ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառված մոտ 9 միլիոն դրամի վնասը

Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառված մոտ 9 միլիոն դրամի վնասը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յուլյա Գասպարյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, ընդ որում` ոչ թե արդարացնող հիմքով, այլ համաներմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ըստ հաղորդագրության` գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Յուլյա Գասպարյանի պաշտպանը արագացված վարույթ կիրառելու միջնորդություն է ներկայացրել։ Յուլյա Գասպարյանն էլ, միանալով պաշտպանի ներկայացրած միջնորդությանը, հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքին։ Արագացված վարույթի ընթացքում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ: «Դատարանը հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը: Դեռևս նախաքննության վաղ փուլում Յուլյա Գասպարյանը վերականգնել է պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք` նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում էր հարուցվել 2022 թվականի նոյեմբերին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ նա նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպա, բայց տարիներ շարունակ ծառայության չի ներկայացել։ Այդ ընթացքում նրան փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ), Յուլյա Գասպարյանն էլ ստացել և կանխիկացրել է այդ գումարները։
09:56 - 15 դեկտեմբերի, 2023
Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է կիբեռհանցագործության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին

Արթուր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցում է կիբեռհանցագործության դեմ պայքարին նվիրված կոնֆերանսին

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեկտեմբերի 13-15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Կիբեռհանցագործության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովին: Միջոցառման շրջանակում ՀՀ պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող CyberEast նախագծի փակման միջոցառմանը: Համաժողովի միջոցառումներից է Կիբեռհանցագործության ռազմավարությունների վերաբերյալ տարածաշրջանային բարձրաստիճան հանդիպումը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթություններին: Միջոցառման ընթացքում ստորագրվելու է կիբեռհանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ երկրորդ հռչակագիրը:
15:37 - 14 դեկտեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

 |aravot.am|

Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին |aravot.am|

aravot.am: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականության է փոխանցվել վեց անշարժ եւ մեկ շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ նաեւ վերականգնվել է շուրջ 79 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում «Գույք ամրացնելու մասին» որոշում ընդունվեց։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ որոշման՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ գույք եւ մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ գույքերն են Ծովակալ Իսակովի պողոտայի 25/2, 25/3, 25/4 հասցեներում գտնվող հողատարածքները եւ Արաբկիր վարչական շրջանի վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, իսկ շարժական գույքը Range Rover Sport ավտոմեքենա է։ Նախապատմությունը հետեւյալն է՝ գլխավոր դատախազը դիմել է մեզ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կա գործընթաց»,- ասաց Գնել Սանոսյանը։ Աննա Վարդապետյանն ասաց, որ նշված գույքերից հինգի նկատմամբ՝ չորս անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա, արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ «Եվ այս նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերը փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,- ասաց Աննա Վարդապետյանը։ Մյուս անշարժ գույքը՝ Արաբկիր վարչական շրջանի ավտոտնակը, Աննա Վարդապետյանի խոսքով, պատկանում էր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին։ Ըստ գլխավոր դատախազի՝ եւս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեն լիարժեք տնօրինելու է, եւ այն արդեն լիարժեք պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
12:57 - 14 դեկտեմբերի, 2023
ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի (Գագիկ Խաչատրյանի-խմբ.) որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետև՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի և Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝  ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր: Բացի այդ, Գ.Խ.-ն, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է, որ  իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի  19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագիր՝ իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս՝ գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):  Թեև պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի և ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:  Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի և եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ և տնօրինվել նրանց կողմից:  Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ  ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաև կանխիկ մուտքագրված և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:   Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի և 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին և վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարը և 206 հազար 500 եվրոն փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Ս.Ա.-ի և Գ.Խ.-ի որդիների միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ 7 մլն, 10 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ (Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել): Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն և եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն և, օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից, 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Արդյունքում առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին և հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին: Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների և կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։  Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում (երեք դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը), Գ.Խ.-ի որդի Գ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, հայտարարվել է հետախուզում), Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը), վարորդ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
11:10 - 14 դեկտեմբերի, 2023
Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և տարբեր պատրվակներով խաբեությամբ ստացել նրանց հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը: Գաղտնաբառերն ստանալուց հետո Ա.Հ.-ն հասանելիություն է ձեռք բերել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակիներին և դրանց միջոցով, նրանց անվամբ կնքել վարկային պայմանագրեր: Նկարագրված եղանակով Ա.Հ.-ն կատարել է ընդհանուր 39 մլն 803 հազար դրամի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով տարբեր բուքմեյքերական ընկերությունների՝ իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն): Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ իրենց էլեկտրոնային դրամապանակների, բանկային քարտերի տվյալներն այլ անձանց փոխանցելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:28 - 13 դեկտեմբերի, 2023
ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ դրանով պայմանավորված իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։ Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ. «Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ․ Ազգային անվտանգության  ծառայությունից։ Որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի  քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․  Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի  ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես, հենց այդ  պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա որպես  երեւույթ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է թե՞ ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ,  րո անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին,-հեղ.) այցելել էր նույն  շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ  դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի  խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն՝ դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից  անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։ «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ Դատախազությունն ուսումնասիրե՞լ է/ուսումնասիրո՞ւմ է նախկին պաշտոնատար անձի՝ իր  օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու փորձի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։ Եթե այո, դրա վերաբերյալ կազմվե՞լ է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Դրական  պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել հոդվածը եւ մանրամասնել՝ ինչպես է լուծվել  դրա ընթացքը։ Իսկ եթե կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, խնդրել էինք նշել դրա հիմքը։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:  Հարությունյանը հավակնում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ԱԺ-ն քննարկեց վերջինիս թեկնածությունը, որը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ, սակայն Հարությունյանը չընտրվեց անդամի պաշտոնում, քանի որ քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։ Միլենա Խաչիկյան
10:15 - 13 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձանց նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձանց նկատմամբ

Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի իրացում կատարած անձանց նկատմամբ: «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով և դրա շրջանակներում հսկող դատախազի կողմից մեղադրյալի հետ համագործակցության համաձայնագրի կնքման արդյունքում պարզվել է, որ Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, ղեկավարելով մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվելու նպատակով 2020 թվականին ստեղծված հանցավոր կազմակերպությունը, դրա կազմում ընդգրկել են Ն.Մ.-ին, Գ.Ա.-ին, Հ.Հ.-ին, Մ.Ա.-ին, Զ.Հ.-ին, Վ.Մ.-ին, Ս.Դ.-ին, Հ.Գ.-ին և այլ անձանց: Մ.Ա.-ն, Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն կապ են ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող անձի հետ: Վերջինս ապահովել է մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք և թմրամիջոցների հանձնումը հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք թմրամիջոցները բաժանել են տարբեր քաշերի, փաթեթավորել, տեղադրել են թաքստոցներում, ապա իրացրել ինչպես առձեռն, այնպես էլ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի կիրառմամբ: Թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով օգտագործվել են էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ, բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ, ինչպես նաև վճարային տերմինալներ՝ անանուն կանխիկ մուտքագրումների համար: Մուտքագրված ֆինանսական միջոցները տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից. 193 էլեկտրոնային դրամապանակներ է մուտքագրվել 2 մլրդ 179 մլն 593 հազար դրամ: Քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և առգրավվել են 20 կգ 415 գ քաշով «Մեթամֆետամին», «Հերոին», «Կոկաին» և «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ։ Հանրային քրեական հետապնդումները հարուցվել են Քրեական օրենսգրքի 318-րդ և 319-րդ հոդվածների 1-ին մասերով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը, ղեկավարելը, դրան մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։       Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
18:51 - 12 դեկտեմբերի, 2023
102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին
 |factor.am|

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հելսինկյան ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության դիմումին։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Դատախազությունից։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։ «ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։ ՀՔԱՎ-ը հայտարարությանը կից պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմիններից՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։
17:26 - 11 դեկտեմբերի, 2023
«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

«Տեխնիկան կրակելով գալիս էր, թռել ենք առվի մեջ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողի հարցաքննությունը

Քիմիկների զորամասի անվանումը ստացած քրեական գործով երեկ դատարան էր ներկայացել 44-օրյա պատերազմի ժամանակ նույն զորամասի հատուկ մշակման վաշտի քիմիկ–գազազերծող Գաբրիել Արզումանյանը։ Նա զորամասի այն քիչ ծառայողներից է, որ 2020 թ․ հոկտեմբերի 21-ի՝ Կովսականում տեղի ունեցած հարձակումից հետո կարողացել է խուսափել հակառակորդի տեսադաշտից եւ փրկվել։ Այդ օրը, հիշեցնենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Անդրանիկ Մակարյանի հրամանով 62–հոգանոց անձնակազմը մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք եւ «Սանրում» գործողության կատարման եղանակով հայտնաբերել եւ ոչնչացնել  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը։ Մակարյանը, սակայն, ըստ քրեական գործի, ճիշտ չի կազմակերպել անձնակազմի ուղեկցման հարցը, եւ դրա, ինչպես նաեւ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անձնակազմը «Կիրի հանք»–ի մոտ տեղակայված ոստիկանական հենակետում իջնելու փոխարեն հասել է դրանից շուրջ 5-6 կմ հեռու գտնվող Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ եւ հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:  5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Դատարանում ցուցմունք տալով՝ Արզումանյանը հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է ծառայությունից, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Գաբրիել Արզումանյանի խոսքով՝ անձնակազմին զրահաբաճկոններ չեն հատկացրել Տուժող Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ պատերազմի մեկնարկից օրեր անց՝ հոկտեմբերի 8-ի մոտակայքում, դուրս են եկել իրենց մշտական տեղակայման վայրից եւ ուղեւորվել Սյունիքի մարզ։ Մեղրիի, Լիճքի զորամասերում մի քանի օր անցկացնելուց հետո եկել են Կապանի զորամաս։ Հենց այդտեղ էլ տեղեկացել են մարտական առաջադրանքի մասին։ Արզումանյանի խոսքով՝ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավելի քան 150–հոգանոց անձնակազմը շարվել է, եւ զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հայտնել է հաջորդ օրվա մարտական առաջադրանքի մասին, ասել՝ պետք է գնան մոտ 50 հոգով։ Մեծ մասը, նրա խոսքով, ինքնակամ է գնալու ցանկություն հայտնել։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանի հարցին՝ գնացողները ընտրվել են միայն ըստ ցանկությա՞ն թե՞ նաեւ ըստ հաստիքի՞, տուժողը դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ որպես խոհարար զորակոչված Ալեքսանդր Բաբայանը հայտնել էր, որ իրեն այդ մարտական առաջադրանքին որպես հետախույզ են ուղարկել։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը «Հրամանատարն ասում էր՝ պատրաստվենք, որ առավոտյան խնդիր պիտի կատարենք, մեր ունեցվածքը պատրաստենք, զենքերը, հանդերձանքը․․․ Զինանոցից զենքերը ստացանք, փամփուշտները․․․ Հաստիքով ինչ ունեինք՝ կասկա, վեշ–մեշոկները, էդ էր մեր հանդերձանքը։ Զրահաբաճկոն չենք ունեցել, չեմ կարող պատասխանել, թե ինչու»,– պատմեց Արզումանյանը։ Նրա խոսքով՝ բուն առաջադրանքի, դրա տեղանքի, դիրքավորման մասին այդ օրը խոսակցություն չի եղել, հաջորդ օրը լուսադեմին՝ մեկնելուց առաջ են զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ու ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնել, որ պետք է գնան՝ սանրման աշխատանքների։ Մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սանրման աշխատանքը․ «Բառը ուղիղ իմաստով հասկանալով․․․ Ո՞նց բացատրեմ․․․ Հետո ասացին՝ քիչ անձնակազմ կա տվյալ տեղում, վիրավորներ․․․ Պիտի գնանք, էդ անձնակազմին․․․ Թե հնարավոր կլինի վերացնելու, գերեվարելու․․․»։ Մեղադրող Նավասարդյանի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ նախկինում երբեւէ չի մասնակցել այդպիսի աշխատանքի կամ դրա վերաբերյալ որեւէ դասընթացի։ – Հարցրի՞ք՝ մեզնից ի՞նչ սանրող,– հետաքրքրվեց դահլիճում գտնվող տուժողի իրավահաջորդ Հայկ Եղիազարյանը։ – Ոչ։ –Իսկ տենց հարց առաջացե՞լ է։ –Շատ հարցեր են առաջացել, երկրի իրավիճակից ելնելով՝ չենք ուղղել ոչ մի տեղ, հենց մեկը էն, որ չենք ունեցել բռոնիկ։ – Այսինքն՝ դուք քիմիկ եք, դուք պատրաստվածություն ունեցե՞լ եք, որ գնում եք։ – Հոգեպես պատրաստ ենք եղել։ – Եթե ֆիզիկապես պատրաստ չէիք, հոգեպեսով ի՞նչ էիք անելու։ –Դե ֆիզիկապես Էջմիածնից էլ չպիտի գնայինք,– նշեց տուժողը։ Ի պատասխան հարցին, թե որտեղ էր նախատեսվում այդ առաջադրանքը, նա տվեց Կովսական քաղաքի, այլ ոչ թե Կիրի հանքի անունը, ուր ի սկզբանե նախատեսված էր գնալ․  –Կովսականի մոտակայքում, էդ ուղղության վրա,– ասաց նա։ – Կովսականի ուղղության վրա՞ թե՞ շրջանում,– ճշգրտող հարց հղեց դատախազը։ – Էդ չեմ կարող ասել, տեղանքը, որպես այդպիսին, Զանգելանի կողմերն էր։ Առավոտյան ենք իմացել, որ ուղղությունը Զանգելան է լինելու։ – Ո՞վ ասաց Ձեզ այդ մասին։ – Եթե չեմ սխալվում, գեներալ Մակարյանը։ Տուժողի իրավահաջորդները Տուժողի իրավահաջորդները հետաքրքրվեցին՝ Արզումանյանը տեսե՞լ էր այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները իրենց դրոշն էին դնում Կովսականում, ինչն արդեն հուշում էր, որ թշնամին այնտեղ է։ Ի պատասխան՝ նա ասաց, որ տեսել է դեռ հոկտեմբերի 19-ին, բայց դրա վերաբերյալ էլ հարցեր չի տվել, որովհետեւ այդ լուրերը անընդհատ հերքվում էին։ – Բայց գնացիք ու տեսաք, որ իրականությանը համապատասխանում էր։ – Փաստորեն։ Տուժողը չհիշեց, որ «Կիրի հանք» տեղանքի մասին երեկոյան կամ առավոտյան հրամանատարներից լսած լինի, ասաց՝ դրա մասին միայն մարտից հետո է տեղեկացել։ Տուժողը չմտաբերեց ոչ մարտից առաջ, ոչ ընթացքում հնչած որեւէ հրաման Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ հոկտեմբերի 21-ին լույսը դեռ լրիվ չբացված ճանապարհ են ընկել։ Առջեւից գնացել է ուղեկցող մի մեքենա, որից հետո՝ հրամանատարի ՎԻԼԻՍ–ը, ապա՝ իրենց 3 ավտոբուսները։ Ոստիկանական անցակետը, որտեղ նախատեսված էր անձնակազմի կայանումը, Արզումանյանը նկատել է, բայց կանգառ, ըստ նրա, այդտեղ չի եղել։ Տուժողի խոսքով՝ վերջնական կանգառը եղել է ճամփաբաժան մի հատվածում, ինքը մտածել է, թե հենց դա է իրենց վերջնակետը։ Ավտոբուսներից իջնելուց տասը րոպե չանցած՝ հակառակորդը կրակ է բացել․ «Իջանք, տեղանքն էինք նայում՝ ուր ենք, խի․․․ Երբ բլուրի վրա սկսեցին շատանալ․․․ Նենց չէր, որ պարզ համազգեստը երեւում էր, բայց ոնց որ մերը չլիներ, մեր համազգեստը չէր, կանաչավուն, անծանոթ․․․ Արդեն կրակոցը սկսվեց մեր վրա աջից, ձախից, վերեւից․․․ Խուճապը երբ սկսեց, սկսեցին վազել էս կողմ–էն կողմ․․․ Էդ պահին նկատել եմ զորամասի հրամանատարին․․․ Մինչեւ խուճապը, երբ իջել ենք՝ ոչ»։ Մեղադրողի հարցին, թե այդ մի քանի րոպեների ընթացքում՝ մինչ հարձակումը, ինչ հանձնարարություն են ստացել, տուժողն ասաց, որ որեւէ սպայի կողմից որեւէ հանձնարարություն չի եղել։ Նա չմտաբերեց կոնկրետ հրաման նաեւ հարձակումից հետո։ Ասաց՝ ՀՀ ԶՈՒ–ից այլ գործողություն այդտեղ չի եղել, մինչդեռ Մակարյանն իրենց հայտնել էր, որ նախքան իրենց գնալը այնտեղ պիտի հրետանի աշխատի։ «Երբ սկսեցին կրակել, աջից–ձախից գոռում էին՝ դիրքավորվեք, թաքնվեք, տարբեր կողմից գալիս էր էդ ձայնը․․․ Նենց վիճակ է եղել, որ ով որտեղ հասցրել, թաքնվել է, որովհետեւ անկանոն կրակում էին մեր վրա»,– պատմեց նա։ Թե որքան էր հակառակորդի թիվը, տուժողը չկարողացավ հստակ հայտնել, 100-ից մինչեւ 500 թվեր մատնանշեց։ Ըստ տուժողի՝ հարձակման պահին ավտոբուսները թողել, հեռացել են Գաբրիել Արզումանյանը պատմեց, որ ինքը բլուրի տակ դիրքավորվել է ու սկսել կրակել։ Կրակի ղեկավարում որեւէ մեկի կողմից նույնպես չի եղել, կրակոցները վերեւից են եղել, ինքն էլ այդ ուղղությամբ է կրակել․ «Իմ հետ իմ կողքին եղել է ՄՈԲ–ի տղաներից Արթուրը, Արմանը, մեր պայմանագրայիններից Դավիթը Դանիելյան, ու Սերգեյը, Արտաշատի ՄՈԲ–ն էր, իրարից մոտ 10-15 մետր հեռավորության վրա պառկած ենք եղել, հետո իրար պահելով՝ իրար կողք ենք եկել»։ Արզումանյանը նշեց՝ այդ 4 հոգուց բացի իրենց անձնակազմից էլ ոչ ոքի չի տեսել։ Ուղեկցող մեքենան եւ ավտոբուսները պտտվել եւ առանց անձնակազմի հեռացել են, իր ենթադրությամբ՝ փրկվելու համար։ Դատավարության մասնակիցները Հրաձգությունը 30-40 րոպե է տեւել, դրանից հետո կրակը մի փոքր թուլացել է, եւ սկսել է երեւալ հակառակորդի տեխնիկան՝ БТР–ը, որ կրակելով շարժվել է իրենց ուղղությամբ։  Հիշյալ 5 հոգով ստիպված են եղել թռչել առվի մեջ․ «Մեր կանգնած տեղից 50 մետր շոշ էր, տակը՝ առու, թռել ենք էդ առվի մեջ, առու ասվածը գյուղի կանալիզացիան էր»։ Ջուրը նետվելիս Արզումանյանը վիրավորվել է, հետագա 700-800 մետրը ստիպված են եղել 7-8 ժամում անցնել։ Ամբողջ ընթացքում հակառակորդը վերեւից դուրս գալու, հանձնվելու կոչեր է հնչեցրել։ Հասել են գյուղի սկզբնամաս, մի տան մոտակայքում հանդիպել իրենց մի քանի համածառայակիցների, միասին սպասել՝ մութն ընկնի, որ ճանապարհը շարունակեն։ Ապա դուրս են եկել եղեգների դաշտ, որտեղ էլ հանդիպել են հրամանատար Արսեն Աբգարյանին։ Հարցին, թե ի՞նչ էր անում Աբգարյանը, տուժողը պատասխանեց՝ երեւի նույնը, ինչ մենք՝ պատսպարվում։ – Ի՞նչ եք զրուցել։ – Չենք զրուցել, գիշեր էր, սպասել ենք լույսը բացվել ա, նորմալ իրար դեմք առավոտյան ենք տեսել՝ ով ով ա, ոնց ա։ Ես ոչ թե ասեմ՝ ի վիճակի չեմ եղել, այլ հիմնականում պառկած եմ եղել․․․ Համ ահագին արյուն եմ կորցրած եղել, համ հանգստի կարիք ունեի։ – Իսկ զորամասի հրամանատարի կողմից հրաման, կարգադրություն ստացե՞լ եք։ – Ոչ, էն ա եղել, որ սպասել ենք լույսը բացվի, հելել ենք գետի ափին, շարունակել ենք ճանապարհը դեպի թիկունք։ Կիրի հանքի ուղղությամբ դուրս գալով՝ նրանք ի վերջո փրկվել են։  –Հրամանատարությունը մեղավորություն ունի՞, որ նշված տեղը չեք կանգնել,– հարցաքննության ավարտին հետաքրքրվեցին տուժողների իրավահաջորդները։ – Ես տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ, անձամբ չեմ տիրապետել։ – Անցել է 3 տարի, ոնց էլ չլինի՝ ամեն օր կմտածես, կհիշես․․․ Ո՞վ է էդ ամեն ինչի մեղավորը։ – Ով մեզ էնտեղ ուղարկել է,– պատասխանեց Գաբրիել Արզումանյանը։ Հրապարակվեց տուժող Արթուր Ստեփանյանի նախաքննական ցուցմունքը Հարցաքննված մյուս տուժողը Արթուր Ստեփանյանն էր, որի հարցաքննությունը սկսվել էր դեռ նախորդ դատական նիստին։ Մեղադրող Դավիթ Նավասարդյանն այսօր միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքից երկու դրվագ, քանի որ դրանցում եւ դատաքննական ցուցմունքում որոշակի հակասություններ էր տեսնում։ Նավասարդյանը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքը, որ Ստեփանյանը տվել է 2021 թ․ հուլիսի 20-ին․ «Հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան՝ 24։00-ի սահմաններում, մեր զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն ասաց, որ առավոտյան շուտ պատրաստվում ենք խմբով մեկնել Զանգելան, որտեղ խնդիր է դրվելու հակառակորդի ներթափանցած դիվերսիոն խմբերին հայտնաբերել եւ ոչնչացնել եւ ավելացրել՝ ով է ցանկանում կամավոր մասնակցել այդ գործողությանը»,– ասաց մեղադրողը։ Տուժող Արթուր Ստեփանյանը, նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Նախորդ նիստին Ստեփանյանը նշել էր ոչ թե դիվերսիոն խմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու, այլ ինչ–որ անձանց՝ հակառակորդին կամ վիրավորներին դուրսբերելու հրահանգի մասին։ Այսօր ասաց՝ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը։ Մյուս դրվագն էլ վերաբերում էր Անդրանիկ Մակարյանի գործողություններին, ինչի վերաբերյալ տուժողը նախաքննության ժամանակ ասել էր․ «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 05։30-06։00-ի սահմաններում, շարվել ենք Կապանի հրետանային գնդի շարահրապարակում, եկավ Մակարյանը, դարձյալ բացատրեց խնդիրը եւ մեր կողմից ակնկալվող գործողությունները՝ ասելով, որ ընդհանուր գործողությունը ղեկավարելու է ինքը, այն պետք է կատարենք 2 խմբով, իսկ մյուս խումբը, որի կազմում լինելու է ինքը, Կովսականին մոտենալու է մեր գնացած ուղղությանը հակառակ կողմից,– ընթերցեց մեղադրողը։ Ստեփանյանն ասաց, որ ինքը հակասություն չի տեսնում, գնալու էին վիրավորներին հանելու, եւ հնարավոր է՝ թաքնված մարդիկ լինեին, դրանից պետք է զգույշ լինեին, ոչնչացնեին։ Ինչ վերաբերում է Մակարյանի՝ խմբի կազմով հակառակ կողմից մոտենալու հանգամանքին, նա ասաց, որ երեք տարի է անցել, դա չի հիշում, այդ պատճառով էլ նախորդ նիստին չի նշել։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ինֆոքոմի
15:44 - 09 դեկտեմբերի, 2023
Կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց |news.am|

Կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց |news.am|

news.am: Կենդանասերներն իրենց շների հետ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ. նրանք բողոքում են շների սպանդի դեմ, որ տեղի էր ունեցել Հրազդան քաղաքում: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ցուցադրեց որսորդական հրացանի գնդակ, որ իր ասելով հանել է շան գլխի միջից. «Մենք ռենտգենը կտրամադրենք լրատվամիջոցներին, ինչպես նաեւ սպանդից կադրեր, արյունլվիկ շների կադրեր»: Նրանք նաեւ բերել էին կրակոցներից սատկած շան մարմինը: Կենդանասերները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, մինչեւ դատախազությունից որեւէ մեկը չիջնի եւ բացատրություն չտա: «Հրազդանը հայտնի է իր դաժանությամբ, տարիներ առաջ էլ շան հետեւը փայտ էին մտցրել ու էդպես քարշ տվել: Սա կանխամտածված սպանություն է: Սա եղավ այն բանից հետո, երբ երեկ լրատվականները տարածեցին, որ 7 տարեկան երեխային շները գզել են, թեեւ չէին գզել: Սա կառավարության մեղավորություն է, չեն արվում ստերջացման ծրագրեր, չեն բացվում կացարաններ, դպրոցի կողքը աղբակույտ է, ինչը կենդանիների համար սննդի աղբյուր է: Հրազդանում ստերջացման ծրագիր չի հայտարարել: Իմ տվյալներով սպանել են 7 շուն»,-ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից մեկի անդամը: Կենսաբազմազանության պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ պատկան մարմինները թքած ունեն առաջարկվող բոլոր լուծումների վրա. «Ոչինչ չի իրականացվել այսքան ընթացքում, եղել են միայն դատարկ խոստումներ՝ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գլխավորությամբ: Նա իր խոստման համաձայն, պարտավոր էր արդեն անցած տարի Կենդանիների բարեկեցության օրենքը բերել ԱԺ: Դա իր մեջ ներառում է Հայաստանի տարածքում կենդանիների հաշվառում, ողջ երկրի տարածքում պարտադիր ստերջացման ծրագրի ներդրում: Ստերջացման ծավալները շատ քիչ են այսօր: Հայաստանի ողջ տարածով պետք է լինեն պետական կացարաններ: Մենք տվել ենք բազմաթիվ հաղորդումներ հանցագործության մասին, Աննա Վարդապետյանը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին: Դատախազության հաղորդագրությունը, որ վարույթ է հարուցվել, ընթացել է նախաքննություն, շատ քիչ է, որովհետեւ բազմաթիվ վարույթներ են եղել եւ մարդիկ չեն կրել բացարձակ որեւէ պատասխանատվություն: Եթե կառավարությունը, մնացած պատկան մարմինները համապատասխան արձագանք չտան, համապատասխան օրենք չընդունեն, վերահսկողություն չսահմանեն, իմ գլխավորությամբ տվյալ կենդանիները բերվելու են իրենց դռան առջեւ: Այսօր մենք այդ քայլը արել ենք»,-ասաց նա: «Թող ոստիկանությունը չհամարձակվի ասել, որ տարածքի տեսախցիկները չէին նկարում, որ իրենք չեն կարող արձանագրել, թե ովքեր են կրակել: Դեռ պետք է քննություն իրականացնել ու պարզել, թե ինչպես է Հրազդանի պարեկային ծառայությունը չլսելու եւ չտեսնելու տվել խայտառակությունը, որը տեւել է մեկ ժամից ավելի: Մեր տվյալներով անշնչացել է 7 շուն»:
15:46 - 08 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես պահեստապետ, իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ա.Գ.-ն, նույն ժամանակահատվածում, ՌԴ-ից պարբերաբար մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու և սահմանված արգելքը խախտելու եղանակով, տեխնիկական սարքավորումների մեջ թաքցված վիճակում, Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: 2021֊2022 թվականների ընթացքում, Ա.Գ.-ն «Տելեգրամ» հավելվածում իր կողմից ստեղծված և կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակով, զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ՝ ներգրավելով նաև այլ հանցակիցների:           Ա.Գ.-ի կողմից կառավարվող՝ «Top Weed» առցանց խանութ-հարթակի միջոցով ապօրինի իրացման համար նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներից ընդհանուր՝ 556,090 գրամ  քաշով «մարիխուանա» և 190,326 գրամ  քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները հայտնաբերվել են Ա.Գ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ: Ա.Գ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
14:34 - 08 դեկտեմբերի, 2023
Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ

Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ընկերության տնօրենի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «ՌԵՎԻՎԱԼ» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Գ.Է.-ի նկատմամբ՝ ընդերքն օգտագործելու թույլտվություն չունենալու պայմաններում, Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրի 3-րդ հասցեում գտնվող հողատարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից: «Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Է.-ն, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջը, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ մոտ 3000 խմ ծավալով օգտակար հանածո (ավազ): Գ.Է.-ն, արդյունահանված ավազի 1 խմ-ն 9000 դրամով, իսկ ընդհանուրը՝ 27 մլն դրամով, ընկերության աշխատակից Ա.Մ.-ի միջոցով, իրացրել է տարբեր անձանց՝ չվճարելով 500 հազար դրամ պետական տուրքն ու ընդերքն օգտագործելու նպատակով թույլտվության համար նախատեսված 5 մլն դրամը: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:30 - 06 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում՝ իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում: Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ: Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
12:17 - 05 դեկտեմբերի, 2023
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը,  1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: Տեղեկությունը հրապարակվել է դատախազության ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության համաձայն` գխավոր դատախազությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2, Տալվորիկ գյուղի 4 և Լենուղ գյուղի 2 հողակտորները։  Պահանջների թվում նաև 61 մլն դրամ է նշվում, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
11:05 - 02 դեկտեմբերի, 2023
23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 

23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 

Քսաներեք տարի անց Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը։ Դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նրա որդուն՝ Խաչատուր Սիրադեղյանին, դատական նիստին մասնակցելու ծանուցում է ուղարկել։ Վերջինս այսօր ներկայացել է դատարան։ Խոսքն այն բազմադրվագ գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռ 1999 թվականից։  Հիշեցնենք՝ 1999 թ․ փետրվարի 19-ին Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գրեթե 3 ամիս անց՝ մայիսի 3-ին, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության  համար։ Ձերբակալումից ազատվելուց հետո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թ․ ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը եւ զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի այդ որոշումից հետո նա լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դարձյալ հայտարարվել է հետախուզում։ 2000 թ․ ապրիլին դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը Ավելի քան 2 տասնամյակ կասեցված մնալուց հետո՝ նախորդ տարի, գործի ընդդատությունը փոխելու անհրաժեշտություն է ծագել։ Բանն այն է, որ 2021 թ․ ընդունվել եւ 2022 թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական  նոր օրենդրությունը, որի շրջանակում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։ Ցանկում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե Ընդհանուր իրավասության, այլ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ այդմ, Ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնց դատաքննությունը դեռ սկսված չի եղել, պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան։ Քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի, հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ․ հոկտեմբեր ամսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մինչ օրս, սակայն, ըստ էության քննություն տեղի չի ունեցել։ Այսօրվա նիստին դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց՝ քրեական գործում առկա են տեղեկություններ, որ Վանո Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի կողմից լիազորված փաստաբանները նախկինում ծանոթացել են գործի նյութերին, ինչով պայմանավորված՝ դատարանը որոշել է ծանուցել որդուն, որպեսզի նրա հետ՝ որպես մերձավոր ազգականի, որոշակի հարցեր քննարկի, այդ թվում՝ գործի հետագա ընթացքի հետ կապված։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է։ Այս կանոնը, սակայն, չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը առարկում է դրա դեմ։ Նախկին նախարարը, հիշեցնենք, մահացել է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը Խաչատուր Սիրադեղյանից հետաքրքրվեց՝ նա ցանկանո՞ւմ է որպես Վանո Սիրադեղյանի մերձավոր ազգական մասնակցել դատական նիստին եւ որպես իրավահաջորդ ներկայացնել նրա շահերը։ Սիրադեղյանը դրական պատասխանեց։ Իրավահաջորդի կարգավիճակ ստանալու համար նա պետք է առաջիկայում համապատասխան միջնորդություն ներկայացնի։ Դատավորը խնդրեց դրա հետ մեկտեղ ներկայացնել նաեւ Վանո Սիրադեղյանի մահվան վկայականը՝ նշելով, որ դատարանը փորձել է քրեադատավարական ճանապարահով պարզել մահվան հետ կապված որոշ հանգամանքներ, սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այդ պահի դրությամբ առկա չի եղել տեղեկություն այն մասին, որ Վանո Սիրադեղյանը մահացած է։ Խաչատուր Սիրադեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, իրավահաջորդի կարգավիճակ ստանալու, ապա նաեւ գործի նյութերին ծանոթանալու համար, հայտնեց՝ դատական նիստին ներկայանալու ծանուցումից բացի իրենք որեւէ այլ տեղեկություն չեն ստացել։ Անդրադառնալով դատական նիստի տեսա եւ լուսանկարահանմանը՝ Եգորյանը նշեց, որ այս պահին առարկություն չունեն, բայց իրենց դիրքորոշումը կարող են հայտնել գործի բովանդակության մասին խորքային պատկերացում ունենալուց հետո միայն։ Մեր զրույցում փաստաբանը տեղեկացրեց՝ Խաչատուր Սիրադեղյանն այս պահի դրությամբ հոր մահվան հիմքով քրեական գործի կարճմանը համաձայն չէ, պահանջելու են շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Եգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
22:08 - 01 դեկտեմբերի, 2023