ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադրաձել էր վերջին մեկ տարում քննարկվող վեթինգի գաղափարին։  Միսկարյանը մասնավորապես նշել էր՝ «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն․․․»։  Այս հայտարարության, վեթինգի գործընթացի, բարեփոխումների անհրաժեշտության մասին Infocom.am-ը զրուցել է Գարեգին Միսկարյանի հետ։ - Պարոն Միսկարյան, մեկ տարի առաջ կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, որ կա վեթինգ իրականացնելու խիստ անհրաժեշտություն։ Անգամ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ պետք է նախագիծ ներկայացվի, սակայն հիմա հակառակ գործընթացն է գնում։ Ձեր կարծիքով ո՞րն է այս զարգացումների պատճառը։ - Ես կարծում եմ, որ վեթինգ չիրականացնելու հիմնական շահագրգիռ կողմն այն դատավորներն են, որոնք ենթադրվում է, որ վեթինգի արդյունքում կկրեն պատասխանատվություն կամ նվազագույնը՝ կդադարեն լինել դատավոր։ Հետևաբար, այդ շահագրգիռ կողմը, ունենալով մեծ ռեսուրսներ, կոռուպցիոն կապե՝ համակարգի նախկին անդամերի  և ինչու չէ նաև ներկա անդամների հետ, ենթադրում եմ, օգտագործել են ամեն հնարավորը՝ հասնելու նրան, որ համոզեն որոշում կայացնողներին, որ վեթինգը վտանգավոր է կամ անհնար է իրականացնել այս փուլում,  կամ ինչ-ինչ հիմնավորումներով փորձում են հետաձգել վեթինգի իրականացումը։  Ես ենթադրում եմ՝ գլխավոր, շահագրգիռ խումբը դատավորներն են և անպայմանորեն նրանց գործոնը կա այս որոշման մեջ։ - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ իրականացնել Սահմանադրական փոփոխություններ։ Արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը։ Եթե այո, ապա ինչպե՞ս ու ե՞րբ դա պետք է իրականացվեր։ - Վեթինգի համար  բոլորովին էլ անհրաժեշտ չէ սահմանադրական փոփոխությունների սպասել։ Տեխնիկապես հնարավոր է առանց սահմանադրական փոփոխությունների իրականացնել վեթինգ։ Մյուս կողմից, եթե վեթինգի իրականացումը կապվում է սահմանադրական փոփոխությունների հետ, դա նշանակում է, որ մենք առկախում ենք այդ հարցը մինչև սահմանադրության հանրաքվեն։ Իսկ դա հայտնի չէ, թե երբ կլինի, քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններ այս կորոնավիրուսի համավարակի ավարտը հանխատեսում են մեկուկես տարուց մինչև հինգ տարի հետո։ Մենք, սահմանադրական հանրաքվեն  կապելով կորոնավիրուսի համավարակի հետ և վեթինգը կապելով սահմանադրական հանրաքվեի հետ,  հետաձգում ենք այն մինչև հինգ տարի։ Դա նշանակում է, որ մենք հինգ տարի մարդկանց ճակատագրերի հետ ենք խաղում, այսինքն՝ բազմաթիվ ապօրինի որոշումների պատճառով մարդիկ զրկվելու են ունեցվածքից, ազատությունից  և այլն։ Ինչու՞, որովհետեև Ռուստամ Բադասյանը որոշել է, որ հնարավոր չէ վեթինգ իրականացնել։ Եթե հնարավոր չէ, ապա ինչու էր մեկ տարի առաջ նույն այդ խումբը որոշել, որ շատ արագ պետք է վեթինգ իրականացնի։  Ենթադրում եմ, որ այն ժամանակ քաղաքական որոշում կար, հիմա չկա։ - Վերջերս ընդունվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին  օերնքի նախագիծը և նշվում է, որ այդ  նախագիծը նույնպես «մաքրման» գործիք է։ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կարո՞ղ է դատաիրավական համակարգի համար արդյունավետ լինել։  - Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման դեմ օրենքը չի կարող տարածվել այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնելու իրենց մասին։ Այսինքն՝ դատավորները իրենք իրենց ինչպե՞ս են դատելու այդ օրենքի շրջանակներում։ Դա ուղղակի աբսուրդ է։ Առանց իրական դատական բարեփոխումների այդ նախագիծը նույնպես կիրառելի չէ, բազմաթիվ վիճահարույց որոշումները հետագայում նոր  խռովությունների առիթ կարող են հանդիսանալ։  - Ի՞նչ  դիրքորոշում ունի «ՔՈ» ՍԴԿ-ն, արյդո՞ք Ձեր հայտարարությունը նաև կուսակցության  դիրքորոշումն է։ -  Ես հայտարարության մեջ նշել եմ, որ դա քաղաքացի Գարեգին Միսկարյանի դիրքորոշումն է։ Պետք է ասեմ, որ կուսակցության մեջ շատերն են կիսում այդ կարծիքը, գուցե որոշների մոտ այդքան սուր չի արտահայտված, ինչպես իմ գրառման մեջ կամ ինչպես ես եմ խոսում դրա մասին։ Խոսքը գնահատականների մասին է։ Բայց մեծ հաշվով կուսակցությունում համակարծիք են։  - Արդյո՞ք պատրաստվում եք « կարմիր գիծ» քաշել կառավարող ուժի հետ հարաբերություններում։ - Այս հայտարարությունը հետևեց Նիկոլ Փաշինյանի խորովածի պատմությանը, երբ նա ռեֆորմները սկսեց համեմատել խորովածի հետ և ասաց, որ խորովածը  չի կարելի արագ անել՝ այն կվառվի։ Ասում էր, որ այդ պահանջը պետք է գա հանրությունից։ Դա նշանակում է, որ եթե հանրությունը չընդվզի, չբարձրաձայնի խնդիրների մասին, մենք այդպես էլ ռեֆորմների և համակարգային փոփոխությունների երես չենք տեսնի։ Ես այդ գրառմամբ փորձեցի բարձրաձայնել իմ խոսքը, որպես հանրության մի անդամ ասել, որ կա այդ պահանջը և, եթե մենք չենք գնում ծայրահեղ քայլերի, չի նշանակում, որ հանրությունը չի ցանկանում ռեֆորմներ տեսնել։ Սա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացի, ով ակնկալում է այդ ռեֆորմները և քաղաքացի, ով միգուցե որոշ ժամանակ էլ սպասի, ինչը կախված է նրանից, թե այդ ուղերձը ինչպես է ընկալվել և կառավարող ուժը քայլեր կձեռնարկի, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա պետք է գնալ այլ միջոցների՝ նրանց պարտադրելու, որ՝  կա՛մ  պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ, և նրանք անեն այդ փոփոխությունները, ովքեր ունեն այդքան քաղաքական կամք ։  -Մեկ տարի առաջ, երբ կառավարող ուժը կազմակերպեց դատարանների շրջափակման ակցիան, «ՔՈ» ՍԴԿ-ն չմասնակցեց այդ ակցիային։ Այս պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ստեց։ Կուսակցական կամ անձնական մակարդակում եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, որը խախտվել է։ -Այո՛, ես դրա մասին էլի եմ խոսել։ Ժամանակավոր կառավարության կողմից պիտի փոփոխություններ լինեին։ Պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը  և կուսակցությունների մասին օրենքը, հետո նոր տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հանկարծակի որոշում ընդունեց, որ իրենք առանց այդ փոփոխություններն անելու, հապճեպ պետք է գնան խորհրդարանական ընտրությունների, որովհետև իրենք մտավախություն ունեին, որ այդ փոփոխություններից հետո իրենք կարող էին չհավաքել այդքան ձայն։ Այսինքն՝ կուսակցական, խմբակային շահը գերադասվեց պետական շահից, քաղաքական դաշտը փոխելու շահից։ Այո՛, ինձ խաբել են։ Ինձ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր ակնկալում էին, որ այդ փոփոխություններից հետո պետք է լինեն ընտրությունները։ Անձամբ ես և Սուրեն Սահակյանը  Նիկոլ Փաշինյանի հետ ենք խոսել այս թեմայի շուրջ, մինչև հեղափոխությունը՝ իր քայլելու երկրորդ օրը, և նա տվել էր իր համաձայնությունը,ասել էր, որ ինքը պատրաստ է անել այդ փոփոխությունները։ «Իմ քայլը» խմբակցության մեջ ժամանակի ընթացքում իրար հակասող հայտարարություններ շատ են հնչել։ Միակ պատճառը չէ, որ ես իրենց մեղադրում եմ սուտ ասելու մեջ։  - Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ գործողություններ պետք է արվեն, որոնք չեն արվում կառավարող ուժի կողմից։ - Ինչո՞ւ մենք մինչև հիմա չէինք բարձրաձայնում։ Մենք սպասում էինք այդ փոփոխություններին կամ բարձրաձայնում էինք, բայց շատ մասնակի, որովհտեև ակնկալում էինք, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ կառավարող ուժին հարմարվելու և ռեսուրսները ճիշտ գնահատելու, ապա ռեֆորմներ իրականացնելու համար։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք այդպես էլ այդ ժամանակը չօգտագործեցին իրական ռեֆորմների համար, այլ զուտ նախկին ռեժիմի քաղաքական գիծը որոշակիորեն կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով՝ իրենց իշխանությունը պահելու համար են օգտագործում։ Այս պահին առաջնահերթը ռեֆորմների հանձնաժողով, ւստեղծելն է, որը պետք է միայն զբաղվի ռեֆորմներով, պետք է նախանշի, պլանավորի այդ ռեֆորմները, իսկ կառավարող ուժը պարտավորվի քայլ առ քայլ իրականացնել դրանք։ Այլ կերպ կառուցողական առաջընթաց չեմ տեսնում։ - Ձեր գրառման մեջ գրել էիք, որ վտանգի տակ եք դնում Ձեր և Ձեր հարազատների կյանքն ու ազատությունը։ Ի՞նչ նկատի ունեք վտանգ ասելով, ի՞նչ կարող է լինել։  -Ես դա չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլ»-ից ինչ-որ մեկը կարող է սպառնալ կամ վտանգ հանդիսանալ ինձ համար, բայց, հաշվի առնելով, որ իրավական համակարգը, եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ նախկին ռեժիմի ծառաներն են, ես չեմ բացառում, որ նրանք դիմեն սադրիչ քայլերի, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին հարվածի տակ դնելու համար․ ինչ-որ ապօրինի քայլեր կատարեն՝ իմանալով, որ անպատիժ են մնալու։ Ինչպես ասում են՝ գողերն էլ են իրենք, բռնողներն էլ։ Փաստ է, որ նմանատիպ շատ դեպքեր, հարձակումներ  են եղել մարդկանց վրա, որոնք չեն բացահայտվել։ Չեմ բացառում, որ հենց նույն սադրելու նպատակ կարող է լինել, և իմ նկատմամբ էլ նմանատիպ քայլեր ձեռնարկեն։  Ասպրամ Փարսադանյան
23:55 - 20 մայիսի, 2020
Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

4 օր անց Արցախի Հանրապետությունում կայանալու են նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, համավարակի ֆոնին դրանք հետաձգելու որոշում չկայացվի։ Արցախի նախագահի թեկնածուներն, ըստ էության, ընտրությունները հետաձգելու միասնական դիրքորոշում չունեն։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս տարբեր տեսակետներ են հայտնում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։ - Պարո՛ն Սահակյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արգելվել են հանրային բոլոր միջոցառումները, աշխարհի մի շարք երկրներում հայտարարված է արտակարգ դրություն․ թեեւ Արցախում վարակի հաստատված դեպք չկա, բայց ճի՞շտ եք համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը։ - Արցախում այս պահին, ինչպես նկատեցիք, կորոնովիրուսի գրանցված դեպք չկա, բայց դա դեռ չի երաշխավորում, որ առաջիկայում չի ֆիքսվի: Բայց, մի կողմ թողնելով հարցի առողջապահական-անվտանգային ասպեկտը, կուզենայի մի դրվագի վրա ձեր ուշադրությունը սեւեռել. Արցախում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, բնականաբար, հետեւում են աշխարհում տիրող իրավիճակն, լուրերին ու հետևություններ անում: Ասել կուզեմ՝ եթե անգամ ընտրությունները անցկացվեն, դրանք անկասկած մասնակցության թվի վրա ազդեցություն կունենան, քանի որ շատերը գուցեեւ սեփական անձի եւ ընտանիքի առողջությունն ու անվտանգությունը գերադասեն քաղաքացիական պարտքը կատարելուն։ Եվ երկրորդ ասպեկտը՝ նման պայաններում ընտրությունների վրա ազդեցություն են ունենում առավել կազմակերպված գործոնները, իսկ, ինչպես ցույց է տալիս մեր ոչ վաղ անցյալի քաղաքական մշակույթը, այդ կազմակերպված գործոնը կրիմինալ տարրն է լինում: Հետեւաբար, առաջիկայում Արցախում ընտրությունների անցկացումը այդ ընտրությունների վրա էական քանակական եւ որակական հետեւանքներ է ունենալու, եւ սրանից կարող ենք հետեւություն անել նաեւ, որ այդ ընտրությունները չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները։ - Այսինքն՝ հնարավոր եք համարում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացում ու ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցությո՞ւն։ - Կրիմինալ տարրերը արդեն իսկ ակտիվացած են, ինչին մենք ականատես եղանք երկու շաբաթ առաջ նախընտրական ավտոշարասյան մուտքը Մարտունի քաղաք արգելելու ակտով, ինչպես նաեւ ոստիկանության բավականին պասիվ դիրքավորմամբ: Խոսքս չի վերաբերում, իհարկե, ընտրակեղծարարությանը․ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում կազմակերպված զանգվածների ակտիվ մասնակցությունը ակնհայտորեն լուրջ եւ գործուն ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա, ինչը անխուսափելիորեն հղի կլինի հետըտրական քաղաքական անկանխատեսելի զարգացումներով: Իսկ մենք արդեն Սերժ Սարգսյանի օրինակով տեսել ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում այն, երբ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։ - Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, արդյոք քարոզարշավի համար ծախսած գումարները։ - Խորքային պատճառը տիրող քաղաքական մշակույթն է: Նախ՝ թեկնածուները նախընտրական շրջանում միմյանց հետ հարաբերվելու ավանդույթներ չունեն, ամեն ինչ զրոյից պետք է սկսվի, ինչը բարդացնում է ընդհանուր համաձայնության գալու եւ որոշում կայացնելու հարցը։ Եւ երկրորդ՝ Արցախում գրեթե միշտ վերեւից ներքեւ պատրաստի որոշումներ են իջեցվել, ինչին հնազանդվել են բոլորը. դա նորմալ քաղաքական պրակտիկա է եղել, եւ հիմա բոլորը սպասում են նախագահ Բակո Սահակյանի որոշմանը, իսկ թե ինչ գերակայություններով է առաջնորդվում պարոն Սահակյանը, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: - Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։ - Այստեղ սկսվում են իրական և խորքային խնդրները: ՀՀ եւ ԱՀ միջև իրավաքաղաքական հարաբերությունները լղոզված են, հստակություն չկա, կա նախկին փորձ, երբ հայաստանյան իշխանությունները ուղղակի ազդեցություն ունեին Արցախում քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա: Բայց հիմա ՀՀ կառավարող ուժը խոցելի է այդ առումով, որովհետեւ, եթե ուղիղ ազդեցության փորձ լինի, նախկինները՝ ի դեմս Սարգսյան-Քոչարյան կլանի, որ դեռեւս ամբողջ ծավալով գործում է Արցախում, մեծ հիստերիա կսկսեն, թե՝ ճնշում եւ ազդեցություն կա Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վրա։ Ի դեպ՝ թեկնածուներից մեկը մինչնախընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին՝ կարծես հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար: Եթե որեւէ նախաձեռնությամբ հանդես չգան և ընտրությունները կայանան ու հետընտրական ինչ-ինչ զարգացումներ լինեն, բնականաբար Հայաստանում կառավարող ուժին բազմաթիվ հարցեր կլինեն: Այս պահի դրությամբ փաստացի ընտրությունների անցկացման ողջ պատասխանատովությունը Բակո Սահակյանի ուսերին է, եւ մենք, ըստ էության, ֆորմալ առումով ՀՀ վարչապետից պահանջ չենք կարող ունենալ, սակայն ոչ ֆորմալ առումով հարցերը շատ եւ շատ են լինելու, քանի որ, ինչպես նշեցիք արդեն, վարչապետի կողմից Հայաստանը հռչակվել է Արցախում ընտրությունների՝ ազատ, արդար և ժողովրդավարական չափորոշիչներին համպատասխան անցկացման երաշխավորը: - Ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին։ - Բակո Սահակյանը՝ առաջնահերթ, սակայն հանրությունը ոչ անհիմն հարցեր է ունենալու նաեւ հետաձգելու կոչ չարած ուժերին ու թեկնածուներին: Վերջնարդյունքում հարցը ինչ-որ մեկին պատին գամելու մեջ չէ, այլ համընդհանուր անվտանգության, քաղաքացիների առողջության եւ, իհարկե, ընտրությունների արդար ելքի մեջ է, ու եթե որեւէ ասպեկտ այս թվարկվածներից վտանգվի, խնդիրներ են լինելու: Հայարփի Բաղդասարյան
17:08 - 27 մարտի, 2020

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

factor.am: ՍԴ յոթ անդամների հեռացմանը կողմ արտահայտվող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ նրանք չեն կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կուսակցությունը նաև հարցեր է առաջադրել կառավարող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատասխանի համար ժամանակ տվել մինչև մարտի 20-ը։ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ 7 հարց են ուղղել և դրանց պատասխանները պետք է արտացոլեն, թե ինչու պետք է քաղաքացին «Այո» կամ «Ոչ» քվեարկի: «Մեզ հետաքրքիր է նաև՝ հետագայում ՍԴ-ն որպես ինստիտուտ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Դա ինչի՞ համար է կարևոր, եթե նոր Սահմանադրությամբ ՍԴ չի լինելու, և այդ ընթացքում դատավորները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենց մեկ տարի հետ։ Եթե մեր յոթ հարցին միանգամից չպատասխանեն, մեխանիզմ լինելուց ինքը դադարում է։ Ես եթե պատասխանեի հարցին, ասեմ, թե ինչպիսին կլիներ այն։ Այսպես, կպատասխանեի՝ մենք լեգիտիմ չենք համարում այս Սահմանադրությունը, որովհետև ընդունվել է կեղծիքներով, բայց այն օգտագործում ենք որպես ճանապարհային քարտեզ, քանի որ ուրիշ լեգիտիմ բան չունենք, փաստաթուղթ նկատի ունեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այս երկրում միակ լեգիտիմ երևույթն է։ Հետո, «Այո»-ի հաղթանակի դեպքում նշանակելու ենք այս երեք հոգուն, նրանք մեր կուսակցությունից չեն լինելու և հին ՍԴ-ի անդամ չեն լինելու, ու քանի որ չենք ընդունում Սահմանադրության լեգիտիմությունը, նախագիծը չենք ուղարկել Սահմանադրական դատարան»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը։ Սահակյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարում իրենք որևէ կերպ չեն հայտնվի․ «Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Բայց թե ինչ է լինելու հետո․․․ Եթե մեզ ստացվի համոզել, ապա իհարկե՝ «Այո» կքվեարկենք։Սահմանադրական դատարանը պետք է ունենա հեղինակավոր անդամներ, և պարտադիր չէ, որ նրա անդամը նախկինում որևէ քաղաքական միտք արտահայտած չլինի։ Քաղաքական չեզոքությունն այն է, թե հանրությունն ինչքանով է վստահում, որ նա կլինի անաչառ։ Եթե նույնիսկ որևէ անգամ քաղաքական դրիրքորոշում արտահայտած չլինի, տարօրինակ կլիներ նախկին քաղաքական համակարգի պայմաններում, երբ մասսայաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ինչքան էլ նա արտահայտված լինի և քաղաքական համակարգի կրող եղած լինի, միևնույնն է նրա անաչառությանն ու կոմպետենտության վերբերյալ ինձ մոտ կասկած չկա։ Դա է, որ ինձ մոտ վստահություն է առաջացնում նրա նկատմամբ՝ որպես դատավոր»Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։
19:41 - 10 մարտի, 2020
Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

news.am: Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է էական լինել անկախ Սահմանադրական դատարան ունենալու համատեքստում։ Մեզ համար ակնհայտ է և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, որովհետև այն գործառույթները, որոնց համար լիազորված է ՍԴ-ն, առնչվում է Հայաստանում ամենասուր, ամենացավոտ քաղաքական հարցերին, ընդհուպ ընտրական գործընթացներին։  Նման գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինը պետք է ունենա բավարար վստահության և հեղինակության աստիճան, իսկ իր անցած ուղով գործող Սահմանադրական դատարանը ոչ միայն չի վաստակել, այլ նաև հետևողականորեն մսխել է այդպիսի վստահության հնարավորությունը։ Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք»,-նշեց նա։ Նահապետյանն ասաց, որ իրենց ունեցած հարցերի վերաբերյալ նամակ են հղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը․ «Փոփոխելով ՍԴ կազմը, արդյոք մենք համաձայն ենք այն լիազորությունների լայն շրջանակի հետ, որ ունի ՍԴ-ն։ Ի՞նչ չափանիշներ են առաջադրվելու ՍԴ նոր դատավորների համար, որովհետև օրենքով սահմանված չափանիշները ցույց են տվել, որ դրանք լայն հնարավորություն են տվել կառավորող ուժին ձևավորել լոյալ, հպատակ Սահմանադրական դատարան։ Այս հարցերն են, որ մեզ հետաքրքրում են, և այս հարցերի շուրջ երաշխիքներ ունենալն է, որ կարող է մեզ համոզել այս փոփոխություններին «Այո» քվեարկել։ Մենք գտնում ենք, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ հանրաքվեն հարցերի լուծման լավ մեխանիզմ է։ Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնություն է, եթե այն հետապնդում է նպատակ ունենալ լավ ՍԴ,եթե մենք համոզվենք, որ այս ճանապարհով կարելի է ունենալ լավ ՍԴ, իմաստ չի լինի չմասնակցել։ Բայց եթե չհամոզվենք, ինչ իմաստ ունի մտնել մի պրոցեսի մեջ, որի ելքը քեզ ձեռնտու չի։ Այս հարցերը մենք նամակով հղել ենք կառավարող ուժի՝ ՔՊԿ վարչությանը․«Այնտեղ 7 հարցեր են Հայաստանում Սահմանադրության, սահմանադրական լեգիտիմության, դատավորներին առաջադրվող չափանիշների, այլ երաշխիքների, ճգնաժամ առաջանալու պարագայում իրենց մոտեցումների վերաբերյալ»։  «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ ասաց, որ հնարավոր է բոյկոտեն, եթե այն պատասխանները, որ ստանան, լինեն այնպիսին, որ իրենք վստահ լինեն, որ անկախ դատարան այդպիսով չի ձևավորվի։
18:10 - 19 փետրվարի, 2020
Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

Հանրաքվեին դրական արդյունքը բավարար պայման չէ անկախ դատարան ունենալու համար |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ։ Ձեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մի շարք հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը: Մասնավորապես, հարց է բարձրացրել, թե արդյոք գործող Սահմանադրությունը լեգիտիմ է, թե ոչ: Ձեր կարծիքով, լեգիտի՞մ է Սահմանադրությունը, եւ եթե լեգիտիմ չէ, ի՞նչ պետք է անի իշխանությունը, անտեսի՞ գործող Սահմանադրությունը: Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական Հայաստանում քրեաօլիգարխիկ վարչախումբը յուրացրել էր ժողովրդի իշխանությունը։ «Ընտրություններ» կոչված գործընթացը աղերս չուներ ժողովրդավարության հետ։ Դրանք անցնում էին վախի մթնոլորտում, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, քրեական տարրերի և օլիգարխների ռեսուրսների հաշվին` ընտրակաշառքի և շանտաժի միջոցով։ Մենք բազմիցս ենք նշել, որ նման միջավայրում, նման պայմաններում, նման ուժի կողմից ընդունված Սահմանադրությունը լեգիտիմության մեծ խնդիր ունի։ Այդ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու համար առաջարկել ենք կառավարող ուժին նախկին վարչախմբին տալ իրավաքաղաքական գնահատական, հայտարարել այս փուլը անցումային փուլ, ներառական քննարկումների ճանապարհով կազմակերպել նոր Սահմանադրության մշակում, կազմակերպել ազատ, արդար Սահմանադրական հանրաքվե, որից հետո ձևավորված իշխանության երեք ճյուղերն էլ կունենային լեգիտիմության բարձր աստիճան։ Ընդհանրապես, որքանո՞վ է մեծ վտանգը, որ այսօր գործող ՍԴ–ի հարցը լուծելուց հետո նոր ՍԴ–ն կլինի իշխանությունից կախված եւ հնազանդ: Ի՞նչ երաշխիքներ են պետք այդ մտավախությունը հաղթահարված համարելու համար: Ցավոք, կա այդպիսի մտավախություն։ Խնդիրը անձերը չեն։ Այս Սահմանադրությունը ոչ թե ապահովում է բալանսը իշխանության երեք ճյուղերի միջև, այլ մի ճյուղի կողմից դարձնում է մյուսներին վերահսկելի` Ազգային Ժողովի կողմից` Սահմանադրական դատարանը, և Սահմանադրական դատարանի կողմից՝ Ազգային ժողովը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին հաստատում է Ազգային ժողովը։ Ստացվում է, որ որպես ժողովրդի կողմից առաջնային մանդատ ունեցող ինստիտուտ, նման լիազորություններ ունենալով, մեծ հաշվով ինքն է որոշելու, թե ովքեր լինեն ՍԴ նոր դատավորները։ Սա դատարանը կախվածության մեջ դնելու մեծ ռիսկեր է պարունակում։ Դա է պատճառը, որ մենք նախքան հանրաքվեին մասնակցելու մասին որոշում ընդունելը, հարցեր ենք ուղղել կառավարող քաղաքական ուժին, վստահ լինելու համար, որ գործընթացը չի հանգեցնի նման անցանկալի հետևանքների։ Եթե այդուհանդերձ, հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ թվով «այո» ձայներ չապահովվեն, Ձեր կարծիքով, ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը: Մեր բարձրացրած հարցերը միայն մեզ չեն հուզում։ Հանրության լայն հատված կիսում է մեր մտահոգությունները, և ես հույս ունեմ, որ կառավարող ուժը, այնուամենայնիվ, կտա դրանց պատասխանները, դրանով մեծացնելով «այո»-ի հաղթանակի հնարավորությունը։ Այդուհանդերձ, եթե «այո»-ն չհավաքի պահանջվող քանակ, հույս ունեմ, որ գոնե այդ ժամանակ կառավարող ուժն իր մեջ ուժ կգտնի, կտա նախկիններին քաղաքական գնահատական, կհայտարարի անցումային շրջանի մասին և կանի այն քայլերը, որոնք կբերեն լեգիտիմ Սահմանադրություն և Սահմանադրական դատարան ունենալուն։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
19:21 - 18 փետրվարի, 2020
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հարցեր է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը ՍԴ շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հարգելի՛ գործընկերներ, Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։ Այդպիսի քննարկումներն են քաղաքացուն հնարավորություն տալիս գիտակցված և տեղեկացված մասնակցել որոշումների կայացման գործընթացին, կայացնել որոշումներ՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ փաստարկները, գնահատել ռիսկերն ու իր պատասխանատվությունը իր իսկ որոշման հետևանքների համար։ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեով լուծելու նախաձեռնության վերաբերյալ հնչել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մեզ բավարարել են։ Այնուամենայնիվ, հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք էական հարցեր։ Հանրության տարբեր շերտեր այս գործընթացն ընկալում են տարբեր կերպ․ որոշները սա ընկալում են որպես իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հերթական հանգրվան, որոշները՝ որպես անիմաստ գործընթաց, որոշները՝ անձնական վրեժխնդրություն, մի այլ հատված էլ՝ պետական համակարգի ամբողջական յուրացում։ Քանի որ որևէ տեղ անցյալի իրավա-քաղաքական գնահատականն արձանագրված չէ, չեն նախանշվել այն սկզբունքները, ճանապարհային քարտեզը և ժամկետները, թե անցյալից ապագա այդ հեղափոխական-անցումային շրջանը ինչպես և երբ է ավարտվելու՝ անհրաժեշտություն է առաջանում  պարզաբանել մի շարք հարցեր։ Մասնավորապես․ Ի վերջո, գործող սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։ Եթե, այնուամենայնիվ, այն կեղծված լինելու բերումով լեգիտիմ չէ՝ ինչո՞վ պետք է առաջնորդվեն հանրությունը, դուք և ապագա Սահմանադրական դատարանը։ Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։ Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։ Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը և առաջարկը․ սահմանադրական փոփոխությունների հաջորդ նախագծով ՍԴ-ն, որպես առանձին ինստիտուտ պահպանվելու է՞, թե՞ ոչ։ Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի արդյունքներ բողոքարկելի են։ Այս հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկվելու դեպքում կարող է առաջանալ իրավական-քաղաքական ճգնաժամ, քանի որ հարցը պետք է քննարկվի անձնապես շահագրգիռ դատավորների կողմից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի հաղթահարումը։ Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում այս գործընթացի արդյունքում և ինչի՞ն նա պետք է պատրաստ լինի։  Հարգանքով՝                                                                                                                                      Սուրեն Սահակյան«Քաղաքացու որոշում» կուսակցություն 17.02.2020թ.»
11:20 - 17 փետրվարի, 2020
Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

Այս անգամ մենք պետք է ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ ա հարց առաջանում, թե ինչու «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱՅՈ կամ ՈՉ-ի կողմնակից լինելու մասին միանշանակ չի հայտարարում։ - Որովհետև հեղափոխության ժամանակ, դրանից հետո, շատ հաճախ մարդիկ դուրս են եկել փողոց, գնացել ընտրատեղամասեր, իրականցրել ակցիաներ ու փոխարենը ստացել են բաներ, որոնք փողոց դուրս գալիս, ընտրատեղամաս գնալիս և ակցիաներ իրականացնելիս չէին էլ կարող ենթադրել։ Օրինակ՝ որ էդ ընթացքում իրենց իրավունքները ոտնահարող պաշտոնյան կարող ա էդ գործողությունների արդյունքում մարզպետ դառնալ։ Նման օրինակները բազաթիվ են։ Էս մի անգամ մենք պետք ա ավելի հստակ իմանանք, թե ուր ենք գնում։ - Որովհետև որպես հիմնավորում, թե ինչի՞ մարդիկ պետք ա գնան ու ԱՅՈ քվեարկեն, բերվում ա ոչ թե իրավաքաղաքական գնահատական, այլ բանաստեղծություն։ Իսկ բանաստեղծության մեջ ասվում ա․ «ԱՅՈ, որովհետև հպարտ ու միացյալ ժողովուրդը ճանապարհ չունի դեպի անցյալ», «ԱՅՈ, որովհետև ժողովրդից խլված արժեքը ինքն իր ձեռքերով ա նվաճել», «ԱՅՈ, որովհետև համաձայն ես Նոր Հայաստանին»։ Դուք հասկացա՞ք՝ ինչ հարց ա դրված քվեարկության։ Մարդկանց կեսը, եթե ոչ ավելին, նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց ա դրված քվեարկության։ Սա՝ ինչ ասում ա վարչապետի էջը։ Մյուս դեպքերն ավելի տխուր են՝ «ԱՅՈ, որովհետև ՀՀԿ …(տարբեր վարիացիաներ)», «ԱՅՈ, եթե ուզում ես հեղափոխությունը հաղթի», «ԱՅՈ, եթե մեզ հետ ես»։ Ես դեռ մեղմում եմ էն պահերը, որտեղ «եթե մեր հետ չես, ապա մեր դեմ ես»։ Մինդեռ հանրաքվեի դրած մի շատ կոնկրետ հարց՝ ՍԴ 9 անդամներից 7-ը պետք ա դադարեն պաշտոնավարել շատ կոնկրետ պատճառներով։ Կառավարող ուժը պետք ա նենց բացատրի, թե ինչու են ուզում հեռացնել էդ 7 հոգուն, որ քվեարկության գնացողը որոշումը գիտակցված կայացնի, ոչ թե բանաստեղծությունից ոգևորված։ - Որովհետև եթե մենք հանրությանը դրդում ենք ուղիղ ժողովրդավարության, ապա պետք ա էդ հանրությունը սովոր լինի գիտակցված որոշումներ կայացնել, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև սենց ոչ մի պատասխանատվություն չկա․ «լավ բաների համար ու վատ բաների դեմ»։ Իսկ թե վաղը ինչ կլինի՝ «մենք պատասխանատու չենք, ժողովուրդն ա տենց ուզել»։ Որովհետև եթե ամեն ինչ հենց սենց էլ մնա, վաղը բանաստեղծական ավելի մեծ ձիրքով օժտված մեկը կարող ա ուղիղ հակառակում համոզել և էս մտահոգությունն ա նաև պատճառը, որ աշխարհում սարսափում են ուղիղ ժողովրդավարությունից։ - Ի վերջո, որովհետև էդ հարցին պատասխանից հետո փակվում են շատ այլ հարցեր։ Շատ հաճախ էդ հարցի պատասխանը պետք ա ընդամենը պարզելու՝ այս կամ այն քաղաքական միավորը դավաճա՞ն ա, թե՞ նվիրյալ՝ պետք ա հայհոյե՞լ, թե՞ փաղաքշել։ Որովհետև շատ հաճախ հետաքրքիր չի, թե էդ պատասխանի հիմքում ինչ փաստարկներ կան։ Շատ կարճ ա պետք՝ այո՞, թե՞ ոչ / սև՞, թե՞ սպիտակ / կո՞ղմ, թե՞ դեմ / դավաճա՞ն, թե՞ նվիրյալ / սրիկա՞, թե՞ հերոս։ Այ սենց պարզունակացվել ա քաղաքականությունը։ Ես ներկայացրեցի մտահոգություններից ընդամենը մի քանիսը։ Դրանք տասնյակ են։ Այնուամենայնիվ, ամենաուշը երկուշաբթի օրը մեր դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես կգանք»։
09:05 - 13 փետրվարի, 2020
Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ խնդիրը հանրաքվեով հանգուցալուծելու իշխանությունների մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները մատնանշում են, որ այն տեղի է ունենում ընթացակարգային լուրջ խախտումներով՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ձեր կարծիքով՝ սա՞ էր միայն ռացիոնալ լուծումը: Բազմիցս նշել ենք, որ կեղծված սահմանադրությունը որպես հարաբերությունների հիմք դնելու հետևանքը լինելու է այն, որ լղոզվելու են ճշտի ու սխալի սահմանները։ Քաղաքական որևէ դերակատար, մատնանշելով դրա կեղծված բնույթը, կարող է հանգիստ խախտել «սահմանադրությունը»։ Եվ հակառակը, պատեհ առիթով էլ կարող է վկայակոչել «սահմանադրությունը», երբ իրեն պետք է դրանով հիմնավորել իր ասելիքը։ Այդ պատճառով, մինչև նոր ու լեգիտիմ սահմանադրության ընդունումը մենք անընդհատ բախվելու ենք այսպիսի խնդիրների։ Խախտվելիք ընթացակարգի իմաստը հեղինակավոր կառույցից կարծիք հարցնելն է, թե որքանով է հանրաքվեի դրվելիք հարցը համապատասխանում մեր սահմանադրությանը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք ՍԴ-ն, որտեղ պետք է դիմել, հեղինակավոր է։ Բազմիցս գնահատականներ են հնչել, որ հանրությունը վստահություն չունի այդ կառույցի նկատմամբ։ Ես էլ այդպիսի վստահություն չունեմ։ Ես կարծում եմ, որ որպես ինստիտուտ այն իրեն վարկաբեկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ կառույցը ստեղծված էր սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, բայց մեծապես նույն կազմով այդ դատարանը լուռ հետևել է, թե ինչպես է խախտվում սահմանադրական կարգը, իսկ որոշ դեպքերում դրան փութաջանորեն հավանություն է տվել։ Կարծում եմ, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, այդ անձանցով ձևավորած կառույցից, փոփոխությունների համար թույլտվություն հարցնելու ձևական պարտավորությունը կարելի է շրջանցել։ Այ, երբ կձևավորվի լեգիտիմ դատարան, որի սահմանադրական արդարադատության իրականացնելու մղումների մեջ կասկած չի լինի, ես, որպես ՀՀ մի քաղաքացի, դեմ կլինեմ, որ չդիմեն։ Իսկ լուծումները բազմաթիվ էին։ Ընտրվել է այս մեկը, որի հետ իրականում ոչ մի խնդիր չկա։ Ասեմ ավելին, եթե սա դիտարկենք որպես սադրանք՝ Սահմանադրական դատարանի, սահմանադրության, սահմանադրականության, պետության էության, պետական համակարգի տարբեր ճյուղերի տարանջատվածության մասին մտածելու, ապա գուցե սա հենց այն էր, ինչ պետք էր մեզ։ Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով։ Հետագայում սա լավ դաս կլինի ու, գուցե, ոչ միայն մեզ համար։ Կարծում եք՝ Հայաստանը կմարսի՞ առանց Վենետիկի հանձնաժողովի հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություն անելու քայլը: Որքա՞ն է իրական վտանգը, որ դրանից հետո Հայաստանի նկատմամբ կարող են լինել բացասական զեկույցներ և անգամ պատժամիջոցներ: Նախ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և կատարման համար ոչ պարտադիր։ Երկրորդը, ձեր հարցի մեջ մի սարսափելի հանգամանք կա։ Վերաձևակերպելով այն, կստացվի, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը՝ սահմանադիրը, կմարսի, եթե իր կյանքի վերաբերյալ ինքը որոշում կայացնի, այլ ոչ թե դրա մասին հարցնի ինչ-որ հանձնաժողովի, որի ղեկավարի կոռումպացվածության մասին միայն ալարկոտները չեն խոսում։ Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը ներկա սահմանադրությունը բնութագրել է գերադրական ածականներով և որի փոխանցումով հանրապետականներն այն ներկայացնում են որպես Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկը։ Բայց նույնիսկ անկախ անձանցից, կառույցների հեղինակություններից ու մնացած ամեն ինչից, Հայաստանը, ինչպես միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտ, կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես է ուզում ապրել, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին։ Այդ նախկին քաղաքական համակարգն էր, որ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում ստիպված էր որևէ փոփոխության համար լեգիտիմություն մուրալ դրսում։ Հիմա և, հուսանք՝ առհավետ, այդ հարցը լուծվել է մեր բոլորի ջանքերով։ Տեսակետ կա, որ ճիշտ ճանապարհն այն կլիներ, որ իշխանությունը նախապատրաստեր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ամբողջական փաթեթ և այդկերպ լուծեր խնդիրը: Թե՞ վտանգ կար, որ նույն ՍԴ անդամները իրենց ոչ ձեռնտու հատվածները իրենց եզրակացությամբ կհամարեին հակասահմանադրական: Գուցե այդպիսի վտանգ կար, բայց արդյոք դա էական է նրա ֆոնին, ինչի մասին խոսում էինք առաջին հարցի պատասխանում։ Այո, խնդրի լուծման բազում տարբերակներ կային և հիմա էլ կան։ Ես ուրախ եմ, որ հենց այս մեկն է ընտրվել։ Կրկնեմ, որ մենք պետություն, դրա առանձին մարմիններ ձևավորելու տարրական գիտելիքների պակաս ունենք և նույնիսկ սխալվելու, այդ սխալները շտկելու, հետագայում դրանք բացառելու գնով մենք պետք է երկար ճանապարհ անցնենք՝ բացը վերականգնելով։ Բացի դա, հանրության՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացման ցանկացած լրացուցիչ մասնակցություն դրական է այն առումով, որ դա սովորություն դառնալու միտում կարող է ունենալ։ Անկախ նրանից, թե հանրաքվեն որպես խնդրի լուծման գործիք կիրառելով կառավարող քաղաքական ուժն ինչ նպատակներ է հետապնդել, վաղը ժողովուրդը պահանջելու է այլ էական հարցեր էլ դնել հանրաքվեի։ Բանն այն է, որ մենք ուղիղ ժողովրդավարության այլընտրանք չունենք։ Մենք ասելով նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ մարդկությունը։ Կուսակցությունների, քաղաքական ֆորմալ միավորների և ներկայացուցչական դեմոկրատիայի դերը գնալով պակասում է աշխարհում, և լավ կլինի մենք ժամանակին սովորենք ինքներս մեր ճակատագիրը տնօրինելու մեխանիզմները։ Արդյոք հանրաքվեով ՍԴ այս կազմից ազատվելով մենք կարող ենք ակնկալել, որ կունենանք վստահելի ՍԴ, և արդյոք միայն ՍԴ կազմը փոխելով կվերականգնվի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը խնդիրը դրական լուծելու հեռանկար ունի։ Անհրաժեշտ է ուղղակի ամեն ինչ ճիշտ անել և կես ճանապարհից հետ չկանգնել, ինչպես տեսել ենք այլ հարցերում։ Ըստ էության, կառավարող ուժը մեծ պատասխանատվություն է վերցրել ընթացակարգային խախտումներով նման փոփոխություն նախաձեռնելով։ Եթե այս մարտահրավերից նա հաղթանակած դուրս գա, ապա մենք կշահենք ոչ միայն վստահելի ու հեղինակավոր ՍԴ ունենալով։ Հակառակ պարագայում հետևանքներն իր համար անկանխատեսելի կլինեն։ Հաղթանակած ասելով ես նկատի ունեմ միայն մի ելք՝ երբ իրականում կձևավորվի անաչառ Սահմանադրական դատարան և այն չի դառնա «Իմ քայլ»-ի դատարանը։ Հակառակ պարագայում նոր անդամները դուրս կշպրտվեն նույն հաջողությամբ, ինչ այս մի դատարանի անդամները՝ իենց հետևից քարշ տալով հովանավորներին Շարունակությունը՝ lragir.am-ում
11:09 - 11 փետրվարի, 2020
Այս գործընթացին պետք է անմիջապես հաջորդի նոր սահմանադրության մշակման իրապես մասնակցային գործընթաց․ ՔՈ ՍԴԿ

Այս գործընթացին պետք է անմիջապես հաջորդի նոր սահմանադրության մշակման իրապես մասնակցային գործընթաց․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, որում ասվում է․ «Հայաստանը հռչակելով որպես հանրապետություն, ժողովուրդը ամրագրել է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներով ապրելու իր կամքը։ Դա ենթադրում էր ունենալ սահմանադրություն, որտեղ արտացոլված կլինեն մարդու իրավունքները և դրանք պաշտպանելու մեխանիզմները։ Այսօր կարելի է արձանագրել, որ ոչ միայն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը պաշտպանված չեն եղել, այլև այդ սկզբունքները պաշտպանելու համար ստեղծված ինստիտուտներն իրենք են համակարգված կերպով ոտնահարել դրանք։ Պետական համակարգի զավթումը և մարդկանց իրավունքների լայնածավալ ու շարունակական խախտումներն անհնար էր իրականացնել առանց Սահմանադրական դատարանի ակտիվ դերակատարության։ Այդ բարձր դատարանը, որ լիազորություն և պարտավորություն ուներ կանխելու նման ոտնձգությունները, ի պատասխան արդարություն փնտրող քաղաքացիների բողոքների, մշտապես աչք է փակել աղաղակող ընտրակեղծիքների և սահմանադրական կարգի տապալման տարբեր դրվագների վրա։ Այսպիսով ՍԴ-ն, որպես ինստիտուտ, սննկացրել է ինքն իրեն։ Իրավունքի գերակայության և ժողովրդավարության հռչակված սկզբունքներին վերադառնալու ճանապարհը հնարավոր չէ անցնել այսպիսի ինստիտուտ կազմավորած մարդկանց հետ։ Նրանք ապացուցել են, որ ոչ միայն ունակ չեն պաշտպանել անկախության հռչակագրով սահմանադրի նախանշած նպատակները, այլև հլու հետևել են դրանց ոտնահարմանը։ Նրանք պետք է հեռանան։ Բազմիցս նշել ենք, որ գործող սահմանադրությունը չի կարող հանրային հարաբերությունները պատշաճ կարգավորել և պարբերաբար առաջացնելու է քաղաքական ճգնաժամեր։ Սահմանադրության կեղծված լինելու հանգամանքը հիմք է հանդիսանալու, որ քաղաքական տարբեր դերակատարներ մի դեպքում ոտքերը սրբեն դրա վրա, իսկ մի ուրիշ դեպքում վկայակոչեն այն որպես «սրբություն սրբոց»։ Սահմանադրական դատարանի անդամներին հեռացնելու ընտրված ճանապարհը, իհարկե, խնդրահարույց է օրենքի տառի տեսանկյունից։ Ստեղծվել է մի վիճակ, երբ իրենց հեռանալու վերաբերյալ որոշումը պետք է քննեն հենց այդ նույն ՍԴ անդամները։ Ավելին, օրենքի տառը անշեղորեն պահպանելով, սահմանադիրը բոլոր դեպքերում պետք է այդ նույն ինստիտուտին դիմի՝ փոփոխությունների թույլտվություն ստանալու։ Պետք է դիմի այն մարդկանց, որոնց լուռ համաձայնությամբ շարունակաբար ոտնահարվել են իր իրավունքները։ Եվ այս խնդրին մենք բախվելու ենք պարբերաբար, երբ խոսք գնա սահմանադրական այլ մարմինների վերաբերյալ, որոնք ևս ձևավորվել են նախկինում և սպասարկել նախորդ ռեժիմին։ Սա է ֆորմալ օրինականությունը պահպանելու հեռանկարը։ Իհարկե կա սահմանափակումների ողջամիտ շրջանակ, որով սահմանադիրը զսպում է ինքն իրեն և իր ձևավորած մարմինները, բայց նա չի կարող օրենքներով գծած այդ վանդակի մեջ սեփական գերին դառնալ։ Հաշվի առնելով վերոնշյալը հայտարարում ենք, որ․ · Ստեղծված իրավիճակում մեծ է հեղափոխական գործընթացների արդյունքում երկրի կառավարումը ստանձնած քաղաքական ուժի մեղքը։ Քաղաքական նոր իրավիճակին համահունչ կանոններ մշակելու և ներդնելու փոխարեն, այն կեղծված սահմանադրությամբ ամրագրած հին խաղի կանոնները ճանաչել է որպես պետական-քաղաքական հարաբերությունները կարգավորելու լեգիտիմ մեխանիզմ։ · Ընթացակարգերի խախտում թույլ տալը որպես սահմանադրի նպատակների իրագործման միակ ճանապարհ հիմնավորելով, կառավարող ուժը ամբողջական քաղաքական պատասխանատվություն է կրում այնպիսի Սահմանադրական դատարան ձևավորելու համար, որի հեղինակության վերաբերյալ հանրության շրջանում այլևս որևէ կասկած չի մնա։ · Այս գործընթացին պետք է անմիջապես հաջորդի և հետևողականորեն իրագործվի նոր սահմանադրության մշակման և ընդունման իրապես մասնակցային գործընթացը։ Առանց դրա, փոփոխություններով ոչ թե նոր որակի ու տրամաբանությամբ հանրային հարաբերություններ կամրագրվեն, այլ նախկին հարաբերությունները հատվածական սրբագրման կենթարկվեն՝ նոր ճգնաժամերի վտանգը առկախելով սահմանադրության գործածության ողջ ընթացքում։ · Հանրաքվեն ուղիղ ժողովրադավարության կարևոր և մեզ համար առանցքային գործիք է։ Սակայն անթույլատրելի կլինի, եթե այդ մեխանիզմը մի դեպքում օգտագործվի սեփական քաղաքական հաշվարկներից ելնելով, իսկ մյուս դեպքում, նույնպիսի հաշվարկներից ելնելով, խոչընդոտվի դրա կիրառումը։ · Հանրաքվեի ճանապարհով տեսականորեն հնարավոր է ունենալ սահմանադրի կամքին համահունչ դատարան, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարող ուժը դադարեցնի դրսևորած անհետևողական, երկակի չափանիշներով, փոփոխվող սկզբունքներով, պահի հարմարությամբ առաջնորդվելու իր գործելաոճը։ · Խստորեն դատապարտում ենք Աժ ամբիոնից հնչեցված վարչապետի այն միտքը, թե հանրաքվեի հարցում կառավարող ուժին սատարող բոլոր ուժերը նվիրյալներ են, իսկ դեմ հանդես եկողները՝ դավաճաններ»։
14:56 - 08 փետրվարի, 2020
Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի․ ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ

Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի․ ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ․ «2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ պայման՝ հանքը չի շահագործվի, եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն և կշագործվի, եթե այդպիսիք չհայտնաբերվեն։ Վերոնշյալ ռիսկերի հայտնաբերման գործը վստահվել էր կառավարության կողմից ընտրված ԷԼԱՐԴ կազմակերպության կողմից ներգրավված փորձագետներին։ Նույնիսկ առաջադրված պրիմիտիվ պայմանի տիրույթում պարզվել է, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում հօդս են ցնդեցրել հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի կառավարելիության մասին մեզ պատմվող առասպելները։ Սակայն տեսակոնֆերանսին հաջորդած օրերի ընթացքում, որոշումների կայացման անհասկանալի տրամաբանությամբ, գործընթացը շարժվել է ի սկզբանե հռչակած պայմաններին հակառակ ուղղությամբ։ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը․ կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի։ Կրկին հավաստում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը։ Հաշվի առնելով մինչ այժմ հնչած բոլոր փաստարկները՝ պահանջում ենք․– Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախկին գնահատականը– Վերանայել մետաղական հանքարդյունաբերության պետական քաղաքականությունը– Վերանայել ընդերքի շահագործման վերաբերյալ օրենսդրական դաշտը»։ «Քաղաքացու որոշում» կուսակցություն
05:56 - 10 սեպտեմբերի, 2019
Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար |lragir.am|

Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար |lragir.am|

Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։ Կառավարության որոշմամբ նվազագույն աշխատավարձը բարձրացվեց 55 հազար դրամից 68 հազար դրամի, որը վերաբերելու է 80 հազար քաղաքացիների։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը։  Այդ որոշումը սոցիալական քաղաքականության տեսանկյունից և արդարությանը ու հանրային համերաշխությանը միտված քաղաքականության իմ ցանկության տեսանկյունից դրական եմ վերաբերվում։ Մարդիկ հեղափոխությունից հետո ունեցել են սպասումներ, որ իրենց համար ակնթարթային փոփոխություններ պետք է լինեն, և այդ մարդկանց հնարավոր չէ և պետք չէ անընդհատ ասել, որ այ, ամեն ինչ միանգամից չի լինում, դուք պետք է երկար սպասեք մինչև ինչ-որ բան տեղից շարժվի, փոխվի, ամբողջ տնտեսությունը կզարգանա, նոր դուք արդյունքը կզգաք։ Այսպիսի քաղաքականությունը մարդկանց կարող է հիասթափեցնել։ Այս առումով ողջունում եմ կառավարության տվյալ որոշումը, առավելևս այդ որոշումը բյուջեի վրա աստղաբաշխական ազդեցություն չի ունենալու։Երբ նայում ենք պետության կողմից ոչ կապիտալ ծախսեր իրականացնելու հնարավորությունը, ընդհանուր առմամբ, այս որոշումը թե հնարավորի սահմաններում է, թե արդարացվածի սահմաններում է։ Բայց երբ խոսում ենք կառավարությանը քննադատելու մասին, պետք է նկատել, որ այդ քննադատությունն ինքնանպատակ չէ։ Այն միտված է վատը լավը դարձնելուն և լավից շատ ավելի լավն ունենալուն։ Այս քաղաքականության մասով ևս կան վերապահումներ։ Այո, ՀՀ ծայրահեղ աղքատ քաղաքացիները, որոնք ունեն նվազագույն աշխատավարձին մոտ եկամուտներ, միանշանակ պետք է նաև կարողանան իրենց սոցիալական վիճակը բարելավել։ Ես դեռ մի կողմ եմ թողնում հարկային վարչարարության խնդիրներն այն մասով, որ ասենք, նվազագույն աշխատավարձի ներքո գտնվող քաղաքացիներ կան, որոնք իրականում նվազագույն չեն ստանում, այլ ավելի բարձր։ Դրանց կողքին կան նաև բյուջետային աշխատողներ, որոնք իսկապես վաստակում են նվազագույն աշխատավարձ։Այս խնդիրը մի կողմ թողնելով, ես մի շատ ավելի կարևոր բան պետք է թիրախավորեմ։ Դա տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է. արդյոք մեր կառավարությունը կկարողանա իրականություն դարձնել հավելյալ արժեք ստեղծելու և արտահանմանը միտված քաղաքականություն վարելու մոտեցումները։ Կառավարությունը հռչակել է դա, բայց ես չգիտեմ՝ կկարողանա՞ իրականացնել դա, թե ոչ, որովհետև նայելով իրենց հարկային քաղաքականությունը, տնտեսական ուղերձները, այնտեղ անհամապատասխանություններ կան, ինչը մտահոգություն է առաջացնում։ Ինձ համար կարևոր է նաև տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, որովհետև եթե հիպոթետիկ մենք ասենք, որ այ շատ լավ կլիներ, որ մեր քաղաքացին 300 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստանար, ապա մեր տնտեսության կառուցվածքի, ներմուծման ու արտահանման հաշվեկշռի ներկա պայմաններում դա շատ վտանգավոր կլիներ։ Վտանգավոր կլիներ, որովհետև մենք այդ ծավալի ապրանք չենք արտադրում ու չենք արտահանում։ Եթե մենք մեր ազգային տնտեսության վրա և դրանից գեներացվող հարկային եկամուտների վրա այդպիսի մեծ բեռ դնենք, առանց տնտեսությունը բավականաչափ զարգացնելու` հնարավոր է մի օր ընդհանրապես աշխատավարձ տալ չկարողանանք։ Այս փուլում, իհարկե, 55 հազար դրամից 68 հազար դարձնելը շատ-շատ լավ է, բայց ավելի համար պետք է անել ավելին։ Իսկ դա ենթադրում է տնտեսական կառուցվածքի փոփոխություն։Հարկային փոփոխությունների քննարկումների ընթացքում շատ նշվեց, որ այնտեղ հեղափոխական մոտեցումներ չկային, որ հարուստների եկամուտներն ավելացնելու միտում կար։ Որքանո՞վ եք կիսում այս մոտեցումները։ Հարկային օրենսգրքի հետ կապված ես բազմիցս արտահայտել եմ իմ և մեր կուսակցության մոտեցումները։ Հարկային օրենսգիրքը տրամագծորեն հակասում է հեղափոխության ժամանակ ձևավորված սպասումներին։ Այստեղ ես շատ կկարևորեի անկեղծ խոսակցությունը, մինչդեռ խոսակցությունն ընթանում է մանիպուլյատիվ դաշտում։ Նշում են՝ հիմա ո՞վ է աշխատավարձով հարստանում, որ դուք ասում եք՝ հարուստներին հարկային արտոնություն ենք տալիս։ Իհարկե, աշխատավարձով չեն հարստանում, աշխատավարձը սոցիալական արդարության կարևոր բաղադրիչ է, բայց միաժամանակ նաև շահութահարկն է իջեցվում, ընդ որում ոչ ռեզիդենտի համար դիվիդենտի հարկն էլ է իջեցվում։ Այս առումով, երբ մենք շահութահարկը փոքր չափով իջեցնում ենք ու դիվիդենտի հարկն ավելի շատ ենք իջեցնում, մարդը շահագրգռված է լինում այդ փողը բիզնեսից հանի, ոչ թե նոր ներդրում անի։ Այսինքն այս հարկային օրենսգիրքը ստեղծված չէ զարգացում ապահովելու համար, միաժամանակ առավելևս նախատեսված չի սոցիալական արդարություն ապահովելու համար։ Սա աննպատակ հարկային օրենսգիրք է, որքան էլ մեր գործընկերները ԱԺ ամբիոնից հայտարարեն, որ բոլորը սրան են սպասում։ Կյանքն իրականում այլ է։ Շարունակությունը՝ lragir.am
14:05 - 01 հուլիսի, 2019
Ողջունում եմ Ա․ Ջուլֆալակյանի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու գործելաոճը․ Սուրեն Սահակյան

Ողջունում եմ Ա․ Ջուլֆալակյանի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու գործելաոճը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ, անկեղծ զրուցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու առիթ հանդիսացած խնդրի պատմության մասին։ Նա մասնավորապես գրել է․«Ուզում եմ հայտնել, որ պարոն Ջուլֆալակյանի մասին գրառումից հետո նա ինձ հետ կապ է հաստատել և պատրաստակամություն հայտնել տեղեկացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու առիթ հանդիսացած խնդրի պատմության մասին։ Մենք հանդիպել ենք և փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում անկեղծ զրուցել գործի մանրամասներից։ Իրավական հարթության մեջ գնահատականը պետք է տա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Զրույցի ընթացքում պարոն Ջուլֆալակյանի հետ քննարկել ենք նաև սպորտին, պատգամավորական գործունեությանը առընչվող հարցեր։ Սպորտի վերաբերյալ նրա նախաձեռնած օրենսդրական նախագծերը կթեթևացնեն այդ ոլորտում զբաղված քաղաքացիների հոգսերը։ Կցանկանայի նաև ողջունել պատգամավորի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու մղումն ու, արդեն, գործելաոճը»։Նշենք՝ ավելի վաղ ՔՈ ՍԴԿ-ն Արսեն Ջուլֆալակյանի հարցով դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Ջուլֆալակյանը հարցազրույցում նշել էր, որ, համասեփականությամբ իրեն պատկանող խնդրո առարկա սրճարանը կամ դրա մասնաբաժինը վաճառել է, այնինչ իր հետ կապված աղմկահարույց միջադեպին մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում կատարված արձագանքում նշել է, որ այն վարձով է տրված։
08:28 - 01 հունիսի, 2019
Նախարարի տեղակալը շատ փոքր ֆիգուր է, որ որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել․ Միքայել Նահապետյան

Նախարարի տեղակալը շատ փոքր ֆիգուր է, որ որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարածքային կառավարման նախարարությունը Տավուշի մարզպետարանի միջոցով գրություն է ուղարկել Նոյեմբերյան համայնքի ավագանուն, որով, ըստ էության, պահանջում է չեղյալ համարել համայնքի բնակիչների ստորագրությունների հիման վրա կայացված հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում արգելելու որոշումը։ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը Սերժ Սարգսյանի կեղծած սահմանադրության ու հանքարդյունաբերական մագնատ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընդունած օրենքների վրա հղումներ անելով պահանջում է չեղյալ համարել «ապօրինի որոշումը»։ Ամենայն հարգանքով կառավարության մեր գործընկերների հանդեպ, բայց պիտի ասեմ, որ ժողովրդի ընտրած Ազգային ժողովի ընտրած վարչապետի նշանակած նախարարի տեղակալը շատ փոքր ֆիգուր է, որ որոշի, թե ժողովուրդը ինչ կարող է որոշել, ինչ` չի կարող։ Այդպիսի մի փոքր ֆիգուր էլ կար` ԱԺ փոխխոսնակ, հեղափոխությունից 15 օր առաջ ասում էր «Սա Նովգորոդի վեչյեն չի, մենք ենք որոշողը, մենք Սերժ Սարգսյանին ենք ընտրելու»։ Հիմա որտեղ է նա՞... Օրենքները պետք է բխեն իրավունքից և հանրությունն իրավունք ունի իր ապագան որոշելու։ Դա անօտարելի իրավունք է, որին հակասող օրենքները չեղարկելու համար մի ամբողջ 88 հոգանոց խմբակցություն է նստած Ազգային Ժողովում»։
05:19 - 30 մայիսի, 2019
Այս դատական համակարգը կաշկանդված է նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով․ ՔՈ ՍԴԿ

Այս դատական համակարգը կաշկանդված է նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով․ ՔՈ ՍԴԿ

Ամփոփելով երեկ և այսօր դատական համակարգի շուրջ տեղի ունեցած զարգացումները «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարում է․ Մենք տասնամյակներ շարունակ ականատես էինք, թե ինչպես է մեզնից գողացված եղել որոշում կայացնելու իրավունքը։ Շարունակաբար կեղծվող ընտրությունները մեզ զրկել են երկրի կառավարմանը մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից։ Միմյանց փոխարինող, պետական կառավարման համակարգը յուրացրած խմբավորումները նպատակային կերպով պարալիզացրել են ազատ ընտրություններով կառավարման համակարգ ձևավորելու քաղաքացիների միակ օրինակարգ ճանապարհը։ Երկրորդ քայլով նրանք ջարդել են երկրի ողնաշարը հանդիսացող արդարադատության համակարգը, քանի որ ցանկացած այլ պարագայում հաջորդ պահին կհայտնվեին ճաղերի ետևում։ Կենտրոնացրել ու իրենց են ենթարկեցրել ազատ լինելու առաքելություն ունեցող մամուլի էական մասը, տնտեսությունը, մենաշնորհել են քաղաքական դաշտը, ապարդյուն դարձրել ֆորմալ քաղաքական գործունեությունը, խեղաթյուրել քաղաքական միտքը, անհնար դարձրել դրա զարգացումը։ Այս իրողությունն անհնար էր կենսագործել առանց կոռուպցիոն և ուզուրպատորական այդ խմբերի կամակատար դատավորների, դատախազների, արդարադատական համակարգում գործող այլ անձանց որոշակի գործունեության։ Դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից կայացվել են որոշումներ, որոնք չեն բխել սահմանադրականության սկզբունքներից, օրենքներից, այլ սպասարկել են վարչախմբի անդամների անհատական և նրանց խմբային շահերը։ Սրա հետևանքով գրանցվել են քաղաքացիների ամենատարբեր իրավունքների համատարած խախտումներ, ունեցել ենք հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, մարդիկ ունեզրկվել են, իսկ շատ հանցագործներ՝ հայտնվել ազատության մեջ, շարունակել անարգել գործել։ Մեր գնահատականով Հայաստանից մեծ արտագաղթը մեծապես պայմանավորված էր ոչ թե ու ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններով, այլ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտով, արդարության հասնելու անհնարինությունից առաջացած հուսահատությամբ։Այս ամենը պատճառ դարձավ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իրենց համաձայնությունը տվեց վարչախումբը հեռացնելու, առանց արդյունքների հանդեպ կասկածի ընտրություններ կազմակերպելու, երկրում սահմանադրական կարգը վերականգնելու գործողություններին։ Լեգիտիմ էին և լեգիտիմ են հանրության այն ակնկալիքները, որոնք վերաբերում են առաջին հերթին հենց դատական համակարգի առողջացմանը։Կարող ենք արձանագրել, որ դատական համակարգը առաջնորդվում է հին արժեքներով և անկարող է երկրի առաջ կանգնած մարտահրավերներին նոր լուծումներ տալ։ Այն կաշկանդված է հին համակարգի հետ բազմաթիվ սոցիալական կապերով, համատեղ գործած հանցանքներով, նոր Հայաստանի հետ անհամատեղ արժեքային համակարգով։Ավելի քան մեկ տարի ամեն կերպ փորձել ենք քաղաքական օրակարգի առաջին հորիզոնական մղել նոր Հայաստանի իրողություններին համապատասխան լեգիտիմ Սահմանադրության, դատական համակարգի անկախացման, բիզնեսը պետական կառավարման համակարգից անջատելու, ֆորմալ քաղաքական դաշտը հստակեցնելու հարցերը։ Ողջունում ենք դատական համակարգը առողջացնելու գործադիր և օրենսդիր մարմինների քաղաքական կամքը։ Հույս ունենք, որ այս օրակարգը կարճ, ողջամիտ ժամանակահատվածում ամբողջությամբ կյանքի կկոչվի և կստեղծվեն ինստիտուցիոնալ, գործուն մեխանիզմներ, որպեսզի մեր պետական հարաբերությունները կարգավորելու համար փողոց դուրս գալու իրակա՛ն անհրաժեշտություն չառաջանա։Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հեղափոխության հռչակած օրակարգին, արժեքներին և սահմանադրականության սկզբունքներին։ Պատրաստ ենք այդ օրակարգը կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ մեկտեղել մեր ջանքերը։«Քաղաքացու որոշում» կուսակցություն
10:56 - 20 մայիսի, 2019