Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները համաձայնագիր են ստորագրել

Հունվարի 26-ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի ԱԳ նախարար ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վճարովի գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջկառավարական նիստին իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է, որ 2023թ. ընթացքում Վրաստանի հետ քաղաքական երկխոսության հետևողական ակտիվացումն ու խորացումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը և ապահովվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ փոխգործակցությունը. տարբեր հարթակներում կայացել են երկու նախարարների և գերատեսչությունների պաշտոնյաների հանդիպումներ, Երևանում անցկացվել են ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները, ակտիվ աշխատանքներ են տարվել երկու երկրներում դեսպանությունների կողմից՝ նպատակ ունենալով երկու պետությունների միջև հարաբերություների բարձրացումը ռազմավարական մակարդակի՝ համաձայն ամռանը Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև ձեռքբերված պայմանավորվածության։ Արարատ Միրզոյանը նշել է, որ օրակարգում է գտնվում նաև Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը. ինչպես և քննարկվել է նախկինում, առաջարկվում է ակտիվացնել հանձնաժողովների համատեղ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև միջազգային կոմպետենտ մեխանիզմներից, և հարցն ամբողջությամբ կարգավորել բարիդրացիական մթնոլորտում։ Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն ավարտել է հանձնաժողովի ձևավորման աշխատանքները և պատրաստ է ամենասեղմ ժամկետներում մեկնարկել քննարկումները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Վրաստանի հետ մեր հարաբերությունները կարևորում ենք ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային համատեքստում՝ այն համարելով տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը։ Մեր այս մտադրությունն արտացոլված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ՝ նպատակ ունենալով այդ թվում մեր վրաց գործընկերների հետ համատեղ Հարավային Կովկասը վերածել բոլոր տեսակի ենթակառուցվածքների խաչման տարածաշրջանի՝ առանցքում ունենալով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։ Պատահական չէ, որ հենց Վրաստանում՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետն առաջին անգամ միջազգային հանրությանը ներկայացրել է մեր այս նախաձեռնությունը»: Նախարար Միրզոյանը հավելել է նաև, որ Վրաստանի հետ հարաբերություններում կարևոր դեր ունի ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցությունը. Հարավային Կովկասում ժողովրդավարական արժեքների տարածումը, այդ թվում՝ ԵՄ հետ սերտ փոխգործակցության միջոցով, իր նպաստը կբերի տարածաշրջանում տևական և ամուր խաղաղության հաստատման գործընթացին։
22:46 - 26 հունվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել  Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով մեր երկրների համագործակցությանը: Մենք ունեցանք նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրին, երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար առևտրային թվով 6-րդ գործընկերն է և 2-րդ ներդրումային երկիրը: Սա ևս ողջունելի է: Անցած տարի Հայաստանից գրեթե 1 մլն այցելու, զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է: Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար: Ուզում եմ նշել նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում շատ բարձր տնտեսական աճ ունենք, և կարևոր է այս դինամիկայի պահպանումը: Պարոն վարչապետի հետ մեկ անգամ ևս նշեցինք, որ դեկտեմբերը շատ կարևոր ամիս էր, դեկտեմբերի 15-ը մեզ համար, մեր երկրի համար: Վրաստանը ստացավ, ձեռք բերեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և դարձավ Եվրամիության թեկնածու երկիր, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի, ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ անպայման բարձր տեմպով պետք է շարունակվի տարածաշրջանային նախագծերի վրա աշխատանքը: Մենք լսեցինք պարոն Փաշինյանի հավաստված շահագրգռվածությունը տարածաշրջանային նախագծերի նկատմամբ, ինչպես Սև ծովի մալուխի նախագիծն է, նաև այլ նախագծերի վրա ևս աշխատում ենք, նկատի ունեմ խոշոր նախագծերը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ այս օրը շատ կարևոր է, պատմական: Մեկ անգամ ևս շնորհակալություն իմ բարեկամին, իմ գործընկերոջը: Փոխանցեմ խոսքը նրան»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ներկաներ, Մեծարգո պարոն վարչապետ, Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել վարչապետ Ղարիբաշվիլիին,  մեր վրաց գործընկերներին՝ այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու համար՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե՛ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության, թե՛ Վրաստանի ժողովրդի ներդրումը: Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար: Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը վերագործարկելուց հետո նիստերի անցկացումը կրում է պարբերական բնույթ՝ մեծապես նպաստելով հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ: Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։ Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն։ Հարգելի՛ ներկաներ, Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում: Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Վարչապետ Ղարիբաշվիլի, Ամփոփելով և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելով, ցանկանում եմ հայտնել նաև, որ համատեղ որոշում ենք կայացրել պահպանել ու խորացնել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և հաղթահարել այդ ճանապարհին առաջացող հնարավոր խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, սիրելի Իրակլի, ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և մաղթել ամենայն հաջողություններ և առավել արդյունավետություն մեր համագործակցությանը: Շնորհակալություն»:
19:44 - 26 հունվարի, 2024
Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն. Փաշինյան

Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհավորեց Վրաստանի Կառավարությանը և ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար և այն որակեց «պատմական իրադարձություն» Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր, ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ ու մարդկանց միջև շփումներ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասի տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: «Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը: Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վրաց գործընկերներին է ներկայացրել ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները: «Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարությունն ու փոխադարձության սկզբունքները: Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև: Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը (նախատեսվում է Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա ստորջրյա էլեկտրական մալուխ անցկացնել – խմբ.), որին միանալու հարցում ՀՀ-ն ցուցաբերում է մեծ հետաքրքրություն»,- ասաց նա:
18:42 - 26 հունվարի, 2024
Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ
 |armenpress.am|

Վրաստանը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործում․ Վրաստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուսով է, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։ «Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որը ողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին օգուտ կբերի։ Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը։ Հուսով եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կստորագրեն խաղաղության պայմանագիր, ինչը անխոս կնպաստի և կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը, ինչը կարևոր է մեր երկրների և ազգերի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
18:08 - 26 հունվարի, 2024
Հայաստանի և Վրաստանի ղեկավարները պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ

Հայաստանի և Վրաստանի ղեկավարները պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու սկզբունքները: Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է. «Հարգելի ՛ վարչապետներ,Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ, և մաս կազմել այս կարևոր քննարկմանը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Վրաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Ղարիբաշվիլիին՝ այս համաժողովն անցկացնելու կարևոր նախաձեռնության և ջերմ հյուրընկալության համար։ «Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը բոլորիս հայտնի է դեռևս դպրոցական դասագրքերից: Շատերը, համոզված եմ, շատ մանրամասներ չեն հիշում Մետաքսի ճանապարհի ժամանակների պատմական անցքերի և իրադարձությունների մասին: Բայց «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորիս մտքում ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման, համագործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանապարհն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով, և այդ ճանապարհները մարդկային, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապեր ստեղծելու, ժողովուրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին: Այդ ճանապարհներով մարդիկ ոչ միայն ապրանքներ էին փոխադրում, այլև՝ պատմություններ, սովորույթներ, ավանդույթներ, գիտելիքներ, հմտություններ: Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին: Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք: Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը, և ինչպես տեսնում եք` այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների: Այս է պատճառը, որ մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային: Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա: Իմ թիմի ներկայացուցիչները ելույթից հետո` միջոցառման ընթացքում, համաժողովի մասնակիցներին կբաժանեն մեր նախագծի մասին պատմող բրոշյուրներ և ուրախ կլինենք արձագանքներ լսել և աջակցություն ստանալ նախագիծն իրականացնելու ճանապարհին: Ամբողջական լինելու համար կարևոր եմ համարում ընդգծել «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, որոնք հետևյալն են. Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր Պարեկային ոստիկանության հետ համատեղ: Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ: Ուզում եմ վերահաստատել այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը: Իսկ վերը նշված սկզբունքներն անհրաժեշտ են մի շարք թյուրընթերցումներից, տարընթերցումներից, տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար: Առաջիկայում մենք այս նախագիծը նաև պաշտոնապես կներկայացնենք մեր տարածաշրջանի երկրների կառավարություններին և հույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվության պայմաններում, մենք կկարողանանք այն կյանքի կոչել: Հարգելի ներկաներ, Ինչպես ասացի՝ «Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է: Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին: Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. - Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն: - Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է. - Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և հետևաբար՝ Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ: Ինչպես ասացի, մենք հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր: Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին: Վերադառնալով «Խաղաղության խաչմերուկին», պիտի արձանագրեմ, որ այն լիարժեք կերպով ներգրվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ և ուրախ կլինենք Հայաստանի տարածքում ընդունել և անվտանգ ճանապարհել մարդկանց, տրանսպորտային միջոցներ, բեռներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր: Եվ ամփոփելով` ուզում եմ հաջողություն մաղթել «Մետաքսի ճանապարհ» համաժողովին և ցանկանալ արդյունավետ աշխատանք: Շնորհակալ եմ»:
17:33 - 26 հունվարի, 2024
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
16:19 - 26 հունվարի, 2024
«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

hetq.am: Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար ոչ միայն գործընկերներ են, այլև եղբայրական երկրներ։ Այդ մասին, Վրաստանի առաջին ալիքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ։ «Վրաստանը շատ սերտ հարաբերություններ ու գործընկերություն ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհն է: «Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Հավելեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի պարագայում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և անարդյունավետ։ Ուստի, հաջողություն եմ մաղթում նրանց»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ հույս ունի, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
19:56 - 18 հունվարի, 2024
Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի
 |1tv.ge|

Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի |1tv.ge|

1tv.ge: Վրաստանը շատ սերտ հարաբերություններ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք եղբայրներ և բարեկամներ են,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում կայացած պանելներից մեկում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ երկկողմ մակարդակով, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, ճիշտ ճանապարհ է։ «Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ես գիտեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ: Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիրը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
16:04 - 18 հունվարի, 2024
ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը. «Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ վերջինս և ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսևորելով ոչ հարիր և ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսևորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 15․01․2024 թ․ վերոնշյալ քաղաքացին և ուղեկցող ևս 7 քաղաքացի, որոնցից 2-ը՝ իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածքով։ Տևական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։  Նշված անձանց կարգի հրավիրելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն: ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:40 - 16 հունվարի, 2024
Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը
 |armeniasputnik.am|

Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v id="anchor" class="anchor">   Հայաստանում ներկրվող որոշ դեղեր մի շարք երկրների համեմատ ավելի թանկ են տարբեր պատճառներով, որոնցից մեկն ավելացված արժեքի հարկն է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հայաստանը դեղերի նկատմամբ ունի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), դրա համար մեզ մոտ դրանք ավելի թանկ են, քան, օրինակ, Վրաստանում։ Դեղերի արժեքի վրա ազդում է նաև այն, որ Հայաստանը բավական փոքր շուկա է։ Տվյալ շուկայում լինելու համար յուրաքանչյուր դեղորայքային կազմակերպություն գնային քաղաքականություն է մշակում, որը տարբերվում է մեծ շուկաներից»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով` լինում են մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը, այնուամենայնիվ չի կարելի մեկ դեղի գնի տարբերությունը դիտարկել այնպես, թե ընդհանուր Հայաստանում դեղորայքը թանկ է մեկ այլ երկրի համեմատ։ Նախարարը շեշտեց, որ իրենց գնահատմամբ` ապահովագրության բարեփոխման շրջանակում գնորդի և դեղերի գների կարգավորման համար նախատեսված մեխանիզմները նույնպես ազդելու են դեղերի գների վրա։ Այս պարագայում, սակայն, շատ ավելի մատչելի և մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, հետևաբար պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն դրանց համար։
14:05 - 12 հունվարի, 2024