ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիտարկումների կարևորությունը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակված դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ հանձնակատարի արձանագրումները։   «Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ հանձնակատարին ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։   Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:   «Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։   Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10 հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,- նշել է հանձնակատարը:   Հայտարարության մեջ Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:   Դունյա Միատովիչը նշել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։   Շրջափակմամբ պայմանավորված բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։   Ողջունելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:   Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը:   ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։
20:46 - 12 հունվարի, 2024
Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր

Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիները ՄԻՊ-ին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման բաժնի ներկայացուցիչներ: Հայաստանում ապաստան հայցող անձինք Պաշտպանին ներկայացրել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր, խնդիրներ՝ կապված կացարանի, պետության կողմից դրամական օգնության, աշխատանքի և հայերենի չիմացության հետևանքով հաղորդակցվելու հետ: Անահիտ Մանասյանը նշել է, որ  Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում կուսումնասիրի նրանց կողմից բարձրացված խնդիրները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի համապատասխան  քայլեր:Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ապաստան հայցողների,  փախստականների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը գտնվում է իր ուշադրության կենտրոնում:
17:06 - 12 հունվարի, 2024
Պետությունը պետք է ունենա կանխարգելման պատշաճ կառուցակարգեր. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին
 |1lurer.am|

Պետությունը պետք է ունենա կանխարգելման պատշաճ կառուցակարգեր. ՄԻՊ-ը՝ բանակում մահվան դեպքերի մասին |1lurer.am|

1lurer.am: Դիտարկում եմ ոչ միայն այս երկու դեպքերի, այլև ընդհանրապես բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում, որովհետև որպես ՄԻՊ՝ ես չափազանց մտահոգիչ և դատապարտելի եմ գնահատում նշված իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին: «Նկատած կլինեք, որ ոչ միայն այս դեպքով, այլև մի քանի այլ դեպքերով ևս հայտարարություն ենք տարածել, և որպես ՄԻՊ՝ շատ կարևոր եմ համարում, որ պետությունը երկու ուղղությամբ պատշաճ և ամբողջական գործիքակազմ կիրառի:  Առաջինը՝ պետք է այս գործերի քննությունը պատշաճ մակարդակով իրականացվի, և երկրորդ՝ բացի դրանից՝ պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն ուղղված պատշաճ կառուցակարգեր»,- ասաց ՄԻՊ-ը: «Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր, անկախ կոնկրետ դեպքի պայմաններում դրա պատճառներից, նշանակում է, որ մենք դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և գործիքակազմեր ունենալ, և դա է պատճառը, որ որպես ՄԻՊ՝ ոչ միայն տարբեր հաստատություններ, զորամասեր եմ այցելում, կենտրոնական հավաքայական, երեկ նաև մասնակցել եմ բժշկական հանձնաժողովի նիստին, նաև շփվում եմ անընդհատ թե՛ զորակոչիկների, թե՛ զինծառայողների հետ: Մի քանի անգամ կարևոր քննարկման թեմա եմ դարձրել, ինչպես ընդհանուր փակ քննարկումների պետական մարմինների հետ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այս դեպքերին առնչվող գործիքակազմերի մշակման հարցերը: Մենք սրա ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ ենք արել: Ես վստահ եմ, որ այս բոլոր հարցերը պետք է դառնան ոչ միայն քննարկման առարկա, այլև գործնականում գործիքները կիրառվեն»,- ասաց ՄԻՊ-ը:
13:01 - 11 հունվարի, 2024
ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին

ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին և փորձաքննության գործընթացին: Պաշտպանը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնակատար Արեն Սարգսյանի և տարածքային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Հակոբյանի հետ: Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու փորձաքննության ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, զրուցել զորակոչիկների հետ, անդրադարձել նրանց իրավունքներին առնչվող հարցերին: Այցի ընթացում հատուկ անդրադարձ է կատարվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ստացիոնար հետազոտության ուղեգրված  Է. Հարությունյանի մահվան դեպքին: Պաշտպանին տեղում ներկայացվել են պարզաբանումներ: Անահիտ Մանասյանը նշել է, որ դեպքի առնչությամբ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Ձմեռային զորակոչի հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են, այցերը կրելու են շարունակական բնույթ:
17:53 - 10 հունվարի, 2024
Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

Երկու զինծառայողի կորուստ մեկ օրում․ ՄԻՊ-ը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ

Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: «Չափազանց կարևոր է իրավասու պետական մարմինների կողմից նման գործերով արդյունավետ քննության իրականացումը, ինչպես նաև համանման դեպքերի կանխարգելմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումն ու այդ նպատակով ամբողջական և պատշաճ կառուցակարգերի գործարկումը։ Այս հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընդգծվել է բազմիցս, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ, ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններ։ Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ ոլորտում առկա, այդ թվում՝ ԶՈՒ կարգապահությանն առնչվող խնդիրների հասցեավորմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:  Ժամեր անց` 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
22:48 - 09 հունվարի, 2024
ՀՀ ՄԻՊ գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

ՀՀ ՄԻՊ գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով:  Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանն ու գործող կառուցակարգերի կատարելագործմանը: Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։
22:13 - 08 հունվարի, 2024
Անահիտ Մանասյանը Ֆրանսուազ Տյուլկենի և Էրիկ դը Մույնքի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի

Անահիտ Մանասյանը Ֆրանսուազ Տյուլկենի և Էրիկ դը Մույնքի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները։ Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը: Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից: Անահիտ Մանասյանը ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։ Քննարկվել են նաև հավաքների ազատության իրավունքին, խոսքի ազատության իրավունքին առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակում ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանն անդրադարձ է կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Իր հերթին, Ֆրանսուազ Տյուլկեն և Էրիկ դը Մույնքը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, նաև շնորհավորել Անահիտ Մանասյանին Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ ընտրվելու առթիվ։ Հանդիպման ավարտին Պաշտպանն ու հյուրերը նախանշել են համագործակցության հնարավոր ուղղությունները։
15:26 - 05 հունվարի, 2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրել են մի շարք խնդիրներ

ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց): Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։ Մասնավորապես, արձանագրվել է, որ դպրոցին ամրակցված շենքերը վատթար վիճակում են, սանհանգույցները հին են, որոշները՝ կոտրված, կահույքի հիմնական մասը հնամաշ է, որոշ մահճակալներ ևս կոտրված են։ Որոշ դասասենյակների պատուհաններ ճաղապատված են: Շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն. բացակայում են թեքահարթակները, բազրիքները, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումները և այլն: Ինչպես նաև դպրոցում առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ. այն ապահովված չէ լոգախցիկներով, տաք ջրով՝ այնպիսի պայմաններում, երբ շաբաթվա ընթացքում 4 գիշեր երեխաների մեծ մասն անցկացնում է դպրոցում: Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ննջասենյակներում հիմնականում բացակայում են կողապահարանները։ Ավելին, դասապրոցեսի ավարտից հետո երեխաները մինչև երեկոյան ուշ ժամը ննջասենյակներում հանգստանալու հնարավորություն չունեն և ստիպված են սպասել դպրոցի տարբեր հատվածներում՝ մինչև ննջասենյակներ տեղափոխվելու ժամը։   Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները, այդ թվում՝ անձնական հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ սանհանգույցների դռների մեծ մասը չեն փակվում ներսից։ Ըստ արձանագրությունների՝ ապահովված չեն երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ Բացի այդ, ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ օտարվել է դպրոցին պատկանող խաղահրապարակի տարածքը։ Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են սանիտարական նորմերի առերևույթ խախտումներ. տարածքը և խոհանոցում աշխատող անձանց հագուստները կեղտոտ էին, բացակայում էին սանիտարական (բժշկական) գրքույկները։ Դպրոցն ապահովված չէ երեխաների համար լրացուցիչ սննդի կազմակերպման պայմաններով և հնարավորությամբ: Առկա են բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված խնդիրներ. շուրջօրյա հերթափոխի համար բուժաշխատող չկար։ Ըստ Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացված տեղեկատվության՝ գիշերային ժամերին բուժաշխատողի պարտականությունները փաստացի կատարում է Դպրոցի աշխատակիցներից մեկը, ով ունի նաև համապատասխան մասնագիտացում, սակայն գրանցված չէ որպես բուժաշխատող։ Առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս: Դպրոցում առկա երաժշտական գործիքների տեսակների՝ երեխաների թվի համեմատությամբ պակաս լինելու պատճառով, որոշ երեխաներ երբեմն հնարավորություն չեն ունենում կատարել իրենց նախընտրած գործիքի ընտրություն։ Առկա է դպրոցի կանոնադրությամբ սահմանված նպատակների և փաստացի գործունեության առերևույթ անհամապատասխանություն, և այլն։ Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, այդ թվում՝ դպրոցի կանոնադրության փոփոխության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական, այդ թվում՝ երաժշտական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը։
18:36 - 03 հունվարի, 2024
Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Անահիտ Մանասյանը սկսել է ուսումնասիրություն

Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Անահիտ Մանասյանը սկսել է ուսումնասիրություն

Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփակա  նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։   Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման պատահարները բացառելու համար։   Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ըստ հրապարակման՝ տարհանման ժամանակ մեկ անձ տուժել է: Մարդու իրավունքների պաշտպանը վերջինիս մաղթում է շուտափույթ ապաքինում։
15:30 - 02 հունվարի, 2024
Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի. ՄԻՊ

Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: 2023 թվականը հիրավի բարդ և մարտահրավերներով լի տարի էր. սեպտեմբերյան իրադարձություններ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ահռելի աշխատանք, որին ես և աշխատակազմը լծվել ենք ամբողջ ներուժով: Միևնույն ժամանակ՝ փոքրաթիվ, սակայն իրավունքի գերակայության արժեքներին նվիրված աշխատակազմով ապահովել ենք մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերելի նաև մնացյալ խնդիրների լուծմանն ուղղված բնականոն գործընթացը: Թող 2024 թվականը լինի խաղաղության, իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման և ձեռքբերումների տարի։ Սիրելի՛ գործընկերներ, Մաղթում եմ, որպեսզի հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ միասին շարունակենք կատարել մեր առաքելությունը` հանուն մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վեհ գաղափարների: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - ասվում է ուղերձում:
11:41 - 31 դեկտեմբերի, 2023
Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականին ստացել է ավելի քան 12 հազար բողոք

Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականին ստացել է ավելի քան 12 հազար բողոք

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփել է 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները` թվերով․ Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց: Մասնավորապես, իրականացվել է՝ • շուրջ 40 այց ՀՀ սահմանմերձ բնակավայրեր, զորամասեր, զինվորական հաստատություններ, հոսպիտալներ, • շուրջ 60 այց Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման շրջանակում` քրեակատարողական հիմնարկներ, հոգեկան առողջության կենտրոններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ, ձերբակալվածներին պահելու վայրեր և այլ փակ հաստատություններ, • շուրջ 120 այց քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, քննչական մարմիններ, քրեակատարողական հիմնարկներ, • շուրջ 15 այց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ տուն-ինտերնատ, երեխաների աջակցության կենտրոն, մանկատուն և այլն, • շուրջ 30 մշտադիտարկման այց կոնվենցիոն մանդատների ապահովման շրջանակներում` մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, • ինչպես նաև աշխատանքային բնույթի ընթացիկ այլ այցեր։   Այցերի արդյունքները, ուսումնասիրությունները և վերլուծությունները` արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել են պետական իրավասու մարմիններին։ Իրականացված մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրներն արձանագրվել են նաև Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում։ Մասնավորապես, հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է 11 զեկույց։   Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր գործող խորհուրդների նիստերի ընթացքում։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում խորհրդի 13 նիստ է անցկացվել․ • Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի 5 նիստ, • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի 2 նիստ, • Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի 2 նիստ, • Կանանց իրավունքների հարցերով խորհրդի 2 նիստ, • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի 1 նիստ, • Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի 1 նիստ:   Հարկ է հատուկ շեշտադրել, որ Պաշտպանին առընթեր Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհուրդը ստեղծվել է 2023 թվականին Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։   Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների արդյունավետ լուծումը ենթադրում է, ի թիվս այլնի, մարդու իրավունքների ազգային այլ հաստատությունների, ոլորտի միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցություն։ Այդ համատեքստում հաշվետու ժամանակաշրջանում Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը իրականացրել են շուրջ 90 բարձրաստիճան հանդիպումներ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 2023 թվականի ընթացքում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար, այնպես էլ աշխատակազմի կողմից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ և հանդիպում- քննարկումներ:   Հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է գրավոր 90 կարծիք։ Հրապարակվել է 5 իրավական դիրքորոշում իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրների առնչությամբ, ՍԴ է ուղարկվել 4 հատուկ կարծիք, կայացվել է քաղաքացիների իրավունքների խախտման 3 որոշում, առկա է Սահմանադրական դատարանի կողմից 1 բավարված դիմում:   Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքի առանցքային ուղղություններից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով Պաշտպանի այցերը կրել են շարունակական բնույթ։ Պաշտպանն ինչպես անձամբ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլանի հետ համատեղ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, Պաշտպանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, դրական լուծում է ստացել ավելի քան 1100 դիմում, որոնք վերաբերել են սոցիալ-տնտեսական օգնություն ստանալուց մինչև բնակարանային ապահովմանը և այլն։
22:29 - 30 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկներ։   ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ:   «Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:   Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
13:00 - 28 դեկտեմբերի, 2023
ՀՀ ՄԻՊ-ը մշտադիտարկման այցի շրջանակում ծանոթացել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների առօրյային ու խնդիրներին

ՀՀ ՄԻՊ-ը մշտադիտարկման այցի շրջանակում ծանոթացել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի շահառուների առօրյային ու խնդիրներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցին հաջորդել է տոնական համերգը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոնի էթնո երաժշտախմբի սաների մասնակցությամբ: «Ճախրուկների» հետ կատարումներով են հանդես եկել նաև տուն-ինտերնատի շահառուները: «Սեր և ջերմություն միմյանց փոխանցելով է հնարավոր աշխարհն ավելի լավը դարձնել: Այսօրվա միջոցառումը կայացավ հենց այդ սիրո և ջերմության մթնոլորտում: Այն զգացողությունը, որով յուրաքանչյուրս այստեղից հեռանալու է, աննկարագրելի է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ցանկանում եմ հատուկ ընդգծել՝ Ձեր իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են աշխատակազմի և իմ անմիջական ուշադրության ներքո»,-ասել է Պաշտպանը՝ դիմելով ներկաներին: Տոնական օրվա ավարտին Անահիտ Մանասյանը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչներին նվիրել է շախմատ և սեղանի այլ խաղեր՝ հույս հայտնելով, որ դրանց շնորհիվ նրանց առօրյան էլ ավելի հետաքրքիր կդառնա:
19:37 - 27 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։   «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:   Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմերի հետ։   Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։
13:50 - 25 դեկտեմբերի, 2023