ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Զատուլինը հայտարարել է, որ նամակ է ստացել, ըստ որի՝ իր մուտքը ՀՀ անցանկալի է
 |tert.am|

Զատուլինը հայտարարել է, որ նամակ է ստացել, ըստ որի՝ իր մուտքը ՀՀ անցանկալի է |tert.am|

tert.am: ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված տեղեկությունն առ այն, որ ռուս պաշտոնյայի մուտքը երկիր արգելվել է:«Ես ձեր նշած հրապարկումը չեմ կարդացել, բայց այսօր առավոտյան ստացել ենք նամակ, որի բովանդակությանը հենց նոր եմ ծանոթացել: Նամակում ասվում է, որ իմ արտահայտությունները վնաս են հասցնում ՀՀ-ին և որ այս կապակցությամբ իմ մուտքն անցանկալի է: Ինչպես հասկանում եմ՝ այսպես է խորհրդարանի ներկայացուցիչը պատասխանել այն առաջարկներին, որոնք անցյալ շաբաթ ուղարկել ենք պարոն Սիմոնյանին (ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-Խմբ.), նրա տեղակալին՝ փոխխոսնակին, որը զբաղվում է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերով, ինչպես նաև արտգործնախարար Միրզոյանին՝ նրանց  հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի՝ նիստին, որը նպատակ ունեինք անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երևանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Սակայն տեսնում եմ, որ խորհրդարանի ներկայացուցիչները, հավանաբար նաև Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ պատմական անցյալը, ո՛չ էլ ներկան»,-ասել է քաղաքական գործիչը:Շարունակությունը՝ tert.am-ում
15:12 - 25 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել ԱՊՀ առաջնորդների արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունը, ապա նեղ կազմով նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Մինչ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին անցնելը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և մեր ղազախստանցի ընկերներին` այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և շնորհավորել նրանց ԱՊՀ-ում արդյունավետ նախագահության ու Ղազախստանի նախագահության առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ։ Նաև անկեղծորեն հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում ղրղզստանցի գործընկերներին` ԱՊՀ-ում ապագա նախագահության շրջանակներում։ Հարգելի գործընկերներ, Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարկ եմ համարում նշել այս համատեքստում ԱՊՀ դերի կարևորությունը։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։ Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմորոշվել հետևյալ հարցերի շուրջ: Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։ Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոչնչով չհրահրված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։ Ցանկանում եմ հստակ նշել, որ սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։ Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև Կեչուտի ջրամբարը։ Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։ Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին: Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ։ Գործընկերներ, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։ Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց դա ժեստ էր մեր կողմից։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն: Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհայտ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհայտ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորականներ են, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձինք։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհայտ կորածների խնդրի ողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ: Ցավոք, ադրբեջանական կողմը, որը 30 տարի մերժում էր ականազերծման կամ որևէ այլ մարդասիրական գործունեության ոլորտում համագործակցության առաջարկները, հիշել է իր անհայտ կորած քաղաքացիների կամ ականների մասին միայն Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայից և այն բանից հետո, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը սկսեց խոսել ադրբեջանցի զինվորականների կողմից կատարված ռազմական հանցագործությունների կամ Ադրբեջանում ապօրինի պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն այս փաստն արդեն հստակ ցույց է տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի։ Հարգելի գործընկերներ. Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ.-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։ Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է։ Ես ցանկանում եմ նաև արձագանքել Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարությունների: Ինչ վերաբերում է ականապատմանը, դա ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Նաև ցանկանում եմ ասել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք: Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր` Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է: Շնորհակալություն»: Ընդլայնված կազմով նիստում ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները:
14:45 - 14 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո
 |news.am|

Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների․ Լուկաշենկո |news.am|

news.am: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում տարբեր սադրանքների։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն։ «Իսկական հիբրիդային պատերազմ է սանձազերծվում բոլորիս դեմ։ Իսկ Ուկրաինան այստեղ ընդամենը պատրվակ է։ Անցյալ դարի պարտված արշավների համար ռեւանշ անելու նպատակով ծրագրերը վաղուց են մշակվել սկսած Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո առաջին օրերից, իսկ գուցե նաեւ ավելի վաղ»,-ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանն ու Բելառուսը տնտեսական ու ֆինանսական հարձակումների առաջնագծում են։ «Բայց, կարծում եմ, այստեղ բոլորը հասկանում են, որ արեւմտյան ստրատեգների իրական նպատակները շատ ավելի լայն են՝ բաժանել եվրասիական տարածքը ազդեցության ոլորտների եւ օգտագործել մեր երկրները որպես հումքային եւ արդյունաբերական հավելումներ: Մենք պետք է պատրաստ լինենք ողջ ԱՊՀ-ում բազմաթիվ սադրանքների։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի վերջին իրադարձությունները համոզիչ եւ շատ ուսանելի օրինակներ են։ Բայց սա միայն սկիզբն է»,-նշել է նա։ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ հետխորհրդային տարածքում բազմաթիվ ազգամիջյան և տարածքային վեճեր մնում են չլուծված։  «Սրանք այն վեճերն են, որոնք Խորհրդային Միությունը չկարողացավ կամ ժամանակ չուներ լուծելու։ Արտաքին խաղացողներն այսօր անհավանական ջանքեր են գործադրում յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան վեճը թեժ առճակատման վերածելու համար»,- ասել է Լուկաշենկոն։
12:46 - 14 հոկտեմբերի, 2022
Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

 |armenpress.am|

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին |armenpress.am|

armenpress.am: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը: «Մեզ անհրաժեշտ է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,- ասել է նա: Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:40 - 14 հոկտեմբերի, 2022
Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը |tert.am|

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը |tert.am|

tert.am: Ղազախստանի մայրքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Ղրղզստանը:Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի և Ուկրաինայի, 2020 թվականից ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ են հավաքվում:Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Համագործակցության շրջանակում փոխգործակցության հարցեր, կքննարկեն և կընդունեն փաստաթղթեր առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտում ինտեգրացիոն կապերի հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։  Հաղորդվում է, որ նախ նիստն անցկացվելու է նեղ կազմով, որից հետո՝ ընդլայնված։  ՌԴ նախագահը նախատեսում է մասնակցել նաև «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» խորագրով գագաթնաժողովին։ Ակնկալվում է, որ այս միջոցառումների արդյունքներով ՌԴ նախագահը մամուլի ասուլիս կհրավիրի լրագրողների համար։  
10:02 - 14 հոկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։  Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:
17:09 - 07 հոկտեմբերի, 2022
Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում»

 |factor.am|

Լավրովը հայտարարել է, թե ԱՊՀ երկրներն ապահովագրված չեն իրենց ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, ինչը «հստակ երևում է Հարավային Կովկասում» |factor.am|

factor.am: ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ իր ներքին գործերին միջամտելու՝ Վաշինգտոնի փորձերից։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության հարցերով 18-րդ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Եվրասիական տարածքում Արևմուտքի անպատասխանատու գիծը չի սահմանափակվում միայն Ուկրաինայով։ Մենք հիշում ենք, թե ինչպես երկու տարի առաջ փորձ էր արվում Բելառուսում իրագործել «գունավոր հեղափոխության սցենարը»»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, թե նման միջամտությունից ԱՊՀ որևէ երկիր ապահովագրված չէ։ Լավրովի խոսքով՝ դա հստակ երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի  գործողություններով: Ի՞նչ գործողությունների մասին է խոսքը՝ ռուսաստանցի պաշտոնյան չի պարզաբանել։
15:42 - 30 սեպտեմբերի, 2022
ԱՊՀ երկրների առողջապահության պատասխանատուները ներկայացրել են իրենց հաջողություններն ու խնդիրները

ԱՊՀ երկրների առողջապահության պատասխանատուները ներկայացրել են իրենց հաջողություններն ու խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը առցանց մասնակցել է ԱՊՀ խորհրդի 35-րդ նիստին, որին ներկա է եղել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:    Օրակարգում էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն, հոգեկան առողջություն, կադրային ներուժի զարգացում, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ հարցերն են, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ներկայիս իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները:   ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները և այլ հարցեր:   Արտակ Ջումայանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում բարեփոխումների ընթացքը, էլեկտրոնային առողջապահության ներդրման փորձը Հայաստանում:   Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև «Էլեկտրոնային առողջապահություն և հեռաբժշկություն» խորագրով կլոր սեղան:
20:28 - 23 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը. Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակներում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.«Հարգելի Սերիկ Մակաշևի,Հարգելի Սերգեյ Նիկոլայի,Հարգելի գործընկերներ, Մինչ նկատվող տնտեսական ցնցումների պայմաններում մենք ԱՊՀ շրջանակներում ընդունում ենք փաստաթղթեր ի հայտ եկող խնդիրներին արձագանքելու միջոցների վերաբերյալ, մշակում ենք մեթոդներ՝ ուղղված մեր պետությունների քաղաքացիների բարեկեցության վրա ներկայիս տնտեսական իրավիճակի ազդեցության մեղմմանը, ԱՊՀ մասնակից մի երկիր ոչնչնով չհրահրված և բացարձակապես անօրինական լայնածավալ ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածների վրա՝ փաստացի ուղղակիորեն ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։Ագրեսիան իրականացվել է հրետանու, ականանետների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ի դեպ գնդակոծվել են ոչ միայն Հայաստանի մարտական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի ուղղությամբ։ Առկա են ապացույցներ ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, գերեվարված հայ զինծառայողներին ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:Մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 192 բնակելի տուն, ինչպես նաև հյուրանոցներ, դպրոցներ, բուժհաստատություն և այլ քաղաքացիական օբյեկտներ։ Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 2-ից ադրբեջանական կողմը սկսեց կեղծ լուրեր տարածել հայկական կողմից հրադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներով՝ հստակ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ տեղեկատվական հիմք իրենց նվաճողական նկրտումների իրականացման համար։Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստացել և շարունակում ենք ստանալ Թուրքիայից Ադրբեջան ռազմական նշանակության օդային փոխադրումների վերաբերյալ։ Սեպտեմբերի 5-ից 9-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել, որոնց հայտարարված խնդիրն էր ոչնչացնել պայմանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախները։Անընդունելի են ադրբեջանական կողմի հորինված մեղադրանքները Հայաստանի կողմից որևէ գործընթաց, աշխատանքներ կամ բանակցություններ ձգձգելու վերաբերյալ։ Հայաստանը ժամանակին և մանրամասնորեն կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթները և բանակցությունները վարել է կառուցողական հունով։Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ուղղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի խաթարմանը։ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նպատակ ունի նաև խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի աշխատանքները:Այն պնդումը, որ Ադրբեջանն իրավունք ունի օկուպացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միայն այն պատճառով, որ սահմանազատված սահման չկա, բացարձակապես անհիմն է։Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, որոշել է դիմել ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ակնկալում ենք, որ արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն առաջին հերթին ՀԱՊԿ-ի կողմից։Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործողությունները՝ ուղղված ամբողջական հրադադարի հաստատմանը, իրենց զինված ուժերի կազմավորումները ելման դիրքեր վերադարձնելուն և հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելուն:Շնորհակալություն ուշադրության համար»: 
19:00 - 23 սեպտեմբերի, 2022
ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի երևանյան նիստում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել. Վահե Ղազարյան

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցել է որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահ։ Խորհրդի նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել Ղրղզական Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովն ու անվտանգության խորհրդի քարտուղարը: Ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով իր նախագահության օրոք կատարված աշխատանքը։ Վահե Ղազարյանը խոսել է ինչպես ԱՊՀ պետությունների իրավապահ կառույցների միջև, այնպես էլ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի շրջանակներում սերտ ու արդյունավետ համագործակցության մասին։ Նա նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի երևանյան նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել, մատնանշել է նաև այդ ընթացքում ԱՊՀ երկրներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներ։ Վահե Ղազարյանը հանդես է եկել նաև առաջարկով՝ հարթակ ստեղծելու ԱՊՀ երկրների իրավապահ կառույցների քրեական ոստիկանությունների միջև՝ առավել օպերատիվ կապ ապահովելու և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարներին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ Վահե Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Ղրղզական Հանրապետության ՆԳ նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովին։ Շնորհավորելով նրան՝ Վահե Ղազարյանը մաղթել է այդ պաշտոնում արդյունավետ աշխատանք և հաջողություններ։ Նիստի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման առաջնահերթ հարցերը, հանցագործության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների բացահայտման գործում փոխգործակցության, հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման տեսավերլուծական համակարգերի օգտագործման և օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն իր հաջորդ ելույթում անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերին։ Նա ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև ԱՊՀ ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, այդ թվում նաև՝ համացանցով առուվաճառքի հանցատեսակների տարածման և դրանց հակազդելու համատեղ միջոցառումներին։ Նա պատրաստակամություն է հայտնել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու ԱՊՀ երկրների իրավապահ բոլոր կառույցների հետ, հատկապես կիբերհանցավորությանն ու թմրամիջոցների անօրինական շրջանառությանը միահամուռ ուժերով հակազդելու նպատակով անցկացնել նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։ Օրակարգի բոլոր հարցերով ելույթ են ունեցել նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները։ Ընդունվեցին համապատասխան որոշումներ:Ղրղզստան կատարած այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա 2023 թվականին՝ Ղազախստանում։
17:24 - 09 սեպտեմբերի, 2022
ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

ՀՀ ոստիկանության պետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։Այցի և կայացած նիստի մանրամասները՝ առաջիկայում։
16:05 - 08 սեպտեմբերի, 2022