Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|

Պեկինը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական երկրներ՝ «խթանելու խաղաղ բանակցությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղում Ուկրաինա, Ռուսաստան և եվրոպական մի շարք երկրներ՝ «խաղաղ բանակցությունները խթանելու նպատակով»։ Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում երկրի նախկին դեսպան Լի Հուեյը այսպիսով կդառնա Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն Ուկրաինա է այցելում Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Չինաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ մայիսի 15-ին մեկնարկող ուղևորության ընթացքում Հուեյը կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան։ Փետրվարին Չինաստանը ներկայացրել է ռուս - ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը սակայն թե՛ Եվրամիությունը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ Կիևը գնահատել են ոչ թե որպես կարգավորման իրական պլան կամ կողմերի միջև բանակցությունների առաջարկ, այլ խնդրի առնչությամբ Պեկինի դիրքորոշում: Արևմտյան երկրների կարծիքով՝ Չինաստանի խաղաղարար նախաձեռնությունը Կիևի համար չափազանց անորոշ է, չի պարունակում պատերազմից դուրս գալու կոնկրետ ելք և կարող է Պուտինի կողմից օգտագործվել զինադադարի հաստատման համար, որի արդյունքում ռուսական զորքերը կպահպանեն օկուպացված տարածքների վերահսկողությունը։
14:23 - 12 մայիսի, 2023
Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ
 |armenpress.am|

Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Չինաստանը և Ֆրանսիան պետք է սերտ շփումներ պահպանեն բարձր մակարդակով... մշտապես յուրացնեն համագործակցության նոր ոլորտներ», - մեջբերված է Ցին Գանի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության  հաղորդագրության մեջ։ Նա մանրամասնել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգռված են չինական և ֆրանսիական շուկաների փոխադարձ մատչելիության ամրապնդմամբ։ Ցին Գանը նաև մատնանշել է երկու երկրների մասնակցությամբ մատակարարումների հուսալի շղթաների ապահովման կարևորությունը: «Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերի շուրջ, միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին», - հավելել է նախարարը։ Նրա խոսքով՝ Պեկինն անշեղորեն կվարի արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանափակումների վերացման քաղաքականություն, կխթանի զարգացման ինտենսիվ մոդելի ձևավորումը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առկա բարենպաստ հնարավորությունները համատեղ օգտագործելու նպատակով։  «Մենք միշտ Եվրոպան դիտարկում ենք որպես համապարփակ ռազմավարական փոխգործակցության խթանման գործընկեր», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Չինաստանը մշտապես պաշտպանում է Եվրամիության քաղաքական անկախությունը:
12:14 - 11 մայիսի, 2023
Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

Չինաստանն անցանկալի անձ է հայտարարել Կանադայի հյուպատոսին՝ ի պատասխան իր դիվանագետին վտարելու |news.am|

news.am: Չինաստանը, ի պատասխան այն բանի, որ իր դիվանագետը վտարվել է, բողոքի նոտա է հանձնել Շանհայում Կանադայի հյուպատոսին, նա պետք է հեռանա երկրից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, տեղեկացրել է Reuters-ը։ Հայտարարությունում նշվել է, որ կանադացի դիվանագետ Ջենիֆեր Լին Լալոնդը պարտավոր է հեռանալ Չինաստանից մինչեւ մայիսի 13-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան անցանկալի անձ էր հայտարարել չինացի դիվանագետին՝ Տորոնտոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, եւ վտարել էր նրան երկրից։ Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չինացի դիվանագետը՝ Չժաո Վեյը, զբաղվել է մի գործունեությամբ, որը կապված է եղել Կանադայի ներքին գործերին միջամտության հետ։ Չինաստանի դեսպանությունն, իր հերթին, խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է  միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։ Չինաստանի դեսպանությունն իր դիվանագետին վտարելը համարել է «ստոր» արարք, որը կատարվել է որոշ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների հրահրած՝ այսպես կոչված «չինական միջամտության» մասին ասեկոսեների հիման վրա։
12:25 - 09 մայիսի, 2023
ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ |news.am|

news.am: ԱՄՆ-ն խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը, որին հասել են երկու երկրները Բալիում։ Երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնային խնդիր է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Հանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։ «Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ են վարել Բալի կղզում եւ հասել կարեւոր կոնսենսուսի։ Սակայն դրանից հետո ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններ եւ արտահայտություններ խախտել են երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական ազդակը, երկրների հարաբերությունները կրկին բախվել են սառույցի»,-ասել է նա։ Նրա խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաստատակամորեն հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։ 
13:56 - 08 մայիսի, 2023
Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|

Պենտագոնը կազմակերպում է ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է այն ուղղությամբ, որ հունիսին կազմակերպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներով։ Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը փորձում է Սինգապուրում կազմակերպել Օսթինի ու Լի Շանֆուի հանդիպումը։ Այնտեղ հունիսի 2-4-ը նախատեսվում է անվտանգության տարածաշրջանային «Շանգրի-Լա երկխոություն» համաժողովը։ Չինաստանի ու ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նախորդ հանդիպումը կայացել էր 2022 թվականի հունիսին՝ դարձյալ Սինգապուրում նույն համաժողովի ժամանակ։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ նախորդ տարվա օգոստոսին Թայվան այցից հետո, Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվել էին, իսկ պաշտպանական երկու գերատեսչությունների միջև երկխոսությունը փաստացի դադարեցվել։ Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից, սակայն, համաձայն պաշտոնական դիրքորոշման, որին աջակցում են աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, կղզին հանդիսանում է Չինաստանի մի մաս։ Վաշինգտոնը 1979 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ և հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ։ Ճանաչելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել նաև Թայբեյի վարչակազմի հետ և սպառազինություն ուղարկել այդ կղզի։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին նաև Միացյալ Նահանգների երկնքում չինական օդապարիկի խոցումից հետո։
18:01 - 05 մայիսի, 2023
Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին
 |armenpress.am|

Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը պատրաստակամ է իրական ներդրում ունենալ Ռուսաստանի հետ փոխգործակցության միջոցով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Գոա նահանգում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Չինաստանը հաստատակամորեն կաջակցի խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով իրական ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - Ցին Գանի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում նա մատնանշել է Պեկինի և Մոսկվայի միջև փոխգործակցության ամրապնդումը մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ «Չինաստանը և Ռուսաստանը բոլոր մակարդակներում ավելի ու ավելի ակտիվ շփումներ են պահպանում միմյանց հետ, խթանում համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Ցին Գանը։ Չինացի դիվանագետը հստակեցրել է, որ ՉԺՀ-ն կձգտի գործնականում իրագործել Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կարևոր փոխհամաձայնությունը։ «Չինաստանը պատրաստ է... ուժեղացնել ռազմավարական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ամրապնդել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ամփոփել է նա։ Երկու կողմերը, ինչպես նշվել է, հաստատել են համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը միջազգային համագործակցության այնպիսի կարևոր բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), G20-ը և ՄԱԿ-ը, միասին «դիմադրելու հեգեմոնիայի բոլոր դրսևորումներին, պաշտպանելու երկրների ընդհանուր շահերը ձևավորվող շուկաների և զարգացող պետությունների հետ, պաշտպանելու իրավահավասարությունն ու արդարությունն աշխարհում»։
13:09 - 05 մայիսի, 2023
Զելենսկու եւ Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ
 |news.am|

Զելենսկու եւ Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը կարեւոր քայլ է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը, նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Պեկինը հավատարիմ է խաղաղությանն ու օժանդակում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։ «Որքան էլ որ բարդ է ճգնաժամը, այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ բարդ է հակամարտությունը, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։ Դիվանագետն ավելացրել է, որ Չինաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ուկրաինական ճգնաժամից ելք գտնելու համար։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ իր հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեւել է մեկ ժամ։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Պեկինի հետ երկխոսության վերականգնումը ներկա պահին շատ կարեւոր է Կիեւի համար։  
13:35 - 27 ապրիլի, 2023
Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Արգիշտի Քյարամյանն ու Չինաստանի դեսպանը շեշտել են տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում ջանքերի համատեղման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Հայաստանում ՉԺՀ դեսպանատուն։ Երկկողմ հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանը արժևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի  նախագահը նշել է, որ իր այցը վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև արտահայտում է իրավական ոլորտում համագործակցության խորացման միտումը։ Դեսպան Ֆան Յոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և այցի համար։ Նա ընդգծել է հայ և չին ժողովուրդների հարուստ քաղաքակրթական և մշակութային ժառանգություն և ընդհանուր արժեքներ ունենալու հանգամանքը։ Դեսպանը հավելել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցելու քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու կառույցների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու ջանքերին։  Դեսպանի ուղեկցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը արտացոլող անկյունները։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պատվին դեսպանատանը ընթրիք է մատուցվել, որի շրջանակներում նաև հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու չինական խոհանոցին։ Պաշտոնական հանդիպման և ընթրիքի սեղանի շուրջը ծավալվել է ջերմ և անմիջական զրույց իրավական փոխօգնության ցուցաբերման հարցում համագործակցության շրջանակների ընդլայնման շուրջ։ Նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը՝ կողմերը շեշտել են հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ, քննչական մարմինների ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանը կարող է ՀՀ քննչական կոմիտեին աջակցություն ցուցաբերել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, ինչպես նաև անդրազգային բնույթ կրող այլ հանցագործությունների դեմ պայքարում կոմիտեի կարողությունների զարգացման, փորձի փոխանակման հարցերում։ Կողմերը պայմանավորվել են սերտացնել կապերը՝ գործադրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արագ արձագանքման գործուն մեխանիզմներ։ ՀՀ քննչական  կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել Ֆան Յոնին բարձր մակարդակի ընդունելության և հյուրընկալության համար։
19:09 - 26 ապրիլի, 2023
Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին

 |factor.am|

Զելենսկին հայտնել է Սի Ցզինպինի հետ «երկար ու բովանդակալից» զրույցի մասին |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է Twitter-ում գրառմամբ։ «Ես երկար, բովանդակալից հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Կարծում եմ, որ այն, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- գրել է Զելենսկին։ Իր հերթին Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը Facebook-ում գրել է, որ Սի Ցզինպինի հետ բանակցությունները տևել են գրեթե մեկ ժամ, իսկ ավելի ուշ խոստացել է հայտնել մանրամասներ։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին Զելենսկիի և Սի Ցզինպինի հնարավոր զրույցի մասին՝ վերջինիս Մոսկվա կատարած այցի ֆոնին։ Բայց բանակցություններն այդպես էլ տեղի չէին ունեցել։
17:34 - 26 ապրիլի, 2023
Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը ու նշել՝ «Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին» |azatutyun.am|

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը ու նշել՝ «Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի հայտարարությունը դարձել է դիվանագիտական սկանդալի պատճառ, պաշտոնական Պեկինը, սակայն, դեռ լռում է: Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայը կասկածի տակ է առել հետխորհրդային հանրապետությունների անկախությունը և այն, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։ Բալթյան երկրները, Ուկրաինան և Ֆրանսիան հանդես են եկել խիստ հայտարարություններով՝ դատապարտելով չինացի դիվանագետի այս դիրքորոշումը։ Ուրբաթ երեկոյան Լու Շայը ֆրանսիական հեռուստաալիքին ասել է, որ նախկին ԽՍՀՄ երկրները «միջազգային իրավունքի համաձայն արդյունավետ կարգավիճակ չունեն, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կոնկրետ ձև կհաղորդի նրանց ինքնիշխան կարգավիճակին»։ Ղրիմի կարգավիճակի մասին հարցին էլ պատասխանելիս Լու Շայը հայտարարել է․ «Կախված է նրանից, թե ինչպես եք նայում դրան: Կա պատմություն: Ղրիմն ի սկզբանե պատկանում էր Ռուսաստանին: Խրուշչովն էր, ով Ղրիմը տվեց Ուկրաինային Խորհրդային Միության ժամանակ»: Հաջորդ իսկ օրը Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Փարիզը մտահոգությամբ է ընդունել չինացի դիվանագետի այս հայտարարությունները և խնդրել է պաշտոնական Պեկինին հստակեցնել Ղրիմի հարցով դիրքորոշումը: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները կտրուկ դատապարտել են Չինաստանի դեսպանի հայտարարությունը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այն անվանել է անհասկանալի, Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Լու Շայի հայտարարությունը պատճառներից մեկն է, թե ինչու Բալթյան երկրները չեն վստահում Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի միջնորդությանը, Լատվիայի արտաքին գործերի նախարարն էլ դեսպանի խոսքերն անվանել է «բացարձակապես անընդունելի»: Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն, իր հերթին, ասել է, թե դեսպանը «աշխարհագրության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի», և նրա հայտարարությունը հակասում է պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը: Հավելենք՝ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանատունը հեռացրել է հարցազրույցի սղագրությունը։ Չինաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հարգում են բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և աջակցում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին
11:55 - 24 ապրիլի, 2023
Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Պեկինի եւ Մոսկվայի երկկողմ հարաբերություններին․ Չինաստանի ԱԳՆ
 |news.am|

Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Պեկինի եւ Մոսկվայի երկկողմ հարաբերություններին․ Չինաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Երրորդ կողմերն իրավունք չունեն միջամտելու Չինաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին, ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ «Չինաստանն ու Ռուսաստանը միշտ հավատարիմ են մնացել չմիավորվելու, առճակատումից խուսափելու եւ երրորդ կողմերին չթիրախավորելու սկզբունքներին եւ զարգացրել են խոշոր երկրների միջեւ նոր տեսակի հարաբերություններ ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության վրա»,- ասել է դիվանագետը։ Վան Վենբինն ընդգծել է, որ Պեկինի եւ Մոսկվայի հարաբերությունները արմատապես տարբերվում են «փոքր շրջանակներից» եւ «դաշինքային առճակատումից», որով զբաղվում է ԱՄՆ-ն։ «Ոչ մի պետություն իրավունք չունի միջամտելու (Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերություններին)»,- ասել է նա։ Դիվանագետը նշել է, որ Չինաստանը միշտ օբյեկտիվ եւ արդար դիրքորոշում է ունեցել ուկրաինական ճգնաժամի հարցում, ակտիվորեն խթանել է խաղաղ բանակցությունները եւ կառուցողական դեր խաղացել ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը սպառնացել էր Չինաստանին «ծանր հետեւանքներով», եթե վերջինս Ռուսաստանին աջակցի ուկրաինական հակամարտությունում։ Վաշինգտոնը կշարունակի Պեկինին «շատ հստակ կերպով փոխանցել ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ նրա իրավասության տակ գտնվող ընկերություններին, ցանկացած խախտման հետեւանքը ծանր կլինի», - ասել է Յելենը։
13:38 - 21 ապրիլի, 2023
Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները |armenpress.am|

Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը հերքում է Ռուսաստանին ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեղադրանքները: Նման հայտարարություն է տարածել ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: «ԱՄՆ-ն շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մինչդեռ նա ոչ միայն չի մտածում իր գործողությունների մասին, այլև արևմտյան առանձին երկրների հետ միասին առանց որևէ հիմքի կեղծ տեղեկություններ է տարածում չինական անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին, զրպարտում է չինական ընկերություններին։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան»,- նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Չինաստանի կողմից Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման մասին՝ հակամարտության գոտիներում օգտագործելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանը միշտ արդարացի դիրքորոշում է ունեցել Ուկրաինայի հարցում և բոլոր ջանքերը գործադրել է ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու համար։ Առևտրի նախարարությունը նշել է, որ Չինաստանում խիստ կանոնակարգեր են գործում ԱԹՍ-ների արտահանման վերաբերյալ, որոնց համաձայն՝ արտահանվող ԱԹՍ-ները պետք է ստուգում անցնեն, որ դրանք օգտագործվելու են խաղաղ նպատակներով։ Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիական անօդաչու սարքերին, գերատեսչությունում պարզաբանել են, որ դրանց համար միջազգային սահմանափակումներ չկան։ Աշխարհի երկրները և դրանց հետ կապված բազմակողմ մեխանիզմները սովորական քաղաքացիական անօդաչու թռչող սարքերը չեն ընդգրկել արտահանական վերահսկողության ոլորտում, դրանց ազատ առևտուրը թույլատրված է: «Ուկրաինայի ճգնաժամից հետո քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական մի քանի ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը հակամարտության գոտիներում, ինչն էլ ավելի է ապացուցել, որ արտասահմանյան ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրություններն անհիմն են և միտումնավոր վարկաբեկող»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ գերատեսչության՝ Չինաստանը կշարունակի խստացնել ԱԹՍ-ների արտահանման վերահսկողությունը և կոչ է անում շահագրգիռ կողմերին նույնն անել՝ «կանխելու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մարտի դաշտերում և հակամարտության գոտիներում»։
17:41 - 19 ապրիլի, 2023