Փաստերի ստուգում

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

Որոշ դեպքերում անձինք կարող են հրաժարվել քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ Անդրանիկ Քոչարյանը սխալվում է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է արել։ Մասնավորապես, նիստի սկզբի հրապարակային հատվածում, խոսելով հանձնաժողովի գործունեության մասին, նա ասել է, որ որեւէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ (նկատի ունի քննիչ հանձնաժողով,- հեղ․) գալուց։ Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը հստակ ամրագրում է, թե հանձնաժողով ներկայանալը ում համար է պարտականություն, ում համար՝ իրավունք։ Մասնավորապես, օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին: Այսինքն՝ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել չեն կարող միայն պաշտոնատար անձինք, իսկ այլ անձինք կարող են։ Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ նախկին պաշտոնատար անձանց համար օրենքը որոշակի բացառություն է նախատեսում։ 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1 կետի համաձայն՝ պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերը ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը: Այսինքն՝ պատերազմի ընթացքում որեւէ պաշտոն զբաղեցրած, բայց այժմ պաշտոնաթող անձինք կարող են նաեւ չներկայանալ, եթե հրավերը ստացել են պաշտոնը թողնելուց եւ/կամ ազատվելուց հետո։ Իր ելույթի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն նաեւ ասել է․ «Մեր ամբողջ աշխատանքի ընթացքում, ինչպես Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի, ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի ժամանակ է եղել, որեւէ դրվագ չի կորելու, այդ բոլոր դրվագները լինելու են մեր երկրի արխիվային կարողությունների մեջ, եւ նաեւ դա է հիմք տալիս, որ որեւէ թաքցնելու բան չի կարող լինել։ Երբ ասում են՝ քվեարկությամբ են կանչելու, չէ, էդպիսի բան չկա, անհրաժեշտությամբ ենք կանչելու, քվեարկությամբ որեւէ մեկին․․․ Եթե եղավ առաջարկ, էդ առաջարկը, ոնց որ եղել է Քառօրյայի ժամանակ․․․ Չի եղել դրվագ, երբ մենք քվեարկենք՝ սրան կանչենք թե չէ։ Եթե եղել է անհրաժեշտություն, պետք է գա»։ Իրականում, սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը այլ կարգավորում է նախատեսում։ Ըստ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հանձնաժողովը կարող է որոշմամբ հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ստացվում է, որ օրենքի համաձայն՝ անկախ անհրաժեշտությունից՝ Հանձնաժողով ներկայանալու հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է որոշում, որը ընդունվում է քվեարկությամբ։  Օրենքը սահմանում է նաեւ, թե որ դեպքում Հանձնաժողովը իրավունք ունի գործել առանց որոշումներ ընդունելու։ Մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հանձնաժողովը կարող է անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Հավելենք, որ թեեւ հանձնաժողովի գործունեությունը ամրագրող նորմերում կիրառվում է «կարող է», ոչ թե «պարտավոր է» ձեւակերպումը, այնուհանդերձ, Սահմանադրության  6-րդ հոդվածի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, պատգամավորները չեն կարող առանց որոշման հրավեր ուղարկել, քանի որ օրենքով նման լիազորություն չունեն։ Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանի վերոնշյալ պնդումները սխալ են եւ չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի կարգավորումներին։   Միլենա Խաչիկյան
12:11 - 22 փետրվարի, 2022
Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

Նախորդ 18 տարում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հոդվածը ՀՀ-ում չի կիրառվել

2003 թվականից 2021-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով պետական կառույցներում հանցագործության որեւէ դեպք չի հաշվառվել։ Քրեական օրենսգրքի ընդունման պահից ի վեր այդ հոդվածով առաջին անգամ գործ է հարուցվել միայն 2022 թվականին։  ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածը այն հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մի խումբ դատավորներ արտահերթ ժողով հրավիրելու մասին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին ուղղված իրենց դիմումում եւս նշել են, որ ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել։ Infocom-ը ուսումնասիրել է, թե ՔՕ 348-րդ հոդվածի վերաբերյալ ինչ վիճակագրություն է առկա Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում եւ Դատական դեպարտամենտում։ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը կառավարության սահմանած կարգով իրավունք ունի իրականացնել որոշակի տվյալների հաշվառում։ Ըստ այդմ, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը հաշվառում է որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումները, դատարանի դատավճիռները եւ այլն։ Հաշվի առնելով սա՝ գրավոր հարցմամբ ոստիկանությունից խնդրել էինք հայտնել, թե 2003-2021 թթ ընթացքում այդ հոդվածի հատկանիշներով քանի քրեական գործ է հարուցվել, եւ ինչ փուլում է դրանցից յուրաքանչյուրը։ Ոստիկանությունից պատասխանել են, որ այդ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության որեւէ դեպք հաշվառված չէ։ Քրեական գործերի վերաբերյալ առանձին վիճակագրություն է վարում նաեւ Դատական դեպարտամենտը՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին եւ Կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։ Դեպարտամենտի վիճակագրությունը ներառում է ոչ միայն մինչդատական եւ դատական վարույթը, այլ նաեւ քրեական գործի հարուցմանը նախորդող փուլը, երբ, օրինակ, դեռ նյութեր են նախապատրաստվում կամ մերժվում է քրեական գործի հարուցումը։ Օրենքի պահանջով՝ վիճակագրական տվյալների հաշվառումից հետո Դեպարտամենտը դրանք հրապարակում է։ Դատական իշխանության պաշտոնական կայքում, սակայն, հրապարակված տվյալները հասանելի են՝ սկսած միայն 2015 թվականից։ Ուստի գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով տրամադրել հիշյալ հոդվածին վերաբերող ամբողջական վիճակագրություն՝ սկսած 2003 թվականից։  Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից ստացած պատասխանի համաձայն՝ «Դատական համակարգ» համակարգչային տեղեկատվական ծրագրի միջոցով դատական գործերի առկայության եւ/կամ բացակայության մասին տեղեկությունները հնարավոր է դուրս բերել՝ սկսած միայն 2008 թվականից։ Ըստ այդմ, Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2008-2015թթ․ ընթացքում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ դատարաններում չի  քննվել, չի կասեցվել կամ կարճվել, ինչպես նաեւ չի կայացվել մեղադրական կամ արդարացման դատավճիռ։ Գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե հաշվետու ժամանակահատվածում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրելու քանի որոշում է բողոքարկվել դատական կարգով, եւ բողոքարկման արդյունքում ինչ որոշումներ են կայացվել դատարանների կողմից։  Վարչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ այդպիսի վիճակագրություն եւս առկա չէ, այսինքն՝ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու կամ այդ հոդվածով մեղադրանք առաջադրելու ոչ մի որոշում դատարաններում չի բողոքարկվել։   Փոխարենը բողոքարկվել է ՔՕ 348-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու 8 որոշում։ Դա նշանակում է, որ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ վիճարկելով իրեն ձերբակալելու կամ կալանավորելու որոշման օրինականությունը, սակայն իրավապահ մարմինները, այդ հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելով, մերժել են քրեական գործի հարուցումը։ Այդ որոշումներն էլ հաղորդում տված անձինք հետագայում բողոքարկել են դատական կարգով։ Դեպարտամենտից ստացած պատասխանի համաձայն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները հիշյալ 8 բողոքներից 7-ը մերժել են, 1-ը՝ բավարարել։  Լրացուցիչ հարցմամբ խնդրել էինք մանրամասնել՝ 8 բողոքներից 1-ը բավարարելու այդ որոշումը ո՞ր թվականին է կայացվել, ո՞ր դատարանի կողմից եւ ՔՕ 348-րդ հոդվածի կոնկրետ ո՞ր մասին՝ ակնհայտ ապօրինի ձերբակալելո՞ւն թե՞ կալանավորելուն է վերաբերել։ Խնդրել էինք  հայտնել նաեւ՝ այդ որոշման դեմ հետագայում ներկայացվե՞լ են վերաքննիչ, ապա նաեւ վճռաբեկ բողոքներ, եւ ինչպե՞ս է լուծվել դրանց ընթացքը։ Դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից տեղեկացրել են, որ օրենքով իրենց պատվիրակված լիազորության շրջանակներում հայցվող տեղեկության վերաբերյալ վիճակագրություն կամ որեւէ այլ հաշվառում Դեպարտամենտը չի վարում։ Այնուհանդերձ, հաշվի առնելով, որ բողոքը բավարարելուն չի հաջորդել քրեական գործի հարուցում (որովհետեւ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ հոդվածով հանցագործության դեպք մինչ 2021թ․ չի հաշվառվել)՝ ենթադրվում է, որ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են բողոքարկել դատարանի այդ որոշումը։ Արդյունքում, նրանց բողոքը բավարարվել է վերադաս ատյանների կողմից, ինչի հիմքով էլ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել։ Այսպիսով, դատավորների հայտարարությունը, թե ՔՕ 348-րդ հոդվածը մինչ այս պահը փաստացի չի կիրառվել, ճիշտ է։ Նախորդ 18 տարում ՀՀ-ում ակնհայտ ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու հատկանիշներով  քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք չի առաջադրվել, չի կիրառվել որեւէ խափանման միջոց եւ չի ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։    Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի կայքից Միլենա Խաչիկյան
18:48 - 18 փետրվարի, 2022
ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

ԵԱՀԿ Ստամբուլյան փաստաթուղթը չի ենթադրում, որ ԼՂ հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Փաշինյանը սխալվում է

Երեկ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում, լրագրողներից մեկը հիշեցրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)` Ստամբուլյան գագաթնաժողովի ժամանակ ընդունված փաստաթուղթը․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդ հայտարարությունն արել էր, որպես դրա վառ ապացույց հիշեցրել ԱՊՀ-ի հիմնադիր փաստաթղթերը։ Իշխանությունները և Ձեր (Ռոբերտ Քոչարյանի- խմբ․) այլ ընդդիմախոսներ հաճախ են նշում, որ 1999 թ․, Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով, Դուք նույնպես ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։  Ի պատասխան լրագրողի հարցի՝ Քոչարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է․ «Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ ․․․ Այնտեղ կա անդրադարձ պոստսովետական տարածքում բոլոր կոնֆլիկտներին՝ Մոլդովայում, Վրաստանում, Ռուսաստանում (Չեչնիայի հարցն էր այն ժամանակ), Հայաստանում։ Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ այդ փաստաթղթի մեջ գրված է․ «Մենք հարգում ենք, վերահաստատում ենք, ևս մեկ անգամ պնդում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը, և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»։  Մոլդովայի տարածքային ամբողջականությունն էր վերահաստատվում, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, և միայն Ղարաբաղի հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»։    Ի՞նչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսին՝ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մեղրիի փոխանակման թեման Հայաստանի Հանրապետությունում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին։ Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են այրահայտվել։ Այդ քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի և էնտեղ խոսել է Մեղրիի ռազմական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության Ստամբուլյան խարտիան, որի մեջ, ըստ էության, Հայաստանը կողմ է քվեարկել էն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուզում եմ էսպիսի մի զուգահեռ տանել․ 1996 թվականին տեղի է ունեցել Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ էլի էդպիսի ձևակերպում է եղել, բայց 96 թվականին ՀՀ-ն վետո է դրել այդ որոշման վրա։ Բայց 99 թվականին ՀՀ-ն արդեն կողմ է քվեարկել։ Իհարե, դրանք նույն բաները չեն եղել, բայց բովանդակային առումով»․․․ Այս հատվածում Փաշինյանի խոսքը կիսատ է մնում։ 2021-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Լիսաբոնի գագաթնաժողովը, որտեղ ընդունվող փաստաթղթի վրա Հայաստանը վետո էր դրել։ Այնուհետև անդրադարձավ Ստամբուլի գագաթնաժողովին՝ այս անգամ մեջբերելով Եվրոպայում անվտանգության խարտիայից հատված․ «Մարդու իրավունքների` ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»։  Փաշինյանն այս հատվածը մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Ի՞նչ ա ասում․ ասում ա՝ այո՛, ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է հարգվեն, բայց էդ իրավունքների հարգման պրոցեսում երկրների տարածքային ամբողջականությունը չպետք է խաթարվի, այսինքն՝ երկիրը ամբողջական պետք է մնա»։ Այնուհետև նա շարունակեց մեջբերումը․ «Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոնշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումները, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պահպանման և խթանման միջոցներն են գոյություն ունեցող պետության ներսում»։    Ի՞նչ է գրված Եվրոպայում անվտանգության խարտիայում 1999-ի նոյեմբերի 18-19-ին Ստամբուլում տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Եվրոպայում անվտանգության խարտիան։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ստորագրած այս փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Փաստաթղթում, սակայն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Փաշինյանի մեջբերած հատվածը Խարտիայի՝ մարդու իրավունքներին վերաբերող հատվածից է։ «Մարդու, այդ թում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների լիակատար հարգումը, բացի նրանից, որ ինքնին նպատակ է, կարող է ոչ թե խաթարել, այլ ամրապնդել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր կոնցեպտները, ինչպես նաև վերը նշված, ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ փաստաթղթերում ուրվագծված այլ մոտեցումները գոյություն ունեցող պետության ներսում ազգային փոքրամասնությունների էթնիկ, մշակութային լեզվական և կրոնական ինքնությունը պահպանելու և խթանելու ուղիներ են։ Մենք դատապարտում ենք ցանկացած փոքարամասնության դեմ բռնությունը»,- ասվում է խարտիայում։ Տարածքային ամբողջականությանը փաստաթղթում ևս մեկ անգամ է ընդհանուր անդրադարձ կատարվում․ «Մենք, ԵԱՀԿ մեր պարտականություններին համապատասխան, անհապաղ կխորհրդակցենք անդամ պետության հետ, որն օգնություն է խնդրում՝ իրականացնելու իր անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը այն դեպքում, երբ վտանգված են իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Մենք համատեղ կքննարկենք սպառնալիքի բնույթը և գործողությունները, որոնք կարող են պահանջվել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար»։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձ է կատարվում Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ասվում է․ «Մենք հատկապես ողջունում ենք ակտիվ երկխոսությունը Հայաստանի և  Ադրբեջանի նախագահների միջև, որոնց կանոնավոր շփումները հնարավորություններ են ստեղծել դինամիկ դարձնելու խնդրին (Ղարաբաղյան- խմբ․)  տևական և համապարփակ լուծում գտնելու գործընթացը: Մենք վճռականորեն աջակցում ենք այս երկխոսությանը և խրախուսում դրա շարունակությունը հույսով, որ բանակցությունները կվերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Մենք հաստատում ենք նաև, որ ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը, որը մնում է [հակամարտությանը] լուծում գտնելու ամենահամապատասխան ձևաչափը, պատրաստ են խաղաղության գործընթացի և ապագայում դրա իրականացման հետագա առաջմղմանը՝ ներառյալ կողմերին անհրաժեշտ օգնություն տրամադրելը»։ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում այլ հակամարտություններին անդրադառնալիս խոսվում է կոնկրետ երկրների տարածքային ամբողջականության մասին: Կոսովոյից խոսելիս, օրինակ, նշվում է Հարավսլավիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, Հարավային Օսեթիային և Աբխազիային անդարադառնալիս՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին, և այսպես շարունակ։  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հատվածում Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն, ոչ մի խոսք չկա։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց նաև Ռոբերտ Քոչարյանը։  Եվրոպայում անվտանգության խարտիայում, փաստորեն, խոսքը պետության ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին է, և ընդամենը նշվում է, որ դա չի կարող խաթարել պետության տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է միայն Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ ևս խոսք չկա Արդբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Իսկ Լիսաբոնյան փաստաթուղթում, որի հետ Նիկոլ Փաշինյանը համեմատում է Ստամբուլյան փաստաթուղթը, խոսվում է կոնկրետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ «Բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի Հանրապետության տարածքային աբողջականության խնդիրը կարգավորելու հարցում  ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Ցավում եմ, որ Մինսկի կոնֆերանսի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների վերաբերյալ, անհաջող են եղել»։ Այնուհետև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականություն,  Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ սահմանված ինքնորոշման իրավունքի վրա հիմնված համաձայնագրով, որը Լեռնային Ղարաբաղին տալիս է Ադրբեջանի կազմում ինքնակառավարման բարձր աստիճան, Լեռնային Ղարաբաղի և դրա բնակչության համար երախշավորված անվտանգություն՝ ներառյալ փոխադարձ պարտավորությունները` ապահովելու բոլոր Կողմերի՝ կարգավորման դրույթների պահպանումը: Այս փաստաթուղթը ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունն է: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյատիվ պնդում է անում՝ համեմատելով Լիսաբոնյան փաստաթուղթը և Եվրոպայում անվտանգության խարտիան։ Լիսաբոնյան փաստաթղթի դեպքում կոնկրետ ձևակերպում կար Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ադրբեջանի ներսում ԼՂ կարգավիճակի մասին, իսկ խարտիայում այդ մասին խոսք չկա․ այստեղ խոսվում է միայն պետություների ներսում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին։ Իսկ ԼՂ հակամարտության մասին խոսվում է ոչ թե Եվրոպայում անվտանգության խարտիայում, այլ Ստամբուլյան գագաթնաժողովի հռչակագրում, որտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Աննա Սահակյան
14:46 - 18 փետրվարի, 2022
Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Lurer.com կայքն այսօր «Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ նշված է, թե տեղեկություններ կան, իբրեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները կարող են հանձնվել Ադրբեջանին, եւ թե սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր։  Մասնավորապես, կայքը գրել է, որ թեմայի շուրջ զրուցել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ, որն էլ, ըստ lurer.com-ի,  ո՛չ հաստատել, ո՛չ էլ բացառել է ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- լրատվամիջոցին ասել է Սահակյանը: Իսկ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշել է, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառել է հենակետերի տեղակայումը: Եւ չնայած Բաղանիսի վարչական ղեկավարը ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին հաստատական որեւէ բան չի ասել, իսկ Ոսկեպարի վարչական ղեկավարն ուղղակի հերքել է այդ տեղեկությունները, հենակետեր տեղադրելու վերաբերյալ հարցադրումը հայտնվել է կայքի վերնագրում։ Infocom-ը հենակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերի վերաբերյալ նախ մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանական գերատեսչությունից․ պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները։ Իսկ ահա Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն Infocom-ին հայտնեց, որ առհասարակ նման տեղեկություններ չունի․ «Էս պահի դրությամբ որեւէ բան չկա, սովորական ա, ոչ էլ տենց քննարկումներ են եղել, ես ասել եմ՝ չեմ բացառում, որովհետեւ չգիտեմ՝ ինչ են քննարկում բանակցային սեղանին, չես իմանա՝ ապագայում, երեք տարի հետո ինչ կլինի։ Բայց էս պահին տենց բան չկա»,- մեկնաբանեց նա։ Բացի դրանից՝ կայքը հրապարակման գլխավոր նկար է դրել մի լուսանկար, որը հայկական մեդիատիրույթում ավելի վաղ շրջանառվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետեր տեղադրելու լուրերին կից։   Սակայն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի նկարը Բաղանիս-Ոսկեպար հատվածում անցակետերի հնարավոր տեղադրման լուրի հետ հրապարակելիս անծանոթ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե լուսանկարը հենց Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածից է արված։ Այսպիսով, ՊՆ-ն Infocom-ի հետ զրույցում հերքել է, թե Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրվելու հարց է քննարկվում, այդ տեղեկությունները չեն հաստատել նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի ղեկավարները։ Իսկ lurer.com-ի հրապարակած նյութի լուսանկարում երեւացող անցակետը Բաղանիս-Ոսկեպար հատվածում չէ։  Լուսանկարում՝ Բաղանիս տանող ճանապարհը, Բաղանիս ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
18:49 - 15 փետրվարի, 2022
Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը

Հայաստանում ամբողջական պատվաստվածների շրջանում մոտ 3 անգամ ցածր է կորոնավիրուսից մահացության մակարդակը

«Ազատ կամք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հունվարի 26-ին հրապարակվեց տեսանյութ, որտեղ նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանն ասում էր, թե 2021 թ․ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված, կորոնավիրուսով վարակված և մահացած անձանց թիվը 80 է։ «Այս պարագայում արդյոք չպետք է հնարավորություն տալ քաղաքացուն՝ ինքը որոշի՝ պատվաստվի, թե ոչ: Արդյոք պետությունը չպետք է հսկողի և քաղաքացու առողջության երաշխավորի դերում հանդես գա, այլ ոչ թե պատվաստանյութերի առաքիչի և գովազդատուի: Բա ինչպես է պաշտպանելու իր քաղաքացուն, եթե իր գովազդած պատվաստանյութը վնասի հանրությանը: Ինչ է, ինքն իրեն պատժելու՞ է»,- նշում էր Զոհրաբյանն իր խոսքում: Նախաձեռնության հրապարակումը տարածել են մի քանի կայքեր (iravaban.net, mamul.am, livenews.am, armday.am)։ Infocom-ը հարցում էր ուղարկել Առողջապահության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե Հայաստանում պատվաստումային գործընթացի մեկնարկից մինչև այս պահը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված, ինչպես նաև կորոնավիրուսից մահացած մարդկանցից քանիսն է եղել պատվաստված։  Ըստ նախարարության ներկայացրած տվյալների՝ 2022-ի հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումից հետո վարակված մարդկանց թիվը 7841 է, մահացածներինը՝ 80։ Սա նշանակում է, որ ամբողջական պատվաստումից հետո վարակված մարդկանց 1,02%-ն է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից։ Ամբողջական պատվաստված են համարվում այն մարդիկ, որոնք ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո անցել է 14 օր։ Պարզելու համար, թե արդյո՞ք ամբողջական պատվաստվելուց հետո կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացության մակարդակը բարձր է, պետք է հասկանալ, թե որքան է մահացության մակարդակը չպատվաստվածների շրջանում։ Չպատվաստվածների խմբում ենք ներառել նաև այն մարդկանց, որոնք ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը կամ ստացել են նաև երկրորդ դեղաչափը, սակայն դրանից չի անցել 14 օր։ Պատճառն այն է, որ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո՝ 14 օր անց է մարդը համարվում ամբողջական պատվաստված։ Նախ հասկանանք, թե Հայաստանում, պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր, կորոնավիրուսային հիվանդության քանի դեպք է գրանցվել։ Մասսայական պատվաստումները մեր երկրում սկսվել են 2021-ի ապրիլի 13-ին, սակայն, ինչպես փոխանցում է ԱՆ-ն, մինչ այդ որպես նվիրատվություն ստացված պատվաստանյութերով իրականացվել են փոքրաթիվ պատվաստումներ։ Այդ պատճառով վարակների թիվը հաշվարկել ենք ապրիլի 1-ից։ Այսպիսով, Հայաստանում 2021-ի ապրիլի 1-ից 2022-ի հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 154 972 դեպք։ Քանի որ հունվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիներից 7841-ը է եղել ամբողջական պատվաստված, ստացվում է, որ այս ընթացքում վարակվածներից 147 131-ը պատվաստված չի եղել։ Նույն ժամանակահատվածում մահացել է 4492 մարդ, նրանցից 4412-ը պատվաստված չի եղել։ Սա նշանակում է, որ չպատվաստված ու վարակված մարդկանց ~3%-ը մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից։ Փաստորեն, պատվաստման գործընթացի մեկնարկից մինչև 2022-ի հունվարի 18-ն ընկած ժամանակահատվածում ամբողջական պատվաստված մարդկանց շրջանում վարակից մահացության մակարդակը մոտ 3 անգամ ցածր է եղել, քան չպատվաստվածների շրջանում։ Այսպիսով, «Ազատ կամք» նախաձեռնության պնդումը, թե Հայաստանում ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունից 80 քաղաքացի է մահացել, ճիշտ է։ Սակայն այս թիվը համատեքստից կտրված ներկայացնելու դեպքում պատկերն ամբողջական չէ։ Ամբողջական պատվաստված մարդկանց շրջանում մահերը ներկայացնելիս կարևոր է նաև նշել, որքան է մահացության մակարդակը չպատվաստված մարդկանց շրջանում։ Ինչպես տեսանք, ամբողջական պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսային հիվանդությունից մահացության մակարդակը մոտ 3 անգամ ցածր է։   Աննա Սահակյան
15:56 - 15 փետրվարի, 2022
Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․  լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․ լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Փետրվարի 12-ին pastinfo.am կայքում հրապարակվել է «Իտալիան Ուկրաինային է վերադարձրել դեսպանատան աշխատակիցների անվան տակ տարհանված հայերին» վերտառությամբ նյութ։ Նյութում նշվում է, թե Ուկրաինայում մի խումբ հայեր ԱԳՆ-ի իրենց բարեկամից իմացել են հատուկ չվերթի մասին և որոշել դեսպանատան աշխատակիցների անվան տակ մեկնել Իտալիա։ «Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը»,- ասվում է նյութում։ Ըստ pastinfo.am-ի՝ պարզվել է, որ հայերից մեկն աշխատել է Ուկրաինայի մարզային պետական վարչությունում, մյուսը Կիևի Մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ երբ նրանց հետ են ուղարկել Կիև, պարզ է դարձել, որ փախստականներից մեկը ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ։ «Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները, և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին»,- ասվում է նյութի վերջին պարբերությունում։ Բացի pastinfo.am-ից՝ այս տարօրինակ ձևակերպումներով լուրը հրապարակել է նաև armday.am կայքը։ Այս լուրի աղբյուրը ռուսական panorama.pub կայքն է, որտեղ նման բովանդակությամբ նյութ է հրապարակվել փերվարի 12-ին։ Չնայած ո՛չ pastinfo.am-ը, ո՛չ armday.am-ը չեն նշում իրենց աղբյուրը, սակայն նրանց հրապարակումների բովանդակությունը նույնությամբ համընկնում է panorama.pub-ում հրապարակված նյութի բովանդակությանը։ Սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ panorama.pub-ում հրապարակված լուրի տեքստի ներքևի հատվածում նշված է․ «Այս կայքի բոլոր տեքստերը իրականության գրոտեսկային կրկնօրինակումներ են և իրական լուրեր չեն»։ 2017-ին հիմնված panorama.pub-ը ռուսական երգիծական կայք է, որի հեղինակներն անանուն են և հանդես են գալիս կեղծանուններով․ գլխավոր խմբագիրը ներկայանում է որպես Բորիս Գոնտերմախեր (Борис Гонтермахер), հատուկ թղթակիցը՝ Վիտալի Մանն (Виталий Манн): Իսկ հարթակի երրորդ աշխատակիցն, ըստ կայքի, նրանց պահեստապետն է։ Կայքի «Մեր մասին» բաժնում ներկայացված է մտացածին պատմություն, ըստ որի՝ «Панорама»-ն ստեղծվել է դեռևս 1822 թվականին։ Ինչ վերաբերում է Իտալիայի դեսպանատան աշխատակիցների՝ Ուկրաինայից հեռանալու լուրին, ապա ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Իտալիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու դեսպանատան աշխատակազմի ոչ հիմնական աշխատակիցներին (tass.ru, ria.ru): Այս տեղեկության աղբյուրն Իտալիայի ԱԳՆ-ն է։ Հենց այս լուրն էլ, ամենայն հավանականությամբ, երգիծական կայքի հումորային հրապարակման հիմքն է եղել։ Ռուսաստանում մեկ անգամ չէ, որ panorama.pub-ի հրապարակումները տարածել են տարբեր կայքեր, իսկ որոշ լրատվամիջոցներ և անգամ պաշտոնյաներ որպես իրականություն են ներկայացրել հարթակի մտացածին լուրերը։  2019-ի մայիսին, օրինակ, երբ Եկատերինբուրգում տաճարի կառուցման դեմ ցույցեր էին տեղի ունենում, panorama.pub-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի անունը կրող կրթական-մշակութային կենտրոնը ցուցարարներին վրաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել։ Այս լուրն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ 2021-ին էլ panorama.pub-ը գրել էր, որ ըստ Սանկտ Պետերբուրգի ղեկավարի որոշման՝ քաղաքում ոչ աշխատանքային օրերին մետրոյում երթևեկության արժեքը կավելացվի 10 անգամ, իսկ վերգետնյա տրանսպորտում՝ 5 անգամ։ Լուրը պաշտոնապես հերքվել էր, իսկ հեղինակ Վիտալի Մաննը «РИА Новости» գործակալությանը հայտնել էր, որ այդ լուրը կատակ է և քաղաքում խուճապ առաջացնելու միտք չուներ։ Այսպիսով, panorama.pub-ում հրապարակվող բովանդակությունը հումորային է, անգամ դեպքեր են լինում, երբ հարթակի ընթերցողներն են հեղինակներին լուրեր առաջարկում, որոնք հրապարակվում են կայքում։ Ստացվում է, որ Եվրոպա մեկնելու համար Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ ձևացած հայերի մասին պատմությունը ևս մտացածին է։ Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի միջազգային օդանավակայանը Աննա Սահակյան
17:24 - 13 փետրվարի, 2022
ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կալանավորված անձանց ՏԻՄ ընտրության իրավունքի ապահովումը․ ըստ սահմանադրագետի՝ իրավական ճիշտ մեխանիզմներ գտնելու կարիք կա

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի նախատեսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ՀՀ այն քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի ապահովումը, որոնց նկատմամբ որեւէ քրեական գործի շրջանակում կալանավորումն է ընտրված որպես  խափանման միջոց։ Ազգային ժողով-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ  այս հարցը բարձրացրեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Կյուրեղյանը։ Վերջինս հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի անունը կրող դաշինքը, հաղթահարելով անցողիկ շեմը, ստացավ առավելագույն քանակով՝ 12․814 ձայն, որը հավասարազոր է ավագանու 15 մանդատի։ Ասլանյանը, սակայն, ավագանու առաջին նիստին մասնակցել չկարողացավ (ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է), քանի որ անազատության մեջ էր։  Արմինե Կյուրեղյանը հարց ուղղեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հետաքրքրվելով՝ մասնակցելո՞ւ է արդյոք Ասլանյանը ավագանու առաջիկա նիստին, ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով է ապահովելու նրա մասնակցությունը։ Նշենք, որ առայժմ հայտնի չէ, թե երբ կգումարվի Վանաձորի ավագանու առաջին նիստը։ Անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Դատարանը պարտավորեցրել է ավագանուն համայնքապետի ընտրության հարցով նիստ չգումարել, քանի դեռ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։  Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ներպետական օրենսդրությունը որեւէ կերպ չի նախատեսել անձի՝ ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքի իրացումը այն դեպքերում, երբ նա կալանավորված է, ուստի իրենք նման լիազորություն չունեն․ «Կան թույլտվության կոնկրետ մեխանիզմներ, թե երբ մարդը, որը գտնվում է կալանքի տակ, իրավունք ունի լքել ՔԿՀ-ն․․․ Ցավոք սրտի, ՔԿՀ ղեկավարը կամ ծառայության ղեկավարը կամ արդարադատության նախարարը իրավասու չեն մեկնաբանել եւ կոնկրետ մի քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից»,- ասաց նա։ Infocom-ն ուսումնասիրել է, թե ՀՀ օրենսդրությունը կալանավորված անձանց համար ՔԿՀ-ն լքելու ինչ դեպքեր է սահմանում, եւ առհասարակ, ինչպես է հնարավոր ապահովել կալանավորված անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի իրացումը։ Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձանց այդ իրավունքը։ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվողների, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող են տրամադրվել  մինչև 7 օր տեւողությամբ կարճաժամկետ մեկնումներ:  «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» կառավարության N 1543-Ն որոշման 193-րդ կետի համաձայն էլ՝ կարճաժամկետ մեկնման թույլտվություն ստացած կալանավորված անձին կամ դատապարտյալին տրվում է սահմանված նմուշի վկայական, նրան բացատրվում է մեկնման կարգը եւ նախազգուշացվում սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:  Մեջբերված նորմերից պարզ է դառնում, որ Կարեն Անդրեասյանի պնդումը, թե օրենսդրությունը ընտրելու եւ ընտրվելու նպատակով կալանավորված անձանց ՔԿՀ-ից դուրս թողնելու մեխանիզմ չի նախատեսում, ճիշտ է։ Այս պարագայում, սակայն, հարց է ծագում՝ գործնականում ինչպե՞ս է պետք վարվել, երբ ի հայտ է գալիս կալանավորված անձի կողմից Սահմանադրությամբ երաշխավորված իր այդ իրավունքը իրացնելու խնդիր։ Սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ իրավական ճիշտ մեխանիզմ գտնելը մասնագիտական խոր եւ համապարփակ վերլուծություն է պահանջում, բայց առաջին հայացքից ակնհայտ է, որ խնդրին լուծում տալու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ գործառույթ է ենթադրում տեղական ինքնակառավարման մարմնում կամ խորհրդարանում ընտրվելու լիազորությունը․ «Դա ներկայացուցչական ժողովրդավարություն է, որը իրականացնելու համար ընտրված անձը պետք է կարողանա հասարակության հետ անընդհատ շփում ունենալ, իսկ կալանավորված անձը չի կարողանա ամբողջ ծավալով իրականացնել իր գործառույթները, որովհետեւ մեկուսացած է»։ Դիտարկմանը, որ կարող է լինել նաեւ իրավիճակ, երբ անձը այդ շարունակական շփման արդյունքում ընտրվի եւ դրանից հետո միայն կալանավորվի, Հարությունյանը արձագանքեց․ «Բայց իր գործառույթները սկսում են ի հայտ գալ, երբ ինքը սկսում է իրականացնել իր գործունեությունը ընտրվելուց հետո, սկզբնական շրջանում նա խնդիրներին ծանոթ է լինելու, բայց հետո տեսականորեն նորանոր խնդիրներ են ի հայտ գալու, եւ հաճախ իրավիճակ է լինելու, երբ ինքը չի կարողանալու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդ խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ ինքը կալանավորվել է, այսինքն՝ այսպես թե այնպես ներկայացուցչական ժողովրդավարություն իրականացնող անձի եւ ժողովրդի միջեւ կապը կորելու է, իրենք հեռանալու են իրարից, եւ ֆունկցիոնալ առումով անիմաստ է դառնալու այդ անձի ավագանու անդամ կամ պատգամավոր լինելը»։ Հարությունյանը համաձայն է, որ առանց օրենսդրական կարգավորման անձին կալանավայրից դուրս հանել հնարավոր չէ, ուստի եթե հակասություն կա Սահմանադրության եւ օրենքի միջեւ, կամ պետք է հարցը քննարկել Սահմանադրական դատարանում՝ վիճարկելով տվյալ օրենքի սահմանադրականությունը, կամ օրենսդրական փոփոխություն իրականացնել։ Նրա պատկերացմամբ՝ օրենսդրական փոփոխությամբ կարելի է կալանավորված անձին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ, քանի դեռ նա օգտվում է անմեղության կանխավարկածից, եւ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Մեկ այլ լուծում, որին ավելի կողմնակից է ինքը, կարող է լինել այն, որ քանի դեռ անձը զրկված է իր լիազորությունները իրականացնելուց, տվյալ կուսակցության ցուցակով հաջորդ թեկնածուն ժամանակավորապես ստանձնի իր լիազորությունները, բայց խիստ անհրաժեշտ է, որ այդ կարգավորումները այլ օրենքների հետ համակցությամբ, այլ ոչ թե առանձին-առանձին դիտարկվեն։ Ընդհանուր առմամբ,  ըստ Հարությունյանի, առաջնահերթ պետք է լինի այն հանգամանքը, որ հասարակությունը ընտրում է ոչ թե անձին, այլ քաղաքական թիմին, որը ունի մի շարք ներկայացուցիչներ, որոնք միմյանց կարող են փոխարինել․ «Չէ՞ որ ժողովրդի քվեն ստանում է ոչ թե ֆիզիկական անձը, այլ քաղաքական ուժը։ Իհարկե, մենք, չունենալով ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ եւ մշակույթ, որպես կանոն, ընտրում ենք անձին, ինչպես, օրինակ, խորհրդարանական վերջին ընտրություններին պայքար էր ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքական լիդերների միջեւ»։ Նշենք, որ այս խնդրին անդրադարձել էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրելով, որ չի կարելի հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի գործի առարկայի հետ, եւ խոսքը Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում առհասարակ չկան։ Ալեքսանդր Հարությնունյանի կարծիքով՝ ՄԻՊ-ը այդ մասին նշել է՝ հաշվի առնելով, որ մեր պետությունը եւ հասարակությունը չունեն ձեւավորված իրավաքաղաքական սովորույթ, այսինքն՝ կա ռիսկ, որ եթե այդ հնարավորությունը տանք Դատախազությանը կամ քննչական մարմիններին, իրենք դա կօգտագործեն ի շահ իրենց, ոչ թե կառաջնորդվեն իրավունքի գերակայությամբ, իսկ օրենքի գերակայությունն ու իրավունքի գերակայությունը ոչ միշտ են նույնական։ Ի պատասխան հարցին՝ էական չէ՞ արդյոք, որ խոսքը անձի՝ հենց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի ապահովման մասին է, մեր զրուցակիցն ասաց․ «Բնականաբար, Սահմանադրությունը մայր օրենքն է, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, եւ նախապատվությունը միշտ պետք է տալ Սահմանադրությանը, բայց Սահմանադրությանը չպետք է վերաբերվենք որպես թղթի վրա գրված հասարակ տեքստի, այն սոցիալական պայմանագիր է, որը ընկած է պետության հիմքում»,- նշեց նա՝ հավելելով, որ ժողովրդավարական ներկայացուցչությունը ժողովրդի կողմից պետության կառավարմանը մասնակցելու ձեւերից է, եւ եթե որեւէ մարմնի անդամ է ընտրվում մի անձ, որը պետք է զբաղվի ժողովրդավարական ներկայացուցչությամբ, նշանակում է, որ նա պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հանդես գա նրա անունից, բայց ժողովրդի հետ շփում չունեցող անձը չի կարող ժողովրդի անունից հանդես գալ։  Հարցին՝ որքանո՞վ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քրեական գործի քննության ընթացքում ցանկացած պահի անձի խափանման միջոցը կարող է փոխվել, եւ ազատության մեջ հայտնվելով՝ նա կկարողանա մշտական կապի մեջ լինել ժողովրդի հետ, Հարությունյանը պատասխանեց․ «Պատկերացրեք՝ անձը երկու տարի կալանավորված է, հետո դուրս է գալիս, որովհետեւ նրա խափանման միջոցը փոխվում է, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվում է անմեղ, բայց նա այդ երկու տարին արդեն բաց է թողել, հասարակությունից մեկուսացված է եղել, եւ եթե ամեն ինչ դնենք մի կողմ, նա պետք է հասարակության խնդիրներին զրոյից ծանոթանա, որ կարողանա իր ֆունկցիան իրականացնել, ուստի ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ այդ նպատակով կալանավայրը կարճաժամկետ լքելու բացառություն նախատեսված չէ, ուրիշ հարց է, որ մեր օրենքները մեծամասամբ իրար հետ «չեն խոսում», ամեն մեկը առանձին գրվում է, եւ շատ հաճախ հակասությունների է հանգեցնում»։ Իր հայտարարությամբ Արման Թաթոյանը որպես մեխանիզմ առաջարկել էր ընտրական իրավունքը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորությունը, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր, բայց լոկալ լուծում է․ «Մեր դատարանները շատ ծանրաբեռնված են, եւ դա կարող է երկար տեւել, եւ անձը դարձյալ կորցնի կապը հասարակության հետ, դրանից բացի, եթե կալանավորին թույլ տան ունենալ հեռուստացույց, համակարգիչ, որպեսզի ինքը տեղեկանա, խափանման միջոցի իմաստը, ըստ էության, չի կորչի, բայց դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ազատազրկման վայրերի, թե՛ պետության համար»: Հարությունյանի համոզմամբ՝ քրեական իրավունքը գոյություն ունի, որպեսզի հասարակությանը եւս պաշտպանի, եւ եթե որեւէ անձ օրինական հիմքերով կալանավորված է, անկախ նրանից՝ արարքը ինքն է կատարել թե չէ, առկա է այդ արարքը, որով ոտնձգություն է կատարվել հասարակական հարաբերության նկատմամբ, ինչը եւս պետք է պաշտպանել․ «Այսինքն՝ այնպես չէ, որ եթե անձը ընտրվել է, ժողովրդավարական ներկայացուցչությունը ամեն ձեւ պետք է պաշտպանել՝ անտեսելով հասարակական ցանկացած այլ հարաբերություն»,- եզրափակեց Ալեքսանդր Հարությունյանը։   Միլենա Խաչիկյան
21:19 - 12 փետրվարի, 2022
Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

«Հակահամաճարակային Ալյանս» ֆեյսբուքյան էջը փետրվարի 3-ին հրապարակում է արել այն մասին, որ Ավստրալիայի առողջապահական ոլորտի ասոցիացիաները բաց նամակով երկրի ղեկավարությանը կոչ են արել դադարեցնելու երեխաների պատվաստումները։ «Հղում կատարելով Պֆայզերի պատվաստանյութի անվտանգության խնդիրների վերաբերյալ նոր հաղորդումներին՝ մասնագետները զգուշացրել են, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել երեխաներին։ Նամակի հեղինակների խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ Պֆայզեր պատվաստանյութի անվտանգության տվյալները ցույց են տալիս, որ կիրառման ընդամենը առաջին 10 շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 1200 մարդ»,- ասված է հրապարակման մեջ։  Գրառումը հրապարակել է medmedia.am կայքը։ Ավստրալական ասոցիացիաների նամակում, սակայն, կան մի շարք սխալ և մանիպուլյատիվ պնդումներ, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։   Ինչ է ասվում բաց նամակում Ըստ ավստրալական ասոցիացիաների բաց նամակի` «Pfizer»-ի մասին հրապարակված նոր տեղեկություններից պարզ է դառնում, որ «Pfizer»-ը նախօրոք իմացել է իր պատվաստանյութի հետ կապվող մի շարք անբարենպաստ դեպքերի (adverse events) մասին և այդ տվյալները թաքցրել Ավստրալիայի կառավարությունից։ Նամակի հեղինակների խոսքով՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեպքում մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում։ Իսկ «Pfizer»-ը, հիշեցնենք, հենց այս տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ է (ի-ՌՆԹ պատվաստանյութերի մասին կարող եք կարդալ այստեղ)։   Ի՞նչ փաստաթուղթ է հրապարակվել 2021-ի ամռանը ԱՄն Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց «BioNTech» ընկերության «Pfizer» պատվաստանյութը։ Մինչև այդ պաստվաստանյութն արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ուներ։ Արտակարգ իրավիճակներում օգտագործման թույտվություն Սննդի և դեղերի վարչությունը տալիս է առողջապահական արտակարգ իրավիճակներում։ Իսկ երբ պատվաստանյութ արտադրող որևէ ընկերություն Կենսաբանական լիցենզիայի դիմում (Biologics License Application) է ներկայացնում, Սննդի և դեղերի վաչությանը տրամադրում է նաև անհրաժեշտ տեղեկություններ, որոնց հիման վրա՝ վարչությունը հաստատում է պատվաստանյութը։ Դիմումի հետ ներկայացվում են պաստվաստանյութի մասին նախակլինիկական և կլինիկական տվյալներ, արտադրական գործընթացի մանրամասներ, պատվաստանյութի փորձարկման արդյունքներ և այլն։ «Pfizer» պատվաստանյութն արտադրող «BioNTech» ընկերությունը ևս Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ ներկայացրել է պահանջված տեղեկությունները։ «Մեր գիտական և բժշկական փորձագետներն իրականացրել են այս պատվաստանյութի մանրակրկիտ և մտածված գնահատում։ Մենք գնահատել ենք հարյուրավոր էջերով գիտական տվյալներ և տեղեկություններ, անվտանգության և արդյունավետության սեփական վերլուծություններն ենք արել, իրականացրել ենք արտադրական գործընթացների մանրամասն գնահատում՝ ներառյալ արտադրական ենթակառուցվածքների ստուգումները»,- անդրադառնալով պաստվաստանյութի հաստատմանը՝ նշել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության՝ Կենսաբանության գնահատման և հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ 2021-ի օգոստոսին «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպությունը (Public Health and Medical Professionals for Transparency) հարցում էր ուղարկել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը՝ «Pfizer»-ի անվտանգության վերաբերյալ տվյալները ստանալու նպատակով։ Կազմակերպության անդամներն են բժիշկներ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ և լրագրողներ։  Սննդի և դեղերի վարչությունը նշել էր, որ զգալի ժամանակ կպահանջվի ամբողջ տվյալները ներկայացնելու համար, սակայն համաձայնել էր տրամադրել փաստաթղթերից մի հատված, որը հրապարակվել է հարցում ուղարկած կազմակերպության կայքում։  Ավստրալական ասոցիացիաների ներկաայցուցիչները, բաց նամակում խոսելով «Pfizer»-ի հետ կապվող անբարենպաստ դեպքերի և մահվան դեպքերի մասին, հղում են անում հենց այդ փաստաթղթի տվյալներին։ Տվյալները «BioNtech»-ը ներկայացրել է Սննդի և դեղերի վարչությանը Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ․ այդ մասին և՛ փաստաթղում է նշված, և՛ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունն է հաստատել դա՝ «Reuters» գործակալության հարցմանն ի պատասխան։ «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության պահանջած ողջ տվյալները տրամադրելու նպատակով Սննի և դեղերի վարչությունը երկար ժամանակ էր խնդրել։ Սակայն 2022-ի հունվարին Թեքսաս նահանգի դաշնային դատարանը Սննդի և դեղերի վարչությանը պարտավորեցրեց մնացած տվյալները հրապարակել ավելի արագացված ժամանակացույցով։   Ի՞նչ տեղեկություններ է պարունակում «BioNtech»-ի փաստաթուղթը «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության կայքում 2021-ի դեկտեմբերին հրապարակված փաստաթուղթն, ինչպես նշեցինք, ներկայացվել է Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ։ Փաստաթղթում նշվում է, որ Սննդի և դեղերի վարչությունը խնդրել է «BioNtech»-ին դիմումի հետ պատվաստանյութի ռիսկերի, անբարենպաստ դեպքերի մասին և այլ տվյալներ ներկայացնել։  Տվյալները ներառում են 2020 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումները։ Նախ հասկանանք, թե ինչ են անբարենպաստ դեպքերը։ Անբարենպաստ դեպքը ցանկացած անցանկալի դեպք է, որը կապվում է բժշկական արտադրանքի օգտագործման հետ: Անբարենպաստ դեպքերը լուրջ են, եթե հանգեցրել են մահվան, մահվան ռիսկի, հոսպիտալացման և այլն։ «Pfizer»-ի փաստաթղթում ներկայացված անբարենպաստ դեպքերը ներառում են առողջապահության նախարարությունների հաղորդած, բժշակական գրականությունում հրապարակված, «Pfizer»-ի հովանավորած մարքեթինգային ծրագրերից ստացված, անկախ հետազոտություններում հրապարակված, կլինիկական փորձարկումներից տացված տվյալները՝ անկախ նրանից՝ պաստվաստանյութի հետ պատճառահետևանքային կապը գնահատվե՞լ է, թե՞ ոչ։ Փաստաթղթում նշվում է՝ երբ անբարենպաստ դեպքերի հաշվետվություն է ներկայացվում, պարտադիր չէ, որ բոլոր դեպքերն առաջացած լինեն դեղամիջոցի  (այս դեպքում՝ պատվաստանյութի) պատճառով։ Անբարենպաստ դեպքերը կարող են պայմանավորված լինել նախկինում ունեցած այլ հիվանդությամբ կամ ուրիշ գործոններով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերից փետրվար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից և 56 այլ երկրից ստացվել է 42 086 հաղորդում (158 893 անբարենպաստ դեպք), և գրանցվել է մահվան 1223 դեպք։ Սակայն այդ տվյալները չեն նշանակում, որ հաղորդված բոլոր դեպքերն ու գրանցված մահերը եղել են պատվաստման հետևանքով։ «Agence France-Presse» գործակալության փաստերի ստուգման թիմը դեկտեմբերին՝ փաստաթղթի հրապարակումից հետո, դիմել էր ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը, որտեղից գործակալությանը հայտնել են, որ առողջապահական ծառայություն մատուցողներից պահանջվում է հաղորդել պատվաստումից հետո արձանագրված մահվան ցանկացած դեպքի մասին՝ անգամ երբ պարզ չէ, թե արդյո՞ք պատվաստանյութն է եղել մահվան պատճառը։ «Սննդի և դեղերի վարչության ու Հիվանդությունների վերահսկման կենտրոնի վերստուգումները ցույց են տվել, որ մահերի ճնշող մեծամասնությունը ուղղակիրոն չի կապվում պատվաստանյութերի հետ»,- խոսելով ԱՄՆ-ում աբարենպաստ դեպքերի վերաբերյալ հաղորդումների մասին՝ գործակալությանը հայտնել է վարչության խոսնակը։ Ինչ վերաբերում է նրան, որ «Pfizer»-ն այս տեղեկությունները թաքցրել է, ապա, ինչպես նշված է վերևում, անբարենպաստ դեպքերի մասին տվյալները վերցվել են ինչպես կլինիկական փորձարկումների արդյունքներից, այնպես էլ տարբեր երկրների առողջապահության նախարարությունների հաղորդած, անկախ հետազոտություններում ներկայացված տվյալներից։ Միացյալ Նահանգներում, օրինակ, պաստվաստանյութերից հետո արձանագրված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդվում է vaers.hhs.gov կայքի միջոցով, Մեծ Բրիտանիայում՝ yellowcard.mhra.gov.uk, Եվրոպայի տարածքում՝ EudraVigilance համակարգի միջոցով։ Ինչ վերաբերում է «Pfizer»-ի կողմնակի հետևանքներին, Ավստրալիայի կառավարությունը նշում է, որ պատվաստվելուց հետո միոկարդիտի և պերիկարդիտի (ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի կողմնակի հետևանքներ) դեպքերի մոնիթորինգ է իրականացնում։  Միոկարդիտը սրտի մկանների բորբոքումն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքումը: Երկու դեպքում էլ մարմնի իմունային համակարգը բորբոքում է առաջացնում՝ ի պատասխան վարակի կամ այլ գործոնների (առավել մանրամասն՝ այստեղ)։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի փետրվարի 6-ը միոկարդիտի առաջացման 446 հաղորդում է ստացել 34.2 մլն դեղաչափ «Pfizer» ստացածների շրջանում։ Իսկ «Pfizer» ստանալուց հետո անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումների ընդհանուր թիվը 58 629 է։ Ստացվում է, որ Ավստրալիայում «Pfizer»-ի ստացված դեղաչափերի 0,17%-ի դեպքում է հաղորդվել անբարենպաստ դեպքի մասին, իսկ միոկարդիտի դեպքեր գրանցվել են դեղաչափերի 0,0013%-ի դեպքում։  Եվրոպայի դեղերի գործակալությունը նշում է, որ ի-ՌՆԹ պատվաստանյութերից հետո միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման հավանականությունը խիստ հազվադեպ է, և պատվաստանյութերի օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը։  Ավստրալիայի կառավարությունը նաև տվյալներ է ներկայացրել երեխաների պատվաստումներից հետո ստացված հաղորդումների մասին։ Մինչև փետրվարի 6-ը Թերապևտիկ ապրանքների գործակալությունը «Pfizer»-ի և «Moderna»-ի 3.3 մլն դեղաչափ ստացած 12-17 տարեկանների շրջանում ստացել է 3400 հաղորդում։ Հաղորդումներում ամենատարածված դեպքերն են կրծքավանդակի ցավը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և ջերմությունը: Այսինքն՝ այս տարիքային խմբում ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեղաչափերի 0,10%-ի դեպքում են եղել հաղորդումներ, որոնց հիմնական մասը պատվաստվելուց հետո առաջացող սովորական կողմնակի հետևանքներն են։ Մինչև փետրվարի 6-ը Ավստրալիայում 5-11 տարեկան երեխաները ստացել են մոտ 1 մլն դեղաչափ «Pfizer»: Գործակալությունը ստացել է 523 հաղորդում։ Հաղորդումներից 10-ի դեպքում կասկած է եղել, որ պատվաստվածների մոտ միոկարդիտ կամ պերիկարդիտ է։ Եվ նրանցից միայն 10-ամյա մի տղայի մոտ է արձանագրվել պերիկարդիտ։ Տարիքային այս խմբում, փաստորեն, «Pfizer»-ի դեղաչափերի 0,05%-ի դեպքում են հաղորդումներ եղել, և պերիկարդիտ է գրանցվել 0,0001%-ի մոտ։ Իսկ Ավստրալական ասոցիացիաների նամակի հեղինակների պնդումը, թե ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութերի դեպքում («Pfizer», «Moderna»)  մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում, սխալ է։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի հունվարի 30-ը մահվան մասին 762 հաղորդում է ստացել ու պարզել, որ դեպքերից 11-ում է մահը կապված է եղել պատվաստանյութի հետ, և խոսքը «AstraZeneca» պատվաստանյութի մասին է: Ի-ՌՆԹ պատվաստանյութերի հետևանքով մահվան դեպքերի մասին չի նշվում։ Ամփոփելով նշենք․ «Pfizer»-ի փաստաթղթում չի նշվում, որ ներակայացված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումներն ու արձանագրված մահերը «Pfizer»-ով պատվաստվելու հետևանք են․ այնտեղ ներկայացված են բոլոր դեպքերը, երբ պատվաստվելուց հետո խնդիր կամ մահ է արձանագրվել՝ անկախ պատճառահետևաքային կապն ապացուցված լինելու փաստից։ «Pfizer»-ը չի թաքցրել անբարենպաստ դեպքերի մասին տվյալները, քանի որ այդ տվյալները ներկայացնելիս օգտվել է նաև բաց աղբյուրներից։ «Pfizer»-ն, ինչպես այլ պատվաստանյութեր, ունի կողմնակի հետևանքներ (միոկարդիտ, պերիկարդիտ), որոնք խիստ հազվադեպ են․ այդ մասին են վկայում նաև հենց Ավստրալիայի տվյալները։ Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
17:17 - 11 փետրվարի, 2022
Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլնի, երեկ անդրադարձ է կատարվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործին։ Մասնավորապես, Պետրոս Ղազարյանը մի քանի հարց է հնչեցրել, որոնք այս օրերին բարձրացնում է Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմը։ Դրանցից մեկը այն է, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այն դատական ակտը, որի կայացման համար այժմ քրեական հետապնդում է իրականացվում դատավորի նկատմամբ։ Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Դատավորը անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձ է, եւ Սահմանադրության համաձայն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության։ Նույն օրը ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել երկու միջնորդությունները, ինչից հետո Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Խոսքը Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն 2021 թ․ դեկտեմբերի 3-ի դատական նիստից առաջ Նվեր Մկրտչյանի պաշտպանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Երևանում մեկ այլ գործով անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու, ինչի պատճառով դատարան ներկայանալ չի կարող: Նա միաժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալ Նվեր Մկրտչյանին տեղյակ է պահել իր չներկայանալու մասին, եւ վերջինս ցանկություն չի հայտնել առանց իրեն մասնակցել նիստին: Դատարանը, անհարգելի գնահատելով Մկրտչյանի չներկայանալը, վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը եւ կալանավորելու որոշում կայացրել։ Պետրոս Ղազարյանը հենց այդ որոշումը նկատի ունի, քանի որ այն, Դատախազության կողմից չբողոքարկվելով, մտել է օրինական ուժի մեջ, եւ փաստորեն, որոշման կայացումից գրեթե երկու ամիս անց նույն այդ որոշման համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Ղազարյանը նշել է․  «Ձեր ընդդիմախոսները ասում են՝ եթե հարցը կալանքն էր, որ մարդը չի եկել դատարան, եւ դատավորը որոշել է նրան կալանավորել, ապա ինչո՞ւ նույնիսկ Դատախազությունը դա չի բողոքարկել»։ Ի պատասխան հարցին՝ Ջհանգիրյանը ասել է․ «Սա երեւի թե հնարավոր է ասել, որովհետեւ Դատախազության հաղորդագրության մեջ այդ մասին բարձրաձայնվել էր, այդ անձի կալանքի որոշումը տվյալ անձը ինքը արդեն բողոքարկած է եղել Վերաքննիչ դատարան, հետեւաբար Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկելու, այլ Դատախազությունը կգար եւ պարտավոր էր գալ Վերաքննիչ դատարան եւ իր դիրքորոշումը հայտնել բողոքի վերաբերյալ, կալանքի հիմնավորվածության կամ ոչ հիմնավորվածության վերաբերյալ»։ Իրականում, սակայն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատախազին՝ բողոքարկելու այն դատական ակտը, որը ինքը ապօրինի է համարում։ Մասնավորապես, օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է։  Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ դատախազի մասնակցությանը, դա սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի 390-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում դատական նիստերին դատախազի մասնակցությունը պարտադիր է։ Կալանավորման հիշյալ որոշումը չբողոքարկելու հանգամանքին օրերս անդրադրաձել էր նաեւ Դատախազությունը։ Վերջինս պարզաբանում էր տարածել՝ նշելով․ «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ իր պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն ամբաստանյալի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։ Նշենք, որ դա պայմանավորած է եղել այն հանգամանքով, որ կարճ ժամանակ անց դատարանը վերացրել է կալանավորման որոշումը եւ անձին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Հավելենք, որ գործնականում բազմաթիվ են քրեական գործերը, որոնց շրջանակում կայացված դատական ակտերը միաժամանակ բողոքարկվել են եւ պաշտպանների, եւ Դատախազության կողմից։ Այսպիսով,  Գագիկ Ջհանգիրյանի պնդումը, թե Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը, սխալ է եւ չի համապատասխանում օրենքի պահանջին։   Միլենա Խաչիկյան
19:44 - 09 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հունվարի 20-ի  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։ Երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ այցին ու Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, սխալվում է․ վերջին 30 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահներն ունեցել են։ Դեռևս 2005 թ․ սեպտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու և ԱՄՆ-ի  օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտի, Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիի (այժմ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ)  և այլ պաշտոնյաների հետ։ 2019-ի հուլիսին ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցն ու հանդիպումը Փելոսիի հետ աննախադեպ չեն․ դեռևս 2005-ին ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին, իսկ 2019-ին ԱԺ նախորդ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:Այս հրապարակումից հետո Infocom-ի խմբագրությունը ստացել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի խոսքի վերաբերյալ, համաձայն որի՝  Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունը շեշտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել։ Գլխավոր լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին Աննա Սահակյան  
19:10 - 03 փետրվարի, 2022
Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։ Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։ Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։ Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։   Կարանտինի ընթացքում ստուգայցերը Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․ «Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ. վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ. ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից»: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։ Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ կարող են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԱԱՏՄ-ն և ՍԱՏՄՆ-ն, վերահսկողությունն իրականացվում է ստուգայցերի միջոցով, առանց նախնական ծանուցման,  հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է  առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։ Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ  տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։ Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։  Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։ Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։   Ստուգայցերի ընթացքում տուգանքները Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն  առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։  «Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։ Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։ Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։  Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։ Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից» Աննա Սահակյան
21:36 - 02 փետրվարի, 2022
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

Ազգային ժողովի որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրեր ներկայացնելու ժամկետները

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների կողմից իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետներում որոշակի խախտումներ են առկա։ 2022 թվականի հունվարի սկզբին Infocom-ը ուսումնասիրեց հայտարարագրերի ռեեստրում 8-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էջերը հասկանալու համար՝ նրանցից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացրե՞լ է արդյոք իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Արդյունքում պարզվեց, որ հունվարի 12-ի դրությամբ 9 պատգամավորների անվանական էջերում բացակայում են որոշ հայտարարագրեր։ Խոսքը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Դանիելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Գուրգեն Մելքոնյանին, Մերի Գալստյանին, Հակոբ Ասլանյանին, Կարեն Համբարձումյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին։  Մասնավորապես, Վիգեն Խաչատրյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հայկ Մամիջանյանի եւ Գուրգեն Մելքոնյանի էջերն ամբողջովին դատարկ էին, թեեւ նրանք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր էին ներկայացնել պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ 8-րդ գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, ձեւավորվել է 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, իսկ պատգամավորները իրենց լիազորությունները ստանձնել են օգոստոսի 2-ին առաջին նիստի երդման արարողությամբ։ Այսինքն՝ օգոստոսի 2-ից սկսած՝ նրանք ունեին մեկ ամիս ժամանակ պահանջվող հայտարարագրերը ներկայացնելու համար։ Հունվարի 12-ի դրությամբ Վահե Հակոբյանի էջում առկա վերջին հայտարարագիրը 2018 թվականին Սյունիքի մարզպետի լիազորությունները դադարեցնելու հայտարարագիրն էր։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիրը ներկայացնելուց հետո մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է նույն օրենքին համապատասխան հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա նա պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում: Քանի որ Վահե Հակոբյանը պատգամավոր է ընտրվել պաշտոնեական լիազորությունները դադարեցնելուց 3 տարի անց, օրենքի այս դրույթը նրա դեպքում կիրառելի չէ, ուստի նա եւս պետք է ներկայացներ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր։ Պատգամավորներ Մերի Գալստյանի, Հակոբ Ասլանյանի եւ Կարեն Համբարձումյանի էջերում էլ նույն օրվա դրությամբ բացակայում էին 2020 թվականի տարեկան հայտարարագրերը, որոնք պետք է ներկայացված լինեին մինչ 2021 թվականի մայիսի 31-ը՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի։ Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանին, նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին դադարեցրել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի օգնականի լիազորությունները, որից հետո՝ 2021 թվականի հունվարի 27-ին, նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, որից հետո էլ՝ 2021 թվականի հունիսի 20-ին, ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Հաշվի առնելով նույն՝ 36-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝ Դանիելյանը ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը պիտի ներկայացներ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ այն ներկայացվել է 2021 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ պաշտոնը դադարեցնելուց գրեթե 9 ամիս անց։ Նույն դրույթի համաձայն՝ ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, Դանիելյանը պիտի ներկայացներ նաեւ պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիր, որը, սակայն, նրա էջում բացակայում էր։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հունվարի 12-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք պատգամավորները չեն ներկայացրել հիշյալ հայտարարագրերը, եթե այո, ապա նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հարուցվե՞լ է վարչական վարույթ, եւ կիրառվե՞լ է արդյոք պատասխանատվության միջոց թե՞ ոչ։ Հայտարարագրերը ներկայացրած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել պաշտոնական ռեեստրում դրանց հասանելի չլինելու պատճառները եւ տրամադրել այդ հայտարարագրերը կամ համապատասխան հղումները։ 8 պատգամավորից 6-ը Infocom-ի հարցումից հետո է ներկայացրել պահանջվող հայտարարագրերը Մեր հարցմանն ի պատասխան՝ հունվարի 19-ին ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հիշյալ բոլոր պատգամավորները, բացառությամբ Դավիթ Դանիելյանի, ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը։ Լրացուցիչ գրավոր հարցմամբ խնդրեցինք հստակեցնել, թե յուրաքանչյուրը երբ է ներկայացրել, եւ եթե կան պատգամավորներ, որոնք հայտարարագրերը ներկայացրել են հիմնական ժամանակի ավարտից հետո լրացուցիչ ծանուցում ստանալու արդյունքում միայն, ապա երբ են ուղարկվել այդ ծանուցումները։ Ի պատասխան այս հարցման՝ հունվարի 27-ին ԿԿՀ-ից հայտնեցին, որ հայտարարագրերը արդեն հասանելի են պաշտոնական ռեեստրում, եւ դրանցում արտացոլված են ներկայացնելու օրերը։ Ուսումնասիրելով այդ հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ հիշյալ 8 պատգամավորներից 6-ը հայտարարագրերը ներկայացրել է մեր առաջին հարցումից՝ հունվարի 12-ից օրեր անց միայն։ Մասնավորապես, Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 16-ին, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հակոբ Ասլանյանը, Կարեն Համբարձումյանը՝ հունվարի 17-ին, Մերի Գալստյանը՝ հունվարի 18-ին։ Ինչ վերաբերում է Հայկ Մամիջանյանին եւ Վահե Հակոբյանին, նրանք հայտարարագրերը ներկայացրել էին մեր հարցումից ավելի վաղ՝ համապատասխանաբար հունվարի 11-ին եւ հոկտեմբերի 27-ին։  Նախորդ տարվա հունիսի 7-ին ԿԿՀ-ն հայտարարեց, որ 2021 թվականի հունիսի 1-ին կամ դրանից հետո պաշտոն ստանձնած եւ պաշտոնը դադարեցրած հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերի ներկայացման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոխվել են հայտարարագրերի համապատասխան ձևանմուշները, իսկ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 9-ին, տեղեկացրեց, որ համակարգն արդեն վերագործարկվել է։ Միաժամանակ հանձնաժողովը հորդորեց հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը՝ վերջնաժամկետ սահմանելով 2021 թվականի հոկտեմբերի 4-ը։ Ստացվում է, որ անկախ գործընթացի՝ տեխնիկակական պատճառներով կասեցումից՝ հիշյալ բոլոր պատգամավորները ժամկետի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։ Մենք գրել էինք, որ օրենքի այս դրույթից հետեւում է, որ գրավոր ծանուցումը պիտի ուղարկվի հիմնական մեկամսյա ժամանակի լրանալուց հետո՝ այնպես, որ անձը դրա հիման վրա եւս մեկ ամիս ժամանակ ունենա՝ հայտարարագիրը ներկայացնելու համար։ Հարցազրույցի ընթացքում մեր այս հետեւությանը համաձայնել էր ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը (ինչի վերաբերյալ ձայնագրությունն առկա է), այդ իսկ պատճառով մենք եզրակացրել էինք, որ վերոհիշյալ պատգամավորների դեպքում, բացառությամբ Վահե Հակոբյանի, հայտարարագրերը ներկայացվել են նաեւ այդ լրացուցիչ մեկամսյա ժամկետի ավարտից հետո, թեեւ նրանց նկատմամբ վարչական վարույթներ չեն հարուցվել։ Սակայն նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով, մեկնաբանելով օրենքի այս դրույթը, նշեց, որ գրավոր ծանուցում ուղարկելու համար ժամկետ սահմանված չէ։ Նա նաեւ տեղեկացրեց, որ համակարգն ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, եւ Հանձնաժողովը հայտարարատուներին ուղարկում է գրավոր ծանուցումը այն ժամանակ, երբ նկատում է, որ որեւէ հայտարարագիր բացակայում է։ Դրանից բացի, մենք հարցմամբ խնդրել էինք նշել՝ կա՞ն պատգամավորներ, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 169. 28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվել է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար (կամ այդ մասին տեղեկացվել է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով)։ Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են․ «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել։ Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հայտարարագրերը ուշ են հրապարակվել «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ուստի ԿԿՀ-ից խնդրեցինք պպարզաբանել նաեւ, թե որն է պատճառը, որ համեմատաբար ավելի վաղ ներկայացված հայտարարագրերը (օրինակ՝ Վահե Հակոբյանի կամ Հայկ Մամիջանյանի հայտարարգրերը) դարձյալ ժամկետի խախտմամբ են հրապարակվել։ Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում պարզաբանեց, որ բուն խնդիրը կապված է հայտարարատու անձանց անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ (նույն՝ 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանությունը)․ «Երբ նշվում է հայտարարատու անձի մարզը, համայնքը, փողոցը, շենքը, բնակարանը, Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որոշ դեպքերում փակվում է դրանց մի հատվածը, ոչ ամբողջությամբ, հրապարակելուց հետո, սակայն, նշված տվյալները կամ ամբողջությամբ էին փակվում, կամ ամբողջությամբ բաց էին մնում, երկու դեպքում էլ խնդիր է։ Քանի որ համակարգը վաղուց է ներդրված, արդիականացման խնդիր կա, եւ հիմա տեխնիկական մասնագետները աշխատում են, այդ պատճառով այդ գործընթացը մի փոքր ավելի երկար տեւեց»,- ասաց Հակոբյանը։ Մեր հարցին, թե ինչպես է, որ հայտարարատու այլ անձանց դեպքում նման խնդիր չի առաջացել, իսկ հիշյալ պատգամավորների դեպքում առաջացել է, Հակոբյանը պատասխանեց, որ դա եւս ծրագրային խնդիր է․ «Այնպես չէ, որ չի առաջանում, չենք բացառում, որ լինեն դեպքեր, երբ նման խնդիր լինի, պատահում է՝ հայտարարատուներն են բացահայտում, դիմում մեզ, պատահաում է՝ մենք ենք բացահայտում, լուծում տալիս, բայց հնարավորինս փորձում ենք խնդիրը լուծել, նոր հրապարակել, որպեսզի երկու կողմի համար էլ խնդիրներ չառաջացնենք»։ Դավիթ Դանիելյանի՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու հայտարարագիրը մինչ օրս բացակայում է Ինչ վերաբերում է Դավիթ Դանիելյանի կողմից ԿԳՄՍ-ում պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելուն, մեր հարցման պատասխանում նշել են, որ դա պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ, որի պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 4-ից կասեցվել է հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հնարավորությունը։ Անդրադառնալով Դավիթ Դանիելյանի մեկ այլ՝ ՊՎԾ-ում պաշտոնեական լիազորությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելուն՝ ԿԿՀ-ից հայտնել են, որ 2021 թվականի օգոստոսի 5-ին ԿԿՀ կայքում հրապարակվել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակ, որտեղ առկա է նաեւ Դավիթ Դանիելյանի անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով, սակայն 2022 թվականի հունվարի 18-ի դրությամբ Դանիելյանը դեռ չի ներկայացրել այդ հայտարարագիրը․ «Նշված հայտարարատուին ուղարկվել է ծանուցում՝ հայտարարագիրը օրենքով սահմանված կարգով 30-օրյա ժամկետում ներկայացնելու համար: Հայտարարագիրը նշված ժամկետում չներկայացնելու դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհարուցի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»,- ասված է հարցման պատասխանում: Նշենք, որ Դավիթ Դանիելյանի դեպքում եւս լրացել է ոչ միայն հայտարարագիր ներկայացնելու հիմնական ժամանակը, այլ նաեւ լրացուցիչ մեկամսյա ժամկետը։ Ավելին, դրա լրանալուց հետո՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, Հանձնաժողովը նրա անունը ներառել է հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակում, սակայն ծանուցում դարձյալ չի ուղարկել։ Հասկանալու համար, թե որն է դրա պատճառը, եւ ի վերջո երբ է Դավիթ Դանիելյանին ուղարկվել գրավոր ծանուցումը, Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանին խնդրեցինք այս հանգամանքը եւս պարզաբանել։ Վերջինս մեր զրույցում շնորհակալություն հայտնեց խնդիրը վեր հանելու համար եւ տեղեկացրեց, որ Դանիելյանին եւս գրավոր ծանուցումն ուղարկվել է մեր հարցումից հետո՝ 2022 թվականի հունվարի 18-ին․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասաց նա։  Հարցին՝  օրենքով կամ իրավական այլ ակտով ամրագրվա՞ծ է արդյոք, որ նախքան գրավոր ծանուցում ուղարկելը Հանձնաժողովը կարող է կամ պետք է իր կայքում հրապարակի համապատասխան հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակը, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոչ միշտ են այդպիսի ցուցակներ հրապարակում, իսկ հրապարակելու դեպքում այդպես են վարվում հայտարարատուներին լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ հանձնաժողովի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԱԺ որոշ պատգամավորներ խախտել են հայտարարագրերը ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրանք ուշ է հրապարակել՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված։    Միլենա Խաչիկյան
20:05 - 31 հունվարի, 2022
ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները, որոնց մասին Ռուբեն Ռուբինյանը չի նշել

Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։ Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։   Ընտրություններ «Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։ ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։  Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ: Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։ «Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։ «Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։  Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։    Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ «Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։ «Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը: Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։ «Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում: Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով որոշումները բողոքարկելու պատշաճ մեխանիզմ ներդնել, արդարադատության իրականացմանն անհարկի միջամտության դեմ պատժամիջոցների առումով շոշափելի արդյունքներ ապահովել, ստեղծել չեզոք և իրավասու մարմին՝ դատական համակարգում ոչ պատշաճ ազդեցությունների, շահերի բախման և կոռուպցիայի վերաբերյալ դատավորներին կոնֆիդենցիալ խորհրդատվություն տրամադրելու համար։ Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։ «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։   Խոսքի ազատություն «Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը: Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։  Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։ Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։ Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։ Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։ Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից Աննա Սահակյան
16:35 - 28 հունվարի, 2022
Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Թուրքիայի արտգործնախարարը չի ասել, թե Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա․ Չավուշօղլուի խոսքը սխալ է ներկայացվել

Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։ Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։ «Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։ Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։ Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։ Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:  Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։ Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։ Հայարփի Բաղդասարյան
19:18 - 27 հունվարի, 2022
Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է

Փաշինյանը ոչ թե ասել է մեկ սկզբունք, այլ սկզբունքներից մեկը․ Տիգրան Աբրահամյանը սխալվում է

Երեկ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած առցանց ասուլիսին։ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց, որ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։ Պատգամավորի համոզմամբ՝ վարչապետի բոլոր հայտարարությունների նպատակներում այդ գործոնն է դրված․ «Իրականության մեջ այն, ինչ ներկայացնում է Փաշինյանը ոչ միայն երեկ, այլ իր վերջին բոլոր հայտարարություններում, աղճատված են կամ որեւէ ձեւ չեն համապատասխանում իրականությանը։ Մեկ օրինակ՝ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է։ Այստեղ շատերը տեղյակ են, որ Մադրիդյան փաստաթղթում երեք սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման։ Այսինքն՝ ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված»,- մեկնաբանեց Տիգրան Աբրահամյանը։ Սակայն վերջինիս պնդումը, թե Փաշինյանը նշել է՝ Մադրիդյան փաստաթղթի հիմքում մեկ սկզբունք է եղել, իրականությանը չի համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով այն հարցի մասին, թե եթե ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ սահմաններով է ճանաչվելու, այսպես պատասխանեց․ «Գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները, երբ բանակցությունների հիմք են դարձել, այնտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք։ Այստեղ, նկատի ունեմ, դա դե յուրե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դեռեւս 1992-ից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող տարածքների եւ սահմանների շրջանակում։ Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբություններ չեն լուծվել»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանի եւ Աբրահամյանի խոսքերը համեմատելիս ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը ոչ թե պնդել է, թե Մադրիդյան փաստաթղթում միայն մեկ սկզբունք է եղել՝ տարածքային ամբողջականության, ինչպես հայտարարել է Աբրահամյանը, այլ նշել է, որ փաստաթղթի հիմքում սկզբունքերից մեկը տարածքային ամբողջականությունն է։ Մադրիդյան սկզբունքները, որպես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկի փաստաթուղթ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ՌԴ-ն 2007 թվականին ներկայացվել են Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետություններին։ Մադրիդյան սկզբունքներում հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ Մասնակից պետությունների միջեւ հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին եւ մասնավորապես, 2-րդ հոդվածին` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, 4-րդ հոդվածին`պետությունների տարածքային ամբողջականության, եւ 8-րդ հոդվածին` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների արտգործնախարարները, հիմնվելով փաստաթղթի 14 հիմնարար դրույթների վրա, պետք է մշակեին հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ համաձայնագիր։ Հարկ է նշել, որ փաստաթղթի հիմքում դրված սկզբունքները մեկը մյուսին չեն ստորադասում, դրանք բոլորը պետք է ընկած լինեին կարգավորման հիմքում։ 2019 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։ 2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Մադրիդյան սկզբունքներն այլեւս բանակցությունների սեղանին չեն։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց այդ մասին՝ նշելով, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերն իրենց համար թափանցիկ չեն, դժվար է ասել՝ դա ընդունում են որպես բանակցային գործընթացի հիմք, թե չեն ընդունում․ «Սկզբունքներն ըստ էության հարցի լուծման ճանապարհն են, ուզում ենք հասկանալ՝ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել այդ ճանապարհը, նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնում ենք, թե չէ: Ես ասում էի նույն ճանապարհով կարելի է Սեւան, Գավառ, Վարդենիս, Իջեւան գնալ, բայց եթե պարզվի, որ մեր մտադրությունը Արմավիր գնալն է, պետք չէ այդ ճանապարհով գնանք: Ասում ենք՝ եկեք պարզենք Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում»,- ասել էր Փաշինյանը: Հայարփի Բաղդասարյան
18:44 - 26 հունվարի, 2022