Սահման

Միրզոյանը Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները

Միրզոյանը Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։ Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։
23:12 - 19 սեպտեմբերի, 2023
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն․ ՔԿ

ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն․ ՔԿ

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական պահանջները։ «Արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ։ Նկատի ունենալով, որ լարվածության մեծ լիցքեր պարունակող հավաքը շարունակվում է՝ ՀՀ քննչական կոմիտեն հավաքը վարողներին, մասնակիցներին, զգուշացնում է, որ հանրապետությունում ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի, սահմանադրական և հասարակական կարգի դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական։ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ամբողջ ծավալով իրականացնելու է քրեական վարույթների շրջանակներում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձանց հայտնաբերելուն և քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իր գործառույթները։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հատկապես հայրենիքի և պետականության համար լուրջ մարտահրավերներ պարունակող ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն, դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ պետականության հիմքերին հարվածող՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների մեջ ներգրավվելուց, տուրք չտալ բռնություններ իրականացնելուն ուղղված հրապարակային կոչերին, չտարածել առցանց հարթակներում հանցածին լուրջ պոտենցիալ ունեցող՝ ատելություն և թշնամանք գերենացնող բովանդակություն»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։  
23:11 - 19 սեպտեմբերի, 2023
Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի  մաս և կարծում է, որ նրա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանի

Իրանը ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս և կարծում է, որ նրա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով․ Քանանի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և հարցերը լուծել երկխոսության միջոցով։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության մաս և կարծում է, որ նրա խնդիրները, այդ թվում՝ նրա բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն այս շրջանակներում և երկխոսության միջոցով»,- ընդգծել է նա։ Քանաանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս հարցով 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու։
22:57 - 19 սեպտեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն կոչ է արել պաշտպանել քաղաքացիների կյանքը և քաղաքացիական ենթակառուցվածքները
 |1lurer.am|

ԿԽՄԿ-ն կոչ է արել պաշտպանել քաղաքացիների կյանքը և քաղաքացիական ենթակառուցվածքները |1lurer.am|

1lurer.am: ԿԽՄԿ-ն բոլոր ռազմական իշխանություններին կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու քաղաքացիների կյանքը և որ քաղաքացիական ենթակառուցվածքները հարգվեն և պաշտպանվեն՝ միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված իրենց պարտավորություններին համապատասխան: «Մենք պատրաստ ենք արձագանքել բնակչության ցանկացած աճող մարդասիրական կարիքի և շարունակել մեր աշխատանքը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում բոլոր ռազմական իշխանություններին անել առավելագույնը՝ քաղաքացիական կյանքը պաշտպանելու և տարբերակման, համաչափության և նախազգուշականության սկզբունքները հարգելու համար»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը: ԿԽՄԿ-ի թիմերն այսօր բժշկական պարագաներ են տրամադրել երկու հիվանդանոցի, նախատեսվում են նաև այլ մատակարարումներ: «Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով կարիքավոր մարդկանց մատակարարեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների անհրաժեշտ բեռները: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ապահովել կանոնավոր և անարգել մուտք՝ շարունակելու հասնել առավել կարիքավորներին»,- նշված է ԿԽՄԿ հայտարարությունում: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ավելի կխորացնի հումանիտար իրավիճակը և խաղաղ բնակիչների տառապանքները:
22:50 - 19 սեպտեմբերի, 2023
ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
 |armenpress.am|

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թայնի Քոքսը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործած հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ։   «Խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր և ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու Ադրբեջանի կառավարության որոշման առնչությամբ: Ժամերի ընթացքում դա հանգեցրեց վիրավորների և զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել կրակն իրենց կողմից։ Ամիսներ շարունակ մենք ականատես էինք լինում և կոչ էինք անում վերջ տալ տարածաշրջանում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով»,- ասվում է ԵԽԽՎ նախագահի հայտարարության մեջ։ Նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հարձակումը գնահատել է որպես լուրջ հարված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։ «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միմիայն խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բարի կամքի ազդանշանների միջոցով, կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուրի իրավունքները»,- ասվում է հայտարարության եզրափակիչ մասում:
22:45 - 19 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ-ը պետական մարմիններին կոչ է անում չկիրառել անհամաչափ ուժ, հավաքի մասնակիցներին հորդորում ցուցաբերել զսպվածություն

ՄԻՊ-ը պետական մարմիններին կոչ է անում չկիրառել անհամաչափ ուժ, հավաքի մասնակիցներին հորդորում ցուցաբերել զսպվածություն

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պետական իրավասու մարմիններին ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը և չկիրառել անհամաչափ ուժ: Պաշտպանն ընդգծում է, որ ֆիզիկական ուժի կամ հատուկ միջոցների գործադրումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Պաշտպանը հորդորում է հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, ապահովել հավաքի խաղաղ ընթացքն ու օրենսդրությամբ սահմանված պահանջները։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ: ՄԻՊ ներկայացուցիչներն այժմ գտնվում են հավաքի անցկացման վայրում, Պաշտպանի հանձարարությամբ արագ արձագանքման խումբն այց է իրականացրել բուժհաստատություն: Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։
22:16 - 19 սեպտեմբերի, 2023
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն
 |1lurer.am|

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Այս գործողությունները վատթարացնում են Լեռնային Ղարաբաղում առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը և խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակեցրել ենք Ադրբեջանի համար, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- նշել է պետքարտուղարը։
22:12 - 19 սեպտեմբերի, 2023
Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
 |1lurer.am|

Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները |1lurer.am|

1lurer.amԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մասին։   «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։   Ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը։ Դրան չի կարելի համակերպվել։   Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եկել է զենքը վայր դնելու, լարվածությունը թուլացնելու և երկխոսություն սկսելու ժամանակը։   Միայն բովանդակալից, անվերապահ երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել կայուն խաղաղության, որին այլընտրանք չկա։   Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
21:51 - 19 սեպտեմբերի, 2023
Ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են․ Տիգրան Ավինյան

Ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են․ Տիգրան Ավինյան

ՔՊ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանդես է եկել հայտարարությամբ․    «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։   Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:   Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։ Աստված մեզ բոլորիս պահապան»։
21:23 - 19 սեպտեմբերի, 2023
 Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ

Արցախում 25 զոհ կա, որոնցից 2-ը՝ խաղաղ բնակիչ․ Արցախի ՄԻՊ

Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։
20:52 - 19 սեպտեմբերի, 2023
Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են․ Արցախի ՄԻՊ

Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են․ Արցախի ՄԻՊ

Արցախի 6 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Դրանք են՝ Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն և Ճանկաթաղ։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։  Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։
20:41 - 19 սեպտեմբերի, 2023