Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ՊՆ-ի միջոցներում վերաբաշխում կկատարվի զինծառայողների՝ հիփոթեքային վարկի կանխավճարը տրամադրելու համար |1lurer.am|

ՊՆ-ի միջոցներում վերաբաշխում կկատարվի զինծառայողների՝ հիփոթեքային վարկի կանխավճարը տրամադրելու համար |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության նախարարությանը հատկացվող միջոցներում վերաբաշխում կկատարվի, և գումարը կուղղվի զինծառայողների արտոնյալ ու երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով պետական սուբսիդավորումների ֆինանսավորմանը: Վերաբաշխում կատարելու ենթակա գումարը 760 միլիոն դրամ է, այն կատարվելու է 2023 թվականի ՊՆ-ի խնայողությունների հաշվին: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստին ներկայացրեց ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նախարարը հիշեցրեց՝ 2023-ին առաջարկվել էր պետության կողմից վարկի կանխավճարը սահմանել հաստատուն թվով՝ 2,5 միլիոն դրամ, իսկ նախկինում վարկի 10 տոկոսի չափով էր: Վարկի տոկոսների սուբսիդավորումը սահմանվել էր 5 տոկոսի չափով, իսկ նախկինում 3 տոկոսի չափով էր: «Կառավարության որոշմամբ սահմանված է տարեկան 500 զինծառայողի ծրագրից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ հայտ ներկայացրած 1111 զինծառայողներին Կառավարության որոշմամբ այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասաց Պապիկյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Կառավարությունը որոշում էր կայացրել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում աջակցություն ցուցաբերել զինվորականներին: Ըստ այդմ՝ զինծառայողները դիմում էին նախարարություն, և բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում տեղի էր ունենում բնակարան ձեռք բերելու վիճակահանություն: Բայց արդեն երկրորդ տարին է, ինչ վիճակահանության հատվածը չի կատարվում, բոլոր զինծառայողների ներկայացրած հայտերը բավարարվում են: «Երկու փոփոխություն ենք արել. նախկինում կանխավճարի մասով կապում էինք դա բնակարանի արժեքի հետ, վարկերի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2,5 միլիոն դրամ: Նախկինում մենք սուբսիդավորում էինք 3 տոկոսը, հիմա սուբսիդավորում ենք 5 տոկոսը»,- ասաց Փաշինյանը: Ըստ Պապիկյանի՝ 2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021-ին՝ 249, 2022-ին՝ 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել է շուրջ 1030 զինծառայող, որի մեջ չի մտնում 2023 թվականը: Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ եթե տեմպը ապահովվի, ապա կարելի է ասել, որ զինծառայողների բնակարանների ապահովության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել ապագայի համար:
12:36 - 07 դեկտեմբերի, 2023
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը

Այս շաբաթ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Սպաները հանձնել են քննություններ` ձգումներ պտտաձողի վրա, իրանի ծալում և տարածում, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը սույն գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները մարտական պատրաստության իրենց աստիճանով պետք է դրական օրինակ ծառայեն ենթականերին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նախորդ շաբաթ անցկացված ատեստավորման ժամանակ աչքի են ընկել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի առաջին ենթախմբում ներգրավված զինվորականները։ Դեկտեմբերի 5-ին էլ ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի երկրորդ՝ կրակային պատրաստության ստուգարքը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ով վստահություն է հայտնել, որ ատեստավորվող սպաները դիպուկ կխոցեն նշանակված թիրախները՝ լավագույնս ցուցադրելով կրակային պատրաստության իրենց հմտությունները։ Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է. առջևում շարային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
15:26 - 05 դեկտեմբերի, 2023
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված  զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։ Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։
14:55 - 27 նոյեմբերի, 2023
Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ ՊՆ-ի և Վրաստանի ՊՆ-ի միջև երկկողմ համագործակցության պլանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից: Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում:  Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև երկկողմ համագործակցության պլանը։ Այնուհետև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
13:52 - 17 նոյեմբերի, 2023
Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին
 |armeniasputnik.am|

Ճտերը դեկտեմբերի 24-ին կհաշվենք․ Սուրեն Պապիկյանը՝ Գեղամ Մանուկյանին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այս պահին ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են մոտ 65 տոկոսով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե իրականում պաշտպանական ծախսերն ընդամենը 55 տոկոսով են իրացվել։ Մինչդեռ, ըստ Անդրանիկ Քոչարյանի` 2023 թ. ՀՀ պաշտպանության կապիտալ ծախսերն իրացվել են 90 տոկոսով։ «Ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին, և վստահեցնում են` հաճելի անակնկալ կսպասվի Գեղամ Մանուկյանին։ Վստահ եմ, որ նա ցանկանում է՝ այդ ծախսերն իրացվեն և նպատակային իրացվեն»,- նշեց Պապիկյանը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ո՞ր փուլում է բանակի համար նոր համազգեստի ստեղծումը, Պապիկյանը նշեց՝ դեռ ընթացքի մեջ է։ Հայտարարված մրցույթին մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլում միայն մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել։ «Հիմա աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, առաջիկա օրերին կստանանք առաջարկներ, դրանք կադապտացնենք հայաստանյան իրականությանը, հայկական սիմվոլիկային, այսինքն՝ խոսքը նաև զինվորական այն համազգեստներին է վերաբերում, որոնք պաշտոնական են, տոնական են, դրա հիման վրա արդեն ձեռքբերման մրցույթ կհայտարարենք»,- ասաց Պապիկյանը։ Շեշտեց՝ սխալ է այս փուլում ասել, որ իրենք ձախողել են նոր համազգեստի հարցում։ Ավելին, վստահ է, որ հաջողելու են։ Նշեց, որ կարող էին նախկին փորձին հետևել և միայն գույնի փոփոխություն անել, սակայն համազգեստը միայն ձև չէ, այլև բովանդակություն, և հիմա հենց այդ ուղղությամբ են աշխատում։ Վստահ է, որ գալիք տարի արդեն կունենանք ձևով և բովանդակությամբ նոր համազգեստ։  
18:49 - 15 նոյեմբերի, 2023