Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհները» ծրագիր իրականացնելու համար ավելի քան 1 միլիարդ դրամի համաֆինանսավորում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ներդնում: «Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 միլիոն եվրո է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ 15.4 միլիոն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, իսկ 6.5 միլիոն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: 2019-20 թվականներին բավականին աշխատանքներ արվել են, հիմա շարունակվում են: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի»,-ասաց Սանոսյանը: Ըստ նախարարի` նախատեսված է 26 կմ ճանապարհի ասֆալտապատում, որը ներառում է Գյումրու 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով: Ծրագիրը կավարտվի 2022 թվականին:
12:55 - 09 դեկտեմբերի, 2021
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Գյումրի են այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՌԴ պատվիրակության անդամները մասնակցել են Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցած հոգեհանգստի կարգին, ծաղկեպսակ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Իսկ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում արհավիրքի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետի ժ/պ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Ծաղկեդրման արարողությունը կայացել 2011 թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: «Ինչպես Հայաստանն, այնպես էլ Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են և մեզ համար կենսական խնդիր է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման ուղղությամբ ջանքերի գործադրումը, և մենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք հղում Ճապոնիայի կառավարությանը»,- ասել է Արմեն Գասպարյանը: Ֆուկուշիմա Մասանորին էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների նմանությունն ու կառուցողական գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Դեսպանի խոսքով՝ թե´ Հայաստանը և թե՛ Ճապոնիան բազում արհավիրքներ են տեսել, սակայն շարունակում են ապրել՝ պայքարելով և ոտքի կանգնելով: «Երկրաշարժից տուժած քաղաքներում Հիշատակի արարողությունների մասնակիցներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:33 - 07 դեկտեմբերի, 2021
Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձով է հանդես եկել: Ինչպես  տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի: Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի:
10:49 - 07 դեկտեմբերի, 2021
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր այս գործընթացներում ներգրավված այլ անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու, այլոց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02 - 30 նոյեմբերի, 2021
Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ

Հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել է․ նա կալանավորվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը երեք-չորս տղամարդկանց հետ միասին մտել է իր տան բակ՝ թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրավապահներն այցելել էին Սպարտակ Ղուկասյանի բնակության հասցե, սակայն վերջինս նախ հրաժարվել էր տան դուռը բացել, իսկ ժամեր անց զանգահարել էր ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Ս.Ղուկասյանը հայտնաբերվել էր, և նրան մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 2021թ. օգոստոսի 20-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ս.Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին, որը մերժվել էր: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021թ. սեպտեմբերի 15-ին բավարարել էր Ս.Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված բողոքը: Հաշվի առնելով, որ Ս.Ղուկասյանը պատշաճ կարգով ծանուցվել և հրավիրվել էր նախաքննական մարմին, սակայն վերջինս չէր ներկայացել, տեղյակ չէր պահել՝ չներկայանալու պատճառների մասին և գտնվելու վայրն անհայտ է, նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին հետախուզվող Սպարտակ Ղուկասյանը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 27 նոյեմբերի, 2021
«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2018թ․ ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:Բացի այդ, բուժհիմնարկի տնօրենը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, այն է` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող, դեռև 2019թ․ հոկտեմբերին մահացած հիվանդի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո վերջինիս ազգականի կողմից վերադարձված դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ հիշյալ բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է, և քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կեղծ սերտեֆիկատներ ստացած անձանց ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:33 - 20 նոյեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

Վահրամ Դումանյանը և Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց են կատարել Գյումրի քաղաք՝ տեղում ծանոթանալու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման շինաշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Նախարարն ընթացիկ աշխատանքները գնահատել է բավարար և հույս հայտնել, որ դրանք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ՝ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ: ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
14:38 - 20 նոյեմբերի, 2021
Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:   «Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել են Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, որը Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate IT ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։   Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։   Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու և այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- գրել է նախարարը:
13:31 - 06 նոյեմբերի, 2021
Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը   |armenpress.am|

Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Վարդգես Սամսոնյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը: Նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը: Ձեռքը՝ Աստվածաշնչին ու Սահմանադրությանը՝ Վարդգես Սամսոնյանը երդվեց ծառայել համայնքի բարգավաճմանը:  «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը երդվում եմ. պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- իր երդման խոսքում նշեց Վարդգես Սամսոնյանը: Քաղաքապետի երդման խոսքն ի պահ տրվեց քաղաքի պատմության թանգարանին:  Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան: Վարդգես Սամսոնյանին Շիրակի թեմի առաջնորդի անունից օրհնության խոսք հղեց Տեր Վարուժան քահանա Տերտերյանը՝  քաղաքապետին անսպառ ուժ, եռանդ, քաջառողջություն մաղթելով: «Թող այն բարեկարգումների ու բարեփոխումների շարունակողը լինեք, ինչն այսօր բոլորս տեսնում ենք քաղաքում: Ցանկանում եմ, որ Ձեր քաղաքապետության տարիներին ամեն մի գյումրեցի զգա, գիտակցի ու ազնիվ մտածում ունենա, որ օր ու գիշեր իրենց մասին մտածող ու մտահոգվող կա: Վստահ եմ՝ Ձեր գիշերը ցերեկ կդարձնեք քաղաքն առավել լուսավոր պայծառ և բարեկարգ դարձնելու համար»,-իր խոսքում նշեց Տեր Վարուժան քահանան:  
14:36 - 04 նոյեմբերի, 2021
Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները |armenpress.am|

Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց հետամուտ է լինելու՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում: Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ Սամսոնյանն ընդգծեց, որ Գյումրիում կա 3000 տնակ, 70 կմ ներքաղաքային դեռևս անբարեկարգ փողոց, աշխատատեղերի պակաս, զբոսաշրջային ենթակառուցվածքների դեռևս ոչ բավարար վիճակ, Գյումրիին վայել և արժանապատիվ տրանսպորտային համակարգի բացակայություն, քաղաքի ծայրամասերում երիտասարդական և ընտանեկան ժամանցի հարմարավետ հանգստի, աղբի վերամշակման ժամանակակից համակարգի բացակայություն: «Սրանք այն խնդիրների մի մասն են, որոնց որպես քաղաքապետ ամենօրյա իմ աշխատանքում հետամուտ եմ լինելու, եթե, հարգելի ավագանու անդամներ, ստանամ վստահության ձեր քվեն»,- ասաց Սամսոնյանը: Նա նշեց, թե ինչպիսի քաղաք է ցանկանում տեսնել 5 տարի անց: «Կարծում եմ՝ իմ երազանքները շատ չեն տարբերվում մեր մյուս քաղաքացիների երազանքներից՝ բարեկարգ, կանաչապատ, հանգիստ, համախմբված, մաքուր, զարգացող և իր ապագային վստահ նայող քաղաք: Շատ ավելի կարևոր են ճանապարհները և միջոցների ընտրությունն այս երազանքներին հասնելու համար: Խնդիրները, որոնք ունի Գյումրին, մեզ չի տալիս այլընտրանք, քան միասնական և համերաշխ մթնոլորտում բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացքն էլ ավելի արագացնելը»,- նշեց Սամսոնյանը:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:43 - 01 նոյեմբերի, 2021