Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ նշանավորվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ էմիրաթական «Մասդար» ընկերությունը, որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է, արդեն իսկ սկսել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «Այգ-1» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2019թ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում: Դեռևս այն ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ այս ծրագիրը մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է, և միասին հնարավոր է շատ ավելին անել։ Հայաստանի նախագահն օրերս ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպելով «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ: Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների ծրագրերը ենթադրում են մեծածավալ ներդրումներ: Դրանք ունեն նաև կարևոր ռազմավարական նշանակություն՝ երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Այս ծրագրերը կնպաստեն նաև Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն: Նախագահն ԱՄԷ այցի ընթացքում «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ քննարկել է նաև հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները, մասնավորապես խոսվել է լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ կայանի հնարավոր կառուցման մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ: Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան: Ընդհանուր առմամբ, Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ԱՄԷ ևս մեկ գործնական քայլ է արաբական աշխարհի հետ հարաբերությունն ավելի սերտացնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
12:29 - 22 հունվարի, 2022
Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Ա00յդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 18-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: 2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:
22:51 - 18 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։
13:29 - 18 հունվարի, 2022
Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է էմիրաթական ընկերությունների հնարավոր ներկայությամբ մեր երկրի տնտեսության այլ ոլորտներում նույնպես և պատրաստ է երկարատև համագործակցության:
20:13 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։   Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, «Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումը, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ։ «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումի բացման շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Մրցանակը շնորհվում է առողջապահության, սննդի, էներգետիկայի, կրթության և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով:
14:14 - 17 հունվարի, 2022
ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

ՀՀ նախագահի՝ ԱՄԷ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ 200 մեգավատտ հզորության նախագիծ իրականացնելու վերաբերյալ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ևս 200 մեգավատտ հզորության վերաբերյալ այսօր ձեռք բերած պայմանավորվածության առթիվ: Նախագահը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար և կարևոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատև համագործակցության համար»,- ասել է նա։ Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի արդյունավետ համագործակցության վերաբերյալ։ Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
20:05 - 16 հունվարի, 2022
ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄԷ ԱԳՄՀ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: «Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Video Player     Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ կողմերը նշել են, որ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում փոխշահավետ տնտեսական ու ներդրումային համագործակցության համար: Նախագահ Սարգսյանը հայ-էմիրաթական հարաբերությունները կարևորել է նաև Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության համատեքստում: ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը: Նա մասնավորապես կարևորել է փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում: Նշվել է, որ երկու երկրների միջև հաստատված օդային նոր կամուրջը Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ է: «Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում էմիրաթական «Մասդար» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին՝ կարևորելով դրա ընդլայնումը և նոր ներդրումները: Կողմերն ընդգծել են երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Այդ համատեքստում նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան»,- հյտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աղբյուրի տեղեկացմամբ՝ համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:
12:32 - 16 հունվարի, 2022
Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Այցի առանցքում կլինեն այլընտրանքային էներգիայի, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր. ՀՀ նախագահը կմեկնի ԱՄԷ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. նշվում է, որ «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ «Մասդար»-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում այսօր իրականացվող ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է: Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդար»-ի ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր: Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը: Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին: «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ն անցկացվում է 2008 թվականից: Այն գլոբալ հարթակ է, որը տարբեր միջոցառումների և համաժողովների շրջանակում հյուրընկալում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ կայուն զարգացման գլոբալ մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» միջոցառումներին մասնակցելու են Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբը, ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախագահ Ալոկ Շարման, Եգիպտոսի արտգործնախարար, COP 27-ի նախագահ Սամեհ Շուքրին, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Ջոն Քերին, Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Լա Կամերան, Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը, ՄԱԿ-ի ութերորդ գլխավոր քարտուղար, Global Green Growth ինստիտուտի խորհրդի նախագահ Բան Կի-Մունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, տարբեր երկրների կառավարությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների և խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Նախագահ Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին:
13:20 - 14 հունվարի, 2022
Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|

Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն կկարողանան միասին կառավարել Քաբուլի օդանավակայանը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կարող են Քաբուլում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը կառավարել եռակողմ հիմունքներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Daily Sabah-ը: «Մինչև թալիբների իշխանության գալը Թուրքիան ղեկավարել է Քաբուլի օդանավակայանի ռազմական թևը ՆԱՏՕ-ի գծով։ Քաղաքացիական մասը ղեկավարել է ԱՄԷ-ն»,- ասել է Չավուշօղլուն:   Նրա խոսքով՝ Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման մասին։ Վերջերս Թուրքիայից տեխնիկական պատվիրակություն էր մեկնել Դոհա՝ կատարական կողմի հետ գործողությունները համակարգելու համար։Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կատարն ու Թուրքիան օդանավակայանի շահագործման հարցում դեռևս համաձայնության չեն եկել թալիբների հետ: «Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կուսումնասիրեն տարբեր երկրների առաջարկները։
13:55 - 28 դեկտեմբերի, 2021
ՀՀ–ում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

ՀՀ–ում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև ստորագրվեց կառավարության աջակցության համաձայնագիր՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Կառավարության աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին։ Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի կապակցությամբ ներդրողի կողմից պայմանագրի շրջանակներում ներկայացվել են երաշխիքներ: Համաձայնագրով սահմանվել են ծրագրի իրականացման ամբողջական պայմանները և կառուցվածքը: Մասդար ընկերությունը, որը ծրագրի իրականացման համար մրցույթի հաղթողն էր ճանաչվել այս տարվա հուլիսին, ներկայացրել է 0,0290 ԱՄՆ դոլար սակագին մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմելու է 174 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կառուցվելիք արևային կայանը կլինի խոշորագույնը Հայաստանում։ Այսօր տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին, ՀՀ-ում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային Բանկի գրասենյակների ներկայացուցիչներ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր խոսքում ընդգծել է, որ վերականգնվող էներգիայի ծավալի աստիճանական ավելացումը մեր էներգետիկ համակարգում ՀՀ կառավարության կարեւոր թիրախներից մեկն է։ «Մասդարի հետ այս համագործակցությունը ոչ միայն այդ, այլեւ Հայաստանի ներդրումային պոտենցիալի ընդլայնման ուղղությամբ կարեւոր քայլ է։ Այդ տեսանկյունից նշանակալի է Մասդար ընկերության կողմից Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ Այգ -1 արևային կայանի կառուցումը: Ակնկալում ենք, որ այս փաստաթղթի ստորագրմամբ համատեղ երկարատ աշխատանքի սկիզբ կդրվի և նոր ծրագրեր կիրականացվեն»,-ասել է նախարարը։ Մասդարի գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամել Ալ Ռամահին ասել է. «Այս համաձայնագիրը կարևոր իրադարձություն է Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման ճանապարհին, և այս նախագծի զարգացումը կաջակցի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ, և մենք անհամբեր սպասում ենք ԱՆԻՖ-ի հետ այս ոլորտում հետագա հնարավորությունների շուրջ աշխատելու ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք ներդնել այն փորձը, որը մենք ձեռք ենք բերել որպես վերականգնվող էներգիայի նախագծերի համաշխարհային առաջատար՝ աջակցելով Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը»: ԱՆԻՖ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է, որ Մասդարը Հայաստանի էներգամատակարգի աստիճանական դեկարբոնիզացիայի ճանապարհին կարեւոր գործընկեր է: ««ԱՅԳ-1»-ը հավակնոտ քայլ է այս նպատակի իրագործման ուղղությամբ, և Մասդարի փորձն ու կարողությունները ոլորտում՝ ծրագրի հաջողության գրավականն են: «ԱՅԳ 1»-ը դառնալու է առավել տեսանելի ներդրումային ծրագրերից մեկը, որից շահելու են պետությունը, քաղաքացիները եւ ներդրողը՝ միաժամանակ ներդնելով ոլորտում կայունության ամենաբարձր չափանիշները»,-ասել է նա: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ահլամ Ալ Սալամին իր հերթին նշել է, որ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ այս խոշորագույն ծրագրի բարեհաջող իրականացումը նորանոր հնարավորություններ կբացի ԱՄԷ-ից Հայաստան նոր ներդրումների համար։ Հիշեցնենք, որ «Այգ-1» ծրագրի իրականացման համար ստեղծված համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է Մասդար ընկերությանը, 15 տոկոսը՝ ԱՆԻՖ-ին։
14:37 - 26 նոյեմբերի, 2021
«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հայտնելով որ աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։ «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որն առաջինն այցելել է Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը ներկա էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։ Վահան Քերոբյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հայկական տաղավարով։ Հայկական տաղավարում նախարար Քերոբյանը հյուրընկալել է նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդիին։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն իր արաբ գործընկերոջը ծանոթացրել է հայկական տաղավարին, պատմել «էթնոթեք» կոնցեպտի մասին, որով Հայաստանը ներկայանում է այս էքսպոյում, ներկայացրել տեխնոլոգիական ու թվային լուծումները և դրանց կիրառությունը (AR և VR գոտիներ), զբոսաշրջության հատվածը, ինչպես նաև ցուցադրված մշակութային ցուցանմուշները, որոնք Դուբայ են տեղափոխվել Հայաստանից։   Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ Նախարար Քերոբյանը խոսել է նաև Էքսպոյի թեմատիկ շաբաթներին և «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին՝ ընդգծելով, որ երկուստեք լավ հնարավորություններ են ստեղծված հայկական բիզնեսն արտահանելու և արաբական գործարար համայնքի  ներդրումները Հայաստան բերելու առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, «էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,  Էկոնոմիկայի նախարարության այլ ներկայացուցիչներ։ Համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։
17:52 - 02 հոկտեմբերի, 2021