-ն նոր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասվում է, թե «Հայաստանը հրաժարվում է այս երկրից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն վարել ու բացառում է նրանց վերադարձի իրավունքը» եւ այլն։ Նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արվում «ազդել Հայաստանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները, եւ Հայաստան ուղարկի ՄԱԿ հատուկ առաքելություն, որպեսզի օգնի վերադարձի գործընթացին»։ Իսկ մեկ շաբաթ առաջվանից սկսել է գործել ՀԿ-ին համանուն ինտերնետային հեռուստաալիք՝ իբրեւ թե լուսաբանելու «Արեւմտյան Ադրբեջանի» իրողությունները։ Այսօր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին՝ խնդրելով աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ոտնահարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը»։ Բրյուսելյան հանդիպմանը փախստականների հարց քննարկվե՞լ է Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված ճգնաժամին, սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Փաշինյանը, Միշելն ու Ալիեւը՝ Բրյուսելում, 2022թ․ Մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում էր, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Հայկական կողմից այդ հրապարակումների վերաբերյալ հերքում կամ հաստատում չէր եղել։ Փաշինյանն ըստ էության չի հերքում Բրյուսելյան բանակցություններից տասը օր անց՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին [1, 2]՝ արդյոք բանակցություններում քննարկման առարկա՞ է կամ եղե՞լ է այս հարցը, եւ եթե ոչ, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ադրբեջանական հերթական օրակարգը բանակցությունների առարկա չի դառնա։ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Ադրբեջանը ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցը օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի, կարելի է ասել, որպես հայելային օրակարգ [ձեւակերպումը՝ խմբ․]։ Նա նշել էր, որ հայկական կողմի արձագանքը դրան եղել է եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի օրը Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, եւ որ Ադրբեջանն այս հարցում կոնկրետ պետական քաղաքականություն է վարում, Փաշինյանն արձագանքել էր այսպես․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ [․․․] Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը [այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերաբերյալ] համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջեւանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջեւանի հայերի [իրավունքները]»,- ասել էր Փաշինյանը՝ հետագայում հավելելով, որ փախստականների վերաբերյալ հարցը «Հայաստանում կարող է եւ պետական քաղաքականություն չէ այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։ Նա պնդել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները եւ միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։  Փաշինյանի ասուլիսի օրը Լավրովը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում Հենց Փաշինյանի ասուլիսի օրը ՌԴ-ում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը, ի թիվս այլնի, շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը: Հաղորդագրությունում փախստականների, տեղահանվածների կամ ազգային փոքրամասնությունների մասին քննարկման վերաբերյալ որեւէ նշում չկա։ Այդ հանդիպումից հետո, սակայն, Լավրովը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել էր երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների» իրավունքների երաշխիքների շուրջ համաձայնության գալու մասին․ «Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- ասել էր Լավրովը։ Լավրովը՝ ասուլիսի ժամանակ Լավրովին հերքում են Մարուքյանն ու Միրզոյանը Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Մարուքյանն այս առնչությամբ ասել էր․  «ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այս իմաստով նույնպես չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Տեսեք, ՌԴ ԱԳ նախարարն ունենում է երկկողմ հանդիպում՝ երկու ԱԳ նախարարների հետ, հետո՝ եռակողմ, հետո ամփոփիչ ինչ-որ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ, որ փորձել է այնպիսի հայտարարություն անել, որ նաեւ Ադրբեջանի ուզած նարատիվն այստեղ տեղ գտնի, բայց, կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարը, լավ կլիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի (որ ՌԴ նախագահն էլ է ստորագրել) 7-րդ կետին անդրադառնար, որ, օրինակ, ներքին տեղահանված անձինք վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել, այս պարտավորությունն իրականացվե՞լ է, թե՞ չէ»,- նշել էր Մարուքյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների հարցը հավասարեցնել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ եւ անիմաստ է․ «Որովհետեւ դրանով փորձում են ԼՂ բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենավերջին, թարմ փաստաթուղթ»։ Ճշտող հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է նման բան, թե՞ ոչ, Մարուքյանը պնդել էր՝ Հայաստանը չի բանակցում, բանակցային սեղանին չկա նման թեմա․ «Դա Ադրբեջանի կողմից պրոպագանդվող քարոզչություն է։ Եթե հասնենք այդ հարցին, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (սա իրավական պարտավորություն է, էն մասով որեւէ իրավական պարտավորություն չունենք) կվերադառնան, ուզենան խոսեն էս մասին, ուրեմն էդ խոսակցությունը կբացվի։ Իսկ էդ խոսակցությունն ինչի՞ մասին է, որ իրենք ասում են, որ ՀՀ-ից գնացել են ադրբեջանցիները, բա Ադրբեջանից էլ են գնացել հայերը, հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ, ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով, այսինքն՝ դրանք անգամ այդ մասով չեն հավասար։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, առաջնային հարցը հետեւյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, եւ եթե կան փախստականներ կամ Հայաստանից էդ ժամանակ գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց ԼՂ-ն դրա հետ կապ չունի։ Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետեւ ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր, եւ մենք ունենք կառույցներ, հայտարարություններ են անում, ունենք կազմակերպություններ, ովքեր նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանն ուզում է կտրել այս ամբողջ ձեւավորված նարատիվը, որը միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի՝ ԼՂ տարածք, ԼՂ տարածքում ապրող մարդիկ, ում իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասել էր Մարուքյանը։ Հուլիսի 28-ին էլ Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Լավրովի խոսքերին՝ ասելով, որ «Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող եւ որեւէ զուգահեռ չունեցող հիմնահարց է»։ Միրզոյանը նշել էր, որ այն որեւէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված եւ ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ․ «Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում եւ առավել եւս համաձայնություն չի եղել»,- ասել էր նա: Էթնիկ փոքրամասնությունների հարց արծարծվել է նաեւ ավելի վաղ Հատկանշական է, որ փախստականներին առնչվող հայտարարություն հնչել է նաեւ վերը հիշատակված երկու եռակողմ բանակցություններից առաջ, սակայն այն այնքան էլ ուշադրության չէր արժանացել, գուցե նաեւ այն պատճառով, որ հայկական կողմից այդ ձեւակերպումներին հերքում չէր էլ եղել։ Ինչի մասին է խոսքը։ Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ հովանու ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ եռակողմ ձեւաչափով։ Մայիսի մեկին նախ կայացել է Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը, ապա նույն օրը նաեւ եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Մայիսի 3-ին եւս մեկ եռակողմ հանդիպում է կայացել՝ այս անգամ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։ Ի վերջո, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, չորս օր Վաշինգտոնում բանակցությունների արդյունքով նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Միրզոյանի ու Բլինքենի հանդիպումը մայիսի 1-ին Մայիսի 2-ին՝ բանակցություններին զուգահեռ, «Ամերիկայի ձայնը» մի հրապարակում է արել, որտեղ նշված էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում» Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ։ Այդ հրապարակման համաձայն՝ «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»: Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակման մեջ չկա նշում այն մասին, թե Պետքարտուղարությունից հստակեցրել են՝ ովքեր են նկատի առնվում «էթնիկ փոքրամասնություններ» հոգնակի ձեւակերպման մեջ։  Այս հրապարակման եւ պետքարտուղարության հաղորդած տեղեկության վերաբերյալ, ինչպես նշեցինք, հայկական կողմից որեւէ հրապարակային պաշտոնական արձագանք չէր եղել։ Այսպիսով, Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակում տարբեր գործողություններ է իրականացնում այդ օրակարգն առաջ տանելու համար։ Ընդ որում՝ ադրբեջանական այդ խոսույթը ոչ թե վերաբերում է պարզապես ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձին, այլ, ըստ էության, տարածքային նկրտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է տարբեր պաշտոնյաների, այդ թվում եւ Ալիեւի հայտարարություններով․ նրանք ՀՀ տարածքներին ադրբեջանական կեղծ անուններով են անդրադառնում, ՀՀ ինքնիշխան տարածքները հեռուստատեսությամբ ներկայացնում են իբրեւ ադրբեջանական եւ այսպես շարունակ։ Իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում միջնորդ երկրների ներկայացուցիչները, օգտագործելով տարբեր եզրույթներ, խոսում են այն մասին, որ այսպես կոչված փախստականների վերադարձի հարց քննարկվում է։ Սկզբնական շրջանում հայկական կողմից այդ հայտարարություններին արձագանք չկար, միայն Փաշինյանի ասուլիսի ժամանակ այդ հարցի բարձրաձայնումից եւ նույն օրը Լավրովի հայտարարությունից հետո հայ պաշտոնյաները հանդես եկան հերքումներով։  «Աղդամյան հումանիտար միջանցք»․ միջնորդների հայտարարությունները հերքելու մեկ այլ դեպք Ի հավելումն հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտին Աղդամով «օգնություն» տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, եթե այդ հարցը քննարկվել է, ասել էր, որ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկեու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել էր, որ անակնկալ չէր, ապա նորից շեշտել էր, որ ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն արձագանքել էր․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Այսինքն Փաշինյանն, ըստ էության, չէր հերքել, որ բանակցություններում այդ հարցը բարձրացվել է։ Ասուլիսի հաջորդ օրը, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ շարժվեցին դեպի Կոռնիձոր՝ այնտեղից խաղաղապահների միջոցով Արցախ տեղափոխվելու համար, Նիկոլ Փաշինյանը թուիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այս գրառման լուսապատճենն իր թուիթերյան էջում դնելով՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գրել էր, թե «Համաձայն Բրյուսելով ձեռք բերած պայմանավորվածության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է ամեն տեսակի բեռների տեղափոխման համար»։ Նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ Հաջիեւն իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, նման պայմանավորվածություն չի եղել․ «Սա ադրբեջանական նարատիվ է, եւ նաեւ եթե անգամ նայենք, թե ինչ է ասել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ուղղակի ասում է, որ Լաչինով․․․ էստեղ ճանապարհ բառն է օգտագործել, որը, բնականաբար, էլի մեր նարատիվը չէ, դա ճանապարհ չէ, Լաչինի միջանցք է, բայց, ամեն դեպքում, նա ասում է՝ «ես կարեւորել եմ Լաչինի ճանապարհով բեռների փոխադրումը հումանիտար, ես նաեւ նշում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով տրամադրել հումանիտար ինչ-որ բեռներ, սնունդ, աջակցություն»։ Սա Շառլ Միշելի ասածն է, սա Հայաստանի հետ որպես պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»,- ասել էր Մարուքյանը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին սուտ հայտարարության վերաբերյալ «բնականաբար, համապատասխան արձագանք կտրվի»։ Հերքումներ՝ միայն հանրային տիրույթում քննարկումներից հետո․ դիվանագետի մեկնաբանությունը Որպես կանոն՝ բանակցություններից հետո կողմերը, այդ թվում միջնորդ կողմը, հանդես են գալիս բանակցային տվյալ փուլի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, որոնք սովորաբար արմատական տարբերություններ չեն ունենում, սակայն կողմերն, իհարկե, քննարկված հարցերը եւ բանակցություններից իրենց տպավորություններոը ներկայացնում են սեփական տեսակետից։ Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Կարեն Միրզոյանն infocom.am-ի հետ զրույցում նշում է, որ, իհարկե, ակնկալվում են համաձայնեցված հայտարարություններ, բայց եթե նման համաձայնության հասնել չի լինում, ապա յուրաքանչյուր կողմ իրեն իրավունք է վերապահում է հանդես գալ տարբեր հայտարարությամբ՝ նշելով, թե որ կետերեն է ընդունել կամ չի ընդունել․ «Երբ բանակցություններ են ընթանում, անկախ հանգամանքից՝ դրանք պսակվում են հաջողությամբ, թե ոչ, ընդունվում է հայտարարություն, որի նպատական է իրազեկել հանրությանը բանակցությունների արդյունքների մասին, ինչպես նաեւ ամրագրել ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ իրավիճակը բանակցային գործընթացում։ Եւ պարտադիր չէ, որ ամեն բանակցային փուլից հետո կողմերն ունենան համընկնող տեսակետներ, դրանք կարող են տարբերվել, բայց դրա մասին էլ պետք է խոսել»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմից բանակցություններին մասնակից մյուս կողմերի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումները կան հերքումները սովորաբար հնչում են այն ժամանակ, երբ հանդրության ներսում ինչ-որ հարցեր են սկսում առաջանալ․ «Նման հայտարարություններ երբեք չեն արվել միջնորդի կամ մյուս կողմի հայտարարություններից անմիջապես հետո։ Հարց է առաջանում՝ եթե կոնկրետ հարց չի բանակցվել, ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրել թեման լռության մատնել, չի ահազանգել այն մասին, որ փաստորեն աղավաղվել է բանակցային փուլի էությունը, եւ միայն հանրության ընդզվումից հետո ինչ-ինչ հայտարարություններ է արել»։  Այն, որ բանակցային փուլից հետո միջնորդը եւ մասնակից մյուս կողմը հանդես են գալիս միանման հայտարարությամբ, որը, ըստ հայկական կողմի, չի համապատասխանում իրականությանը, ըստ պարոն Միրզոյանի՝ նշանակում է՝ ինչ-որ բան չի ընթացել բնականոն հունով։  Արձագանքելով հարցին՝ արդյոք այդ իրողությունը չի՞ նշանակում, որ հայկական կողմը բանակցություններում չի թելադրում իր օրակարգը կամ առնվազն չի պաշտպանում այն, մեր զրուցակիցը նկատում է՝ բանակցություններին մասնակից մարդիկ, ակնհայտ է, չեն տիրապետում բանակցային մեթոդաբանությանը։ Նրա խոսքով՝ իհարկե բուն բանակցությունների մասին հարցեր պետք է ուղղել հենց դրանցում ուղիղ մասնակցություն ունեցող անձանց, սակայն յուրաքանչյուրը, որը մի քիչ բանականություն ունի, հասկանում է, որ բանակցային գործընթացում պետք է լինել ազնիվ, չփորձել խաբել դիմացինին, այլ ճիշտ ու հասկանալի ներկայացնել սեփական տեսակետները եւ պատրաստ լինել պայքարել դրանց պաշտպանության համար։ Հավանակա՞ն է արդյոք, որ միջնորդ երկրների ներկայացուցիչներն իսկապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անեն բանակցություններում քննարկված հարցերի վերաբերյալ․ պարոն Միրզոյանը նկատում է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կեղծ լուրեր տարածելու ազդեցությունը երկարատեւ չի լինում, որովհետեւ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալիս, եւ բանակցողը կամ միջնորդը, որը դիմել է նման քայլի, հայտնվում է խայտառակ իրավիճակում։  Հարցին՝ միջնորդների հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի հերքումները կարո՞ղ են բացասաբար ազդել բանակցություններում մեր ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա, Կարեն Միրզոյանը պատասխանում է․ «Իհարկե ազդում են, նախ եւ առաջ դրանք քայքայում են քո վստահելիությունը՝ որպես բանակցային գործընթացի գործընկեր, պարզ է, որ քչերը կուզեն գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը բանակցայն գործընթացի ողջ էությունն աղավաղում է կամ հանդես է գալիս միակողմանի մեկնաբանություններով»։ Իսկ միջնորդների արձագանքը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ՝ լինի հրապարակային։ Նրանք կարող են փակ ձեւաչափով արձագանքել կամ անմիջապես հողի վրա զարգացումներով, որոնց, պարոն Միրզոյանի խոսքով,  ականատես ենք լինում հետագայում, օրինակ, սահմանին տիրող, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը եւ այլն։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մարդիկ, որոնք մասնակցում են բանակցություններին ու կրում են պատասխանատվություն, նախընտրում են հանրության ուշադրությունը թմրեցնել ինչ-ինչ հայտարարություններով, մինչդեռ պետք է ներկայացնեին ճշմարտությունը։ Հայարփի Բաղդասարյան
21:56 - 14 օգոստոսի, 2023