Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է Ճապոնական ծովի շրջանում ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին |news.am|

news.am: Տոկիոն և Վաշինգտոնը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Ճապոնիայի շուրջը, ներառյալ Ճապոնական ծովում՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարության Շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ «Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման և մեր երկրի շուրջը անվտանգության ոլորտում լարվածության աճի ֆոնին մեր երկրի ինքնապաշտպանական ուժերը և ԱՄՆ զինված ուժերը իրականացնում են հետևյալ զորավարժությունները։ Ժամկետը՝ հոկտեմբերի 1-ից»,- նշվում է Միացյալ կոմիտեի հաղորդագրության մեջ: Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ իր վերջին հրթիռային փորձարկումները ինքնապաշտպանության միջոց են ԱՄՆ-ի ուղղակի ռազմական սպառնալիքներից: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 25-ից վեց հրթիռ է արձակել։ Երկրի ազգային ավիացիոն վարչությունը նշել է, որ փորձարկումները «կանոնավոր և պլանավորված քայլ են»։ Հոկտեմբերի 6-ին Փհենյանը կրկին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նույնպիսի հրթիռային փորձարկումներ են տեղի ունեցել մի քանի օր առաջ։ Շուտով հետևել է Սպիտակ տան արձագանքը, որտեղ ԿԺԴՀ-ի հրթիռի արձակումն անխոհեմ որոշում են անվանել։
20:17 - 08 հոկտեմբերի, 2022
Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Ճապոնիան պատրաստակամ է աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները. դեսպան Ֆուկուշիման` նախարար Նարեկ Մկրտչյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գործընկեր ունենալով նաև Ճապոնիայի դեսպանությանը։ Սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում ևս ստացել ենք Ձեր աջակցությունը։ Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։ Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկայացրել է վերջերս Գեղարքունիք կատարած այցի մանրամասները և շեշտել, որ պատրաստակամ են աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները։ «Հայաստանը Ճապոնիայի համար հանդիսանում է ժողովրդավար ու դեմոկրատ երկիր, որն ունի իրավունքի ուժի վրա հիմնված հասարակություն։ Հավաստիացնում ենք, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ բարելավելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքները»,- նշել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ճապոնիայի կողմից տարեցների խնամքի հաստատություններին տրամադրվող աջակցության կարևորությունը, ինչպես նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են ևս մեկ դրամաշնորհային ծրագրի, որի միջոցով կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։
10:04 - 08 հոկտեմբերի, 2022
ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության, գրում է ՏԱՍՍ-ը։Հրթիռները արձակվել են 15 րոպե տարբերությամբ։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ բեկորներին:Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, մեկնաբանելով արձակումը, լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի կողմից։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքի ուղին անցել է Ճապոնիայի հյուսիսային հատվածով։ Այն անցել է 4,6 հազար կմ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսում։ 
10:06 - 06 հոկտեմբերի, 2022
Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ
 |news.am|

Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Հստակ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համապարփակ պայմանագրի քննարկումը, այդ թվում՝ խաղաղության մասին, անհնար է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը։ Նա նշել է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ էր վարում համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կհամապատասխանի ժամանակակից իրողություններին եւ կսահմանի ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ շրջանակի արագացված զարգացման հիմնական ուղղությունները։ «Ինչպես ընդգծվում է ՌԴ ԱԳՆ 2022-ի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակնհայտ է, որ անհնար է նման համաձայնագիր քննարկել մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշումներ է ընդունում եւ ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ, չնայած Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։
12:17 - 05 հոկտեմբերի, 2022
Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին

 |armenpress.am|

Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից ենք այն քաղաքականությանը, որն ուղղված է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը: Այդ մասին վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու ուղղությանը»,-ասել է նա: Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:50 - 03 հոկտեմբերի, 2022
Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է սեպտեմբերի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ամփոփումը։ «Նախ` ցանկանում եմ նշել, որ այցի բուն առիթը ճապոնական կողմի հրավերն էր՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական գործիչ Շինզո Աբեի հուղարկավորության արարողությանը, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրներից բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողության ընթացքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, Խորհրդարանակաների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին, և Սինզո Աբեի այրի Ակիե Աբեին ցավակցության խոսքեր եմ փոխանցել՝ հայ ժողովրդի անունից։ Տոկիո կատարած այցի ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին և փոխխոսնակ Հիրոյուկի Նագահամային, Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկային, Թվայնացման նախարար Տարո Կոնոին, Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավային։ Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մանրամասն տեղեկատվություն եմ փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորել եմ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը: Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել տեղի ունեցած ռազմական էսկալացիայի համար և ցավակցել՝ Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Անդրադառնալով մշակութային կապերին` Խորհրդարանականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման նշեց, որ Ճապոնիայում շատ հայտնի է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, «Սուսերով պարը» հաճախ կոչում են «Հայկական պար», իսկ Կոմիտասը հանդիսանում է դասական երաժշտության ասպարեզի յուրօրինակ մասնիկը։ Առանձին հանդիպման ընթացքում Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ քննարկեցինք բարեկամական խմբերի առավել ակտիվացմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկայի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ուսանողների փոխանակման, կրթաթոշակների ծրագրի ընդլայնման հնարավորությանը, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Քննարկեցինք համատեղ գիտական ծրագրերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային կապերի զարգացման նոր հնարավորությունները։ Թվայնացման նախարար Տարո Կոնոն 2018թ․ այցելել էր Հայաստան, որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Հանդիպման սկզբում նա նշեց, որ ծանոթ է Հայաստանի զարգացումներին բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում և ուրախ կլիներ համագործակցության զարգացմանը։ Մանրամասն ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները տեխնոլոգիական ոլորտում` նախարարին առաջարկեցի դիտարկել Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, որը կարող է խթան հանդիսանալ հայկական և ճապոնական ընկերությունների միջև գործունեության զարգացմանը։ Քննարկվեց նաև արհեստական բանականության, նորարարության և կիբերանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունը։ Պարոն Կոնոն հետաքրքրություն հայտնեց Թումոյի հնարավոր գործարկմանը Տոկիոյում, ինչպես նաև որպես մարտահրավեր մատնանշեց Ճապոնիայում մասնագետների կրթության և վերապատրաստման հարցը։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել Աղետների կառավարման և կանխարգելման ուղղությամբ առկա համագործակցության և Հայաստանին Ճապոնիայի կողմից տրամադրված շարունակական աջակցության համար։ Քննարկել ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համապատասխան գերատեսչությունների և դեսպանությունների միջոցով շարունակել քննարկված հարցերի իրագործմանն ուղղված երկուստեք քայլերը, և ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ»,- գրել է նա։
09:57 - 03 հոկտեմբերի, 2022
Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին հայտնում են  փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից: Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը։ Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։ Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև  սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին։ Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։
11:48 - 01 հոկտեմբերի, 2022
ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով: ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները և տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության և կիբեռանվտանգության ուղղություններով: Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ: Կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի: Քննարկվել են նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
14:24 - 30 սեպտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Ճապոնիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում՝ Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ հանդիպման ժամանակ։ Ընդգծվել է երկկողմ հայ-ճապոնական առևտրատնտեսական կապերի ոլորտում առկա մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ներդրումների խթանման նշանակությունը: Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունն՝ ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանը Յոշիմասա Հայաշիին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
10:21 - 21 սեպտեմբերի, 2022
Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջևանի կողմից. ԱԺ փոխնախագահ

Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջևանի կողմից. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: «Հայաստանին եւ Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- նշել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի: Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար: Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:   Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան եւ Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել: Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլոտներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
16:28 - 19 սեպտեմբերի, 2022
Նոր լարվածություն ռուս-ճապոնական հարաբերություններում
 |1lurer.am|

Նոր լարվածություն ռուս-ճապոնական հարաբերություններում |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Ճապոնիայի հետ համաձայնագրերը Կունաշիր, Իտուրուպ և Փոքր Կուրիլյան կղզիներ ու լեռնաշղթաներ պարզեցված այցի վերաբերյալ։ Խոսքը 1991 թվականի փոխադարձ ուղևորությունների ընթացակարգի և 1999 թվականի՝ այդ վայրեր առավել դյուրացված այցելությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնագրերի դադարեցման մասին է։ Վերջին տվյալներով՝ կղզիների նախկին բնակիչները՝ ընտանիքի անդամների հետ, իրավունք ունեին պարզեցված մուտք գործել այդ տարածքները։ ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին տեղեկացնել Ճապոնիային։ Տոկիոն արձագանքել է որոշմանը: Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Ռուսաստան՝ Կուրիլյան կղզիներ ճապոնացիների կողմից պարզեցված այցերի մասին համաձայնագրի խզման պատճառով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Ռուսաստանի որոշումն անվանել է «բացարձակապես անհիմն ու անընդունելի»։ Նա հավելել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, իսկ Մոսկվան, երկկողմ համագործակցության վերաբերյալ որոշումներ կայացնելով, «փորձում է պատասխանատվությունը գցել Ճապոնիայի վրա»։
14:06 - 06 սեպտեմբերի, 2022
Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ

Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:   Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:   Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող աջակցության ծրագրերի համար, բարձր գնահատելով իրականացվող ներդրումների արդյունավետությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:   Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և մարզում իրագործվող ծրագրերի շրջանակներում աջակցության և պատրաստակամության համար և առաջարկել է քննարկել, թե ինչպես կարելի է Ճապոնիայի մարզերի և Լոռու մարզի միջև համագործակցության եզրեր գտնել՝ երկկողմ հարաբերությունների առավել սերտ զարգացման համար:   Լոռու մարզպետը բարձրաստիճան դիվանագետին է ներկայացրել մարզի հնարավորությունները և ընդգծել, որ միջմարզային մակարդակով ամուր կապերի ստեղծումը երկու երկրների միջև առավել կնպաստի բարեկամական երկրների հարաբերությունների զարգացմանը:   Հանդիպման ավարտին կողմերը փոխանակել են խորհրդանշական նվերներ:
17:00 - 29 օգոստոսի, 2022
Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Այսօր Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտի (Japan Institute for Overseas Investment) միջև փոխըմբռնման հուշագրի առցանց ստորագրման արարողությանը, որին մասնակցել են «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Օհանեսյանը, JOI-ի նախագահ Տոշիյուկի Կոսուգին, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչներ:   Իր ողջույնի խոսքում դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման, և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:   Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:  
11:46 - 15 օգոստոսի, 2022