Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիմնադրվելով 1992 թվականին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին և աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։

Հիմնադրման օրվանից ի վեր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր ենթակառուցվածքների, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով։

2018 թ․ սեպտեմբերի 24-ին հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։ 

Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին

Զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է․ նկարիչ Ալիկ Ասատրյանը վաճառում է կտավները, գումարը՝ ուղիղ Համահայկական հիմնադրամին

Արցախա-ադրբեջանական պատերազմի ընթացքում յուրաքանչյուրը՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում, փորձ է անում իր կարողությունների սահմանում ներդրում ունենալ մեր հաղթանակի ճանապարհին։ Սրանից անմասն չեն մնում նաեւ արվեստագետները, ոմանք՝ մեկնելով ճակատ, ոմանք՝ ցուցաբերելով անհրաժեշտ ֆինանսական օգնություն։ 60-ամյա նկարիչ Ալիկ Ասատրյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներին «Մեծն Մուրադ» ջոկատի հետ Շուշիում էր՝ կրակոցների ու զենքերի շաչյունների տակ ֆիլմ նկարելու, այսօր Հոլանդիայում է, որտեղից վաճառում է իր կտավները՝ գումարը՝ ուղիղ «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ Ասատրյանի աշխատանքների վաճառքից արդեն մոտ 18․000 եվրո է փոխանցվել։ - Ինչպե՞ս եք,- իրականում ոգեկոչող պատասխան լսելու ակնկալիքով՝ հարցնում եմ նկարչին ու ստանում վստահ պատասխանը։ - Դե, հիմա պարտավոր ենք լավ լինել, որ հաղթենք,- ասում է Ալիկը՝ գնված հերթական նկարի փաթեթի վրա նշումներ անելով։ Ծագումով մեղրեցի Ալիկ Ասատրյանը պատերազմի առաջին օրերից է որոշել վաճառել կտավները։ Մեր զրույցի ընթացքում էլ չէր կտրվում գործից՝ եռանդով փաթեթավորելով կտավները՝ փոստային բաժանմունք ուղարկելու համար։ «Արդեն 3-րդ շաբաթն է՝ նկարներ եմ փաթեթավորում, ուղարկում աշխարհի տարբեր մասեր։ Ես զինվորական փորձ չունեմ ու կարծում եմ՝ այսպես ավելի շատ եմ օգուտ տալիս, քան եթե առաջնագծում լինեի։ Բայց եթե բանը հասնի նրան, որ իմ կարիքն էլ լինի, ես էլ պետք է գնամ»։ «Մանկությունը մնաց հողի տակ» անունով նկարը՝ «Այստեղ մեր գյուղն էր, որը էլ չկա։ Եթե Հայաստանի գյուղերը կորցնենք, Երեւանը կորած է» գրությամբ։   Ասում է՝ այս հիմա շատ աշխատանք կա անելու, դեռ մի քանի նկար էլ պիտի փաթեթավորի։  «Բացի իմ տան եղած նկարներից՝ պետք է 1 նկար Իտալիայից գնա Ամերիկա, 2 նկար՝ Ֆրանսիայից՝ Պորտուգալիա եւ Գերմանիա։ Աղջիկս էլ է նկարիչ․ ինքն էլ 100 եվրոյով մի նկար վաճառեց ու փոխանցեց հիմնադրամին, կինս էլ 300 եվրո փոխանցեց»։ «Պատերազմ-հաղթանակ, սեր եւ խաղաղություն» Կտավների հիմնական գնորդները հայերն են, որովհետեւ, ըստ նկարչի, մեր պատերազմն, ըստ էության, միայն մեզ է հետաքրքրում։  1993-ից Հոլանդիայում բնակվելուց ի վեր ընդամենը 3 անգամ Հայաստանում եղած Ալիկը հայրենիքում ներդրում ունի․ 1980 թվականին հարազատ քաղաքում՝ Մեղրիում, լուծել է նկարչական դպրոց չլինելու հարցը․ «Բացեցի դպրոցը, աշխատեցի այնտեղ 7 տարի, մեծ դպրոց դարձավ, հիմա իմ աշակերտներն էլ են նկարում․ վերջին անգամ երեքուկես տարի առաջ եմ այցելել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հուզած ձայնով ավելացնելով, որ վերջերս իր աշակերտուհիներից մեկի որդին զոհվել է Արցախում։ «Հավերժ փա՛ռք մեր անմահացած հերոսներին» Իր ֆեյսբուքյան էջում մեծ ակտիվության շնորհիվ Ալիկ Ասատրյանն օգնում է նաեւ իր հայ ընկերներին՝ վաճառելու նաեւ իրենց նկարները։ Սակայն կան կտավներ, որոնք չի վաճառի։ Դեռ 3 տարի առաջ ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է «Վերնատուն 22» խումբը՝ արվեստի շուրջ համախմբելով մարդկանց եւ ձեռնարկելով 9 մեծ նախագիծ։ Այդ նկարները պահել է «Վերնատան» «Հեքիաթ» նախագծի համար․ «Պետք է գիրք հրատարակենք։ Այդ նկարները չէի ցանկանա վաճառել, որովհետեւ հուսով եմ, որ հաղթելու ենք, ու գիրքը տպագրվելու է»։ Իսկ մյուս կտավներից էլ դժվար բաժանվելու խնդիրը կարծես թե հաղթահարված է․ «Կտավները իմ տարիների աշխատանքներն են, բայց ինձ համար ավելի դժվար է լսել զինվորի մահվան մասին։ Ես հիմա իմ ամենասիրելի ու ամենաթանկ աշխատանքերն էլ կես գնով եմ դնում վաճառքի, որովհետեւ պետք է գիտակցել, որ հայրեինքը լինել կամ չլինելու խնդրի առաջ է կանգնած»։ «Նիկե», հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհին Վաճառելու հենց առաջին օրերից նկարները փոստով ուղարկելը ֆինանսական առումով որոշակի դժվարություն է ստեղծել, սակայն մեր հայրենակիցները տրամադրել են նաեւ այդ գումարը․ «Մեր հայրենակիցներն ինձ շատ են աջակցում, գիտեն՝ ես այստեղ ֆիզիկապես ապրում եմ, հոգով Հայաստանում եմ։ Իմ վերջին տարիների նկարներն էլ Հայաստանի մասին են։ Այսօր ամեն մարդ պետք է լավատես լինի, թեւ տա զինվորին, զինվորը պետք է իմանա, որ թիկունքն ուժեղ է»,- մեր զրույցն այսպես է եզրափակում հոլանդահայ նկարիչն ու անցնում իր գործին։ Սեդա Առաքելյան
22:36 - 03 նոյեմբերի, 2020
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը: Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով: Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները: Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին: Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
14:20 - 28 հոկտեմբերի, 2020
Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր. Հայկակ Արշամյան

Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարները օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։  Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այս օրերին նույնիսկ մեկ դեղահաբի մասին տեղեկություն հրապարակելը ընդունելի չէ, և այն կարող է վնասել մեր ընդհանուր գերագույն նպատակին։ «Վստահեցնում եմ՝ Հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կստանաք խաղաղության հաստատումից հետո։ Ձեր աջակցությամբ դուք օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանը և տրամադրմանը, ձեր ուղարկած գումարների միջոցով հնարավորություն եք տալիս, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները խնայած գումարներն ուղղեն շատ ավելի կարևոր տեղեր։ Դուք փակում եք հումանիտար մասը՝ հնարավորություն տալով պետական այլ միջոցների ծառայելու շատ ավելի կարևոր նպատակների»,- հայտնեց Արշամյանը։ Արշամյանը  հայտարարեց, որ սկսում են մի նոր շարժում, որն անվանվել է «Համազգային շարժում 2․0», որը նոր մակարդակի է բարձրացնելու արդեն բյուրեղացած Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա նպաստելու է համահայկական ռեսուրսների ավելի համախմբանը և դրամական հոսքերի մշտական գալուն ՀՀ և ԱՀ։ «Շարժումն անվանել ենք «50PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով Հիմնադրամին։ Պատկերացրեք՝ եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ։ Սրանով մեծ թափ կհաղորդենք դրամահավաքին»,- եզրափակեց հիմնադրամի տնօրենը։  Արշամյանը տեղեկացրեց, որ հեռուստամարաթոնը լինելու է նոյեմբերի 26-ին, սակայն այս ընթացքում փոքր նմանատիպ դրամահավաքներ են լինելու։ Հեռուստամարաթոնի ընթացքում կամփոփվեն նաև այդ արդյունքները։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք Հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը։  «Իրականում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի տրամադրում ենք 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար։ Հատուցումները տրամադրում ենք երկու եղանակով․ առաջինը՝ միանվագ վճարն է, որը տրամադրում ենք տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին։ Տասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի,  5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,- տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը, շեշտելով, որ հիմնադրամի աշխատակազմը կամավորության հիմունքներով է աշխատում։ Հիմնադրամին փոխանցված որևէ լումա չի ծախսվում որևէ այլ նպատակով, քան զինծառակողներին և նրանց ընտանիքներին փոխանցում կատարելը։
22:55 - 21 հոկտեմբերի, 2020
Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր

Կանադայի հայ համայնքը` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի․ ստորագրահավաքներ, բողոքի ակցիաներ, երթեր

Ստորագրահավաք. Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ   Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի բռնկման առաջին օրերից Կանադայի հայ համայնքը բողոքի ակցիաներ է իրականացնում՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու, Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու կոչերով։ Դեռևս սեպտեմերի 27-ին կանադահայերը դիմել էին Կանադայի կառավարությանը, ներկայացրել իրավիճակը Արցախում և կոչ արել դատապարտել Ադրեջանի ագրեսիան։ Կանադահայերը նաև ստորագրահավաք էին կազմակերպել և կոչ արել Կանադայի կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ այդ զենքերն օգտագործվում են Հայաստանի խաղաղ բնակչության դեմ։ Հոկտեմերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարեց, թե Կանադան հետաքննում է հաղորդումները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային։ Հոկտեմերի 5-ին կանադահայերը բողոքի ակցիա իրականացրին կանադական Բերլինգթոն քաղաքում՝ Թուրքիային զենք վաճառող «Վեսքամ» ընկերության դիմաց։ Նույն օրը Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ Կանադան դադարեցնում է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, մինչև այդ հարցի շուրջ հետաքննություն կիրականացվի։   Կանադայի հայերը՝ «Վեսքամ» ընկերության դիմաց   Նկարիչ Մարիամ Մուղդուսյանը, որը ներկա պահին բնակվում է Կանադայում և ակտիվերոն մասնակցում է տեղի հայ համայնքի բողոքի ակցիաներին, նշում է, որ այս որոշումը հենց այնպես չի կայացվել։ «Կանադայի մեր հնաբնակ հայրենակիցները, որոնք վստահաբար լավ գիտեն կառավարությանը դիմելու ձևերը, անցկացրել են ստորագրահավաքներ, միաժամանակ հազարավոր զանգեր են արել Թրյուդոյի գրասենյակ, կառավարության գրասենյակ` պահանջելով կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչը փաստորեն արվեց»,- ասում է նա:  Ըստ Մարիամ Մուղդուսյանի, սակայն, միայն զենքի վաճառքը կասեցնելը խնդրի լուծում չէ․ պետք է հասնել նրան, որ այդ վաճառքի գործընթացն առհասարակ չվերականգնվի։   Ակցիաներ Մոնրեալում, Տորոնտոյում, Բերլինգթոնում   Մարիամ Մուղդուսյանը պատմում է՝ երբ Արցախի Հանրապետությունում սկսվեցին մարտական գործողությունները, կանադահայերը շոկի մեջ էին, հետո հասկացան, որ պետք է ինքնակազմակերպվել։  Բողոքի ակցիաները սկզբում ինքնաբուխ էին։ Շատ քիչ թվով մարդիկ ֆեյսբուքյան խմբերում հայտարարություններ էին տեղադրում, տեղեկացնում ակցիների մասին։ Անցած երկուշաթի բողոքի ակցիա է իրականցավել Մոնրեալում, երեքշաթի՝ Տորոնտոյում։ Տորոնտոյի ցույցին ներկա են եղել նաև դերասան Արսինե Խանջյանը և ռեժիսոր Ատոմ Էգոյանը։   Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը՝ Տորոնտոյի ակցիայի ժամանակ   «2000-ից ավելի մարդ Տորոնտոյում՝ «Քուինզ պարկ»-ում, հավաքվեց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Ակցիան պետք է ավարտվեր՝ այգու շուրջը պտտվելով: Բայց ինչ-որ մի պահից սկսած` դա վերածվեց ինքնաբուխ քայլերթի, և ակցիայի մասնակիցները, ամբողջ Տորոնտոյի կենտրոնական փողոցները փակելով, քայլեցին դեպի Կանադայի ամենահայտնի հեռուսաընկերություններից մեկը (CTV24- խմբ․)` պահանջելով, որ լուսաբանեն և լուսաբանելուց զատ՝ ճիշտ լուսաբանեն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը:  Նա նշում է, որ լրագրողի աչքով է նայում, թե ինչպես են կանադական լրատվամիջոցները լուսաբանում արցախյան իրադարձությունները, և գոհ չէ․ «Բայց եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները հսկայական գումարներ են ծախսել մեդիայի վրա, և կան նաև դա հաստատող հետազոտություններ, ամեն ինչ տեղն է ընկնում, և նաև պարզ է դառնում, թե ինչու է մեդիան կա՛մ քիչ անդրադառնում, կա՛մ հպանցիկ»։ Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Տորոնտոյում արդեն հաջորդ ակցիայի կազմակերպիչները ոչ միայն անհատներն էին, այլև  Կանադայում գրանցված հայկական կազմակերպությունները։ Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը,  թույլ չտալ, որ հայերի ցեղասպանությունը կրկնվի:  «Այս հանրահավաքը նախաձեռնել էին այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակը, Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սա երրորդ ակցիան էր։ Այդ ընթացքում քայլեցինք դեպի Թուրքիայի հյուպատոսարան, այնտեղ նույնպես հնչեցին կոչեր, ելույթ ունեցան ազգությամբ հայ քաղաքական գործիչներ։ Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանն էին կրկին եկել, նաև եկեղեցու ներկայացուցիչներ էին ներկա»,- պատմում է նա:    Բողոքի ակցիա Տորոնտոյում   Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ Կանադայի հայերը հոկտեմերի 11-ին ստեղծեցին «Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդը», որպեսզի խորհրդում միավորվեն և՛ տեղում գործող հայկական կազմակերպությունները, և՛ անհատները։ Խորհուրդը ստեղծելը նաև անհրաժեշտ էր տեղի ունեցող միջոցառումները համակարգելու համար։  «Որպեսզի ուղերձները նույն բովանդակությունն ունենան, որոշվեց, որ ստեղծվի ահա այս խորհուրդը: Փայլուն բան է այն առումով, որ համախմբում է բոլոր-բոլորին` անկախ քաղաքական հայացքներից, նախընտրություններից: Ինչ-որ մի բան է, որ ամեն ինչից վեր է»,- ասում է նա։   «Լռության ակցիա»-ն Տորոնտոյում   Երկու օր առաջ էլ Տորոնտոյում իրականացվել է «Լռության ակցիա»․ Կանադայի ժամանակով առավոտյան 11։00-ից մինչև երեկոյան 19։00-ն ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են փողոցներում՝ ձեռքներին պաստառներ պահած։ Մարիամ Մուղդուսյանն ասում  է, որ ակցիան խորհրդանշում էր միջազգային հանրության լռությունը։ « «Լուռ ակցիայի» ժամանակ շատ կանադացիներ մոտենում և ասում էին. «Խաղաղություն ենք մաղթում ձեր երկրին»։ Որովհետև, թեև ակցիան լուռ էր, բայց պաստառների վրա գրված էր` ինչ է տեղի ունենում»,- պատմում է նա։   «Լռության ակցիա»-ն Տորոնտոյում   Կանադահայ համայնքի ակցիաներին մասնակցել են նաև օտարերկրացիներ։ Մարիամ Մուղդուսյանը հիշում է, որ Մոնրեալի հանրահավաքի ընթացքում Հունաստանի դրոշներ է նկատել, նաև գերմանացիներ են ներկա եղել։ Բացի այդ՝ կանադացի քաղաքական գործիչներ էլ կան, որոնք մասնակցում են ակցիաներին, իրենց աջակցությունը հայտնում հայերին։ Բողոքի ակցիաները Կանադայում շարունակվելու են։ Մարիամ Մուղդուսյանը պատմում է, որ առաջիկայում մեծ ակցիա կիրականացվի Օտտավայում, որտեղ կենտրոնացած են պետական կառույցները։ Կանադայի հայերը նաև նախատեսում են քայլերթ իրականացնել․ քայլելու են 8 կմ։ Սպասվող ակցիաներից մեկը նվիրված կլինի Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ակցիաների ընթացքում շեշտը դրվելու է հանրային իրազեկման, տեղական լրատվամիջոցների հետ աշխատանքի և քաղաքական պահանջների վրա։   Դրամական աջակցություն` Հայաստանին   Մարիամ Մուղդուսյանը նշում է՝ Կանադայի հայ համայնքն այնքան մեծ չէ, որքան, օրիանակ, Միացյալ Նահանգներինը, բայց տեղի հայերը Հայաստան համահայակական հիմնադրամին ամենաշատ փոխանցում կատարողներից են։ Մարիամ Մուղդուսյանը ճանաչում է այնտեղ ապրող հայերի, որոնք պլանավորած առիթներ ունեին՝ հարսանիք, ծնունդ, բայց հետաձգել են, հավաքված գումարներն էլ ուղղել Հայաստանին։ Ինքը՝ Մարիամ Մուղդուսյանը, վաճառքի է հանել իր նկարներն ու ստացված ողջ հասույթը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամին։   Մեկը Մարիամ Մուղդուսյանի ստեղծագործություններից, որոնց վաճառքից ստացված գումարն ուղղվել է Հայաստան համահայկական հիմնադրամին   «Երկու տասնյակից ավելի հայ կանայք, որոնք ունեն բիզնեսներ, իրենց բիզնեսի հասույթները տրամադրում են բացառապես Հայաստան համահայկական հիմնադրամին` սկսած նկարչությունից, վերջացրած խմորեղենի արտադրությամբ, կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելով: Ձևավորվել է մի նոր մշակույթ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այսուհետ խնդիր ունենք ոչ միայն մեր ընտանիքներին աջակցելու, այլև ամենամսյա հաճախականությամբ Հայաստան համահայկական հիմնադրամին պարտադիր գումար փոխանցելու: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս հումանիտար աղետին պետք է դիմակայել՝ անընդհատ ներդրումներ կատարելով»,- ասում է նա:    Աննա Սահակյան Լուսանկարները՝ Անի Հարությունյանի
23:19 - 17 հոկտեմբերի, 2020
Հարյուր խոշոր հարկատուների նվիրատվությունները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Արցախին

Հարյուր խոշոր հարկատուների նվիրատվությունները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Արցախին

Արցախա-ադրբեջանական սահմանին պատերազմական լայնածավալ այս գործողությունների հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը միասնական որոշում կայացրեց՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Ամբողջ աշխարհի հայերը արշավի շրջանակում ակտիվորեն սկսեցին նվիրատվություններ կատարել, եւ այս պահին դրամական փոխանցումներն անցել են 123,663,442 դոլարը։ Դրամահավաքին եւ նյութական նվիրատվություններին մասնակցում են նաեւ Հայաստանի խոշոր հարկատուները։ Infocom-ն ուսումնասիրել է, թե խոշոր հարկատուների առաջին հարյուրյակից որ ընկերություններն են նվիրատվություն կատարել ռազմական գործողությունների ընթացքում։ Հրապարակման համար հիմք են հանդիսացել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալներն ու  «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկը (5 միլիոն եւ ավելի) եւ կազմակերպությունների մեկնաբանությունները՝ Infocom-ին։ 16.10․2020-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ընկերությունների կատարած նվիրատվություններին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկաներով։ Ինչպես տեղեկանում ենք խոշոր նվիրատուների վերաբերյալ հաշվետվությունից՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն Հիմնադրամին փոխանցել է 36 200 000 դրամ։ Միջազգային Էներգետիկ Կորպորացիա ՓԲԸ-ն նվիրաբերել է 11 000 000 դրամ։ Հարյուր խոշոր հարկատուներից «ՍՊԱՅԿԱ» ընկերությունը Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկա, սակայն ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն Infocom-ին հայտնեց, որ տարբեր երկրներից շուրջ մեկ միլիոն դոլարի մատակարարումներ են իրականացրել, իրենց ներմուծած ապրանքների տեսքով օժանդակություն են տրամադրել եւ շարունակելու են։ Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկա նաեւ «ԱՎԵՐՍ» ընկերությունը։ Կազմակերպության ֆինանսական տնօրեն Ալլա Ստեփանյանը մեր զրույցում ասաց, որ դեռեւս մեկ միլիոն դրամ են նվիրաբերել եւ շուրջ տասը միլիոն դրամի ծխախտոտ ու դեղորայք են հատկացրել, գործընթացն էլ համակարգել են Արցախի ՊԲ-ի հետ։ «ԴԵՐԺԱՎԱ» ընկերությունների խումբը՝ ի դեմս «Համբարձումյանների ընտանիք» սոցիալական աջակցության հիմնադրամի, «Հայաստան» հիմնադրամին փոխանցել է 50 մլն դրամ, եւս 50 մլն դրամի անհրաժեշտ մթերքներ էլ բեռնատարների միջոցով ուղարկել են Արցախի Հանրապետություն։ «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ից Infocom-ին հայտնեցին, որ Հիմնադրամին դրամական փոխանցում կատարել են, սակայն հարկ չեն համարում նշել՝ որքան, օժանդակել են նաեւ անհաժեշտ սարքավորումներով ու մթերքներով։ Հարյուր խոշոր հարկատուներից «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը եւս չկա Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում, սակայն այս օրերին ունի 500+500 ակցիա․ «ԹԵԼ-ՍԵԼ»-ի միջոցով Հիմնադրամին 500 դրամ փոխանցելու դեպքում եւս 500 դրամ էլ ավելացնում է ընկերությունը։ Այս ընթացքում շուրջ 15 մլն դրամի վճարում է եղել «ԹԵԼ-ՍԵԼ»-ի միջոցով, որը կրկնապատկվել է՝ դառնալով 30 մլն դրամ։ «ՍՈՎՌԱՆՈ» ընկերության անունը Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չգտանք, սակայն ընկերությունից հայտնեցին, որ փոխանցել են շուրջ տասը միլիոն դրամ եւ որոշակի քանակի քաղցրավենիք։ «ԱԳ ԻՄՊԵՔՍ» ընկերության տնօրեն Գեւորգ Խաչատրյանն էլ մեր զրույցում հայտնեց, որ Հիմնադրամին նվիրաբերել են մեկ միլիոն դրամ, օժանդակություն են արել նաեւ որոշակի քանակությամբ հագուստի, ցեմենտի, գլխարկների, անձրեւանոցների ու քնապարկերի տեսքով։ Բացի ընկերությունների անվանական փոխանցումները՝ որոշ դեպքերում նաեւ աշխատակաիցներն են նվիրատվություններ կատարել։ Կան ընկերություններ, որոնք նվիրատվություն են կատարել ոչ թե կազմակերպության, այլ ընկերության տնօրենների կամ հիմնադիրների անուններից։ Հարյուր խոշոր հարկատուների ցանկում կան նաեւ ընկերություններ, որոնք միջազգային ընկերությունների մաս են կազմում։ Նրանցից որոշներն Infocom-ի հետ զրույցում նշեցին, որ այդ պատճառով կազմակերպության անունից չեն կարող նվիրատվություն կատարել, սակայն ընկերության աշխատակիցներն անհատական միջոցներից փոխանցումներ կատարել են Հիմնադրամին։ Մի քանի ընկերություններից էլ հայտնեցին, որ իրենց գլխամասային գրասենյակների հետ համաձայնեցման փուլում են։   Շուրջ 24 ընկերության հետ, որոնք Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկում չկային, կապ հաստատել չհաջողվեց։ Նշենք, որ նվիրատվություն կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաեւ փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ Հիմնադրամի էջում): Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
12:46 - 16 հոկտեմբերի, 2020
Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել. Այն վերաբերում է «Հայաստան» հիմնադրամին ուղարկված օգնությանը

Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել. Այն վերաբերում է «Հայաստան» հիմնադրամին ուղարկված օգնությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված բեռների ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ 1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝ 1) վիրաբուժական և բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ տեղ, 115 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 479 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն. 2) 200 հատ ինֆրակարմիր ջերմաչափ՝ 100 հատ – Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, 100 հատ – Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անհատույց հանձնելու նպատակով և անզգայացման սարքի 2 պահեստամաս «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 32 կգ, 7,454 դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 271 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն 3) բժշկական պարագաներ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Լեռնային Ղարաբաղի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով՝ 14 տեղ, 2,224 կգ ընդհանուր քաշով, 22,255 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 470 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն 2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասված է որոշման մեջ:
11:33 - 12 հոկտեմբերի, 2020
Հայաստան հիմնադրամի նախագահի պարզաբանումը Լոս Անջելեսի դրամահավաքի մասին

Հայաստան հիմնադրամի նախագահի պարզաբանումը Լոս Անջելեսի դրամահավաքի մասին

Համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկական Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ խոստումները։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»։
12:16 - 11 հոկտեմբերի, 2020
ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման, անհրաժեշտ այլ կարիքների համար

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման, անհրաժեշտ այլ կարիքների համար

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այս մասին տեղեկցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ  81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը  կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին»,-ասված է հաղորդագրությունում:
16:39 - 06 հոկտեմբերի, 2020
Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան

Փաստացի, Ադրբեջանը հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հրթիռակոծում են Ստեփանակերտը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց՝ իբր՝ ՀՀ որոշ շրջաններից հրթռիակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը, եւ դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը»,- ընդգծեց նա։ Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդից կենդանի գերիների մասին տեղեկություն չունեմ։ Նման հարց չի էլ քննարկվել։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խոսնակի հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց՝ նրա հայտարարությունները սադրանքի հող նախապատրաստող են։ «Մի նուրբ հարց կա․ փաստացի, Ադրբեջանը շատ հաճախ Արցախի սահմանային տարածքները ճանաչում է որպես Հայաստանի հող։ Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որ ընդհատակում չմնա»,- հավելեց նա։ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ սաստիկ ու ինտենսիվ պատերազմ է, այս պարագայում հոսպիտալներն աշխատում են առանց հանգստի, կարող են լինել դեպքեր, որ վիրավորները ուշ հայտնաբերվեն։ «Խնդրում եմ, ըմբռնումով մոտեցեք, փորձում ենք հնարավորինս սխալներ թույլ չտալ»,- հավելեց նա։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա։ 
11:22 - 05 հոկտեմբերի, 2020
Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար

Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար

Թարմացված․ 21։40-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքվել է 125 հազար դոլրից ավելի գումար։   Ժամը 20:30 դրությամբ հավաքվել է 111 000 դոլարից ավելի գումար, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Շնորհակալ ենք մեր բոլոր հայրենակիցներին ու հպարտ այս համախմբվածությամբ։ Ըստ էության, միջինը յուրաքանչյուր րոպեն մեկ նվիրատվություն ունենք», - գրել է նա՝ երկու կարևոր ծանուցում անելով: Այսպես, Հայաստանում ինտերնետ կապը գերծանրաբեռնված է, այդ իսկ պատճառով կայքը դանդաղ է ներբեռնվում։ Նա վստահեցնում եմ, որ կայքին ուժեղ անվտանգություն է միացված. «Ուստի մի փոքր համբերատար եղեք և կայքը կներբեռնվի։ Եվ եթե առցանց նվիրատվություն եք կատարում և բանկի վճարման էջից հետո կարճ հաղորդագրություն չստանաք Ձեր հեռախոսին, ապա խնդրում ենք անմիջապես կապվել ձեր բանկի հետ, որպեսզի ձեր հեռախոսի համարը կցեն բանկային քարտին ու դրանով սմս կոդ ստանալու ծառայությունը ակտիվանա»։  Արշամյանը նաև ընդգծել է, որ եթե առցանց վճարման համակարգի հետ կապի պատճառով խնդիր կա, ապա դրամական փոխանցումների համար կարելի է օգտագործել Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարները։ 
22:00 - 27 սեպտեմբերի, 2020
«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

«Հայաստան» հիմնադրամից օժանդակություն է հատկացվելու Լիբանանի ու Սիրիայի բոլոր հայկական դպրոցներին

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Արամ Ա հայրապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին եւ նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաեւ վերականգման աշխատանքները, գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին։ Ըստ Արամ Ա հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին, իսկ Սիրիայի դեպքում օժանդակություն է տրվելու նաեւ կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։
10:24 - 10 սեպտեմբերի, 2020