«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

Խորհրդային իշխանությունները բավականաչափ ջանք չգործադրեցին, որ հետաքննեն եւ պատժեն Բաքվի հայերի կոտորածը կազմակերպած ջարդարարներին. Սարգիս Խանդանյան

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացված հայերի ջարդերի 34-րդ տարելիցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Բաքվում սպանված հայերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը: «Ոգեկոչում ենք 1990 թվականին տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը, որը մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է: Ցավոք, այն ժամանակվա խորհրդային իշխանություններն ու Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը եւս բավականաչափ ջանք չգործադրեցին, որպեսզի հետաքննեն եւ պատժեն ջարդարարներին»,- ասել է Սարգիս Խանդանյանը: Նրա խոսքով միջազգային հանրության լռության ներքո տեղի ունեցած ջարդերը նույնիսկ նույն հանրության կողմից չուսումնասիրվեցին եւ քաղաքական գնահատականի ու դատապարտման չարժանացան, ինչն առիթ դարձավ, որ հետագայում եւս հարեւան երկիրը շարունակի նույն քաղաքականությունը:
16:37 - 19 հունվարի, 2024
Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս․ Արթուր Հովհաննիսյան
 |tert.am|

Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս․ Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, բայց պետք է արձանագրենք, որ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Իշխանական պատգամավորն ընդգծեց՝ հենց սկզբից էլ հանրությանը տեղեկացրել են, որ այն հեշտ գործընթաց չէ։ «Մենք այդ խոչընդոտներին հանդիպում ենք հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ Ալիևի հայտարարությունները փորձ չեն խաղաղության օրակարգը փակուղի տանելու։ Եթե սա Ադրբեջանի կողմից փորձ է խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր օրակարգից, որը խաղաղության օրակարգն է»,- նշեց ՔՊ պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, և շարժվելու է այդ ճանապարհով։
11:34 - 18 հունվարի, 2024
Որքա՞ն գումար են նախկինում վճարել ծառայությունից խուսափած քաղաքացիները. Հայկ Սարգսյանի պնդման հետքերով
 |civilnet.am|

Որքա՞ն գումար են նախկինում վճարել ծառայությունից խուսափած քաղաքացիները. Հայկ Սարգսյանի պնդման հետքերով |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում պնդել է, թե իր հեղինակած օրենքով՝ ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձինք քրեական հետապնդումից ազատվելու համար կվճարեն 15 մլն դրամ, այնինչ նախկին իշխանությունների ժամանակ վճարը կազմել է ընդամենը 100 հազար դրամ։ «Եթե [քաղաքացին՝ խմբ.] չցանկանա կամ չկարողանա ծառայել, նա ստիպված կլինի վճարել 15 մլն դրամ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004-ին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին գործած օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը։ Այնուհետև Սարգսյանը շարունակել է. «Ձեր ժամանակ մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 մլն դրամ կամ 15 անգամ ավելի»։ Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է պատգամավորի այս պնդումը։ Պատգամավորը մոլորեցնում է. նախկինում չծառայածները չեն վճարել 100 հազար դրամ ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ նախկին իշխանությունների օրոք մեկ զորակոչի չներկայացած-չծառայածը վճարել է ընդամենը 100 000 դրամ, իսկ իր նախագծով կվճարի 15 անգամ ավելի՝ 15 մլն դրամ։ Այս պնդումը մոլորեցնող է։ Բանն այն է, որ 2004-ից գործած օրենքում սահմանվում էր, որ 27 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են ազատվել քրեական պատասխանատվությունից, պետք է վճարեն յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար 100 հազար դրամ։ Հայաստանում մշտապես տարեկան երկու զորակոչ է գործել։ Այսինքն 18 տարեկանից սկսած ժամկետային ծառայությունից խուսափած անձը 27 տարին լրանալուն պես խուսափել է 18 զորակոչից և պետք է վճարեր 1 մլն 800 հազար դրամ։ 2017-ի դեկտեմբերին օրենսդրական փոփոխությամբ չծառայելու համար քրեական հետապնդումից խուսափելու գինը երկու անգամ բարձրացվեց, և ամեն զորակոչի համար պետք է վճարվեր 200 հազ դրամ։ Այսինքն՝ 9 տարի շարունակ զորակոչերից խուսափելու համար վճարը կազմում էր 3 մլն 600 հազար դրամ։ Այս հարցը պարզաբանել էր նաև նախկին պատգամավոր Գորգիսյանը ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:11 - 18 հունվարի, 2024
Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, այլ մարդիկ են կառավարում. Խաչատուր Սուքիասյան
 |tert.am|

Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, այլ մարդիկ են կառավարում. Խաչատուր Սուքիասյան |tert.am|

tert.am: Ես բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։ «Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել։ «Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացած ջրերը։ Խայտառակություն է, էս նշանակում ա՝ ընդհանրապես էդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա։ «Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով։ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»,- նշեց Սուքիասյանը։
14:11 - 16 հունվարի, 2024
Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել
 |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է զենք ձեռք բերելու գործնական քննությունից ազատել այն անձանց, որոնց զորացրումից 5 տարի չի անցել |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրեց իր հեղինակած՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում երեք կարևոր բովանդակային առաջարկներ են ներառել։  «Առաջինը՝ նախատեսվում է դրույթ, ըստ որի արգելվում է անչափահասների կողմից մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և այլ սարքերի, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող զենքերի ու կայծային պարպիչների շրջանառությունը։ Երկրորդ՝ առաջարկում ենք գործնական քննությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ծառայում են կամ ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները կամ այն անձինք, ովքեր դիմելու պահին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության կողմից կազմակերպված վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին, ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք և ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, իսկ պարտադիր ժամկետային ծառայության ավարտից հետո չի անցել հինգ տարի։ Այստեղ հաշվի ենք առնում պարտադիր զինվորական ծառայության և վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների կողմից զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին տիրապետումը և դիտարկում են որպես խրախուսող նորմ։ Երրորդ առաջարկությունն այն է, որ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը զենքով պարգևատրված անձինք պարտավոր են ոստիկանություն ներկայացնել համապատասխան բժշկական տեղեկանք և հանձնել համապատասխան քննություն, հակառակ պարագայում նրանց սեփականություն հանդիսացող զենքը կառգրավվի»,- ասաց պատգամավորը։
13:28 - 15 հունվարի, 2024
ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. Վաղարշակ Հակոբյան |1lurer.am|

ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. Վաղարշակ Հակոբյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որով վարչապետը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին: «Վարչապետի հայտարարությունները հրապարակային են, և այդ հայտարարությունները միտված են մեր հռչակած խաղաղության օրակարգի հանգուցալուծմանը և հարցը առաջ տանելուն, և ես կարծում եմ՝ մեկնաբանությունների համար կոնկրետ իրավիճակային գնահատականներ պետք է տանք այստեղ: Մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ խաղաղության օրակարգին ձգտելու ընթացքի մասին, և ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային, նաև վարչապետը և մեր բազմաթիվ թիմակիցներ տեղեկացնում են հանրությանը: Ես տարիներ շարունակ հիշում եմ՝ մենք բոլորս ականատես ենք եղել այդ հռետորաբանությանը»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: «Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ. մեզ փորձելու են սադրել, հետ պահել խաղաղության օրակարգից, բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Այլ բան է, որ սա միակողմանի անելը, իհարկե, անհնար է: Ես ուզում եմ հավաստիացնել ևս մեկ անգամ, որ ՀՀ-ն խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի: Բայցևայնպես, մենք պարտավոր ենք ՀՀ պետական շահը վեր դասել ամեն ինչից, և ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ մենք խաղաղության օրակարգով, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, բայց մենք պետք է շարժվենք այս օրակարգով»,- ասաց Հակոբյանը: «Խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը, և մենք ոչ մի այլ քայլ, քան պետական շահին միտված, չենք անելու, և մեր ցանկությունը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքն անվտանգ դարձնելն է, և այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, և միգուցե նաև կարող է ցավոտ լինել, բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում ՀՀ-ն կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ենք և կանխատեսում»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ առանց վերահսկողության ճանապարհ ունենալու նպատակին՝ Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Ես ասեմ մեր նպատակը. ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը: ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որ պահպանելով սուվերենությունը՝ ունենա բաց սահմաններ. մենք գնում ենք այս ուղղությամբ, և մեզ համար գերխնդիրը սա է»:
12:28 - 15 հունվարի, 2024
Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում
 |armenpress.am|

Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Վարչապետն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում: «Իմ գնահատմամբ՝ վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Ի՞նչու՝ մի քանի պատճառներով։ Պատճառներից առաջինը հետևյալն է, որ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ՀՍՍՀ-ի տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան, ինչքան եղել է ԱՍՍՀ-ի տարածքը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմա-Աթայի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև ունեցած ադմինիստրատիվ սահմաններ դառնում են պետական սահմաններ։ Սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ։ Այսինքն՝ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ իրենք պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին»,-ընդգծեց վարչապետը։ Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվել են և՛ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, և՛ նույն ամսվա ընթացքում Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և՛ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Ի՞նչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետև այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով, ուղիղ հակասում է այս տրամաբանությանը և այս պայմանավորվածությանը»,-ասաց վարչապետը։ Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, որը նա համարեց բացարձակապես անընդունելի:
19:27 - 13 հունվարի, 2024
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել իրեն դիմած քաղաքացու կոկորդը. փաստաբան

Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»,- գրել է նա:
18:24 - 12 հունվարի, 2024
Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության

Գործող իշխանությունն ու «Հանրային ձայնը» մոլորեցրել են ընտրողներին ու չեզոքացրել ընդդիմության հաղթանակի հնարավորությունը. Մարության

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարության անդրադարձել է ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ներքին գործընթացներին։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։ Ղուկասյանն իր հերթին հայտարարել է, որ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։ «Սիրելի երևանցիներ, Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։ Եթե չեք հետեւել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջեւ, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։ Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։ Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սկզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է»,- գրել է Մարությանը իր ֆեյսբուքյան էջում։
23:05 - 11 հունվարի, 2024
Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան
 |azatutyun.am|

Սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային միության վերջին քարտեզներով. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների կողմից տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սրա անհրաժեշտության մասին պնդել: «Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը: Երևանը բանակցային գործընթացում մշտապես հայտարարել է, թե կողմ է, որ սահմանազատումն իրականացվի Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով: Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, թե քննարկում են սահմանազատման սկզբունքները ամրագրելու, քարտեզների ընդգրկման հնարավորությունը, որպեսզի գործընթացը լինի հստակ և կանխատեսելի: Բաքուն մինչ օրս չի հայտարարել, թե համաձայն է այդ քարտեզով սահմանազատմանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ենթադրում է, թե ինչու:
17:22 - 11 հունվարի, 2024
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց, «Ազատության» հետ զրույցում պնդեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը։ «Դրանք այն կարմիր գծերն են, որոնք Հայաստանը չի կարող ուղղակի այդպես զիջել», - ընդգծեց Խանդանյանը: Իրանի հետ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման շուրջ պայմանավորվածությունից հետո Բաքուն հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքն» իրենց համար կորցրել է գրավչությունը»։ Բայց վերջին օրերին թե՛ ադրբեջանցի, թե՛ թուրք պաշտոնյաները ոչ միայն ակտիվորեն խոսում են միջանցք բացելուց, այլև պայմաններ առաջ քաշում։ Բաքվի պահանջը նախօրեին ձևակերպեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ նշեց, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվի 5 տարուց՝ մինչև 2029-ը թիվը։ Ո՛չ Արտգործնախարարությունը, ո՛չ կառավարությունը պաշտոնապես դեռ չեն արձագանքել։
13:25 - 09 հունվարի, 2024