Հայկ Կոնջորյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1987թ. մայիսի 30-ին Չարենցավանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 2010թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Պատմաբան:

2013-2014թթ. դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2011-2015թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): 25.05.2018-19.09.2018թթ.՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, 19.09.2018-28.09.2018թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամ, 28.09.2018-14.01.2019թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-12.01.2021թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 12.01.2021-02.08.2021թթ.՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաները նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում |armtimes.com|

ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաները նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում |armtimes.com|

armtimes.com: Փետրվարի 20-21 Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Նիստի օրակարգը հիմնականում բաժանված էր երեք հանձնաժողովների քննարկումների տրամաբանությամբ՝ քաղաքական հարցերի, տնտեսական հարցերի եւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովներում: Քննարկումների հիմնական թեմաներն են եղել շրջակա միջավայր, տնտեսություն, կոնֆլիկտներ, միջազգային քաղաքականություն, ահաբեկչություններից մինչեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հրավիրված ասուլիսում նշեց, որ մեր պատգամավորները ակտիվորեն մասնակցել են բոլոր քննարկումներին ու միջազգային գործընկերներին ներկայացրել են Հայաստանում ընթացող բարեփոխումների եւ ժողովրդավարացման տրամաբանությունը: Կոնջորյանի խոսքով՝ միջազգային գործընկերները վերահաստատեցին իրենց աջակցությունը ժողովրդավարական գործընթացների իրականացման հարցում. «ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին եւս մեկ անգամ շեշտեց ՀՀ կատարած իր այցը ու կարեւորեց ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հետագա համատեքստում: Մենք էլ տեղեկացրինք առաջիկայում Արցախում սպասվող ընտրությունների եւ ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ՝ վստահեցնելով եւ վերահաստատելով, որ Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, եւ Արցախի քաղաքացիներն օժտված են բոլոր այն իրավունքներով, որոնցով աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում՝ ձեւավորելու իրենց օրինական իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոնջորյանը: Խոսելով խորհրդարանական վեհաժողովներում Ադրբեջանի լոբինգի մասին՝ Հայկ Կոնջորյանը նկատեց, որ այս պետությունը մշտապես փորձել է իր լոբինգի ստվերային, խավիարային հնարքներով ադրբեջանահաճո ձեւակերպումներ մտցնել: Նա նշեց, որ Լյուքսեմբուրգում խնդրահարույց կետեր էլ էին առաջ քաշել, բայց մեր պատվիրակությանը հաջողվեց 99 տոկոսով վերացնել այդ վտանգավոր ձեւակերպումները: Կոնջորյանը հիշեցրեց, որ ադրբեջանցի զեկուցողը հրաժարվեց իր «7 շրջաններ» հասկացություններից, քանի որ հասկացավ՝ այն հակասում է արցախյան հակամարտության բանակցային ոգուն: Մեր պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Վրաստանի, Ուկրանիայի կոնֆլիկտներին խառնի նաեւ Արցախինը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են միջազգային գործընկերներին տեղ հասցնել՝ ամեն կոնֆլիկտ առանձնահատուկ է. «Ղարաբաղյան հակամարտության մասով մենք նշում ենք, որ ազգերի ինքնորոշման դրույթը պետք է լինի հավասարաչափ դիտարկելի Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու դրույթների հետ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: Ֆիքսեցինք, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս սկզբունքների հիման վրա»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ մեր հայաստանյան պատվիրակությունն ամենաակտիվ պատվիրակությունների եռյակում է, եւ ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաներն ավելի մտերմիկ զրույցների ժամանակ նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում:
15:23 - 25 փետրվարի, 2020