Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին լուրը


 |armenpress.am|

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին լուրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Ավանեսյանը նշել է՝ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը: «Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Ավանեսյանը:
17:54 - 12 փետրվարի, 2022
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 1-ին մասնակցել է «Կառավարության խոսնակների դպրոց» ծրագրի բացման արարողությանը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: Եռամյսա ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից։ Եռամսյա ծրագրի շրջանակներում ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները և հանրային կապերի պատասխանատուներն անցնելու են վերապատրաստման դասընթացների շարք՝ ուղղված իրենց մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդմանը:Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է հաղորդակցության և հանրային կապերի ուղղությամբ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ արդյունավետ և թիրախային հաղորդակցությունը կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականներից մեկն է: Այս առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄՀԻ-ի գործընկերներին՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցության համար:Ծրագրի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են  եկել  նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը և ՄՀԻ-ի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
21:35 - 01 փետրվարի, 2022
«Գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ»․ Արցախի նախագահը ՊՆ-ում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին

«Գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ»․ Արցախի նախագահը ՊՆ-ում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- ասել է նախագահը:Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները, որի վերաբերյալ հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ։
19:49 - 29 հունվարի, 2022
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարևոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետև հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարևոր է և, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում: Ուզում եմ ընդգծել, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը: Շատ կարևոր է, և մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության և փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում: Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմից հետո, բնականաբար, շատ մեծ մտավախություններ ունեինք՝ կապված սոցիալական վիճակի, մնացած ամեն ինչի հետ: Իհարկե, պարզ է, որ սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է ընդհանուր առմամբ իրադրության կառավարելիության մասին: Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաև սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երևույթ է, և մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաև պատերազմը, պատերազմի հետևանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, Նախ ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում սոցիալական խնդիրների լուծման համար: Որևէ խնդիր չի եղել առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ այդ ծանր ժամանակահատվածում ղարաբաղցիները միշտ տեսել են այդ աջակցությունը: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն տալ առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնել և, իհարկե, հետո արմատական լուծումներ տալ: Պարոն վարչապետ, նշեմ, որ 2022 թվականին ավելի հստակ 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել և արդեն այսօր լուծել ավելի կարևոր խնդիրներ: Ուզում եմ նշել, պարոն վարչապետ, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաև հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջև դրել ենք:Ի դեպ, պարոն, վարչապետ, նշեմ նաև, որ, այո, 144 մլրդ դրամի պարագայում մեզ հաջողվելու է լուծել առկա խնդիրները և ոչ միայն բնակարանաշինության: Մենք շատ հավակնոտ ծրագրեր ենք սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երևույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ: «Բեյզ Մեթըլս»-ի առումով նշեմ, որ արդեն հիմնականում աշխատում է 70-80 տոկոս հզորությամբ, դա պլանավորված է: Լուծվել է ջրի, էներգետիկայի մատակարարման հարցը, արտացոլումը պետական բյուջեի մուտքերի մասով՝ եթե 2021 թվականին պլանային եղել է 17 մլրդ, կատարել ենք 34 մլրդ: Այս տարի ծրագրով նախատեսել ենք 40 մլրդ, բայց, իհարկե, մեր սպասելիքները շատ ավելի մեծ են: Դրան զուգահեռ տարբեր բարեգործական ծրագրերով, համագործակցությամբ ջերմոցային տնտեսություններ, այլ ուղղություններ ևս զարգացնում ենք: Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, բնակարանաշինության տեմպերը համապատասխանում են այն ծավալներին, որ միասին քննարկել ենք և եկել ենք համաձայնության: Զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում, բացի բնակարաններից, նաև ենթակառուցվածքային այլ ծրագրեր, ջրագծեր այլ գյուղերում, այլ բնակավայրերում, ասֆալտապատում: Այսինքն՝ ծրագրեր իրականացվում են ենթակառուցվածքների բոլոր ուղղություններով և նաև բնակարանաշինությամբ: Հաջողվել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ հոսանքի խնդիրը և համարյա անխափան կարողացել ենք մինչ այսօր դեռ պահպանել իրավիճակը, որովհետև ծանր է եղել հզորությունների մատակարարման, ապահովման առումով և այլն: Եթե որևէ ֆորսմաժոր չլինի, նաև այդ հարցն է լուծվում՝ այն դեպքում, որ «Բեյզ Մեթըլս»-ի անհրաժեշտ հոսանքը ևս կարողացել ենք մատակարարել: Ընդհանուր առմամբ ուզում եմ գոհունակություն հայտնել, պարոն վարչապետ, ձևավորված համագործակցության առումով: Պատասխանատուների հետ մշտապես կապի մեջ ենք: Շնորհակալություն»:
17:56 - 24 հունվարի, 2022
Արայիկ Հարությունանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանն առնչվող թեմաներ

Արայիկ Հարությունանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանն առնչվող թեմաներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ: Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան:
19:34 - 13 դեկտեմբերի, 2021
ՏՏ ոլորտում Հայաստանն ունի ասելիք և անելիք. Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի ասելիք և անելիք. Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր․ Չի-Ֆուն Չանին։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և մենք 2020 թվականի մրցանակը շնորհում ենք այս տարի: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է: Վստահ եմ, որ մեր մրցանակակիրները շատ նման առաջարկներ են ստանում տարբեր երկրներից, բայց քչերն են ընտրում, որովհետև, եթե կոնկրետ ոլորտում մրցանակ է շնորհվում, նրանք նայում են, թե տվյալ երկիրը ինչ ներդրում և  հաջողություններ ունի  այդ ոլորտում և ինչպիսին է այդ ոլորտի ապագան այդ երկրում: Վստահ եմ, որ  Չի-Ֆուն Չանն ընտրություն կատարելիս նման ֆիլտրներ է ունեցել: Եվ որպես կոդերի հետ աշխատող մարդ, ասեմ, որ մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ: Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», և այդ կոդը թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորություններ և նորարարություն տալու: 5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք՝ հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև համաշխարհային մշակույթը կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Ես շատ ուրախ եմ, որ մի քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել 21-րդ դար: Ցավոք, դրանք դեռ ամբողջությամբ չենք կարողացել վերծանել, և ոլորտի մասնագետները, որոնք այստեղ են, նաև Ձեր օգնությամբ, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կկարողանան այդ հասցրած   ինֆորմացիան հասցնել աշխարհին: 20-րդ դարում տեխնոլոգիական մեր հայրերը նույնպես ստեղծեցին կոդեր և իրենց խոսքն ասացին տեխնոլոգիական ոլորտում, ինչը լավ հենք ստեղծեց մեզ համար՝ ներկայում և ապագայում այս ոլորտում լուրջ առաջընթաց ապահովելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է Չի-Ֆուն Չանին և համոզմունք հայտնել, որ նրա համագործակցությունը Հայաստանի  տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա: «Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլցված է ծրագրերում, այդ թվում՝  կրթական:  ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությունը նույնպես այդ առաջնահերթություններից է»,-ասել է Արայիկ Հարությունյանը: Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ,  վստահելի և ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար: Այնուհետև տեղի է ունեցել նաև  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի  մարման արարողությունը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 11-րդ դափնեկիր Չի-Ֆուն Չանի, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի մասնակցությամբ:
15:20 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի սադրանքները ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել․ ԱՀ նախագահ

Ադրբեջանի սադրանքները ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային կրակոցներից  ունեցած զոհերի և վիրավորների փաստերը ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում: Իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ են հնչեցրել քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:  
20:23 - 10 նոյեմբերի, 2021
2022-ին Քաղաքացու օրվա միջոցառումների համար կհատկացվի 40 մլն դրամ |hetq.am|

2022-ին Քաղաքացու օրվա միջոցառումների համար կհատկացվի 40 մլն դրամ |hetq.am|

hetq.am: Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումներին պետբյուջեից գումար չի ծախսվել: Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վստահեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեի վրա»,-ասաց Արայիկ Հարությունյանը: 2022-ի բյուջեով Քաղաքացու օրվա տոնական միջոցառումների համար հատկացվելու է 40 մլն դրամ: Այս հարցին ուշադրություն հրավիրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ ամեն տարի այդ տոնը պետք է նշվի։ «Ասեմ ավելին, հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում: Այո՛, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է։ Մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց՝ եթե իշխանությունները կարողանում են 400-450 մլն դրամ հայթայթել ու նշել Անկախության օրը, ապա դժվար չէր լինի 40 մլն էլ հայթայթել Քաղաքացու օրվա համար:
12:38 - 03 նոյեմբերի, 2021
Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվելո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն:  «Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- նշեց Հարությունյանը: Թարմացում․ ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որ քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է կառավարությանը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։  
11:39 - 03 նոյեմբերի, 2021