Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Տպավորություն է, որ պատասխանատու մարմինները դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում․ բնապահպան

Տպավորություն է, որ պատասխանատու մարմինները դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում․ բնապահպան

Վերջին մեկ ամսվա գործընթացները ցույց տվեցին, որ վերակազմավորման արդյունքում նոր ֆինանսական միջոցներ ձեռք բերած «Լիդիան» ընկերությունը, ամենայն հավանականությամբ, այդ միջոցների որոշակի մաս էլ տրամադրել է ինչ-որ գործողություններ անելու եւ ինչ-որ նպատակներ հետապնդելու համար։ Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, առցանց քննարկման ժամանակ  ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։  Գալստյանի խոսքով՝ վերոգրյալը սկսվել է հունիսի 30-ին, երբ ընկերությունը նոր պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, նրանք էլ, Գալստյանի խոսքով, վայրենի ձեւով ներխուժել էին տարածք, երեք շան ձագ սպանել իրենց մեքենաների անիվների տակ, զենքերով ու մահակներով ուժի ցուցադրություն արել․ «Որոշակի կոնֆլիկտներ ստեղծելու, դրա հետեւանքով պահապաններին ինչ-ինչ խնդիրների առաջ կանգնեցնելու համար պահնորդները անընդհատ գալիս էին, ճանապարհի եզրին կանգնում, անընդհատ կոնֆլիկտների մեջ էին մտնում։ Վերջին գործողությունն այն էր, որ գիշերով Ամուլսարի պահապանների տնակները ճանապարհի մյուս եզրին տեղափոխեցին, դրանց տեղերում էլ դրեցին իրենց տնակները։ Դա մարդկանց հունից հանեց, եւ երեկ, շատ մեծ քանակությամբ մոբիլիզացիա անելով, մարդիկ գնացին եւ 6-7 ժամ փակեցին այդ ճանապարհը։ Ըստ էության, պահապանները պահանջ դրեցին՝ կարճ ժամկետում տնակները հեռացնել, դրանք 20-30 մետր տանել հեռու․ սա կարճաժամկետ պահանջն էր։ Երկարաժամկետ պահանջն այն է, որ կառավարությունը դուրս գա այս թմրած, ոչ մի արձագանք չտալու վիճակից եւ արտահայտի իր կարծիքը։ Բնականաբար, ժողովրդի կարծիքը արդեն ակնհայտ է՝ ե՛ւ տեղացիների, ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, որ այս հանքը չպետք է շահագործվի»,- ընդգծեց բնապահպանը՝ շարունակելով, որ, կամ էլ կառավարությունը պետք է հայտարարի, որ գնում է հակառակ ճանապարհով, որպեսզի հասկանալի լինի, թե ժողովուրդը ինչ է անում։ Գալստյանի խոսքով՝ այս ամենի խորքային պատճառները գալիս են դեռեւս 2008-2009 թվականից, երբ Ջերմուկի բնակիչների իրավունքները խախտվել են, եւ նրանք չեն մասնակցել որոշումների կայացմանը, չեն տվել իրենց համաձայնությունը՝ իրենց քաղաքի՝ տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, բնապահպանական վիճակը փոխելու։ Նրա պնդմամբ՝ չտված համաձայնության պայմաններում այդ գործողությունների իրականացումը բերել է այս հանգրվանին։ Աշխարագրագետը հավելեց, որ այս իրավիճակը լուծում է պահանջում, պահանջում է ժողովրդավարական եւ քաղաքացիների իրավունքների պահպանությամբ լուծում։ Գնդեվազ համայնքի բնակիչ, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց, թե երեկ ինչպիսի տրամադրություններ են եղել Գնդեվազում․ «Պետք է արձանագրենք, որ այսօր «մենք մերոնցով» ենք քննարկում խնդիրը, եւ պատասխանատու մարմիններից որեւէ մեկը չկա։ Երեկ տրամադրությունները Գնդեվազում բավականին բուռն էին, տեղացի կանայք եւ երեխաները, բոլորը հավքվել էին Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ եւ արժանապատվորեն դիմացան բոլոր վիրավորանքներին ու սադրանքներին։ Պահ կար, որ պահնորդական խմբի ներկայացուցիչները հայհոյանքներ ուղղեցին այդ հատվածում կանգնած բնակիչներին, սադրեցին, բայց բնակիչները սադրանքի չգնացին»,- ասաց Ենոքյանը։ Վերջինս պատմեց, որ դրանից հետո ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել են պահնորդական խմբի աշխատակիցներին եւ նրանց միջեւ հրմշտոց է տեղի ունեցել, հարվածներ են եղել՝ անգամ մարզի ոստիկանապետի եւ մի քանի այլ ոստիկանների նկատմամբ։ «Վայոց Ձորի նորանշանակ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որը այդ տարածքում է, ճիշտ է հերքում է, որ իրեն հարվածել են, բայց տեսնողներ են եղել, որ ոստիկանության աշխատակիցներին հարվածել են պահնորդական խմբի աշխատակիցները։ Մենք նկատել ենք, որ իրենք զինված են, երկաթյա շղթաներ ունեն․ իրենք այս սադրանքները մեկ ամիս է՝ իրականացվում են։ Պահնորդական խմբից երկու հոգու բերման են ենթարկել, կարգավիճակի մասին տեղեկություններ չունենք»,- մանրամասնեց բնապահպանը։ Խոսելով գնդեվազցիների տրամադրությունների մասին՝ նա նշեց, որ դրանք հստակ են․ բնակիչները ցանկություն չունեն այդտեղ հանք հանդուրժելու․ «Պետք է ասել, որ պահանջները մի քանիսն են, բայց ամենագլխավոր պահանջը, որը ես երեկ հնչեցրել եմ Շրջակա միջավայրի նախարարության առջեւ, ՇՄԱԳ փաստաթուղթն ուժը կորցրած ճանաչելն է։ Դրան եւ քաղաքացիների պահանջին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ անելիք չունի այդ գործում։ Մինչդեռ, մենք հասկանում ենք, որ այդ խնդրի լուծման բանալին գտնվում է նախարարության իրավասության ներքո։ Իրենք պարզապես շրջանցում են եւ ոստիկանության վրա են դնում ամբողջ բեռը, բայց այստեղ ոստիկանության դերը հասարակական կարգի պահպանումն է, իսկ գլոբալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ՇՄԱԳ փաստաթուղթը ուժը կորցրած ճանաչել»,- շեշտեց Ենոքյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ պատասխանատու մարմինների լռությունը կասկածներ է առաջացնում, որ նրանք համաձայն են հանքի շահագործմանը։ Բանախոսն այն կարծիքին է, որ կառավարությունից կամ գոնե Ազգային ժողովից պետք է լիներ մեկը, որը կցրեր այդ կասկածները․ «Իրավական բոլոր հիմնավորումները ներակայացված են ե՛ւ ԱԺ, ե՛ւ կառավարություն, ե՛ւ Շրջակա միջավայրի նախարարություն, այս առումով ամենաթողություն եւ անպատասխանատվություն է։ Տպավորություն է, որ կողք են քաշվել եւ դիտորդի կարգավիճակում հետեւում են, թե ով է հաղթելու այս մարաթոնում, մինչդեռ, մենք գործ ունենք զինված խմբի հետ, իսկ քաղաքացիները խաղաղ եղել են, խաղաղ են եւ չեն տրվելու սադրանքներին»,- եզրափակեց բնապահպանը։ Ասպրամ Փարսադանյան
17:27 - 05 օգոստոսի, 2020
Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

Սեւանի ափին ապօրինի կառույցները պետք է ապամոնտաժվեն․ դրանց թիվն այս պահին մոտավորապես 3800 է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու: Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը: Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո: Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար: Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի: Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն: Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները: Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը: Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին: Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են: Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք: Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 05 օգոստոսի, 2020
Ամուլսարում հավաքը կշարունակվի այսօր․կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը․ՀԲՃ

Ամուլսարում հավաքը կշարունակվի այսօր․կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը․ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:Հանրության հիմնական պահանջն է՝1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։Կարճաժամկետ պահանջն է՝2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով- գնալով Ամուլսար- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով- տեղեկատվություն տարածելով- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»։
10:01 - 05 օգոստոսի, 2020
«Լիդիան Արմենիա»-ի հրավիրած պահնորդական ծառայության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն․ Սոֆյա Հովսեփյան

«Լիդիան Արմենիա»-ի հրավիրած պահնորդական ծառայության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն․ Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» կազմակերպության կողմից հրավիրված պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն»։     Ավելի վաղ նա գրել էր, որ տեղեկացել է Ջերմուկում տիրող իրավիճակից և թե որքան են «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։«Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։Գրությունը ժամերի ընթացքում կուղարկվի ոստիկանություն, պահանջով ` խիստ մոտեցում ցուցաբերեն նմանատիպ կազմակերպությունների անօրինական գործողությունների նկատմամբ։Հարգելիներս ամուր եղեք և ներողամիտ իմ բացակայության հանդեպ, քանզի բացակայությունս ոչ այլ ինչ է, քան հանգամանքներից բխող մեկուսացում(covid 19 չէ, դեռ դրան չեմ հասել)»։
09:23 - 05 օգոստոսի, 2020
Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու․ «Ժառանգություն»-ը՝ Ամուլսարի իրադարձությունների մասին

Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու․ «Ժառանգություն»-ը՝ Ամուլսարի իրադարձությունների մասին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ ոստիկանության կողմից, որն ի պաշտոնե կոչված է պաշտպանելու հանրության շահերը և կանխելու բռնության սադրանքները: «Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ հետևում է կառավարության պատկան մարմինների ապաշնորհ քայլերի պատճառով Ջերմուկում հանրային լարվածության օրըստօրե ահագնացմանը. բերման ենթարկվածների թիվը գնալով աճում է, հանրային ցասման աստիճանը՝ բարձրանում: Բնակչության և «Լիդիանի» աշխատակիցների միջև բացարձակ անթույլատրելի բախումներ են բռնկվում, որոնց կանխարգելման քայլերի փոխարեն լարվածության նոր օջախներ են առաջանում, հանրային-պետական երկխոսության փոխարեն առճակատումը խորանում է: Կառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից, սահմանելով պետության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող գործողությունների  հաջորդականություն, սակայն այդ ամենի փոխարեն նախընտրեցին դիմել հին գործիքակազմին՝ ոստիկանական ուժին. սին փորձեր, Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու, ոստիկանությունը չի կարող լինել հանքարդյունահանողի և ժողովրդի հավերժ բաժանարարը: Քանզի ոստիկանությունը հնից ժառանգված Սահմանադրությամբ ենթակա է վարչապետին, «Ժառանգությունը» պահանջում է վարչապետ Փաշինյանից  անմիջաբար հրատապ քայլեր ձեռնակել՝ պաշտպանելու հանրության գերակա շահերը և զսպելու ոստիկանության քաոսային և անհամարժեք դարձող գործողությունները, հիշելով ժողովրդին տրված իր բոլոր խոստումները՝ հանգուցալուծել այս խնդիրը ի շահ Հայաստանի»:
23:10 - 04 օգոստոսի, 2020
Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ
 |24news.am|

Վագոն-տնակների տեղաշարժման հարցը քննարկման փուլում է. Վայոց Ձորի ոստիկանապետ |24news.am|

24news.am: Ամուլսարի պաշտպանները, տեղեկանալով, որ ոստիկանությունը մերժել է իրենց փոխզիջումային առաջարկը, ընդհանուր համաձայնության եկան՝ սեփական ուժերով տեղափոխել «Լիդիան» ընկերության տեղադրած վագոն-տնակները: Ավելի ուշ ցուցարարներին մոտեցավ Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի հանգուցալուծման համար քննարկումներ են ունեցել: «Չնայած սա այսօրվա լուծվելիք հարց չի, բայց փորձեցի մաքսիմալ լուծում գտնել: Այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ տալիս, որ դա կարող է այս պահին լինել: Վաղը կարող է ձեր խումբը գնալ կառավարություն և կոնստրուկտիվ քննարկում ունենալ այս հարցի հետ կապված, այնտեղ պարզաբանվելու է, որ իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա»,- ասաց նա: Ազիզյանը նշեց՝ կցանկանար, որ այս հարցում լուծման հասնեն, տեղեկացրեց՝ կա հարուցված քրեական գործ, բայց ինքն իրավասություն չունի գործի մանրամասների վերաբերյալ բարձրաձայնելու. դա կանի, եթե նախաքննության մարմինը թույլ կտա:
21:30 - 04 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է գործուղվել Ամուլսարում քաղաքացիների բերման ենթարկելու ահազանգով

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է գործուղվել Ամուլսարում քաղաքացիների բերման ենթարկելու ահազանգով

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:  Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
19:11 - 04 օգոստոսի, 2020
Ամուլսար․ դիրքավորման պահանջ կառավարող ուժից. Ձախ դիմադրություն

Ամուլսար․ դիրքավորման պահանջ կառավարող ուժից. Ձախ դիմադրություն

Լուսանկարը hetq.am / Narek Aleksanyan «Ձախ դիմադրության» հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ․ «Հարգելի Ազգային Ժողովի պատգամավորներ և Կառավարության անդամներ, Այս նամակը բողոքի հայտարարություն է Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած ձեր անտարբերության ու անգործության դեմ։ Այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան, Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենն իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։ Այսպիսով, մտնում ենք մի կրիտիկական փուլ, որում ձեր՝ մինչ օրս դրսևորած հարմարվողականությունն անհապաղ պետք է փոխարինվի հստակ դիրքավորմամբ։ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները ոչ թե մեկ, երկու ամիս, այլ ուղիղ երկու տարի բաց երկնքի տակ, բռնություններին ու սադրանքներին դեմ հանդիման տեր են կանգնում առողջ միջավայրում ապրելու և իրենց ապագան տնօրինելու իրավունքին։ Նրանցից ոչ պակաս անձնազոհ և իրավատեր են դիմադրությանը մասնակցող մյուս մարդիկ՝ բնապահպանները, Վայոց Ձորի մարզի մյուս բնակիչները։ Մարդիկ թողել են իրենց տունը, աշխատանքի հնարավորությունը և իրենց կյանքն են դրել այս պայքարի մեջ 700 օր անընդմեջ՝ նյարդերի գերագույն լարումով, առողջության, ժամանակի, կյանքի որակի, անձնական հարաբերությունների գնով։ Դուք՝ պատգամավորներդ ու պաշտոնյաներդ, պարտավոր եք, գոնե ձեր մանդատից, հանրային շահի պաշտպանության պարտականությունից ելնելով, կանգնել այս երկրի ու ողջ տարածաշրջանի կենսական շահերը պաշտպանող համայնքների կողքին։ Ամուլսարի խնդրի մասին Հայաստանի հասարակության 53%-ը հստակ կողմնորոշում ունի՝ դեմ է հանքի շահագործմանը, իսկ եթե հարցին պատասխանելուց հրաժարվողներին չներառենք, ապա 74%-ը։ Հայաստանի ճնշող մեծամասնության՝ 80%-ի համար բնության պահպանությունը գերակայություն է (Կովկասյան Բարոմետր 2019, ՀՌԿԿ-Հայաստան): Մինչդեռ պետությունը, ձեր մեղսակից անտարբերությամբ, հանքի դեմ պայքարողներին տառացիորեն լքել է, թողել միայնակ ընդդեմ մասնավոր կորպորացիայի՝ իր անգործությամբ հովանավորելով շարունակվող ապօրինություններն ու տեղի բնակիչների կամքի և իրավունքների ճնշումը։ Վերջիններս անորոշության մեջ շարունակում են դիմադրել մի այնպիսի ծրագրի, որի ստեղծողը ոչ թե իրենք են, այլ այն պետությունը, որի իրավահաջորդությունը ընդունում եք դուք, և այն ռեժիմը, որի գործած ապօրինի, հակաժողովրդական և կեղեքիչ ընթացքը կասեցնել-շրջելու խոստումով ու մանդատով եք հայտնվել պետության պատասխանատու ղեկին։ Հունիսի 30-ի լուսադեմին Ամուլսարում հայտնվեցին զինվորական համազգեստով, հրազենով և մահակներով զինված Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները։ Առաջին անգամ նման նախադեպ ստեղծվեց, որ մասնավոր ընկերությունը կարող է հրազենով խումբ բերել ու կանգնեցնել տուրիստական քաղաքի հիմնական ավտոճանապարհի երկայնքով: Ինչպե՞ս եք հանդուրժում այս շատ վտանգավոր նախադեպը, երբ մասնավոր ընկերությունը միլիտարիզացված ձևով «գրավում» է որոշակի տարածք, դա անում է ցուցադրաբար և դաժանությամբ ուղեկցված: Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ սա անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։ Հանրային արձագանքի կարիք ունեցող մյուս հրատապ հարցն այն է, որ Լիդիանի վարձած մեկ այլ ընկերություն՝ Վայքում հիմնադրված «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն, հաշվեհարդարներ է սկսել: Ամուլսարի պահպանության գործում այս տարիների ընթացքում հատկապես ակտիվ մի քանի ջերմուկցիներ ու գնդեվազցիներ ծեծի են ենթարկվել այս ընկերության աշխատողների կողմից, այդ թվում՝ էլեկտրաշոկերով հարվածներ կրել: Նույն կամ հաջորդ օրը Սարավան գյուղի մոտակայքում գտնվող ճանապարհով տարածք են մտել այս ընկերության մի քանի աշխատակիցներ, որոնք մինչ օրս այնտեղից դուրս չեն եկել և ասում են, թե վերանորոգման աշխատանքներ են անում: Այս մասին գրված է նաև ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմի (ԾՀԱՄ) հուլիսի 31-ի զեկույցում: Կառավարության անդամների և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից դարձյալ՝ 0 արձագանք: Ինչպե՞ս մեկնաբանել դա, եթե ոչ որպես ձեր կողմից կանաչ լույս՝ ընկերության՝ գնալով ագրեսիվ ու հարձակողական դարձող քայլերին։ Այս ամենի, ինչպես նաև Լիդիանի սնանկացման, այնուհետ վերակազմավորման, ձեռնարկած նոր լրատվական գրոհի, քաղաքական ուժերի հետ գործարքների մասին լուրերի և այլ կարևոր խնդիրների մասին Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները անդադար ահազանգում են վերջին ամսվա ընթացքում: Սակայն քար լռություն է կառավարությունում և ԱԺ-ում։ 2019-2020թթ. սնանկությունից պաշտպանվելու գործընթացում Լիդիանն Օնտարիոյի դատարանում զրպարտում էր ՀՀ կառավարությանն ու պետական մարմիններին և սուտ ցուցմունքներ տալիս։ Այս մասին ահազանգել են բնապահպանները, մասնավորապես՝ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ էր ուղարկել բոլոր պատգամավորներին: Սակայն դարձյալ՝ տոտալ անգործություն։ 2018-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումները խախտումներ արձանագրեցին, որոնց արդյունքում ընկերությանը հանձնարարվեց նաև զերծ մնալ Ամուլսարի տարածքում որևէ գործունեություն ձեռնարկելուց: Լիդիանը բողոքարկեց տեսչության ակտը, իսկ «վերևից» միջամտության արդյունքում փոխված ղեկավարով տեսչությունը անգամ դատերին չներկայացավ. արդյունքում կայացվեց Լիդիանի շահերից բխող վճիռ, որն այժմ բողոքարկման երկարատև փուլում է հայտնվել: Նույն տեսչական մարմինի բացահայտած այլ խախտումների մասով պետական մարմիններն անգործության են մատնված: Ի՞նչ եղավ, օրինակ, ապօրինի ընդերքօգտագործման մասին գործի հետ: Կարմիրգրքյան բուսատեսակների և միջատների բացահայտումը հեգնանքի առարկա դարձավ, և նախկին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեսչության վարչական ակտին պատասխանեց անհամաչափ իրավական ուժ ունեցող որոշումով, ինչի արդյունքում այս ապօրինությունը մարսվեց: Ո՞վ է պատասխանատու պետական գործառույթների և պարտավորությունների իրականացման այս շարունակական խափանման համար։ Երբ բողոք ներկայացվեց Գնդեվազում հողերի վաճառքի գործընթացում կոռուպցիայի և չարաշահումների մասին, այդ հողերի ընդամենը 1/10-ի մասին գործ հարուցվեց, և անգամ այդ գործով դատախազությունը չափազանց թերի է վարում գործը: Մնացած հողերի մասին տարբեր դիմումներին ընթացք չի տրվել, իսկ արխիվային նյութերը հանրությանը չեն տրվում։ Նմանապես Ամուլսարի հարցում չարաշահումներ թույլ տված նախկին պետական պաշտոնատար անձանց վերաբերյալ գործի մասին որևէ հրապարակված տեղեկություն չկա: Ոչ մի իրավական հետևանք չունեցավ նաև քննչական կոմիտեում Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ազգակցական կապերի և շահերի բախում ունենալու մասին բացահայտումը: ELARD-TRC-ի փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսից հետո, երբ թվում էր՝ արդեն ամեն ինչ հստակ է, և բնապահպանության նախարարը պետք է հիմնավորում գրի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու մասին, վերջինս ներկայացրեց մի լղոզված փաստաթուղթ, որը դարձյալ ստուգումներ էր հանձնարարում, այն էլ այնպիսի պետական մարմնի, որը անհրաժեշտ ստուգումներ անելու լիազորություն չուներ: Մինչ օրս այս հարցը ևս հանգուցալուծում չի ստացել: Ի վերջո ինչի՞ն ծառայեց պետական բյուջեից ԷԼԱՐԴ-ին տրված $400,000-ը։ Պատգամավորների միջնորդությամբ 2019թ-ին Կառավարության հետ անցկացված հանդիպումները նույնպես ապարդյուն անցան: Այն շրջանում, երբ Լիդիանը վերակազմավորման փուլում էր, և չսնանկանալու համար ընկերությանը պետք էր տարածք մտնել ու առնվազն ինչ-որ գործ անելու պատրանք ստեղծել, կառավարության ու տեսչությունների ներկայացուցիչները փորձում էին համոզել բացել ճանապարհները և թույլ տալ Լիդիանին աշխատել։ Խախտումների դեպքում, պնդում էր Փաշինյանը, պրոյեկտը կարելի կլինի կասեցնել: Բայց մենք տեսել ենք պետության կողմից բնապահպանական այլևայլ խախտումներին ի պատասխան տրված թույլ, անհամաչափ և իրականում անարդյունք արձագանքները։ Իսկ այլ ռազմավարությունների քննարկումը չէր հետաքրքրում կառավարությանը: Անձամբ վարչապետ Փաշինյանը և փոխվարչապետ Ավինյանը բարձր պետական մակարդակով սկսեցին մանիպուլյացիաներ ու զրպարտություններ տարածել բնապահպանների ու ջերմուկցիների մասին՝ վերարտադրելով Լիդիանի ներկայացուցիչների և 168 ժամի նման լրաղբամիջոցների, հետո նաև Արամ Սարգսյանի նման դաշնակիցների բառամթերքն ու մոտեցումները։ Այսպես, խոստումների դրժման, բազմաթիվ փաստերի խեղաթյուրման, պետական մարմինների անգործության, հարցի լուծման ռեալ հնարավորությունների չկիրառման, Ամուլսարի պահապանների և բնապահպանների հասցեին զրպարտությունների, վերջիններիս՝ Լիդիանի դիմաց ամբողջովին մենակ թողնելու պայմաններում, վերջին շրջանում ականատես ենք լինում ընկերության կողմից ձեռնարկվող կոշտ քայլերի, որոնք միտված են իր դիրքերի բարելավմանը։ Հարվածները դարձյալ իրենց վրա են վերցնում Ամուլսարի պահապանները միայն, այդ թվում՝ ֆիզիկապես։ Ձեր լռությունն ու անգործությունը չեն կարող չեզոքություն համարվել այս պայմաններում։ Դուք պետք է հանրայնորեն դիրքավորվեք Ամուլսարի խնդրի վերաբերյալ. հենց հիմա»։
17:02 - 04 օգոստոսի, 2020
Հանրային սեփականություն հանդիսացող տարածքից հենակետը տեղահանելու՝ «Լիդիան»-ի գործողության հարցով Ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում

Հանրային սեփականություն հանդիսացող տարածքից հենակետը տեղահանելու՝ «Լիդիան»-ի գործողության հարցով Ոստիկանությունն ուսումնասիրություն է իրականացնում

ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնից Infocom-ի հետ զրույցում հաստատեցին՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս գիշեր հանել է Ամուլսարի շրջակայքում հանրային սեփականություն հանդիսացող տարածքում տեղադրված, բնակիչներին ու բնապահպաններին պատկանող հենակետը։ Ոստիկանությունից չմեկնաբանեցին, սակայն, մեր դիտարկումը, որ այդպիսով, փաստորեն, Ընկերությունը խախտել է Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։  Այս հարցով ոստիկանության ձեռնարկած կամ ձեռնարկելիք միջոցառումների մասին մանրամասներ չհայտնեց նաեւ կառույցի լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով միայն, որ տեղում ուսումնասիրություններ են կատարվում։ «Լիդիան Արմենիա»-ից Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեցին, թե հանված շարժական տնակը գտնվել է ընկերության տարածում։ Մեր դիտարկմանը՝ ոստիկանության մայորի տրամադրած փաստաթղթում հակառակն է արձանագրված, ընկերության մամուլի ծառայությունից արձագանքեցին, որ սրա վերաբերյալ առանձին հաղորդագրությամբ հանդես կգան։  Նշենք, որ ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանը 2020 թվականի փետրվարին տրամադրել է փաստաթուղթ, որով հստակեցվել է, թե Ամուլսարի շրջակայքում ճանապարհի որ տարածքն է Ընկերությանը, որը՝ հանրային սեփականություն։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել են, որ ողջ գործընթացը տեսանկարահանվել է։ Ոստիկանության հսկողությամբ իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաեւ այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետեւապես` ներխուժում առկա չէ: Ընկերությունը չի մասնակցել նշագրումներին․ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել են մասնակցությունից։  Ավելի ուշ «Լիդիանը» տարածեց հաղորդագրություն՝ «Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը» գլխագրով՝ նշելով, թե «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել, իսկ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը, ինչպես ասված է հաղորդագրության մեջ, եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ ««Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։ Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերակագնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է Ընկերության հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ Hetq.am-ի
11:50 - 04 օգոստոսի, 2020