Ֆինլանդիա

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Նա նշել է, որ պատժամիջոցների ազդեցությունը կրում են ոչ միայն այն երկրները, որոնք մտցնում են այդ սահմանափակումները, կամ նրանք, ում դեմ դրանք կիրառվում են, այլև շատ այլ երկրներ։ «Թուրքիան տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ շարունակվում է պատերազմը։ Հակամարտության [գոտուց] մեզ միայն ծովն է բաժանում։ Մեր երկիրը կրում է պատժամիջոցների հետևանքները, չնայած որ չի սատարել դրանք։ Ռուսաստանը պատասխան սահմանափակումներ է կիառում, սահմանփակում է արտահանումը։ Դա վերաբերում է, օրինակ, պարարտանյութերի, արևածաղկի ձեթի և հացահատիկի արտահանմանը», - նշել է նա։ Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է․ «Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տիպի պատժամիջոցներին։ Թուրքիան հայտարարում է, որ կսատարի միայն այն սահմանափակումները, որոնք կիրառվում են ՄԱԿ մակարդակով։ […] Մենք չենք սատարել [ՌԴ դեմ] պատժամիջոցները, սակայն դա չի նշանակում, թե Անկարան թույլ կտա սահմանափակումները շրջանցել Թուրքիայի միջոցով»։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան այդ երկրներից ակնկալում է «ահաբեկչական խմբավորումների հետ ցանկացած կապի դադարեցում»։ «Մեզ հստակ գրավոր երաշխիքներ են պետք։ […] Սկանդինավյան երկրները մեզ հայտնում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան պետք է, մինչև որ բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող պահանջները», - ասել է նա։ Նորա Վանյան
17:40 - 31 մայիսի, 2022
«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։ «Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ «Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:45 - 29 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից ահաբեկչության դեմ պայքարում մենք պատշաճ օգնություն չենք ստացել։ Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է Շվեդիան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։ «Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք դաշինքում, հստակ է, մենք շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ», - նշել է Էրդողանը։ 2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժմանն ի պատասխան Շվեդիան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Անկարային։
15:58 - 23 մայիսի, 2022
Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։ Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը: Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է է Էրդողանը:
11:05 - 22 մայիսի, 2022
Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Ինչո՞ւ է Թուրքիան դեմ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Al Jazeera

Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այսօր դաշինքին են հանձնել անդամակցության հայտերը։ Ռուսաստանը, որը մինչ այդ Ֆինլանդիային զգուշացնում էր նման քայլ չանել, մայիսի 16-ին, ի դեմ Պուտինի, հայտարարել է, որ այս երկրների անդամակցության հետ կապված խնդիր չունի, իսկ իր արձագանքը կախված է եվրատլանտյան դաշինքի ենթակառուցվածքի ընդլայնումից։ Սակայն Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952 թ-ին, դեմ է արտահայտվել այս քայլին՝ նշելով, որ դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ նշել է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում»։ Իսկ այսօր նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Al Jazeera պարբերականը գրում է այն մասին, թե ինչու է Թուրքիան դեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․   «Ի՞նչ խնդիր ունի Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության առնչությամբ Մայիսի 16-ին Էրդողանը սկանդինավյան երկու երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն» աջակցելու համար։ «Այս երկրներից ոչ մեկն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ վերաբերմունք չունի», - ասել էր Էրդողանը՝ նկատի ունենալով Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որն Անկարան ահաբեկչական է անվանում։ Նույն օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել էր Ֆինլանդիային և Շվեդիային այն բանի համար, որ նրանք չեն արտահանձնել Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կասկածյալներին՝ չնայած Անկարայի խնդրանքներին։ Նշված անձինք մեղադրվում են ՔԱԿ կամ Գյուլենի շարժման հետ կապերի համար, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ-ի հեղաշրջման փորձի համար, որի ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ի պատասխան՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ, թեև զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից, չի ուզում «սակարկության մեջ մտնել» Անկարայի հետ։ Իր հայտարարություններում Էրդողանն անդրադարձել էր նաև Ստոկհոլմին՝ Թուրքիայի դեմ զենքի հետ կապված պատժամիջոցների առնչությամբ։ Շվեդիան 2019 թ-ից «սառեցրել» էր զենքի վաճառքը Թուրքիային նրա հարևան Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով։   Ի՞նչ կապ ունի Վաշինգտոնը Ստամբուլի մշակույթի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մենսուր Աքգյունի խոսքով՝ Անկարան ձգտում է նաև օգտագործել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը՝ որպես դրա ամենամեծ կողմնակից ԱՄՆ հետ իր խնդիրների լուծման լծակ։ «Անկարան ԱՄՆ պատժամիջոցների տակ է F-35 կործանիչների հարցով և դժգոհ է դրանից», - ասում է Աքգյունը։ Թուրքիայի խողմից Ս-400 ռուսական պաշտպանական համակարգերի գնումն առանցքային հարցերից մեկն է, որոնք վերջին տարիներին սրել են Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները։ 2019 թ-ի հուլիսին ԱՄՆ-ն Անկարային դուրս էր թողել F-35 կործանիչների ստեղծման իր առանցքային ծրագրից այն բանից մի քանի օր անց, երբ Թուրքիան ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները հայտարարում են, որ դաշինքի անդամի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի օգտագործումը վտանգավոր է հենց ՆԱՏՕ-ի պաշպանական համակարգերի համար, սակայն Թուրքիան հայտարարում է, որ որոշել է գնել այդ համակարգերն այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն կասեցրել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը, որոնք լայնորեն կիրառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Թուրքիան դատապարտել է նաև Սիրիայում քրդական զինված խմբավորումներին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը։ Միացյալ նահանգները ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում դրա ճյուղավորմանը՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին (YPG), հատկապես՝ 2010 թ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ամենաթեժ պահին։   Եղե՞լ են արդյոք նախկինում նմանատիպ քննարկումներ ՆԱՏՕ-ում ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված դիվանագիտական փակուղիներ նախկինում էլ են եղել։ Օրինակ՝ Հունաստանը տարիներով արգելափակում էր դաշինքին Մակեդոնիայի անդամակցությունը՝ որպես երկրի անվանման դեմ բողոք, որն, ըստ հույների, հունական ժառանգությունը գողանալու փորձ էր։ Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել 2019 թ-ին, որի համաձայն՝ վերջինս փոխել է անվանումը՝ դառնալով Հյուսիսային Մակեդոնիա, հետո նոր Աթենքը չեղարկել է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Սկոպիեի անդամակցության վերաբերյալ։   Ի՞նչ է լինելու Թուրքիան պատմականորեն միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի ընդլայնմանն, այդ պատճառով էլ պրոֆեսոր Աքգյունը կարծում է, որ, ի վերջո, փոխզիջումային տարբերակ է գտնվելու։ «Թուրքիան կարող է չստանալ այն, ինչ ուզում է, բայց նրա դաշնակիցներն, ըստ ամենայնի, նրան բավարարող որևէ բան կառաջարկեն։ Անկարան իր ազգային շահերին համապատասխան բանակցություններ կվարի, ինչպես դաշինքի մյուս անդամները», - ասում է նա։   Նորա Վանյան
08:45 - 19 մայիսի, 2022
Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
 |factor.am|

Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը |factor.am|

factor.am: Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան ճակատը։ Էրդողանի խոսքով՝ միակ բանը, որ Անկարան ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հարգանքն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովման քայլերի նկատմամբ։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով Թուրքիայի շահերն են հաշվի առնվում։ «Թուրքիան այն երկրների թվում է, որոնք գործնականում ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելություններում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անվերապահորեն համաձայն կլինենք ցանկացած նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս կարելի է սպասել Անկարայի կողմից աջակցություն ՆԱՏՕ-ին (Շվեդիայի) անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին հանձնելու»,- ասել է Էրդողանը։ «Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները դեռ բացահայտ շրջում են Շվեդիայում։ Մենք չենք կարող ասել «այո»։ Դրա համար կարիք չկա նեղություն կրել ու գալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ նույնպես Էրդողանը ասել էր, որ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:
16:36 - 18 մայիսի, 2022
Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը

 |armenpress.am|

Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Քիչ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ով պետական այցով գտնվում է  Ստոկհոլմում, ուղիղ եթերում պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։ Հիշեցնենք, որ Շվեդիան նույնպես այսօր ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Ֆինլանդիայի խորհրդարանը մայիսի 17-ին կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը, 188 պատգամավոր կողմ է քվեարկել, ութը դեմ են եղել դիմումին։ Մայիսի 17-ին Շվեդիայի կառավարությունը հաստատեց ՆԱՏՕ-ին անդամակցությունը, իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդն ստորագրեց ՆԱՏՕ-ի դիմումը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել է, որ փաստաթղթերը Բրյուսելին կփոխանցեն մայիսի 18-ին։
21:22 - 17 մայիսի, 2022